– Ռոլանդն եկավ թե՝ բարեւ ձեզ: Սաղ գեղին էլի իրանով էր արել, որին խաշլամա, որին երկու լավաշի փող, մնացել էի ես: 

– Ախր, Վարդգես ջան, տեսնո՞ւմ ես, ինչի՞ գնացիք էլի իրան ընտրեցիք, Նիկոլն ի՞նչ անի էս դեպքում:

– Ռազ, գյուղի որոշածն էր, Ռոլանդին էս գյուղն էլ է շատ: Իսկը իրար հարմար են: Եկավ իմ մոտ, ասի՝ սաղին որ հարմար է, ախպեր, գնա, ես քու դեմն առնողը չեմ: Գնա, դառի: 

– Ախր հիմա փոխվել ա, կյանքն անհատական ա, Վարդգես ջան: 

– Ռազ, ի՞նչ անհատական, մարդ ո՞ւր ա, որ… Ֆռոբի հարսին շունը գզել էր։ Վարդգեեեեե՛ս, բոռալով եկան՝ թե հասի։ Ասի՝ Ավ ջան, զինվի։ Բահն առանք, գնացինք, որ ի՞նչ։ Շունը խոզի գոճիներին կերել, հետո հասել էր հարսի վրա։ Գզել, քցել էր դռան շեմին։ Հիմի էլ պերեվազկի եմ տանում Արթիկ, բերում։ 

– Ռազ ախպեր, հլը արի մեր մայլեն, մարդ չկա, գյուղապետին պտի դիմենք, որ ուրիշ մայլից մարդ ղրգե:

– Հրաչ ջան, ախր էդքան գնում են երկրից, ի՞նչ կա էդ դրսերում: Դրսի կյանքն էլ իրա բարդություններն ունի:

– Ռազ, դու Երեւան, մենք՝ ստեղ: Դու խաբար չես: Ձմեռն առավոտները ընդամենը հինգ պաչկա հաց էի տանում Արթիկի սուպերմարկետ, որ ծախվի: Տասը րոպե ուշացնեի, էլ չէր վերցնի: Իսկ ավտոյի ակերը՝ քյաչալ, դուրսը՝ գալալյոդ: Էլ տռոս եմ քաշել ակերին, էլ քյանդր, էլ քեչա, մխերով-բանով, էլի չէր քշվի էդ սառույցին: Օֆելյային ասում էի՝ աղջի դու մի արի, մի բան լինի, գոնե դու մնաս երեխեքի գլխին: 

– Սպեց ժնջիլը քանի՞ս է, Վարդգես ջան, մի հատ առնեիր, գցեիր տակը:

– Ռազ, ես գրտնակը տաշելուց, աչքերս բռնվել էր, տունը հազար դրամ չկար, որ երեխեն իջներ, դեքսամետազոն բերեր: Հրաչենց տունը ժամկետն անցածմ կար, դրա հետեւից ղրգեցի, էդ էի կաթացնում:

– Ռազ ախպեր, ստեղ ով ապրի, կարա ջունգլիներում էլ ապրի, անապատում էլ, սիբիր էլ:

– Այ ախպեր ջան, մեր հոր տունն էս է: 

– Դե դու արի, ապրի: Ես գամ Երեւան, դու Դավոյի հետ արի գյուղ: Արեք ձեր հոր տունը պահեք:

– Ախպեր, բա ի՞նչ անենք, դուռը փակենք, գնա՞նք:

– Ինչի՞ չգնանք, որ մուխը չմարի՞: Սկի մուխ էլ չկա տների վրա։

– Աշակերտներիցս մեկը գրել էր՝ ես մի կախարդ տեսա, որ իմ ներսի բանտում էր։

– Բա եկեղեցի՞ն։ Տուրիստներ չի բերո՞ւմ։

– Եկեղեցին ի՞նչ։ Խալիները փռել են, տերտերները վրայով գնում-գալիս են։ Էլ էն եկեղեցին չէ։ Կուսակրոն Տեր Հունանն էլ ինչ Ննջիկի հետ երեխա ունեցավ, գեղացիք դրին, մորուքը կտրեցին, հիմա եկեղեցուց ելել, դպրոցում աշխարհագրության դասատու է աշխատում։ 

– Ես ձեր տեղը լինեի, մի իրեք հարուր հատ նապաստակ, հորթուկ, ոչխար, հավ կպահեի, ֆերմա կդնեի: Գոմը կա, բանը կա: 

– Ռազ, հավն առնում ես, հավկիթը ոռեն կչռռա, հասցրիր ստեղ, կդառնա կուռկուռ, վերջ, էլ չի ածե: 

– Պարեց Սասունն, ու ողջ աշխարհը հիացավ,

  Պարեց Սասունն, ու ողջ աշխարհը հասկացավ,

  Որ պար չէ սա, այլ մի երկրի հին պատմություն…

– Ավո, գնա կուխնին սորվի:

– Հանդեսի եմ, պա:

– Էս չոլի մեջ ի՞նչ հանդես:

– Նահապետավանի հետ հանդեսի մրցում է։ 

– Վարդգես ջան, Կոնդը հավ չի՞ պահե:

– Օֆելյա, Կոնդի իսկական անունն ի՞նչ էր:

– Հոկուլը լավ գիտեր, Ան, չեմ հիշում:

– Կոնդը լավ հավ մորթող է, կանչեցի, մորթեց, պրծանք։ Վրեքը պծեղմ միս չկար։ 

– Ռազ ախպեր, Վձոյից լավ մալ պահող չեղնի: Էնքան էր սիրում, մալի հետ գոմն էր քնում, կոտոշները շուշաթղթում էր: Ինչ եղավ վերջում. մնացել էր թրիքը, էդ էլ ծախեց, գնաց Երեւան: 

– Հոկուլը Վձոյին միշտ Վազգեն էր ասում: 

– Հա, Վազգենը: Գոմի հոտի վրա՝ վարդի յուղ: 

– Վձոն էքսպերտ էր, դաժե Վձոն չկարացավ մալ պահե: Գալիս էր, խոտ էինք ծախում, նայում էր գույնին, տեսքին, դնում էր բերանը, ծամում էր, ասում էր՝ չնեղանաք, լավ խոտ չէ: Այ էդ Վձոն անհետ կորավ գյուղից:

– Թիփին որ ութ ամիս վռռա… Վերեն նենց կիջնի, կասես՝ տունս տարավ: Սարը քամով կիջնի…

– Հրաչ ջան, Աշոտը ո՞նց արեց: Հո չեմ ասում՝ դուք պահեք: Դուք ստեղծեք, աշխատատեղեր բացեք, դուք ղեկավարեք:

– Նախ Աշոտինը այգի է, մալ չէ: Հետո տաք է Արզնի, Շիրակը չէ: Ռազ, դու քո ձեռքով պտի անես, թե չէ վարի կտան: Դռաբիլկեն չդրի՞նք: Մուխաննաթ Մակիչն եկավ, թեւը կոխեց մեջը, լղճեց: Միլիցեքի դուռն հասանք: Աշոտ որ ասում ես, Աշոտի հեր Ռոբերտը խնձոր քաղողներին ասում էր՝ խնձորն առանց պտտելու քաղեցիր, էլ մյուս տարի չի աճի: Սխալ ես քաղում, էլ գործի չգաս, տգետ: Մանկապարտեզի վարիչ էր վախտին։

– Ռազ ախպեր, ասում ես՝ ոչխար: Ոչխարը Հոկտեմբերյանի փուշը կուտե, բայց հասավ մեր մոտ, գետին է, ի՞նչ ուտե: Տիզ կընկնի, կսատկի:

– Ռազ հոպար, հլը ֆռա ու նայի էդ սարին: 

– Ընի ջան, էդ սարն է կերակրողը:

– Ռազ, ստեղ անոմալիա է, կլիմա չէ: Ստեղ ամենադիշովի կյանքի համար վճարում ես ամենաթանկ գինը:

– Ինչքա՞ն կվառեք ձմեռը, Վարդգես ջան:

– Յոթանասուն հազարի: Սաղ ամառ հավաքում եմ, որ ձմեռը գազի փող տամ: Եռաֆազի համար էլ դիմում գրեցի, նախարարությունից թուղթն եկավ։ Ամբողջ էջին գրած էր իմ անունը, վերջում՝ Հարությունյան Արտակ։ Ես ձեր տիրու նանը: Էլի առա, իջա Արթիկ։ Հիմա սաղ ինստանցիաներով նորից հետ են ուղարկել, որ անունը փոխեն։ Ընդամենը մի թղթի համար ութ անգամ Արթիկ իջի, ել։ 

– Հոպար, ասում եմ՝ ձմեռվա վառելիքի փողով Երեւանում սեփական տուն կվարձես, հացի արտադրությունդ ու գործիքներդ կտեղափոխես, կաշխատես, ավելի լավ կլնի:

– Ընի ջան, սպասեմ: Տոլյատիից գրտնակ են պատվիրել: Սկայպով զանգեց: Տեսել էր լիստով, շշմել էր, հիմա ամբողջ հոսքագիծն է ուզում՝ խմորը կտրող, գնդող, գրտնակող լինյա:

– Որտե՞ղ ես էդ սովորել, ո՞նց ես հավաքում էդ գրտնակը:

– Տո, այ Ընի ջան, ինձուինձ բեջարում եմ: Ինչքան հին երկաթ կար, տաշեցի, սարքեցի: Բայց մաս չի ճարվում: Ցեպը Երեւան վեց հարյուր դրամ է, հասնում է ստեղ, դառնում է երկու հազար: Էլ վալ, էլ շկիվ, կառդան, ռեդուկտռը ժիգուլու ռեդուկտռ է, ռեզբավոյ վինտ, մատոռ, ռեմեն, սաղ մասերի համար կողքի գյուղերով ֆռռում եմ, որ ճարեմ: Մինչեւ մասերը հավաքում եմ, պատվիրատուն հոգնում է սպասելուց: 

– Է՜, ախպեր ջան, տենց բիզնես կլնի՞:

– Ի՞նչ անեմ, Ռազ, էդ է ունեցածս: Չեմ կարա տամ-առնեմ: Երեկ սվառկա արեցի, էլ բոլտը մեջը չէր հագնում: Ութի բոլտը իննով կծակվի, էդ մեկ միլիմետրը մինչեւ վերջ կձգվի, էլ էդ բոլտին նա խույ ձեռք չպտի տաս: Սվառկից հետո տեղահան եղավ: Սաղ դրի քանդի, պոչը ջարդավ, ոնց որ կովը սատկավ: Կվալդով տվի, սաղ ջարդի: Դու մի ասա՝ Սյուզիս դուրսը նստած լսում է` ոնց եմ քֆրտում: 

– Բա, Վարդգես ջան, լյուբոյ մետաղ լարման մեջ է սվառկի ժամանակ: Տոչկեքով պետք ա բռնես: 

– Գիտեմ, Ռազ, գիտեմ: Էն է՝ Հրաչն էլ խլուրդի սարքն է խոդի տվել:

– Հա՛, Ռազ ախպեր, խլուրդին՝ որպես դասակարգ վերացրել եմ: Դավոս եկավ, տեսավ, շշմավ: 

– Հոպար, ձեւ չկա՞ չսատկացնելու, ուղղակի քշելու բոստանից: 

– Չէ, Ընի ջան, էլի հետ կգա:  

– Էս երկիրը պետք ա ընդեղ հասած լիներ, որ քեզ տուգանեին կենդանիներ վերացնելու համար:

– Երկիրը թող գա, խլուրդը արտիցս հանե: Ընի ջան, կանգնած ես, չէ՞, մեկ էլ կնայես՝ գազարի պոչը գըըընաց, տարավ գետնի տակ: Հերթով կտանի: Գազարը, սխտորը, կարտոլը: Էս կոշկոռեքի մեջ յանի բան կաճի, էն էլ խլուրդը կտանի: Աղեղը սարքել եմ, լարած դնում եմ բնի բերանին, հենց բարձրանում է, կպնում է լարին, շըխկ, գլուխը ջնջխում է:  

– Մի պատմի: 

– Առաջ ծակի մեջ շլանգով ջուր էինք կապում, ելնում էր քոռ-քոռ, ընկնում էր արտի երեսը։ Դավոս բահով էնքան էր տալիս, մինչեւ արնոտ բրդի պես մնում էր արտի երեսին։

– Բա, Ընի ջան, հոպարներդ հողերը կճանկռտեն ապրելու համար: Ի՞նչ անեմ, ես երեք երեխա ունեմ թառին հանելու: 

– Իմացե՞լ ես Ավոյիս բիզնեսը: Ալի էքսպրեսով ճանճ բռնող ծաղիկի սերմեր է պատվիրել: Ավո, հլը բեր: Տո, Ընի ջան, եկել են սերմերը, հահահա: Բերել-տնկել է, աճել են: Ծաղիկը կաճի, բերանը փշերով կբանա, ճանճը կմտնի մեջը, հոպ, կլուց: Ավո, հլը բեր: 

– էս ինչ մանր են: Բայց ձեր կլիմային կդիմանա՞ն:

– Նայենք, մենք Ռոբիզոնն ենք՝ պռոստը ցուրտ տեղ, բամբուկ չկա, այծ չկա, չուտել այծի միս, վաբշե չուտել միս:

– Ընի ջան, ջուր բերե՞մ, խմես:

– Վայ, հոպար ջան, ուրեմն դո՞ւ պետք ա ինձ ջուր բերես: 

– Գիտե՞ս Աղվանը զանգել ինչ էր ասում: 

– Ի՞նչ:

– Ասում էր՝ Վարդգես ջան, երեխեքս աբխազերեն ոտանավորներ են արտասանում, էս է մեր կյանքը, բայց գալ չեմ կարա, գամ էդ սարի գլխին, ինչո՞վ ապրեմ: Հլը նայե, հլը նայե սարին: Նայե լուսամուտից ոնց վրա կքշե: 

– Մի վերմակ, իրեք ադեալ, Ընի ջան, բայց մեկ է՝ էնքան ցուրտ է, չես քնի: 

– Երկու ամիս ամառ ու վերջ: Օգոստոսի վերջ ձունը կդնե, մի խնդա, ու ճկճկան մառոզ՝ ութ ամիս: Լեդակոլները սեւեռ ո՞նց կերթան, այ տենց է մեր կյանքը: 

– Մի բան պետք ա մտածվի, ախպերներ ջան։

– Ռազ, չենք կարա ոռներս ճղենք, ղազի հավկիթ ածենք: Էս է: Լավաշ ծախելով օրական երկու կոպեկ: Ու մի քանի ամիսը մեկ էլեկտրական գրտնակ ծախել: էս վերջին մոդելից, որ սարքել եմ, մի հատ Սառնաղբյուրում կա: Գնանք, տես: Լիստով դրել եմ: 

– Մենակ ցուրտը չէ, հոգեբանությունդ… 

– Ստեղ հանուն չկա…

– Ստեղ նավթ գտնելն է ելքը:

– Օֆելյա, իմացա՞ր աղվեսը Մարինի չորս հավը տարել է:

– Որձ հորթիկ է պետք, Վարդգես ջան, որձ հորթիկ:

– Սխալ է էս տեղը երկրի վրա, ինչ-որ սխալ կա, չգիտեմ։ Սենց տեղ չէր կարա գոյություն ունենար: Աշակերտդ ոնց էր ասո՞ւմ՝ կախարդական մի բա՞ն։

– Ես մի կախարդ տեսա…

– Տարիքներդ հաշվի առեք, առողջություններդ հաշվի առեք:

– Կախարդ տեսա…

– Օֆելյա, կոֆեն ելավ:

– Վա՜յ:

Ճակատի լուսանկարը Աննա Դավթյանի

Show Comments Hide Comments

Leave a Reply

Your email address will not be published.