Հոգեբուժարանում ինձ ասեցին՝ ինչ լավն է ձեր դուխին։ Չէին բարեւել։ Դեղին միջանցքի առաստաղի ցածրությունը ճնշում էր կնոջ՝ քրջերով լի պայուսակը։ Նա մոտենում էր բուժքրոջ սենյակին, որ տալիս էր անվանական քարտերը, ու նորից կոպտորեն ետ հրավիրվում։ Վիթխարու մարմինը՝ աչքերի տակ սեւացած ձորակներով, ներքեւում՝ սրունքների ուժեղ բումբերը՝ լցված հոգեկան երեւի տագնապով, երեւի մթագնումով, որից տոպրակն ու դրա պարունակությունը ավելորդ տանջանք էին թվում՝ վերցվելու ու նորից ետ դրվելու ճղճղված կաշվե աթոռների ոտքին մոտ, որտեղ երեւի արդեն թափառում էր վիրուսի ցանցառ մարմինը՝ ապստամբելով դիմակների դեմ, որ հոգու ճնշում ունեցող այս մարդկանց ավելի անհեթեթ տեսք էին տալիս, կարծես եկել էին բան փոխելու, բայց նստած էին այնպես անհաղորդ, մունջ ու հանձնված՝ կախ աչքերով, անթեւ, հենված դողդոջուն ոտքերին, ու ինձ արդեն ասել էին բառերը, որոնք կուլ տալու համար դեղեր էին պետք։ Հավաքարարի ամենազոր ավելը հետապնդում էր բոլորիս, որ փորձ էինք անում չհայտնվել նրա ինքնաբավ վստվստոցի տակ, եթե ու հանկարծ խանգարեինք նրա առողջ գործի ընթացքը։ Դրսի պահակակետի տղամարդը, բաժակները ցխված մայթաքարին դրած, սուրճ էր եփում՝չափելով անպոչ բաժակով։ Դա այնքան պարզ մի գործողություն էր, որ միանգամից վերածվեց տագնապի ավերակների, իրականությունը թվաց թաքնված, դարանակալ, ձեռքի տակի առարկաները ծանրացան, շրջվեցին ու սկսեցին գրող չափել։ Երբ եկա, նա սուրճ էր դնում։ Ինձ նայեց՝ չհավատալով։ Կողքին դեղին շուն կար։ Դրանից էլ առաջ մեքենայի մեջ երաժշտություն էի լսում ու պարում էի՝ կողքիս թրջված անձրեւանոցը։ Մեքենան կանգնած էր փոսի գլխին ու եթե առաջ գնար, հայտնվելու էր փոսի մեջ՝ մանկապարտեզի բակում, որտեղ կանգնած էր զզվելի խաղահրապարակը։ Որ արդարացնում է երեխաների գոյությունը։ Ինչ մի ստահոդ պատճառ։ Չիք պատճառ լալու, ոչ իսկ խնդալու։

Մենակ էն, որ լսել էր նրանից այդ բառերը, որ ասել էր կատաղությունից, բայց հարազատների միջեւ այդ բառերը մի տեսակ սխալ տեղ են գնում, ուր չպիտի գնան, ու գիտակցությունը դրանից ըռկում է, բաներ է հորինում, ներքին միտք է դառնում, որ գլխում չէ, այլ սրտի գդալի մոտ, որն ուզում է գդալով ճղել ու դուրս թափել։ Բայց պատկերացնում է նաեւ այդ սեռի բառերի իրականացումը, դրանց՝ գոյություն դառնալը, ու խորշանքը խփում է գլխի գագաթին, ձեռքերը սկսում են սառել, միսը սկսում է հոսել դեպի երկրի միջուկը, որտեղից հառնում է ձգողականությունը։ Ձգողականությունը այն բառերի, որոնք չի-կարելի են հարազատների միջեւ, այդ պատճառով անկառավարելի է դառնում ամբողջ միտքը։ Իսկ մարմինն էլ իր ձեւերն ունի՝ դրանք կարդալու, ու ինքն իրենից վշվշալով դուրս թափվելու, այնքան որ գլխում նոր զետեղված միտքն իր հագով չէ։ Ֆիզիկապես իր հագը չի մտնում։

Միայն վարսավիրանոցում է հանգստանում։ Երբ Մարիամը իր ձեռքերով ասես գառ է ներկում, բայց ասում է, որ չի սիրում մանուշակագույնը։ Միշտ դուքով է խոսում, ու միացնում է հայկական էստրադային երգեր, որոնցից սիրտը ահավոր լցվում է, որոնք խոսում են սիրո սպասումից կամ արդեն եղածի վախճանից ու ցավից։ Գառնոցում, որը կճե քարերով շարված չորս ոչ բարձր պատ էր՝ գյուղի վերեւում, որ կոչվում էր նախրքաշ, երբ ոչխարներն արդեն եկել էին, ու պետք էր գնալ, գառնոցից գառներին ջոկել, որ տարբերելու համար մեջքներին ներկած բուրդ կամ կարված վառ գույնի կտոր ունեին։ Այն ժամանակ կար անհոգությունը։ Չէր իմանա, որ մի օր լսելու էր նրանից այդ բառերը ու տեսնելու էր պահակին՝ սուրճ եփելիս։ Որը պոզերի ազդեցության տակ այլ բան էր դառնալու, ու փսխուքը լցվելու էր բերանը։ Մարիամն ասում է՝ կուզե՞ք փոխեմ երգը, ասում է՝ չէ։ Թող մնա։ Ու խշշում է նրանց կանացի աշխարհի մեջ՝ վերագտած իրեն, ու ուզում է Մարիամի ձեռքերն համբուրել։ Սուսանը կոպիտ է։ Մազ է պոկում։ Կոնքերի վրա կախված են ավելորդ մսերը, որ ֆեն անելիս թրթռում են։ Փորը քսվում է հաճախորդի գլխին։ Այս աղջիկների աշխարհը պաշտպանելու համար մտքով խոցել էր իրեն ազդանշան տվող մեքենայի վարորդին՝ բեռնատուփի մեջ պահված դանակով, երբ կողքին նստած հայրն ասել էր, որ չի փոշմանում անցյալի սխալների համար։ Որոնք տղամարդկային աշխարհի սխալներ էին՝ դուստրերին ասելու՝ վիզդ կդնեմ շեմի վրա, կկտրեմ։ Բայց դա մոռացել էր համարյա։ Միայն թե՝ համարյա։ Փռթելու էր պատրաստ բոլոր աղաղակող տղամարդկանց, որ սպանի նրան։ Այսօր ձեր մատները, տիկին, մաղում են կապույտ մի փոշի։

Երբ մայրը պառկած էր կանաչ ծալովի բազմոցի վրա գցված հին սավաններին ու ջերմում էր, ինքն աշխատում էր Բոքսի ֆեդերացիայում՝ մի ամսով. թարգմանելու էր բոքսի առաջնության բուկլետը, որի համար բոքսի ֆեդերացիան մի լավ դրամաշնորհ էր ստացել հաստատ, ու իրեն վճարելու էր ոչ թե էջով, այլ ամսով՝ 60 000 դրամ։ Ատում էր, երբ իր վերադասը իրենից թույլ կին էր լինում։ Մանավանդ, երբ լինում էր շեֆերից մեկի բարեկամուհին՝ պատահաբար այդտեղ հայտնված, թույլ էր լինում, բայց քրջի պես կպչուն, ու կատաղած ու մատներն էլ կատաղությունից ջարդող։ Ու աղջիկ-կինը բոլորովին բավարարված չէր աշխատանքի ծավալով։ Օրական թարգմանության մի նոր տրցակ էր դնում առաջը։ Բուկլետն արդեն թարգմանել էր, ու դեմ էին տվել ֆեդերացիայի արխիվը, որի թարգմանության կարիքը չկար։ Featherweight` թարգմանել էր ու սովորել։ Քարտուղարուհին ընդհանուր սրահում դրված սեղանի վրա արդուկ էր անում, երբ ինքը վերցրեց թարգմանած թղթերն ու մտավ տնօրենի մոտ։ Գուցե հիշողության մի անկյունում ապրում է նաեւ նրա ազգանունը։ Պահանջեց իրեն հանգիստ թողնել ու դուրս եկավ։ Այդ ժամանակ նույնպես պատրաստ էր դանակը խրելու ուժեղ տղամարդկանց այդ տնօրենի սիրտը, բայց սիրտը թափեց միջանցքում։ Պայուսակը վերցրեց ու գնաց՝ սրբելով բերանը։ Աղջիկ-կինը կատաղությունից դարակներն էր ճանկռոտում, որոնք բանալիով փակ էին։ Հետո բանաստեղծ Արամը քննիչի իր ուդոյով գնաց ու տնօրենից ստացավ ամսվա գումարը։ Տնօրենն ասել էր՝ ափսոս, պիտի այլ հանգամանքներում ծանոթանայինք, պարոն քննիչ, կարող էինք իրար օգտակար լինել։

Միջանցքի միջով հռնդալեն գալիս է հավաքարարը։ Նա ամենաշատն է ատում այստեղ հավաքված մարդկանց, երբ ինքը եկել է դեղ ստանալու ու հանդիպել է աչքերի տակ կապույտ-սեւ պարկեր ունեցող կնոջը։

«Մարդու իրավունքների ժողովրդավարության ինստիտուտում» քարտուղարուհի վերցրին, երբ համակարգչի վրա տպել չգիտեր։ Գարիկը համբերատար սպասում էր, մինչեւ հերթական տառը գտնի ստեղնաշարի վրա, որ նամակի պատասխանեն՝ իբր թե շատ կարեւոր։ ՀԿ-ների այդ այնքան հայտնի սեւ կամ գունավոր պանակները, որ հպարտորեն շարված են ՀԿ-ական ճղճիմ դարակներին, լցված էին այնքան անկարեւոր թղթերով, որոնք հենց ինքն էլ լցնում էր՝ համարակալելով դրանցից յուրաքանչյուրը։ Այն ժամանակ չէր հասկանում, որ այստեղ ոչ մի գործ էլ առաջ չի գնում, մանավանդ երբ սփյուռքահայ Նաիրին ստանում էր իր ուտելիքի ծավալուն առաքումները։ Իրենք ուտում էին իր՝ հետը տարած փակած կարմիր բիբարը, որ մայրն էր ուղարկում գյուղից։ Առանց հաց։ Քսերոքսի սարքի մոտ ժամեր էր անցկացնում՝ տպելով սրա-նրա դուրստվածները։ Ու մի օր ֆեմինիստ տնօրինուհին, որ լավ տեղավորվել էր Ամերիկայում, որտեղից եւ հրահանգներ էր արձակում դեպի երրորդ աշխարհի այս երկիրը, հեռախոսի միջից աղաղակեց սկավառակի մասին, որը ինքը մոռացել էր փոխանցել Գարիկին։ Երբ ասաց՝ ներողություն, տիկին, մոռացել եմ փոխանցել, հեռախոսն ականջից հեռու չտարավ ու լսեց նրա ձայնի հիստերիկ շաղ գալը լսափողի միջից։ Վիզդ կդնեմ շեմի վրա, կկտրեմ։ Գարիկը շվարած նայում էր՝ ձեռքին ՄԻԺԻ-ի տպած ինչ-որ զեկույց՝ Հայաստանում աղքատության մասին։ Երբ էլ խաչեր նրան՝ տնօրինուհուն Ամերիկայից, աշխատում էր, որ գլուխը ներքեւում լինի, որ փշե պսակը քսվի գետնին։ Ու բերանից դուրս եկած բառերը ներծծվեն հողի մեջ։ Այնքան որ չէր կարողանում բառերը տանել։ Ու հիմա եկել էր բառերը փոխանակելու դեղերի հետ։ Բառիկ տամ, դեղիկ առնեմ, դեղիկ տամ, խնդիկ առնեմ։  

Այնքան թափով էին կռվել, որ ֆբ հաղորդագրություններից ծուխ էր դուրս գալիս։ Հորեղբայրն ասել էր բաներ, որ միշտ էր ասում, ինքն ասել էր բաներ, որ ասում էր առաջին անգամ։ Հետո ասաց բառերը։ Ինքն աշխատում էր այնպես ասել, որ ետդարձի ճանապարհ չթողնի, որ քամի նրա՝ առանց այն էլ ոսկրոտ միսը։ Որ ջնջխի նրա հոգին։ Քասախում նա էլ էր պառկել, բայց մեծ հորեղբայրը թաքցնում էր այդ փաստը։ Պառկել էր նաեւ հայրը, պառկել էր ինքը։ Իսկ տատի քույրը շիզոֆրենիա ուներ, ու բազկաթոռի մեջ նստում էր միայն երբ մեծ քույրը ոտքերի տակ էր դնում ալյումինե սկուտեղը։ Ասում էր, որ ներքեւից չար բան է բարձրանում, ու պետք է, իհարկե, պաշտպանվել։ Նրանց փոքրիկ տունը՝ երկու քրոջ, այլեւս չկա։ — Երանակ, Երանակ,— ասում էր տատը։  

«Սայաթ-Նովա» կոմպլեքսը լավ բաների հավաքածու չէր։ Հիմա է, որ վերածվել է փակ, փոշոտ շինության՝ հին երեւույթ լինելու պատճառով։ Մետրդոտելն այն կարճ զգեստով կինն էր, ով առաջ էր հրավիրում հյուր-հաճախորդներին։ Ցույց էր տալիս իբր ճանապարհը, որտեղ ինչ կարելի էր ուտել, խմել։ «Հոգու եւ մտքի թատրոնը»՝ Սոֆի Դեւոյանի, պարում էր նրանց համար։ Մետրդոտելն ինքն էր։ Կեսօրյա ճաշը պետք է ուտեր տասը րոպեում՝ խոհանոցի հոտերի մեջ բացվող սառնարանի վրա ու արագ վերեւ հասցներ իր այնքան անհրաժեշտ երկար ոտքերը՝ հյուրերին ի սպաս։ Մինչդեռ անվտանգության աշխատողներին թույլատրված էր նստել եւ ուտել «Ամազոն» սրահում՝ հյուրերի կողքին։ Կարեն, մարդ իմանա՝ որտեղ ես հիմա, այ կեղտոտ լակոտ։ Երբ մատուցողուհիները հասցրին, որ մետրդոտելը նստած անվտանգության աշխատողի հետ հաց է ուտում ոչ թե խոհանոցում, այլ «Ամազոն» սրահում, Կարենը կատաղությունից արգելեց «Մտքի ու հոգու» թատրոնին վերելակով բարձրանալ։ Բնականաբար իրեն աշխատանքից հանեց ու փողը չվճարեց։ Ամբողջ ամսվա ընթացքում թեյավճար էր ստացել հազար դրամ՝ մի բարեհամբույր սփյուռքահայից, որ խոթել էր շշմած բռի մեջ ու գնացել։ Իսկ եղբայրը «Ալեն-Էլենից» աշխատավարձ էր ստացել մեկ հատ մոխրաման ու բերել էր նաեւ մի հին գիրք՝ կապիկների մասին։

Երկուհազարականների մինչեւ կեսը տասնյոթ գործ փոխեց, որոնցից ամեն մեկի հետ սիրտը ավելի ու ավելի նմանվեց հազար անգամ կպցրած ու պոկած կպչաթղթի։ Հետո հրաժարվեց աշխատել ու դատապարտեց ինքն իրեն բացարձակ անգործության։ Այլեւս գործատիրոջ համար հեռախոսով չէր ճշտում Դուբայում նավթի գները, երբ իր գործը տուրմենեջերի գործ էր միայն։ Չեխիա հանգստի ուղարկեց գործատիրոջ իրավաբանին՝ սիրուհու հետ։ Որն էլ հետո իր դեմ դատն էր վարում դատարանում, երբ դատի էր տվել՝ իրեն գործից ազատելու համար՝ փորձաշրջանը չանցնելու պատրվակով։ Պատճառն այն էր, որ տնօրինուհին խանդում էր ընկերոջը, որին ինքն էլ էր ուզում։ Դատը հաղթեց վերաքննիչում։ Առաջին ատյանում պարտվել էր՝ գործատուի տված կաշառքի պատճառով։ — Պատրաստ եմ քեզ ծծել,— գրել էր տնօրինուհին իր այդ ժամանակվա ընկերոջը, հետո ասել էր, որ սխալմամբ է նամակը նրան ուղարկել, պիտի ուղարկեր ամուսնուն։ Տնօրինուհին նոր էր ելել անվասայլակից, որին գամվել էր՝ կծկված թեւերով ու ձեռքերով։ Երբ ոտքի էր կանգնել, եկել էր Գլենդելից ու Երեւանում՝ Պարսկական մզկիթի կողքին տուր գործակալություն էր բացել, որում աշխատում էին երիտասարդ տղաներ, նրանց հետո հատ-հատ Ամերիկա տարավ։ Դատից հետո ԱԱԾ-ն մի շարք խախտումներ արձանագրեց նրա գրասենյակում, չվճարված հարկեր, ու նրա բիզնեսը փակվեց։ Մի անգամ սպագետտի կերավ ընկերոջ տանը, ու ընկերը խոստովանեց, որ Ռոզալիան է սարքել՝ նամակն ուղարկելուց հետո։ Հարցեր չտվեց, սեղանը հավաքեց, ամանները լվաց ծորակի տակ, որ ճկափոկով ցնցուղ ուներ ծայրին։ Հնարավոր էր ամբողջ լվացարանը մի լավ ցայել։ Հետո երբ փորձեցին փոքրիկ ցելոֆանե տոպրակի մեջ ծաղիկի գնդիկը՝ փշրելով լցնելով ծխախոտի գլանակի մեջ, ինքն սկսեց խոշորացույցի տակ աճող բույսեր տեսնել։ Ահա ցողունը դանդաղ բարձրանում է, նրանից կամաց անջատվում է տերեւը, որի անջատման տեղից դանդա՜ղ կաթում է ավիշը կամ ցողը, հետո տեսնում է բջիջների բազմանալը, ծաղկի դանդաղ պայթելը՝ սկզբից կանաչ տերեւների, հետո ծաղկաթերթերի, ապա առէջների խաղը, փոշին ու ծիծաղում է ու ծիծաղուուո՜ւմ է։    

Բառերը գլխի մեջ կպած սարդոստայն էին, ուղեղի մորմոք։ Երբ էլ մտածի բառերի մասին՝ լավ, թե վատ, միշտ հիշում է Լիլյային։ Լիլյան էլ էր բառեր հորինում, ասում էր՝ փափլ էքստրակտ։ Անգլերեն չգիտեր ու հորինում էր, իսկ փափլ էքստրակտ նշանակում էր առնանդամի թուրմ, այդպես էր բացատրում մեզ։ Երբ դյութի ֆրի մտած ուղեւորները որեւէ անծանոթ խմիչքից էին հարցնում, Լիլյան սահուն ժպիտով ու անկեղծությամբ ասում էր՝ փափլ էքստրակտ։ Զարմանում էին ու միշտ առնում։ Փափլ էսքտրակտից բոլորս տոկոս ունեինք։ Կոռուպցիան մի բան էր, որ համատարած էր ու անքննարկելի այն ժամանակ։ Երկու Աբսոլյուտ գնելու դեպքում, կարող էիր ստանալ եւս մեկը՝ անվճար։ Բայց ո՞վ էր երրորդը տվողը։ Երրորդը միշտ վաճառվում էր, ու դրամարկղի փողը կիսվում։ Լիլյան հենվում էր դրամարկղի բարձր թեւին՝ իր երկար հասակով, կարճ կարմիր շրջազգեստով, ոլորում էր ականջի տակի ալիքավոր մազափունջն ու խոսեցնում հաճախորդին։ Շատերից նվերներ էր ստանում, որոնք հետո էլի դնում էր վաճառքի։ Միշտ վերցնում էր փողը։ Հագնում էր այն ժամանակ չճարվող բարձրակրունկներ, որոնց կապի թելերը բարձրանում էին մինչեւ ծունկը՝ տեղ-տեղ ծածկելով ոտքերի կապույտ երակները։ Հավանաբար երեխա էլ ուներ, որին թաքցնում էր։ Մայր Հայաստանը կարող էր լինել։ Երբ չվերթ չկար, Լիլյան չկար։ Անհետանում էր, հետո վերադառնում ավելի հարդարված։ Գործարքներ ուներ օդանավակայանի բոլոր ծառայությունների հետ։ Կորած բեռների բաժնի ամբողջ ծովատակի սնդուկներն ու գանձարանը բացում էին նրա առաջ, ընտրում էր, ինչ ուզում էր, դնում էր վաճառքի։ Զեղչված ապրանքների հետ գլուխ չուներ։ Լիլյան էր, որ զուգարանում սովորեցրեց ծխել։ Իր բարակ, երկար գլանակները։ Որ վերջում ճզմում էր սիրուն մատներով ու գցում զուգարանակոնքը։ Երբ առավոտյան յոթին փոխնակ հերթը գալիս էր, պետք էր թաց շորով սրբել դյութի ֆրիի բոլոր ապրանքները, այլապես հերթը չէին ընդունի։ Ապա հաշվել՝ ձեռքին պահած բոլոր ապրանքների ցանկին հետեւելով։ Ամեն օր՝ առավոտյան եւ երեկոյան, հաշվել է հայուրավոր շշեր ու սրբել Լիլյան, քարշ է տվել Արարատներ, բայց միշտ գեղեցիկ, միշտ հոյակերտ։ Մենք բոլորս, մենք բոլորս։ Լիլյան վաճառեց ամենահին կոնյակը ու ռուսականով հաշվարկի մեջ մի լավ թիվ խփեց։ Բայց ճաշը բաղկացած էր բրնձի փլավից կամ բանից, որ տանում էինք հետներս՝ Աբոյի մոխրագույն երազով, երբ գալիս էր առավոտյան ժամը վեցին մեզ ճամփեքի վրայից հավաքելու՝ մեր կարճ կարմիր շրջազգեստներով, որոնց վրա գրված էր Armenian Duty Free.

Լիլյային հիշել էր բառերի հետ գործ ունենալու պատճառով։ Լիլյան մեկ բառի բառարան էր ու գործածական էր՝ բառարանի պես։ Նա լավ գիտեր ապրել։ Մի բան, որ շատերը չեն էլ հասցնում իրենցից ակնկալել։ Ու այս պատերի մեջ Լիլյայից կառչելը, նրա ապակե աշտարակից բռնվելը։ Չկար ավելի հուսալի բան, ավելի հաստատուն բան, քան նրա սրունքները, որ այս պահին, այստեղ կատաղի մրցության մեջ էին իրականության ու մթագնող աշխարհի հետ։ Չնայել բուժքրոջ սենյակ մտնող կնոջ ոտքերին, չնայել, չնայել, հիշել Լիլյայի ոտքերը, հիշել նրա բառը։ Լիլյա, միայն դու գիտես։    

Բառե՞րն են արդյոք։ Որտե՞ղ է դրանց պարտասուն հանգրվանը։ Որ գալիս են, որ հիշվում են, որ ելք են պահանջում։ Միշտ կասկածելի, տարածվող բոլոր առարկաների վրա, դրանք պատելով իրենց մարմնի պլաշով, բոլորին տալով այլազան իմաստներ, մսխելով դրանց իսկականությունը։ Ընդմիշտ խորտակվող։ — Վերցրեք ձեր տոպրակը ու դուրս եկեք։ Համարյա՝ չքվեք աչքիցս։ Դուք իրավունք չունեք ըստ էության, պարզորեն, առանց խանգարող մտքերի ընկալելու այնպիսի մի առօրեական գործողություն, ինչպիսին մայթեզրի վրա սուրճ դնելն է։ Դուք վտարվել եք պարզության աշխարհից, ձեր ընկալունակությունը խափանվել է, դուք սահմանից անդին եք։ Այսու՝ դուք դրա տակ կփնտրեք ձեր միշտ փնտրածը՝ ցավ, ու միշտ կգտնեք։ Առողջ եղեք։    

Ճակատի լուսանկարը հեղինակի
Show Comments Hide Comments

Leave a Reply

Your email address will not be published.