Ա կամ ՏՂԵՐՔԸ ՔԱՔԻ ՄԵՋ ԸՆԿԱՆ

Ես Հայաստանի նախագահը չեմ,

ինձ թիկնապահներ պետք չեն։

Բաղրամյանի վրա մեր դպրոցն էր

ու մեր պոլիկլինիկան։

Երբ որ Հայաստանը անկախացավ,

ես չէի պատկերացնում

ամեն ինչ էսքան դժվար կլինի։

Ինձ թվում էր՝ տղերքը գլուխ կհանեն,

ես էլ իմ բանաստեղծությունները կգրեմ։

Բայց տղերքը քաքի մեջ ընկան։

էս Վիկտոր Համբարձումյան փողոցն ա,

էն ժամանակ կոչվում էր՝ Գայդար։

Էս փողոցի վրա էր ապրում

մեր դասարանի Պետրոսյան Արան։

Հիշում եմ՝ դասամիջոցներին

Ամերիկայից էր հա խոսում,

ասում էր՝ Սովետի նման չի,

Ամերիկայում մարդիկ կարան շատ հարուստ լինեն։

Բայց Արան Ամերիկա չգնաց,

Սովետը քանդվեց ու Արան դարձավ

նախարարի տեղակալ։

Էդ առաջին նախագահի ժամանակ էր,

հետո հայտնի ուժերի պահանջով

առաջին նախագահը հրաժարական տվեց,

ու երկրորդը եկավ,

հետո երկրորդը կրակեց,

ու երրորդը եկավ,

բայց մեր դասարանի Պետրոսյան Արան

միշտ մնում էր

նախարարի տեղակալ։

Ես Համբարձումյանով հաճախ եմ իջնում Բաղրամյան,

էս շենքի մոտով անցնելիս

որտեղ մի ժամանակ ապրում էր

մեր դասարանի Արան,

մեկ մեկ մտքովս անցնում ա՝

գնամ իրան գտնեմ,

ասեմ՝

էս քսանվեց տարվա մեջ

դու ինձանից շատ բան ես տեսել,

էն էլ բավական մոտիկից,

ի՞նչ ես կարծում՝

մենք ո՞նց եկանք հասանք էս օրվան

երբ որ հայաստանցիների կեսը

թողել գնացել ա Հայաստանից,

մնացած կեսն էլ ամբողջ օրը լացում ա։

Դու կարծում ես ամեն ինչ հենց սենց էլ պետք ա լինե՞ր,

թե՞ կար ուրիշ տարբերակ։

Տեսնես ի՞նչ կասի։

Բ կամ ԹԵ ՈՆՑ ԷՍ ՇԱՐՔԸ ԳՐՎԵՑ

Մեր դասարանի Պետրոսյան Արան լռեց,

իրա մասին տեքստը օգոստոսին էի գրել,

ֆեյսբուքում ահագին աշխուժ արձագանք եղավ,

բայց դե ֆեյսբուքում ինքը չկա։
Հետո հոկտեմբերին մեր դասարանի Արփենիկը եկավ Սիեթլից,

հավաքվեցինք դասընկերներով Խուդոյան Սամվելենց տանը,

Արան էլ կար,

հարցրի՝ չե՞ս կարդացել քո մասին գրածս,

ասեց՝ չէ,

հանեցի հեռախոսս, կարդացի,

Արան ուշադիր լսեց,

հետո լռեց։ Բան չասեց։

Բայց գրածս ուրիշ, անսպասելի շարունակություն ունեցավ,

Վահան Իշխանյանին դուր էր եկել տղերքի մասին տեքստս,

առաջարկեց «Ինքնագրի» համար շարք տալ,

ես իհարկե համաձայնեցի,

և հիմա ինչ որ կարդում եք արդեն էդ շարքն ա,

իսկ ամենակարևորը՝

էս շարքը գրելիս ես վերջապես իրականացրի իմ վաղեմի երազանքը՝

Մարքսի «Կապիտալը» կարդացի

և շարքի վերնագիրն էլ դրեցի՝

«Կոնունիզմը որ չեկավ»։

Գ կամ ԿՈՄՈՒՆԻԶՄԸ ՈՐ ՉԵԿԱՎ

Ես մեծացել եմ ռուսական հեղափոխության մասին ֆիլմեր նայելով,

երկիրը որտեղ ապրում էի էդ հեղափոխությամբ էր սարքվել,

սարքվել էր որ կոմունիզմը գա։

Բայց կոմունիզմը չեկավ, ու ես երբ որ ծնվեցի,

արդեն դրա գալուն ոչ ոք չէր էլ սպասում,

դրա համար էլ երևի Սովետական Միությունը հեշտ փուլ եկավ,

համարյա առանց հեղափոխության,

ու մենք՝ նախկին սովետական հանրապետություններս,

անցանք կապիտալիզմ կառուցելուն,

որը վաղուց արդեն կառուցված էր։

Իսկ ես էս վերջերս

գնալով ավելի ու ավելի հաճախ

կոմունիզմի մասին եմ մտածում։

Մտածում եմ՝

բայց ոնց որ վատ տարբերակ չի էդ կոմունիզմը,

տեսնես հնարավոր չի՞

առանց արյունի և բռնության

կոմունիզմ կառուցել։

Դ կամ ԿՈՄՈՒՆԻԶՄԸ MUSEUMS QUARTIER-ՈՒՄ

Ես առաջին անգամ կոմունիզմի մասին հիշեցի Վիեննայում,

գրական կացատանն էի, կոչվում ա MuseumsQuartier՝

Թանգարանային թաղամաս,

ինձ բնակարան էին տվել Վիեննայի ուղիղ կենտրոնում,

Մարիահիլֆեր փողոցի վրա,

ինձ փող էին տվել երկու ամսվա ծախսերի համար,

բայց ծախսերը հանած դեռ ահագին էլ մնում էր,

ու ես իմ համար ապրում էի Վիեննայում,

բանաստեղծություն էի գրում,

բայց կարող էի նաև չգրել։

Ու մի օր էլ,

երբ ավտոբուսային երթուղիները ցույց տվող վահանակի վրա

կարդացի կոմունիստական մանիֆեստի համահեղինակ

Էնգելսի անունը

հանկարծ մեկ էլ սիրտս սկսեց զարմացած խփել՝

Մարինե, բայց չէ՞ որ էս հենց կոմունիզմն ա,

էն կոմունիզմը, որի մասին քեզ դպրոցում սովորացնում էին,

կոմունիզմը՝

երբ փողը քեզ լիուլի տալիս են ըստ քո պահանջմունքների,

և դու աշխատում ես ոչ փողի համար,

այլ ըստ քո ցանկության։

Ե կամ ՄԱՐՔՍ ԿԱՐԴԱՑԵ՞Լ ԵՍ

Գրեցի գրեցի

ու մեկ էլ ինքս ինձ հարցրի՝

Մարինե, իսկ դու Մարքս կարդացե՞լ ես։

«Մի ուրվական է շրջում Եվրոպայում՝

կոմունիզմի ուրվականը»։

Հա, էս վայթե կարդացել ես, իսկ «Կապիտա՞լը»։

Ոնց որ թե չես կարդացել,

համալսարանում անցնում էիք, բայց շատերի նման

ալարել ես կարդալ,

դասագրքում գրածը կարդալով ես բավարարվել,

ինչքան հիշում եմ։

Ասեցի՝ ստուգեմ,

համացանցում փնտրեցի, Մարքսի «Կապիտալը» գտա,

ու հիմա կարդում եմ։ 1954-ին Երևանում լույս տեսած

«Կապիտալի» հայերեն թարգմանության առցանց տարբերակն ա,

ու հետաքրքիր լեզու ունի, շատ պարզ, անզարդ, ձիգ,

էս լեզուն մի քիչ նման ա

անցած դարասկզբի Երևանի կոնստրուկտիվիստական շենքերին,

թարգմանչի անունն էլ չկա, գրած ա․ «թարգմանիչ՝ անհայտ»։

Կարդացի, կարդացի,

ու համոզվեցի որ՝ չէ, ես «Կապիտալը» չէի կարդացել,

եթե կարդացած լինեի, դժվար մոռացած լինեի

Մարքսի էս բնավորությունը՝ խոսում, խոսում ա,

մեկ էլ հանկարծ ռեպլիկ ա անում սրա նրա հասցեին,

ու կարգին չես էլ հասկանում ինչ ա ասում,

դարերի ռետինը կոնտեքստը ջնջել ա,

բայց հասկանում ես որ կծում ա՝ մեկ սրան մեկ նրան։

Հետաքրքիր տիպ ա եղել էս Կառլը։

Զ կամ ՈՆՑ ՈՐ ՎԿԱ ԼԻՆԵՄ

Էսօր 2017 թվի օգոստոսի տասներկուսն ա,

արդեն քանի օր ա Մարքսի Կապիտալն եմ կարդում*,

ու մի շշմելու զգացողություն ա մեջս,

ոնց որ վկա լինեմ, ականատես։

Ինչի՞ վկա, ինչի՞ ականատես։

Նրա, թե ոնց էր էդ ամեն ինչը ծնունդ առնում,

ավելի ճիշտ՝ բեղմնավորվում,

մեծ կռիվը, որի ամենավերջն եմ ես աչքերովս տեսել,

ասենք չէ, էդ ամենավերջում կռիվ արդեն չկար,

բրեժնևյան ճահիճն էր,

որի մեջ էլ Սովետական Միությունը սուզվեց կորավ,

կռիվը իմ ծնվելուց առաջ էր եղել,

ես կինոներում եմ տեսել։

Մարքսը երբ գրում էր Կապիտալը, էդ կռիվը դեռ չկար,

կռիվը Մարքսը սարքեց իրա տեքստով,

ու հիմա էս տեքստը երբ կարդում եմ,

շշմելու մի հատ զգացողություն ա մեջս, ոնց որ ժամանակը հետ գնա,

ու ես տեսնեմ ոնց ա Մարքսը էդ կռիվը սարքում,

իրա տեքստով։

*PS – Փակագծերում ասեմ որ հիմա արդեն ոչ թե 54, այլ ավելի վաղ՝ 33 թվի հրատարակությունն եմ կարդում, ընկերներս խորհուրդ տվեցին Ավդալբեկյանի թարգմանությունով Մարքսը կարդամ, քանի որ ավելի ուշ խմբագրումներ են արվել։ Ի դեպ, էս հրատարակության տիտղոսաթերթի վրա գրված ա՝ «Մարքսի մահվան հիսնամյա տարեդարձի առթիվ՝ 1883-1933»։

Է կամ ՈՉ ՈՔ ՉԻ ՈՒԶՈՒՄ ՀԱՐՑԵՐ ՏԱԼ

 

Արդեն յոթերորդ օրն ա Մարքս եմ կարդում,

դեռ շատ կա մինչև վերջացնեմ,

բայց զուգահեռ հետաքրքիր բաներ տեղի ունեցան,

Կասյանի անունը Կոմիտասը Բաղրամյանին կապող փողոցի վրայից

հանել չհանելու խոսակցության հետ կապված

մի շշմելու բան պարզվեց՝

որ Հայաստանի նոր սերունդը ոչ Կասյանի

ոչ էլ ընդհանրապես բոլշևիկների մասին համարյա բան չգիտի։

Հետո Գևորգ Տեր-Գաբրիելյանի «Անաստված կինոթատրոնը»

սցենարի քննարկմանը գնացի, որի մասնակիցների մեջ

նոր սերունդը բնավ մեծամասնություն չէր,

«Անաստված կինոթատրոնը» մի մեծ մասով բոլշևիկյան տեռորի մասին ա,

ու սցենարի մեջ էս տեռորին զոհ գնացողների մի ոչ փոքր մասը

հենց բոլշևիկներ են,

բայց սցենարում ոչ մի ձևով չի նշմարվում հարցը՝

թե ինչու տենց եղավ,

ու երբ որ ես քննարկման ընթացքում

փորձեցի կենտրոն բերել հենց էդ հարցը՝

թե ոնց եղավ որ բոլշևիկները սպանեցին բոլշևիկներին,

առաջարկելով մի քիչ հետ գնալ ու հիշել-հասկանալ

թե ոնց էր էդ ամեն ինչը սկսվել,

հանկարծ տեսա որ ոչ մեկը չի ուզում էդ հարցի մասին մտածել,

իսկ երբ պնդում ես, կարճ ասում են՝ Ստալին։

Կարծես Ստալինը ոչ թե բոլշևիկ էր,

այլ կեղտոտ ու արյունռուշտ մոնղոլ։

Ը կամ ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ ԱՎԱՆԳԱՐԴ

Էսօր արդեն 2017 թվի սեպտեմբերի տասնվեցն ա,

«Կապիտալի» առաջին հատորը վերջացրել եմ,

հիմա երկրորդն եմ կարդում,

էս երկրորդն արդեն Էնգելսն ա կազմել, Մարքսի մահից հետո,

և էս երկրորդ հատորի առաջաբաններում

(գրված տարբեր հրատարակությունների համար)

Էնգելսը Մարքսին համեմատում ա քիմիկոս Լավուազիեի հետ

որը հայտնագործեց թթվածինը։ Մարքսի հայտնագործած թթվածինը

բանվորի շահագործումն էր կապիտալիստի կողմից,

ավելի ճիշտ, էդ շահագործման մեխանիզմը՝

հավելյալ արժեքի ստեղծումն ու դրա յուրացումը կապիտալիստի կողմից։

Եվ գիտե՞ք հետաքրքիրն ինչն էր,

երբ կարդացի Էնգելսի առաջաբանը,

զուգահեռ կարդացի Մարքսի ու Էնգելսի գրած՝

Կոմունիստական կուսակցության մանիֆեստը,

և բոլշևիկների շուրջ

հայաստանյան ակտիվացած խոսակցությունների շրջանակում

նաև ահագին բան կարդացի դարասկզբի բոլշևիկներից,

հանկարծ մեկ էլ պատկերացրի թե ոնց

արդյունաբերական զարգացման մայրուղուց դուրս գտնվող Ռուսաստանում

հանկարծ մեկ էլ արթնանում ա ահռելի ցանկությունը՝

դառնալու հեղափոխության ավանգարդ,

և արագ, շատ արագ անելու պրոլետարական էն հեղափոխությունը,

որը, ըստ Մարքսի ու Էնգելսի,

պետք ա որ սկսվեր արդյունաբերապես զարգացած երկրներում,

բնավ ոչ Ռուսաստանում։

Թ կամ ՏԵՍՆԵՍ ԻՆՉ ԿԼԻՆԵՐ

Տեսնես ի՞նչ կլիներ, եթե պրոլետարական հեղափոխությունը

առաջինը հաղթեր ոչ թե Ռուսաստանում,

այլ ավելի զարգացած կապիտալիզմ ունեցող մի երկրում,

ասենք՝ Եվրոպայում մի տեղ,

կամ էլ հենց Ամերիկայի Միացյալ Նահանգներում

որտեղ 20-րդ դարի առաջին կեսին լավ էլ ուժեղ ձախական շարժում կար։

Հայտնի ա որ պատմությունը հետ չի շրջվում ու եթեներ չի ընդունում,

բայց ակնհայտ ա նաև որ ռուսական հեղափոխությունը

վերջին հաշվով բացասաբար ազդեց Մարքսի տեսության վարկանիշի վրա,

էսօր՝ 21-րդ դարում, հենց կոմունիզմի մասին ես մտածում

միանգամից հիշում ես 17 թվի հեղափոխությունը,

որն էդքան մարդկանց մահվան պատճառ դարձավ,

էդքան բռնություններ եղան հանուն պայծառ ապագայի,

բայց կոմունիզմը տենց էլ չեկավ։

Ժ կամ ՄԻ ՀԱՐՑ Ա ԻՆՁ ՏԱՆՋՈՒՄ

Էսօր 2017 թվի հոկտեմբերի ինն ա, պայծառ աշնանային առավոտ,

Մարքսի «Կապիտալի» առաջին հատորը

որտեղ շարադրված ա հավելյալ արժեքի յուրացման միջոցով

պրոլետարներին շահագործելու իրա տեսությունը,

մանրամասն, հանգամանալի կարդացել վերջացրել եմ,

երկրորդն էլ եմ կարդացել վերջացրել, հիմա երրորդն եմ արդեն կարդում,

և մի հարց ա ինձ տանջում, վաղուց ա տանջում,

«Կապիտալի» առաջին հատորը հենց ավարտեցի արդեն տանջում էր

բայց չէի տալիս էդ հարցը, մտածում էի

ինձանից առաջ տված կլինեն, պատասխանը ստացած կլինեն

գտնեմ կարդամ էդ պատասխանը,

բայց չգտա ոչ հարցը ոչ պատասխանը,

դրա համար էլ չեմ համբերում, ուզում եմ ինքս տալ էդ հարցը։

Մարքսն ասում ա թե կապիտալիստը շահագործում ա բանվորին՝

յուրացնելով վերջինիս ստեղծած հավելյալ արժեքը,

Մարքսը մանրամասն, շատ մանրամասն հաշվում, բացատրում ա,

ասում ա՝ փողը, որ կապիտալիստը տալիս ա բանվորին,

վերջինիս աշխատուժի վարձն ա, ոչ թե իրա կատարած աշխատանքի արժեքը,

Մարքսն ասում ա՝ բանվորը

կապիտալիստին վաճառում ա սեփական աշխատուժը,

որ դրա դիմաց ստացած փողով կարողանա սնվել, գոյատևել,

կարողանա նաև ընտանիք պահել, որ նոր աշխատուժ ունեցողներ ծնվեն,

բայց բանվորը, ասում ա Մարքսը,

աշխատելով ստեղծում ա ավելի մեծ արժեք,

քան էն, որ համապատասխանում էր սեփական աշխատուժի գնին,

բանվորի ստեղծած էն արժեքը, որը աշխատուժի գնից ավելին ա,

Մարքսը անվանում ա հավելյալ արժեք,

ու ասում ա՝ կապիտալիստը էդ արժեքը չի վերադարձնում բանվորին,

յուրացնում ա,

յուրացնելով դարձնում ա նոր կապիտալ, նորից դնում ա արտադրության մեջ,

և դրանով ստանում ա նոր հավելյալ արժեք։

Ու տենց շարունակ, ու տենց անիվը պտտվում ա,

կապիտալիստը անընդհատ հարստանում ա՝

բանվորի աշխատանքի հաշվին։

Ուշադրություն դարձրի՞ք, որ Մարքսը կապիտալիստի արածը

աշխատանք չի համարում,

էն որ բանվորը երկաթ ա ձուլում՝ էդ աշխատանք ա,

իսկ էն որ կապիտալիստը կազմակերպում ա արտադրությունը․

առնում ա երկաթ ձուլելու համար անհրաժեշտ նյութերը,

առնում ա շենքը, որտեղ պետք ա արտադրվի էդ երկաթը,

առնում ա գործիքները, վարձում ա բանվորիներին,

էդ բոլորը աշխատանք չի,

դուրս ա գալիս աշխատանքը մենակ ֆիզիկականն ա,

այ քեզ բան։

ԺԱ կամ ՀԱՆԿԱՐԾ ՆԵՐՍ ՄՏԱՎ ՏԱՐՈՆ ԱՃԵՄՕՂԼՈՒՆ

Հետաքրքիր բան ստացվեց,

Մարքսը դեռ չեմ վերջացրել, և զուգահեռ, մի միջոցառման հետ կապված,

սկսեցի կարդալ Տարոն Աճեմօղլուի «Ինչու են պետությունները ձախողվում» գիրքը,

հատուկ չարեցի, բայց շատ հավես ստացվեց,

եթե ուզենայի Մարքսին զուգահեռ իրան ավելի հակադիր մի բան կարդալ,

սրանից ավելի հարմար բան դժվար ընտրեի,

Աճեմօղլուն իհարկե Մարքսի հետ չի վիճում,

ի՞նչ վիճել, մեր Տարոնը Մարքսին էն գլխից սխալ ա համարում

ու վաղուց պարտված,

երբ ասում եմ՝ իրար ավելի հակադիր երկու ուրիշ տեքստ դժվար ա գտնել,

նկատի ունեմ դրանց գրության ինտոնացիան, մեկնակետը,

Մարքսը ջղայնություն ունի, ատելություն ունի և թիրախ,

և աշխարհում ինչ կա չկա դրանց շուրջն ա իրա համար կառուցված,

Աճեմօղլուն չի ջղայնանում, եթե տխուր էլ ա, առանձնապես ցույց չի տալիս,

ժպտում ա հանգիստ։

Աճեմօղլուն ասում ա, թե հարուստ ու բարգավաճ են էն երկրները,

որտեղ տնտեսական համակարգերը ներառող են,

որտեղ բնակչության ոչ թե փոքր, այլ մեծ մասը

ունի ոչ թե պարզապես գոյատևելու, այլ նաև հարստանալու հնարավորություն,

իսկ որպեսզի էդ հնարավորությունը լինի,

որպեսզի էդ տնտեսական համակարգերը լինեն,

պետք են ներառող քաղաքական համակարգեր։

Աճեմօղլուն ասում ա՝ նախօրոք կանխորոշված չէր,

թե որ պետությունները կդառնային հարուստ ու բարգավաճ,

պատմության շրջադարձային պահերին

երկրների մեծ մասի համար բացվում ա էդ հնարավորությունը,

մի մասը օգտագործել ա էդ շանսը, մյուս մասը՝ չէ,

օգտվողների մեջ հիմնականը Մեծ Բրիտանիան էր,

որից էլ ծիլ տվեցին մյուս երկու հաջողակները՝

Միացյալ Նահանգները և Ավստրալիան։

Ու հետաքրքիրն ինչ ա, Աճեմօղլուն ասում ա,

թե դրա համար՝ որ հենց Բրիտանիան լիներ հաջողակը,

իհարկե կային որոշակի նախադրյալներ,

բայց մեծ դեր խաղաց նաև պատահականությունը,

և ընդհանրապես, Աճեմօղլուի կարծիքով,

պետությունների առաջխաղացման կամ ձախողման պատմությունը

համ օրինաչափ ա, համ պատահական,

օրինաչափ ա էն իմաստով

որ հաջողում են էն պետությունները,

որոնցում ստեղծվում են ներառող համակարգեր,

բայց թե որ երկրներում կստեղծվեն էդ համակարգերը, իսկ որ երկրներում չէ,

կախված ա էնքան բազմաթիվ ու հաճախ անսպասելի հանգամանքներից,

որ էդ հանգամանքների ընդհանուր անունը մի բառով կարելի ա դնել՝

պատահականություն։

ԺԲ կամ ՄԱՐՔՍՆ ՈՒ ԱՃԵՄՕՂԼՈՒՆ

Երեկ Աճեմօղլուի գիրքը կարդացի պրծա,

և իսկապես ճիշտ էի նկատել՝

Մարքսի և իրա մոտեցումները սկզբունքորեն հակադիր են,

Մարքսի համար մարդիկ բաժանված են դասակարգերի,

և էդ դասակարգերը ոչ միայն իրար հակադիր են ու թշնամի,

այլ նաև մի տեսակ ֆիքսված են՝

կան բանվորներ, որոնք աշխատում են որ ապրեն,

և կան կապիտալիստներ, որոնք ապրում են որ հարստանան

առաջինների աշխատանքի հաշվին,

ու սա, ըստ Մարքսի, հատուկ ա բոլոր կապիտալիստական երկրներին։

Իսկ Աճեմօղլուն ասում ա՝

ձախողված են հենց էն երկրները, որտեղ կա էդ բաժանումը,

որտեղ իշխանություն ունեցող մի փակ խումբ մարդիկ

ապրում են մնացածի հաշվին,

որտեղ էդ մի խումբ մարդիկ պարիսպ են քաշում մյուսների առաջ

որ սրանք հանկարծ մուտք չունենան դեպի իշխանություն

և չկարողանան հարստանալ,

հարուստ, բարգավաճ, զարգացած երկրները հենց էն երկրներն են,

ասում ա Աճեմօղլուն,

որտեղ մարդիկ կարողացել են քանդել էդ պարիսպը,

որտեղ մուտքը դեպի իշխանություն բաց ա,

որտեղ բոլորը կարող են դառնալ գործարար և հարստանալ։

Կարճ ասած՝ հարստանալու ձգտումը Մարքսի համար չարիք ա,

մարդու կողմից մարդու շահագործման աղբյուր,

իսկ Աճեմօղլուի ասելով՝ էդ ձգտումը երկրների բարգավաճման հիմքն ա,

էն երկրներում, որտեղ էդ ձգտումի առաջ պարիսպ ա քաշած,

որտեղ մարդկանց մեջ հարստանալու հույս և շահագրգռություն չկա,

նոր հարստություն չի ստեղծվում, երկիրը չի զարգանում,

խրվում ա աղքատության, հետամնացության ճահիճի մեջ։

ԺԳ կամ ԵՍ ՇԱՀԱԳՈՐԾՈ՞ՂՆ ԵՄ ԹԵ ՇԱՀԱԳՈՐԾՎՈՂԸ

Մարքսի ասածների մեջ ահագին բան ճիշտ ա,

ահագին բան էլ առնվազն կիսատ,

ես առայժմ ուզում եմ մի կողմ դնեմ էս երկրորդ հանգամանքը՝

որ Մարքսի ասածների մեջ ահագին բան առնվազն կիսատ ա,

ուզում եմ չկենտրոնանալ դրա վրա,

բայց նաև ուզում եմ հասկանալ՝

Մարքսի դանակով գծած բաժանման մեջ,

երբ ասում ա՝ մարդիկ բաժանվում են աշխատավորների ու կապիտալիստների,

շահագործվողների ու շահագործողների,

ես ո՞ր կողմում եմ՝ աշխատավո՞րն եմ թե կապիտալիստը,

շահագործվո՞ղն եմ թե շահագործողը։

Եթե ես աշխատավորը չեմ, ուրեմն կապիտալի՞ստն եմ,

եթե ես շահագործվողը չեմ, ուրեմն շահագործո՞ղն եմ։

ԺԴ կամ ԴԱՆԱԿՈՎ ԳԾՎԱԾ ԲԱԺԱՆՈՒՄ

Լսի, Մարին, բայց կարող ա էս դանակով գծված բաժանումը՝

սև ու սպիտակ, ոչ էնքան Մարքսինն ա,

որքան իրանից հետո եկածներինը,

որոնք շատ էին ուզում կապիտալիզմի վախճանի Մարքսի կանխատեսումը սեփական աչքերով տեսնել, ուզում էին էդ վախճանը արագացնել,

և հենց արագացնելու համար էլ դանակով գծեցին էդ բաժանումը՝

դու կամ շահագործողն ես կամ շահագործվողը, կա՛մ էս կա՛մ էն,

ու եթե ուզում ես ապացուցել որ շահագործողը չես, սևը չես,

դու պետք ա կապիտալիստներին դատապարտես, հակառակ դեպքում

դու սևերից ես, քեզ գնդակահարություն ա հասնում։

Չգիտեմ, ես իհարկե Մարքսին շատ լավ չգիտեմ,

մենակ «Կապիտալ» կարդալով անհնար ա Մարքսին լավ իմանալ,

և ընդհանրապես, էսօր արդեն անհնար ա Մարքսին բաժանել նրանից,

ինչ տեղի ունեցավ հետո, բաժանել բոլշևիկներից,

բաժանել մարքսիզմ-լենինիզմից։

Մարինե, աչքիս հիմա էլ նստելու ես Լենին կարդաս։

ԺԵ կամ Ո՞Ր ՈԼՈՐԱՆՈՒՄ ԿՈՄՈՒՆԻԶՄԻ ՏԵՍԼԱԿԱՆԸ ՉՔԱՑԱՎ

Բայց հետաքրքիրը գիտե՞ք որն ա

—փակագծում ասեմ՝ ես ոնց որ արդեն պատկերացրի,

որ էս շարքս արդեն ավարտել եմ, տվել եմ «Ինքնագիրը» դրել ա,

հետո ընթերցում եմ կազմակերպել, և հիմա դիմում եմ

իմ առջև նստած կոնկրետ մարդկանց, ասում եմ —
բայց հետաքրքիրը գիտե՞ք որն ա,

բոլշևիկները էնքան շատ էին ուզում կապիտալիզմի մահը արագացնել,

էնքան շատ էին ուզում կոմունիզմը գա,

որ միլիոններ աքսորեցին ու սպանեցին դրա համար,

ու լավ, ասենք թե էդ ահավոր գնով, մի պահ թվում էր՝

առաջ են շարժվել, արդյունաբերականացրել են երկիրը,

և եթե Մարքսի տեսությունը ճիշտ էր,

թվում ա՝ արդեն մոդեռնացված, արդյունաբերականացած երկրում,

կոմունիզմը պետք ա որ կառուցվեր,

Երկրորդ համաշխարհայինում էլ Սովետական Միությունը հաղթեց,

պատերազմի ավերներն էլ որոշ ժամանակ անց հաղթահարեց,

ու մի պահ եկավ՝ տնտեսապես արագ զարգանում էր,

(էս վերջինի մասին նաև Աճեմօղլուն ա խոսում իրա գրքում),

բա կոմունիզմը ո՞ւր մնաց, ինչո՞ւ չեկավ,

էդ ո՞ր ոլորանում էր, որ կոմունիզմի տեսլականը չքացավ,

մնաց բառերի մեջ, ճառերի մեջ, դասագրքերի մեջ,

որոնց արդեն ոչ ոք չէր հավատում։

ԺԶ կամ Ո՞Վ ԼՈՒՐ ԿՏԱ ՉԻՆԱՍՏԱՆԻՑ

Սովետական Միության պատմությունից բացի

մեկ էլ կա Չինաստանի՝ կոմունիզմ կառուցելու պատմությունը,

որը չինացիք կարծես թե ավարտված չեն համարում։

Մաոն կոմունիզմ կառուցելու համար

երևի բոլշևիկներից էլ ավելի շատ մարդ սպանեց,

հետո տեսնելով որ չէ, չի ստացվում,

չինացիք փոխեցին իրանց տնտեսական համակարգը,

փաստորեն վերցրին կապիտալիստականը

(ոնց որ Լենինի ՆԷՊ-ը լինի՝ տասնամյակների ուշացումով),

և արդյունքում տնտեսապես չինացիք լավ էլ առաջ անցան,

արդեն խոսք կա նույնիսկ որ հասնում են Ամերիկային։

Լավ, ասենք հասան, ասենք դարձան երկրորդ գերտերությունը,

իսկ կոմունի՞զմը։ Կառուցելո՞ւ են։ Հավատո՞ւմ են, ուզո՞ւմ են։

Ռոբերտ Ծատուրյանը հիմա Չինաստանում ա ապրում ու սովորում,

ափսոս չինացիք ֆեյսբուք-համացանց փակել են,

թե չէ կհարցնեի իրան՝

չինացիք ո՞նց են տրամադրված կոմունիզմի նկատմամբ,

հավատո՞ւմ են որ մի օր գալու ա կոմունիզմը,

սպասո՞ւմ են դեռ։

ԺԷ կամ ՍՏԵՂ ԿԱՆԳ ԱՌՆԵՄ

Էս շարքս շատ երկարեց,

սենց անվերջ կարող եմ գրել ու գրել։

Բայց գուցե ստեղ կանգ առնեմ։

Եվ ավարտելուց առաջ ասեմ,

որ իմ համար կոմունիզմի հարցը անցյալի հարց չի,

լավ էլ ակտուալ հարց ա,

էսօրվա խնդիր։

Show Comments Hide Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *