Ты еще не узнала себя самоё.

Ева — ты иль Лилит? О, когда он придет,

Тот, кто робкое, жадное сердце твое

Без дорог унесет в зачарованный грот.

Н.Г.

 

Գուշակությունները միշտ էլ կանացի են,

Որովհետև Նրանք կանխավ գուշակում են,

Թե ինչ է խլրտում տղամարդկանց ներսում,

Գիտեն նրանց կենդանական պարը,

Որտեղ պատկերված է կամ թաղված

Անվերջ ցանկությունը տիրանալու,

նվաճելու

Ճնշելու,

սեղմելու մերկությունը իգական

Մերթ ոտքերի տակ,

Մերթ ձեռքերի մեջ:

 

***

Սկզբում հիանում էիր և սեթևեթում ամենապարզ ձևով,

Խաղում էիր գրականությամբ,

Կարդալով գրքերը իմ և երբ արդեն պետք էր

Արարվեր մեր պիեսը,

Դու ասացիր,

Որ ուրիշ բեմադրության ես պատկանում:

***

Հիմա երբ ոսկորներս ավելի հստակ են երևում և ինձնից չի թաքնվում

կմախքը իմ,

Ճարպոտ ավելցուկների պակասության պատճառով

Ես հանդիպում եմ ինձ ավելի ամբողջական՝

Կտոր առ կտոր դիտելով բնության նկարած պատկերը:

 

***

Բոլոր հանդիպումները մեր պատահարներ էին,

Որոնք սիրտս ավտովթարի ենթարկեցին:

***

Մարլոն Բրանդոն չեմ,

Չունեմ մոտոցիկլ և համանման ընկերներ,

Որոնք իրենց ոտքերը ու մարմինը ձուլել են մետաղին:

Ես նրա նման գեղեցիկ չեմ,

Ոչ էլ հյութալի նարինջ,

Որ կծելուց միանգամից էքստազը ողջունի ձեզ։

Ուղղակի ունեմ կուտակված բառեր,

Որոնք սպասում են պահին և փորձում են

Նկարել նոր ֆիլմը՝

Սև-սպիտակ կամ գունավոր:

***

Բոլոր փորձերը կուտակվել են հոգումս

Ինչպես մարմինն է մազակալվում տարիների ընթացքում

Որոնք փշերի նման ցցվում են նրա մակերեսին:

***

Կերեք մաշկս

Ձեր բերանը կլցվի ինձնով,

Բայց ծամել հնարավոր չի լինի։

Ես կնկարեմ բոլորիդ կոկորդները իմ շնչառությամբ,

Դուք կխեղդվեք,

Կփորձեք փսխել,

Որպես ավելորդ,

Մնացուկ,

Սակայն ես արդեն կուլ եմ տվել տարածքը,

և թթվածնի փոխարեն հանդես կգան ոսկորներս․

դուրս պրծում չի լինի

կմասնակցեք մարմնիս փշրանքների ահեղ դատաստանին:

***

Հիշաչար էր երկինքը,

հիշեցնում էր,

որ պարտք եմ, և պետք է վրեժխնդիր լիներ։

Ես քեզ տեսա մի պատկառելի տղամարդու հետ,

առանց փողի,

բայց աչքերից երևում էր,

Որ երկաթե բնավորություն ունի․

քեզ հալեցնում էր իր ձեռքերի մեջ և դու ծիծաղում էիր

տաքությունից:

***

Խրճիթից քո ներքնազգեստի հոտն էի առնում

(դու լողանում էիր)․

այն քցված էր գետնին,

որը շատ անգամ կպած է եղել ներքնամասիդ՝

տղամարդկանց երազին,

այն սև գույնի էր,

պոետական,

հաղթականորեն կլանել էր գետնի տարածությունը:

Ռունգերով քաշում էի բույրը

լիաթոք շնչելով մեր մեջ կատարվածը:

***

Խմի՛ր քո մեջ ապրող դևերի կենացը,

Մի՛ մոռացիր հրեշտակներին ևս,

Նրանք էլ իրենց փայը ունեն։

Խմի՛ր երկուսի համար,

Մի՛ մոռացիր ծնողներինդ․

Ի վերջո նրանց դաստիարակած ծնունդն ես,

Ապրում ես երկուսի հետ

Մի տան մեջ:

***

Բուսակեր աղջիկ,

ցանկությունս քո հանդեպ յուղալի էր,

մսոտ,

(ավելի ճիշտ տղամարդուն վայել հոտառության զգացումով):

Մի օր տարածությունը այնքան սեղմվեց,

որ ես բացեցի աստառդ,

ու բուսածածկ Գիշերը կանչեց իր մեջ կոպերս փակելու:

***

Քո գլխում ապրելը նույնն է,

Ինչ երկնքում տեղ գտնելը։

Քաղաքը միակ հյուրն էր,

որ լսում էր ինձ…

Նա էլ քնեց,

անջատեց իր լույսերը,

Իսկ ես դեռ հավատում եմ,

որ իմ կրակը

Կլուսավորի քո պատուհանը,

և դու կտեսնես նորից քաղաքը կանթեղված:

 

Show Comments Hide Comments

Leave a Reply

Your email address will not be published.