Նոր խորհուրդը տարվա բողբոջ-բողբոջ իջնում է:

Բոլոր տների մեջ վառվում են վերջին ժամերը:

 

Պատերազմ չի լինի,

Երկրաշարժ չի լինի,

Վթարներ չեն լինի,

Քանի որ այդպես ենք ուզում:

Հույսի ճիրանները` մխրճված տարվա փորը:

 

Զարդ, զարդ, զարդ մը, էլի զարդեր:

 

Որտե՞ղ է Զահրատը, Կաղանդ պապ:

– Դրախտի մեջ ծորակներով տոնածառ կզարդարե:

Ձայն մը, ձայն մը:

Մաղթանքներ:

 

Հարիւր Կաղանդ ալ կը մընամ առանց քեզի սիրելիս

Գիտնամ միայն թէ վերջընթեր Կաղանդին

Ժպիտներուն ամէնէն կոյս

Ամէնէն լոյս

Եւ ամէնէն երջանիկովն աղուորցած

Պիտի գաս

 

Երանի եմ, երանի եմ,

Կգա՞ս,

Ով որ ա ես:

 

Տարվա պատկերը.

Խոտը ներս լցնող տղայի դաստակին սպիտակ լաթ՝

գործից սեւացած,

եզրերը՝ փրթած,

պրկող դաստակի ջիղը:

Կարմիր շապիկին՝ ծոծրակի վրա – armentel.

Արեւի մեջ մղեղների նամականին:

 

Հանապազօրյա հույսը:

Հոգեբուժական դեղերը` տարվա լավագույն հաբեր:

 

Ձյան բուխարին:

Մի անօրինակ կյանքի տարիքը միջին:

Եւ ծերության միջից այս օրերին հետ նայող հայացքը:

 

Տատս կլիներ իննսուն տարեկան.

մեռած սպիտակ ձյուներ:

Հորաքույրս ամուսնացած չէր,

սեր չունեցավ

ու գժվեց ինչ-որ բանի կարոտից:

 

Փռենք ձմեռվա օթոցները տապանաքարերին:

Վառենք ոսկե լույսերը պսակներից մնացած մետաղե կմախքներին:

 

Անուններ ունեմ նրանցից հետո, որոնց վրա գորովում եմ:

Իրար համար դառնալու ենք թանկ գերեզմաններ:

Ասես թե մեկը խոստացած լիներ, որ չի լինելու ցավ,

Որ չի լինելու ցավ: 

 

Ուրախ Կաղանդ ձեզ, ուրախ Կաղանդ:

 

Տան ձյունե տանիքի վրա եղջերվի արծաթե կճղակը:

Ձմեռ պապին բաքսիի ձայնի մեջ:

Օվսաննա՜:

Փռենք լուսաշղթաները փեղկերին տների ու սուպերմարկետների:

 

Թող որ – 

Մոռացության քողն անցած տարվա ուսերին:

Ճակատին` մոռացության աստղը:

 

Հուզումների համն ուտեստների մեջ:

Հուզումներից բարակ մնացի:

 

Մինչդեռ –

Այտերդ լեցուն են, քույր իմ, զգույշ եղիր:

 

Գիրուկ աղջիկ,

Դու նման ես եղնիկի, որ նայում է ձմռան առաջին ձյանը:

 

Փաթիլները նստում են թարթիչներիդ՝ ինչպես կիլոգրամներ:

 

Բքի ոռից աստղիկներ են կախված: Նայիր:

 

Ձյունը կրակ է, որ գայթում է ինքն իր վրա: 

 

Որտե՞ղ է հուսավառ երկրի սահմանը:

Արեւելքից մոտեցող տարվա:

 

Եւ ի վերջո,

ի վերջո,

այս ամբողջ թաշխալայի մեջ,

ծափ-ծլնգոցի,

ծույլ սիրո, 

հրաշքի ու մահվան սպասման մեջ

հավանո՞ւմ եք իմ զարդարանքները:

 

Ճակատի նկարը հեղինակի՝ Աննա Դավթյանի
Show Comments Hide Comments

Leave a Reply

Your email address will not be published.