Բանակը պատանու ծիլ տվող անհատականությունը չորացնող մի հաստատություն է, ուր անձերը ձուլվում են կաստաների մեջ կամ հրամանատարի բռնությունների տակ դառնում մի մարմին: Արամ Պաչյանի «Ցտեսություն, Ծիտ» վեպի հերոսը հենց ոչնչացվող անհատականությունն է, ուր կերպարի անորոշությունը լրացվում է մարդու միջից անհատին հանելու պատմությամբ:

Արամ Պաչյանի «Ցտեսություն, Ծիտ» վեպը լույս տեսավ 2012-ին «Անտարես» հրատարակչությամբ, ապա երկրորդ հրատարակությունը եղավ 2017-ին՝ «Դարակ» հրատարակչությամբ:

Քանի՞ հոգի է այդ հերոսը, նույն մա՞րդն է սպայի ոտքերի տակ ծեծից մեռնողը. «Դիակին ինչքան ուզում ես խփի: Ես միս ու արյուն չունեմ: Դու էդքան բո՞ւթ ես, մինչև հիմա գլխի չե՞ս ընկել, ախմախ վիժվածք… էնքան խփեցիր, որ երեսիս մաշկը՝ քիթս, բերանս, դունչս ցրիվ եկան… Հիմա ամբողջ օրը պատուհանի մոտ կանգնած՝ ժամերով դուրս եմ նայում ու բարձրացող քամու մեջ դիմագծեր եմ հնարում, որ սուր բեկորներ դարձած սլանում են, կորում փոշու ամպի մեջ», «Հրամանատարը լիքը կում անելով թքում է բերանիդ մեջ»:

Եվ այդ նո՞ւյնն է բուժկետում ինքնասպան եղած զինվորը, ով ջրծաղիկով իրեն վարակել էր, որ զորամասում չհայտնվի որպես անձեռնմխելիների կաստայի տաբուավորված անդամ. նրա «հանցանքն» այն էր որ «պիղծ» տեղում՝ զուգարանի հատակին ընկած սանրը վերցնելով «պղծվել» էր, դառել տաբու, իրեն կպնողն էլ կպղծվեր (բանակային ժարգոնով՝ գառլախվել, բայց Պաչյանը ժարգոն չի օգտագործում): Հեղինակը չի տարանջատում հերոսներին, ցույց չի տալիս, թե նրանք նո՞ւյն զինվորն են, թե՞ տարբեր զինվորներ, թողնում է ընթերցողի հայեցողությանը ու վեպի ամբողջ ընթացքում մնում է հարցը՝ մի զինվորի՞ անձն է բազմապատկվել, դարձել մի քանի զինվորներ, թե՞ մի քանի զինվորներ իրենց ողբերգություններն ի մի են բերել մի անձի մեջ ու, ապաստան գտնելով, այնտեղ նույնացել: Հեղինակն ու ընթերցողը դառնում են զինվորի միակ մխիթարությունը, որը միայն վեպով է հնարավոր դառնում. «Քեզ սպասում են մարդիկ, ովքեր չգիտեն քո մասին, բայց ստեղծում են քեզ»:

Սա բանակի միջին կաստան է, որ պետք է դիմանա վերին կաստայի սահմանած նորմերին, հանկարծ չսայթաքի ու ընկնի ներքևի, անձեռնմխելիների, «պղծվածների» կաստա: Մյուս շերտերը հստակ անձինք են՝ վերին կաստայում հոլանդական սիգար ծխող ու քծնողների ոհմակով շրջապատված Կարդինալը, ով որոշում է, թե ո՛ւմ պետք է նվաստացնել, և ստորին՝անձեռնմխելիների կաստայում Միքի Մաուսը, ով ձեռնոց է հագնում, որ իր «պիղծ» մարմինը չքսվի մյուսներին ու նրանց էլ չպղծի:

Ի՞նչ է այդ անձեռնմխելիների կաստան, ինչո՞ւ են նրանք դառնում անձեռնմխելի՝ գառլախ:

Հայաստանի մեծ քաղաքներում, մասնավորապես, Երևանում դեռ սովետական տարիներից բակ ու դպրոց էին ներխուժել սովետական հանցագործ աշխարհի բանտային օրենքները, պատանի տղաներն առաջնորդվում էին այդ օրենքներով, բարձրագույն հաստատություններում դրանք ավելի թույլ էին արտահայտված:

Սովետական բանակում այդ օրենքները չէին գործում, ոչ կանոնադրական հարաբերություններ կոչվածը հին ու նոր ծառայողների հարաբերությունն էր, ուր հին ծառայողը ավելի արտոնյալ դիրք ուներ:

Անկախ Հայաստանում, երբ ստեղծվեցին Հայաստանի զինված ուժերը, առաջացան ոչ կանոնադրական այլ հարաբերություններ, բանակ ներխուժեցին քրեական աշխարհի այդ օրենքները տարբեր ձևախեղումներով (ամենաակնհայտ ձևախեղումը այն է, որ հանցագործ աշխարհի օրենքները մերժում են պետությանը ծառայելը, ուսադիր կրելը, սակայն այդ օրենքների հետևորդները գնում են բանակ ու ծառայում):

Այդ օրենքներով «փչացած» է դառնում կամ «գյոթանում» է կամ գառլախվում է, այսինքն՝ անձեռնմխելիների կաստա են նետվում պասիվ միասեռականները, ապա նաև այն հետերոսեքսուալները, ովքեր կնոջը կունիլինգուս են արել: Ավելի խիստ դեպքեր կան, ովքեր համբուրվել են մինետ արած կնոջ հետ, ապա նաև՝ ովքեր շփվել են «փչացած» դարձածների հետ՝ նրանց իրերից են օգտվել, սիգարետ են վերցրել, հաց են կերել հետները:

Բանակի ծանոթ գնդապետը պատմում էր, թե զորամասում պարզել էին, որ զինվորներից մեկը պասիվ միասեռական է, որից հետո ամբողջ զորքը դրսում կանգնել, ճաշարան չէր մտել, պահանջելով ամբողջ սպասքը թափել, նորը բերել: Ասում է, որ հրամանատարներով օրինակ ցույց տալու համար ճաշարանում այդ նույն ափսեներով ճաշ կերան, սակայն զորքը անդրդվելի մնաց, և միայն ամբողջ սպասքը թափելուց ու նորը բերելուց հետո մտան ճաշելու: Մեկ ուրիշ զինվոր էլ պատմում է, որ երբ պարզվել է, որ խոհարար կինը օրալ սեքս է արել, ամբողջ զորքի պահանջով նրան հեռացրել են և ամբողջ սպասքը փոխել:

Ուրեմն, այս ամբողջ տաբուների համակարգը կապված է սեռական հարաբերությունների և սեռական արգելքների հետ, որոնք սողոսկել են նախ հանցագործ աշխարհի օրենքներ, ապա՝ բակեր, դպրոցներ և անկախ Հայաստանում՝ բանակ:

Նաև ստորին կաստա են նետվում նրանք, ովքեր խախտել են որոշակի տարածքներում սահմանված կանոնները: Բանակում այդ բոլորին անվանում են գառլախ կամ գառլախված:

Հովհաննես Իշխանյանը «Գառլախ. հայկական բանակի անձեռնմխելիները» ակնարկում գրում է.

«Գառլախ» բառը թուրքերենից է եկել, նշանակում է` կեղտոտ, անարգված, փչացած: Գառլախը սեփական կամ ուրիշի կեղտին դիպչելն է կամ կեղտի հետ առնչություն ունեցող տարածքում որևէ առարկայի դիպչելը:

Գառլախ տարածքն էն տեղն է, որ ինչ-որ ժամանակ օգտագործվել է որպես պետքերը հոգալու տեղ, որտեղ ծառի տակ միզել են կամ կղել: Գործող զուգարանն էլ է գառլախ տարածք: Գառլախում կարելի է քայլել, բայց ինչ-որ բան վերցնելը տաբու է: Գառլախը սեփական կամ ուրիշի կեղտին դիպչելն է կամ կեղտի հետ առնչություն ունեցող տարածքում որևէ առարկայի դիպչելը:

Եթե որևէ մեկը գառլախ տարածքում ընկած բան վերցնի, ինքն էլ է գառլախվում, ու զորքն իրան ընդունում է որպես գառլախ: Ոչ ոք իրեն` գառլախին չի կպնում, ոչ ոք հետը հաց չի ուտում, կարծես թե գառլախվածն էլ է համարվում գառլախ տարածք ու վրան կպցրած է «անարգված է» ցուցանակը: Ու կար կատակ` ասում էին, որ եթե ընկնես զուգարան, չհելնես՝ գառլախվել ես:

Բայց եթե գառլախ տարածքում ընկնում է սրբության (մայր, հայր, քույր, եղբայր, սիրած աղջիկ, կին, երեխա) նկարը կամ նամակը, դրանց տերը պարտավոր է ընկած իրը վերցնել: Այս դեպքում սուրբ իրը վերցնողը գառլախ չի համարվում, հակառակը, եթե չվերցնի, ինքը սրբապիղծ կհամարվի, քանի որ իր սրբության նկարը թողել է գառլախ տարածքում: («Անկախ» շաբաթաթերթ, 4 հունիսի, 2009):

Բանակում շատ ինքնասպանություններ լինում են այս օրենքներով նվաստացման պատճառով:

Հանցագործ աշխարհի այս կաստայավորման համակարգի էլեմենտները կան նաև հասարակական կյանքում: Գործիչները հաճախ են հակառակորդին վիրավորում բանակային ստորացնող բառապաշարով՝ գառլախ, աբիժնիկ և այլն, որպես օրինակ, քաղաքացիական ակտիվիստ Վահե Գևորգյանը ֆբ-ում 2018-ի օգոստոսի 2-ին գրել էր. «Էդ 41 գառլախների անունները գաղտնի ա՞», նկատի ունենալով Ազգային ժողովի այն պատգամավորներին, ովքեր ստորագրություն էին տվել երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատելու համար:

Արամ Պաչյանի երկու հերոսները այս օրենքների զոհերն են՝ Միքի Մաուսը, ով ձեռնոցներ է կրում, որ հանկարծ իր մատներով չդիպչի զինվորներին, թե նա ինչո՞ւ է հայտնվել անձեռնմխելիների կաստայում, վեպում չի ասվում: Ապա նաև՝ բուժսենյակի տղան, որ զուգարանի հատակից սանր է վերցրել:

Պետությունը, «Զինուժը», հեռուստատեսային լուրերը, պատմության դասագրքերը կերտում են բանակի մի պատմություն, և իշխանության իրավական ինստիտուցիաներով, հասարակական օրենքների պարտադրանքով փակում այլ տեղեկության, այլ պատմության ճանապարհը (ինչպես բռնաբարվածն է որպես ստորացված թաքցնում իր դեմ կատարված հանցանքը, այնպես էլ երիտասարդը ամաչում է վկայել իրեն «փչացնելու» բանակ թափանցած գողական ադաթը, քանի որ հասարակական իշխանության սահմանած կարգով վկայելը «փչանալու» ակտը կրկնելու է վերածվում): Բայց մեկ էլ «փաստելու», «ցուցմունք տալու», պարտավորությունից, «ամոթից» ազատագրված գրականությունը վկայում է մեկ այլ պատմություն, ուր բանակի ինքնասպանությունների ու սպանությունների վիճակագրության փոխարեն բանակային բարքերին ու հրամանատարների սադիզմին զոհ գնացած երազող հոգիների պատմություններն են, ուր մահը ամենաահավոր վախճանը չի, դրա համար էլ զինվորները մեռնում են, հետո մահից հետո զորացրվում, ապրում. «Գլխիս իջած քո ամեն հարվածն ինձ մտածել էր սովորեցնում. սովորեցնում էր կրկին հիշել ու հեռանալ՝ կոշիկներիդ տակ թողնելով մարմինս»:

«Ցտեսություն, Ծիտ» վեպին զուգահեռ է Համբարձում Համբարձումյանի «Գյոթնոցի բիձեն» պատմվածքը, որ պատմում է բանտում անձեռնմխելիների կաստայում հայտնված ծերունու դրաման:

Մահվան ու կյանքի սահմանը այնպես է ջնջված, որ մահից հետո ապրելը մի անդրշիրիմյան, ֆանտաստիկ կյանք չի, սովորական առօրյա է, ծանոթ մի երկրի առօրյա, ուր մարդկանց ապրելու նշանը երազելն է, և այդ երազանքը իրականացնում է միշտ ինչ-որ մի ուրիշը, ոչ վեպի հերոսը, ինչպես նախկին ուսուցչուհի, մրգավաճառ Նառայինը, նրանից ամուսինը բաժանվել էր չբերության համար. «Ոչ ոք չգիտի, որ ես էլ երեխա ունեմ, բայց ես էլ երեխա ունեմ, աղջիկ, ինձ իտալացիները բուժել են, արգանդս հանել են, տեղը իտալական արգանդ են դրել: Դու հավատում ես Նառային ու մեկ-մեկ պատկերացնում նրա իտալական արգանդը՝ նկարազարդված փոքրիկ թռչուններով, ինչպես դեղին, կանաչ, կարմիր փուչիկների վրա, որոնցից մեկի մեջ քնած է նրա աղջիկը»:

Կամ «պղծված» զինվորը, ում երազանքն էր Փարիզ մեկնել, բայց իր փոխարեն Փարիզ է գնում եղբայրը ու բանակ նամակներ գրում. «Բոլորը քո վերադարձին են սպասում, իսկ Փարիզն ու ես՝ քեզ»: Իսկ ինքը էլ չի կարող Փարիզ գնալ, ինքը այլևս չի կարող ո՛չ երազանք ունենալ, ո՛չ էլ այն իրականացնել, ինքն այլևս երազանքներ ունեցող մարդ չի. «Սանրը վերցրել եմ, չեմ կարող գալ Փարիզ», ու այս վախճանի, բանակային հանրության մարդուն տաբուացնող սպանության համեմատ կենսաբանական մահը ավելի սովորական է, որ նա իրականացնում է՝ ասեղով ջրծաղիկի վերքերը փորփրելով: Նրա վախճանը վրա է հասնում այն պահին, երբ հիվանդասենյակում պառկած իրեն ուտելիք է բերում «պիղծ» Միքի Մաուսը, ում այցը նշանն էր նաև իր «պղծության». միայն Միքին կարող է իրեն այցելել, քանի որ ինքն էլ է վերածվել անարգված տարածքի, տաբուի, ինչպես զուգարանի հատակը, ինչպես Միքի Մաուսը:

«Փչանալու», տաբու դառնալու սարսափը ավելի է շեշտվում, երբ «հերոսը» երանի է տալիս իր մեռած մանկության ընկերոջը, որ բանակում չհասցրեց ծառայել. «Մտածում էի քո մասին, ուրախանալով, որ շուտ մեռար, որովհետև եթե չմեռնեիր ու բանակ գայիր, ինքնասպան էիր լինելու: Ամեն առավոտ լավ տղերքի կոշիկները փայլեցնող ստրուկը: Երկու տարի անընդմեջ ճաշարանում նրանց համար կարտոֆիլ կտապակեիր, անձնական քարտուղար, մատուցող, մոխրաման դատարկող, լուր տանող-բերող ու փափլիկ քամակիդ համար անկողնում զուգընկեր կլինեիր: Վաշտի հրամանատարը ամեն առիթով քացու տակ կգցեր քեզ, քարշ կտար իր սենյակ ու մի ժամ փետով կլխկեր չաղ մարմինդ: Բոզություն անել կստիպեր, իսկ դու չդիմանալով ակորդներով լցված գլխիդ ու մեջքիդ իջած հարվածներին՝ ոռնալով կպատմեիր ամեն ինչ, կպատմեիր գումարտակի լավ տղերքի առօրյան, հատ-հատ մատնացույց կանեիր նրանց ֆինանսական աղբյուրները: Կկիսվեիր նրանց հեռահար նպատակների ու թաքուն երազանքների մասին: Հետո վաշտի հրամանատարը կթքեր երեսիդ ու դուրս կշպրտեր սենյակից՝ սեղանի շուրջը տղերքի երեսին նետելով, որ դու բոզ ես, որ ամեն ինչ պատմել ես, որ քեզ տեղը տեղին չեն դաստիարակել, ծեծվելուն չեն կոփել, ու հենց այդ վայրկյանից կսկսեր քո իսկական վերջը: Տղերքը ծակվելուդ համար քեզ կփչացնեին ամենաանհավանական ձևերով: Կզրկեին ճաշարանում հաց ուտելուց: Գիշերը քնած ժամանակ կմոտենային մահճակալիդ ու առատ շիթով հանկարծակի կմիզեին երեսիդ… կարգելեին բոլորին քեզ ձեռքով բարևել….» և այլն: Իսկ հետո հայտնվում է «փչացված» դարձածը՝ Միքին. նրա պես դառնալու վախը զինվորների մեջ նստած է. «Նա քայլում էր մարմնիդ միջով ճաշարանի ետնաբակից, գլուխը կախ…»:

Միակ փոքրիկ ճիգը վեպի սկզբում սեքսի նկարագրությունն է, որ հիշեցնում է գարնան մասին շարադրություն գրող գերազանցիկ աշակերտի ամեն կերպ գեղեցիկ գրելու ճիգին: Բայց դա կարծես մինչ զորակոչվելն էր, դեռ կենդանի երազանքների շրջանը: Իսկ վեպի վերջում ամեն ինչ իր տեղն է ընկած, և սեքսն էլ կործանված հոգիների վայելքի փնտրտուք է. «Հանկարծ ուսդ ցնցվում է Նառայի ձեռքի չոր թափահարումից: Գոտկատեղից ներքև լրիվ մերկ է: Շալվարն ու տրուսիկը իջեցրել է մինչև չոքերը: Նառայի դեղին տրուսիկի վրա փոքրիկ, կարմիր ձկնիկներ կան: Նա ծիծաղում է ու շարունակում եռանդուն թափահարել ուսդ: Ելնում ես աթոռից կանգնում դիմացը: Գլուխդ համարյա դիպչում է փորին: Մի փոքր ներքևում իտալական արգանդն է: Վախվորած, ինչպես շան ձագին սկսում է շոյել ցից-ցցից մազերդ: Փորձում ես կռանալ, բարձրացնել տրուսիկը, հետ է քաշվում: Ես ամեն օր երկու կապ կանաչի եմ ուտում, որ 130 տարի ապրեմ»:

«Ցտեսություն, Ծիտ»՝ ահա վեպը, գրականությունը՝ ռեժիմի իրական ընդդիմությունը:

իսկ ժողովրդավարութան ցուցիչ կլիներ պատմության ֆակուլտետներում Հայաստանի պատմության դասագրքին, հերոսականությանը զուգահեռ, հանձնարարվեր գրական գործեր, և նրանց մեջ՝ «Ցտեսություն, Ծիտը»:

 

ճակատի լուսանկարը Արամ Պաչյան, լուս՝ Նազիկ Արմենակյանի

 

Show Comments Hide Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *