Երկու տարի առաջ արվեստագետների մի խումբ իրականացրեցին «Խոսող ծառը» նախագիծը, որի արդյունքում ստեղծվեցին գիրք և տեսաֆիլմեր։ Ինքնագիրը սկսում է ներկայացնել նախագծի գործերը, որպես սկիզբ նախագծի կոորդինատոր Վահան Իշխանյանի նախաբանը։

Ձյան վրա մարդու ոտնահետքը միջամտությո՞ւն է արդյոք բնությանը, թե՞ հենց բնությունն է:

Եվ արդյո՞ք այդ ոտնահետքով բնությունը հակադրվում է մարդու մեկ այլ միջամտության՝ արդյունաբերականին որ ապականում է բնությունը:

Արման Գրիգորյանը մերկ վազելով ձյան վրա իր ոտնահետքերով գծում է շրջան, ինչպես քամին կամ ջրերը կգծեին շրջաններ: Այսպես սկսվեց «Խոսող ծառը» նախագծի առաջին ստեղծագործությունը:

«Խոսող ծառը» մի նախագիծ է որ ժամանակակից արվեստի լեզվով դիմադրություն է ներկայացնում Հայաստանում չվերահսկվող որսի, հանքարդյունաբերության, անտառների հատման, գետերի ու հողի ապականման դեմ:

Ագահությունը չի խնայում բնության ոչ մի անկյուն, և այժմ նույնիսկ վտանգի տակ են հայտնվում բնության հատուկ պահպանվող տարածքները(Մեղրիում նախատեսվում է 19 նոր հանքավայր բացել «Արեւիկ» ազգային պարկի եւ «Բողաքար» պետական արգելավայրի հարեւանությամբ՝):

Բնապահպանական թեմաներով ժամանակակից արվեստի գործեր ստեղծելու մտահղացումը հուշեց Երևանից 60 կմ հարավ-արևելք Խոսրովի արգելանոցի հարևանությամբ Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամին պատկանող Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանը, որը Հայաստանի այն հազվագյուտ տարծքներից է ուր կենդանական ու բուսական աշխարհը պահպանվում ու վերահսկվում է:

Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը «Խոսող ծառը» նախագծին տրամադրեց ապաստարանի հյուրատունը, որտեղ էլ մի շաբաթ ստեղծագործեց արվեստագետների խումբը:

Փետրվարի 16-ին, դեռ այն ժամանակ երբ ձյունով ծածկված էին սարերն ու գետի հովիտը, «Խոսող ծառը» առաջին անգամ այցելեց ապաստարան ուսումնասիրելու տարածքն ու հնարավորությունները, բայց Արման Գրիգորյանը միանգամից մտահղացավ և իրականցրեց իր «Մեծ շրջան» ներկայացումը(պերֆորմանս):

Հաջորդ այցելությունը արդեն ապրիլի 1-ին էր, հենց այն օրը երբ Ղարաբաղյան սահմանին սկսվեց պատերազմը, իսկ վերադարձանք 6-ին, երբ լռեցին թնդանոթները: Ավերման և ստեղծման՝ պատերազմական տագնապահարույց լուրերի ու ստեղծագործական աշխատանքի զուգահեռներն էին Ապաստարանում:

Ձյունը արդեն հալվել էր և հերթը քամունն էր, հաջորդ ստեղծագործությունը Մանան Թորոսյանի սարի գագաթին արված ինստալացիան էր՝ լեզվակներով ձողերը, որոնք քամու շարժումից խոսելու էին՝ արվեստը լեզու է դնում քամու բերանին:

Ձայն, խոսք, պատկեր, ձայնի, խոսքի, պատկերի համադրում. «Խոսող ծառի» աարվետագետները՝ գրող, բանաստեղծ, նկարիչ, քնադակագործ, երաժիշտ, ժամանակակից արվեստագետ:

Գետի հովտում այնտեղ ուր երկու ամիս առաջ ձյունն էր, այժմ կանաչ մարգագետնում գրող Արամ Պաչյանը խաղացնում էր իր «Ցտեսություն ծիտ» վեպի ողբերգական հերոսին, ով իր միակ ընկերոջը ծառին էր կորցնում: Իսկ բանաստեղծ Հասմիկ Սիմոնյանը հակառակը՝ գտնում էր մի նոր ընկերոջ, ամենավստահելի ընկերոջը՝ ջրին, նստած գետափի քարին նա ջրին էր վստահոմ իր մղձավանջները:

Կոմպոզիտոր Վարդան Հարությունյանը սարքավորումները՝ բարձրախոսներ, մարտկոցներ, լարեր քարշ է տալիս քար ու չոլերի մեջ, տանում սարի գագաթը ու լարերը մտնցնելով հողի մեջ ինչ որ ձայներ ստանում՝ հո՞ղն է նոր լեզու սովորում, թե՞ ինքն է հողի գաղտնի լեզուն լսում:

Ամենաերկար աշխատանքը արվեստագետ Վահրամ Աղասյանինն է՝ մի քանի ժամ. Ապաստարանի տարածքում գտնվող ծառի շուրջը խնամքով փորում է, փորում այնքան մինչև արմատները հանգիստ դուրս գան, ապա ծառն ամբողջությամբ հանում հողից ու տանում մի հինգ հարյուր մետր հեռու, Ապաստարանից դուրս, կրկին տնկում, ապա ջրում ինչպես նորատունկ ծառը կջրեն: Բնության նկատմամբ հոգատարությունն էլ մի այլ միջամտություն է բնությանը, «Դեպի ամայություն» գործը բնությունը հսկողությունից դուրս է բերվում:

Իսկ որպես «Խոսող ծառի» հետք կամ հիշողություն Ապաստարանի հյուրատանը պատից կախված մնաց գրող Արմեն Հայաստանցու ստեղծագործությունը՝ գրատախտակը փակցված լուսանկարներով և ձայնագրությունը, որ յուրաքանչյուր այցելու կարող է ականջակալներով լսել ծառի, քարի և ձիու մենախոսությունները:

Եվ Ալի Մամայի նվերը նրան, ում մարդկային բարոյականությունը մերժել է: Թաքուն արված գործողության մասին ամեն մեկնաբանություն հետք կարող է դառնալ խուզարկուների համար:

Լուսանկարները՝ Վահագն  Վարդումյանի, Վահրամ Աղասյանի, Վահան Իշխանյանի

Նախագիծը իրականացրել է «Մշակույթի եւ կառավար մանլաբորատորիան» « Հարավային Կովկասի տարածաշրջանային արվեստ և մշակույթ» նախագծի շրջանակներում՝ Հարավային Կովկասում շվեյցարական համագործակցության գրասենյակի ֆինանսական աջակցությամբ (SCO) Ինքնագիր գրական ակումբի և Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի համագործակցությամբ

Show Comments Hide Comments

3 thoughts on Խոսող ծառեր

  1. […] ապաստարանում: Նախագծի նկարագրությունը «Խոսող ծառեր» նյութում։ Նախորդը ներկայացված էր Արամ Պաչյանի […]

  2. […] ապաստարանում: Նախագծի նկարագրությունը «Խոսող ծառեր» նյութում։ Արդեն ներկայացվել են Արման Գրիգորյանի «Մեծ […]

  3. […] ապաստարանում: Նախագծի նկարագրությունը «Խոսող ծառեր» նյութում։ Արդեն ներկայացվել են Արման […]

Leave a Reply

Your email address will not be published.