Հարոյանների տանն իրարանցում էր։ Որդին՝ Ադամը, բանակ էր գնում։ Ծառայելու էր շփման գծում։ Պապը պատմում էր, որ առաջ` մինչեւ 2030-ականները, ծառայում էին նաև երկրի խորքում, բայց դրա կարիքը հիմա չկա, հիմա բոլորին ուղիղ առաջնագիծ են ուղարկում։

– Դիրքերում պիտի մարդ կանգնի, որ հանգիստ լինի, ասում էր Ադամի հայրը,- թե չէ էդ միջնորդների ռոբոտներից ու դրոններից խեր չկա։ Դրանց ծրագրերն են էդպես, կռվի համար են ստեղծված, ոչնչացնում են իրար։

Ադամի հոր հետ համաձայն էր թիկնեղ գեներալ Բակունցը, որն անձամբ էր եկել մի քանի ժամից նորակոչիկ դարձող Ադամենց տուն, հրաժեշտի արարողությանը մասնակցելու ու զինվորին դիրքեր տանելու համար։

– Դուք ամենակարևորը մի անհանգստացեք,- երկար բեղերը շոյելով՝ ասում էր գեներալն Ադամի մորը։ Շատ չեք կարոտի, ծառայությունը ժամը 8-ից 6-ն ա, շաբաթ-կիրակի օրերն ազատ են, չեն կրակում։ Էղածն էլ շաբաթական հինգ փամփուշտ ա, կկրակեն էլի։

– Քոռանամ ես, – լացակումած էր Ադամի մայրը,- բա իմ տղան դրան արժանի՞ ա, բա իմ տղուն կռիվ կտանե՞ն։

– Տո ինչ կռիվ, այ կնիկ, – բարկանում էր հայրը,- հենց պիտի էս երեխեքը գնան, որ կռիվ չլինի, չէ՞ տղես։

Ադամը չգիտեր ինչ ասեր։ Որ պիտի մի օր գնա բանակ, վաղուց էր հասկացել, ողջ կյանքը հենց մենակ դա էր լսել, բայց թե էնտեղ ինչ պիտի աներ, չգիտեր։ Երևանում ընդունված էր, որ բանակ ճամփելիս հյուրասիրություն են կազմակերպում, հավաքվում, ուրախանում։ Իսկ մի անգամ, տարիներ առաջ, երբ դասարանով էքսկուրսիայի էին մեկնել Բաքու, տեսել էր, թե ինչպես են նորաթուխ զինվորներին կանգնեցնում հատուկ հարթակի վրա ու մի ամբողջ օր համերգներ տալիս նրանց համար։

Օրեր առաջ լուրերով լսել էր, որ միջնորդները ինչ-որ նոր ծրագիր են ներկայացրել, հայտարարություն են արել, թե հակամարտության կարգավորման համար անհրաժեշտ են նոր բախումներ, որ պետք են դրոններ, որոնք ավերիչ հարվածներ կհասցնեն։

Ադամն ուշադրությունն ուղղեց գեներալին, որը հենց այդ մասին էր պատմում հորը:

– Հիմա էլ ասում են, որ չէ, ախպերներ, ստորագրե՞լ եք պայմանագիրը, որ մենք պետք է հակամարտությունը կարգավորենք, ուրեմն պետք է կարգավորենք, եթե նույնիսկ հակամարտություն չկա, կպայթեցնենք ու կկարգավորենք: Դե արի դրանց բացատրի, որ պայմանագիրը 70 տարի առաջ են ստորագրել,- պատմում էր գեներալը:

– Հա բայց գոնե ժամ ու պատարագ սահմանեն, ասենք, թող կրակեն միայն ամառային արձակուրդների ժամանակ, երբ սահմանը դատարկ ա լինում, երբ զինվորները տանն են լինում:

Ադամն ակամա հորանջեց: Մյուս հյուրերն ուշանում էին, իսկ նա անհամբեր սպասում էր Արթուր քեռուն, որը չնայած հաշմանդամությանը միշտ ուրախ էր ու սուր կատակներ էր անում, ամեն իրավիճակում լիցքաթափում էր մթնոլորտը: Պետք է գային նաեւ հորեղբոր ընտանիքը, մի քանի հոգի էլ դասընկերներից: Մայրը հատուկ Ադամի բանակի քեֆի համար ճոխ սեղան էր պատվիրել ու հեռախոսով անընդհատ հետեւում էր, թե երբ են պատվերը տեղ հասցնելու:

Քանի դեռ հայրը, պապն ու գեներալը քաղաքականություն էին քննարկում, Ադամը գնաց իր սենյակը: Իրերը հավաքված էին երկու սպորտային ուսապարկերում: Մեկի մեջ արդեն ծալված-անջատված համակարգիչն էր: Ադամն այն հանեց ու միացրեց: Էկրանին Բաշարի հետ չաթն էր: Նրան եւս պետք է զորակոչեին մոտակա օրերին:

– Հը՞, կա՞ նորություն, որտե՞ղ են տանելու քեզ,- հարցրեց Ադամը Բաշարին:

– Դեռ ոչ, բայց մայրս ասում է, որ հնարավոր է տանեն հյուսիս-արեւմուտք, ինչ-որ տեղ Ղազախի ուղղությամբ:

– Ուխ, ինչ լավ կլինի, ես էլ Իջեւանի ուղղությամբ եմ ընկել, պատկերացնո՞ւմ ես, հանգստյան օրերը Դիլիջանում կանցկացնենք, Հարութենց դպրոց կգնանք:

– Լսիր, բայց հայրս վախեցած է, ասում են հիմա ինչ-որ բան է փոխվում, կարող է մեզ ընդհանրապես չտանեն առաջնագիծ, պահեն թիկունքում, իսկ այնտեղ տանեն ռոբոտների ու դրոնների,- գրեց Բաշարը:

– Չեմ հասկանում, թե էդ դեպքում էլ մեզ ինչի են տանում, ի՞նչ է, ուրիշ զբաղմունք չե՞նք կարող գտնել,- պատասխանեց Ադամը:

– Գտնելը կգտնենք, դրա մասին նրանք չեն մտածում, ընդհանրապես մեր մասին չեն մտածում, նրանց պետք է, որ ինչ-որ բան տեղի ունենա, որ կարողանան աշխատել:

– Կներես, ես ավելի ուշ կպատասխանեմ, ոնց որ թե քեռիս եկավ,- ասաց Ադամն ու արագ փակեց համակարգիչը. մայրն արդեն գրեթե գոռալով էր կանչում:

– Ո՞ւր ես, այ տղա, չե՞ս ուզում քեռուդ բարեւել,- դռան շեմից գոչում էր Ադամի քեռին: Նա պինդ գրկեց Ադամին, ապա անցավ ներսՙ մյուսներին բարեւելու:

Քիչ անց եկան նաեւ մնացած հյուրերը, ուտելիքն առաքեցին, մայրը ձկնային տոլմա, գառի մսով բլիթներ ու աղցաններ էր պատվիրել: Բոլորը սեղան նստեցին, սկսեցին խմել: Քեռին խմում էր բոլորից շատ ու սովորեցնում Ադամին, թե ինչպես է պետք կրակել:

– Ամենալավը օդ կրակելն ա,- ասում էր նա ձեռքերով դա ցույց տալով,- բայց հիշիր, կարեւորը, որ փողը դեպի երկինք նայի, այլ ոչ թե քեզ:

Ադամը ծիծաղում էր: Քեռին երիտասարդ էր, ինքն էլ մի քանի տարի առաջ էր վերադարձել բանակից, ասում էր, որ շատ ընկերներ էր ձեռք բերել այնտեղ, բայց նաեւ կորցրել, իսկ ինչ-որ կասկածելի պայմաններումՙ զրկվել ձեռքից ու ոտքից: Հիմա նրա շարժումները պրոթեզների պատճառով մի քիչ անբնական էին, ինչը, սակայն, չէր խանգարում նրան արագ լցնել իր եւ սեղանակիցների բաժակները:

– Էդ բանակում կարեւորն ընկերներն են: Մեր ու ադրբեջանցիների դիրքերը հենց քիփ իրար կողք էին, օր չկար, որ միասին չճաշեինք,- ուրախ պատմում էր քեռին:

– Արթուր ջան, բա էդ ձեռ ու ոտդ ոնց եղա՞ն, էդ ո՞նց հաջողացրիր,- հարցրեց Ադամի հորեղբայրը,- մենք էդ պատմությունն էդպես էլ չլսեցինք, չիմացանք որը որից հետո եղավ:

– Դե լավ, լավ,- մեջ ընկավ Ադամի հայրը,- տխուր բաներից խի՞ եք խոսում, ինչ եղել ա, անցել ա, էլ ինչի՞ եք մրմռացնում մարդու վերքերը:

– Չէ, փեսա ջան, բան չկա, ի՞նչ ա եղել որ, իմ պատմությունը մեր հայաթում մարդ չկա, որ չիմանա: Օգոստոսին էր, ծառայությանս մի շաբաթ էր մնացել, որ պատահեց: Ես էլ նորմալ չիմացա, թե ոնց գմփացի: Ախր էդ օրերին սաղ շփման գծով մեկ դիտարկումներ էին գնում, սաղ ստուգում էին, մերոնք էլ իրար հետ պայմանավորվել էին, որ զինվորներին հետ կքաշեն: Զորքը թիկունքում հանգիստ նստած օրաչափի սահմաններում օդ էր կրակում, իսկ էդ դրոններն իրար էին խփում:

– Բա դու խի՞ զորքի հետ չէիր,- հարցրեց հորեղբայրը:

– Էդ դիտարկողների շտաբից հաղորդագրություն էին ուղարկել, թե էսինչ տեղն ընկած դրոն կա, պետք ա գնալ, մեջից չիպը հանել։

– Մենակ քեզ ուղարկեցի՞ն։

– Չէ, ինձ ու ընկերոջս՝ Հրայրին։ Երկուսով դա հանգիստ կարող էինք անել, ի՞նչ էր որ, ես դպրոցում սովորել էի տարրական ռոբոտաշինություն, իսկ Հրայրն անգիր գիտեր տեղանքը։

– Ու ի՞նչ եղավ։

– Դեռ տեղ չհասած կրակի տակ ընկանք, ուրիշ դրոններ հայտնվեցին, սկսեցին ռմբակոծել։ Առանձնապես բան չեմ հիշում։ Միայն հետո հիվանդանոցում ասացին, որ Հրայրն էլ չկա, իսկ ես լավ եմ պրծել… Նույն օրն էլի հարազատ մարդ էի կորցրել, ադրբեջանցիների կողմից նույն պատմությունն էր եղել, նույն առաջադրանքով երկու հոգի գնացել էին ու զոհվել։ Մեկը Հասանն էր, իրար հետ ֆուտբոլ էինք խաղում դպրոցական լիգայում։

– Հիշում եմ Հասանին,- հոգոցով ասաց Ադամի մայրը,- հազար ափսոս։

Հարվածի ուժեղ ձայն լսվեց։ Գեներալն էր՝ բռունցքը սեղանին։

– Խիղճ չունեն դրանք, տո,- ասաց նա դառնացած։- Հիշո՞ւմ եք էն ժամանակ ինչ արին։ Հարայ-հրոց, տուր ու դմփոց։ Էլ ԵԱՀԿ, էլ ԵԽԽՎ, սաղիս դրեցին պատժամիջոցի տակ, էլ տեռորիստ, էլ արյունարբու, բանը հասավ նրան, որ դիտարկման ժամանակ նման ագրեսիայի համար ուզեցան նոր պայմանագիր փաթաթել վզներիս, թե հրադադարի ռեժիմը ամսվա ընթացքում պարտավոր եք առավելագույնը 200 անգամ խախտել։

– Երկու հարյո՞ւր,- զարմացավ Ադամի հայրը։

– Ճիշտ այդպես։ Ասացին, որ երկու կողմերից զոհեր են եղել, ուրեմն միջնորդները պետք ա շարունակեն աշխատանքը, ու որ աշխատանքը շարունակվի, պետք ա առնվազն էդքան անգամ խախտել հրադադարը։

Սեղանի շուրջ կերուխումը մի պահ կարծես դադարեց։ Բոլորը մտահոգ էին։ Թվում էր, թե իրավիճակն անելանելի է, բայց ելքը գտավ քեռի Արթուրը։

– Հապա մի քիթներդ բարձր, դարդ մի արեք, սաղ լավ ա լինելու, մեր տղերքին բան չի լինի, ճի՞շտ եմ ասում, գեներալ, դե բաժակդ բեր։

Նորից սկսեցին խմել ու ուրախանալ, իսկ մի քանի ժամ անց արդեն բավականին գինովցած գեներալն ու Ադամը ճամփա ընկան։ Տաքսին տարավ նրանց մինչև կայարան, իսկ էնտեղից ճեպընթացով կես ժամ հետո արդեն շփման գծում էինՙ Իջեւանից դեպի հյուսիս-արեւելք:

Ծառայության առաջին օրերն Ադամի համար չափազանց ձանձրալի էին, մինչեւ չեկավ Բաշարը: Ադամը շփման գոտում էր, ըստ սահմանված կարգի, նա պարտավոր էր առավոտվա 8-ից երեկոյան 6-ն ընկած հատվածում արձակել ընդամենը մեկ կրակոց, բայց այնպես, որ դա արձանագրեր դիտարկում անցկացնող դրոններից որեւէ մեկը: Այդ դեպքում միջնորդները կտեսնեին, որ հակամարտությունն ակտիվ է ու կշարունակեին աշխատանքները: Օրական մեկ արձակած կրակոցի դեպքում, բացի հանգստյան օրերից, շփման գծի մյուս կողմում կանգնածներին վնասելու հավանականությունը գրեթե իսպառ բացառվում էր, իսկ հստակ ժամային գրաֆիկը թույլ էր տալիս երկու կողմերին օրվա որոշակի ժամերի ազատորեն շփվել ու զբաղվել սեփական կենցաղային ու անձնական գործերով: Բաշարի գալուց հետո Ադամի օրերը լցվեցին: Նրանք հանդիպում էին գրեթե ամեն երեկոՙ ծառայությունից հետո, ժամանակ անցկացնում Իջեւանում կամ Ղազախում, այցելում ընդհանուր ընկերներին:

Այդպես էր մինչեւ 2065 թվականի հունվարի 13-ը, երբ միջնորդները հանդես եկան հակամարտության գոտուց զորքերը ետ քաշելու պարտադրանքով: Ինչպես հոսպիտալում պատմում էր Ադամը, մարդիկ իրար հրաժեշտ տալու հնարավորություն չունեցան նույնիսկ:

– Ռոբոտները, պապ, ռոբոտներին անմիջապես բերեցին դիրքեր, իջեցնում էին ուղղաթիռով, իսկ դրանք, դեռ գետնին չհասած, արդեն կրակում էին: Շատ մարդ մահացավ, պապ,- ուշքի գալուց հետո իր տեսածն էր պատմում Ադամը:

– Գիտեմ, տղես, գիտեմ,- դառնացած ասում էր հայրը: Իհարկե նա գիտեր: Ու երեւի բնազդաբար էլ հասկացել էր, որ իրավիճակը կտրուկ փոխվում է, երբ միջնորդները կոշտ հայտարարությամբ ասացին, թե մարդիկ այլեւս հակամարտել չգիտեն ու որ կողմերի գործողությունները նման են պատերազմական սաբոտաժի: Նրանց հայտարարության մեջ ասվում էր, որ կողմերը խուսափում են իրենց ստանձնած պարտավորությունները կատարելուց, օգտագործում են զինամթերքը ոչ ըստ նշանակության ու խուսափում են ուղիղ, անմիջական բախումներից: Հաշվի առնելով ամենը, հայտնում էին միջնորդները, որոշում է կայացվել դուրս բերել կողմերի ուժերը հակամարտության գոտուց ու այնտեղ տեղակայել հակամարտապահ տեխնիկական ուժեր, որոնք կիրականացնեն լիարժեք մարտական գործողություններ: «Միայն այդ դեպքում միջնորդները կկարողանան արդյունավետ իրականացնել հակամարտության կարգավորման առաքելությունը»,- ասվում էր նրանց հայտարարության մեջ:

Այս լուրերը լսելուց հետո Ադամի հայրը շտապել էր հասնել որդուն ինչքան հնարավոր է մոտ ու հենց Իջեւանի հիվանդանոցում էլ գտել էր նրանՙ ողջ մարմինը բեկորներով խոցված: Իջեւանի հիվանդանոցը գերծանրաբեռնված էր, իսկ հարակից տարածքներից անընդհատ նորանոր վիրավորների էին հասցնում այնտեղ: Ռոբոտների ու դրոնների բախումների արդյունքում լրջագույն հարվածների տակ էին հայտնվում շփման գծին մոտ գտնվող բնակավայրերը, ավերվել էին ճանապարհները, կային բազմաթիվ դեպքեր, երբ ընտանիքի անդամները չէին կարողանում հասնել միմյանցՙ ոմանք մնացել էին հայկական կողմում, ոմանք ադրբեջանական:

Հայրն Ադամին տեղափոխեց Երեւանի գլխավոր հոսպիտալ: Ողջ ճանապարհին տղան ուշքի չէր գալիս, միայն ժամանակ առ ժամանակ գոռում էր կամ շշնջում, տալիս Բաշարի անունը: Հայրը ճանաչում էր որդու ընկերոջը, բազմիցս լսել էր նրա մասին Ադամից, գիտեր նաեւ ադրբեջանցի տղայի ծնողներին, փոխանակվել էին հեռախոսահամարներով, պայմանավորվել ծառայությունից հետո միասին ծով գնալ հանգստանալու: Բայց հիմա հայրը գիտեր, որ ոչ մի ծով էլ Բաշարենց հետ չեն գնա: Զանգել էր նրա հայրն ու ասել, որ որդին այլեւս չկա:

Show Comments Hide Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *