Էջմիածնում մարդու իրավունքների իրավիճակի վերաբերյալ այս հետազոտությունը արել Հայաստանի հելսինկյան կոմիտեի համար լրագրողներ Գայանե Մկրտչյանը և Վահան Իշխանյանը 2006֊ի սեպետմբերին։ Հրատարակվող հատվածը ամբողջ ուսումնասիրության կեսն է, որը պարունակում է միայն գեներալ Մանվել Գրիգորյանին վերաբերող մասը։ Մյուս մասերը պատմում են գեներալ Սեյրան Սարոյանի և ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանի(Ճոյտ)։ Մանվել Գրիգորյանին  ձերբակալելու հետ կապված, ինքնագիրը կարևոր համարեց հրատարակել այս հատվածը, հուսով որ կբացվեն նաև այս դեպքերի հետ կապված քրեական գործեր(Այս ժամանակ Մանվել Գրիգորյանի որդին՝ կարեն Գրիգորյանը, դեռևս քաղաքապետ չէր, փոխքաղաքապետն էր)։ Հետազոտության մի քանի դրվագներ հրապարակվել են armenianow.com-ում։ 

Ի

«Ու՞մ է պատկանում Էջմիածինը» հարցն ունի պատասխան սահմանադրության մեջ. այն պատկանում է ժողովրդին։ Սակայն իրականում քաղաքը պատկանում է մի մարդու՝ գեներալ Մանվել Գրիգորյանին եւ ոչ Էջմիածնենցիների կամքով։ Հելսինկյան կոմիտեի հարցումներով 117 հարցվածներից 116-ը ասում է, որ Էջմիածնում օրենքից բարձր մարդիկ կան։ Հարցվածները տվել են մեկից երեք հոգու անուն, որոնցից առաջին եռյակը գլխավորում են գեներալ Մանվել Գրիգորյանը 89-ը, գեներալ Սեյրան Սարոյանը՝45, եւ պատգամավոր Հակոբ Հակոբյանը (Ճոյտ)՝ 21(քանի որ հարցվածները մեկից-երեք հոգու անուն են տվել, հետեւաբար ձայները ավելին են քան հարցվածների քանակը)։

Հարցվածների 26֊ը ծրագրել է  գնալ քաղաքից, 10-ը նպատակ ունի ապագայում գնալու, 32-ը ցանկություն ունի գնալու, բայց հնարավորություն չունի, եւ միայն 52-ը չի պատրաստվում գնալ։ Այսինքն մոտ 70 տոկոսը ցանկություն ունի գնալ քաղաքից։

Էջմիածնում բազմաթիվ բռնույթուններից միայն մի քանիսն են բերված այստեղ, քաղաքում եղել են նաեւ բռնաբարության դեպք, սպանություն, որոնք իրավապահ մարմինները չեն քննել։

Էջմիածնի իշխանության ակնարկ        

Ժամանակին մի տեսաերիզ էր շրջում հանրապետությունում, որտեղ խնջույք էր անում հանրապետության ուժային վերնախավը։ Խնջույքը գեներալ Մանվել Գրիգորյանի Արշալույս գյուղում գտնվող տանն էր։ Նրանք տոնում էին 1996 թվականին նախագահական ընտրություններում ժողովրդի կամքը ճնշելով իշխանությունը պահելու հաղթանակը։ Ընտրություններում հաղթել էր ընդդիմության առաջնորդ Վազգեն Մանուկյանը, սակայն, ուժային նախարարների գործուն աջակցությամբ նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը նախագահի պաշտոնը չզիջեց ընտրված թեկնածուին, իսկ ուժայինները իրենց համախոհների հետ, որոնց մեջ նաեւ գեներալ Գրիգորյանն էր, կրակոցներով ու մահակներով ճնշեցին ժողովրդի ապստամբությունը։ Խնջույքի տեսաերիզում պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանը Մանվել Գրիգորյանին զենք է նվիրում եւ ասում, որ նա Անդրանիկ զորավարից պակաս չի։

Իրականում պաշտպանության նախարարը նվիրում էր Գրիգորյանին Էջմիածին քաղաքը, իրեն նվիրվածության եւ սեպտեմբերի 26-ի ճնշումներին մասնակցելու համար։

Այդ նվերի՝ քաղաքի դիմադրությունը գեներալը կոտրեց ու մինչեւ վերջ տիրացավ նրան հետագա 10 տարվա ընթացքում։

1998 թ. նախագահական արտահերթ ընտրությունների քարոզարշավի ժամանակ Ռոբերտ Քոչարյանի օգտին քարոզչություն անելու նպատակով Վազգեն Սարգսյանը Էջմիածնի բնակիչների հետ հանդիպում ունեցավ, որի ժամանակ բնակիչները անհանգստություն հայտնեցին գեներալների եւ մասնավորապես գեներալ Մանվել Գրիգորյանի անօրինականությունների եւ ոտնձգությունների վերաբերյալ։ Սարգսյանը պաշտպանեց Մանվել Գրիգորյանի շահերը՝ հասկացնել տալով էջմիածինցիներին`իզուր չաղմկել. «Որ Մանվելը կռվում էր, դուք ձեր տներում էիք, չէ՞…է, թող մի շուկա, մի խանութ էլ ավել ունենա, ի՞նչ է եղել, որ…»:

էջմիածնի նախկին պաշտոնյաներից մեկը, ով չցանկացավ անունը հրապարակել, պատմում է.«Մանվելին «պռախոդ» տվողը Վազգեն Սարգսյանն էր(Պաշտպանության նախարար, իսկ 1998-1999 թթ վարչապետ), իսկ Սեյրանի Սարոյանին `Վանոն Սիրադեղյանը(Մինչեւ 1997 թիվը Ներքին գործերի նախարար): Երբ 1995-96թթ քաղաքը ազդեցության ոլորտների էր բաժանվում, դրան մասնակցեց նաեւ Վանո Սիրադեղյանը: Արդյունքում Սեյրանին սեփականաշնորհեցին 4900 դոլարով Հայաստանի հուշարձանների պահպանության հաշվեկշռում գտնվող, Գյուղնախարարությանը պատկանող շենքը իր տարածքով: Գեներալների համար ինչ-որ հարց իրենց օգտին լուծելը խնդիր չէր, բավական էր մեկ զանգ վարչապետին»:

1988-1993 թթ., Էջմիածնի ջոկատում կռվել է 960 կամավոր, տվել է չորս գեներալ`Մանվել Գրիգորյան, Սեյրան Սարոյան, Գագիկ Մելքոնյան, Լյովա Երանոսյան։ «Նրանցից շատերը գյուղացի տղաներ էին, որոնցից ոմանք հետագայում դարձան թալանչիներ»-, ասում է մի մանկավարժ, ով չուզեց անունը հրապարակել։

Այսուհանդերձ Էջմիածնի միանձնյա տնօրենը Մանվել Գրիգորյանն է։ Մյուս գեներալները չեն խառնվում քաղաքաի ղեկավարմանը։

Մանվել Գրիգորյանին հռչակ բերեց Արցախյան պատերազմը, որից առաջ նա գյուղացի հասարակ մի տղա էր, ԿԱՄԱԶ-ի վարորդ, ով երբեմն-երբեմն զբաղվում էր նաեւ ծիծակի առեւտրով: Երկու անգամ քրեական հանցագործության համար դատապարտվել է ազատազրկման, որի մասին այսօր արգելված է խոսել:

1988-ից մասնակցել է Արցախյան պատերազմին: 1992թ. ընդգրկվել է Հայաստանի զինված ուժերի շարքերը եւ նշանակավել առանջին մոտոհրաձգային գումարտակի հրամանատար: 1996 թ ՀՀ նախագահ Լևոն Տեր֊Պետրոսյանի հրամանագրով ստացել է գեներալ-մայորի կոչում: 1999 թ. ընտրվել է ԵԿՄ վարչության նախագահ: 2000 թվականին նշանակվեց պաշտպանության փոխնախարար եւ ստացավ գեներալ- լեյտենանտի կոչում:

Այսուհանդերձ դեռեւս գեներալ Գրիգորյանը մինչեւ 2005 թիվը լիարժեք իշխանություն չուներ Էջմիածնի վրա։ 1996-2002 թվերին քաղաքապետ Երվանդ Աղվանյանը կարողանում էր դիմադրել նրա ցանկություններին, հակամարտության մեջ էր գեներալների հետ, չէր ենթարկվում նրանց պահանջներին եւ չէր հատկացնում նրանց որեւէ տարածք։

2002 թվականին Աղվանյանը չկարողացավ վերընտրվել, եւ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը քաղաքապետի պաշտոնին անցկացրեց իր մարդուն Հանրապետական կուսակցության անդամ, 2000-2002թթ կառավարության գործերի կառավարիչ, Հրաչիկ Աբգարյանին։ Այդ ժամանակ էլ գեներալ Գրիգորյանը իր ծննդավայր Արշալույսից տեղափոխվում է բնակության Էջմիածին։ Նոր քաղաքապետը սկսեց բավարարել գեներալի ախորժակը եւ դարձավ նրա պատանդը։

2004 թվականի հոկտեմբերի 22-ին «Ազգ» օրաթերթը հրապարակում է հարցազրույց Հրաչիկ Աբգարյանի հետ «Վաղարշապատում ժողովուրդը կրակն է ընկել» վերնագրով, որտեղ նա ասում է. «Մենք ուղղակի ականատես ենք բազմաթիվ անօրինականությունների, օրինակ փողոց են փակում, մարդկանց են ծեծում որոնց մասին պարզապես բողոք չկա: Վախեցած եւ ընկճված մթնոլորտ է քաղաքում, եւ ինձ թվում է՝ դրա մասին բոլորը գիտեն: Ես պատերազմ չեմ հրահրում, ուղղակի ուզում եմ, որ էջմիածնեցին խաղաղ ու ինքնավստահ ապրի: Դրան հասնելու համար ես շատ բանի եմ պատրաստ: Բայց մյուս կողմից ես ահազանգ չունեմ: Մարդիկ վախեցած են»:

Երկու շաբաթ անց նոյեմբերի 7-ին «Հայոց աշխարհում» Աբգարյանը հերքում է «Ազգի» հարցազրույցը, ասելով, որ իր հետ նման հարցազրույց տեղի չի ունեցել: Ըստ պտտվող լուրերի, քաղաքապետի նկատմամբ գեներալը կոշտ վերաբերմունք է դրսևորել:

2005 թվականին արդեն գեներալ Գրիգորյանը քաղաքապետ է դարձնում իր մարդուն՝ Գագիկ Ավագյանին, ու քաղաքը վերջնականապես անցնում է նրա տիրապետության տակ։

«Այսօրվա քաղաքապետը ինքնուրույն մարդ չէ, այսօր քաղաքապետ չունենք, նա դրածո է Էջմիածնում,-ասում է քաղաքի մտավորականներից մեկը, ով չցակնացավ անունը հրապարակել, – նա չունի ինքնուրույն ծրագրեր ու մտածողություն: Այս քաղաքում ոչինչ չի կառուցվում, այս քաղաք ոչ ոք չի գալիս, այստեղ ներդրումներ չեն անում, այստեղ բնակարանները ամենաէժանն են, մարդիկ փախչում են Էջմիածնից»։

Քաղաքապետարանում հաճախ կարելի է տեսնել ատրճանակով զինված աշխատակիցներ, որոնք արդեն իրենց զենքով տագնապ են առաջացնում այցելուների մեջ։ Սակայն քաղաքը ղեկավարվում է քաղաքապետարանի դրսից, առանց գեներալի դաբրոյի ոչինչ չի արվում։ Պարբերաբար քաղաքի ղեկավարությունը հավաքվում է գեներալին պատկանող «Գրիգոր Լուսավորիչ» համալսարանում եւ խորհրդակցություն անցկացնում Գրիգորյանի ղեկավարությամբ։ Քաղաքապետարանը փող է փոխանցում «Արմենիա» TV-ին, որ գովազդեն Մանվել Գրիգորյանի գործունեությունը»։

Բռնություններ ու կամայականություններ

2003 թվականի սեպտեմբերի 13-ին, կեսգիշերին Էջմիածնի Պատկանյան հասցեում գտնվող բիլիարադանոցից դուրս բերվեց 28 ամյա Ավետիք Դանղյանի կիսամեռ մարմինը: Երիտասարդին ծեծել էին միայն նրա համար, որ «հանդգնել էր» մերժել բիլիարդանոց մտած գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանի `իր առջև ծունկի գալու հրամանը:

Ավետիքի մերձավորներից մեկը պատմում է. «Սեփական խաղատանը «օտար» այցելու տեսնելով՝ գեներալը հարկադրում է Ավոյին իր առջև ծունկի գալ: Բնավորությամբ չկոտրվող Ավոն հրաժարվում է, ինչի արդյունքում էլ դառնում է գեներալի հերթական զոհը»:

Գեներալը մի քանի տասնյակ մարդկանց ներկայությամբ ծեծում է երիտասարդին: Միջադեպի վկաներից ոչ ոք չէր համարձակվել միջամտել, այնքան ժամանակ, մինչև գեներալն ինքնաբավարավել էր, իսկ Ավոն գիտակցությունը կորցրել է վերջին հարվածից հետո, երբ բիլիարդի խաղաձողը գեներալը մխրճել է տղայի մարմնի մեջ:

Լուսաբացին վատ լուրն արդեն քաղաքի սեփականությունն էր, խոսում էին բոլորը, բայց միայն շշուկով: Կատարվածի մասին լռությունը չխախտեցին նաև տուժողի հարազատները:

«Մեզ վախեցնում էին, ասում էին, եթե բողոքենք, ավելի վատ կլինի: Մեր տան մեջ մենք պատանդ էինք: Անգամ Ավոյին հիվանդանոց չթողեցին տանեինք, բուժում էինք, ինչպես և ինչով կարողանում էինք։ Դրա համար էլ դատաբժշկական եզրակացություն չկա։ Տունն անգամ հսկողության տակ էին առել, որ հանկարծ չբողոքենք»,-պատմում է տուժողի ազգականը։ Հարազատներից մեկը ասում է, որ դիմել է իրեն ծանոթ Հանրապետության գլխավոր դատախազության պաշտոնյաներից մեկին, որ գործ հարուցեն, սակայն պաշտոնյան ասել է, որ իրենք անզոր են գեներալի դեմ։

2005 թվականի հունվարին, օրը ցերեկով, Էջմիածնի շուկայի մոտ գեներալը ծեծում է հայ առաքելական եկեղեցու սպասավոր Տեր Խաչատուր աբեղա Կնյազյան (ներկայումս հայ առաքելական եկեղեցու Գերմանիայի թեմի հովիվ), այն բանի համար, որ իբր հոգեւորականը սխալ տեղ էր ավտոն կանգնեցրել։ Ականատեսը, որը չցանկացավ ներկայանալ, պատմում է. «Երբ հոգևորականը ծանրաբեռնված դուրս եկավ շուկայից`իսկույն ևեթ ենթարկվեց գեներալ Գրիգորյանի հարձակմանը`թե ինչու է մեքենան այդտեղ կանգեցրել: Չհասցնելով պատասխանել՝ բռունցքների տարափ է ստանում գլխին»: Օրեր անց ականատեսներից մեկը ասելու էր` թե քյուֆթա գնելու եկած տեր հայրը կես ժամ անց ինքն անձամբ էր քյուֆթա դարձել:

Դեպքը չսասանեց հոգեւոր դասի եւ Վեհափառ հայրապետի անդորրը, եւ նրանք հարցը պատերի տակի խոսակցություններից չտեղափոխեցին օրենքի հարթություն: Քանի որ Էջմիածնի իրականության մեջ իշխանությունն էլ, օրենքն էլ, տվյալ դեպքում`եկեղեցին էլ շղթայի այն օղակներն են, որոնք գեներալի իշխանության տակ են: Կաթողիկոս Գարեգին Բ-ն ընդամենն իր դժգոհությունն էր հայտնել գեներալին և նրանից ստացել պատասխան. «Հոգևորականի հագուստով չէր`որտեղի՞ց իմանայի, թե ով է»։

2006թ. քաղաքապետարանի բարեկարգման նախկին տնօրեն Սեյրան Գրիգորյանին աշխատանքից ազատելուց առաջ Գրիգորյանի որդու շրջապատը նրան դաժանորեն ծեծում է։

Սեպտեմբերի 25-ին երեկոյան ութի մոտ գեներալի որդին՝ Կարեն Գրիգորյանը Կիրովի փողոցի վրա մի երեւանցու ծեծել է, հետո ոտքին կրակել, քանի որ մեքենա վարելը նրա դուրը չի եկել։ Երբ պետական եւ հասարակական մարմիններն իմանում են դեպքի մասին, գեներալի մարդիկ տարածում են, թե կրակողը եղել է գեներալի փեսան՝ Արտակ Պողոսյանը, որպեսզի փրկեն փոխքաղաքապետի հեղինակությունը։ Սակայն երբ տուժողին սպառնալով ստիպում են հատուցում չպահանջել, դեպքը կոծկում են վերջնականապես։ Ոստիկանության լրատվության բաժնից հաղորդում են, որ նման դեպք չի եղել Էջմիածնում։

* * *

Մանվել Գրիգորյանը կամայականորեն փակել է Սպանդարյան փողոցի մի մասը: Այն արգելված գոտի է վարորդների համար: Այս փողոցում է գտնվում նրա սեփականությունը հանդիսացող Գրիգոր Լուսավորիչ համալսարանը, որի առաջին շրջանավարտներն են եղել ԱԺ պատգամավոր, գեներալի եղբոր որդի Հրանտ Գրիգորյանը, Էջմիածնի ներկայիս քաղաքապետ Գագիկ Ավագյանը և գեներալի շրջապատի այլ մարդիկ:

Քաղաքի գլխավոր պետավտոտեսուչի անմիջական մասնակցությամբ երկկողմանի փողոցի մի հատվածը փակվել է արգելաձողով, վրան էլ դրել մուտքն արգելող նշան: Փողոցի փակման մասին որևէ որոշում, կարգադրություն կամ ցուցում այդպես էլ չգտնվեց ոչ քաղաքապետարանում, ոչ էլ պետավտոտեսչության էջմիածնի բաժանմունքում:

Փակ փողոցի վրա գտնվող ծառուղին կանաչապատվել, գեղեցկացվել, լուսավորվել է, բայց, դրանից բնակչները գրեթե չեն օգտվում,-շառից, փորձանքից հեռու,-մտածում են: Ծառուղին քաղաքում հայտին է Սարսափի պուրակ անունով:

Փակված են նաեւ նրա տուն տանող փողոցների հատվածները։

Ալավերդյան փողոցում, ուր 2004 թվականից բնակություն է հաստատել Մանվել Գրիգորյանը, տները կտրուկ արժեզրկվել են: Քանի որ մարդիկ վախենում են գեներալի հարեւանությամբ ապրել։ Քաղաքում կես կատակ, կես լուրջ ասում են, որ այդ փողոցի տները մեկ պարկ ալյուրի գնով էլ չեն վաճառվում: Այստեղ բնակիչները ամեն լուսաբացին հարկադրաբար գեներալի հետ հեծանիվ են քշում:

Այս փողոցում մահվան թափորի երթն արգելված է: Տարածքում հանգուցյալ ունեցողները մեռելը այգիների միջով են դուրս բերում գերեզմանատուն:

«Մարդիկ վախենում են, որովհետեւ մեկի երեխան բանակում է, մյուսը հող կամ օբյեկտ ունի, որը կխլեն: Այստեղ ամեն ինչ խլելով է, եթե դա նրանց դուր է եկել`տանում են, լինի դա հողատարածք, լցակայան, թե հյուրանոց… »-ասում է նախկին քաղաքապետ Երվանդ Աղվանյանը:

Աշխատանքային իրավունքի ոտնահարման առաջին մասսայական դեպքերն արձանագրվեցին 2004թվականին`մսավաճառների նկատմամբ: Շուկա տանող Թումանյան փողոցում (դեռեւս 1990 ականներից շուկան պատկանում է Մանվել Գրիգորյանին, Կառավարությունը սեփականաշնորհել է նրան 1998 թվին, տնօրենը եղբորորդին՝ Զարզանդ (Զնդո) Գրիգորյանն է) գտնվող մսի 10 խանութների տերերին ժամկետ էր ներկայացրել ԱԺ պատգամավոր Հրանտ Գրիգորյանը (գեներալի եղբոր որդին), որ եթե հինգ օրում առեւտուրը շուկա չտեղափոխվի կամ կփակվեն խանութները կամ եկամտի 70 տոկոսը կիսեն շուկայի սեփականատերի հետ։ Խանութպանների բողոքները նկարահանեցին Հանրային հեռուստատեսության «Հայլուր» հաղորդումը, «Կենտրոն» եւ Հ2 հեռուստատեսությունները, սակայն նկարահանումներն ու մսավաճառների բողոքները եթեր չտրվեցին։

10 խանութից այսօր աշխատում է երկուսը, որոնցից մեկի տերը գեներալի կողմից ծեծված Ավետիք Դանղյանի զոքանչն է, ինչը փակված խանութների տերերը դիտարկում են որպես փոխհատուցում:

Քաղաքապետարանի նախկին պաշտոնյա Սուսաննա.Հարությունյանը ասում է. «Շուկան իրենցն է. եթե 70 տարեկան մի տատիկ մի կապ կանաչի բերի`ծախի, ոստիկանները, որ կոչված են հասարակական կարգ ու կանոն պահպանելու, քացով կտան եղածը կթափեն: Այսինքն իշխանական բոլոր լծակներն էլ է օգտագործում ի շահ իրեն. ջարդելով մտցնում են շուկա»:

Որպեսզի գեներալին պատկանող հացի գործարանի արտադրանքը լավ սպառվի, գեներալը կարգադրել է մյուս հաց արտադրողներին որոշակի չափից ավել հաց չարտադրել։

Մանկապարտեզներից սկսած երեխաների մեջ սերմանվում է սեր եւ նվիրում ոչ թե հայենիքի, այլ գեներալ Գրիգորյանի նկատմամբ: Մասնավորապես, բոլոր մանկապարտեզներում սովորեցնում են «5-րդ ջոկատ» երգը, որը գեներալի մասին է եւ նրա սիրած երգն է ու որը երեխաները կատարում են բոլոր հանդեսների ժամանակ: Երգը նաեւ հարսանեկան հանդեսների երգացանկում է, եթե «մանվելականներից» ներկաներ կան.վայ նրան, ով անարձագանք կթողնի երգը եւ չի պարի դրա ներքո:

Գեներեալ Գրիգորյանը քաղաքում ինչ հավանում, խլում է տիրոջ ձեռքից, այդպես նա խլել է «Գրիգոր Լուսավորիչ» համալսարանը (հիմնադիրները չեն ցանկանում այդ մասին խոսել), բենզալցկայան եւ այլն։

Սուսաննա Հարությունյանը ասում է, որ գեներալները «Պատերազմը սարքել են Քաջ նազարի դրոշակ: Ի՞նչ է Երկրապահ կամավորականների միությունը (Պատերազմի վետերանների կազմակերպություն, որի նախագահը Մանվել Գրիգորյանն է), մի տեղ ծեծում են, մի տեղ սպանում: Պատերազմի արհավիրքը բոլորս ենք տեսել, դրա հասցրած վնասները կրել ենք ամենքս: Պատերազմը հաղթել ենք ազգովի, հո՞ մենակ Մանվելը չի հաղթել: Նրա թիկնապահները ամենուր հարբած վիճակում մարդկանց են ծեծում և հայտարարում, որ Մանվելը հերոս է: Իմ կարծիքով այդպիսով ինքը չի հերոսանում, ընդհակառակը անընդհատ ցածրանում է: Կռվել է, լավ է արել, խոնարհվում ենք նրա բոլոր քաջագործոթւյուների առաջ, հո կրակը չենք ընկել: Թող պետությունը իրեն կանչի ասի`ախպեր ջան, քեզ տասը հատ տուն ենք տալիս, 60 հատ կալոնկա (գազալցակայան) միայն թե դու քո գյուղացուն, քո հարևանին, քո բարեկամին մի դիպչիր, մի ոտնահարիր նրանց ինքնասիրությունը: Թե չէ ատրճանակը մարդկանց ճակատին պահելով պատիվ չես ստանա: Այն ստանում են կյանքով ու կենսագրությամբ: Լավ, պատերազմի ժամանակ հաղթել են թշնամուն, հիմա ու՞մ են ուզում հաղթել։ Մեր ժողովրդի՞ն։ Թե չէ այն տպավորություն ունեմ, որ ներքին ագրեսիա ունեն այս ժողովրդի հանդեպ: Ինչպե՞ս կարելի է, եթե ագրեսիա կա, թող այն դրևորվի արտաքին թշնամիների դեմ»:

Գեներալ Մանվել Գրիգորյանի իշխանությունը

Ինչպես նախորդ քաղաքապետ Հրաչիկ Աբգարյանը, այնպես էլ Գագիկ Ավագյանը, պաշտոնը ստանձնելուց հետո քաղաքապետարանը մաքրեց անցանկալի մարդկանցից ։

Աշխատակազմն էլ ավելացվեց, 42-ից դարձավ 140։

Էջմիածնի քաղաքապետի տեղակալ նշանակվեց գեներալ Գրիգորյանի որդին`Կարեն Գրիգորյանը, որն էլ քաղաքապետարանի ներսում հարցեր լուծողն է, խորհրդական`ԵԿՄ Էջմիածնի տարածքային կազմակերպության նախագահ Խաչիկ Մկրտչյանը, որ կոորդինացնում է քաղաքապետարանի ողջ աշխատանքը: Մինչ այդ գեներալի աղջիկը՝ Նաիրա Գրիգորյանը, նշանակվում է Արմավիրի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր:

Գեներալի իշխանությունը ընդլայնվում է Արմավիրի ողջ մարզով։ Նրա պահանջով պաշտոնանկ է արվում Էջմիածնից ոչ հեռու գտնվող Մեծամորի քաղաքապետը եւ արտահերթ ընտրություններով քաղաքապետ է դառնում գեներալի եղբայրը` Աշոտ Գրիգորյանը: Քավորա-խնամիական կապերով բարեկամացած մանվելականների զգալի մի թիմ զբաղեցնում են գյուղապետերի, դպրոցների, մանկապարտեզների, բուժհիմնարկների ղեկավարների պաշտոնները:

Մարզի պետպատվերով շինարարությունը, մասնավորապես դպրոցաշինությունը՝ իրականացնում է Գրիգորյանի տիկնոջ`Նազիկ Ամիրյանին պատկանող «Արա և Այծեմնիկ» ՍՊԸ-ն: Շինարարության համար հայտարարված մրցույթներում միայն այս կազմակերպությունն է մասնացում ու հաղթում։ Վերջին 4 տարում այն վերանորոգել է 18 դպրոց՝ մոտ 700 հազար դոլարով։ Այժմ սկսել են նաեւ մարզի մանկապարտեզներն ու գյուղապետարանները վերանորոգել։

2005   թվականի Էջմիածնի քաղաքապետի ընտրություններ(ուսումանսիրությունից մի հատված)

Քաղաքապետի պաշտոնի համար պայքարում էին չորս թեկնածու`Գագիկ Ավագյանը, Երվանդ Աղվանյանը, Ավետիք Դանղյանը (գեներալը նրան ծեծել էր ժամանկին) եւ Սուսաննա Հարությունյանը: Բոլորն էլ անկուսակցական: Սուսաննա Հարությունյանը եւ Ավետիք Դանղյանը ընտրությունից օրեր առաջ ինքնաբացարկ հայտնեցին`միավորվելով Աղվանյանին։ Այսպիսով մնացին նախկին քաղաքապետ Աղվանյանը եւ Էջմիածնի Էլ.ցանցի տնօրեն, ԵԿՄ աջակցությունը վայելող Ավագյանը:

Հոկտեմբերի 13-ին քաղաքապետարանի կողմից արտոնված հանրահավաքը չկայացավ. հանրահավաքից ժամեր առաջ առեւանգվել էին հաղորդավար Մարտին Վարդանյանը, ՎԱԶ 2106 մակնիշի ավտոմեքենայի վարորդ Սեյրան Հակոբյանը եւ նրանց ուղեկցող Գեւորգ Աբրահամյանը (ավտոմեքենան շրջել էր թաղամասերով եւ բարձրախոսով տեղեկացրել հանդիպման մասին):

Թեկնածու Ավագյանի նախընտրական շտաբում առեւանգվածներից մեկին`Գեւորգ Աբրահամյանին ծեծել էին միայն այն բանի համար, որ հենց ինքն էր ստանձնել ուղեկցողի պարտականությունները: Ծեծված ու արյունոտ վիճակում երիտասարդին բերել իջեցրել էին Աղվանյանի շտաբի մոտ:

Շտաբում աշխատողներից մեկի պատմելով` Գեւորգի միջոցով բանավոր հաղորդագրություն էին ուղարկել. «Եթե շարունակեք մեր դեմ դուրս գալ` դիակներ ենք ուղարկելու»:

Փաստի առիթով նույն օրը`Աղվանյանի նախընտրական շտաբը հայտարարություն է տալիս Ոստիկանության Էջմիածնի բաժանմունք եւ 12 օր անց ստանում պատասխան գրություն`թե տվյալ անձինք ոչ թե առեւանգվել են, այլ պարզապես նրանց ավտոմեքենայի վրայից քաղաքացիներ Հովհաննես Հովհաննիսյանի եւ Ավետիք Ալեքսանյանի պահանջով հանվել է բարձրախոսը: Գրության մեջ նշված է նաեւ,որ այդ ընթացքում Հովհաննիսյանի եւ Ալեքսանյանի կողմից կատարվել է մանր խուլիգանություն, ինչի համար նրանք Արմավիրի մարզի Առաջին ատյանի դատարանի կողմից ենթարկվել են վարչական պատասխանատվության:

Հոկտեմբերի 10-ի «Հայկական ժամանակը» հաղորդում է. «Երվանդ Աղվանյանից տեղեկացանք, որ իրենց կողմնակիցների ծեծի մասսայական դեպքեր են տեղի ունեցել: Ըստ Աղվանյանի, Մանվել Գրիգորյանի մարդիկ փողոցներն ընկած իրենց կողմնակիցներին բռնում են եւ տանում Գագիկ Ավագյանի շտաբ: Ավելին, Աղվանյանի խոսքերով, Ավագյանի շտաբում է գտնվում անձամբ Մանվել Գրիգորյանը, որն էլ առաջինը հարվածում է բերման ենթարկվածներին, որից հետո նոր նրանց մյուսները ծեծի են ենթարկում: Այնուհետեւ ծեծվածներից վերցնում են նրանց բջջային հեռախոսները, եթե այն լավն է եւ թանկարժեք, ապա այն պահում են իրենց մոտ, իսկ էժան բջջային հեռախոսները ուղղակի ջարդում են: Հատկանշական է նաեւ Աղվանյանի այն դիտարկումը, որ իրենց կողմնակիցների վրա հարձակումներն սկսելուց հետո Գագիկ Ավագյանի շտաբը շրջափակվել է ոստիկաններով`իբր թե հնարավոր հարձակումներից խուսափելու նպատակով: Գագիկ Ավագյանի նախընտրական շտաբի պետ Թամարա Թադեւոսյանը մեզ հետ զրույցում կտրականապես հերքեց իրենց ներկայացրած բոլոր մեղադրանքները: Տիկին Թադեւոսյանն ասաց, որ ՊՆ փոխնախարար Մանվել Գրիգորյանն ընդհանրապես իրենց շտաբում չի լինում եւ նախորդ օրն էլ չի եղել: Իսկ ինչ-որ մարդկանց առեւանգելու, առավելեւս նրանց ծեծելու եւ բջջայիները առեւանգելու պատմությունը համարեց հորինվածք»:

Սեփականշնորհում

1996-2002 թթ Էջմիածնի քաղաքապետ Երվանդ Աղվանյանի իշխանության դրական կողմը, որ մնացել է էջմիածինցիների հիշողության մեջ`քաղաքը զինվորականներից հնարավորին չափ հեռու պահելն էր: Քաղաքապետարանը որեւէ շենք կամ օբյեկտ չի սեփականաշնորհել գեներալներին։ Նրանց շենքեր է սեփականաշնորհել միայն կառավարությունը։

2003 թվականին 1քմ 3500 դրամով ԱԺ պատգամավոր Հրանտ Գրիգորյանին (գեներալ Գրիգորյանի եղբորորդին) վաճառվեց Սպանդարյան փողոցում գտնվող, երկու մասնաշենքով, երկհարկանի մանկապարտեզի շենքը, որն էլ վերավաճառվեց գործարար Էդուարդ Սախկալյանին: Շենքը ներկայումս վերակառուցվել է բնակելի տների ու վաճառվել:

Աբգարյանի օրոք գեներալ Գրիգորյանին սեփականաշնորհվեց Էջմիածնի երկրորդ երաժշտական դպրոցի առաջին հարկը՝ 300 հազար քմ-ն 300 հազար դրամով, տրվեց նրան քաղաքապետարանի դիմացի տարածքը, որտեղ գեներալը կառուցել է սրճարան, նաեւ այլ հողատարածքներ։

Մինչեւ 1998 թիվը գեներալ Գրիգորյանին է սեփականաշնորհվել հանրախանութը, որի դիմացի հատվածը ամբողջովին բետոնապատել են եւ բաժանել առանձին մասերի, որտեղ էջմիածնեցիները մանրածախ առեւտուր են իրականացնում, հացի գործարանը, շուկան, Ծաղկունքի ավտոտրանսպորտային ձեռնարկությունը (ԱՏՁ)(պատկանում է գեներալի եղբորորդուն)։ Հետագայում նախկին հիվանդանոցի տարածքը, որտեղ տեղակայված է Գրիգոր Լուսավորիչ համալսարանը, 51.000 քառակուսի մետր ընդհանուր մակերեսով, նկուղը չհաշված, կառավարությունը 12.000 դոլարով Մանվել Գրիգորյանին է սեփականաշնորհել։ Համեմատության կարգով նկատենք, որ այսօր Էջմիածնի կենտրոնում այդ գումարով հնարավոր չէ գնել անգամ մեկ սենյականոց բնակարան։

Գեներալի տարածքում մանրածախ առեւտրով զբաղվող բնակիչներից մեկը ասում է. «Հասկացանք, որ իրենցն է: Բայց թող իրենց ճաշակը մեզ չպարտադրեն.ինչի՞ է նման ձիանոց հիշեցնող, առանց տարրական պայմաների բետոնապատ խցերը, որոնցում ամառ-ձմեռ առեւտուր ենք անում, հետն էլ 60.000 դրամ տեղի վարձ տալիս: Գումարն էլ «գլխից» են ուզում»: Աշխատակցուհիներից մեկը սրտի կաթված էր ստացել ու մահացել, թողնելով երկու երեխա, այն բանից հետո, երբ նրան պարտադրել էին գումարը մուծել ամսվա սկզբում, հակառակ դեպքում սպառնացել էին վռնդել տեղից:

Գեներալ Գրիգորյանին է սեփականաշնորհվել նաեւ Ռադիոդպրոցի շենքը։

Դժգոհ էջմիծինցիներից մեկն ասում է. «Քաղաքը ռազմականացրեցին: Ոնց պտտվում ես` դրանց օբյեկտներն են: Մի քաղաքապետարան կար, որ իրենցը չէր, էն էլ գրավեցին: Եթե առաջ մեզ հոգևոր քաղաքի բնակիչներ էինք համարում, հիմա` զինվորական»:

Գրիգորյաններին է պատկանում նաեւ Երեւան-Էջմիածին երթուղային «գիծը»: Մինչ այսօր «գիծը» սպասարկել է Արմավիրի մարզի Ծաղկունք գյուղում գտնվող Էջմիածնի «ԱՏՁ», որը պատկանում է Գրիգորյանի եղբորորդուն` ԱԺ պատգամավոր Հրանտ Գրիգորյանին: Երթուղու սպասարկումը իրակացնելու համար հայտարարված մրցույթները միշտ շահում է Էջմիածնի «ԱՏՁ»: Ուղեւորների փոխադրումը իրականացվում է համար 111 ավտոբուսներով, եւ «Երեւան-Էջմիածին» գազելներով:

Առավոտյան եւ երեկոյան, երբ տրանսպորտից օգտվողների թիվը շատանում է, տաքսիները Երեւան-Էջմիածին իրենց ծառայությունն են առաջարկում` յուրաքանչյուր ուղեւորի դիմաց 250-500 դրամով կամ ավելի էժան (երթուղայինի գինը 250 դրամ է): Սակայն Գրիգորյանների մարդիկ գալիս ծեծում են վարորդներին, որ իրենց ձեռքից ուղեւորներ են տանում։

«Քանի անգամ եմ տեսել թե ինչպես են ծեծում Երեւանից Էջմիածին եկած տաքսու վարորդներին, որոնք ներքին օրենքներին անհաղորդ լինելով գալիս են կանգառ եւ առաջարկում իրենց ծառայությունը ընդամենը 250 դրամով,-ասում է մի Էջմիածնեցի,- պատկերացնում եք այդ խեղճ վարորդները իրենց անտեղյակության պատճառով կրակն են ընկնում»:

«Մարդ են կանգնեցնում տաքսիների մոտ, որ հայտնաբերեն ուղեւոր փախցնողներին` Հրանտ Գրիգորյանի մոտ բերման ենթարկելու համար: Բայց չէ որ ուղեւորը ազատ է ընտրության հարցում, եւ եթե 250 դրամ վճարելով գազելի ծառայության համար, նույնքան էլ վճարում է տաքսուն, որի սպասարկումն ավելի արագ է եւ որակով, ապա ինչո՞ւ , ի՞նչ իրավունքով են բռնանում մարդու ազատ կամքին»,-ասում է Սուսաննա Հարությունյանը:

Show Comments Hide Comments

Leave a Reply

Your email address will not be published.