Ամեն առավոտ գործի գնալիս անցնում եմ Կոմիտասով ծայրեծայր` ահռելի սուպերմարկետների, բրենդային բուտիկների, ռեստորանների շարքերի, սաունա-մարզասրահների, ֆասթ-ֆուդերի ցանցի, լահմաջոյա-ժենգյալա-պիցցայա-խաշա-քեյէֆսիաբույրի միջով: Իսկ մարմնական բոլոր հաճույքներն ապահովող փողոցի գլխին այստեղ ու այնտեղ վահանակներից ազդարարվում է նաև բանիվը:

Փողոցը հաճախ խցանված է, ու երթուղայինի մեջ լռված` ակամա կարդում եմ փողատերերի ու քաղաքապետարանի կողմից բնակիչներիս համար նախատեսված պատգամները: Ահա «Պիեռ Լուչչի» էլիտար խանութի մոտ ձախ կողմի հսկայական վահանակից Մատթեոսն ինձ ավետարանում է. «Ապաշխարեցեք, քանզի երկնքի արքայությունը մոտեցել է»։ Աջից «Հավանայի ձորի» գովազդն է` ձկնորսության և այլ կայֆերի խոստումով, հերթական ռեստորանը, հայտնի բրենդը, անհայտ Անժելիկայի, Իզայի, Լիզայի, Նինայի անուններով առևտրի կետերը, հետո էլի` աստծո հերթական պատվիրանը…

Բայց բիզնեսմենները դժգոհ չեն բազառի գայթակղություններից առ երկնքի արքայություն շեղումից, քանի որ դա բազառ է բազառի վրա. ապոկալիպսիսի գովազդը գործում է նույն տրամաբանությամբ (եթե աշխարհի վերջին մնացած լիներ 5 օր, ինչպե՞ս կապրեիք, պարզ չի՞, 4 օր, 23 ժամ, 59 րոպե սոդոմգոմոր կայֆավատ, վերջին րոպեն` ապաշխարանք ) ու ներդաշնակորեն ստեղծում հայկական աշխարհը` նորազատական Նաիրին:

«Նորազատականությունը» թողնենք այս պարբերության մեջ` անմեղության կանխավարկածով, ու շարունակենք իջնել Կոմիտասով: «Երանի այն ազգին, որի օգնականը Տեր Աստված է», շարունակվում է ավետարանումը. Qahana.am-ը տարերքի մեջ է, բիբլիական մեջբերումները զարդարում են փողոցները` փողով գնվող վահանակների մեջ քաղաքական արտոնությամբ ձրիաբար հանգրվանելով, որովհետև փողի իշխանության գաղափարական հենարանն են` աստծունը` աստծուն, կայսրինը` կայսեր, Պիեռ Լուչչիինը` Պիեռ Լուչչիին:

Երկնքի արքայության շեմին երկրային անհապաղ վայելքների առաջարկներից բժժած` մեկ էլ բարձրահարկի վրա աչքովս է ընկնում մի հարազատ դեմք` ուրիշ տեսակի վայելքի հիշողությամբ, ըըը… Կամյուն է: Ուղղակի նկարում այնքան կնճռապատ է, որ առաջին հայացքից տեղը չես բերի: Չգիտեմ` որտեղից են 47 տարեկանում մահացածի դեմքին հարյուրամյա ծերունու կնճիռներ հայտնվել, որովհետև, եթե անգամ մահվան նախօրեին լուսանկարված լիներ, էլի էսպիսին չէր լինի: Ըստ երևույթին` իմաստնությունը ընդգծելու համար է` որքան շատ կնճիռ, այնքան` ավետարանիչ:

Բայց կնճիռները չեն խանգարում, եթե դեռ հիշեցնում են ձրի, ուրիշ տեսակի վայելքներ` ընթերցանության հափշտակությունը, որ պատանության և ուսանողական տարիների մոլուցքս էր: Փակ Սովետում գրքերը ճամփորդությունների վիզա էին ոչ միայն դեպի ուրիշ երկրներ, այլ նաև` ուրիշ մոլորակներ, ամբողջ գալակտիկաներ, անգո աշխարհներ` «Օ՜, գրքերի աշխարհը տիեզերք է անեզր»:

Հաջորդ օրը, երբ երթուղայինը հերթական խցանման մեջ է, հասցնում եմ կարդալ նաև Կամյուի կնճիռների տակ տպված իմաստնությունը.
«Հոգևոր սնոբիզմն է, որ ստիպում է մարդկանց հավատալ, թե կարող է լինել երջանկություն առանց փողի»:

Մեղա, մեղա, այ քեզ բան… Էլի՞ փողի ու փողի ձգտման գովք, փաստորեն Կամյուն էլ է ծառայեցվում շուկայի տրամաբանությանը: Բայց ես հիշում եմ նրա ուրիշ մտքերից. «Մարդը ցանկանում է գումար վաստակել, որպեսզի երջանիկ լինի, և իր ողջ ջանքերն ու կյանքը նվիրում է փող վաստակելուն, իսկ երջանկությունը մոռացվում է»: Հիմա պարզվում է` առանց փողի ուղղակի չկա երջանկություն:

Որտե՞ղ, ի՞նչ համատեքստում է գրել սա Կամյուն: Գուցե` «Օտար»-ո՞ւմ, հասարակությունից օտարվածի ու դրա թատերային-ծիսական պայմանականություններին էկզիստենցիալ ձեռնոց նետողի բերանի՞ց: Գուցե «Անկում»-ո՞ւմ, եվրոպական անհատապաշտության ճգնաժամի խոստովանության մե՞ջ: Համատեքստից ու կերպարի բերանից պռճոկած խոսքերը ինչպե՞ս կարելի է որպես գրողի պնդում ներկայացնել: Իսկապես, ո՞ր գործից է այս ցիտատը, պիտի գտնեմ:

Բայց, առհասարակ, ի՞նչ սկզբունքով, ովքե՞ր են ընտրում տարբեր պաստառներից մեր գիտակցության ու ենթագիտակցության մեջ աննկատ մխրճվող ուղղորդիչ մտքերը: Երևի քաղաքապետարանի ինչ-որ չինովնիկ-նախկին մտավորականներ են փնտրել համացանցում, որը լեցուն է Կամյուի բազմաթիվ ցիտատներով: Իսկ ինչո՞ւ չեն ընտրել որոնման առաջին էջերում հայտնվող ու քրիստոնեական ոգուն ավելի համապատասխան օրինակներ, որը գոնե ձևականորեն կներդաշնակվեր ավետարանիչներին, ասենք.

«Ես գիտեմ միայն մեկ պարտականություն, և դա սիրելն է»:

«Անսեր աշխարհը մեռած աշխարհ է»:

Իսկ գուցե հենց հատուկ փողի ու դրա կարևորությա՞ն մասին էին անպայման ուզում հիշեցնել, դե գոնե ընտրեին ոչ էս դատավճիռը, թե առանց փողի չկա երջանկություն, օրինակ` «Փող ունենալը փողից ազատ լինելու ձևերից է»:

Էսպես գոնե փողն ընդամենը միջոց կլինի ազատ լինելու համար, ոչ թե երջանկության առհավատչյա: Ինչո՞ւ են հենց սա բարձրացրել Կոմիտասի ճակատին, որքանո՞վ գիտակցված, գաղափարախոսական ընտրություն է: Համենայն դեպս, երկար են փնտրել, ես ահագին ժամանակ չէի գտնում անգամ բանալի բառերով, մինչդեռ իրենք փնտրել են զրոյից, թերթել են էջեր ու էջեր, շրջանցել բազմաթիվ մտքեր: Բա հո Կամյուի ապստամբության դավանանքը չէի՞ն հիշեցնի միլիոնատերերի սուպերմարկետների ու նրանց բիզնեսը խթանող աստծո թելադրանքի կողքին, ասենք`

«Ես ապստամբում եմ, ուրեմն գոյություն ունեմ»:

«Ո՞վ է ապստամբը: Մարդը, որ ասում է` ոչ: Բայց այդ մերժումը չի նշանակում հրաժարում»:

«Ապստամբության յուրաքանչյուր գործողություն անմեղության նոստալգիա է և գոյի էության կանչ»:

«Անազատ աշխարհի դեմ պայքարելու միակ ձևն է դառնալ այնքան բացարձակ ազատ, որ քո գոյությունն ինքնին ապստամբություն լինի»:

«Միշտ էլ կա մի փիլիսոփայություն քաջության պակասի համար»:

Պարզ է, ողջ երկիրը կապիտալի եկեղեցու վերածած իշխանավորները թույլ չէին տա, որ Կամյուն կասկածի տակ դնի իր փայն ստացող ու կայսրինը, Պիեռ Լուչչիինը, Սաշիկինն ու Լֆիկինը սուսուփուս տալ պնդող աստծուն.

«Ես չեմ հավատում աստծուն և աթեիստ չեմ»:

«Ես քիչ ժամանակ ունեի և չէի ուզում դա վատնել աստծու վրա»:

Անձամբ ես, իհարկե, կընտրեի Կամյուի հայտնի խոսքը` «Սպանե՞մ ինձ, թե՞ սուրճ խմեմ», բայց հասկանում եմ, որ դա այնքան էլ հարմար չէր լինի առավոտյան սուրճն ընտրած ու երեխաներին մանկապարտեզ կամ դպրոց տանող, գործի կամ խաշի գնացող, երեկոյան երեխաներին մանկապարտեզից ու դպրոցից վերցնող, տուն կամ սրճարան գնացող երևանցիների համար:

Բայց չէ՞ որ նույնքան անպատեհ է օրը ցերեկով Երևանի ամենահայտնի պողոտաներից մեկի բարձրահարկից հայտարարել, թե մարդը չի կարող երջանիկ լինել առանց փողի, երբ դա կարդում են առավոտյան մանկապարտեզ, դպրոց ու գործի գնացող երեխաներն ու մեծերը ու հասկանում, թե ինչն է երջանկություն պարգևում իրենց երկրում:

Իհարկե, սա չի մտահոգում այն քաղաքական գործիչներին ու ակտիվիստներին, որ երկրի առաջնային խնդիր են դարձրել որոշ փողոցների անվանափոխումը` իբրև բարոյական պարտք: Դե ամեն բարոյական պարտքի տակ թաքնված է որոշակի գաղափարախոսություն. ու եթե մարդիկ բոլշևիկների` անգամ պատմական հուշը հանդուրժել չեն կարողանում, բայց հանդուրժում ու հավանաբար ընդունում են փողի պաշտամունքը, նշանակում է, որ մեր երկրում, բոլշևիկների` գոնե հռչակած հավասարության փոխարեն, իշխում է նորազատական կուռքը` շուկան:

Փողոցների անվանափոխության բարձրացրած աղմուկի պատճառով, ճիշտ է, պատմաբաններն ակտիվացան, ու պարզվեց, որ բնավ էլ քիչ թե շատ ակադեմական հաստատված տեսակետ չկա, օրինակ, Կասյանի գործունեության մասին: Սարոյանը էսօր մի քիչ կփոխեր խոսքը` ժողովուրդ, որի պատմությունը գրված չէ:

Չնայած անզեն աչքով էլ երևում է, բայց փողոցային հարցումները ցույց տվեցին, որ երևանցիների մեծ մասը իսկի տեղյակ էլ չի, թե ով է Կասյանը, իսկ այ պարզ նախադասությունը, թե մարդու երջանկությունը փողի մեջ է, կարող է հասկանալ: Սակայն այդ քաղաքական գործիչների աչքին ոչինչ չասող անվամբ փողոցը ավելի վտանգավոր ու վնասակար է հայ ժողովրդի համար, քան սևով սպիտակի վրա քաղաքի ճակատին դաջված Մամոնա դևը:

Ուրեմն, քաղաքապետարանը, իբրև մշակութային գործունեություն, անանուն ու անտեսանելի ուղղորդմամբ գովազդում է փողի պաշտամունքը: Անանուն` չէ, Կամյուի անունով, նրա հեղինակության տակ թաքնված` գործում է նորազատական գաղափարախոսությունը: Եվ դա գիտակցված մեթոդ է, որ, ի տարբերություն բոլշևիկների, թաքցնում է իր անունը.

«Պատկերացրե՛ք Խորհրդային Միության ժողովուրդը կոմունիզմի մասին երբեք լսած չլիներ: Այն գաղափարախոսությունը, որին ենթարկվում է մեր կյանքը, մեծամասնությանս համար անուն չունի…  Անանունությունը նեոլիբերալիզմի ուժի և՛ ախտանիշն է, և՛ պատճառը: Այն լուրջ դեր է խաղացել ճգնաժամերի ուշագրավ բազմազանության մեջ… Բայց մենք այդ ճգնաժամերին արձագանքում ենք՝ ասես դրանք իրարից անկախ են ի հայտ գալիս, ակնհայտորեն անտեղյակ, որ դրանք կա՛մ կատալիզացվել, կա՛մ սրվել են միևնույն կապակցված փիլիսոփայության կողմից. փիլիսոփայություն, որն ունի անուն: Անանուն գործելուց ավելի հզոր ուժ գոյություն ունեցե՞լ է…

Նորազատակությունն այնքան համատարած է դարձել, որ անգամ հազվադեպ ենք այն ճանաչում որպես գաղափարախոսություն: Կարծես՝ մենք ընդունում ենք այն պնդումը, որ այդ ուտոպիստական, միլենարիստական հավատքի հիմքում մի չեզոք ուժ է ընկած, կենսաբանական օրենքի մի տեսակ՝ նման Դարվինի էվոլյուցիայի տեսությանը: Սակայն այդ փիլիսոփայությունը ծագել է որպես մարդու կյանքը վերաձևելու և իշխանության կենտրոնը տեղափոխելու գիտակցված փորձ…

Նորազատականության կողմից գործածվող բառերը հաճախ թաքցնում են ավելին, քան լուսաբանում են: «Շուկան» հնչում է ասես բնական մի համակարգ, որը հավասարապես ազդում է բոլորիս վրա, ինչպես, օրինակ, ձգողության ուժը կամ մթնոլորտային ճնշումը:
Այս անոնիմությունները և շփոթությունները միահյուսվում են ժամանակակից կապիտալիզմի անանունության և անտեղության հետ» (Ջորջ Մոնբիո` Գայանե Մելքոմ Մելքոմյանի թարգմանությամբ):

Բայց այստեղ անմեղության կանխավարկածը կարող է ասել` լավ էլի, ինչ ես եզը բարձրացրել, տակը հորթ ման գալիս, էս երկրում էնքան բառադիություն կա, որ շատ դեպքերում փնթի պատահականության արդյունք է լինում ինչ-որ բան:

Կլռեի, եթե վերջապես գտած չլինեի Կամյուի խոսքը ու չտեսնեի, թե ինչ խորամանկ խմբագրության է ենթարկվել դա: Փաստորեն քաղաքապետարանի ավետարանիչները Կամյուի մտքից հանել են մի կարևոր բառ, որը հիմնովին փոխում է ողջ իմաստը:

Կամյուն ասում է.

«Մի տեսակ հոգևոր սնոբիզմ կա որոշ վերադասների մեջ, որ ասում են, թե երջանկության համար փող պետք չէ»:

Ահա թե ինչ, ուրեմն խոսքը հասարակ մարդկանց մասին չէ, ինչպես Կոմիտասի բարձրահարկին է տպված, այլ բարձրաստիճանների, վերադասների` նրանց, որ իրենք փող ունեն, իսկ այ շարքային քաղաքացիներին երեսպաշտորեն սաստում են, որ փողի հետևից չընկնեն:

Ու եթե այս բառը թողնեին նախադասության մեջ, կստացվեր էլի ապստամբություն այն փողատերերի դեմ, որ իրենք իրենց սուպերմարկետների ու կազինոների միլիոններն են վայելում, իսկ այ հասարակ մարդկանց ասում են` փողը անհրաժեշտ չէ երջանկության համար, փողն ի՞նչ ես անում, գնա երկրիդ համար ձրի աշխատիր, զրկանքներ կրիր, սոված մնա, անտուն մնա, գնա հայրենիքիդ համար զոհվիր, այսինքն` «Մի հարցրու, թե քո երկիրն ինչ կարող է անել քեզ համար, հարցրու` դո՛ւ ինչ կարող ես անել քո երկրի համար»:

Ահա թե ինչ է ասում Կամյուն, և միայն մի բառ հանելով` իշխանությունը գլխիվայր շուռ է տալիս նրա միտքը: Նորլիբերալիզմը հմուտ խմբագիր է ու լավ գիտի` միայն այն փաստից, թե ում բերանից է հնչում խոսքը, ով է դա ասում, կարող է ողջ իմաստը փոխվել:

Ի դեպ, Կոմիտասի վերևներում աշխարհի ավարտը պատգամող Մատթեոսը պաստառի պատգամ դառնալու չարժանացած ուրիշ խոսք էլ ունի. «Ոչ ոք չի կարող երկու տիրոջ ծառայել … Չեք կարող ծառայել Աստծուն և Մամոնային»: Ինչ է, փողոցի մի ծերը չգիտի՞, թե ինչ կա փողոցի մյուս ծերին, քաղաքապետարանը գործում է Հիսուսի պատգամո՞վ, որպեսզի աջ ձեռքը խաբար չլինի՞ ձախից:

Ախ, հա, Qahana.am-ն էլ է հմուտ խմբագիր. ինչպես Կամյուն, այդպես էլ Մատթեոսը ընտրողաբար է մեջբերվում-խմբագրվում, այնպես, որ աստվածն ու մամոնան չհակադրվեն, այլ ներդաշնակորեն համագործակցեն` որպես իշխանության պատվանդան:

Show Comments Hide Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *