ավերակներ

Սարոյանի ասած՝

կյանքս կործանեցի՝

նույն կնոջ հետ

երկու անգամ

ամուսնանալով:

Ա’յ Ուիլյամ,

միշտ էլ կլինի

կյանքը կործանող մի բան.

նայած, թե ինչը կամ որը

մեզ առաջինը կգտնի,

միշտ էլ հասած ենք

ու պատրաստ՝

կործանվելու:

Թե՛ իմաստունների,

թե’ մնացածի համար

կործանված կյանքը

նորմալ է:

միայն երբ էդ

կործանված կյանքը

մերն է դառնում,

էդ ժամանակ նոր հասկանում ենք,

որ ինքնասպանները,

հարբեցողները,

թմրամոլները,

գժերն ու բանտարկյալները

թրաշուշանների,

ծիածանների,

մրրիկների

ու խոհանոցի

դատարկ դարակների նման

սովորական մի մաս են գոյության:

Միայնակ ամենքի հետ

 

մարմինը ծածկում է ոսկորը,

ներսում ուղեղ են դնում,

մեկ-մեկ էլ՝ հոգի,

և կանայք պատերով են

ծեփում վազերը

տղամարդիկ էլ հարբում են,

և ոչ ոք երբեք չի գտնում էն միակին,

բայց շարունակում են փնտրել՝

անկողնուց անկողին անդադար սողալով:

մարմինը ծածկում է ոսկորը

ու մարմինը փնտրում է

ավելին, քան մարմինը:

հույս չկա,

բոլորս գերի ենք

տարօրինակ ճակատագրի

երբեք չենք գտնում
էն միակին:

լցվում են քաղաքի աղբանոցները,
լցվում են գժանոցները,
լցվում են հիվանդանոցները,
ու լցվում են գերեզմանոցները

էլ ուրիշ

ոչինչ

չի լցվում

Պաղպաղակով մարդիկ

Էս տիկնոջ շնորհիվ

շշից ժամանակավորապես

հրաժարվեցի,

ու էն շատ կարևոր գործիքս

սկսել ա լավ կանգնել:

գիշերվա ընթացքում

ամեն ինչ փոխվում ա՝

ծխի մեջ Շոստակովիչ ու

Մոցարտ լսելու փոխարեն

նոր դժվարություններ են

առաջանում:

Բասկին-Ռոբբինս ենք գնում.

31 համ՝

Ռոքի Ռոուդ, Բաբլ Գամ,

Սառցե ծիրան, Ելակով չիզքեյք,

Շոկոլադով անանուխ:

Մեքենան կանգնեցրինք

ու նայում ենք

պաղպաղակ սիրողներին՝

շատ գոհ ու առողջ

տեսք ունեն.

ոչ ոք ինքնասպանի

պոտենցիալ անգամ

չունի

(ով գիտի՝

ընտրություններին էլ են

գնում)

բա որ տղերքն ինձ տեսնե՞ն,-

ասում եմ նրան,-

բա որ իմանան,

որ դեղձի համով

ընկույզով

պլոմբիր եմ ուտում:

Լավ դե դու էլ,-

ծիծաղեց:

Մտնում ենք ներս

ու կանգնում

պաղպաղակ սիրողների

հետ:

Վաճառողներին սպառնացող

կամ հայհոյող չկա:

պախմելների կամ ցավի

հոտ անգամ չկա:

Էստեղի հանգիստ

վիճակից լարվում եմ:

Գեղեցկության մրցույթին մասնակցող

բորոտ եմ ինձ զգում:

Վերջապես մենք էլ

ստացանք մեր

պլոմբիրները:

Մեքենայում նստած

ուտում ենք:

Ընդունում եմ՝ համով են՝

նոր ու հետաքրքիր աշխարհ

(բոլորն ասում են,

որ տեսքս լավ ա.

մի պահ մտածում էին՝

ոտերս կտնկեմ)

էն 4500 վատ գիշերները,

բանտերը, հիվանդանոցները….

էդ նույն գիշերն էլ

գործիքս պետք եկավ,

ու էդ չքնաղ ա,

երկար ա ու ճիշտ:

Դրանից հետո

թեթև բաներից ենք խոսում՝

գլուխներս` բաց պատուհանից

ներս լցվող լուսնի լույսի տակ:

իրար գրկած քնած ենք:

Պաղպաղակով մարդիկ

վրաս լավ են ազդում՝

թե՛ ներսից, թե՛ դրսից:

Ածելու կտրվածքներ

Ամեն բան սխալ է,- ասաց,-

Մարդկանց տեսքը,

Երաժշտության հնչյունները,

Բառերն էլ էն չեն:

Ամենը սխալ է.

այն, ինչ սովորում ենք,

Սերը, որ հետապնդում ենք,

Մահերը, որ ապրում ենք,

Կյանքերը, որ անցնում ենք

Ամեն բան սխալ է,

գրեթե միշտ սխալ՝

Իրար հետևից ապրած կյանքեր,

Որ դառնում են պատմակույտեր,

Տեսակները, որ վատնում ենք,

Լույսը, որ մարում է,

Ընթացքը, որ կանգնում է,

Ամենը սխալ է, – ասաց, –

գրեթե միշտ սխալ:

Ըստ քեզ՝ չգիտե՞մ՝ հարցրի:

Ու հեռացա հայելու մոտից,

Առավոտ էր, կեսօր, գիշեր…

Ոչինչ չէր փոխվում,

Ամեն ինչ դոփում էր տեղում,

Մի բան բռնկվում է,

մի բան՝ կոտրվում,

Ինչ-որ բան էլ՝ մնում:

Աստիճաններով իջա ցած՝

դեպի կյանք:

 

 Արմավենու տերևներ

Լոս Անջելես

ուղիղ տասներկուսին,

1973 լույս 74-ի կեսգիշերին,

պատուհանիցս էն կողմ

անձրև տեղաց արմավենու տերևների վրա,

ազդանշանների ու հրավառության պայթյունների հետ

որոտաց ամպրոպը:

երեկոյան իննին պառկել էի արդեն,

անջատել էի լույսերը

ու մտել վերմակի տակ՝

ծածկվելով նրանց խինդ-ուրախությունից,

բղավոցներից ու թղթե գլխարկներից,

մեքենաներից ու կանանցից,

հարբելու խղճուկ փորձերից

սարսափում եմ Նոր տարվա գիշերից

կյանքն ի՞նչ գիտի՝ տարիներն ինչ են

հինգ րոպե

տևեց ընդամենը,

ու հրավառությունը

մարեց,

լռեցին ազդանշաններն ու ամպրոպը

միայն արմավենու տերևներին
թափվող անձրևի ձայնն եմ լսում

ու մտածում,

որ մարդկանց չեմ հասկանա: Երբեք:

բայց դե դրա միջով էլ անցա:

Երբ ինձ մեռած եմ պատկերացնում

կանգնեցրած մեքենաների

մասին եմ մտածում

երբ ինձ մեռած եմ պատկերացնում

թավաների մասին եմ մտածում

երբ ինձ մեռած եմ պատկերացնում

մտածում եմ, որ ինչ-որ մեկը հետդ է քնում

երբ չկամ

երբ ինձ մեռած եմ պատկերացնում

դժվարությամբ եմ շնչում

երբ ինձ մեռած եմ պատկերացնում

մահին սպասող բոլոր նրանց մասին եմ մտածում

երբ ինձ մեռած եմ պատկերացնում

մտածում եմ, որ էլ չեմ կարողանա ջուր խմել

երբ ինձ մեռած եմ պատկերացնում

օդն սպիտակում է

խոհանոցիս սարսուռներն[1] էլ սկսում են դողալ

ինչ-որ մեկն էլ պիտի դեն շպրտի

մաքուր ու կեղտոտ

ներքնաշորս


ծն.

[1] Տարական միջատի արևմտահայերեն անվանումը սարսուռ է

Show Comments Hide Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *