Էլի նույնը, էլի կապտուկներ: Երեկ էլի ծեծ կերա, շատ հավեսով, շատ իսկական: Էլ ո՞ր մի լեզվով կարող ես ասել` ծեծ ուտել: Ուտելը հաճույքի հետ են կապում: Գրգռում ենք համի ռեցեպտորները: Այսինքն ծեծն էլ է հաճույք: Եթե ծեծում ա, ուրեմն սիրում ա: Ինչպես միշտ` խմած էր եկել շան որդին: Մինչև ժամը երեքը աչքերս կիսափակ պառկած էի անկողնուս մեջ, սպասում էի: Երկու տարբերակ էի դիտարկել. կա´մ պիտի գար ու կեղտոտ թաթերով ներքնազգեստիս մեջ մտներ, կա´մ էժանագին սպիրտից սատկած՝ գար ու փռվեր դռան շեմին: Կոշիկների կտկտոցից հասկացա, որ առաջինն է լինելու, սպիրտն էժանագին չէր… մոտենում է: Գիտեմ, որ պիտի վախենամ, բայց պառկած առաստաղի ճաքերն եմ հաշվում:

Կտ…կտ… կանգնեց. սկսեց խոզի պես խռխռալ: Վրայից գոմաղբի հոտ է փչում, նույնիսկ ափսոսում եմ թքել երեսին: Այսինքն դժվար էլ հասցնեի: Դեմքս է ուսումնասիրում, մթության մեջ չի հասկանում՝ աչքերս բաց են, թե ոչ: Սիրուն լուսնի լույսի տակ սրա ծորացող դեղնավուն թուքն է երևում: Լուսին ջան, ախր ո՞նց, շողերդ պիտի փռես սրա՞ վրա, շրջանցիր, թեքիր գլուխդ:

Հետ եմ հրում՝ թեթև, անուժ, հուսահատ: Մամ, տուն եմ ուզում: Ճիշտ էիր ասում՝ համբերի, սովորի, կհասցնես: Չէ, էլ չեմ հասցնի, 27 եմ: Ոտքով փորիս, մեջքիս, գլխիս, վզիս վրա հետք կմնա: Մինչ սա ինձ ջարդում ա, մտքումս ամեն կապտուկիս համար պատմություն եմ հորինում. չէ, չէ, ի՞նչ եք ասում, Տիբեթում յոգայի ժամանակ եմ վնասել: Վա՜յ, Վարսիկ ջան, սա շուտվայա, փոքր ժամանակ հեծանիվից եմ ընկել: Հա, հա, սմոքի այս ա:

Խռխռաց, քնեց, իսկ ես լաց չեղա, ինչու՞ լաց չեղա:

Մեկ ամիս, երկու ամիս, վեց ամիս, մեկ տարի: Մամ, երջանիկ եմ, տուն եմ գալիս: Ասում են մարդասպանության հոդվածը լուրջ հոդված ա, բայց չգիտեմ ինչի ինձ չեն նստացնում: Զանգեցի ասացի, որ սպանել եմ: Եկան, տարակուսած ինձ են նայում, ինձ ու դիակին: Չտեսան, որ աչքերը մարդկային են, ասացին՝ տիկին, խոզ մորթողի համար դեռ հոդված չկա: Պատուհանից դուրս եմ նայում, գոռում են.

– Մի-ա-ցեք, Մի-ա-ցեք:

***

Արդեն կես տարի է միասին ենք, պաշտոնապես: Կյանքումս առաջին անգամ ինձ լիարժեք եմ զգում: 27 տարեկան եմ ու միայն հիմա եմ հասկանում, որ կարող եմ պիտանի լինել, որ ինձ էլ կարող են սիրել… ծիծաղելի է չէ՞: Ես դեռ Մասլոուի բուրգի ստորին շերտերում եմ, ստացվում է: Ամեն ինչ փոխվեց, շերտ առ շերտ մաշկս քերթելով՝ շերտերում տեղս գտա: Մի կռիվ հաղթել եմ արդեն, մնաց էլի մեկը, կարևորը:

Հիմա ի՞նչ եմ անելու: Ես հասուն տղամարդ եմ, բայց վախենում եմ, ուղղակի սարսափում: Լավ, միասին ենք, բա հետո՞, հետո՞, հետո՞, վե´րջ, բա-բա´խ: Էդ վերջից եմ վախենում, վախենում եմ, որ վերջը կգա առանց իմ կամքի: Ինձ կուղարկեն անցնելու Դանթեի բոլոր շրջանները: Չգիտեն ախր, որ ճանապարհը գիտեմ, էլի եմ անցել, հերթով, քայլ առ քայլ, միայնակ: Հիմա այդքան էլ տխուր չի լինի, դժոխքում մենակ չեմ լինի: Վախենում եմ, ուղղակի սարսափում: Բայց հետդարձ չկա, թաքուն ապրելը հավասար է չապրելուն: Բայց թաքունը դա դեռ գաղտնին չի: Բոլորը պիտի իմանան:

Հիմա մտովի պատրաստվենք, պատկերացնենք բառերի տեղատարափը, անձրևանոց վերցնենք. դու այլասերված ես, ո՞ր մեղքիս համար, ախր դու ինքդ ես հոգեբան, քեզ պեսներին վառել էր պետք, ես գիտեի, գիտեի, գնա´, գնա´: Կշտամբող հայացքներ, կուլ տված արցունքներ, ցավ, մերժում, դատապարտում:

Ֆուհ, անձրևանոցը. Հեղափոխություն է, հեղափոխություն է, հեղափոխություն է.

– Մամ, պապ, ես տղամարդու հետ եմ, բայց գիտեք մամ, երջանիկ եմ, վերջապես երջանիկ եմ… մեկ, երկու, մեկ, երեք, հինգ, տաս. լուռ հայացքներ, արցունքներ, պայքար, անձրևանոցս չոր է, հույս. դու մեր որդին ես, դա նշանակություն չունի, մեզ ժամանակ տուր, ով՞ է նա, եթե դու երջանիկ ես, ուրեմն մենք էլ. հույս:

Հեղափոխություն է, հեղափոխություն է, հեղափոխություն է:

***

Չի ստացվում պասսաժը, չի ստաց-վում ու վերջ: Աջ ձեռքն առանձին, ձախ ձեռքն առանձին, հիմա միացնում ենք: Գրողը քեզ տանի, Լիստ, ախր ինչի՞ համար, պոռկե՞: Նայում եմ, թե ինչպես է նվագում Ռիխտերը, հետո Գիլելսը, հետո Ռուբինշտեյնը: Ինքնագնահատական, սպասի´ր, էդ ու՞ր, հե՜յ, հե՜յ:

Վաղը ծննդյանս օրն է, 27 եմ դառնում: Վաղը քննության եմ, Կամպանելլան եմ նվագում: Վաղը ծննդյանս օրը չէ, բայց 27 եմ դառնում: Էլի կենացներ եմ լսելու, ի՜ֆ. ամուսնացիր, մեկին գտիր, բախտդ բացվեր, էլի´, զույգվեիր: Պատկերացնում ե՞ք, մարդ կա էդ պրոցեսը զույգվել բառով է նկարագրում.

«Քուրս, բա մի հատ չզույգվեի՞նք, ազիզ»:

Ապեր, չէ´ էլի, կլինի՞ էս պասսաժը մոտս ստացվի, գրողը քեզ տանի, Լիստ: Մայրս պարբերաբար սենյակիս դուռը բացում, հոգոց է հանում, բացում, ճպպացնում է ու գնում: Գիտեմ ինչ ես մտածում, մա: Մտածում ես, որ չստացվեցի, գուցե սխալվեցիր, որ ինձ դաշնամուրի հետ զույգեցիր, գուցե լավ կլիներ ինչ-որ շնչավոր մեկի հետ զույգվեի, որ չմտածեի, թե ինչու մինչև հիմա Կամպանելլայի պասսաժները չեն ստացվում մոտս:

Բայց կլինի՞ ես ինձ խեղդեմ խմիչքի մեջ, հետո մեր փռչոտ Բարսիկի մեջ, հետո Բախի ֆուգաների մեջ: Ախր ո՞նց քեզ պատմեմ, որ էնքան եմ խրվել, որ դրսի աղմուկն ինձ արդեն երաժշտություն է թվում: Գոռում են՝ հու´հ… հու´հ. ռիթմ, ութ-ութ-քառորդ, ութ-ութ-քառորդ: Մարդիկ հեռվից ոնց-որ նոտաներ լինեն՝ խառը, առանց պաուզա, շյոնբերգոտ: Ասում ես՝ թավշյա, թավշյա, թավշյա: Ես լսում եմ էդ թավշյան, ես մտել ու էդ թավշյա նոտաների մեջ եմ արդեն ապրում:

Բարսիկս վարագույրը ճղճղելով մագլցում է դեպի լուսամուտ: Խեղճս անհանգիստ է, մոռացել է նույնիսկ վիսկսն ուտի: Աման-չամանները զարկվում են՝ չխկ-չխկ: Լիստի պասսաժներն եմ փորձում. ստացվում է, չի ստացվում, ստացվում է, չի ստացվում: Դաշնամուրս դղրդում է.

«Ութ-ութ քառորդ, ութ-ութ քառորդ»:

***

Ծխախոտ ծխախոտի ետևից: Զգում եմ, թե ոնց է լեզուս դառնանում: Դանդաղ ներս եմ քաշում թունավոր ծուխը. երանի իրական թույն լիներ: Ինձ թվում ա մարդկանց 80 տոկոսը ենթագիտակցորեն դրան ա ձգտում: Առաջին գլանակից հետո սպասում ես, սպասում, սպասում, բայց ոչինչ չի լինում: Հետո էլի ես ծխում, էլի ու էլի, մինչև մոխրի մեջ թաղվելդ, բայց ոչինչ, դու դեռ կաս, հա´ էլի, կաս: Սա ինքնասպանության միակ լեգալ տարբերակն ա: Ոչ մի գործիք չեն վաճառում, որ խիղճդ հանգիստ պառկես, միայն ծխախոտ:

Մարդկանց տեսակ կա, հավերժ սուիցիդալ տեսակ: Միշտ նույն մտքերով, նույն կեղտի մեջ լող տվող ու էդ կեղտի մեջ թագավորող: Էդ կեղտը քեզ կուլ ա տալիս: Չնայած դու քեզ լավ ես զգում, որովհետև էդ կեղտի մեջ մի տեսակ լույս կա: Քեզ առաջարկում են մաքուր տարածք, որտեղից մենակ վարդի հոտ ա գալիս, որտեղ լսում են Ֆրենկ Սինատրա, դու էլ ֆրակ ես հագնում, սվոյ ես արդեն, իրենցն ես, մենակ ատամներիդ դեղնությունն ա քեզ մատնում: Մտնում, ուզում ես երգել հետները, բայց մեկ էլ դրսից ժանգոտած դարպասի ճռճռոց ես լսում, տեսնում ես, ոնց են ճանճերը հավաքվում նեխած աղբի շուրջ, նայում ես ցեխոտ կոշիկներիդ, վեր ես կենում, հանում ես ֆրակն ու մտնում ճռճռացող դարպասից ներս:

Մաքրում ես, մաքրում ես, մաքրում ես, որովհետև քոնն ա: Երգում ես սարերի հովին մեռնեմ, մեկ էլ մաքուր օդ ա փչում, 27 տարվա մեջ առաջին մաքուր օդը: Հետ ես նայում՝ Սինատրան երգում ա Նյու Յորք, Նյու Յորք, Երևան բաղ եմ արել, ջիգյարս տաղ եմ արել: Ավելի բարձր ես երգում, շատ բարձր ես երգում: Ու տեսնում ես, որ գալիս են, շողշողացող աչքերով են գալիս, քո հետ սկսում են մաքրել ու մաքրվել, միջիդ ժանգը կորում ա, նեխած աղբը կորում ա, ճանճերը կորում են, ծխախոտի տուփը ոտքիդ տակ ճզմվում ա, իսկ դու մաքրում ես: Քրտինքդ կաթիլ-կաթիլ թափվում ա ու տեղը ծառ աճում:

Մարդկանց մի տեսակ կա, հավերժ պայքարող տեսակ, ապրող տեսակ, ժպտացող տեսակ.

– Ախպե´ր, հեղափոխություն ենք անում, գալիս ես՞:

***

– Մի րոպե, բայց դու ակումբ 27-ից չես, երեք տարուց կգաս:

– Չէ´, չէ´, բան ունեմ ասելու, լավ էլի´ մամ, մի քիչ էլ խաղամ: Գրանցեք 27-ի տակ, ձեր տողերում ինձ էլ տեղ տվեք, բան ունեմ ասելու: Չորս հոգու կերպար հագա-հանեցի, հագա-հանեցի, վերջապես ես եմ, իմ կերպարով: Կարող եմ չէ՞, մի բան էլ ես ասել.

Շնորհակալություն:

Վազում եմ, վազում եմ, ինձ սիգնալ են տալիս, բայց ես ծիծաղում եմ, գոռում եմ, լացում եմ.

– Սիրուշ ջան, մի հատ շամպայն տուր, շու´տ արա, ջհայնամ, որ աշխատավարձս դեռ չեմ ստացել:

Շունչս փչելով վազում եմ տուն: Առաջին անգամ մերոնց մոտ լաց եմ լինում. երջանկությունից: Ստացվեց, ստացվեց, գը´մփ-գը´մփ, բաժակները լցվեցին: Շնորհավոր ժողովուրդ, ինտրովերտ հալովս բոլորին գրկում պաչում եմ:

Ծաղկաձորի քոչարի են պարում, շրջանի մեջ բոլորն իրար նայում ու ժպտում են, նայում ու լացում են. տարարարիրա-րարամ տարարարիրա-րարամ: Ընկերուհուս եմ տեսնում, էս տաս օրվա մեջ ոչ մի անգամ չէի տեսել ու խոսել հետը: Մտածում էի՝ օֆիսային պլանկտոնը էլի նստած աթոռն ա մաշացնում, ինձ էլ ձեռ կառնի երևի, որ շնորհավորեմ ու…դրոշը կապած գլխին, թաց աչքերով գալիս փաթաթվում ա.

– Ոտքերս ուռել են, էնքան եմ քայլել, 10 օր էր քուն-դադար չունեի, հաղթել ենք: Ավելի եմ սկսում լաց լինել, մտածում եմ՝ մարդ երեխա ունենար ամեն ինչ պատմեր, կիսվեր հետը:

Գալիս եմ տուն. օրացույցի մեջ ամսի 23-ը կարմիր շրջանակի մեջ եմ առնում: Հաջորդ օրը զարթնում եմ, էլ ամսի 23-ը չի, մյուս օրը զարթնում եմ, էլի 23-ը չի, 10 օր հետո էլ 23-ը չի: Կլինի՞ մահից հետո ես արթնանամ իմ սեփական դրախտում, որտեղ ամեն օր կլինի ապրիլի 23-ը:

Ճակատի լուսանկարը Նազիկ Արմենակյանի

Show Comments Hide Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *