Ավետիք Իսահակյանի անտիպ ու չհավաքված նամակների ժողովածուի[1] վրա աշխատելիս հանդիպեցի Իսահակյանի՝ Զաբել Բոյաջյանին ուղղված նամակներին ու նաև Բոյաջյանի նամակը Իսահակյանին, ուր պատմում է Րաֆֆու արխիվի մասին:

Զաբել Բոյաջյանի[2] մասին երբևէ չէի լսել։ Թեև նրա մասին գիրք կա Տրդատ Խորշիդյանի «Զաբել Բոյաջյան»-ն է[3], այնուամենայնիվ այդ նամակն հրատարակելու հետ հարկ համարեցի պատմել նաև մի կնոջ մասին ով 20–րդ դարի մշակութային կյանքի երևելի դեմքերից է, ում նկարները ցուցադրվել են հեղինակավոր սրահներում, հոդվածները տպագրվել են անգլիական մամուլում, անգլերեն հրատարակված գեղարվեստական գործերի՝ վեպի և բանաստեղծությունների հեղինակ է, անգլերեն է թարգմանել հայ գրական գործեր, և ով այսօր մոռացության է մատնվել։

Զաբել Բոյաջյան

Հայերեն, անգլերեն, ֆրանսերեն, իտալերեն, տաճկերեն, գերմաներեն, շվեդերեն, ռուսերեն, էսպերանտո լեզուներին տիրապետող, այդ լեզուներից թարգմանություններ անող, Եվրոպայի հայտնի ցուցասրահներում իր նկարների ցուցահանդեսներ կազմակերպած նկարչուհի, գրող: Եվ, այդուհանդերձ, նրա մասին տեղեկությունները շատ չեն: Միակ գիրքը, որտեղ հնարավորինս ամբողջական տեղեկություններ կան, Տրդատ Խորշիդյանի «Զաբել Բոյաջյան»-ն է[4]:

Զաբել Բոյաջյանը ծնվել է 1873 թ., Տիգրանակերտում (Դիարբեքիր): Մայրը՝ Կատարինե Բոյաջյանը, անգլուհի էր, հայրը՝ Թովմաս Բոյաջյանը, Դիարբեքիրում Բրիտանիայի փոխհյուպատոսն էր:
1895-ի համիդյան ջարդերի ժամանակ Թովմաս Բոյաջյանը սպանվում է: Բոյաջյանների անգլիահպատակ ընտանիքը տեղափոխվում է Պոլիս, այդտեղից էլ Զաբելը՝ մոր և եղբոր հետ, մեկնում է Կիպրոս, մի քանի ամիս որբախնամ աշխատանք է կատարում: Կիպրոսից՝ Մարսել, Փարիզ ու, վերջապես, Անգլիա: Այստեղ Զաբել Բոյաջյանը սկսում է զբաղվել արևմտահայության դատի պաշտպանությամբ, Լոնդոնի հայկական համայնքի համակարգման աշխատանքներվ:
Լոնդոնահայ համայնքի ամենամեծ ու ազդեցիկ կազմակերպությունը «Լոնդոնի հայ գործավորների և ուսանողների միություն»-ն էր, որը համախմբում էր կոտորածներից փախած և Լոնդոնում ապաստանած հայերին: Միությունը ստեղծվել էր դեռևս 1898-ին՝ Րաֆֆու այրու՝ Աննա Րաֆֆու և նրա որդիների՝ Արամ և Արշակ Րաֆֆիների և մի քանի այլ հայերի ջանքերով:
Այդ շրջանում (1889) Լոնդոնում էին Մինաս Չերազը[5], 1897-ին այնտեղ հաստատվեցին նաև Լևոն Բաշալյանը[6] և Արփիար Արփիարյանը[7], ապա նաև Երվանդ Օտյանը[8] :
Միությունը պարբերաբար հանդիպումներ էր կազմակերպում մտավորականների, քաղաքական, ռազմական գործիչների հետ: 1907 թ. Արևմտյան Հայաստանի ազատագրման, հայ ժողովրդի իրավիճակի մասին լոնդոնաբնակ հայերի հետ Միությունում հանդիպում և զրուցում են բոլշևիկներ Ստեփան Շահումյանը[9], Ասատուր Կախոյանը[10], ուրիշներ։

1919-ի նոյեմբերին և 1920-ի հունվարին հանդիպումներ են կազմակերպվել նաև զորավար Անդրանիկի հետ: Զաբել Բոյաջյանը նկարել է զորավարի դիմանկարը[11]:

1896 թ. Բոյաջյանը Անգլիայի պարբերական մամուլում հանդես էր գալիս հոդվածներով, դասախոսություններ էր կարդում: Հայ դատի պաշտպանության հարցում Զաբելին օգնում էր անգլուհի մայրը, որն, ի դեպ, սահուն հայերեն էր խոսում:
Հայ դատի խնդիրներն առավել հասանելի ներկայացնելու նպատակով ՝ Բոյաջյանը գրեց իր առաջին վեպը՝ «Եսթեր. Մի կյանքի սիրավեպ» վեպը (1901, Լոնդոն, անգլերեն, Վանդուհի ծածկանունով):
1902-1903 թթ. արվեստագիտական կրթություն ստանալու նպատակով հաճախել է Լոնդոնի համալսարանական քոլեջի կազմակերպած գեղանկարչական դասընթացներին: Իսկ արդեն 1910-ին Լոնդոնի Էլիզյան պատկերասրահում ցուցադրել իր գործերը: Նա առաջին արևելքցի կինն էր, որը մուտք էր գործել այդ ցուցասրահ: 1912-ին Լոնդոնում բացվել է նրա գեղանկարների 2-րդ ցուցահանդեսը: 1916-ին, Շեքսպիրի 300-ամյակին, Լոնդոնում հայ համայնքի համար կազմակերպված երեկոյին, Հովհաննես Մասեհյանի[12] հետ ելույթ է ունեցել նաև Բոյաջյանը:
Բոյաջյանը Անգլերեն է թարգմանել հայկական ավանդավեպեր, կազմել  «Հայկական լեգենդներ և բանաստեղծություններ» ժողովածուն (1916 թ.), Րաֆֆու վորդու՝ Արամ Րաֆֆու առաջաբանով:

Նրա «Մի քանի նմանություններ հայ և անգլիական բանաստեղծությունների միջև», «Րաֆֆի», «Ավ. Իսահակյանը՝ հայ մեծ բանաստեղծ» ուսումնասիրությունները 1925-ին լույս են տեսնել Contemporary Review հանդեսում:
1923-ին մահանում է մայրը: Բոյաջյանը մեկնում է Իտալիա՝ Մխիթարյան միաբանությունում հայկական մանրանկար ուսումնասիրելու նպատակով:

1924-ին Լոնդոնում անգլերենով հրատարակում է «Գիլգամեշ» չափածո դյուցազներգությունը:

1947-ին հանկարծամահ է լինում եղբայրը՝ Հենրի Բոյաջյանը: Այդ շրջանում Զաբել Բոյաջյանի նյութական վիճակը չափազանց ծանր էր. նա ապրում էր եղբոր այրու հետ: Զաբել Բոյաջյանը մահացավ 85 տարեկանում, Լոնդոնի բարեգործական հիվանդանոցներից մեկում,1957 թ.: Լոնդոնահայերը նրա թաղման արարողությունը կատարեցին սբ. Սարգիս եկեղեցում:

 Րաֆֆու կորած արխիվի պատմությունը

1923 թ. Ավետիք Իսահակյանը Վենետիկում, նավի վրա, պատահաբար ծանոթացել է    Զաբել Բոյաջյանի հետ: Կարճ ժամանակ անց նրանց ծանոթությունը վեր է ածվել բարեկամության:

Ի դեպ, Բոյաջյանը անգլերեն է թարգմանել Իսահակյանի »Աբու Լալա Մահարի» պոեմը և ինքն էլ պատկերազարդել:
Չարենցի անվան Գրականության և արվեստի թանգարանի Իսահակյանի ֆոնդում պահվում են Զաբել Բոյաջյանի՝ Իսահակյանին գրված անտիպ մի քանի նամակներ:

Նամակներից մեկը, որը ստորև կներկայացնեմ, որոշ նոր փաստեր են պարունաակում Րաֆֆու արխիվի ու ընտնիքի վերաբերյալ: Բանն այն է, որ երբ աշխատում էի Ավետիք Իսահակյանի անտիպ նամակների վրա, նամակներից մեկում գրում է. «Սրտի ցավով պիտի ասեմ, որ, վերջիվերջո, Րաֆֆու արխիվը Հայաստան չհասավ: Ճանապարհին կա՛մ կորել է, կա՛մ չարամտաբար ոչնչացրած են. ազգային մեծ կորուստ»[13]:

Զաբել Բոյաջյանի նամակը

28 օգոստոսի,1946, Լոնդոն

Մեծ բանաստեղծ Աւետիս Իսահակեան, Երևան

Շա՛տ սիրելի և յարգելի բարեկամս,

Երկար ժամանակե ի վեր փափաքում էի Ձեզ գրել, իսկ օրէ օր յետաձգուում էր, որովհետև այնքան բաներ ուզում էի ասել, չէի իմանում ո՜ր տեղից սկսել: Իսկ անցեալ օր տիկին Րաֆֆին[14] իմ վրայ տխուր պարտականութիւնը դրեց իր ամուսինին՝ Արշակ Րաֆֆիին[15] մահուան ցաւալի լուրը Ձեզ յաղորդել, որ տեղի ունեցաւ այս ամսուայ 12-ին, իրանց տունին մէջը: Յուղարկավորութիւնը շատ պատշաճ կերպով կատարուեցաւ հայկական եկեղեցիին մէջ, ուր ներկայ կային նաև համալսարա<նա>կան ուսուցիչ ընկերներեն, որոնցմէ մին գեղեցիկ դասախոսութիւն մը ըրավ Արշակ Րաֆֆիին համալսարանական գործին վրա՝ իբրև ռուսերենի և սլավոնական նիւթերու վրայ ուսուցիչ և դասախօս[16]: Հետո դագաղը տարվեցաւ տիկին Աննա Րաֆֆիին[17] և Արամ Րաֆֆիին մոտ տեղավորվեցաւ , որպեսզի երեքը միասին մի օր Հայաստան փոխադրվին[18]:

Այսպես ընտանիքը վերջացաւ, ի բացառեալ Արշակին կինը, Աղեքսանդրա, որ դեռ երիտասարդ, բայց շատ լուրջ և ազնիը տիկին մըն է, արժանի այդ անունը կրող վերջինը լինելուն:

Ինձի ըսաւ, որ Ձեզ իմացնեմ մտադրութիւնը Րաֆֆիին և տիկին Րաֆֆիի ձեռագիրները Երեւան թանգարանին նուիրել: Ինձ նման նա կէս հայ և կէս անգլիացի է, կամ աւելի ճիշտ ասել ՝ իռլանդացի, բայց հայերէն և ռուսերէն լավ իմանում է:

Այս մահը ինձ էլ շատ ցաւալի է, որովհետև Անգլիա գալէս ի վեր Րաֆֆիի ընտանիքին յետ շատ մօտ բարեկամ եղած եմ, թէև վերջին տարիները Արշակին յետ շատ տեսնուած չեմ: Բայց հայկական բաներով զիս հետաքրքրող իրենք էին ամենէն շատ: Armenian Legends and Poems[19] գիրքս Արամին թելադրութեամբ և գրեթէ ստիպումով պատրաստեցի:

Իմացայ, որ յոկտեմբերին մի գրական հանդէս կամ ժողով պէտք է լինի, և Լևոն Մեսրոպ[20]՝ մի ուրիշ լավ բարեկամս, ինձ իմացուց, որ ինքն էլ հրավիրուած է, և ասեց՝ եթէ որեւէ բան ուզում եմ Ձեզ ուղարկել, ինքը կը տանի: Ուղարկեցի գիրքս՝ Gilgamesh: A dream of the Eternal Quest[21], որ այստեղի լրագիրներուն մէջ շատ լավ գրախօսուեցավ Etchmiadzin դրամաս, որ երեք տարի սրանէ առաջ Ամերիկա պատրիարքարանեն կողմեն հրատարակուեցավ: Յույս ունիմ, որ կիմացնեք ինծի Ձեր տպավորութիւնները: Իսկ դեռ չյաջողեցանք «Աբու-Լալայի» հրատարակութիւնը կարգադրել թուղթի սակաւութեան համար: Բայց   եւ յույս ունիմ, որ շատ չանցած կը յաջողի: 7-րդ սուրային մէջ Ձեր յիշած տողը նայեցա, թէեւ սխալ տպագրութիւնը ունիմ , բայց շիտակ թարգմանած էի: Շատ գեղեցիկ բանաստեղծութիւն է, և անգլերէնն ալ շատ գեղեցիկ դուրս եկած է: Նույն չափերովը և նոյն շեշտերովը. ամէն կարդացող յիանում է…Թարգմանելը մինչ իսկ յաճոյք էր: Manchester արեցի, գիշերուան ժամը 1-2-3-ին, պզտիկ, լաւ անկողնարանումս, լաւ կրակին մօտ նստած, մի քանի լաւ բարեկամներու յետ թուղթ խաղալէ ետքը. այնպէս որ գործին յիշատակն էլ հաճելի է: Իմ գործերէս ես մի կարգ գիրքեր ունիմ հրատարակելու, dramaներ և կարճ պատմութիւններու մի յատոր. վերջինները գերբնական, անկարէլի բաներ են- մի խոսքով, խենթ: Մին՝ Արտավազդի պատմութիւնն է, իմ երևակայութիւնովս գրուած: Սրանք էլ թուղթի են սպասում:

Իսկ նկարչութեան մասին, մայիսին յրավիրւեցայ մեծ գրադարանի մը մէջ ցուցահանդէս տալու, և այժմ նկարում եմ Ձեզի ծանօթ պարոն Էյուրքճանին[22] մի որդին, 13 տարեկան, թերևս յետոյ միւսին էլ նկարեմ: Manchester Scotland , Oxford բաւական դիմագիծեր նկարելու պատուէրներ ստացայ: Պատերազմի ամբողջ միջաւցին Լոնդոնից դուրս էի, իսկ մի տուն, որին մէջ 8 տարի բնակուած էի Լոնդոն, մինչև յատակը ռմբակոծուած է, այնպէս որ , բոլոր յանդիպածս ծանօթները կարծում են, որ վօգիս են տեսնում:

Ձերդ խորին յարգանոք՝ Զապել Կ.Պօյաճեան

Խնդրէմ իմ կողմէ ողջունեցեք տիկին Աղաւնին[23], եթե տեսնեք: Նամակը շատ յաճոյքով ըստացա, շուտով կը պատասխանեմ:

Րաֆֆիները

Րաֆֆին ամուսնացած էր ազգությամբ ասորի Աննա Հորմուզի հետ: Տիկին Աննան ծնվել էր 1848 թ., Պարսկաստանի Ուրմիա քաղաքում: Ունեցել են երեք զավակ: Դուստրը՝ Եսթերը, 12 տարեկանում մահացել է: Որդիներից ավագը՝ Արշակ Րաֆֆին, ծնվել է Թավրիզում, 1875 թ, կրտսերը՝ Արամ Րաֆֆին, Ագուլիսում, 1879 թ.:

Թիֆլիսում, որտեղ բնակվում էր Րաֆֆու ընտանիքը, որդիները ավարտում են Ներսիսյան դպրոցը:

1888թ. Րաֆֆու մահից հետո նրա ընտանիքը նյութական ծանր վիճակում էր: 1895 թ. Րաֆֆիները մեկնում են Լոնդոն և հաստատվում այնտեղ:
Այդպիսով՝ տիկին Րաֆֆին կատարում է ամուսնու ցանկությունը՝ որդիներին եվրոպական բարձրագույն կրթություն տալիս: Նաև նա Եվրոպայում մտադիր էր տպագրել ամուսնու գործերը:

Արամն իր կրթությունը շարունակել է Լոնդոնի համալսարանում՝ ուսումնասիրելով լեզուներ և անգլիական գրականություն, իսկ Արշակ Րաֆֆին մեկնում է Պետերբուրգ՝ բժշկություն սովորելու, ուսումն ավարտելուց հետո վերադառնում է Լոնդոն և զբաղվում մանկավարժությամբ:
Լոնդոնում, 1898 թ. Րաֆֆիների ջանքերով հիմնադրվում է Հայկական ակումբը, որի անդամները Լոնդոնում ապաստանած տարբեր խավերի մոտ 400 հայեր էին: Այդ ակումբում էլ Զաբել Բոյաջյանը ծանոթանում է Րաֆֆու ընտանիքին և շատ մտերմանում նրանց հետ:

Րաֆֆու ընտանիքի մասին քիչ տեղեկություններ կան: Եվ դրանք, հիմնականում, մեզ են հասել հենց Զաբել Բոյաջյանի շնորհիվ: Ահա՝ ինչպես է ներկայացնում նա Աննա Րաֆֆիին.

«Այս քաջ, առաքինի սիրտ ունեցող կինը իսկապես արժանի է ամբողջ ազգե մը պաշտված իր ամուսինին: Ուղղամիտ, եռանդուն և հայրենասեր, չկար բան մը, որ կարողանար զինքը շեղել իր ընտրած ճանապարհեն: Ամուսինին հիշատակը ոչ միայն միտքին մեջ միշտ թարմ էր, հապա նաև անոր նպատակները, բաղձանքները առաջացնել: Մեկ խոսքով, անոր սկսած գործը շարունակել՝ տիկին Րաֆֆիի ամբողջ էության հիմքն էր: Իր ամուսինին գրական աշխատություններուն հոգ տանելե զատ՝ ամենեն մեծը և իր սիրտին ամենեն մոտը Րաֆֆիի կենսագրությունը պատրաստելն էր…Բայց մինչև անգամ այս ( որդու՝ Արամի մահվան- Լ.Ա.) վիշտը կենսագրությունը մոռնալ չտվավ: Տենդագին շտապելով՝ վերադարձավ գործին, կարծես թե գիտեր, որ ժամանակը կարճ էր…»[24] :

Արամ Րաֆֆին մահացավ 1919 թվականին, 44 տարեկանում, ամուրի և անժառանգ:

Աննա Րաֆֆին վախճանվեց Արամի մահից 8 ամիս անց , 1920 թվականին, 72 տարեկանում:

Արշակ Րաֆֆին մահացավ 1946 թվականին, 67 տարեկանում, անժառանգ: Միակ ժառանգությունը հոր թանկարժեք արխիվն էր, որը թողեց իր իռլանդուհի կնոջը:

Այն , որ Րաֆֆին մեծ արխիվ է ունեցել, որից շատ ձեռագրեր ու նյութեր են առգրավել ցարական ժանդարմները՝ նրա տան խուզարկության ժամանակ, վկայում է հենց Րաֆֆու նամակը Թավրիզի ուսուցիչ Խ.Տ. Զաքարյանին . «Եթե մինչև գալոց փոշտի օրը չգա և չուղարկեցի (ՙ«Կայծեր»-ի օրինակները՝ Թավրիզի բաժանորդներին-Լ.Ա.) , կնշանակե , որ իմ մոտ խուզարկություն եղած ժամանակ մյուս թղթերիս հետ տարած են»[25]:

Րաֆֆու մահից անմիջապես հետո նրա բարեկամները՝ կնոջ հետ միասին, ժողովելով բոլոր ձեռագրերը՝ կնքել են տալիս և պահում մնացած արխիվը: Աննա Րաֆֆին, ամուսնու մահից հետո, զբաղվում է դրանց հրատարակության գործով: Ըստ ԳԱԹ աշխատակից Գոհար Ազնավուրյանի՝ «Առայժմ անհայտ է, թե Րաֆֆու նամակների որ մասն է մնացել և ում մոտ է գտնվում»[26]:

Անդրադառնալով Րաֆֆու արխիվի ձևավորմանը՝ Ազնավուրյանը վկայում է. «ՀՍՍՌ ԳԱ-ի Գենետիկայի ինստիտուտի գիտական աշխատակից Գ. Սանթրոսյանից (ԳԱԹ-ը –Լ.Ա.) նվեր ստացավ վիպասան Րաֆֆու գրչին պատկանող կամ նրան վերաբերող մի շարք արխիվային նյութեր. 16 նամակ , մի քանի դիմում՝ ուղղված Թավրիզի դպրոցի ուսուցիչներին: Նամակները գրված են 1862-1888 թթ.»[27]:

Զաբել Բոյաջյանի՝ Իսահակյանին գրած նամակում ասվում է, որ Արշակ Րաֆֆու կինը՝ իռլանդուհի Ալեքսանդրան, փաստորեն, մտադիր էր նրա ձեռագրերն ու նամակները նվիրել Հայաստանի Գրականության թանգարանին: Արխիվն, ամենայն հավանականությամբ, ուղարկվել է, սակայն Հայաստան չի հասել:

Հիշատակություն, թե այդ արխիվը փնտրելու ջանքեր եղե՞լ են, թե՞ ոչ, որևէ աղբյուրում չգտանք:


[1] Ավետիք Իսահակյանի նամակները, կազմող՝ Արփիկ Ավետիսյան, Երևան, 2016 թ.:

[2] Զաբել Բոյաջյան (Զապել Պոյաճյան), նկարիչ, գրող, թարգմանիչ,1873-1957:

[3] Երևան, 1990 թ.

[4] Երևան, 1990 թ.

[5] Մինաս Չերազ,1852-1929, հայ գրող, խմբագիր, թարգմանիչ, 1878թ. Բեռլինի վեհաժողովի հայկական պատվիրակության կազմում է եղել:

[6] Լևոն Բաշալյան,1868-1943, հայ արձակագիր, թարգմանիչ:

[7] Արփիար Արփիարյան, 1851-1908, արևմտահայ արձակագիր, գրաքննադատ, խմբագիր:

[8] Երվանդ Օտյան,1869-1926, արևմտահայ գրող, երգիծաբան, լրագրող, հրապարակախոս:

[9] Ստեփան Շահումյան, 1878-1918, Բաքվի կոմունայի ղեկավար, հեղափոխական գործիչ:

[10] Ասատուր Կախոյան, 1874-1937, հեղափոխական գործիչ, լրագրող:

[11] Զաբել Բոյաջյանի գեղանկարներից և ոչ մեկը Հայաստանի ազգային պատկերասրահում չկա: Նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանը տեղյակ չէր՝ Հայաստանում որևէ ցուցասրահում կամ որևէ մեկի անձնական հավաքածուում Բոյաջյանի գեղանկարներից կա՞, թե՞ ոչ: Ջոտտոյի (Գևորգ Գրիգորյան) թանգարանի տնօրեն Մարտին Միքայելյանն ասաց, որ Բոյաջյանի նկարները Հայաստանում երբևէ չի տեսել և որ նրա նկարների մասին տեղեկություն կարող է ունենալ միայն արվեստաբան Շահեն Խաչատրյանը: Վերջինիս հետ կապվել չհաջողվեց, քանի որ նա հիմա ԱՄՆ-ում է և վատառողջ լինելու պատճառով չի կարող որևէ տեղեկություն տալ:

[12] Հովհաննես Մասեհյան, 1964-1931, իրանահայ թարգմանիչ, դիվանագետ, առավել հայտնի է՝ որպես Շեքսպիրի և Բայրոնի ստեղծագործությունների հայերեն թարգմանիչ:

[13] Նամակն ուղղված է սփյուռքահայ գրող Լևոն Մեսրոպին (1880-1960), 1957 թ., սեպտեմբերի 6, ՙԱվետիք Իսահակյանի նամակները՚, էջ 410, Երևան, 2016թ.:

[14] Խոսքը Րաֆֆու կրտսեր որդու՝ Արշակի իռլանդուհի կնոջ մասին է:

[15] Արշակ Րաֆֆին վիպասան Րաֆֆու կրտսեր որդին էր, և նրա մահվան մասին էր գրում Զաբել Բոյաջյանը:

[16] Արշակ Րաֆֆին ռուսաց լեզվի և գրականության մասնագետ էր: Մոտ 50 տարի ռուսերեն էր դասավանդում Լոնդոնի Արքայական քոլեջում, ապա հրավիրվում դասավանդելու նաև Քեմբրիջի ու Օքսֆորդի համալսարաններում:

[17] Աննա Րաֆֆի (օրիորդական ազգանունը՝ Հորմուզ), Րաֆֆու (Հակոբ Մելիք-Հակոբյան) կինը, ազգությամբ՝ ասորի, 1848-1920:

[18] Լոնդոնի «Քենզըլ Գրին» գերեզմանատան մատուռում պահվում են տիկին Աննայի և նրա որդիների դագաղները, որոնց մեջ գտնվում են նրանց զմռսված դիակները` հետագայում Թիֆլիսում կամ  Երևանում թաղելու համար: Դրանք չեն տեղափոխվել ո՛չ Թիֆլիս, ո՛չ Երևան:

[19] Տպագրվել է Նյու յորքում, 1916 թ.:

[20] Լևոն Մեսրոպ, 1880-1960, հայ գրող, բանասեր: Պարսկերենից հայերեն է թարգմանել Օմար Խայամի քառյակները:

[21] Տպագրվել է Լոնդոնում, 1924 թ.:

[22] Չկարողացանք ճշտել թե ով է:

[23] Ենթադրում ենք, որ խոսքը գրող Աղավնի Գրիգորյանի (1911-1992) մասին է:

[24] Տրդատ Խորշիդյան, «Զաբել Բոյաջյան», Երևան, 1990, էջ 31:

[25] Նամակը գրված է 1887 թ.-ի օգոստոսի 18-ին: Պահպանվում է ԳԱԹ-ում, Րաֆֆու արխիվում:

[26] Գ. Ազնավուրյան, ՙՐաֆֆու անտիպ նամակներից՚, առանձնատիպ, 1956, ԳԱԱ տեղեկագրից:

[27] «Նոր նյութեր Րաֆֆու մասին», առանձնատիպ, Երևան, 1950 թ.:

Show Comments Hide Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *