Գյուղացի Համբոյի տունը կռիվ էր ընկել…չէ´, սա չէ:

Առավոտ էր, Արարատյան դաշտի լուսապայծառ առավոտներից մեկը…չէ, է´, էս մեկն էլ չէ:

Գիշեր է, երևանյան փողոցների լուսապայծառ լապտերներով ողողված գիշերներից մեկը…ըհը, սա է:

Լուսապայծառ բառը վեցերորդ դասարանից այս կողմ չէի լսել: Լավ, պատմում եմ. արդեն ասացի գիշեր է, երևանյ…մի խոսքով հասկացաք: Հագել-կապել գնում եմ աշխատանքի…մի րոպե, գիշերո՞վ: Լավ, ուրեմն հագել-կապել գնում եմ խմելու, այո:

– Վիճակդ տեսե՞լ ես,- իյա, էս բարև-բարլուս չկա՞ր:

Մոտ ընկերուհիս է, մինչև քթի ծայրը փայլեցրած:

– Վիճակս տեսել եմ,- ակամա ճպպացրի:

Ո՞նց չեմ տեսել. ջինսս ճմռթված (հո´պ, ոչ մի նորմալ մարդ ջինսը չի արդուկում), վերնաշապիկս նույնպես (լա՜վ, մեղավոր եմ), ակնոցիս աջ ապակուն էլ մի մեծ հետք (հա´, բայց ամեն ինչ տեսնում եմ չէ՞):

– Էսօր էլի սկյուռիկների փրկության գործով էիր զբաղվա՞ծ,- ակունք իմաստության:

– Հա´, սկյուռիկների պաշտպանության նախարարը չե՞մ, ես չանեմ՝ ո՞վ անի:

– Դու քեզ պաշտպանի, սկյուռիկներին հերթ կհասնի:

– Ինձ թող իմ երկիրը պաշտպանի,- ըըը, լավ, չխորանանք…բազմակետ, բազ-մա-կետ (…)

Հա, խմելու: Մատուցո´ղ, մի բաժակ գարեջուր… Կիլիկիա, խռուստալից (բյուրեղապակի) բաժակով… ապրե´ս: Մի բաժակ էլ «Բլյու լագունա», գունավոր ձողիկով… ապրե´ս: Երկու կտոր խելք, մի գրամ մարդկություն, կես կտոր խաղաղություն, թարմ թխած ազնվություն, ծովից ծով Հայաստան, ո՞նց թե մի բաժակ, ասում եմ ծովից ծով, մի կտոր հող ու հաշիվը… բայց նայի հա, հողի համար չեմ վճարելու, տես հանկարծ դեռ ինքդ պարտք չմնաս:

Կիլիկիան շատ լավ գարեջուր է… ի՞նչ Մյուլեր, Բիթբուրգեր, Քրոմբախեր: Կիլիկիա, Կիլիկիա, Կիլիկիա: Շատ լավ բույր ունի ու հաճելի դառնություն: Թոնրից նոր հանած հացի բույրն ունի ու թոնրի մոտ երգող տատի ձայնի հաճելի դառնությունը:

«Բլյու լագունա»…շատ լավ երկնագույն երանգ ունի, շատ հաճելի, շատ աղվոր, ըհը:

Նստել եմ թախտին…իրոք թախտին եմ նստել: Երևանը, ճիշտ է, սիրունացնում են, զարդարում, լուսավորում, փայլեցնում, քանդում- ավիրում, կառուցում: Լավ են անում (չէ), բայց արի ու տես հին խելքի տեր, անգրագետ ու անճաշակ, դեգրադացված մարդիկ դեռ քաղաքի թաքուն անկյուններում թախտեր ունեն, իշաոտնուկներ ունեն, խռուստալից բաժակներ ունեն, նավթավառ էլ կճարվի: Այ էսպիսի անդուր բաներ, անունն էլ սրճարան, ինչի՞ համար ենք վճարում, հին ու մաշված թախտի՞… այո´: Ընկերուհուս փայլեցված քիթը էս թախտի հետ հեչ չի սազում, «Բլյու լագունան» կփրկի աշխարհը… աշխարհըս մե փանջարա է… չենք խորանում: Խմում ենք գարեջուր, սովորական գարեջուր «Կիլիկիա» անունով, գարեջրի բրենդի անունն է: Նստել ենք սովորական թախտի վրա, սովորական փոքր քաղաքի մի ավերակ շենքի մեջ… վերջ:

– Էն օրը, էն օրն ասելով երկու ամիս առաջ մեր կուրսի Գնդլը, դե գիտես, էլի´:

Իհարկե գիտեմ, բոլոր համակուրսեցիներին էլ գիտեմ, մեկը մյուսից «Գնդլ»:

– Մի խոսքով մեքենայով եկավ հետևիցս, հավաբնի մոտ (մեր համալսարանը) կանգնել ա, ամբողջ մուտքը փակել ա:

Մեքենայի բրենդը, Գնդլի հագած վերնաշապիկը, սանրվածքը, մի օրվա եկած թրաշը… սուս էլի, սուս, փակիր բերանդ, սասդ կտրի:

Սասս կտրած լսում եմ… գլխով եմ անում, լսում եմ, գլխով եմ անում, գարեջուր եմ խմում, հալալ ա Գնդլին, լսում եմ, գարեջուր եմ խմում, ժպտում եմ, ապրի Գնդլը, գարեջուր եմ խմում…

Ափսոս Անուշ սարի ծաղիկ,

ափսոս իգիթ քո յարին,

ափսոս բոյիդ թելիկ-մելիկ,

ափսոս էդ ծով աչերիդ…

Գարեջուր եմ խմում:

Պատերը մրոտ են, երևի վառարանից է եղել: Ընկերուհիս միալար տզզում է, ես էլ պատերն եմ ուսումնասիրում: Մի փոքր կիսատ-պռատ տեսողությունս լարում եմ ու մրոտ պատերի միջից փորագրած տառեր տեսնում: Հա էլի, տառեր են… ակնոցս հանեցի, աջ ապակին վերնաշապիկիս վրա մաքրեցի… ընկերուհիս դեմքը ծամածռեց, պա´հ:

Ա, Բ, Գ, Դ, Ե, Զ… սիրուն-սիրուն մասնիկներ, գալարներ, պոչիկներ:

Է, Ը, Թ, Ժ…մուրն անցավ, մնաց լույսը, աչքերս տրորեցի. լույսն ուժեղ էր:

Գնդլ…Գ, Ն, Դ, Լ… սիրուն-սիրուն գալարներ, մասնիկներ:

-Ես էլ էդ փափուկ խաղալիքը ուղիղ չորրորդ հարկից ներքև շպրտեցի,- վեր թռա:

Ձախ ոտքը աջի վրա գցեց, «Բլյու լագունից» ֆռթացրեց: Խեղճին մինչև չորրորդ հարկ քարշ էր տվել, որ դրամատիկ կերպով ցած նետի պատուհանից: Խաղալիքը նկատի ունեմ:

Վերջերս գիրք եմ նվեր ստացել, բառերի ծագումնաբանության մասին է. մինի-բառարան ու մի ամբողջ կենսագրություն: Կարդում եմ չեմ կշտանում, թունդ սիրահարվում եմ (Ա, Բ, Գ, Դ): Մայրս որ բառարան էր կարդում հազիվ էի ծիծաղս զսպում. ինչ աննպատակ ընթերցանություն:

-Մա´մ, մի երկու բառարանային բառ ասա, պատմվածքիս մեջ ներառեմ:

Գեղագունակ, խտխտուն, քաջակերպ, չքնաղագյուտ…ասաց:

Գեղեցիկ բառի հոմանիշներն են: Միշտ է այդպես: Երբ սերդ մեծ է, լեզուդ ինչ բառ ասես կհորինի: Երբ ցավդ ուժեղ է, լեզուդ ինչ բառ ասես կլռի: Երբ կորուստդ մեծ է, շատ չէ՝ մի երկու կտոր հող, մի քանի քար, լեզուդ ինչ տառ ասես կլացի: Հարուստ լեզու է, հարուստ ցավ:

Անցանք առաջ: Ուղիղ քայլով դուրս ենք գալիս դեպի ծուռտիկ փողոց: Ես վստահ քայլում եմ իմ հնամյա տրեխները (կեդերը) հագս, ընկերուհիս իր լաքապատ կրունկների վրա… անվստահ:

-Էլ էդ Նոյի դարի սրճարան ոտք չեմ դնի,- ուզում էի ասել աղջիկ ջան, երբ Նոյը տապանով իջավ Արարատ լեռան գագաթին… ես սկսում եմ կասկածել, որ հենց դու ես իմ մոտ ընկերուհին:

Նայում եմ երկնքին, նայում եմ քաղաքին, նայում եմ շենքերին, լապտերներին, նստարաններին, աղբարկղերին, ոնց որ մեկը ականջիս տակ երգի.

Աաքագե էրթա չի,

Թաքիդում փէրէվաձ ա

Իսա ինչբէս աշխարհ ա,

էմմեն դաղ խարէվաձ ա

– Քո կարծիքով մարդիկ ինչի՞ համար են երկրից գնում,- հարցնում եմ:

– Պարզ չի՞, աշխատանք չկա:

Չէ, պարզ չի: Ես մտածում եմ, որ հոգին իր սեփական հիշողությունն ունի: Մարմինը ծնվեց այս հողի վրա, ապրեց, մահացավ, էլի ծնվեց: Հոգին քամու պես եկավ, քամու պես շրջեց, քամու պես գնաց: Ես գիտեմ, որ իմ հոգին ինձ քարշ է տալիս իմ տուն: Մի ժամանակ մտածում էի, որ տունս երևի էն սիրուն, ձևավոր, արհեստական քաղաքներից մեկում է, հես ա կմեծանամ ու կգնամ: Հետո սկսեցի հասկանալ, որ իմ տունը Ա, Բ, Գ, Դ-ն է, ուր էլ գնամ՝ հետ եմ գալու: Հիմա գիտեմ, իմ տունը հեռու-հեռու սարի ետևում է, երբ Նոյը իջավ սարի գագաթին հոգիս տեսավ ու սիրահարվեց սարի ետևի հողին:

Էրգիքէ Էլլուշ քուզիմ,

Աստաղե Փէրնուշ քուզիմ,

Լուսնիկայի մէշնան հէդ

Քէզի փութ էնուշ քուզիմ

Հետո քամին փոխվեց, փչեց հակառակ ուղղությամբ, հոգիս լաց եղավ, որովհետև սարի հակառակ կողմում էր հայտնվել: Բայց սիրեց այդ հողը, մշակեց, խնամեց, բերք ստացավ: Քամու հետ եկավ, քամու հետ գնաց: Հիմա սպասում եմ, թե երբ պիտի քամու ուղղությունը փոխվի, որ ետ գնամ իմ տուն: Քարերն եմ կարոտել, հետո էլ հողն անմշակ մնաց, բա որ լեզուս չհասկանա…

Կհասկանա:

– Հա, ճիշտ ես ասում, աշխատանք չկա դրա համար էլ գնում են, ու՞ր մնան:

Էրթուշ քուզիմ իսթի հէդ

Այե հէդրա էրթանք մէք

Մէդողում աշրհսիվա

Լուսնիկա էլլողուք մէք

Երևանի ծուռտիկ փողոցներով քայլեցի, գարեջրի դառնությունը վայելեցի, լապտերների լույսը տեսա, մարդկանց աչքերի մեջ նայեցի, մտքով գնացի իմ տուն:

Ուզում եմ Երևանի ծուռտիկ փողոցներով քայլել, գարեջրի դառնությունը զգալ, լապտերների լույսը տեսնել, մարդկանց աչքերի մեջ նայել, գնալ իմ տուն…

Գյուղացի Համբոյի տանը կռիվ չէր ընկել, որովհետև տան մեջ կռիվ չի ընկնում:

Show Comments Hide Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *