Փոքրիկ, ճմռթված հյուղակին դեռ հենված, ասես, կիսանստած էին ապստամբների գոլ դիերը: Նրանց արյունը, որ նույն գույնն ուներ ինչ մերը, լերդանում էր, ու մի երկու օր հետո ընդհանրապես չորանալու էր, թրծվեր, դառնար թեփ, ու էդ ժամանակ երևի նոր-նոր կորոշեին տանել, շպրտել մի տեղ, որ դիահոտը չտարածվեր գյուղով մեկ ու մնար հավիտյան:

Մեր տղաները ինչ ձև ասես, որ չէին գտնում էդ դիակների հետ խաղալու: Մեկը, եթե չեմ սխալվում, Դրահադը որոշեց, որ գլուխ-իրան-ձեռքեր-ոտքեր հերթականությունը մի քիչ էդքան էլ ճիշտ չի տեղացի ապստամբների դեպքում ու կտրեց դիակներից մեկի ոտքերն ու ձեռքերը ու տեղերով փոխեց դրանք:

֊Ռակիռովկա: Այ սենց, վերջ, էս մերը քունածը սենց ավելի սիրուն ա:

Ծիծաղեցին մեր տղաները: Նրանք երիտասարդ էին ու գիտեին, թե ամեն ինչ գիտեն: Մեր տղաներն էստեղ ոչ մեկի չէին ճանաչում, ու դա նրանց չէր էլ քորում:

Հյուղակներից մեկի կողքը շարել էին Բազաե լեռան կողմից կրակող ապստամբների գլուխները: Տասներկուսն էին: Մեկը աղջկա գլուխ էր: Աղջկա քիթը կոտրած էր. երևի նոր էր կոտրվել, կամ գուցե վաղուց, կամ ընդհանրապես կարող ա՝ էդպես էին ծնվում տեղացիների աղջիկները: Չգիտեմ, դրա մասին մեզ բան չէին ասել: Տասներկու գլուխները շարված էին չափսերի աճման կարգով: Ամենափոքրը բեղավոր ծերուկ-գլուխ էր: Դրանց մարմինները երևի ձորում էին արդեն: Մյուս դիերի կողքին, վրա, մեջ:

Աղջկա գլուխը իններորդն էր: Երևի լավ կերակրած, պահած, մարզած աղջիկ էր եղել: Մարմինն էդպես էլ չտեսա, բայց վստահ եմ՝ փոքր չէր: Չէր կարա՝ փոքր լիներ: Մազերը սև էին, լերդացած արյունը սոսնձի պես կպել, հյուսերի էր բաժանել էդ մազախուրձը: Աչքերը նեղլիկ էին, երկարուկ, նշաձև: Բիբերը կոպերի տակ էին փախել:

Մեր տղաները որոշեցին հյուղակների դռների բռնակներից ապստամբների աղիքները կախել սուջուխի պես, որ չորանան ու հյուղակների անբաժան մասը դառնան: Որ հոտը կպնի հյուղակների փայտամաշկին: Մեր տղաները հյուղակները չէին վառում: Ինչի՞ համար վառեին: Հետո մի օր կարող ա՝ թանգարաններ դառնային: Ո՞վ գիտի:

Պոռնիկ Նաեն էդ օպերացիայի ստրատեգներից էր: Նայեց իմ կողմ ու ասաց.

֊Էնտեղ, էս ամենամեծի հետևը երկու լեշ կա: Բերեք, փռեք էս դդումների կողքը:

֊Չա՞ղ են,֊ հարցրի:

֊Հա, մեր կամանդոսի պես: Ի՞նչ ապուշ հարցեր ես տալիս, գնա, մեկին վեկալ, բերեք ստե:

֊Բխահա՜ն… արի հըլը,֊ կանչեցի հյուղակներից ամենամեծի պատին միզող Բխահանին:

֊Սպասի:

֊Շուտ արա:

֊Ասի, սպասի:

֊Հեսա ճուճուլդ էլ ենք կտրում, կախենք,֊ ասացի, ֊ սուջուխների հետ:

֊Վայ ճուճուլս կախեք: Սպասի, եկա:

Մոտեցավ: Բխահանի երկու աչքն էլ տեղում էր, քիթը ջարդած չէր: Առնանդամն էլ էր տեղում, ու միայն երկու ամիս հետո նրան կգնտեին Բազաե լեռից էն կողմ մասնատված ու առանց աչքեր ու քիթ ու առնանդամ, ու էդ ամենը սարսափելի մազալու դիրքով շարված կլիներ:

֊Պոռնիկ Նաեն ասեց՝ էն կողմը երկու հատ էլ կա, բերենք գլուխների մոտ:

֊Չա՞ղ են:

֊Չգիտեմ, հարցրի, ասեց, թե բա «մեր կամանդոսի պես»:

֊Հա, դե խոզ են էլի, ասա:

֊Լավ, էդ ոչինչ: Արի:

Չաղ էին: Շատ չէ, բայց փորները կարգին լղլղում էին: Մարմինները ցանց էին դառել: Մեկի վրա քսանչորս կրակոցի ծակ էր, մյուսի վրա՝ երեսունվեց: Մեր տղաները սիրում էին ընկած, մեռածի վրա մի երեսունհինգ անգամ էլ կրակել, որ հաստատ վեր չկենային էլ երբեք: Իսկ առհասարակ, ասում են, մի փամփուշտնել ա հերիք: Չգիտեմ, ոչ մեկ դեռ մեկով չի բավարարվել:

֊Սրա ջանը լրիվ քաքմեջ ա եղել:

֊Զգույշ բարձրացնենք, վրեքներս չպզա, – ասացի ու դին գլորեցի մեջքի վրա:

֊Չի պզա, առխային: – Հետո բռնեց ոտքերից, – դե կպի, հանենք, մե՛կ, էրկու՛, իրե՛ք, – պոկեցինք: Չպզաց: Մի հարյուր տասը կիլո կլիներ: Բայց մենք ուժեղ էինք ու պատրաստված: Մեզ սովորեցրել էին հարյուրտասը կիլոգրամանոց օտարազգի դիակ տանել-բերել: Աշխարհի ամենալավ գործն ա: Համեցեք, մի ամաչեք:

Քանի որ ես թևերի տակից էի բռնել, փախած աչքերով կապույտ դեմքն ինձ պիտի նայեր: Ուղիղ աչքերիս էին նայում վերև փախած բիբերը: Ու մեր անհավասար քայլերից իրար եկող գլուխը ստիպում էր կասկածել՝ կարող ա՝ չի մեռել: Կարող ա երեսունվեցը լավ թիվ չի: Ու թվում էր փախած աչքերը հանկարծ կվերադառնային իրենց նախնական դիրքին, ու հարյուրտաս կիլոանոցը կասեր. «Էլ բան ու գործ չունե՞ք», ու մենք չէինք հասկանա նրան, ոնց չէինք հասկանում ոչ մի բան էդ անծանոթ, անիմաստ ազգից:

֊Հը, ի՞նչ ես նայում, լա՞վն ա ֊ հարցրեց Բխահան չար ժպիտը դեմքին, երբ անցնում էինք ամենամեծ հյուղակի մոտով, ու ես տեսա նրա դեղին ատամները, ֊ Պաչի մի հատ:

֊Սիկտիր, Բխահան: ֊ Ասացի ու հայացքս թեքեցի փախած աչքերից:

֊Լավ, պաչի մի հատ, սպասի լավ բռնեմ, պաչի:

֊Սուս:

֊Լավ, մի հատ անցի լեզվով:

֊Արա, սուս մնա:

Շպրտեցինք տասներկու գլուխներից մի երկու մետր էն կողմ: Ծերուկ գլխին կարծես դուր չեկավ, որ իր ցեղակցի հետ էդպես են վարվում: Աչքերը կարծես էդ պահին էր, որ տենց պինդ փակեց: Դեմքը խոժոռվեց, ճմռթվեց: Կամ երևի մինչև էդ էլ էր ճմռթված: Փոքր, ճմռթված կապիկի գլուխ: Կամ մարմինը գնդակից պատռվելու պահին էր ճմռթվել, կամ միշտ էլ էդպես էր: Չգիտեմ: Չեմ ճանաչել նրան: Էս մասին մեզ բան չեն ասել: Ու՞մ ա պետք՝ ճանաչեմ: Հենա, Պոռնիկ Նաեն պառկած, չորացածներից ոչ մեկին չի ճանաչում, բայց մարդը հրամանատար-ստրատեգ ա: Որ ճանաչեր, ի՞նչ: Ի՞նչ էր փոխվելու: Գործ ա, տալիս են, անում ա բոլորից լավ, կոչումը ստանում, սկսում ա գոռգռալ, ի՞նչ վատ ա: Երդում էր մարդը տվել բոլորի մոտ: Վերևների մոտ էլ տվեց… ամենակարևորը՝ Աստծու մոտ էլ: Ես էլ եմ տվել: Բայց ու՞մ ա պետք: Ինձնից դժգոհ են: «Էս սենց չես անում, էս նենց արա, սիկտիր եղի, գնա՜, սիկտիր եղի, արի՜»: Ես չեմ կարում Պոռնիկ Նաենի պես:

Հյուղակներից վաթսուներկուսն արդեն արնապատված ու աղիքով զարդարված էին: Մի քանիսն էին մնացել: Էդ էլ ջահելների գործն էր: Մենք մերն արել էինք:

Ռալնիզը մոտեցավ ինձ սիգարեթ ուզելու, երբ բամբուկների վրա նստած նայում էի գլուխներին:

֊Հը, Ի՞նչ ես նայում… տեղ արա՝ նստեմ:

֊Նստի, – պատասխանեցի՝ հայացքս չպոկելով ծերուկ ու աղջիկ գլուխներից:

֊Մի հատ տու: Չէ, չնայած, երկու հատ. մեկը տանեմ էն բոզ Տինոյին: Առավոտից գլուխս ուտում ա:

Հանեցի երկու հատ: Մոտիս սիգարեթը լավն էր, արտասահմանից էի բերել: Մասամբ ծանոթ արտասահմանից: Մեզ ասել էին, որ շուտով մեզ տուն են տանելու, տանն էլ շատ ունեի, բոլ-բոլ կծխեի: Ափսոս չէր երկու հատը:

֊Ապրես:

Չպատասխանեցի: Նայեց ինձ, տեսավ, որ հաստատ գլուխս չեմ թեքելու իր կողմ ու ասաց.

֊Խի՞ ես նայում դդումներին:

Չպատասխանեցի:

֊Մի՛ նայի: Ասում են, լավ չի սենց բաներին նայելը: Գործդ անում ես, ու վերջ: Մի՛ նայի:

֊Էն մեկը չրի ա նման: ֊ Մատով ցույց տվեցի ծերուկի գլուխը: Չիր դառած թզուկի դեմք էր: Ձեռքս դողում էր:

Ռազնիլը ծիծաղեց: Բարձր:

֊Ի՛նչ եք բերաններդ բացել, ֊ ամենամեծ հյուղակի մոտից գոռաց Պոռնիկ Նաեն:

֊Ասում ա՝ չրի ա նման: ֊Կչկչալով, ֊ կմեռնե՜մ:

֊Սուս մնա, մի գոռա:

֊Խի՞ արա: ֊ Ձեռքը գցեց ուսիցս, սկսեց ծաղրական թափ տալ: – Չեն լսում քեզ, հանգստացի, մի լացի: Պապին չի նեղանա, որ չիր ասիր: Չէ՞, պապի, ֊ անճոռնի ատամները պոռթկալուն պատրաստ քրքիջը բաց թողեցին ուղիղ ծերուկ-գլխի խոժոռ երեսին, ու փակ աչքերը կարծես ավելի պինդ փակվեցին, ֊ Չես նեղվում, չէ՞: Աաաա՜, հահաաա՜:

֊Սուս մնա: – մի անգամ էլ զգուշացրի, էս անգամ գլուխս թեքելով դեպի իր սպիոտ, բաբախող քունքը:

֊Չնայած, չէ, արա, նայի, նեղվել ա, աաաա՜, քունվել ա լավը, ֊ ծիծաղը սկսում էր իշու ոռնոցի նմանվել:

֊Սուս մնա, քո հետ եմ, արա, լակոտ, ֊ գոռացի:

֊Ա՜, դե դրա մորն էլ ընդե… ֊ ծիծաղից կտրուկ լուրջ տոնի անցնելով՝ նույնպես կտրուկ վեր կացավ տեղից, վազեց ու տշեց ծերուկ-գլուխը: Գնդակի պես թռավ, հագավ ամենամեծ հյուղակին:

Պոկվեցի տեղիցս, վազեցի, հավաքեցի ոտքերից, գցեցի գետնին ու սկսեցի խփել սպիոտ դեմքին: Մատը աչքս էր ուզում կոխեր, ճակատս դրի կրծքավանդակին, փակեցի դեմքս (էդպես էին սովորեցրել) ու սկսեցի հարվածել բաբախող քունքին: Ջախ քունքն ու ձախ ունքը բացվել էին:

Բոլորը նայում էին, բացի Բխահանից, Դելաենից, բոզ Տինոյից ու Բիաֆից. դրանք վրա հասան, բաժանեցին: Երկուսս էլ լրիվ արյան ու ցեխի ու ինչ-որ լորձանման եսիմինչի մեջ էինք: Միայն վեր կենալուց հետո հասկացա, որ ընկել էինք էն տեղը, որտեղ քիչ առաջ հինգ դիակ էին փրթված, ընկած: Երկու կին, երեք ջահել տղա: Մեր տղաները տարել, ձորն էին գցել, որ չտխրեն էդտեղ մենակով: Հարյուր հոգով մեռնելը երևի ավելի հեշտ ա:

Հյուղակների դիմաց դեռ լիքը դիակներ կային: Ռազմական օպերացիայի ընթացքում կարգը խախտելու համար ինձ ու Ռալնիզին որպես պատիժ Պոռնիկ Նաեն հրամայեց մնացած հյուղակների շուրջ կամ ներսը եղած դիակների հարցը լուծել ու զարդարել մնացած տասնհինգ հյուղակները:

Դրանցից մեկ շքամուտքի դիմաց երկու կովի ջանդակ էր ընկած: Երկուսն էլ պատառոտված էին: Քիչ էն կողմ էլ չորս հատ կով նռնականետից էին պայթել, ու պայթածների կողքի երկու հյուղակները զարդարվելու կարիք չունեին: Կովերն արդեն արել էին՝ ինչ պետք ա: Դե կովը սուրբ կենդանի ա, չէ՞: Միշտ էլ օգնության կհասնի:

Ես ու Ռալնիզը իբր բարիշեցինք ու արագ վերջացրինք գործը: Մեր տղաները նախավերջին հյուղակի մոտ ընկած, երկու կես եղած կովի աղիքների վրա երկու կնոջ գլուխ էին դրել, ու էդ աղիքալարերը ոնց որ կամրջակ լինեին՝ էդպես երկար, սիրուն ձգված կովի երկու կեսերի միջև:

Ռալնիզն ասաց, որ էդպես սիրուն ա:

֊Կոմպոզիցիա: ֊ Ասաց Ռալնիզը:

Ծերուկ-գլուխը ամենամեծ հյուղակի պատի տակ էր ընկել, ու ճիշտ դիրքով էր, ոչ՝ գլխիվայր: Խնդալու կլիներ՝ գլխիվայր գլուխ: Ու ճմռթված ծերուկ դեմքը կարծես տեսավ, որ իբր բարիշեցինք, ու երևի անիծեց Ռալնիզին տշելու համար, ու ես մի քանի անգամ նայեցի էդ չիր-դեմքին ու աչքերով փորձեցի ներողություն խնդրել, բայց դրանից ծերուկ֊գլխին լավ չեղավ: Դեմքը չբացվեց դրանից. դեռևս խոժոռ էր ու ճմռթված:

«Դժվար կյանքից ա երևի: Ամեն մի պոռնիկի լակոտ որ գա, գլուխդ տշի, բա կխոժոռվես, բա ինչ կանես»:

Հյուղակները զարդարելիս ես պատկերացրել էի Ռալնիզին գլխատված, ու դա ինձ ծիծաղելի էր թվացել:

Ռալնիզին կգտնեն դրանից երեք ամիս հետո տեղի գոմերից մեկում՝ փայտե հաստ սյանը քսանյոթ հաստ բիզերով գամված: Ռալնիզն իրենը ստացավ: Երևի պետք չէր տշել տասներկու գլուխներից ամենափոքրը: Պիտի թողներ՝ մյուսների կողքին էդպես հանգիստ դրած մնար: Էդպես ա լինում գլուխ տշող Ռալնիզների հետ:

Հիմա ես, նստած Բազաե լեռից էն կողմ, ապստամբների գյուղաքաղաքի խոնավ խցերից մեկում, անցկացնում եմ օտար հողում իմ հեքիաթային ճանապարհորդության տասներորդ ամիսը ու գրում եմ մեր տղաների մասին էս հրաշալի պատմության վերջին տողերը: «Երևի մի օր, հավանաբար շուտով, իմ գլուխն էլ սիրուն կդրվի աշխարհի բոլոր միայնակ կամ խմբավորված գլուխների կողքին, կամ այն տասներկուսի կողքին, ու տասներկուսը ես կդարձնեմ տասներեք, եթե իհարկե ծերուկի գլուխը բերել, տեղն են դրել, ու այդ տասներկուսը կդառնա աշխարհի ամենաանիծյալ թիվը իմ սիրունիկ, պատրաստված, երիտասարդ գլխի շնորհիվ, ու ես կդառնամ հյուրանոցների կամ ինքնաթիռների նստատեղերի այն անիծյալ համարը, որ գոյություն չունի, կամ կդառնամ Առաքյալներից տասներեքերորդը, ու այդպես տասներեք-տասներեք կնայեմ բոլորին, ու դեմքս կխոժոռվի, ու չիր կդառնամ: Ինձ էլ մի օր, հավանաբար շուտով, կտշեն…»

Լավ, սրտաճմլիկ տողերն ու տրագիկ ենթադրությունները մի կողմ: Ամեն ինչ լավ ա վերջանում: Միշտ: Բնության օրենքն ա:

Բրիտանացի երգահան Ջոն Լենոնն ասում ա. «Վերջում ամեն ինչ լավ կլինի, իսկ եթե լավ չի, ուրեմն վերջը չի»: Լենոնը տասներկու գլուխների ու պայթած կովերի ու զարդարված հյուղակների ու մեր տղաների կողմից լցված ձորերի մասին չգիտի: Լենոնը չի խաղացել նման խաղեր: Լենոնը երաժշտություն էր գրում, ու խնդրում էր, որ գլուխներ չտշենք:

Մինչ մեր տղաներին հրաժեշտ տալ չհասցնելը ու բռնվելը ու էս գթասիրտ ճաղերի գիրկն ընկնելը՝ ես հարցրել էի բոզ Տինոյին տասներկու գլուխների մասին:

֊Էդ տոհմ էր ինչ-որ մե՜ծ, ֊ ասել էր բոզ Տինոն, ֊ տոհմի մեծն էլ, ասում են, հարյուր երկու տարեկան էր:

09.02.2018

Show Comments Hide Comments

Leave a Reply

Your email address will not be published.