Երբեմն կյանքն ընդամենը սուրճի մեջ է ու այն մտերմության, որ մի բաժակ սուրճը կարող է ապահովել: Մի անգամ սուրճի մասին բան էի կարդում: Գրված էր, որ այն օգտակար է, բոլոր օրգանների աշխատանքը խթանում է:

Սկզբում մտածում էի՝ տարօրինակ դիտարկում է, ոչ այնքան հաճելի, բայց ժամանակի հետ հասկացա, որ այն, թեև սահմանափակ, բայց իմաստ ունի: Բացատրեմ՝ ինչ նկատի ունեմ:

Երեկ առավոտյան գնացել էի մի աղջկա տեսնելու: Հավանում եմ նրան: Մեր միջև ամեն ինչ արդեն ավարտված է: Նա թքած ունի ինձ վրա: Ամեն ինչ, ցավոք, արդեն փչացրել եմ:

Դռան զանգը տվել ու աստիճաններին կանգնած՝ սպասում էի: Լսում էի՝ ոնց է շարժվում վերևում: Շարժվելու ձևը հուշում էր, որ նոր է վեր կենում: Քնից հանել էի:

Հետո սկսեց իջնել աստիճաններով: Նրա մոտենալը որովայնումս էի զգում: Ամեն մի քայլը բորբոքում էր զգացմունքներս ու անուղղակիորեն տանում դեպի դռան բացումը: Ինձ տեսնելը նրան հեչ դուր չեկավ:

Իսկ մի ժամանակ դուր էր գալիս՝ անցած շաբաթ: Ինձ միամիտի տեղ դնելով՝ հետաքրքրվեցի, թե ինչ է եղել:

– Ինձ տարօրինակ եմ զգում, – ասաց նա, – չեմ ուզում խոսել:

– Մի բաժակ սուրճ եմ ուզում, – ասացի ես, քանի որ դա վերջին բանն էր աշխարհում, որ ուզում էի: Այդ բառերն այնպես արտասանեցի, ասես նրա համար ուրիշից ուղարկված հեռագիր էի կարդում, մեկից, ով իրոք մի բաժակ սուրճից բացի աշխարհում ոչինչ չէր ուզում:

– Լավ, – ասաց նա:

Նրա հետևից աստիճաններով վեր բարձրացա: Ծիծաղելի էր: Հենց նոր էր շորերը հագել: Դրանք դեռ չէին հասցրել նստել մարմնին: Հատկապես հետույքը լավ ընդգծվել էր: Մտանք խոհանոց:

Դարակից մի տուփ լուծվող սուրճ վերցրեց ու դրեց սեղանին: Տուփի կողքին բաժակ դրեց ու գդալ: Նայեցի դրանց: Ջրով լի մի թաս դրեց գազօջախին ու վառեց գազը:

Այդ ընթացքում ոչ մի բառ չասաց: Շորերն արդեն նստել էին մարմնին: Ես չեմ ուզում: Դուրս եկավ խոհանոցից:

Հետո աստիճաններով իջավ ու դուրս եկավ՝ փոստը ստուգելու: Կարծեմ ոչինչ չկար: Վերադարձավ ու մտավ ուրիշ սենյակ: Իր հետևից դուռը փակեց: Նայեցի գազօջախին դրված ջրով լի թասին:

Մի տարի պետք էր, որ ջուրը եռար: Հիմա հոկտեմբեր էր, իսկ թասի մեջ չափից շատ ջուր կար: Դա էր խնդիրը: Ջրի կեսը լվացարանի մեջ դատարկեցի:

Հիմա ջուրն ավելի շուտ կեռար: Վեց ամսից: Տանը լռություն էր:

Նայեցի հետնամուտքին: Այնտեղ աղբի պարկեր կային: Սկսեցի ուշադիր զննել դրանք, որ մնացորդներից ու կեղևներից փորձեմ հասկանալ՝ վերջերս ինչ է կերել: Չստացվեց:

Արդեն մարտ ամիսն էր: Ջուրը եռաց: Վերջապես:

Նայեցի սեղանին: Լուծվող սուրճի տուփը, բաժակն ու գդալն ասես թաղման պարագաներ լինեին: Ահա այն ամենն, ինչ պետք է մի բաժակ սուրճ ստանալու համար:

Երբ տասը րոպե հետո, մի բաժակ սուրճն իմ մեջ գերեզմանած, դուրս էի գալիս տնից, ասացի.

–  Շնորհակալ եմ սուրճի համար:

–  Խնդրեմ, – ասաց նա: Նրա ձայնը փակ դռան հետևից էր գալիս: Նրա ձայնն էլ էր հեռագրի նման: Իմ գնալու ժամանակն էր:

Մինչև օրվա վերջ էլ սուրճ չեփեցի: Ու դա լավ էր: Հետո երեկոն եկավ: Ռեստորանում ընթրեցի ու բար գնացի: Մի քանի բաժակ խմեցի ու մի քանի մարդու հետ խոսեցի:

Մենք բարերում ժամանակ անցկացնող մարդիկ էինք ու բարային թեմաներով էինք խոսում: Նրանցից ոչ ոք ոչինչ չէր հիշում, ու բարը փակվեց: Գիշերվա երկուսն էր: Պիտի դուրս գնայի: Սան ֆրանցիսկոյում ցուրտ էր ու մառախլապատ: Սկսեցի մառախուղի մասին մտածել, ինձ չափից դուրս մարդ ու չափից դուրս խոցելի զգացի:

Որոշեցի մի ուրիշ աղջկա այցելել: Մոտ մեկ տարի էր՝ այլևս ընկերներ չէինք: Ժամանակին շատ մտերիմ էինք եղել: Տեսնես՝ հիմա ինչի՞ մասին էր մտածում:

Քայլեցի դեպի նրա տունը: Նա դռան զանգ չուներ: Դա փոքրիկ հաղթանակ էր: Մարդ պետք է նկատի բոլոր փոքրիկ հաղթանակները: Գոնե ես այդպես եմ անում:

Նա բացեց դուռը: Մարմնի դիմաց զգեստ էր պահել: Աչքերին չէր հավատում, որ ես եմ:

– Ի՞նչ ես ուզում, – հարցրեց նա՝ արդեն հավատալով, որ ինձ է տեսնում: Առանց մի բան ասելու տուն մտա:

Շրջվեց ու փակեց դուռն այնպես, որ ինձ նրա կիսադեմը երևաց: Նույնիսկ զգեստն ամբողջովին մարմնին չէր էլ փաթաթել, պարզապես պահել էր առջևում:

Տեսա գլխից դեպի ոտքերը ձգվող նրա չընդհատվող մարմնագիծը: Այն ինձ մի տեսակ տարօրինակ թվաց: Երևի այն պատճառով, որ ուշ գիշեր էր:

– Ի՞նչ ես ուզում, – հարցրեց նա:

– Մի բաժակ սուրճ, – պատասխանեցի: Ծիծաղելի էր, որ նորից մի բաժակ սուրճ ասացի, երբ ուզածս բնավ էլ դա չէր:

Նայեց ինձ ու դեմքը փոքր-ինչ թեքեց: Ուրախ չէր տեսնել ինձ: Ժամանակի բուժիչ հատկություններից թող բժիշկները խոսեն: Ես նայում էի նրա չընդհատվող մարմնագծին:

– Ինչո՞ւ ինձ հետ մի բաժակ սուրճ չես խմում, – ասացի ես, – ուզում եմ խոսել հետդ: Վաղուց չենք խոսել:

Նա նայեց ինձ ու դեմքը շրջեց: Ես աչքերս հառել էի նրա չընդհատվող մարմնագծին: Ամեն ինչ վատ էր:

– Շատ ուշ է, – ասաց նա, – առավոտյան պիտի վաղ արթնանամ: Եթե սուրճ ես ուզում, խոհանոցում կա: Ես գնում եմ քնելու:

Խոհանոցի լույսը վառվում էր: Խոհանոցի կողմը նայեցի: Չէի ուզում ևս մի բաժակ սուրճ խմել մենության մեջ: Չէի ուզում մտնել ուրիշի տուն ու մի բաժակ սուրճ խնդրել:

Սկսեցի գիտակցել, որ օրս նվիրել էի շատ տարօրինակ ուխտագնացության, որից բոլորովին այլ ակնկալիքներ ունեի: Համենայն դեպս, ուզածս դատարկ սպիտակ բաժակի ու գդալի կողքին դրված լուծվող սուրճի տուփը չէր :

Ասում են՝ գարնանը երիտասարդի երևակայության մեջ սիրո մասին մտքեր են պտտվում: Հավանաբար, եթե բավարար չափով ժամանակ ունենա, մի բաժակ սուրճի համար էլ տեղ կգտնվի:

Show Comments Hide Comments

Leave a Reply

Your email address will not be published.