[ Լսի, աղջիկ ջան, էդ սերդ, որ էդքան պահածոյացրել ես, բոլ-բոլ կհերիքի մի 100 ձմեռ, հերիք ա։ Մի՛ փնտրիր ավելին, քան կա։ Իսկ կա մարմին, որը պետք ա շարժման մեջ դնել, ու մարմինը առանձին չի, ու քո հոգևոր կայֆերն էլ մի օր կլինեն, կամ չեն լինի։ Եղավ։ Թե չէ ոնց որ տատուս մառանը լինես, ինչ ասես կա, բայց ում համար։ Չկան մարդիկ, չկա երբեմնի ընտանիքը։ Ընտանիքը սփռվել, տարածվել ա հորիզոնական հարթությամբ ու տարբեր գիշեր ցերեկներ ունեցող տարածքներում։  Բայց տատը հին սովորույթի ուժի համաձայն իրան կոտորում ու ասենք մի 40 բանկա աջիկա ա փակում։ Ո՞ւմ համար, տա՛տ։ Ու քեզ թվում ա՝ տատդ գտավ կյանքի իմաստը, կամ տատուդ տատը, կամ տատուդ տատուդ տատը։ Ու ինչի համար ա էդ ողջ տառապանքը, ու հանուն խի ա մարմինը ողջ պահելուն ուղղված էս տիտանական ջանքը, որ թափվում ա բոլոր բոլորի կողմից։ Անդադար։ Միշտ։ Ամեն օրով։ Հանուն գեղեցկությա՞ն։ Հանուն համի՝ որ զգում ես, երբ կծում ես դեղձը, ու հյութը առատ լցվում ա լեզվիդ ու ատամներիդ։ Հանուն մայրամուտի, որն անսահման գույներ ա տալիս ու մղում ա մտածել իմաստի մասին եղածի։ Հանուն հետազոտելու ու գաղտնի բաներ իմանալու գոյության ու աշխարհի կարգի մասին։ Հանուն սիրուն շորերի ու սիրուն մարդու սիրուն ժպիտի, հենց այնպես, խմիչքի ու սիգարետի արանքում առաջացած։ Հանուն խի։ Աղջիկ։ Ու դու ունես երազանք կամ էդքան ուժ գնալու դրա հետևից ու ի վերջո ունենալու պատասխանը։ Է՜հ ]։

Կայֆավատի տակ ճմռթված մեծ մենակություն։ Ու ձանձրույթ։ Կայֆ ու ձանձրույթ։ Մոտավորապես դրախտ։ Մարդկանց մսերը աջուձախ ես թռցնում։ Ոնց որ մատով չափալախես։ Աջ, ձախ, ձախ, ձախ, աջ։ Չեմ հավանում, հավանում եմ։ Սուրեն 33, Արամ 30, Կարեն 29, Մհեր 26, Լ 25, Ծյոմ 22։ Թինդեռը, մեր պահպանողականությունը, դրա միջից ապրած ազատամտությունը կամ դրա փորձը, ավանդույթն ու մեր վերաբերմունքը դրան, ժամանակակից կյանքը, մեր անվերջ ցանկությունները, մարդկանց շատացող վախերը, շտապողականությունը, կրճատված անուններն ու սեքսը։ Իմ ընկերուհի Նինան, որ մի քանի տարի ապրում էր Երևանում ու ունի աջաբսանդալային գեներ՝ մի քիչ ուկրաինացի, մի քիչ հայ, իսպանացի, հետն էլ ծնվել է Նահանգներում․ Նինան սովորած հայերենով ու իրա տարօրինակ քաղցր ակցենտով միշտ ինչ-որ բառակապակցություններ էր գոռում, օրինակ՝ մամադ ուր է, որովհետև լսել էր, որ երեխաներին անդադար հարցնում են՝ մամադ ուր է, ու մեկ էլ մի ուրիշ բան՝ արի սեքս անենք։ Ու անհեթեթ էր ահավոր Նինայի ասածը, որովհետև ինքը անառիթ էր ասում, ամենաանպատեհ պահին։ Ու միշտ լուրջ դեմքով: Որին հաջորդում էր հռհռոցը:

Ու Թինդեռը Նինայի ասածի պես մեծ ու անհեթեթ գոռոց ասես լինի՝ օդ շպրտված՝ արի սեքս անենք: Որը լուրջի, անհեթեթի ու թեթևության արանքում ճախրող սավան է։

Ցույց տուր ինձ քո միսը, ես կորոշեմ ու մենք արագ ու անջանք կունենանք սեքսի առիթ: Հա ինչ: Բա չէ, զահլա կա: Սեր, չէ մի չէ։ Սերս ո՞րն է։ Ես կտեղադրեմ իմ նկարները։ Դու էլ քոնը։ Կամ էլ ես կտեղադրեմ անկապ մի նկար։ Իմ ընկերուհու ամերիկացի ընկերն ասում է՝ տղամարդը պատրաստ է գրել ցանկացած պատկերով մեկին, եթե ենթադրի, որ պատկերի տակ թաքնվածը կին է։ Կարող ես դնել կակտուսի նկար կամ անձեռոցիկի, վնաս չունի։ Կգրեն։ Մի օր Նինան ասեց՝ Անահիտ, դու թուրքերեն գիտես, արի էս տղային գրի թուրքերենով։ Ու ես իմ իմացած-չիմացած բաներն էի գրում։ Մենք ծիծաղում էինք։ Մենք ընկերներով հավաքվում, հռհռոցներս միացնում ու սահեցնեում էինք մատները էկրանի վրայով։ Ու գտնում էինք մեզ ծանոթ-անծանոթ տղաների պատկերներ։ Հլը սրան նայի, փոքր ա, բայց գրել ա, որ 30 տարեկան ա։ Հա, աղջիկ ա ուզում կապի, բայց խի՞, ընկերուհի ունի ու հաստատ հետը սեքս էլ կանի։ Բա խի՞ ա ստեղ։ Եսի՞մ։ Ինչի փաբում նստած նույն տղան չի մոտենա ու չի խոսա քո հետ, բայց էկրանից էն կողմ, իր ծիտ նկարը առաջ տված կգրի ու համարձակություն կդրսևորի։ Հանուն խի՞։ Ես մտածում էի էդ տղաների մասին, ու համ էլ աղջիկների՝ իրենց դիլխոր սպասման ու զգացումի իշխանության տակ սիրունացած։ Տղորայք, ոնց որ ասես՝ դեղորայք, տղորայք, վախիլ միք։ Փաբը՝ կուչկա-կուչկա բիսեդկա, հեղուկ դատարկոցի, ծխի ներս քաշոցի։ Ու վսյո։ Խոսակցության բացակայություն։ Տղերքն իրենց համար լուռ, իրար մեջ, իրար հետ դարդ կիսեն ու նկարներ կիսեն ստեղ-ընդեղ, տակն էլ որպես նկարագրություն գրեն՝ ինձ մենակ թողեք։

Իմ ծանոթ կանայք, ովքեր ասում եմ Թինդեռ մտնելու իրենց պատճառ-տրամադրությունները․

1․ Էն օրը տուն եկա գործից`հոգնած ու Թինդեռ մտա, ասի՝ տեսնեմ ի՞նչ կա, չկա։

2․ Ես Թինդեռ ձանձրույթից եմ մտնում։

3․ Իմ շրջապատի տղերքից դուրս ուրիշ տղաների հետ եմ ուզում ծանոթանալ։

Ինչի՞ կգրանցվես Թինդեռում։ Ինչի՞ կդնես նկար։ Ինչի՞ չես դնի նկար։ Տղաների ու աղջիկների՝ Թինդեռ մտնելու պատճառները բազմազան տարբեր են։ Աղջիկները մտնում են մենակությունից, տղերքը՝ լոքշից։ Բայց երևի թե լոքշն էլ մենակության ձև է ու մենակությունը՝ լոքշի։ Ու բոլոր զրույցները Թինդեռում՝ հատիկ-հատիկ, մի հատ մեծ չկայացած զրույցի փշրանքներ են։ Թինդեռը մարդկանց միջև եղած փոս է ու զրույցի բացակայության հավաստիք։ Էս տղերքը, էս աղջկերքի հետ չեն կարողանում խոսել ու էս աղջկերքը էս տղերքի հետ չեն կարողանում խոսել ու գնում են մի տեղ, որտեղ միակ անելիքը սկսում է խոսելուց։ Ինչ տարօրինակ է, չէ՞։
Հավելվածն ասում է՝ դու համընկար սրա հետ, դուք իրար նկարի վրա նույն շարժումն եք արել նույն ուղղությամբ՝ հավանել։ Հետո հայտնի ասույթը երևի թե վերաձևակերպենք ու ասենք՝ սերը (թերևս պաթետիկ ու անտեղի հնչի էստեղ, ինչևէ) ոչ թե իրար նայելն է, այլ ձեռքի շարժումը նույն ուղղությամբ։ Տեխնոլոգիական փիլիսոփայություն։
Ու սաղ կյանքդ էդքան արագ ու էդքան շատ համընկնումներ չեն եղել, որքան էդ տեղում։ Հուհու՜։ Դուք իրար համընկաք ու ձեր նկարները արագ իրար կողքի հայտնվեցին։ Ինչ հե՜շտ։ Տես՝ դուք արդեն իրա հետ նկար ունեք։ Երկու կլորակ՝ ձեր դեմքերը իրա մոտ՝ քո անձեռոցիկ նկարն ու իրա շտանգիստ նկարը՝ եսիմորտեղից դաունլոդ-ափլոդ արած։ Տենց։ Զրույցը ծավալվեց։

-Barev։
-Բարև։
Միշտ հետաքրքիր է՝ հայատառ կգրեն, թե չէ։
-Urax em canotutyan hamar.
Ուզում ես ասել՝ ջանս, հլը համբերի, ինչ ծանոթություն։ Անձեռոցիկն ու շտանգիստը։ Կատարյալ զույգ։ Բայց դե պետք է ձևը պահել ու ասում ես․
-Ես էլ։
-Insta unes?
-Չէ։ /Բայց դե յարգե ունես։/
-Inchi hamar es stex?
-Այսի՞նքն։
-Sexi?

-Ձմերուկի։ Միմիայն ձմերուկի։

Երբեք ու ոչ մի տեղում հայ տղամարդիկ այդքան կողմնորոշված չեն եղել, որքան Թինդեռում։
Ցանկությունը՝ սեխ։
Ակնկալիքը՝ սեխ։
Ամեն ինչ՝ հանուն ու ի նպաստ սեխի։
Զարգացնենք սեխարտադրությունը։

Իսկ աղջիկները, սեխ են ուզում, բայց երևի թե ամաչում են ասել, որ ուզում են, որովհետև դե ում հետ պետք է էդ անտերը անեն, (իրավամբ շատ անտեր վիճակում է սեքսը Հայաստանում) տղաների, չէ՞, իսկ տղաները քուլ բոթոների, ծիտ շորերի ու սանրվածքի տակ պատսպարված թավ ունքերով ֆիդայի են, ամենաազատամիտ հայ տղան էնքան քյարթու բան կասի ու էնքան կաղապարի տակ մնացածի պես կգործի ու կապրի, որ կասես, եղավ ախպերս, ծոծորակդ կտեսնես, հա՛, միմիայն ծոծորարկդ։ Ու կան մարդիկ, որ կարծես վիրավորանք լինեն մարմնիդ: Ըղղղ։ Ու նորից կվերադառնաս ու կկանգնես պատի առաջ։ Ու փակ խմբերով կշրջանառես նույն մտքերն ու խնդիրները չստացվելու մասին։

Թինդեռյան իմ զրուցընկերներից մեկն ասեց, որ Թինդեռի օգտատերերի մեծ մասը չի հասկանում, թե դա ինչ է, 80%-ը լուրջ հարաբերություն է ման գալիս, խոսքը աղջիկների մասին է, իսկ տղերքը՝ սեքս։ Այսինքն՝ տղերքը շատ ավելի ճիշտ են հասկացել հուկափի պահը․ «Ես աղջիկներին չեմ մեղադրում, քանի մենք քարանձավում ենք ապրում, տենց ա լինելու։ Մեր մոտ մեծ մասը սեքսին վերաբերվում ա պիզձեց ձևով, որ չի կարա պռոստը մեկի հետ քնի, ում ասենք հավանում ա ֆիզիկապես, խածյա մերոնք չգիտե՞ք, ոնց կարելի ա ֆիզիկապես հավանել»։

Վիքիպեդիան ասում է՝ Թինդեռը տարածքով պայմանավորված սոցիալական որոնման հեռախոսային հավելված է, որը թույլ է տալիս օգտատերերին հավանել կամ չհավանել այլ օգտատերերի։ Օգտատերերը կարող են իրար գրել, եթե երկու կողմը փոխադարձաբար հավանի իրար։ Հավելվածը գլխավորապես օգտագործվում է hookup-ի համար, ես դա թարգմանում եմ կոճկվել (զուտ սեքս)։ Ուստի նորից ասենք՝ հավելվածը օգտագործվում է կոճկվելու համար։ Թերևս չստացվեց, դե ոչինչ, Թինդեռն էլ իրականում Հայաստանում չի ստացվում։  

Հայ տղամարդը դրան՝ կոճկվելուն, կասի՝ սեքս առանց հարցերի։ Որովհետև հարցը կսասանի հայ տղամարդու ողջ առնականությունը ու քարացած, ջեբում պահված պատասխանը ու կստիպի մտածել, իսկ դա վտանգավոր է առողջությանը։ Հայ կինն էլ իր հերթին շատ հետաքրքրահարցասեր է․ երկու կողմն էլ պակաս ինքնաբավ։ Բայց գոնե կնոջ կողմից կա խիզախման փորձ ու իրեն անծանոթ ու անհարմար իրավիճակում դնելու կամք։ Տղամարդկանց մոտ անհասկանալի նիրվանայախառը վախամիցին է, որը երևի թե գալիս է նաև նրանից, որ իրենց մայրերն իրենց ասել են՝ բալե՛ս, հեռու մնա էդ բոզերից, դրանք շառ են ու տղամարդու համար բոզ է երևի ցանկացած ինքնուրույն կին, որ դուրս է հայ ավանդական կնոջ պատկերացումից ու ով վախ է ներշնչում, որովհետև անծանոթ է, որովհետև մի տիպի նշան է, որը չի կարդացվում։ Ուստի՝ պետք է հեռու մնալ շառից ու փորձանքից։ Թու-թու-թու։

Ամեն հասարակություն ինքն է ձևավորում որևէ բանից օգտվելու իր կանոնները։ Եթե ի սկզբանե Թինդեռը ստեղծվել է մարմնի անպատասխանատու հաճույքի համար, որ մարդիկ տեղում նստած, առանց տանից դուրս գալու մուտք ունենան սեքսի օբյեկտների ցանկ, ընտրեն, կտտացնեն վրան, ապա Հայաստանում դա չի գործի ու կձևավորվի նոր տիպի հարաբերությունների ու կիրառության մոդել։ Ինչը շատ նորմալ է։ Եթե մեր արվեստագետներից շատերը ուղղակի վերցնում են արևմտյան արվեստի պրակտիկաները՝ առաջացած ու ձևավորված արևմտյան մշակույթում, ապա գոնե Թինդեռում այդպես չէ։ Հայաստանում ապրող մարդը շատ չգիտի, թե նյույորքներում նստած մեկը ինչ նպատակով է օգտագործում Թինդեռը․ ինքն ունի իր կարիքը, որից ելնելով էլ գործում է։ Հիմա եթե Հայաստանում ապրող որևէ աղջիկ ուզում է փարատել իր մենակությունը ու իր համար օգտակար է համարում կամ գոնե փորձում է օգտակար համարել Թինդեռը։ Ի սեր աստծո, թող փորձի։ Քավ լիցի։ Քավ լիցի՝ խմենք։

Սովորաբար, զրույց ծավալելը ցանկության շարունակությունն է, ինչ-որ մի բանից հետոն, բայց Թինդեռում ցանկության տեղ չկա, գրելուն չի նախորդում կոնկրետ պատմություն ունեցող ցանկություն, այլ ցանկությունը հենց գրելն է որպես նպատակ։ Գրելն ու չիմանալը․ կարող ես գրել հարյուրների ու վրիպել ու ձանձրանալ ու ձանձրույթը ավելի շատ մղի գրելուն եսիմում։ Ոնց քո ներսում կկատարվի ընտրությունը ու ում նկարի վրա աջից ձախ կանես, չես էլ իմանա։ Թինդեռը անհասկանալի արհեստական խաղալիք է, որով չգիտես՝ ուզում ես խաղալ, թե չէ։ Թինդեռը նարնջակարմրավուն կինդեռ սյուրպրիզ, ուր կա մանուշակ մանկապարտեզի թեթևությունն ու անակնկալի սպասելիքը։ Բայց իր նշանը՝ բոց, ոնց հանկարծակի ոչ մի տեղից բռնկվի, այդպես էլ հանկարծակի կմարի։ Բայց ոնց ասում է մեր մեծերից մեկը՝ խաղը երեխայի լրջությունն է ու մենք շատ լուրջ ենք խաղերի մեջ։

Խաղի փորձ
N1

Hi, thank you for swiping.
Thank u too.
It this your real name?
Այո, իսկ ձերը։
Իմն էլ։
(հայատառ է գրում, արդեն լավ է)
-Ինչի՞ նկար չունեք։
-Նկարը խանգարում է երևակայության թռիչքին։ [Պաթետիկ կռուտիտ:]

Շատ տարօրինակ է կյանքի միքսը։ Կյանքը հենց ինքնին միքս է՝ խառը հոսք։ Սովորական ապրելը ու տարբեր բաների մեջ լինելը։ Ու նաև զգալը, որ մի բան հոսում է, դու էլ՝ հետը․ ի՞նչ ես կարդում տվյալ պահին, ի՞նչ լուր ես իմանում, ի՞նչ երաժշտություն ես լսում, որտե՞ղ ես գտնվում, ումերո՞վ ես շրջապատված, ի՞նչ ես անում, հարմար է արդյոք աթոռը, որին նստած ես, թե չէ․․․ու մեկ էլ էդ իրարանցման մեջ ինչ-որ եսիմում հետ չաթ ես անում ոչ մի բանի մասին։ Տարօրինակ-տարօրինակ կյանք գոյություն։ Կներես Մեսչյան։ էս մի չաթը Թինդեռում շատ լավ եմ հիշում։ Ես կարդացի ֆեյսբուքում՝ Շառլ պապիկը մահացավ։ Չեմ ուզում գրել տխրությունը, որն իր հետ բերեց։ Հիմա դրա հավեսը չկա։ Ուղղակի հենց այդ վայրկյանին հեռախոսը դռռաց։ Թինդեռ։ Ես գրեցի իմ իմացած լուրը՝ Շառլ Ազնավուրը էլ չկա։ Ես գրեցի առաջին պատահածին։ Ու հուզվեց էդ տղան։ Որտև ինքն էլ էր Շառլ սիրում։ Ու ես հուզվեցի սարսափելի։ Հետո էդ տղան թե․

– Ես հաստատ պետք ա քեզ ճանաչեմ, դու ինձ ասեցիր Շառլի մահվան լուրը։ Մի անծանոթ աղջիկ․․․․

– ․․․․ /չեմ պատասխանում, որովհետև զբաղված եմ ու չեմ տեսել/

Հաջորդ նամակը․

-Ես պետք ա տեսնեմ քո նկարը, լա՜վ աղջիկ։
-Բայց ի՞նչ գիտեք, որ աղջիկ եմ, գուցե գեյ տղա եմ։

Հաջորդ քայլը՝ բլոկ։

Ես էդ վայրկյանին, էդ աբսուրդի մեջ սկսեցի քահ-քահ ծիծաղել։ Ինչի՞ էլի։ Թեկուզ եթե գեյ եմ, ի՞նչ էի անելու Թինդեռում․ օնլայն բռնությո՞ւն, վիրավորանք իր տղամարդկային արժանապատվությա՞նը, հայհոյանք իր ցեղին ու տոհմի՞ն։ Ի՞նչ։

Խաղի փորձ
N2

Որ հետաքրքիր լինի կյանքը Թինդեռում ու որ ձանձրույթից չմեռնեմ, որոշեցի գործի դնել մի խաղ։ Տեղադրեցի Զապել Եսայանի նկարը, ու հավանողը նախ պետք է ասեր՝ ում նկարն է, եթե չի գուշակում, պետք է ուղղորդել՝ ոնց գուշակի, եթե դա էլ չի անում, պետք է ասել՝ հաջողություն։ Ու մի շարք սիրատոչոր հայ տղորայք սեքսաբաղձ հայացքներով գուգլում որոնում էին Զապելի նկարը։ Մի քանի հետաքրքիր պատասխան էլ պատահեց։

Մեկը գրեց՝ Zapel Esayan is it you?

Մյուսը՝ – Ինչ կայֆ նկար ա։
            – Դե ասեք՝ ում նկարն ա։
            – Զապել Եսայան։
            – Գո՞ւգլը ձեզ օգնական։
            – Օշական կարդացած մարդուն գուգլ պետք չի։

Իմ համբերությունը հերիքեց ևս մի քանիսին ու վերջ։ Մտածեցի՝ կարելի է ազգիս ծանոթացնել հայ կին գրողների, մեկ է թինդեռներում նստած տղաները որոնում են կանանց, թող լինեն անցյալից եկած կանայք, ի՞նչ վատ է որ։ Կինը կին է։ Մեկ է պատկեր է, հիմա էսօրվա մարդու պատկեր է, թե անցյալից ինչ-որ մեկի, ի՞նչ տարբերություն էկրանին նայող մարդու համար, տափակ հարթություն է՝ եռաչափության խոստումով։

37 մեգաբայթ ազատ տարածություն։
Ընտրել՝ Թինդեռ։ Ուզո՞ւմ եք ջնջել։
Հաստատե՛լ։
Թինդեռից առաջն ու հետոն՝ կուշտ ձանձրույթ ու տեսնելու լրացուցիչ հոգսի բացակայություն։

Հուհ։
Ջնջելու գործողությունը ոնց որ տեխնոլոգիական մեդիտացիա։
Կան պատկերներ, որ նկարում ես, որ հետո ջնջես, դզվես։
Նկարես։
Ջնջես։
Դզվես։
Էսօրվա մարդուն էսօրվա տեխնիկան տալիս է մշտապես լուրին, զանգին, նամակին սպասելու անիմաստ ու անկապ ճիգ։
Կապվածություն ուրիշին։
Լայքին։
Մեկնաբանությանը։
Նկարին, որտեղ դու ես, բայց էլ իշխանություն չունես դրա վրա։
Էսօրվա տեխնիկան տալիս է աշխարհին մշտարթուն հասանելի լինելու մելամաղձ։ Նկար է, որտեղ դու ժպտում ես։ Կես ժամ հետո նայում ես՝ էլի ժպտում ես։ Մի հատ ծխում, գալիս ես, մութն ընկել է, բացում ես պատկերը՝ էլի ժպտում է։ Տեղ կա, ուր միշտ ժպտում ես։ Սա հասանելի լինելու դատապարտվածություն է։ Սա բռնված պատկերն է։ Սա տեղ է, ուր միշտ ժպտում ես։
Ու։
Էդ։
Ահավոր։
Է։

37 մեգաբայթից հետոն թեթև է։
Մի պակաս դռոց էս դռդռան կյանքից։

Թինդեռից մնացած հոգեկան հիվանդությունը փողոցում սրվում է։ Անցնող մարդիկ կարծես հերթագնա պատկերներ, որոնց ուզում ես հերթով մերժել՝ մոտենալ անծանոթին, բոլորին, բոլոր անծանոթներին անխտիր, երկար կամ արագ նայել ու մատդ դեմքով սահեցնել ու շատ-շատ ուշադիր լինել ու անել ներքևի ձախից աջ ու ոչ հակառակը։
Ձախից։
Աջ։
Ու։
Ոչ։
Հակառակը։

Show Comments Hide Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *