Արամ Խաչատրյանի արձանի մոտով մի մարդ էր անցնում, մեկ էլ փողոցային շունը հարձակվեց վրան, մարդը քացիներով պաշտպանվում էր, որ հանկարծ շունը չկծի, հաջողացրեց ծնոտին մի էնպիսի հարված տալ, որ շունը հետ֊հետ գնաց, պտտվեց ու հեռվից սկսեց հաչել։ Մարդուն թվաց, թե ազատագրվել է, մեկ էլ մյուս կողմից մի աղջիկ արագ հարձակվեց մարդու վրա ու սկսեց մեղադրել, որ շանը քացով խփել է։ Մարդը արդարանում է՝ հանգիստ գնում էի, հարձակվեց, որ չխփեի ախր կծում էր։ Արդացումները չանցան, աղջիկը ագրեսիվ վրա տվեց՝ որ շունը քեզ քացով խփեր դուրդ կգա՞ր։ Նրա մեջ ակնհայտ վառվռում էր թավշյա հեղափոխականի կերպարը, ով մարդու մեջ տեսնում էր սև, նախկին կոռումպացված ռեժիմի ներկայացուցչի, իսկ շան մեջ նրանցից մեկին ում Դավիթ Սանսարյանը ասում է՝ պաչում եմ։ Մարդը պտտվեց իմ կողմ համախոհ գտնելու հույսով՝ ախր որ չխփեի, կծում էր։ Նրա տխուր ու հոգսերով լցված աչքերում հակահեղափոխական փնտրելը դժվար էր, թեև հմուտ հեղափոխականը կգտներ հակահեղափոխականին, ինչպես աղջիկն էր գտել։

Վրինդավանի փողոցներում հինգ կենդանի կար, տնից դուրս էիր գալիս, առաջինը կապիկներն ու շներն էին դեմդ դուրս գալիս, շները հաչում էին, ասում էին նրանց կծածը հաճախ մահացու է, պիտի շատ զգոն լինեիր, որ չմոտենային։ Չապոռայում ավելի բարդ էր՝ մեր խրճիթ էր տանում մի նեղ ճանապարհ, որի երկու մայթերում գազազած շներ էին հարձակվում, ոտքով գնալը մեծ խիզախություն ու ճարպկություն էր պահանջում՝ այնպես մանևրես, որ շների քշտված ատամները ոտքիդ կողքով անցնեն։ Իսկ արդեն երբ սկուտեր վարձեցինք, խրճիթի ճամփեն անցնելիս սկուտերի վրայից շների հաչոցները հպարտ անտարբերությամբ էինք ընդունում։

 Գոայում

Կապիկները գող են, պիտի աշխատես ձեռքիդ տոպրակ չպահես, կամ էլ շատ ամուր, թե չէ մի ակնթարթում կփախցնեն։ Մեկ էլ ակնոց պիտի չդնես, ակնոցն էլ չես կարող ամուր պահել քթիդ, դնում ես, ու վերջ, կապիկը կթռնի կտանի։ Վրինդավանի խճողված փողոցում մեկ էլ մի անփորձ անցորդի ակնոցը կապիկը փախցրեց, թռավ շենքի քիվին նստեց ու ուշադիր ուսումնասիրում էր աջ ձեռքում պահած ակնոցը։ Ինչպե՞ս ակնոցը հետ բերի, բանան առավ, գցեց կապիկին, որ բանանի հետ փոխանակի ակնոցը, կապիկը բանանը վերցրեց, կլպեց կերավ, հետո էլի ակնոցը ձեռն առավ։

բանանը կերել, կրկին ակնոցը առել ձեռքը

Մյուս կենդանին՝ կովիկ մայրիկներն են, փողոցնեում ճեմում են, սուրբ կովերը, որոնք մարդկությանը սնում են Պատճառական օվկիանոսից ստացած կաթով։ Նրանց կերակրելը սուկրիտի է բերում՝ միավորներ, որոնք ազատագրելու են մահվան ու կյանքի մշտական շրջապտույտից, թե սուկրիտիներդ չհերիքեն, չազատագրվես, բան չկա, գոնե հաջորդ կյանքում մի չըռթ վեր կաստա կծնեցվես։ Փողոցներում խոտի կրպակներ են, որ խոտն առնես, կովերին կերակրես։

ինչ որ տեղ Գոայում

Թվում է, թե կովերը անվտանգ են, աչքերին նայում ես՝ պատասխան ստանում կովի բարի,՞ թե՞ ապուշ հայացքը, բայց չէ, կովեր կան, որ շատ ագրեսիվ են։ Չապորայի սրճարանում մի կով կար, որ անընդհատ անցորդների վրա էր քշում, որ անփորձ լինեիր, կհարվածեր, բայց որ ճանաչում ես, արդեն զգուշորեն, քծնելով ես մոտով անցնում, բան չի անում։

Իսկ Գոկառնայում կովը հո չխփեց, անցնում էի դաշտով Կովի փորը մտնելու համար, չէ, շնչող կով չի, Կովի փորը սուրբ քարանձավ է, ուխտի էի գնում, որ մի քանի սուկրիտի ավել ունենամ։ Արահետի ձախ կողմում հորթ էր արածում, հայացք սահեցրի՞ վրան, մեկ էլ ոտքերս գետնից պոկվեցին ու թռա մի քանի քայլ էն կողմ ընկա։ Էս ո՞վ էր, կով, վարգով հարձակվել խփել էր հետևիցս։ Կոլոտ կով էր, հետույքիս էր ճակատախառը պոզով խփել, որ մի քիչ բոյով լիներ պոզը որովայնս կվնասեր։ Հնդկաստանի հարավում կենդանիները կոլոտ են, կովերը կարճ, իսկ այծերը ընդհանրապես գաճաճ, կարճ ոտքերով գետնին կպած, կարծես միջնադարյան եվրոպական եկեղեցիների ճիվաղների քանդակներ լինեն։ Կա՞ն էծ դևերի քանդակներ։

Գովարդան սուրբ քաղաքում

Վրիդնավանի մյուս կենդանին վարազներն են, որ կամ մենակ, կամ բոլուկներով շրջում են, նրանց կողմից ագրեսիվ վերաբերմունքի չեմ հանդիպել, բայց բացառված չէր, որ հարձակվեին։ Վարազների ու շների ճակատամարտեր էին հաճախ լինում, ու կարծես շները հաղթող էին դուրս գալիս, կարծես թե վարազներն ավելի ինդիվիդուալիստ էին, կոլեկտիվ պաշտպանություն չէին կազմակերպում, իսկ շները ընկերվարական գաղափարներ ունեն, ոհմակով հարձակվում են, բոլուկը ցրվում է, բռնացնում են մի անհատ վարազ ու հալածում։

Վրինդավան. վարազները շնանում են

Դե հինգերորդն էլ մարդն էր։ Հնդկաստանում հասկանալի էր կենդանիների նկատմամբ սերն ու համերաշխությունը, մարդիկ ու կենդանիները բոլորը հոգի են՝ ատմա, բոլորը մերձավորներ, և կենդանուն վիրավորելը, խփելը, նույնն է թե մերձավորիդ խփես, մանավանդ, որ կարող է պարզվել որ կենդանին հարազատ պապիկդ է, ինչու չէ, նաև մայրիկդ կամ հայրիկդ։

Իհարկե, հայկական մենթալիտետով պապիկին փողոցում թողնելը թեկուզ կապիկի մեջ վերամարմնավորված այնքան էլ բարոյական չի, բայց Հնդկաստանում այլ է, բազմաթիվ մարդիկ դրսում են ապրում, և իջևան չունենալը, տանիք չունենալը ամոթալի բան չի համարվում, էս կյանքում չունես, մյուսում կունենաս, պապիկն էլ փողոցում թող թռվռա, կարևորը հետը բարեկամաբար վարվես։

Եթե այդ աղջիկը շանը պաշտպանում էր վստահ լինելով, որ իր պապիկն է, ապա բարոյական կլիներ տուն տաներ, որ անծանոթ մարդկանց վրա չհարձակվեր, ու հետն էլ ծեծ չուտեր։ Իսկ եթե չի հավատում հոգու վերամարմանվորմանը, ինչի է գազազած շանը պաշտպանում նրա զոհից, գիտի որ շունը ինչքան էլ խելոք լինի, մեծանա, Մոցարտ չի դառնալու, ուրեմն, միակ պատճառը՝ շան մեջ հեղփոխության պահապան տեսնելն է։

Մեր վաստակաշատ գրող Լևոն Ջավախյանի վրա էր մի անգամ շունը հարձակվել, գրողը հանգիստ Իսահակյանով քայլելիս է եղել, մեկ էլ ոտքի ուժեղ ցավ է զգացել, հետևից շունը եկել, հանդարտ, առանց հաչալու ատամները խրել էր ազդրի փափուկ մսի մեջ։ Հեղափոխությունից առաջ էր, վաղուց, ու դեռ Ջավախյանը նախագահ Սերժ Սարգսյանից Խորենացու մեդալը չէր ստացել, որ ասեին շունը զայրացել է, որ գրողը կոռումպացված ռեժիմի ձեռքից մեդալ է ստացել։ Ջավախյանին մի քանի անգամ սրսկեցին, վիրակապեր դրեցին, փառք Աստծո, առողջական պրոբլեմներ չունեցավ։ Բա որ մի բան լիներ, հայ մշակույթն էր կորուստ ունենալու, և Ջավախյանը այդպես էլ չէր գրելու իր «Ծնկան ծերին» գիրքը, որ արդեն հեղափոխկան իշխանությունը նախագահի մրցանակի արժանացրեց։

Նախահեղափոխական Հայաստանում ամեն օր չէիր լսի շների հարձակումների մասին, նրանք խեղճացած էին, նրանց մեզով գծած տարածքները օլիգարխները յուրացնում էին, բայց նրանք չէին կարողանում բողոքել, հենց ծպտուն էին հանում գիշերները փողոցներում նրանց գնդակահրում էին, ովքե՞ր էին՝ օլիգարխների թիկնազո՞րը, ոստիկաննե՞ր, թե՞ Արցախից բերված հատուկ ջոկատայիններ։  Հատուկ քննչականը ինչո՞ւ չի բացահայտում այդ անշնային հանցագործության հեղինակներին, բավական պրոֆեսիոնա՞լ չեն, թե՞ Հատուկ քննչականում բուն են դրել նախկին կոռումպացված ռեժիմի խորքային պետության մնացուկները։

Թավշյա հեղափոխության ժամանակ շներն էլ ոտքի ելան, առաջնորդների մեջ էր հպարտ Չալոն։

Հեղափոխական իշխանությունները շներին սկսեցին վերադարձնել դրախտ ազատագրելով հղիության ցավերի և ցավերով երեխաներ ծնելու Աստծո անեծքից. Արդեն 3 հազար շուն է ստերջացվել, մի երկու հազարն էլ դրախտի ճամփին են։

Այո, շներն էլ երկյուղ ունեն, որ հանկարծ նախկինները չվերադառնան, և հաճախ անհարկի ակգերսիա են ցուցաբերում ու ինչքա՜ն մարդկանց են կծում՝՝ հաճախ թացը չորից չջոկելով, հնարավոր է, չէ՞ շունն էլ չկողմնորոշվի ու կծի որևէ սպիտակ հեղափոխականի։ Թե՞ շները այնքան հոտառություն ունեն, որ չեն վրիպում։

Կարծեմ այդ նույն շունն էր, որ մի քանի օր առաջ Աբովյան փողոցի վրա հետևիցս թաթերը դրել էր մեջքիս, կարծեցի, թե հին ծանոթ է կատակում, պարզվեց մունդառ շունն է, հոտը առել էր սև հակահեղափոխականի։

Բայց երբեմն, իրոք, շները հեղափոխականին հակահեղափոխականից չեն տարբերում, նույնիսկ հեղափության խոսափող «Ազատություն» ռադիոկայանն է մի հեղափոխության նվիրյալ կնոջ բողոքը փոխանցում. «Երեխաները, որ նույնիսկ չէին վախենում շներից, հիմա արդեն բոլորը պանիկայի մեջ են, որովհետև ամենուրեք այդ նույն խնդիրն է։ Կարելի է ասել, որ չկա մի ընտանիք, որ ինչ-որ ձևով տուժած չլինի այդ շների հարձակումներից»։

Մի քանի օր է, թերթերի վերնագրերը ազդարարում են. «Երևանում դպրոցի ճանապարհին 22 երեխայի են կծել. քաղաքապետարանը հայտնում է, որ կզբաղվեն այս խնդրով», «Գյումրիում շունը գզել է երիտասարդ կնոջը․ նրան տեղափոխել են Գյումրի բժշկական կենտրոն», «Երևանում շները հոշոտել են կնոջը․ նա վերակենդանացման բաժանմունքում է», «Շները մարդ են ուտում․ գյուղերում մարդիկ զուգարան չեն կարողանում մտնել»․ Ազատանի համայնքապետի ահազանգը»։

Շներին դուխ է տալիս նաև վարչապետի սպառնալիքը՝ հակահեղափոխականներին ասֆալտին փռելու և պատերով ծեփելու, իրենք էլ իրենց հերթին են կծում, ու հետևելով Եժովի այն խոսքին, թե ժողովրդի թշնամիներին ջախջախելիս անխուսափելիորեն ոչնչանում են նաև անմեղ մարդիկ՝ շների լեզվով ասած՝ աջուձախ հարձակվելիս, անխուսափելիորեն կծում ենք նաև հպարտ քաղաքացիների։

Հեղափոխությունը հեղափոխություն, հեղափոխության պահապանները իրենց տեղը, բայց միևնույն ժամանակ, արժի՞ արդյոք հանուն հեղափոխության անմեղ մարդկանց էլ զոհաբերել. հայերը հնդիկ չեն, որ շան կծածը բանի տեղ չդնեն, թե ինչ լինում է, լինի, մեկ է էլի ծնվելու են։ Հայերը հիմնականում մի կյանք ունեն, եթե մկրտված հավատացյալ են, բախտները բերի, երկրորդ կյանքն էլ կունենան երկնքում, իսկ եթե աթեիստ՝ էս մեկն է ու վերջ։ Եթե շան կծած 10 հոգուց 9 հակահեղափոխական են, և մեկը հպարտ քաղաքացի, արժի՞ այն 9֊ին վերացնելու համար զոհել որևէ հպարտ քաղաքացու առողջությունը, աստված չանի, շունը էնքան կատաղած լինի ու էնպիսի թույներ փոխանցի ատամներով, որ հանկարծ հեղափոխականը կյանքն էլ կորցնի։

Արդյոք ճիշտ արեցի՞, որ հեռացա թողնելով, որ աղջիկը շանը միացած տղամարդուն հալածի, մարդը նեղ վիճակի մեջ էր, կամ՝ աղջկա պատժիչ հայացքի ներքո նրան շունը հոշոտելու էր կամ էլ աղջիկը նրան կհանձնի հեղափոխական տրիբունալին, որը նրան կդատի քրեական օրենսգրքի հեղափոխական հեոդվածով՝ կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի մեղադրանքով։

Show Comments Hide Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *