6 մասից բաղկացած հոդվածաշարը լույս է տեսել tert.am֊ում 2010 թ. նոյեմբեր֊դեկտեմբերին։ Սակայն այժմ այն հասնելի չի քանի որ tert.am֊ի խմբագրութունը երեք տարի առաջ սյունակագիրների, որոնց մեջ նաև Վիոլետ Գրգորայնի, ամբողջ արխիվը ջնջեց։

Մարտի 19֊ին Իրանի դեսպանատան դիմաց իրանցի իրավապաշտպան Նարսին Սոթուդեհի ազատության համար հայ ակտիվիստների ցույցի առիթով Ինքնագիրը վերհրատարակում է հոդվածաշարը։

2014 թվականին Սաքինե Աշթիանին ազատություն է ստանում։

1-ին մաս

16.11.10

Վերջերս Ֆեյսբուքում բացվեց «Փրկենք Սաքինե Աշթիանիին» հայկական խումբը` որպես աջակցություն մի կնոջ, ով Իրանում (արեւելյան Ազերբայջան շրջանում) դատապարտվել է մահապատժի դաժան ձեւի` քարկոծման` ամուսնուն դավաճանելու համար: Այս տեղեկատվությունը տարածվել է արեւմտյան ԶԼՄ-ներով, ուր եւ հենց շեշտվում է կնոջ ազերի էթնիկ պատկանելությունը` ընդհուպ մինչեւ այնպիսի մանրամասնություններ, որ նա միայն թուրքերեն է խոսում ու պարսկերեն չգիտի:

Այդ խմբի ստեղծման նույն օրը նույն տեղեկատվությամբ հղման տակ ֆեյսբուքում ֆրանսիաբնակ արվեստագետ ընկերս` Լեւոն Մինասյանը գրեց, որ դա «պարտիզան» ինֆորմացիա է, ու բացատրեց` «պարտիզան» ֆրանսերեն նշանակում է մասնակից, այսինքն` նման տեղեկատվությունը միակողմանի է, որովհետեւ չի նշում, որ կինը սիրեկանի հետ պատվիրել ու իրագործել է ամուսնու սպանությունը:

Արեւմտյան ԶԼՄ-ների բարձրացրած մեծ աղմուկին ձայնակցում են Սաքինեի պաշտպանության գործին լծված տարբեր խմբեր, մարդու իրավունքների կազմակերպություններ եւ արեւմտյան մի քանի երկրների պետական բարձր պաշտոնյաներ` կոչերով ու բողոքներով Իրանի դեմ:

«Պարտիզան» տեղեկատվությունը հաջողությամբ կարողացել է ուշադրությունը սեւեռել էն վարկածի վրա, ըստ որի` Սաքինեն մահապատժի է դատապարտվել «անօրինական կապի», «ամուսնական անհավատարմության» համար` հաճախ շեշտելով էդ «անհավատարմության» առավել անհեթեթությունը, թե իբր խոսքը ամուսնու մահից հետո ունեցած կապի մասին է, այսինքն` հետմահու դավաճանության, օրինակ`« 2006թ. Սաքինեն մեղադրվել է ամուսնական անհավատարմության մեջ` երկու տղամարդու հետ արտաամուսնական «անօրինական կապի» համար այն դեպքում, երբ արդեն այրի էր ամուսնու` 2005-թ. մահվանից հետո» (The First Post, “The ordeal of Sakineh Mohammadi Ashtiani”): Նման տեղեկատվությունը համատարած է, եւ օրինակները բազմաթիվ են (The Independent, “Iranian woman sentenced to death ‘could be hanged today’”, The Guardian, “Campaign for Iranian woman facing death by stoning”, , Zero Gossip, “Sakineh Ashtiani. Mother of 2 Set to be Stones to Death in Iran”, The Mad Hatters, «Sakineh Mohammadi Ashtiani», Women’s Right, “Iranian Woman’s Execution for Adultery Imminent” Trends, «Climb Aboard Ashtiani», Foxnews, “Verdict Postponed in Iran Stoning Case” եւ այլն, եւ այլն):

Բայց քանի որ այս ամբողջ մանիպուլյացիոն աշխատանքը ընդգծված հակաիրանական քարոզչության դեմք ունի, եւ ոչ թե մարդու իրավունքների պաշտպանության, տեղեկատվական պատերազմին սկսեցին մասնակցել նաեւ տարբեր քաղաքական վերլուծաբաններ, ինտելեկտուալներ ու արվեստագետներ, որոնց բարձրացրած հարցերի ու վերլուծությունների շնորհիվ լրատվական միակողմանիությունը սկսեց ճեղքեր տալ: Սկսեցին հնչել նաեւ սպանության փաստի մասին տեղեկություններ: Ֆրանսիացի քաղաքական վերլուծաբան Թիերի Մեյսընն իր «Սաքինեի սկանդալը» հոդվածում ասում է, որ իբրեւ թե «ամուսնական անհավատարմության» համար քարկոծման դատապարտված կնոջ այս պատմության արձագանքը «կոլեկտիվ կրոնական հիստերիա է, եթե ոչ, խելացի մարդկանց բնական պահվածքը պիտի լիներ` ստուգել մեղադրանքները, մի բան, որ շաբաթներ շարունակ ոչ ոք նեղություն չէր քաշում ձեռնարկել» (կրոնական թեմայով բանավեճեր ու հակաիսլամական տրամադրություններ են ծավալվել այս գործի առիթով): Մեյսընն ասում է նաեւ, որ կնոջ մեղադրանքը սպանությունն է, ոչ թե դավաճամությունը (voltairnet.org, «The scandal Sakineh»):

Սպանության մեղադրանքի ի հայտ գալը, սակայն, ԶԼՄ-ներում դիմադարձվում է Սաքինեի դատապաշտպանի հայտարարություններով, թե միջազգային ճնշումների հետեւանքով դատարանը փոխել է դավաճանության մեղադրանքը սպանության մեղադրանքի: Սակայն ի տարբերություն Սաքինեի դատապաշտպան Ջավիդ Քիանիի այն պնդման, թե դավաճանության մեղադրանքի դատական արձանագրությունը փոխված է, մահապատժի եւ քարկոծման դեմ միջազգային հանձնաժողովների ներկայացուցիչ խոսնակ, գերմանաբնակ Մինա Ահադին բազմիցս ասել է, որ այդ մեղադրանքը ներկայացված է եղել դեռ 2006 թվին (Le Monde, “After Sakineh, the “confessions” of his son”):

Սաքինեի մյուս դատապաշտպանի` Մորթեզայիի նման կեղծարարություններից մեկը սկանդալային պատմություն է դարձել: Այս տարվա օգոստոսի 28-ին Լոնդոնի «Թայմսը» հրապարակեց Սաքինեի լուսանկարը` գլխաբաց մի կին: Երեք օր անց փաստաբան Մորթեզային հայտարարեց, որ Սաքինեն ստացել է մտրակի 99 հարված` որպես պատիժ առանց գլխաշոր նկարվելու` «անպարկեշտորեն երեւալու» համար (մայիսին նույնպես նման պատիժ էր ստացել «անօրինական կապի» համար): Սակայն շուտով պարզվում է, որ լուսանկարում Սաքինեն չի, այլ Շվեդիայում ապրող Սուսան Հեջրաթ անունով մի ակտիվիստ: Ահա այսպես են «աշխատում» որոշ փաստաբաններ ու ակտիվիստներ` փորձելով մի գնդակով երկու նապաստակ խփել. նախ` Սաքինեից կերտել լաչակը դեն նետած «ազատ» կնոջ կեղծ պատկերացում, ինչի շնորհիվ կարելի է կանանց ազատության ջատագովներին հավաքագրել, հետո հայտարարել, որ նկարի համար նա մտրակահարվել է, որի առաջացրած կարեկցանքը կմոբիլիզացներ ավելի լայն շերտերի: Բայց սուտը բացվում է, «Թայմսը» ստիպված ներողություն է խնդրում կեղծ լուսանկարի համար, ու պարզ է դառնում, որ այս երկրորդ մտրակահարումը հորինված էր, որովհետեւ ուրիշի գլխաբաց նկարի համար Սաքինեին չէին պատժելու: Ավելի ուշ հայտնվում է Սաքինեի` արդեն չադրայով լուսանկարը:

Դատապաշտպանի նման գործելաոճը քննադատության է արժանանում նույնիսկ նրա աջակիցների կողմից. «Մոստաֆային երբեմն չարաշահում է սադրանքն ու կամայականությունը: Չի կարելի ներել նման գործելաոճով իր պաշտպանյալի շանսերը փչացնելը եւ այն հայտարարությունները, թե Սաքինեն մահապատժի է ենթարկվելու` առանց փաստական հիմքերի ու անգամ պարզ դատողության, ինչպես նա է անում: («Alain Soral and delusions», Understanding Iran):

Թե ինչքանով է դատապաշտպանների նման գործելակերպից Սաքինեն շահել` արդեն ոմանց մոտ կասկածներ է առաջացնում, բայց կասկած չի առաջացնում, որ անձամբ իրենք շահել են. Մորթեզային հիմա ընտանիքով Նորվեգիայում է ու ապաստան է ստացել, իսկ Քիանը տեղափոխվել է Փարիզ:

Մանիպուլյացիոն տեղեկատվության հնարքներից է նաեւ այն, որ Սաքինեի մասին միլիոնավոր էջերում (սեպտեմբերին արդեն` 3 միլիոն 700 հազար էջ) ոչ մի տեղ սպանված ամուսնու անունը նույնիսկ չի հիշատակվում: Սաքինեի տղայի` Սաջադի ու դատապաշտպանների բազմաթիվ հարցազրույցների, մամուլի ասուլիսների ու հղումների կողքին, ուր ներկայացվում են «երկու զավակների մայր», Ֆրանսիայի վարչապետի ասած` «մեր բոլորի քույր» Սաքինեի համար տառապող որդու զգացումները, չկա գոնե մեկ տող սպանվածի հարազատների ու նրանց զգացումների մասին, կարծես նա նույն «երկու զավակների հայրը» չի եղել:

Տեղեկատվական նման մեթոդը նոր չի կիրառվում: Մարդու իրավունքների պաշտպանության կայքէջում ներկայացվում է, թե ինչպես մահապատժից փրկելու համար երբեմն կիրառվող կեղծիքները վիրավորում են մահապարտների զոհերի հարազատներին ու բողոք առաջացնում, ինչպես, օրինակ, 2003թ. դաժանորեն սպանված Մոհամմեդ Ռահմաթի հարազատների դեպքում: Սպանվածի երեք որդիներից մեկը` Մեհդի Ռահմաթը, ընտանիքի անունից քննադատել է այն մեթոդները, որ կիրառվել են իր հորն սպանած Մոհամմեդռեզա Հադադիին մահապատժից փրկելու համար. «Նա ներկայացրեց ցնցող մանրամասներ սպանության մասին եւ քննադատեց այն ձեւը, որով գործը ներկայացվել է Մարդու իրավունքների եւ մամուլի կողմից, ինչի պատճառով բազմաթիվ անհամապատասխանություններ կան բուն գործի եւ մամուլի ներկայացրած պատկերի միջեւ» (International Campaign for Human Rights in Iran, «Possibility of Family Forgiveness for Mohammad Reza Haddadi after Ebadi Talks to Kin»):

Սաքինեի դեպքում, ինչպես ամուսնու անունը, նույն կերպ էլ նրա սպանության պատկերը խոհեմաբար շրջանցված է ԶԼՄ-ներում, էն դեպքում, երբ կնոջ մտրակահարումը նկարագրված է սրտաճմլիկ մանրամասնություններով, եւ Սաքինե անունը վերածվել է Իրանում իրավազրկված ու ճնշված կնոջ խորհրդանշի, մինչդեռ սպանվածը ներկայացվում է միայն որպես «Սաքինեի ամուսին»: Ֆեմինիստական մի կայքէջ էլ էնքան է ոգեւորվել էդ կերպարով, որ զանց առնելով իրանական խուլ գյուղի անգրագետ բնակչուհու մտածողությունը` նրա բերանն է դրել ըմբոստ «ազատամարտիկուհու» տեքստ. «Ինչ է, նրանց թվում է, որ կարող են կանանց հետ վարվել այնպես, ինչպես ուզո՞ւմ են»: ԶԼՄ-ները ջանադրաբար կերտում են զոհի էնպիսի կերպար ու պատմություն, որ կարող է լայն զանգվածների մեջ կարեկցանք ու ազնիվ ընդվզում արթնացնել, բայց միայն էն դեպքում, երբ էդ պատմությունը կարելի է Իրանի դեմ օգտագործել, իսկ էն զոհն ու էն պատմությունը, որ կարող է խանգարել դրան, միտումնավոր անտեսվում է: Դժվար է կարեկցել անանուն ու անդեմ զոհին, ինչ-որ «ամուսնու», ում մահը ուղղակի բառ է` հասարակ գոյական:

Միայն հարյուրավոր տարբեր աղբյուրներից մի քանիսում ցրված կցկտուր պատառիկների համադրմամբ է հնարավոր ստանալ, թեկուզ անանուն մարդու, սպանության պատկերը (սպանվածի անունը կարելի է գտնել միայն iranrights.org-ում` Իբրահիմ Ղադերզադե): Ուրեմն, Սաքինեն 2006 թ. մայիսին «անօրինական կապի» համար դատապարտվել է մտրակի 99 հարվածի, իսկ նույն թվի սեպտեմբերին, երբ նրա զուգընկերը` իր ամուսնու զարմիկ Իսա Թահերին, ձերբակալվում ու մեղադրվում է սպանության մեջ, մեղադրանք է ներկայացվում նաեւ Սաքինեի դեմ` որպես սպանության մասնակցի: Սպանությունը կատարվել է այսպես. զոհին նախ քնացրել են դեղով, ապա վզին հոսանքալարեր կպցնելով` էլեկտրահարել: Սպանության նոր մեղադրանքից հետո «անօրինական կապի» մեղադրանքը վերաձեւակերպվել է որպես «ամուսնական անհավատարմության», քանի որ Սաքինեի եւ Իսայի կապը ոչ թե ամուսնու մահից հետո է սկսվել, այլ դեռ նրա կենդանության ժամանակ, ինչի պատճառով էլ սպանությունը ծրագրվել է:

Իրանական հեռուստատեսային հարցազրույցում Սաքինեի «խոստովանությունը» արեւմտյան մեդիայում ու Սաքինեի դատապաշտպանների կողմից բնորոշվում է որպես կտտանքներով պարտադրված, ինչը շատ համոզիչ է: Բայց ինձ համար, որ նայել եմ նաեւ բուն տեսանյութը պարսկերենով, էդ պարտադրանք ասածը հասկանալի չէր, քանի որ Սաքինեի «խոստովանանքն» իրականում իր մեղքի մասին չէր, այլ… անմեղության: Նա բառացի պատմում էր, որ «էդ մարդու» հետ հեռախոսային կապ է ունեցել, նա միայն լեզվով է իրեն խաբել, ասել է` մարդդ լավը չի, սենց ա, ընենց ա, ես քեզ համար լավ ամուսին կլինեմ, արի իրան սպանենք: Բայց ինքը լուրջ չի ընդունել, հավատը չի եկել, որ նման բան կարող է լինել, կարծել է, որ կատակում է կամ էլ գիժ է, ու զարմացել է, երբ նա էլեկտրական գործիքներով, լարերով ու ձեռնոցով զինված` եկել է իրենց տուն ու ամուսնուն սպանել: Հետո է միայն իմացել, որ նրա գործը մարդասպանությունն է, ու նախկինում էլ երեք նման դատական գործ է եղել վրան: Այսինքն` կինը նախ իրենց կապը ներկայացնում է որպես զուտ հեռախոսային զրույց, ոչ թե ֆիզիկական մոտիկություն, ապա` սպանության մտադրությունն ու իրագործումը վերագրում է նրան: Ստացվում է, որ բռնությամբ կորզված խոստովանանքի մեջ Սաքինեն ինքնապաշտպանության հնարավորություն է ունեցել, մեղքը լրիվ գցել է «էդ մարդու» վրա ու իրեն ներկայացրել որպես միամիտ ու խաբված կին: Գուցե Իրանի իշխանությունները սրանով հող են պատրաստում Սաքինեին մահապատժի չենթարկելու եւ էս աղմկահարույց փորձանքից ազատվելո՞ւ համար, հնարավոր չի հասկանալ էս պարադոքսը Սաքինե կոչվող տեղեկատավական պատերազմի թոհուբոհում:

Բայց ակնհայտ է, որ Սաքինեի տելեխոստովանությունը իր օգտին է, քանի որ կինը եթերում չի խոստովանում նույնիսկ այն, որ ինքն է քնաբեր տվել ամուսնուն, մինչդեռ օգոստոսի 16-ին արեւմտյան ԶԼՄ է սպրդել մի բացառիկ տեղեկատվություն դրա մասին: Էն դեպքում, երբ Սաքինեի օգտին բոլոր լուրերը քոփի-փեյսթ սկզբունքով տիրաժավորվում ու տարածվում են, նման եզակի փաստի անտեսումը միայն միտումնավոր կարող է լինել: Ըստ էս հրապարակման` Սաքինեի դատապաշտպան Մոսթաֆային ասել է, որ Սաքինեն ներգրավված է եղել սպանության մեջ: Որպես ամուսնու բռնություններին ենթարկված ու անգրագետ կին` խաբվել ու ուղղորդվել է մի մարդու կողմից, որ ամուսնուն քնաբեր տա, որպեսզի նա կարողանա գալ ու սպանել ամուսնուն (Foxnews, “Verdict Postponed in Iran Stoning Case”):

Ինչպես երեւում է, Սաքինեի` որպես անգրագետ ու մոլորեցված կնոջ պաշտպանական ռազմավարությունը հետագայում փոխարինվել է կեղծիքներով ու մանիպուլյացիաներով ընթացող միջազգային աղմուկի ռազմավարության: Իսկ արեւմտյան ԶԼՄ-ները միահամուռ ջանքերով մի կողմ են դրել դատապաշտպանի ներկայացրած խաբված ու ակամա սպանության գործիք դարձած կնոջ կերպարը` տեղը կերտելով հետադեմ երկրի ու հասարակության բարբարոսական օրենքների անմեղ զոհի կերպար: Իսկ թե ինչպես է մեդիա-պերսոնաժ ստեղծվում, հրաշալի ներկայացված է «Պոչը շարժում է շանը» ամերիկյան ֆիլմում, ուր քաղաքական պատվեր ստացած ռեժիսորը հոգեբուժարանում գտնվող սադիստ մանիակից հերոս զինվորի կերպար է կերտում մեդիայով, եւ ողջ երկրով մեկ ծավալվում է հերոսի փառաբանության էյֆորիան:

Արեւմտյան մամուլի «պարազիտությանը», երբեմն գումարվում է նաեւ էնպիսի պրոֆեսիոնալ անկարողություն, որ զվարճալի պատկեր է ստացվում, օրինակ` Սաքինեի «անօրինական կապի» զուգընկեր(ներ)ը որոշ աղբյուրներում մի տղամարդ է, ավելի հաճախ` երկու տղամարդ, տեղ-տեղ էլ երեք: Իսկ եթե հաշվենք այդ սիրեկաններին` ըստ ներկայացված անունների, կստացվի չորս տղամարդ. արդեն ծանոթ մարդասպան Իսա Թահերին, մի տեղ` Նասերը եւ Սեյեդ Ալին, մի այլ տեղ` Մեսրզ Նոջումին («The Court Verdict Concerning Sakineh Ashtiani», Zero Gossip, “Sakineh Ashtiani. Mother of 2 Set to be Stones to Death in Iran”, The Independent, «Iranian woman sentenced to death ‘could be hanged today’» The First Post, “The ordeal of Sakineh Mohammadi Ashtiani”, www.stop-stoning.org , եւ այլն):

2֊րդ մաս

Արեւմտյան ԶԼՄ-ներում շահարկվող թեմաներից է քարկոծումը: Դեռ ամռանը քարկոծումը հանված էր, բայց այդ սրտաճմլիկ ու ազդեցիկ թեման թեժ պահելու ԶԼՄ-ների համառությունն էնքան երկարաձգվեց, որ դրա բացատրությունը փորձեց տալ EA worldview-ն` համարելով, որ քարկոծման հանման` դեռ հուլիսից հայտնի տեղեկությունը կամ անտեսվել է, կամ` չի հասկացվել լրատվամիջոցների կողմից («The Latest from Iran: (8 September), Sakineh Execution Suspendes?»):

Ստացվում է, որ տեղեկատվական այդ «բացթողման» նպատակը ընդամենը հետհուլիսյան հակաքարկոծման շարժումը չսառեցնելու եւ Իրանի դեմ հանրային կարծիք մոբիլիզացնելու համար էր: Բայց դրա արդյունքում նաեւ քարկոծման թեման որոշ մասնագետներ սկսեցին ավելի խորությամբ ներկայացնել, եւ անդրադարձ եղավ իրանական արդարադատության համակարգում կատարված բարեփոխումների մասին:

Պարզվում է, որ Իրանում քարկոծումն իբրեւ մահապատժի ձեւ սառեցվել է դեռ 2002թ. արդարադատության նախարար Այաթոլահհ Շահրուդիի նախաձեռնությամբ (իսկ իսլամական քրեական նոր օրենսգրքում, որն այժմ Իրանի խորհրդարանում է, քարկոծում մահապատիժ գոյություն չունի):

2002-ի այդ մորատորիումից հետո, սակայն, դեռ իրագործվել են մի քանի նման մահապատիժներ, վերջինը` 2007թ. , իսկ թե ինչպես` հստակ պատասխաններ չկան, քանի որ քաղաքականացվածությունը թույլ չի տալիս հարցը զուտ իրավական առումով քննելու: Մի տեղ ներկայացվում է, որ որոշ տեղական դատարաններ հաշվի չեն առնում արդարադատության նախարարության որոշումները (էլ ինչ երկիր, որ դատավորները չեն ենթարկվում օրենքին), մի այլ տեղ ասվում է, որ մորատորիումի որոշումը իրավական իմաստով զուտ ցուցումի արժեք ունի, եւ ոչ թե պարտադրանքի, իսկ մի ուրիշ տեղ էլ ներկայացվում է, որ 2002-ին սառեցված քարկոծումը վերակենդանացնելու փորձ է արել Ահմադինեժադը, չնայած նա պաշտոնապես հայտարարում է, որ չկա նման բան Իրանի ժամանակակից օրենսդրության մեջ, եւ անձամբ ինքը դա համարում է պատժի հնացած ձեւ: Եվ էսպես, մի կողմից` արեւմտյան մամուլի, մյուս կողմից` Իրանի նախագահի ու այլ պաշտոնյաների լեզվակռվի մեջ դժվար է գտնել անհերքելի ու հավաստի փաստեր:

Քարկոծման թեմայի շահարկմամբ հակաիրանական քարոզչության միտումը ավելի ակնհայտ կլինի, եթե անդրադառնանք, որ նման մահապատիժ այսօր կիրառվում է նաեւ մի քանի այլ երկրներում` Սաուդյան Արաբիա, Սոմալի, Սուդան, Նիգերիա, Աֆղանստան (թալիբական): Հենց անցած տարի մի տղամարդ է Սոմալիում քարկոծվել, իսկ երկու տարի առաջ, 2008-ի նոյեմբերի 2-ին, ճիշտ այն օրը, որ իբրեւ Սաքինեի քարկոծման օր այս տարի ոտքի էր հանել նաեւ մեր հայրենակիցների ֆեյսբուքյան խմբին, Սոմալիում քարկոծման է ենթարկվել 13-ամյա մի աղջիկ Այշա Իբրահիմ Դուհուլոն, ում հարազատ հայրը «մեղադրել» է նրանում, որ երեք տղամարդ բռնաբարել են նրան: Հերիք չի, որ մանկահասակ աղջկան երեք հոգի բռնաբարել են, ու նրանց պատժի մասին խոսք չկա, հլը դեռ զոհին են դատապարտել քարկոծման: Նրան քարկոծել են ֆուտբոլի ստադիոնում, 1000 հանդիսատեսի ներկայությամբ: Աղջկան մինչեւ ուսերը թաղել են հողի մեջ ու 50 հոգի քարեր նետել վրան: Հետո նրան հանել են հողից, հատուկ բերված բուժքույրերը ստուգել են` մեռա՞ծ է, թե ոչ, ու երբ պարզվել է` աղջիկը դեռ ողջ է, նորից են հողում թաղել ու շարունակել քարկոծումը: Իսկ երբ մի քանի ականատեսներ փորձել են օգնության հասնել աղջկան, մահապատիժ իրականացնողները սկսել են կրակել, ինչի արդյունքում մի տղա է զոհվել (Guardian, Rape victim, 13, stoned to death in Somalia):

Բայց Սոմալիի էս դեպքը ոտքի չհանեց քարկոծումն իբրեւ միջնադարյան բարբարոսություն դատապարտողներին, թեման ամիսներ շարունակ չմնաց ԶԼՄ-ների առաջին հորիզոնականներում, հարյուր հազարավոր ստորագրություններ, բողոքի ալիք ու ցույցեր չեղան, ինչպես լինում են իրանցի Սաքինեի համար:

«Սաքինե» նախագծի որպես զուտ հակաիրանական պրոպագանդայի իմաստը հստակ ձեւակերպված է մի հոդվածում. «Իրանը, իբրեւ միջուկային իշխանության եւ միջուկային զենքի իրավունք պահանջող ժամանակակից հասարակություն 21-րդ դարի աշխարհում, այժմ օտարված է որպես օրինախախտման համար քարկոծման դատապարտող երկիր» (BC politics, Notes on the Convicted Iranian Adulteresss):

Ըհը, ահա, թե ինչ եզրահանգման է ուղղորդում ողջ այս աղմուկը, ահա, թե որտեղ է թաղված շան գլուխը: Հարցը քարկոծումը չի բնավ, քանի որ նման մահապատիժ կիրառող մյուս երկրները թիրախ չեն դառնում, հակառակը, ԱՄՆ բարեկամ երկիր Սաուդյան Արաբիան, երբեք չի հայտնվում «միջնադարյան բարբարոսությամբ» բնորոշվող երկրների ցանկում: Ինչքան էլ ձեռքեր կտրվեն այնտեղ, կամ մարդիկ քարկոծվեն, մենք նույնիսկ չենք էլ իմանա, որովհետեւ արեւմտյան ԶԼՄ-ները դրանց դեմ շարժումներ չեն արտադրում:

Շվեյցարացի փիլիսոփա, Օքսֆորդի պրոֆեսոր Թարիք Ռամադանը նույն թեմայով գրում է. «Ես դեմ եմ, ես դատապարտում եմ Սաքինեի քարկոծումը, դա չպե՛տք է տեղի ունենա, բայց ես չեմ ստորագրի մի քանի ֆրանսիացի մտավորականների առաջարկած «Փրկենք Սաքինեին» միջնորդագիրը: Չեմ կասկածում ստորագրողների մեծամասնության անկեղծությանը, սակայն մենք չպետք է մոլորվելով ուղղորդվենք առ այն միտումները, որ ունեն գլխավոր կազմակերպիչները` Բեռնար Լեւին եւ այլք…

Ընտրովի վրդովմունքի եւ լրատվամիջոցների մանիպուլյացիայի հայտնի վարպետներ, որ այլ պրոբլեմների ժամանակ հանցավոր լռություն են պահպանում, հիմա թուղթ են պատրաստում: Իրանի` Արեւմուտքի (եւ Իսրայելի) վատագույն թշնամու վրա պետք է հարձակվել, եւ ոչ թե հարուստ ժառանգական թագավորությունների ու նավթային շեյխությունների, ուր քարկոծումն ու դատական սպանությունները կիրառվում են ամենաթողությամբ ու անպատժելիությամբ: Ոչ մի խոսք Գազայի անմեղ մարդկանց ու բազմաթիվ նման դեպքերի մասին… Նրանց գերընտրովի դատապարտումները քաղաքական մանեւրներ են, որ միայն սրտխառնոց են առաջացնում» (Sakineh, the Roma, Pakistan, Tariq Ramadan):

Այսպես, Ֆրանսիայում Սաքինեի փրկության շարժումն ու ինտերնետային ստորագրահավաքը նախաձեռնած մտավորական Բեռնար Լեւին շատերի կողմից քննադատվում է Սաքինեի շուրջ առաջացած բանավեճի ու բուռն քննարկումների մեջ: Եվ քանի որ Լեւին կենտրոնական ֆիգուր է նաեւ նման մի այլ սկանդալային պատմության մեջ, արժե նրան անդրադառնալ:

Լեւին մոլի աջակողմյան էսսեիստ է, հակասոցիալիստ, հակամարքսիստ («Մարդկային դեմքով բարբարոսություն» վերնագրով գիրք ունի մարքսիզմի մասին), հակաիրանական ու իսլամաֆոբ միլիոնատեր, որի կարողությունը 150 միլիոն եվրո է` չհաշված տարբեր երկրներում ունեցած կալվածքները, առանձնատներն ու բիզնեսները: Իրաքի ու Բոսնիայի պատերազմի առաջին ջատագովներից, որ ներկայանում է իբրեւ փիլիսոփա, չնայած նրա մտավոր կարողությունները ծաղրի առարկա է դարձրել ֆրանսիական հայտնի քննադատական թերթ «Շղթայված բադը», երբ նա սկսել է մեջբերումներ անել թերթի ստեղծած հորինովի կերպարից` որպես մեծ հեղինակություն ունեցող «հայտնի» փիլիսոփայի: Նրա` փիլիսոփա լինելու հավակնությունն ու հայտնի նարցիսականությունը անեկդոտների ու սրամիտ ասույթների առիթ են տալիս, օրինակ` «Աստված մեռել է, բայց իմ մազերը կատարյալ են»:

Սաքինեի գործի առիթով Լեւին քննադատության թիրախ է տարբեր տեղեր. «Հիշենք էսսեիստ Բերնար Լեւիին` Ֆրանսիացի իսլամաֆոբին, ով այս տարի պաշտպանում էր Ռոման Պոլանսկուն անչափահաս աղջկա բռնաբարության համար դատվելուց` հայտարարելով, որ նա, ողջակիզման վերապրող լինելով, արդեն վճարել է իր ապագա հանցագործության համար: Լեւինը պաշտպանում էր նաեւ պատերազմն Իրաքում` ի շահ Իսրայելի եւ պայքարում, որ արգելվի պրոֆեսոր Թարքիք Ռամադանի մուտքն ԱՄՆ, քանի որ նա քննադատում է Իսրայելի քաղաքականությունը: Լեւիի վերջին խաչակրաց արշավանքը իր հորինվածք Սաքինեի անունով է. իսրայելական խոսափող Huffington Post-ի իր «Այո, մենք կարող ենք (փրկել Սաքինեին)» հոդվածում նա պատճառաբանում է, թե ինչու, ինչպես Պոլանսկու դեպքում, պաշտպանում է Սաքինեի իրավունքը` օգտագործելու իր մարմինն այնպես, ինչպես ուզում է» (Iran’s “Sakineh Affair”, Rehmat’s World):

Իսկապես տարօրինակ է թվում անչափահաս աղջկան բռնաբարող տղամարդու եւ պարզապես «անօրինական կապ» ունեցող կնոջ` սեփական մարմինների օգտագործման իրավունքի համեմատությունը:

Բայց սա դեռ ողջը չէ, մի այլ հետաքրքիր բացահայտում է արվում «Սաքինեն նոր Ջիլա Իզադի՞» ենթավերնագրի տակ, ուր պրոֆեսոր Էդին Չիթոն հիշեցնում է Լեւիի մի ուրիշ «լայնածավալ մանիպուլյացիա», թե ինչպես 2004 թ. հոկտեմբերին մի քանի այլ համախոհներով նախաձեռնել են փրկչական նույնպիսի աղմկարար արշավ մի 13-ամյա աղջկա` Ջիլայի համար, ով հղիացել է իր 15-ամյա եղբորից եւ դատապարտվել քարկոծման, պարզ է, էլի Իրանում: ԶԼՄ-ներն ու ստորագրահավաքի կամպանիան մի քանի շաբաթ թեման լավ թեժացրել են, մինչեւ… Մինչեւ որ ի պատասխան հանրային հարցման` Ֆրանսիայի արտգործնախարարությունը երկու անգամ, 2004 թ. նոյեմբերի 9-ին եւ 14-ին, պաշտոնապես հայտարարել է, որ Իրանում ֆրանսիական դեսպանության միջոցով, նաեւ Եվրամիության նախագահության հետ համատեղ, ստուգել են այդ տեղեկությունը եւ պարզել, որ դա ճիշտ չէ, նման դատապարտում չի եղել, եւ այդ տեղեկությունը տարածողները ստում են (diplomatie.gouv.fr): Իսկ ի պատասխան լրագրողի հարցի, թե որտեղից է նման լուր լույս աշխարհ ընկել, պաշտոնյան պատասխանել է. «Չգիտեմ, մամուլից, մի քանի անձերի կողմից»:

Այս պաշտոնական հայտարարությունից հետո հանկարծ մեդիա-լանդշաֆտից անհետանում է այն նամակը, որ իբրեւ թե Իրանի Իսլամական Հանրապետության մերժումն էր Բրիջիդ Բարդոյին, ով դիմել էր Իրանի իշխանություններին Ջիլայի փրկության համար: Անհետանում է այնպես, ասես չի էլ եղել: Եվ Չիթոնը Ջիլայի այս առեղծվածային պատմությունն ամփոփում է. «Ակնհայտ է, Լեւիի ու նրա հետեւորդների ուզածը Իրանին վնասելն է, իսլամի դիվականացումը, Իրանի դեմ տրամադրելը, կարճ ասած` հասարակական կարծիքի նախապատրաստում, որպեսզի լեգիտիմացվի ինտերվենցիան Իրան` ի շահ Իսրայելի» (mleray.info, “About Sakineh and Teresa: The scandalous imposture BHL”, Eddine Chitour):

Բայց սա էլ դեռ ողջը չէ. հանկարծ Սաքինե անունով 3 միլիոն 700 հազար էջանոց հակաիրանական արշավի այս ծրագրի մեջ մի «մեդիա-վիրուս» է գցում Ահմադինեժադը: Էջերը շարունակում են ավելանալ օրեցօր, բայց «վիրուսն» արդեն սկսել է ծրագիրը «փչացնել»: «Վիրուսի» մասին` հաջորդիվ:

Սաքինե եւ Թերեզա (3֊րդ մաս)

29.11.10

Եվ այսպես, ճիշտ այն պահին, երբ հակաիրանական քարոզչությանը լծված արեւմտյան ԶԼՄ-ների խաչակրաց արշավը մեծ թափ էր առել, ու միջազգային աղմուկն իր գագաթնակետին հասել, երբ տարբեր պետական ու հասարակական կառույցներ ու գործիչներ, ի թիվս որոնց եւ Հիլըրի Քլինթոնը, պահանջում էին Իրանի իշխանություններից ազատել Սաքինեին, Ահմադինեժադը իր հերթին պատասխան կոչով դիմեց Հիլըրի Քլինթոնին: Ճիշտ ինչպես տիկին Քլինթոնը` Սաքինեի դեպքում, Իրանի նախագահն էլ կոչ արեց ազատել… Թերեզա Լուիզին` ԱՄՆ Վիրջինիա նահանգում մահապատժի դատապարտված կնոջը, ով, Սաքինեի նման, այդ դատավճիռն էր ստացել` ամուսնու մահվան պատվիրման ու իրագործմանը մասնակցելու մեղադրանքով:

Ահմադինեժադի կոչն աշխատեց իբրեւ մեդիա-վիրուս. մի վայրկյանում 2003 թվից բանտում մոռացության մատնված ու մահապատժին սպասող Թերեզա Լուիսի գործը հայտնվեց տեղեկատվության առաջին հորիզոնականներում` Սաքինեի գործի հետ զուգահեռներով: Զանգվածային մեդիայի ճակատը ճեղքեր տվեց, եւ հայտնվեցին Սաքինեի անունը Թերեզայի անվան հետ հոլովող այսպիսի խորագրեր` «Արեւմտյան երեսպաշտություն` երկու զուգահեռ գործում` Սաքինե Աշթիանի եւ Թերեզա Լուիս», «Վիրջինիայի մահապարտ կինը ԱՄՆ Սաքինե Աշթիանի՞», «Սաքինե եւ Թերեզա. սկանդալային խաբեություն», «Իրանը` Վիրջինիայում կնոջ մահապատժի մասին. ԱՄՆ-ն` երեսպաշտ» եւ այլն, ուր, օրինակ, ասվում է. «Այս գործը հնարավորություն է տալիս Իրանին կշտամբել ԱՄՆ-ին այն երկերեսանիության համար, որ Վաշինգտոնը դատապարտում է Թեհրանին Սաքինեին մահավճիռ տալու համար, մինչդեռ նույն ժամանակ ինքն էլ Թերեզային է մահվան դատապարտել» (Nzherald.co.nz, “First woman executed in US in five years”): Իսկ Ֆրանսիացի պրոֆեսոր Էդին Չիթոն, հիշեցնելով, որ Սաքինեի դեպքում տիկին Քլինթոնն ասել էր, որ ինքը «արձագանքում է իբրեւ կին», հռետորական հարց է տալիս, թե ինչու իր երկրի քաղաքացի Թերեզայի դեպքում նա չի «արձագանքում իբրեւ կին» (mlary.info, “About Sakineh and Teresa”): Եվ նույնիսկ հայտնի ինտելեկտուալ Ումբերտո Էկոն հոդված գրեց այս զուգահեռի մասին` «Մահապատիժը երկու դեմք ունի» վերնագրով (մնացած աղբյուրների մասին` վերջում, իսկ Էկոյի հոդվածի մասին` հաջորդիվ):

Ահմադինեժադի պրովոկացիան երեւան հանեց այն իրողությունը, որ միայն քաղաքական շահարկման պատճառով էր հնարավոր երկու համանման մահապատիժներից մեկի շուրջ միջազգային աղմուկ բարձրացնել, երբ մյուսը յոթը տարի շարունակ լռության էր մատնված: Դատական գործերի քաղաքականացումն այն աստիճանի ակնհայտ բնույթ ստացավ, որ Ամնեսթի ինթերնեշընլը սեպտեմբերի 21-ին պաշտոնապես հայտարարեց. «Սաքինե Աշթիանիի եւ Թերեզա Լուիսի երկու դեպքերն էլ ողբերգական են իրենց ձեւով, եւ բնավ արդյունավետ չէ օգտագործել դրանք որպես զենք` կառավարությունների միջեւ դիվանագիտական փաստարկներում»: Իհարկե, այս գնահատականը տրվեց միայն Ահմադինեժադի մեղադրանքից հետո: Միայն այդ ժամանակ, ի պատասխան նաեւ իրենց ուղղված Իրանի նախագահի մեղադրանքի, թե Սաքինեի ներման կոչ անողները Թերեզայի դեպքում լուռ են եղել յոթը տարի, Ամնեսթի ինթերնեշընլը պատասխանեց. «Ոչ Իրանը, ոչ էլ ԱՄՆ-ն չեն կարող պարծենալ մահապատժով», եւ «Լավագույն տարբերակը կլինի, որ Իրանը կասեցնի Աշթիանիի մահապատիժը եւ ապաքրեականացնի սեռական հարաբերությունները, իսկ Վիրջինիայի նահանգապետը անհապաղ պետք է վերանայի իր որոշումը` Լուիսի ներման խնդրագրի մերժումը» (Amnesty.org.uk, “Death penalty: neither Iran nor USA able to boast of record”):

Եվրամիության ԱՄՆ պատվիրակությունը նույնպես մահվան դատավճիռը փոխելու խնդրանքով նամակ հղեց Վիրջինիայի նահանգապետ Ռոբերթ Մըք Դոննելին, Մարդու իրավունքների պաշտպանության տարբեր խմբեր Թերեզայի մահվան դատավճիռը անհիմն որակեցին: Սակայն Թերեզայի ներման կոչերը ոչ մի արդյունք չունեցան, Գերագույն դատարանը չվերանայեց գործը, իսկ Վիրջինիայի նահանգապետը երկրորդ անգամ մերժեց ներման խնդրանքները:

Եվ այս տարի, մոտ երկու ամիս առաջ, սեպտեմբերի 23-ին, Թերեզա Լուիսի մահապատիժն ի կատար ածվեց` մահաբեր ներարկման միջոցով, մինչդեռ Սաքինեն դեռ սպասում է իր գործի վերանայման արդյունքներին:

Թերեզայի գործը առիթ տվեց, որ քննարկման թեմա դառնա նաեւ ԱՄՆ-ում մահապատիժն առհասարակ` հարցի տակ դնելով ԱՄՆ արդարադատությունը, ուր մահավճիռների սխալները ոչ թե եզակի բացառություններ են, այլ կանոն: Կոլումբիա համալսարանի իրավաբանական հետազոտությունների կենտրոնը հայտնաբերել է, որ 1973-1995թթ. 5800 մահապատիժների մեջ կան 68 տոկոսի լրջագույն սխալներ: Նման վիճակագրությունը առիթ է տալիս եզրակացնելու, որ «Վիճահարույց գործը ոչ առաջինն է, ոչ էլ վերջինը` ԱՄՆ-ում կրակի թիրախ դարձնելու այն, ինչ բնութագրվում է որպես «արդարադատության ծաղր» (CBSNews, “Death Penalty Mistakes The Rule”, Indymedia UK, Western hypocrisy, in two parallel cases”):

ԶԼՄ-ների` մի դեպքում տարիների լռության, մյուս դեպքում` մեծ աղմուկի պատճառով էր, որ Թերեզայի մահապատժի օրը ընդամենը մի տասնյակ մարդ էր բողոքի ցույց անում բանտի մոտ, իսկ նրա ներման խնդրագրի տակ ստորագրել էր ընդամենը մոտ 5500 մարդ, այն դեպքում, երբ Սաքինեի պաշտպանության համար հարյուր հազարավոր ստորագրություններ են հավաքվել ու բազմաթիվ ցույցեր կազմակերպվել: Արձագանքների այս մեծ տարբերությունը առիթ է տալիս քննադատել կիրառվող երկակի ստանդարտները: Երկու դեպքում էլ կինը դավաճանել է ամուսնուն ու սիրեկանի հետ ձեռնարկել նրա սպանությունը: Եվ Ահմադինեժադի սադրանքից հետո Թերեզայի գործի շուրջ առաջացած հետաքրքրությունը երեւան հանեց ԱՄՆ արդարադատության խոցելի կողմերը: Քննադատության թիրախ դարձան ե՛ւ դատական ընթացակարգի սխալները, ե՛ւ մեղադրյալի` կին լինելու հանգամանքի ունեցած դերը: Ճիշտ է, ԱՄՆ-ում սեռական հարաբերությունները քրեականացված չեն, ինչպես Իրանում, բայց շատ փորձագետներ վկայում են, որ կնոջ դավաճանության փաստը ազդում է դատավճիռների վրա` որպես չգրված օրենք:

Բայց նախ ներկայացնենք Թերեզայի գործը. նա (սպանության ժամանակ` 33 տարեկան) համագործակցել է երկու տղամարդկանց հետ` Մեթյու Շելընբերգերի (22 տ.)եւ Ռոդնեյ Ֆուլերի (20 տ.), զենք առնելու համար 1200 դոլար է տվել նրանց, ապա սպանության գիշերը, 2002թ. հոկտեմբերի 30-ին, տան դուռը բաց է թողել, Շելընբերգերը Ֆուլերի հետ ներս է մտել, Թերեզային խոհանոց է ուղարկել, ապա ինքը սպանել է Թերեզայի ամուսնուն` Ջուլիան Լուիսին, իսկ Ֆուլերը` նրանց խորթ որդուն` Չարլզ Լուիսին: Մարդասպանների գնալուց հետո Թերեզան սպասել է 45 րոպե ու նոր միայն զանգել 911, բայց ոստիկանների գալուց ամուսինը դեռ ողջ է եղել ու հասցրել է ասել, որ իր կինը գիտի, թե ովքեր են մարդասպանները: Սպանության շարժառիթը ամուսնու կյանքի ապահովագրության գումարն է եղել` 250 հազար դոլար:

Դատարանը Թերեզային մահվան է դատապարտել որպես սպանության ծրագրող ու պարագլուխ, դատավորի բառերով` «օձի գլուխ», մինչդեռ երկու տղամարդ մեղադրյալներին ցմահ է տվել: Հենց այս հանգամանքն է նշվում որպես արդարադատության գլխավոր սխալ, դատապաշտպանների բնութագրմամբ` «անհավասարաչափ պատիժ»:

Որպես Թերեզայի մահվան դատավճռի մյուս կարեւոր սխալ նշվում են կնոջ մտավոր ու հոգեւոր խնդիրները, որ հաստատվել են փորձագիտական քննությամբ: Դատական փորձաքննությունն արձանագրած է եղել, որ Թերեզայի IQ-ն 70-72 է, նա 13 տարեկանի մտավոր կարողություններ ունի, այլ կերպ ասած` մտավոր թերզարգացած է, իսկ ԱՄՆ արդարադատության համակարգը մինչեւ 70 IQ ունեցողներին մահվան դատավճիռ չի տալիս: Դատական գործով վկաները եւ նրա ողջ կյանքին ծանոթ մարդիկ Թերեզային բնութագրել են որպես «մանկամիտ» եւ «հազիվ ընդունակ նույնիսկ խանութից գնումներ անելու», «նա երբեք մենակ չի ապրել, չի կարող գնել մեկ օրվա անհրաժեշտից ավելի մթերք եւ երբեք չի կարողացել ստուգել իր չեկի գրքույկը», «ախտորոշվել է որպես կախյալ անձի խանգարում ունեցող», «ամուսնացել է շատ երիտասարդ տարիքում (16) եւ ողջ կյանքում կախված է եղել այլ մարդկանցից, հատկապես` տղամարդկանցից», «մտավոր խնդիրներ ունի եւ Ֆիզիկական հիվանդությունների երկար ցանկի պատճառով օգտագործած ցավազրկողներից կախվածությունը բացասաբար է ազդել նրա դատողության վրա», եւ այլն:

Մահվան դատավճռի արձակումը մտավոր թերզարգացած կնոջ համար, ում IQ-ն օրենքով սահմանված արգելքի եզրագծին է, քննադատում են նաեւ Հոգեկան առողջության խմբեր (Menthal Health Groups) ու իրավաբաններ` որպես հակասահմանադրական: Եվրոպական Միության դեսպանն ԱՄՆ-ում հայտարարեց. «Եվրոպական Միությունը գտնում է, որ բոլոր տեսակի հոգեկան խանգարումներով տառապող անձանց մահապատիժը հակասում է մարդու իրավունքների նվազագույն չափանիշներին», իսկ Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Ռոմեյն Նադալը ափսոսանք հայտնեց այն առիթով, որ Գերագույն Դատարանը որոշել է չլսել գործի բողոքարկումը եւ Լուիսի ներման խնդրանքը մերժվել է Վիրջինայի նահանգապետի կողմից:

Հետո` հարց է առաջանում` ինչպե՞ս կարող էր մտավոր նման կարողություններով կինը սպանության կազմակերպիչ լինել եւ սիրեկանին ուղղորդել, երբ Շելընբերգերի IQ 113 է: Բայց կա տեսակետ նաեւ, որ «դատապաշտպանները կարիք չունեին նույնիսկ ոչ Թերեզայի մտավոր կարողություններին, ոչ էլ նրա կին լինելու հանգամանքին անդրադառնալու, քանի որ պատրաստած են եղել ուժեղ եւ ամրակուռ պաշտպանություն` Թերեզայի կյանքը փրկելու համար» (Slate, “Lady Killer”, WorldNetdaily, “Why is Teresa Lewis on Virginia’s death row?):

Շելընբերգերը, ով փաստացի քաշել է ճակատագրական ձգանը, գլուխ է գովացել, որ ինքն է սպանության պարագլուխը: Նա դատավճռի արձակումից կարճ ժամանակ անց բանտից նամակ է գրել ընկերուհուն, որ Թերեզան հենց այն էր, ինչ ինքը փնտրում էր` «գեշ քած, որ ամուսնացել է մարդու փողերի համար, ու ես հասկացա, որ կարող եմ օգտվել նրանից»: Իսկ 2004թ. նա մասնավոր քննիչին խոստովանել է. «այն պահից, որ հանդիպեցի Թերեզային, հասկացա, որ նա հեշտությամբ ուղղորդվող մեկն է: Ու ծրագրեցի, թե ինչպես օգտագործեմ նրան` որոշակի գումար ձեռք բերելու համար»: «Դժվար է պատկերացնել, որ նման մարդը ինքն է ներքաշվել քրեական գործի մեջ կնոջ կողմից»:

Շելընբերգերի նամակում, որ ներկայացրել են դատապաշտպանները, գրված է նաեւ. «Ես հանդիպեցի Թերեզային Դենվիլի Ուոլմարթ խանութում: Հենց առաջին պահից հասկացա, որ նա հեշտ ենթարկվող է: Ջուլիան եւ Չարլզ Լուիսներին սպանելը ամբողջությամբ իմ գաղափարն էր. ինձ փող էր պետք, եւ Թերեզան հեշտ թիրախ էր»:

Շելընբերգերը ընդունել է, որ ինքն է եղել սպանություն ծրագրողը, երդմամբ հաստատված գրավոր խոստովանություն է արել, բայց ցուցմունքն ստորագրելուց հետո փոշմանել է, թուղթը բերանն է խցկել ու կերել, ինչպես պատմել է մասնավոր քննիչը: Ի դեպ, Շելընբերգերը 2006թ. ինքնասպան է եղել բանտում:

Ահա Շելընբերգրի մեկ այլ բնութագիր. «Նա գումար էր փնտրում, որպեսզի կարողանա ստեղծել թմրանյութերի բաշխման ցանց, սակայն նրա իրական երազանքն էր դառնալ պրոֆեսիոնալ քիլլեր` մաֆիոզական ոճով: Բացատրում էր, որ եթե կարողանար նման ռեզյումե սարքել, իր հեղինակությունը կտարածվեր ամենուրեք ու ճանապարհ կհարթեր դեպի Նյու Յորք, ուր ինքը կկարողանար միանալ սպանության պատվերների մեծ լիգաներին»: Լուիսի դատապաշտպանները նույն նամակից մեջբերել են հատված, ուր նա ընկերուհուն բացատրում է. «Ես մտածեցի` ինչի՞ պիտի Նյու Յորք հասնեմ, որ ամեն մի սպանության համար 20 հազար դոլար ստանամ, երբ կարող եմ անել էս մեկն ու միանգամից 250 հազար դոլար ձեռք գցել»: Մինչդեռ Թերեզայի բնութագրում քրեական ոչ մի դետալ չկա, արձանագրված է, որ «բռնի վարքի ոչ մի դրվագ չկա նրա անցյալում»:

Բայց սա դեռ ողջը չէ. բացի «պրոֆեսիոնալ քիլլերի ամբիցիաներով մանր քրեական Շելընբերգերի» պարծենկոտությունից, թե իրականում ի՛նքն է եղել սպանության ուղեղը, մյուս մեղադրյալ Ֆուլերը, երդմամբ հաստատված գրավոր ցուցմունք է ստորագրել, որ «Շելընբերգերն էր միանշանակ գործի գլուխն ու պատասխանատուն, ոչ թե տիկին Լուիսը»:

Դատախազները Ֆուլերին խոստացել էին, որ եթե իրեն մեղավոր ճանաչի ու մյուսների դեմ ցուցմունք տա, կխուսափի մահապատժից, եւ Ֆուլերը համաձայնել էր գործարք կնքել: Շելընբերգերը դատավարության կեսից փոխեց իր հայտարարությունը, նույնպես իրեն մեղավոր ճանաչեց ու մասնակցեց գործարքին: Եվ քանի որ Ֆուլերին նույն արարքի համար կյանք էր խոստացվել, դատավորը արդար չհամարեց մյուսի հանդեպ նույն կերպ չվարվել:

Եթե Թերեզա Լուիսի IQ-ն ընդամենը մեկ-երկու նիշ ցածր լիներ, ԱՄՆ Գերագույն դատարանը մահվան դատավճիռը կհամարեր «դաժան եւ արտասովոր», բայց միավորների այդ չնչին տարբերությունը «արտասովոր դաժան» որակեց Թերեզային: Գործի դատավորն ասել է, որ դատավճիռ արձակելը բարդ էր նրանով, որ Թերեզան իրեն մեղավոր էր ճանաչել եւ ինքն էր ոստիկանությանն ասել մյուս երկու մեղսակիցների մասին: Բայց նա «սառնարյուն ու անխիղճ ձեւով կատարել էր երկու տղամարդու ահավոր ու անմարդկային սպանություն»: Եվ «դա արել էր շահույթի համար` ամուսնու դրամապանակից գումար փնտրելով մարդասպաններին վճարելու համար հենց այն ժամանակ, երբ նա մահամերձ պառկած էր»:

Իսկ հայտնի քրեա-վիպասան եւ դատական իրավաբան Ջոն Գրիշեմը իր ներման խնդրագրում հակադարձրել էր. «Հապա ինչո՞ւ կրակող մարդասպանները ցմահ ստացան, երբ Լուիսը մահվան էր դատապարտվել: Որովհետեւ նրան պարագլուխ համարեցին եւ դրանով իսկ` ավելի մեղավոր: Բայց ի՞նչը կարող է մարդասպանին ավելի մեղավոր դարձնել, քան մի քանի անգամ կրակելը քնած զոհերի վրա (Washington Post, «John Grisham: Teresa Lewis didn’t pull the trigger. Why is she on death row?»):

Մահապատժի ուսումնասիրման կենտրոնի ղեկավար Ռիչարդ Դիթերը քննադատելով դատավճիռն ասում է. «Չափազանց անարդար է, որ սպանության մեջ ներգրավված անձանից հենց նա, ով ամենաքիչ վտանգն է ներկայացնում հասարակության համար, ով հաստատ ավելի մեղավոր չէ, քան նրանք, որ իրականացրել են սպանությունը, եւ ում մտավոր անկարողությունը ողորմության է կոչում, միակ մարդն է, որ մահվան դատավճիռ ստացավ այս ոճրի համար» (ABC News, “Teresa Lewis Appeared Fearful as She Entered Virginia’s Death Chamber”, Youtube, «Sex, money and the death penalty»):

Իսկ մահապատժի վերացման ազգային կոալիցիայի տնօրեն Դայան Ռասթ-Թիերնին այսպես է գնահատել դատավճիռը. «Այս գործի բանալին Թերեզայի մտավոր ցածր կարողություններն էին, նա մահապատժի ենթակա չէր: Մարդիկ, ովքեր իրականում կատարել են սպանությունը, կյանքի դատավճիռ ստացան, իսկ Թերեզան, որ նրանցից պակաս մեղք ուներ ու ընդամենը խամաճիկ էր այդ սխեմայի մեջ` մահվան դատավճիռ: Սա ապշեցուցիչ անարդարություն է» (BBC News, “Is Teresa Lewis anunusual deathrow case?”):

Ջոն Գրիշեմը Թերեզայի գործը վերլուծելիս գրել է. «Լուիսի պատիժն արդարության հետ քիչ կապ ուներ, եւ ավելի շատ կախված էր նրանից, թե ովքեր են նշանակված որպես դատավոր ու դատախազ, կախված էր հանցագործության տեղանքից, պաշտպանության խորհրդի որակից, արագությունից, որով մյուս երկու ամբաստանյալները գործարք կնքեցին, յուրաքանչյուր կողմի փորձագետների որակից եւ այլ գործոններից: Նման անհամապատասխանությունները ծաղրում են գաղափարը, որ ԱՄՆ համակարգը հիմնված է օրենքի առաջ հավասարության վրա (The Washington Post, «John Grisham: Teresa Lewis didn’t pull the trigger. Why is she on death row?», Nzherald, «First woman executed in US in five years»):

Իսկ թե ինչպես է Թերեզա Լուիսի մահվան դատավճիռը մարտահրավեր նետում ամերիկյան հասարակության ու արդարարադատության մեջ գենդերի եւ մահապատժի մասին եղած հայացքներին, կիմանանք վաղը:

ԱՂԲՅՈՒՐՆԵՐ

Indymedia UK, “Western hypocrisy, in two parallel cases- Sakineh Ashtiani & Teresa Lewis”

Portfoli, “Is Virginia’s Death-Row Woman, US’s Sakineh Ashtiani?”

Jezebel, “Is Virginia’s Death-Row Woman Our Sakineh Ashtiani?”,

Newser, “Iran on Execution of Va. Woman: US is a Hypocrite”

ABC News, “Teresa Lewis Becomes 12th Woman to Be Executed in US Since 1976”

Dailymail, “Is it because she’s a woman that double killer is to be executed by lethal injection?»

Associated Press, “Lewis Conspired in her Husband’s Murder”

Guardian, “Teresa Lewis given lethal injection despite protests aver low IQ”

Richmond Times-Dispatch, “Teresa Lewis awaits execution tonight”

Politics.usnews, “For Teresa Lewis, Execution Would Be Unjust”

The New York Times, “Woman on Death Row Runs Out of Appeals”

examiner.com “Virginia set to execute first woman in 98 years”

Suite101, “The Execution of Teresa Lewis”

WorldNetdaily, “Why is Teresa Lewis on Virginia’s death row?”

Washington Post, “Teresa Lewis’s execution and the reaction to women on death row”

reprieve.org.uk, “Borderline mentally retarded woman set to be executed in Virginia today”

The First Post, “How could she mastermind her husband’s murder when she has an IQ of only 70?”

Slate, «Lady Killer»,

Nzherald, “First woman executed in US in five years”

The first post, “Questions linger as Teresa Lewis awaits execution”

The Christian Science Monitor, “Teresa Lewis execution plan draws protest worldwide”

The Washington Post, John Grisham: Teresa Lewis didn’t pull the trigger. Why is she on death row?

PilotՕnline, “Teresa Lewis put to death for murders of husband, stepson”

ABC News, “Teresa Lewis Appeared Fearful as She Entered Virginia’s Death Chamber”

Youtube, “Sex, money and the death penalty”, եւ այլն:

Թերեզա եւ Սաքինե. հեշտոցի անցագիր (4֊րդ մաս)

Թերեզա Լուիսի մահվան դատավճիռը մարտահրավեր նետեց ամերիկյան հասարակության ու արդարարադատության մեջ գենդերի եւ մահապատժի մասին եղած հայացքներին:

«Կասկած չկա, որ այն, ինչ հետաքրքրեց շատերին այս գործի մեջ, զուտ Թերեզայի կին լինելու փաստն էր»,- Օհայոյի համալսարանի իրավաբանության պրոֆեսոր Վիկտոր Սթրեյբի այս միտքը կրկնում են շատերը:

Սաքինեի` որպես կին-զոհի կերպարի փոխարեն, ամերիկյան ԶԼՄ-ների առաջին հորիզոնականներում հայտնվեց Թերեզայի կերպարը: Սակայն, ի տարբերություն Սաքինեի, դա վատ անդրադարձավ Թերեզայի գործի վրա` ընդդիմադիր ալիք բարձրացնելով: Այն մեթոդը, որ արդյունավետ էր իրանցի կնոջ համար, հակառակ արդյունքը տվեց ամերիկուհու դեպքում: Քաղաքական հակաքարոզչության շնորհիվ դիվականացված ու «չարիքի առանցք» ընկալվող Իրանի բնակչուհին, իհարկե, համակարգի զոհ է, նրա սպանված ամուսինն ընդամենը անանուն ուրվական է, բայց նույն ձեւով ԱՄՆ արդարադատությանը բախվող կնոջ դեպքում զոհը արդեն նրա սպանված ամուսինն է` կոնկրետ անունով ու կենսագրությամբ Ամերիկայի օրինավոր քաղաքացին, Վիետնամի պատերազմի վետերանը, ում սպանված որդին` Չարլզը, ԱՄՆ բանակի պահեստային էր, և 250 հազար դոլար կյանքի ապահովագրությունը, որին պետք է տիրանային մարդասպանները, հենց ինքն էր ստացել, երբ ակտիվ ծառայության էր կանչվել ազգային գվարդիա: Նրա մահից հետո փողը ստանալու էր հայրը, հոր մահից հետո` Թերեզան: Այս դեպքում արդեն, ի տարբերություն Սաքինեի գործը ներկայացնելիս, մամուլը չի զլանում ու Ջուլիան Լուիսի սպանության պատկերը ներկայացնում է սրտաճմլիկ մանրամասներով` անմեղ քնի ժամանակ կրակոցների թիրախ դառնալը, դանդաղ արնաքամ լինելը, 45 րոպե առանց օգնության մնալը, տնքոցներն ու հառաչանքները, մահամերձի վերջին խոսքը, աղեկտուր հեծեծանքը` «բեյբի, բեյբի, բեյբի, բեյբի…»:

Այդպես ԶԼՄ-ների զոհակերտման նույն սկզբունքը տրամագծորեն հակառակ աշխատեց. զոհը այս դեպքում ոչ թե մահապատժի դատապարտված կինն է, այլ սպանված տղամարդը: Իսկ Թերեզային պաշտպանողների այն ռազմավարությունը, թե մահվան դատավճիռ է արձակվել, քանի որ նա կին է, բումերանգի դեր կատարեց ու նրա դեմ ուղղվեց: Կին-զոհի շահարկումը ոտքի հանեց լուրջ հակադարձություն ու հասարակական տրամադրությունը շուռ տվեց Թերեզայի դեմ` որպես կնոջ, ինչպես օրինակ «Մահվան դատավճիռը եւ հեշտոցի անցագիրը» տեքստում.

«1976 թ. ԱՄՆ-ում մահապատժի վերականգնումից հետո այդ պատժին ենթարկվածների մեկ տոկոսից էլ քիչն են կանայք եղել: Լուիսը կլինի Վիրջինիա նահանգի առաջին մահապարտ կինը` 98 տարվա մեջ: Եվ սա այն դեպքում, երբ, ըստ արդարադատության նախարարության, կանայք կատարել են բոլոր սպանությունների 10 տոկոսը, ներգրավված են եղել ընտանեկան սպանությունների 35 տոկոսում եւ այլոց սպանությունների 30 տոկոսում: Ինչպես երեւում է, հեշտոցը մահապատժից ազատվելու արտոնություն է: Եվ բանը միայն այն չէ, որ կանանց մահապատիժը չի համապատասխանում կանանց հանցագործություններին, այլ` թե ինչու է այդպես: Մեծ անհրաժեշտություն կա դիտարկել աճող առանձնահատուկ սոցիալական մի երեւույթ, որ հեշտոցի անցագիրն է: Բոլոր հնարավոր «փաստարկներից» Լուիսն օգտագործել է իր հեշտոցը, որ այս փորձանքի մեջ ընկնի, եւ հիմա ուզում է կրկին օգտագործել այն` գինը վճարելուց խուսափելու համար: Հեշտոցի շնորհիվ է նա մեծ աջակցություն ստանում, որ թեժացվում է կնակենտրոն ԶԼՄ-ների միջոցով, դատարկախոս ու տենդագին փրփուր բարձրացնում` ի պաշտպանություն նրա: Ասվում է, որ Լուիսի վարձու մարդասպաններից մեկը` 22-ամյա Շելընբերգերը, մի նամակում գլուխ է գովում, որ ինքն է հանցագործության ուղղորդել կնոջը, ով ցածր IQ ունի: Ըստ երեւույթին` տղան խաղի մեջ է եղել, բայց ոչ միայն չի խուսափել պատժից, այլեւ ինքնասպան է եղել բանտում` կյանքի դատավճիռ ստանալուց հետո:

Փորձագիտական եզրակացություններն ասում են, որ Լուիսը կախյալ անհատականության խանգարում ունի, որի պատճառով ենթակա է ուղղորդվելու տղամարդկանց կողմից: Ահա կլինիկական բացատրություն հեշտոցի անցագրի համար: Դա պետք է տղամարդու մեղքով լիներ, ճիշտ չէ՞: Կանայք չեն անում նման բաներ, եթե նրանց չստիպի որեւէ մեկը, եւ այդ մեկը միշտ տղամարդ է:

Բայց խնդիրն այն է, որ դա իրականում ոչ մի նշանակություն չունի: Մահվան խուց են մտնում շատ տղամարդիկ, որ ցածր ինտելեկտ ունեն ու բարձր տպավորվողականություն: Բայց չկա փենիսի անցագիր, այնպես որ, ամեն դեպքում նրանք ասեղ են ստանում (նկատի ունի ներարկման միջոցով մահապատիժը, որ կիրառվում է ԱՄՆ-ում` էլեկտրական աթոռին զուգահեռ, Վ.Գ.):

Այս ամենը, ինչի ականատեսն ենք մենք այժմ, հիվանդ հասարակության պայքարն է, որ փարվում է այն մտքին, թե կնոջ կյանքը, նույնիսկ հաշվարկով մարդասպանինը, ավելի արժեքավոր է, քան տղամարդունը: Կարծում եմ, մենք պետք է սկսենք ուղարկել կին մարդասպաններին մահապատժի եւ շարունակենք ուղարկել այնքան, մինչեւ որ վերջապես բավարար չափով խելացի դառնանք` այս հիմար ու զզվելի սեքսիզմին իր կարապի երգը երգել տալու համար, մինչեւ մենք մահապատժի ենթարկենք մեր այդ մոլեռանդությունը: Եվ եթե դուք դեմ եք մահապատժին, սա է իմաստուն ռազմավարության հետամուտ լինելու ձեւը: Եթե դուք իսկապես ուզում եք վերջ տալ մահապատժին, սկսեք մահապատժի ուղարկել կանանց ամեն անգամ, երբ նրանք օրինականորեն արժանի են դրան: Այնքան, մինչեւ ակնհայտ դառնա, որ մահապատիժը հիվանդ հասարկության ցուցանիշ է (A Voice for men, “Death Row and the Pussy pass”):

Այլ վերլուծաբաններ, որ Թերեզայի մահապատժի մեջ կանանց դեմ վերաբերմունք են տեսնում, հենվելով գենդերային խտրականության ուսումնասիրությունների վրա, պնդում են, թե արդարադատության համակարգում կա հակակին կողմնակալություն, ինչի պատճառով կանայք մահապատիժ են ստանում այն կատեգորիաների սպանությունների համար, որոնց դեպքում տղամարդիկ չեն ստանում (Slate, “Lady Killer”):

Կանանց հանդեպ այս ավելի խիստ դատավճիռները բացատրվում են նրանով, որ կանայք հիմնականում մահվան են դատապարտվում ընտանեկան սպանությունների համար, ինչը արտասովոր մեծ հանցանք է ընկալվում, քանի որ հակասում է կանանց դաստիարակիչ դերի մասին եղած կարծրատիպերին. «Կանայք հակված են սպանել ընտանիքի անդամներին, տղամարդիկ առավելաբար ներգրավված են օտարների սպանության մեջ: Եվ սա, ասես, խաղարկում է ընկալումների ու պատկերացումների քարացածությունը. դուք ակնկալում եք կանանցից պաշտպանել ընտանիքը, իսկ նա վճարում է, որպեսզի ազատվի ընտանիքից»,- ասում է պրոֆեսոր Սթրեյբը Թերեզայի գործի առիթով` վիճարկելով նաեւ հօգուտ նրա աշխատող կարծրատիպերը. «Մենք ավելի հակված ենք հավատալու, որ կինը հոգեկան խանգարումներ ունի կամ գտնվում է տղամարդու ազդեցության ու վերահսկողության տակ» (BBC News, “Is Teresa Lewis anunusual deathrow case?”, The Christian Science Monitor, “Teresa Lewis: the face of gender differences on death row”):

Ի հակադրություն որոշ կատեգորիաների սպանությունների դեպքում կանանց հանդեպ առավել խիստ վերաբերմունքը բացատրող տեսակետների` շատերն սկսեցին հակառակը պնդող վիճակագրությունը վերլուծել: Ըստ նույն Սթրեյբի` «երբ հանրությունը մտածում է մահապատժի մասին, գրեթե միշտ պատկերացնում է չար տղամարդու կերպար», իսկ «Ժառանգություն» հիմնադրամի քաղաքական վերլուծաբան Դեւիդ Մոլհաուսընը գտնում է, որ արդարադատության համակարգում կողմնակալ դրական վերաբերմունք կա կանանց հանդեպ. «Հետազոտությունները վկայում են, որ նույն հանցագործության համար կանանց ավելի մեղմ են վերաբերվում: Մարդիկ կանխակալորեն կանանց ավելի համակրելի են համարում: Եթե նայեք մահվան դատավճիռներին, կտեսնեք, որ ճնշող մեծամասնությունը տղամարդիկ են: Ոչ ոք չի հարցնում Թերեզա Լուիսի մեղքի մասին այս գործում, այլ պարզապես քննարկում են, թե արդյոք նա համակրելի՞ կին է, թե ոչ: Ներման փաստաբանները խաղում են հասարակության այն սենտիմենտալ տրամադրությունների վրա, որ կանայք ավելի քիչ են մեղավոր, քան տղամարդիկ: Անկախ նրանից` բարձր էին, թե ցածր Թերեզայի մտավոր կարողությունները, նրա կատարածը լուրջ հանցագործություն է» (BBC News, “Is Teresa Lewis anunusual deathrow case?”):

Թերեզայի մահապատիժն արդարացնողները որպես փաստարկ վկայակոչում են հենց նույն` կանանց իրավահավասարության արժեքները. «Տիկին Լուիսը, որ իբրեւ ջերմեռանդ քրիստոնյա ընդունելու է իր մահապատիժը, դարձել է հերթական լալկան լոզունգ` մահապատժի հակառակորդների համար, ովքեր այս գործը առանցքային են համարում այն մեծ բանավեճում, թե արդյոք ժամանակակից ազգն ու երկիրը պե՞տք է իր քաղաքացիներին սպանության ենթարկի: Սակայն փաստը, որ Լուիսը կին է, զատում է այս գործը մյուսներից: Մի հասարակության մեջ, որտեղ կանայք ձգտում ու նվաճում են իրավահավասարություն գրեթե ամեն ճակատում, կնոջ մահապատիժը դեռ տարբեր արձագանքներ է ստանում: Եվ միայն ամերիկյան հասարակությունը չէ, որ պիտի հավասար դիտի մահապատիժը կանանց նկատմամբ, երբ անգամ դատավորներն ու ատենակալները հակված են տարբեր կերպ արձագանքել կին մարդասպաններին» (The Christian Science Monitor, “Teresa Lewis: the face of gender differences on death row”):

Այն բազմաթիվ փաստերն ու վիճակագրությունը, թե կանայք անհամեմատ ավելի քիչ են մահվան դատավճիռ ստանում, քան տղամարդիկ, ստանում են այսպիսի պատասխան. «Այդ պնդումները միայն իրավիճակի մի մասն են ներկայացնում: Ըստ փորձագետների` կանանց մահվան դատավճիռները առավելաբար սեքսիստական պատճառներ ունեն: Նրանց ոճիրները հաճախ ամուսնու կամ երեխայի սպանություններն են, որ ենթադրել է տալիս, թե նրանք իրենց ամուսինների համար անբնական կին են ու վատ մայր: Ինչո՞ւ են կիրառվում նման երկակի ստանդարտներ: Գուցե այն պատճառով, որ սկսած պուրիտանական ժամանակներից ամերիկացիները ներշնչված են այնպիսի պատմություններով, ուր հրեշավոր, գազանաբարո ու սատանայական կանայք սպանո՞ւմ են իրենց հարազատներին: Մեր մշակույթն ակնկալում է սպիտակ կանանցից լինել «բարի, պասիվ, առաքինի ու հոգատար»,- ասում է Ջորջ Վաշինգտոնի համալսարանի իրավունքի պրոֆեսոր Ֆիլիս Գոլդֆարբը,- իսկ երբ այդ ակնկալիքի փոխարեն նրանք մեղադրվում են սպանության համար, մահապատիժը համարվում է «լիովին համապատասխան» (The Wall Street Journal, «Teresa Lewis is Executed; What Made Her Case So Interesting?»):

Գենդերային թեման, այսպիսի լուրջ խնդիրներ առաջացնելով հանդերձ, իրավաբանական համապատասխան ձեւակերպումներ չունի, այն դեպքում, երբ նույնիսկ դատավորները մասնագիտական տերմինների փոխարեն երբեմն օգտագործում են գեղարվեստական արտահայտչամիջոցներ. «Դատավորը Լուիսին անվանեց այս գործի «օձի գլուխ» (այս մետաֆորի մեկնաբանությունը թողնում եմ կանանց ուսումնասիրությունների գիտնականներին): Թերեզան խստորեն է դատապարտվել, քանի որ օգտագործել է սեռականությունն ու դավաճանությունը իր հարազատների սպանության գործում, եւ մահից խուսափում է փնտրում, քանի որ նրա սեռը նրան տուժող է դարձնում եզակի կանացի ձեւով»: Իսկ դատախազ Դեւիդ Գրայմսն ասել է, որ «Թերեզա Լուիսը մեծագույն չարիքն է, որ ես երբեւէ տեսել եմ» (Slate, “Lady Killer”, The New York Times, “Woman on Death Row Runs Out of Appeals”, ProDeathPenalty.com):

Դատավորի ասած «օձի գլուխն», իհարկե, զուտ կանացի բնութագիր է, վհուկային արխետիպ: Ըստ երեւույթին, Թերեզան դատավորին հիշեցրել է Եվայի մեղքը, թե ինչպես նա սեռական հարաբերությունների մղեց անմեղ Ադամին: «Սեքսն իբրեւ խայծ օգտագործելը» մեղադրական եզրակացության առանցքային կետերից է, որին կանդրադառնանք հաջորդիվ:

Մահապատժի հետազոտական կենտրոնի ղեկավար Ռիչարդ Դիթերը, շեշտելով, որ մերժում է կանանց հանդեպ առանձնահատուկ մեղմությունը, ասում է` թեեւ կանանց ավելի հազվադեպ է մահապատիժ տրվում, բայց նրանց սեռը կարող է նրանց վնասել դատական գործում. «Երբ թվում է, թե նրանց հանցագործությունն անցնել է կանանցից ակնկալվողի սահմանը, տղամարդկանց համեմատ ավելի խիստ վերաբերմունքի են արժանանում»: Նրա կարծիքով դատախազներն ու դատավորները կանանց մահապատիժն արդարացնելու համար մարդասպաններին բնութագրում են որպես «հավատից անդին», «շրջանակից դուրս», «սահմանից այն կողմ»: «Հապա տեսեք նրանց էպիտետները` «հրեշ», «ճիվաղ», «օձի գլուխ», «սատանայի գլուխ»,- հիշեցրել է դատավորի ասածները Թերեզայի մասին (Washington Post, «Teresa Lewis’s execution and the reaction to women on death row», Dailymail, “Is it because she’s a woman that double killer is to be executed by lethal injection?»):

Այսպիսով, պարզ է մի բան, որ ԱՄՆ արդարադատության համակարգում գենդերային խտրականության առկայությունը չի ժխտում ոչ ոք, կարծիքները բաժանվում են այլ տեղից: Դրա մասին` վաղը:

Աղբյուրներ

Washington Post, “Virginia Gov. Robert McDonnell won’t stay execution of Teresa Lewis Pro Death Penalty”,

Off2dr, “Teresa Lewis-Virginia Death Row- Scheduled Execution”,

The Christian Science Monitor, “Teresa Lewis execution plan draws protest worldwide”,

News Yahoo, “Va. Could execute 1st woman in nearly a century”

Սաքինե և Թերեզա. Դավաճանությո՞ւն, թե՞ սեքսն իբրեւ խայծ, ո՞րն է իրավապես ավելի ազնիվ (5֊րդ մաս)

30.11.10

Եվ այսպես, իրանցի Սաքինեին մահապատժից ազատելու, այսպես ասած, միջազգային հանրության կոչերը փոխարկվեցին ամերիկուհի Թերեզա Լուիսի անարդար մահավճռի մասին աղմուկի: Եվ այն երկիրը` ԱՄՆ-ն, որ Իրանի դեմ բողոքի առաջատարն էր, արդեն ինքն էր իր սեփական համակարգի մահապատժի թնջուկը փորփրում:

Ծավալված քննարկումները վկայում են, որ ԱՄՆ արդարադատության համակարգում գենդերային խտրականության առկայությունը լուրջ խնդիր է, միայն թե կարծիքները բաժանվում են ըստ այն պնդումների, թե կանանց հանդեպ վերաբերմունքն, արդյոք, ավելի մե՞ղմ է, թե՞ ավելի դաժան: «Դատարանը քննել է կամայականությունների հարցը բացառապես ռասայական կոնտեքստում, մինչդեռ խտրականությունը ըստ սեռերի առավել տարածված ու սովորական է»,- ասվում է «Ռադիկալ փիլիսոփայական հանդես» ակադեմական ամսագրի զեկույցում,- «Այսուհանդերձ, գենդերային խտրականությունը շարունակվում է անտեսվել դատական գործընթացներում»: Սոցիոլոգների մի բացատրությունն այս է. «դատավորները, որ հիմնականում տղամարդիկ են, հակված են ավելի մեղմ պատժամիջոցներ տալ կանանց, քանի որ բնական տղամարդկային արձագանքն է պաշտպանել կանանց: Ընդհանուր առմամբ, այն զգացողությունը, որ կանայք ֆիզիկապես փոքր են, եւ տղամարդիկ` ավելի դաժան, կարող է դեր խաղալ, թե ինչպես է իրավական համակարգը դիտում կին մարդասպաններին» (The Christian Science Monitor, “Teresa Lewis: the face of gender differences on death row”):

Սակայն, եթե դատավորների «բնական տղամարդկային արձագանքը» նշվում է որպես դատական պրոցեսի վրա ազդող գործոն, դժվար է անտեսել, որ այդ գործոնը կարող է դրսեւորվել ոչ միայն որպես կանանց պաշտպանելու միտում: «Բնական տղամարդկային արձագանք» կարող է լինել նաեւ ամուսնու սպանությունը պատվիրած կնոջ հանդեպ բացասական վերաբերմունքը, քանի որ դատավորները կարող են իրենց նույնացնել դավաճանված ու սպանված ամուսինների հետ:

Թերեզայի դեպքում այդ բացասական վերաբերմունքը ոչ միայն դատավոր ու դատախազի պատկերավոր համեմատություններն էին օձի, սատանայի ու չարիքի հետ, այլ նաեւ ասես մի տեսակ տղամարդկային համերաշխություն ու հանձնառություն` կատարելու դավաճանված ու սպանված ամուսնու «պատգամը»: Եվ անգամ այն մասնագետները, օրինակ` պրոֆեսոր Սթրեյբը, որ վկայակոչում են վիճակագրությունը, թե գենդերային կողմնակալությունը հաճախ ի նպաստ կին մարդասպանների է լինում, ընդունում են, որ «Լուիսի դեպքում նրա սեռը իր դեմ աշխատեց, լուրջ դեր ունեցան նրա մեռնող ամուսնու վերջին խոսքերը, որ ընդգրկվել են մեղադրական եզրակացության մեջ` կնոջ դեմ. « Իմ կինը գիտի, թե ովքեր են արել սա ինձ հետ»: Մեռնողի այս բառերը շեշտվում են շատ լրատվամիջոցներում` որպես ոճրագործին մատնանշելու կտակ (BBC News, “Is Teresa Lewis anunusual deathrow case?”, The Christian Science Monitor, “Teresa Lewis: the face of gender differences on death row”):

Պրոֆեսոր Սթրեյբի հետ համամիտ է նաեւ մահապատժի ուսումնասիրման կենտրոնի ղեկավար Դիթերը. «Լուիզի սեռը գործեց իր դեմ, Վիրջինիայի գլխավոր դատախազը շեշտեց փաստը, որ նա սեռական կապ է ունեցել մեղադրյալ Շելընբերգրի հետ, եւ դրանով արդեն իսկ, ինչ-որ առումով պատվազրկվել: Երբ կինը հատում է որոշակի գիծ եւ դուրս գալիս իր սոցիալական դերից, դիտվում է հատկապես չար ու վտանգավոր»(reprieve.org.uk, “Borderline mentally retarded woman set to be executed in Virginia today”):

Հետաքրքիր է, որ «սեռական հարաբերությունները», ինչի ապաքրեականացման կոչ էր արել Ամնեսթի ինթերնեշընլը Իրանին, մեծ դեր են ունեցել նաեւ Թերեզա Լուիսի մահվան դատավճռի մեջ: Շելընբերգերի հետ ունեցած սեռական կապը շեշտելուց բացի` մեղադրական ձեւակերպումները խոսում են նաեւ նույնպիսի կապի մասին մյուս տղամարդու` Ֆուլերի հետ, ով, ի դեպ, սեւամորթ է: Եվ դա առիթ է տվել որոշ ընթերցողների այնպիսի եզրակացության, թե «գուցե Վիրջինիայի նահանգապետին դուր չի եկել, որ Թերեզան սեռական կապ է ունեցել աֆրո-ամերիկացու հետ»(Washington Post, «Teresa Lewis’s execution and the reaction to women on death row»):

Ամերիկյան ԶԼՄ-ները մանրամասն ու հանգամանալից, դատախազական ձեւակերպումներից մեջբերումներով, ի վնաս Թերեզայի շեշտելով նրա տարիքային տարբերությունը սիրեկանից, գրում են այդ սեռական հարաբերությունների մասին: Օրինակ, «Թերեզա Լուիսը սեռական կապ է հաստատել իրենից 11 տարի փոքր, 22-ամյա Շելընբերգերի հետ», «առնվազն մի անգամ «ներքնազգեստների ցուցադրություն» է արել երկու տղամարդու համար», «երկուսի հետ էլ սեռական կապ է ունեցել», «տղամարդկանց, որպես հեռանկար, խոստացել է սեքս նաեւ իր 16-ամյա անչափահաս դստեր հետ», «կան մի շարք անհարմար փաստեր, որ Լուիսի օգտին չեն աշխատում, օրինակ, գործարքի կնքումը հեշտացնելու համար Լուիսը իր 16-ամյա դստերն է սեքս անելու տարել երկրորդ տղամարդու` ֆուլերի հետ: Հավանաբար, դա էր ողջ այն խրախուսանքը, ինչն անհրաժեշտ էր տղային», «մի անգամ իր 16-ամյա դստերն է հետը հանդիպման տարել ավտոկայանատեղում, ծանոթացրել ֆուլերի հետ, ինքը Շելընբերգերի հետ մի ավտոյի մեջ են սեքս արել, աղջիկը Ֆուլերի հետ` մյուսում», եւ այլն: Թերեզայի սեռական բնութագիրը ամբողջացնելու համար փորփրել են նաեւ նրա անցյալը` սկսած 16 տարեկանից, երբ նա «փախել է մի տղայի հետ ու ամուսնացել, հետո երեխաներին լքելով` փախել է քրոջ ամուսնու հետ, հետո քրոջ նոր նշանածի հետ է սեռական կապ հաստատել` միեւնույն ժամանակ այլ սիրեկան էլ ունենալով», «ամուսնացել է երկու անգամ եւ երկուսի օրոք էլ տարբեր սիրեկաններ է ունեցել», եւ այլն (աղբյուրները` վերջում):

Առհասարակ, սեռական հարաբերությունները այս պատմության մեջ առաջնային դերակատարում ունեն, եւ այդ թեման բավական շահարկվել է ԶԼՄ-ներում` ե՛ւ «ամուսնուն դավաճանելու» ու «սեքսն իբրեւ խայծ օգտագործելու» դատախազական ձեւակերպումներով, ե՛ւ սեփական մեկնաբանություններով:

Իսկ գուցե հենց մտավոր ցածր կարողությունների եւ ուղղորդելի լինելու պատճառո՞վ է Թերեզան ենթարկվել տղամարդկանց առաջարկներին ու նրանց ուզածն արել, կամ ինչո՞ւ է «սեքսն իբրեւ խայծ» օգտագործելը Թերեզային վերագրվում, ինչ է, 22-ամյա երիտասարդ տղամարդը չէ՞ր կարող սեքսն իբրեւ խայծ օգտագործել իրենից բավական տարեց (51տ.) ամուսին ունեցող 33-ամյա կնոջը գայթակղելու համար, թե՞ գայթակղողը միշտ «սատանա» կինն է, կամ նույն սեռական կապը ինչո՞ւ է միայն կնոջը վարկաբեկում եւ նպաստում մահապատիժ ստանալուն, իսկ դրան մասնակից տղամարդկանց չի «պատվազրկում» այնպես, ինչպես գլխավոր դատախազն է Թերեզայի մասին ասել: Ինչպես երեւում է, սեռական կապի` կնոջ համար վարկաբեկիչ լինելու մտայնությունները ամուր են նստած ոչ միայն իրանական, այլեւ ամերիկյան հասարակության ու արդարադատության մեջ:

Ամերիկյան ԶԼՄ-ները, որ Սաքինեի` ճիշտ Թերեզայի պես ամուսնու սպանության մասնակից լինելու մեղադրանքը շրջանցելով կամ հետին պլան մղելով` նրան իբրեւ թե «ամուսնական անհավատարմության» համար մահվան դատապարտած Իրանի արդարադատությունն էին քննադատում, Թերեզայի դեպքում մեծ ջանասիրությամբ ներկայացնում են նրա սեռական կյանքը` նրանից կերտելով ավելի քան թեթեւաբարո կնոջ կերպար, ով անգամ սեփական աղջկան է մատուցել իր մեղսակցին:

Իրանում «անօրինական կապի» մեղադրանք ներկայացնելու համար անհրաժեշտ է, որ դատարանում վկայություն տան չորս ականատեսներ, որ սեռական ակտին ներկա են եղել միաժամանակ, ինչը գործնականում անհնար է, եւ ականատեսներն էլ պիտի լինեն հասարակության մեջ հեղինակություն վայելող անձինք, ում խոսքը արժանահավատ է:

ԱՄՆ-ում նման օրենք չկա, բայց նույն մեղադրանքը այլ բառերով է ձեւակերպվում` «սեքսն իբրեւ խայծ օգտագործել» եւ «պատվազրկվել»: Իսկ եթե դրան էլ գումարվի «ներքնազգեստների շոուն» ու «սեքսը փարքինգում», կինը, ի տարբերություն նույն սեքսի մասնակից տղամարդկանց, մահապատիժ կստանա: Չէ՞ որ դատավորները «բնական տղամարդիկ» են:

Եվ ԶԼՄ-ներն էլ այնպես կթմբկահարեն ու կտիրաժավորեն սեռական հարաբերությունները` պատկերավոր մանրամասներով (իհարկե, առանց «չորս ականատես» ունենալու), եւ դա այնպես սպանության թեմային կմիահյուսեն` որպես չորրորդ իշխանություն, որ պուրիտանական տրամադրությունները կնոջ դեմ աճեն ու նրան մահապատժի արժանի համարեն (սոցհարցումներով Թերեզայի մահապատժին կողմ պատասխանները մոտ կրկնակի անգամ գերազանցում են դրա դեմ արտահայտվածների քանակին) (Support Death Penalty? Capital-punishment.net):

Ինտիմ կյանքի ու սեռական վարքի նման ներկայացումը քրիստոնեական բարեպաշտության ու առաքինության արժեքային մթնոլորտում այն հետեւանքն ունեցավ, որ Թերեզան անհրաժեշտ հանրային աջակցություն չստացավ, որ նահանգապետի ներմանն արժանանար, այլ «ստացավ իր մահապատիժը փոխելու ընդամենը մոտ 6000 մարդու աջակցություն եւ արժանացավ տասնյակ հազարավորների խորշանքին»: Իհարկե, պետք է նշել, որ այդ աջակցությունն էլ պայմանավորված է եղել Թերեզայի կրոնական բուռն պոռթկումների մասին լուրերով, որ դատապաշտպանների շնորհիվ տարածվում էին մամուլում, որպեսզի հասարակության մեջ իշխող կրոնական պարարտ հողի վրա համակրանք շահվի. «Մոտ 6000 մարդ խնդրագիր է ստորագրել` ներման կոչ անելով նահանգապետին, հիմնականում այն պատճառաբանությամբ, որ Թերեզան գտել է Աստծուն»(Off2dr.com, «Teresa Lewis, Virgina Death Row, Guardian, “Teresa Lewis given lethal injection despite protests aver low IQ”, Scheduled Execution», Youtube, «Sex, money and the death penalty»):

Թերեզայի կյանքի ֆինալային ակորդներն ամբողջովին քրիստոնեական հնչողություն ունեն: Մահվան դատապարտված կինը երեւի անկեղծորեն էր փարվում այդ միակ մխիթարանքին, բայց դատապաշտպանների համար դա վերջին պաշտպանական ռազմավարությունն էր, որ կարող էր կրոնականության ազդեցիկ գործոնը աշխատեցնել: Նահանգապետի ներմանը նախորդող ողջ ժամանակահատվածում դատապաշտպաններն զբաղված էին բանտից առ ԶԼՄ-ներ ավետիս բերելով, թե Թերեզան վերածնվել է որպես քրիստոնյա: Իսկ փոքրաթիվ աջակիցները, «սահմանային մտավոր հետամնացությամբ տառապող Լուիսի կողմնակիցները տեսանյութ էին պատրաստել կայքէջում, ուր հնչում է նրա ավետարանական օրհներգը` «Ես հրաշքի կարիք ունեմ» (ABC News, “Teresa Lewis Death Row Makes Her Last Decision”):

Ի բավարարումն հասարակության կրոնական ծարավի` բանտը Թերեզայի համար ներկայացվում է որպես քրիստոնեական արդարադատության, ինքնախարազանման, զղջման ու ապաշխարանքի քավարան. «Թերեզան բանտում մյուս կանանց ուժ է ներշնչում քրիստոնեական քարոզներով ու օրհներգությամբ, շարունակ աղոթում ու Ավետարան է կարդում», «Լուիսն աղոթում է, որ իր մահապատիժը փոխարինվի ցմահ բանտարկությամբ: Եթե նրան թույլ տրվի ապրել, ասում է, որ այլ բանտարկյալների ու հոգեւոր խորհրդատուի հետ կաղոթի շարունակ: Բայց գիտի նաեւ, որ «դա կարող է պատահել»,- ասում է մահապատժի մասին,- «դա իրական է», «ես գնալու եմ Տուն, որպեսզի Հիսուսի հետ լինեմ»: «Նա օրեր շարունակ քրիստոնեական հիմներ է երգում բանտում», մեղա է գալիս` «ես ստել եմ, խաբել եմ, թմրանյութ եմ ծխել, գողացել եմ, ամուսնացած ժամանակ սիրած եմ ունեցել ու շնացել, ճիշտ է, ամեն ուրբաթ ու կիրակի եկեղեցի եմ գնացել ու վերածնվել, բայց տանը երբեք, կարո՞ղ եք պատկերացնել, Աստվածաշունչը չեմ բացել, այլ միայն եկեղեցում»: Թերեզան քարոզում էր բանտից. «Մարդիկ իմ մահն են ցանկանում, բայց ես դրանից չեմ մտահոգվում, ես հավատում ու վստահում եմ Հիսուսին: Անգին ընկերներ, Քրիստոսի զավակներ, եթե դուք չգիտեք մեր հրաշալի Փրկչին ու Հորը, խնդրում եմ, ներս առեք նրան ձեր սրտերի մեջ: Նա կների ձեր բոլոր մեղքերը եւ ձեզ կառնի իր սիրառատ գրկի մեջ, ձեզ կօրհնի ու կառաջնորդի: Նա սիրում է ձեզ ավելի, քան կարող եք պատկերացնել: Վստահե՛ք նրան: Հավատացե՛ք նրան»: Իսկ դատապաշտպանները հաղորդում էին, որ «Թերեզան իր դատը հանձնում է Հիսուսի ձեռքերին», «Թերեզան աղոթում է ե՛ւ սպանված զոհերի համար, ե՛ւ Վիրջինիայի նահանգապետի, ե՛ւ նույնիսկ դատախազի»:

Բայց այդ աղոթքները չազդեցին, եւ նա ներում չստացավ, պարզվեց` Հիսուսին կարող են վկայակոչել նաեւ մյուս կողմից: Նույն կրոնական ջերմեռանդությամբ Թերեզայի սպանված ամուսնու դուստրը` Քեթի Քլիֆթոնը նույն Քրիստոսով բացատրեց մահապատժի անհրաժեշտությունը. «Թերեզան պնդում է, որ քրիստոնյա է: Ես չգիտեմ, թե որքան ամուր է նրա հավատը, բայց ես էլ իմ տեր աստծուն եմ հավատում, իմ Հիսուսին, որը ոչ միայն ասում է` մի սպանիր (պատասխանում է Թերեզայի մահապատժի դեմ այդ պատվիրանը ոգեկոչողներին, Վ.Գ.), այլ ասում է նաեւ` ենթարկվիր երկրի օրենքին: Եթե նա իսկապես հոգեւոր անձ է, ուրեմն պետք է ուրախ լինի ընդունել ցանկացած դատավճիռ»: Իսկ մեկ այլ տեղ էլ կասկածի տակ է դրվում, որ Թերեզան «գտել է Աստծուն». «Նրա հավատքն առ Աստված թվացյալ է, արդյոք դա այն նույն աղոթողը չէ՞ր, որ ամուսնու հետ ընթրիքի սեղանին աղոթել էր` ճիշտ մի քանի ժամ իր ամուսնու սպանությունից առաջ» (The New York Times, “Woman on Death Row Runs Out of Appeals”, Off2dr.com, «Teresa Lewis, Virgina Death Row, Scheduled Execution»):

Կրոնական մոլեռանդությունը, «մեր սիրելի հայր Աստծո», Հիսուսի ու անգամ Լյուցիֆերի ոգեկոչումներն այնքան են խտանում, որ մի ընթերցող հռետորական հարց է տալիս` «հիմա ինչ անենք, վերականգնե՞նք վհուկներին այրելը» (The Washington Post, “Virginia executes Teresa Lewis for role in slaying of husband, stepson in 2002”):

Այսպես, Թերեզայի գործը երեւան հանեց, որ ոչ միայն Իրանի պես կրոնապետության, այլեւ աշխարհիկ ԱՄՆ-ում էլ կրոնական գործոնն ազդում է դատական գործերի վրա: Որ ԱՄՆ-ում իրավահավասարությունը կարող է օգտագործվել որպես զենք` կանանց տղամարդկանց հետ հավասար մահապատժի ուղարկելու այն դեպքում, երբ «սեռական հարաբերությունների» «պատվազրկիչ» դերը հավասար չի տարածվում կանանց ու տղամարդկանց վրա, այլ վարկաբեկում ու մահապատժի է հասցնում միայն կանանց: Էլ ավելին` մահապատիժը կիրառվում է այնպիսի կնոջ վրա, ով, ի տարբերություն Սաքինեի, հոգեկան խնդիրներ ունի: Իհարկե, Իրանը օրենսդրորեն սահմանված IQ-ի փորձաքննություն չի անցկացնում, բայց ո՞ւմ է պետք այն օրենքը, որ չի կիրառվում անգամ Եվրամիության եւ Մարդու իրավունքների պաշտպանության կոչերից հետո: Ժողովրդավարության արսենալը դրան պատասխանում է, թե ԱՄՆ-ում դատարանները անկախ են ու չեն ենթարկվում այլ մարմինների, բայց չէ՞ որ ոչ-ժողովրդավարական համարվող համակարգերը նույն հաջողությամբ կարող են օգտվել այդ փաստարկից, մանավանդ, որ Իրանը չունի պրեզիդենտի ներման ինստիտուտ մարդասպանների համար, այլ ունի սպանվածների հարազատների ներման ինստիտուտ, ինչի համար հինգ տարի ժամանակ է տրվում, որպեսզի զոհերի մերձավորները կարողանան հաղթահարել իրենց վիշտն ու ներեն մարդասպաններին:

Սաքինեն եւ Թերեզան, երկու տարբեր երկրների քաղաքացի լինելով, բացահայտեցին այդ համակարգերի նմանությունները մի աշխարհի համար, ուր այդ երկրները պարզ սխեմատիկ բաժանումով ընկալվում են իբրեւ տրամագծորեն հակադիր արժեքների կրող: Այդ կանայք նման էին ոչ միայն իրենց դատական գործերով` ամուսնուն դավաճանելու եւ նրա սպանությունը պատվիրելու մեղադրանքով, այլ նույնիսկ մեղսակից սիրեկանների քանակով` երկու տղամարդ: Բայց հիմա արդեն նրանց ճակատագրերն սկսեցին տարբերվել. «Ամերիկան առաջին երկրներից էր, որ իր զայրույթն էր արտահայտում Սաքինե Աշթիանիի գործի վերաբերյալ, բայց Սաքինեն դեռ բանտում է, մինչդեռ ամերիկացի տատիկը մահապատժի ենթարկվեց» (Թերեզան բանտում եղած տարիներին թոռ էր ունեցել) ( Portfoli, «Is Virginia’s Death-Row Woman, US’s Sakineh Ashtiani?»):

Եվ հետեւում է տրամաբանական եզրակացությունը մահապատիժ կիրառող երկրի լրագրողի. «Քանի դեռ մենք սպանում ենք մեր սեփական քաղաքացիներին, շատ դժվար է մեզ համար բարոյական բարձր դիրքից խոսել: Իսկական հարցն այն է, իրավունք ունի՞ մեր կառավարությունը կյանք խլել: Քանի դեռ մեր պատասխանը այո է (ցավոք, ի տարբերություն շատ այլ երկրների), մենք հազիվ թե կարող ենք քննադատել Իրանին նույնն անելու համար»(Jezebel, “Is Virginia’s Death-Row Woman Our Sakineh Ashtiani?»):

Սակայն հարցը միայն երկակի ստանդարտները չեն, այլ ավելի լուրջ բաներ, որոնց մասին` հաջորդիվ:

Աղբյուրներ

Politics.usnews, «For Teresa Lewis Execution»

The New York Times, “Woman on Death Row Runs Out of Appeals”

Off2dr.com, «Teresa Lewis, Virgina Death Row, Scheduled Execution»

Dailymail “Is it because she’s a woman that double killer is to be executed by lethal injection?”

Slate, «Lady Killer»

A voice for men, «Death Row and the Pussy pass»

proDeathPenalty.com,

The Christian Science Monitor, “Teresa Lewis execution plan draws protest worldwide”

Youtube, «Sex, money and the death penalty»

CBCNews, Teresa Lewis Set to Die in Virginia Execution

Washington Post, “Virginia Gov. Robert McDonnell won’t stay execution of Teresa Lewis”

Guardian, “Teresa Lewis given lethal injection despite protests over low IO”

Washington Post, «Teresa Lewis’s execution and the reaction to women on death row

CBCNews, «Virginia executes 1st woman since 1912»

SaveTeresaLewis.Org

The Washington Post, “Virginia executes Teresa Lewis for role in slaying of husband, stepson in 2002”)

Politics.usnews, «For Teresa Lewis Execution» The New York Times, “Woman on Death Row Runs Out of Appeals” Off2dr.com, «Teresa Lewis, Virgina Death Row, Scheduled Execution» Dailymail “Is it because she’s a woman that double killer is to be executed by lethal injection?” Slate, «Lady Killer» A voice for men, «Death Row and the Pussy pass» proDeathPenalty.com, The Christian Science Monitor, “Teresa Lewis execution plan draws protest worldwide” Youtube, «Sex, money and the death penalty» CBCNews, Teresa Lewis Set to Die in Virginia Execution Washington Post, “Virginia Gov. Robert McDonnell won’t stay execution of Teresa Lewis” Guardian, “Teresa Lewis given lethal injection despite protests over low IO” Washington Post, «Teresa Lewis’s execution and the reaction to women on death row CBCNews, «Virginia executes 1st woman since 1912» SaveTeresaLewis.Org The Washington Post, “Virginia executes Teresa Lewis for role in slaying of husband, stepson in 2002”)

«Առավել մարդասիրական մահապատժի» կեղծավորությունը(Սաքինե և Թերեզա, 6֊րդ մաս)

22.12.10

Երկակի ստանդարտների կիրառումը, այն հիմնական թեման է, որ քննարկվում է իրանցի Սաքինեի ու ամերիկացի Թերեզայի` կատարված ու հետաձգված մահապատիժների արձագանքներում: Դա լուրջ փորձաքար է, քանի որ երկու տարբեր կշեռքներով ինչ-որ բան չափել ու կշռելու պրակտիկան իրականում առաջացնում է երրորդ կշեռքի անհրաժեշտություն, որպեսզի հենց այդ կշեռքները դրվեն նժարին ու գնահատվեն:

Իրանուհու կեղծված լուսանկարից հետո արեւմտյան ԶԼՄ-ներում վերջապես հայտնված իրական նկարը, ըստ երեւույթին, Սաքինեի` տարիներ առաջվա անձնագրի ֆոտոն էր: Բայց եթե, օրինակ, Սաքինեն Սաուդյան Արաբիայի բնակիչ լիներ, անհնար կլիներ նման լուսանկար գտնել, քանի որ այդ երկրում կանայք մինչեւ վերջերս այնքան մարդահաշիվ չէին, որ անձնագիր ստանային: Ընդամենը երկու տարի առաջ Սաուդյան Արաբիայի կանայք անձնագիր ստանալու բախտին արժանացան, երբ շատ այլ երկրներում շներն ու կատուներն անգամ կարող են անձնագիր ունենալ: Իսկ թե ինչքան ձեռքեր են կտրվում ու գլուխներ քարկոծվում այդ երկրում, չենք էլ իմանում, քանի որ արեւմտյան ԶԼՄ-ները չեն անդրադառնում իր հարուստ նավթի ծորակները բարեհաճորեն տրամադրած երկրի ներքին կյանքին, ինչն աշխատում է որպես կամայականության ու բռնության արտոնագիր:

Չինաստանում մահապատիժ է նախատեսվում մոտ 70 տեսակի հանցանքների ու զանցանքների համար, ի թիվս որոնց ներառված են անգամ հարկային ու մաքսային որոշ խախտումներ ու անգամ փոքր քանակի թմրանյութ ունենալը եւ այնպիսի հանցանքներ, որոնց համար աշխարհի ոչ մի երկրում մահապատիժ չի նախատեսվում: Չինաստանում մահապատիժ է կիրառվում նաեւ ազգային խորհրդանշանների ու հարստությունների դեմ կատարված հանցանքների դեպքում, որոնց մեջ, մինչեւ 1997թ. ներառված էր նաեւ պանդաների սպանությունը: Կոռուպցիան, գույքային հափշտակությունը, ոսկու կամ արծաթի մաքսանենգությունը նույնպես մահապատժի են հանգեցնում: Նույն դատավճիռն են ստանում նաեւ նրանք, ովքեր իրավախախտումն սկսել, բայց չեն ավարտել ու ամբողջությամբ իրականացրել կամ ուղղակի կրկնել են հանցանքը, օրինակ` խարդախության երկու փորձ են արել. նրանց մահապատիժ է տրվում ոչ թե հանցանքի լրջության, այլ ուղղակի կրկնության համար: Չինաստանը աշխարհի «առաջատարն» է նաեւ մահապատիժների քանակով, այնտեղ տարեկան մի քանի հազար մահապատիժ է իրականացվում, օրինակ, 2005-ին այդ թիվը 10000 է եղել, չնայած այդ մասին տեղեկատվությունն արգելված է երկրում: Բայց ոչ մի չինուհի արեւմտյան ԶԼՄ-ների կերտած զոհի լուսապսակով չի օծվում, «միջազգային հանրություն» կոչվածը չի վրդովվում, եւ փրկության ստորագրահավաք էլ չի կազմակերպվում: Չինաստանի հետ տնտեսական կապերը չարժե վտանգել նման «մանր-մունր» հարցերով:

Երկակի ստանդարտների թեման բավականին քննարկվում է, քանի որ շատ բացահայտ ու տեսանելի է, բայց խնդիրը միայն երկու տարբեր կշեռքները չեն, այլ նաեւ բուն չափման միավորը` մարդասիրությունը, որը հիմնականում ոգեկոչվում է իր նույնքան տափակ ու պարզունակ դեմքով, որքան հայրենասիրությունը: Եվ «մարդկային» բառն էլ հոլովվում է նույնքան մակերեսային ըմբռնումներով ու ազդակներով, որքան «հայեցի» բառը: Թե ինչպես են մարդասիրության տափակությունն ու պրիմիտիվությունը հեշտ մանիպուլյացվող գործիքի վերածվում, եւ ինչպես է հնարավոր հարցերին խորությամբ նայել` տեսնենք երկու տարբեր օրինակների վրա` նույն Սաքինեի եւ Թերեզայի թեմայի մեջ: Տեքստերից մեկի հեղինակը արդեն հիշատակված ֆրանսիացի էսսեիստ Բեռնար Լեւին է, մյուսը` հայտնի ինտելեկտուալ Ումբերտո Էկոն:

Սաքինեի մահվան դատավճռի դեմ բողոքի ալիք բարձրացնելու գործում շատ կարեւոր խթան հանդիսացավ մեկ բառ` քարկոծում: Այդ բառը այն գլխավոր զենքն էր, որ գործի դրեց Բեռնար Լեւին, ով գլխավորում էր Սաքինեի փրկության արշավը` իրականում որպես իր տեւական հակաիրանական քարոզչության հերթական առիթ: Հենց նա, ով շրջանցելով Սաքինեին ներկայացված սպանության մեղադրանքը, դատական գործից ծաղրանկար էր կերտում. «Նրա հանցագործությունը, նրա միակ հանցագործությունը, որի համար նա կարող է բարբարոսաբար սպանվել, այն է, որ նա արտաամուսնական կապ է ունեցել մի տղամարդու հետ… իր ամուսնու մահից մի քանի տարի անց» (The Huffington Post, “An International Appeal to Save Sakineh Ashtiani”):

Լեւին, սակայն, այս ապատեղեկատվությամբ չէր բավարարվել. նա գործի էր դրել նաեւ մարդկային նյարդերը գրգռելու եւ զգայական նուրբ լարերի վրա նվագելու ամենապարզ միջոցը` մանրամասնորեն անդրադառնալով քարկոծման թեմային` որպես Իրանն ու իսլամը վարկաբեկելու միջոցի: Քարկոծումը իսլամին վերագրելու նրա փորձերը հակադարձվեցին` աստվածաշնչյան, հրեական պատմության ու Քրիստոսի «ռեֆորմների» հիշեցմամբ. «Առաջինը թող քար նետի նա, ով անմեղ է» (voltairnet.org, “The Scandal Sakineh”):

Լեւին գրում էր. «Ինչո՞ւ քարկոծում: Ինչ է, սպանելու այլ ձեւ չկա՞ իսլամական Իրանում: Ինչո՞ւ: Քանի որ դա առավել պիղծ ու նողկալի է, քան բոլոր այլ ձեւերը: Քանի որ ագրեսիան մարդու դեմքի վրա, քարերի տարափը անմեղ ու մերկ դեմքի վրա երաշխավորում է տուժողի երկարուձիգ տառապանքը` ներկայացնելով հազվագյուտ խտացում անմարդկայնության եւ բարբարոսության: Եվ քանի որ այս ձեւով դեմքը ջնջելն ու անհետացնելը, միսը լխկելն ու արյունոտ զանգվածի վերածելը, ռմբակոծելով մի գունդ դարձնելը նշանակում է ավելին, քան մահապատիժը: Քարկոծումը միայն մահապատիժ չէ: Քարկոծումն ավելին է, քան մահապատիժը: Քարկոծումը ոչնչացնում է դատված մարմինը` միս ու արյուն, մարմին ունենալու համար, եւ հատկապես` մարմին, մարմին մի երիտասարդ ու գեղեցիկ կնոջ, որ սիրել ու սիրվել է, որ գուցե նաեւ ճանաչել է սիրելու եւ սիրված լինելու երջանկությունը» (The Huffington Post, “Yes We can (Save sakineh)”):

Լեւիի այս տեքստը շատ է հիշեցնում որոշ հայ գրողների ու ռեժիսորների զգայացունց ու սրտաճմլիկ պատկերներով ցեղասպանություն ներկայացնելը, չնայած ֆրանսիացի հեղինակի «լացացնելու» ձգտումը դժվար թե նույն հեգնանքին արժանանա մեզանում, ինչ հայերինը, չէ՞ որ ֆրանսիացունը ոչ թե «հայեցի»-ով, այլ «մարդկային»-ով է լացացնում:

Հայերին մի կողմ թողնենք ու վերադառնանք Եվրոպա: Արժե հիշել, որ հենց Լեւիի հայրենիքում` Ֆրանսիայում, գիլյոտինը որպես մահապատժի ձեւ օրինական էր մինչեւ վերջերս, եւ մեծ ճնշումների հետեւանքով միայն 1981թ. վերացավ, երբ մահապատիժն արգելվեց, իսկ արեւելյան Գերմանիայում այն ֆելբեյլ (ընկնող կացին) անունով կիրառվել է մինչեւ 1967թ. (արեւմտյանում` մինչեւ 1951թ.): Եվ հետաքրքիր է հիշել, որ այսօր բարբարոսական համարվող գիլյոտինը նախագծվել է որպես ավելի մարդկային մահապատիժ` պակաս տանջալից ու ցավոտ: Եվ չնայած պատմության մեջ վկայություններ կան կտրված գլխի վրա թարթվող կամ շարժվող աչքերի, ցնցվող այտերի եւ նույնիսկ բառեր ասող շրթունքների մասին, բայց խոսող գլուխներից ոչ մեկը չի հաստատել այդ մահապատժի մարդկային լինելը: Իր «արդարացումն» ունի նաեւ քարկոծումը. քարկոծողներից կոնկրետ ոչ մեկը դահիճ չի կարող համարվել, քանի որ հնարավոր չի պարզել, թե ո՛ւմ նետած քարն է մահվան պատճառ դառնում:

Բայց ինչո՞ւ միայն 80-ականների Ֆրանիսան, հենց այսօր, մեր ժամանակներում, ամերիկյան որոշ նահանգներում որպես մահապատժի գործիք կիրառվում է էլեկտրական աթոռը, որի գործադրման պատկերը «Մահվան դեմքերը» փաստագրական ֆիլմում ցնցեց շատերին: Անձամբ ես ֆիլմի այդ հատվածի ժամանակ աչքերս փակել եմ, բայց ուրիշները պատմում են, թե ինչպես մահապարտի աչքերը էլեկտրական ուժեղ հոսանքից դուրս են թափվում ակնակապիճներից, ինչպես է նա երկար ցնցվում ու փսխում, եւ այրվող մսի հոտը տարածվում է ներկաների նկարագրությամբ: Երբեմն էլեկտրական հոսանքի չափը բավարար չի լինում ու անհրաժեշտ է լինում կրկնել ավելի ուժեղ լարմամբ, ինչի պատճառով մահապարտը երկար րոպեներ տանջահար է լինում:

Բեռնար Լեւին քարկոծմամբ ու էլեկտրական աթոռով մահապատիժների պատկերները չի զուգադրում, չի նկարագրում էլեկտրական աթոռի զոհին, թե ինչպես են նրա աչքերը, մինչեւ դուրս թափվելը, սիրահարի հայացքով նայել ինչ-որ մեկին կամ հայելու պես արտացոլել սիրելիի դեմքը, թե ինչպես է այդ աչքերից արցունք հոսել, չի բացատրում, թե աչքերը ոչնչացնելը ավելին է, քան մահապատիժը, քանի որ ոչնչացնում է հոգու հայելին… Չի անում, որպեսզի հանկարծ ընթերցողների մեջ հարցեր չառաջանան, թե ո՛ր տեսակն է ավելի դաժան: Նա փորձում է կարեկցանքն ու դրանից առաջացող ընդվզումն ուղղորդել որոշակի ուղղությամբ:

Ի տարբերություն այս երեսպաշտության` բոլորովին այլ կերպ են մահապատժի հարցին անդրադարձել ամերիկյան «Մահապարտը գալիս է» (Dead Man Walking) ֆիլմի հեղինակները: Թե՛ ֆիլմի ռեժիսոր Թիմ Ռոբինսը, թե՛ գլխավոր հերոսուհու` միանձնուհու նախատիպ ու այդ թեմայով գրքի հեղինակ Հելեն Փրեջինը հրաժարվել են էժանագին հնարքներից ու գրգռիչներից, որպեսզի մահապատժի հարցը ըստ էության խնդրականացնեն: Ֆիլմը հիմնված է իրական դեպքերի վրա. երկու իրական մարդասպանները Լուիզիանա նահանգում 1984 թ. էլեկտրական աթոռի են նստեցվել (Լուիզիանայում միայն 1993-ից հետո էլեկտրական աթոռը փոխարինվեց մահաբեր ներարկմամբ): Սակայն ֆիլմի հեղինակները, Լեւիի «լացացնելու» հակառակ ռազմավարությամբ են աշխատել. կինոյում մարդասպանը, որի դերակատարն է Շոն Փենը, ոչ թե էլեկտրական աթոռով է մահապատժի ենթարկվում, ինչպես եղել էր իրականում, այլ` մահաբեր ներարկմամբ: Ֆիլմն ստեղծողները ցանկացել են պարզունակ մարդասիրական բարոյախոսության առիթ չտալ. «Մենք չենք ուզեցել մարդկանց մղել քննարկելու «առավել մարդասիրական մահվան» հարցը եւ այն բարոյախոսությունը տարածել, ինչով կարող են ասել` լավ, մենք էլեկտրական աթոռ էինք օգտագործում, բայց դա շատ բարբարոսական է, այժմ մենք մարդկային ենք ու ներարկմամբ ենք սպանում» (imdb.com): Հավանաբար «առավել մարդասիրական մահվան» այս ալիբի-բարոյախոսությունը շատ հարմար է ամերիկացիների այն 65 տոկոսի համար, ովքեր կողմ են մահապատժին, նրանք կարող են դեռ երկար բանավիճել էլեկտրական աթոռի ու ներարկման ընտրության թեմայով, քանի որ այդ «շատ բարբարոսական» մեթոդները դեռ շարունակվում են, ԱՄՆ 9 նահանգներում կիրառվում է էլեկտրական աթոռը, 5-ում` գազախցիկ, 2-ում` կախաղան, եւ մեկում` գնդակահարություն (deathpenaltyinfo.org):

«Առավել մարդասիրական մահվան» բարոյախոսությունը հիմնավոր քննադատության է ենթարկում Ումբերտո Էկոն հենց Սաքինեի ու Թերեզայի առիթով գրված իր «Մահապատիժը երկու դեմք ունի» հոդվածում, որից մեծ հատված եմ ներկայացնում.

«Զորահավաք Սաքինե Աշթիանիի համար, եւ լռություն` Թերեզա Լուիսի դեպքում: Բայց եթե մեր միտքը խաթարված չէր, պետք է ասեինք` չպետք է սպանել որեւէ մեկին, նույնիսկ անցավ ձեւով:

Մի քանի օր առաջ Վիրջինիայում Թերեզա Լուիսն սպանվել է մահաբեր ներարկմամբ, եւ դրա համար ոչ ոք չի ազատազրկվել, քանի որ այս կնոջն օրինական կերպով են մահվան դատապարտել: Նա փորձել է սպանել ամուսնուն եւ իր որդեգրած տղային եւ դա արել է առանց թույլտվության: Իսկ նրանք, ովքեր սպանել են Թերեզային, դա արել են իշխանությունների հետ համաձայնությամբ: Հետեւաբար, հինգերորդ պատվիրանը, պետք է վերաձեւակերպել այսպես` «Մի սպանիր առանց թույլտվության»: Դարեր շարունակ մենք օրհնել ենք դրոշները զինվորների, որ պատերազմ ուղարկվելիս սպանելու լիցենզիա ունեին, ինչպես Ջեյմս Բոնդը:

Բնականաբար, մարդիկ կառարկեն, որ ամերիկացի կինը… սպանվել է ցավ չպատճառող ձեւով, իսկ իրանականը կարող էր լինել ցավագին կերպով: Ուրեմն, կարելի է շարունակել պատվիրանի վերաձեւակերպումը` սպանիր օրենքի համաձայն, պայմանով, որ դա լինի հնարավորինս անցավ ձեւով:

Չափազանց անհարմար իրավիճակ է. ես կուզենայի իմանալ, թե արդյոք այն արեւմուտքցիները, որ բողոքել են իրանական մահապատժի դեմ, ի թիվս որոնց` նույնիսկ Ֆրանսիայի առաջին տիկինը, բողոքե՞լ են, արդյոք ամերիկյան մահապատժի դեմ նաեւ: Կարծում եմ` ոչ, որովհետեւ այդ մահվան դատավճիռն եղել է Միացյալ Նահանգներում, էլ չասած Չինաստանի բազմաքանակ դեպքերի մասին: Մենք գոհ ու բավարարված ենք, չէ՞ որ բնական է, կնոջ քարկոծման դեպքն ավելի ազդեցիկ է:

Կբողոքեի՞նք մենք, արդյոք, նույն նվիրվածությամբ, եթե իրանցի կինը մահվան դատապարտված լիներ մահացու ներարկման միջոցով` չգիտեմ, մեր արձագանքները հաճախ բնազդական են եւ իռացիոնալ»:

Ու Էկոն երկու մահապատժի դատապարտված կանանց նկատմամբ «արևմտյան» վերաբերմունքը ընդհանրացնում է ու ցույց տալիս նույն արևմուտքցու երկակի ստանդարտների կիրառումը կենդանիների նկատմամբ, ուր Սաքինեն կատուն է, որին չի կարելի սպանել, իսկ հորթը` Թերեզան, ու արևտմյան արդարության գաղափարի անհեթեթեությունը ավելի ցայտուն է դառնում.

«Օգոստոսին ինտերնետային մի կայք հայտնվեց, որ սովորեցնում էր կատու եփելու տարբեր եղանակներ: Անկախ նրանից` լուրջ էր դա, թե կատակ, կենդանիների իրավունքները պաշտպանող բոլոր կազմակերպությունները ամբողջ աշխարհում վրդովված էին: Ես` կատուների երկրպագուս, նողկանքախառն սարսափ ապրեցի կատու շոգեխաշելու մտքից, բայց, չնայած ճագարին նույնպես դուրեկան կենդանի եմ համարում, ուտում եմ նրան` առանց վերապահության:

Ես ցնցվում եմ, երբ տեսնում եմ չինական տները, ուր շները երեխաների հետ խաղալուց ազատ վազվզում են, մինչդեռ բոլորն էլ գիտեն, որ նրանց ուտելու են մինչեւ տարեվերջ: Բայց ոչ ոք չի անհանգստանում մեր ագարակների խոզերի համար, որ պետք է վերածվեն ապուխտի: Ի՞նչն է մեզ ստիպում դատել, թե ո՛ր կենդանիներն են անուտելի, ո՛ր կենդանիները պաշտպանված են իրենց գրեթե անտրոպոմորֆիկ (մարդակերպ) բնութագրերով, եւ ո՛ր կենդանիները չափազանց շատ են ուտելի, ինչպես դեռ կաթնակեր հորթն ու գառը, որ նույնիսկ այնքան քնքշություն են ներշնչում:

Մենք ինքներս իսկապես շատ տարօրինակ կենդանիներ ենք` ընդունակ մեծ սիրո եւ վախեցնող ցինիզմի, որ պատրաստ ենք միաժամանակ պաշտպանել փոքրիկ կարմիր ձկներին եւ ողջ-ողջ եռացնել խեցգետիններին, ճխլել հազարոտնուկին եւ թիթեռի բարբարոսական սպանությունը դատապարտել: Այսպես մենք օգտագործում ենք երկու կշիռ եւ երկու չափման միջոց` երկու մահապատիժների համար, կամ, ավելի ճիշտ, մենք ցնցվում ենք մեկի դեպքում, իսկ մյուսի դեպքում ձեւացնում, իբր ոչինչ չգիտենք» (Watching America, The Death Penalthy Has Two Faces):

Իսկ թե ինչպես է մարդու իրավունքների պաշտպանությունը ունիվերսալի եւ ապաքաղաքականի շղարշով ծածկում «արեւմտյան» քաղաքականությունը` կտեսնենք հաջորդիվ:

2010 նոյեմբեր 16- դեկտեմբեր 22

tert.am

Show Comments Hide Comments

One thought on «Saqine» անունով տեղեկատվական պատերազմը

  1. […] Քանի որ Tert.am-ը ջնջեց իր սյունակագիրների, որոնց մեջ նաև Վիոլետ Գրգորյանի գրությունները, այժմ այն վերահրատարակում եմ Ինքնագրում Նարսին Սոթուդեհի պաշտպանության առիթով։ […]

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *