***

Քեզ շոյել է մեր ամբողջ բակը իր խոսքերով՝

(բամբասանք, հայհոյանք, զվարճանք),

իր աչքերով՝

(տղա, աղջիկ, փնթի տղամարդիկ),

իր դեպքերով՝

(պատի տակ, տանը, սրճարանում և այլն):

***

Ես բովանդակություն եմ,

բայց ինքնամփոփ.

հազար տարի է,

ինչ չեմ լսել ինձ,

կորցրել եմ երաժշտությունս դրամապանակի նման,

մնացել եմ անտեր թափառական,

ով իր ուղղությունը փնտրում է արևի հետ։

Ես շողում եմ իմ տխրությունից,

մի պատճառ,

որ գետի նման հոսում է իմ մեջ,

փոխվում են թվերը,

հետո ամիսներ,

տարին էլ երազի պես բան է…

(ես դեռ գնում եմ իմ երաժշտության հետևից):

***

Սրճվում էի օդի հետ,

նա փորձում էր քերել ինձնից իմ մտքերը,

սակայն ապարդյուն.

տրամադրությունը քերել էր արդեն ինձ իր ճանկերով.

հասավ խորքերը,

քրքրեց մեջս,

տնտղեց հոգիս,

հալ ու մաշ արեց,

շպրտեց այս ու այն կողմ…

Ասես մի քամի է,

որ հյուսիսից ապտակում է հարավում գտնվող մուրացկանին,

ով կծկվում է իր մեջ երկրի թեթև ու նուրբ շարժումից:

***

Մի ցանկություն ունեի.

Կտրել օվկիանոսի ջրերը,

Անցնել հողով ծածկված հարությունները,

Չքվել անհող ջրերում,

Որտեղ կլսեմ միայն ձայնը ջրի…

Երբ նա ապտակի իր ձեռքերով,

կիմանամ՝ նեղացել ես:

Երբ կգրկի իր ալիքներով դեմքս,

Կհասկանամ, որ կարոտել ես:

***

Պատերազմը լափել էր քեզ.

դու արյուն տեսած ոսկոր էիր,

ձեռքերդ միայն հրացան էին բռնում։

Նա էր քո սիրուհին, սիրեցյալը կամ ընկերուհին։

Այս կյանքում միայն նրան էիր սեր խոստովանել,

նա էր տվել համաձայնությունը իր ձեռքը բռնելու։

Ձեր նախաճաշը սկսում էր նոր դիակներով,

ավարտվում՝ արյունոտված արահետներով…

Պատերազմը տալիս էր իր ճաշը,

դու ուտում էիր այն։

Սպանելը դարձավ քո մասնագիտությունը,

իսկ թիվ հաշվելը՝ ձեռբերումը…

Բռնի՛ր քո զենքը, բռնի՛ր քո սերը, փակի՛ր բերանը,

մի՛ համբուրիր շուրթերը նրա,

թե չէ նոր արյունով կլվանա իր քաղցը։

Քայլելիս շնչեցիր ավերված քաղաքների ծուխը,

մոխիրը քեզ ճանապարհեց դեպի մյուս դուռը…

Պատերազմը քեզնից խլեց անմեղության դրոշը։

***

Կեսգիշեր էր.

հարևանի շունը խրատ էր կարդում իր ցեղակիցների գլխին։

Բոլորը հաչում էին (այսինքն խոսում) միաձայն ու պոռթկուն,

սեր էին խոստովանում,

թե ուղարկում գրողի ծոցը միմյանց,

դա կարևոր չի…

Սիրում եմ այս փիլիսոփայությունը.

նրանք հասկանում են միմյանց, այդպես են նրանք սիրով զբաղվում։

***

Ժողով էր. հավաքվել էին պոետները

(Բոդլերը, Փաունդը և Բրոդսկին):

Պճնված ֆրանսիացին արտասանեց իր ճառը՝

ազդարարելով մոդեռնի գալուստը։

Ֆաշիստական համազգեստով ծերուկը գոռում էր

(Ստեղծե՜ք նորը)…

Էմիգրանտը, նայելով երկուսին, վերցրեց գրիչը.

նամակ ուղարկեց Մարիային:

***

Հիշում եմ Համսունի սովը…

Այ էդ տիպի սոված եմ.

նոր արկածների,

թռիչքների,

վայրէջքների…

Ուզում եմ գլխիվայր շուռ գալ մեջս,

քանդեմ ամուր կապած վերքերս,

խոսեմ նրանց հետ, ասեմ բարի լույս սոված գայլերին։

Հոտառության ներքին բնազդը կդրդի նրանց նորից արյունոտել ինձ…

Այ էդ տիպի սոված եմ նոր զգացումների,

զեղումների,

ձեռքբերումների,

կորուստների

(ես մի շրջան եմ, որ պտտվում եմ իմ հիշողության ուղեծրով. այ էդ տիպի սոված եմ):

***

Եթե իմ սպիերը քո համար գեղեցիկ կտավ են ,

մի՛ շտապիր հիանալ.

նրանք արյունով են ներկված:

Եթե փորձես կարդալ նրանց,

նրանք կփախչեն քեզնից,

ձեռագիր չեն գրված…

Իմ սպիերը վատ գրականություն են ընթերցողի համար:

***

Հուսահատվածների լույսը

Դու բուրում էիր ինչպես սուրճը:

Քո տան սենյակում նշմարվում էին ծխախոտի հատիկները, որոնք սպառել էին իրենց մարգարեական խոսքը,

դատարկ շշեր,

որ նեղսրտել էին սենյակի անտարբերությունից,

գրքեր որոնք սպասում էին անծանոթի հետաքրքրությանը,

կոշիկներ,

որոնք նայում էին դեպի վեր առաստաղ,

թե երկինք՝ այդ ես չգիտեմ,

տանջվում էին քար լռությունից:

Միայն դու էիր բուրում ինչպես սուրճը՝ գոհ լինելով այս կյանքից:

***

Ես անկում եմ ապրում, օր օրի սիրահարվում եմ այդ հրեշին ,

որ խժռում,

գայղթակղում է ինձ։

Ես ընկնում եմ նրա հետևից,

փորձում եմ բռնել ճանկերովս,

նա խուսափում է՝ փորձելով մեջս գրգռել կրակն ու մեղքը։

Նրան խաղ է պետք,

իսկ ես խաղալիքն եմ

ինձ շպրտում եմ այն կողմը, ուր իր կամքն է տանում…

Նա թողնում է ինձ մենակ,

ես փորձում եմ պատսպարվել ունայնության մեջ,

ունայնությունը գրկում է առանց վարանելու…

Նա բոլորին է գրկում, բոլորս կուսազրկվում ենք անխտիր:

***

Թարգմանիչ եմ,

թարգմանում եմ աչքեր՝ լցված ցավի և զվարճության թաղանթով,

կանանց մարմիններ,

որոնք դառնում են դեռահաս տղաների երազների կուռքը,

հետո նրանք փակվում են զուգարանում,

դե ,գիտեք՝ տրվում են երազին՝ ողողելով զուգարանակոնքին ջահել հիշողություն:

Մի օր կհիշեն իրենց հերոսությունները՝ պատմելով թոռներին և կասեն,

որ նվաճել են կանանց մարմիններ՝ փոքր ու մեծ,

ձեռքներին խաղալիք բռնած:

Show Comments Hide Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *