– Արա ասում եմ պինդ բռնի, ինչ ես լալկվել, լսում ե՞ս արա, բռնի, ես քո,- Սերոժը արնակալած աչքերը չռեց վրաս, վերջին ես քո-ն ասելիս թուք թռցրեց: Ես էլ ինքն էլ քրտնած ենք, ես վախից, ինքը էյֆորիայից: Վզի երակները զարմացած տրոփում են, լարվածությունից քիչ ա մնում նկատեմ անբնական փքված երակներում հոսող արյունը: Աչքիս առաջ տարբեր պատկերներ են գալիս. սուր ատամներով մխրճվում եմ Սերոժի թշվառ կյանքի համար ջանասիրաբար տրոփող երակի մեջ ու ողջ արյունը ներս քաշում, Սերոժը խռխռում ա, եղունգներով կառչում մատներիցս, հետո կամաց-կամաց մարում, սմքում ու անհետանում, դառնում փոշի:

Քրտինքը ծորում ա վրայիցս, ծնկներս դողում են, կոկորդս չորացել ա, տպավորություն ա թե մենակ Սերոժն ա կարողանում շնչի, թթվածինը շրջանցում ա ինձ: Շրջանցում ա ինձ ու էս շան ձագին, որի բարալիկ վզից Սերոժը բռնել ա ու կեղտաջրով լի դույլի մեջ փորձում ա խեղդել:

– Արա ուզում ես հաջորդը դու լինե՞ս, խի ես եկել եթե պիտի կանգնես ու նայես, թե՞ սաղ գործը մենակով եմ անելու, չես տենում էս շան թուլեն հա վխտում ա, ուզում ես ձենը թաղով մեկ ընկնի՞,- սիրուն մռութ ունի, խառնուրդ կլինի, պոչը բարակ-բարակ, որ հեռվից նայես կթվա թե առնետ ա, բայց առնետը սենց չէր լացի. կգոռար, կծվար, մի տեսակ գռեհիկ կլիներ, բայց լաց չէր ինի: Էս հուսահատ լաց էր, համակերպում, ներում. գարշանք, սպանություն, վայրագություն:

– Պրծ, սաղ կայֆը կոտրիր, – Սերոժի աչքերը փայլում են, երկու կարմիր լուսին: Վզի երակը հանդարտվեց, իսկ իմը…

Արթնացա, բերանիս դառնահամը թքեցի, դեմքս պահեցի ուղիղ ծորակի սառը ջրի շիթի տակ ու տեսա, թե ոնց են գալիս: Մտքերը գալիս են, գալիս են, հոսում քունքերովս, մտքերը գալիս են, գալիս են ու զարկվում ականջիս. թող սառչի, թող սառույց դառնա, թող քարանա, թող զոմբիանա, թող ջնջի: Մտքերը գալիս են, գալիս ու ջրվեժի պես խշշում, դիվահարի պես հռհռում, լցվում կոկորդս փորձում խեղդել, քթովս գնում ու աչքերովս դուրս գալիս, քրքջում են ու վնգստում:

Սանրում եմ թաց մազերս, հագնում սպիտակ վերնաշապիկս, շալվարիս գոտին ձգում եմ, քիմիայի գիրքը խոթում գոտուս արանքն ու դուրս գալիս: Դպրոց գնալ ա պետք: Ընդամենը մի փողոց ա պետք անցնել, 64 քայլ անել, ժամը 8:20, ես երբեք չեմ ուշանում: Ֆիլմերում ա չէ՞ այդպես, մոլագարները միշտ կոկիկ հագնված են, սանրված, պարտաճանաչ, աչքի չընկնող:

Սերոժն ու ես նույն բակից ենք, նույն դպրոցից, նույն տարիքի, զուգահեռ դասարաններից: Ես ու Սերոժը աջ ձեռքի վրա սպի ունենք: Ինքը մեր թաղի Անյային էր սիրահարված, իսկ ես Անյայի քրոջը՝ Ռոզային: Շենքի տակի կոմպնոցում ես էլ ինքն էլ նույն խաղն ենք սիրում խաղալ, անունը դրել ենք փողոցային կռիվ ու միշտ չինգանչունգ ենք անում, թե ով ա ընտրելու բրիտագալովի գանգստերին: Սերոժը միշտ հաղթում ա, բայց չինգաչունգով չէ, էդ ձեռքը, որ դառնում ա մկրատ, թուղթ ու հետո քար, էդ քար վիճակում միշտ ծանր թփոցով իջնում ա կրծքիս ու պահվում էնքան ժամանակ մինչև բրիտագալովի գանգստերին չեմ զիջում: Սերոժի հայրը հարբեցող ա, իսկ իմը չէ, իրա մայրը ման ա գալիս, իսկ ես մայր չունեմ, ինքը ձեռքի սպին ստացել ա, երբ հեծանվով Անյային էր հետապնդում ու թաքուն աչք դնում, իսկ ես ընկել եմ գյուղում, ծիրանի ծառից: Ես Սերոժը չեմ, Սերոժը չեմ, ուրիշ եմ, ուրիշ սորտի դև, բայց ինքը չէ:

Զանգը հնչում ա շատ բարձր, անկախ իմ կամքից մարմնովս զզվելի սարսուռ ա անցնում: Էս ֆիլմը չեմ տեսել, բայց արդեն ատում եմ հենց միայն երաժշտության համար, որ ամեն 45 րոպեն մեկ հնչում ա, որպես դատավճիռ, հնչում ա շեփորը ու ես քայլում եմ մաշիկներս ծանր քսքստացնելով տաք ասֆալտին, դիմացս էշաֆոտն ա ու դահիճը, իսկ ես մենակ լսում եմ երաժշտությունը, մարդիկ գոռում են ազատություն, ձեռքները բռունցք են արել, բայց միայն ինձ են կախելու: Պատերը զրնգում են ու միանգամից էլ դիրքերը զիջում աշակերտների գոռգռոցին: Ես դուրս եմ գալիս դասարանից, քայլերս ուղղում դեպի զուգարան: Ճանապարհին գրպաններս ստուգում եմ, համոզվում, որ հոգեպահուստս չեմ մոռացել: Ճաքած լվացարանի, կեղտոտ հատակի ու գարշահոտի մեջ էս գլանակի ծուխը ներս քաշելն ամենաներդաշնակ բանն ա: Պետք չի վիճել, դեմ կանգնել, փորձել մաքրել, չէ, իմաստ չկա, մտնել ա պետք էդ գարշանքի մեջ մինչև վերջ, մինչև վերջ նվիրաբերվել, թաքուն, հանցանքի դրոշմը կրած երեսին, բերանի մեջ ու մատների ծայրին:

Դասից հետո պիտի դուրս գամ դպրոցի ետնաբակով, մինչև Քռչի թաղ: Ինչու՞ են հանցավոր գործարքները կնքվում միայն հատուկ ամենակեղտոտ ու զզվելի տեղերում, որտեղ միայնակ գտնվելն արդեն իսկ կասկած ա առաջացնում, իսկ երկուսովը՝ հանցանք: Բայց մենք ընտրում ենք միշտ էդ վայրերը, երևի հենց նրա համար, որ ձևականություն չկա, կեղտը կեղտ է: Քռչի թաղում մի քանի անուն հանած գողական կա ու մի քանի մանր մունր լավ տղա, որ գողի ցել են դրել, չնայած քաշով հազիվ կես կիլո լինեն ու վաղ թե ուշ վզները ծռելու են: Սերոժը երևի մտածում ա, որ ես էլ վիզս կծռեմ, բայց ես ոչ գողական եմ, ոչ էլ լավ տղա: Ես շան դիակ եմ ծախել: Երեսուն արծաթ: Նա, ով երեսուն արծաթով վաճառեց Մարդու որդուն, նա, ով զղջաց, լաց եղավ, հատուցեց սեփական մահով, նա հիմա ինձ կանիծեր: Ես չեմ մեռնի, ես լաց չեմ լինի, երբ կանցնեն տարիներ ու մազերս կթափվեն, իսկ ես կլինեմ սովորական կոստյումավոր, ես ինձ կասեմ, որ ես Մարդու որդուն չեմ վաճառել, ես նրան չէի վաճառի, չէ որ նա շուն չէր ու ես մաքուր եմ ինչպես կոստյումիս տակ պսպսղացող սպիտակ վերնաշապիկս: Լաց չեմ լինի, միայն ճերմակ թաշկինակովս կսրփեմ ճակատիս վրայից ծորացող դավաճան քրտինքի կաթիլները:

Ժամանակը չի անցնում, սլաքները կանգնել են ու առաջ չեն գնում: Ժամացույցի խաղն ա: Չի շարժվում, երբ շտապում ես, սպասում կամ տառապում: Ձգում ա րոպեները հավերժության մեջ ու թռչում, ցատկոտում ա, սլաքներն իրար տալիս, երբ հանկարծ համարձակվում ես խաղաղվել ու ժպտալ, նայել արևին, համբուրվել, խնդալ կամ ծովի խշշոց լսել: Ձեռքս թափ եմ տալիս, ժամացույցս հանում ու ափիս մեջ շուռումուռ տալիս, մի ոտքից մյուսն եմ փոխվում, օձիքիս կոճակն արձակում:

– Տո ի՞նչ ես սենց վիդնի տեղում ցցվել, – արմունկիցս քաշում ա գարաժների մոտ, – սենց զուգվել զարդարվել ես, որ ի՞նչ: Քո տեղը լինեի չէի գա, էս փողը վայելելու ե՞ս: Համ գործն անեմ, համ փողը կիսվեմ: Գիտես ինձ հաճելի ա՞, կամ իմ ձեռը չի դողու՞մ, – բայց աչքերը փայլում են, երկու կարմիր լուսին, – տղերքն ինձ են էս գործը վստահել, քեզ հեռվից գիտեն, նենց որ էս էլ, որ տալիս եմ պիտի գոհ ու շնորհակալ մնաս ախպեր: Ու երեք հատ հազարանոցները շխկացին ձեռքիս: – Հա, մոռացա, էս էլ ա քոնը,- ձեռքը գրպանը տանելով երկու հատ երկու հարյուրանոց հանեց Սերոժը, – հինգ հարյուր պտի տայի չէ, մոտս մանր չկար, տակ շտո հարյուրը տվել եմ ավտոբուսին, հաջորդ անգամ ավել կտամ:

Տեսնես հաջորդ անգամ ի՞նչ տիպի շուն կլինի: Բրդոտ, թե անմազ, ի՞նչ գույն կունենա, ականջները կախ կլինե՞ն թե չէ, շա՞տ կդիմանա, թե չէ: Շներն իրար հետևից շարքով վազում են, մեծ փոքր, սև, գունավոր: Տեսնես, ո՞վ կլինի սրանցից, կամ որ մեկի ձագը: Մեկը մոտենում ա ու կոշիկներս հոտոտում: Ի՞նչ ես զգում, գիտե՞ս, թե ափիս մեջ քրտինքից թրջված երեք հատ Չարենցի գլուխը, ոնց են մոտս հայտվել: Ի՞նչ կմտածես, եթե իմանաս, որ քո սատկած ձագին ես եմ ծախել, ու հիմա իմ պատճառով ես խելակորույս վազում դես ու դեն: Առավոտյան կաթ ուտելու չէր եկել, ամենաթույլն էր, դու էլ անտեսում էիր, մնացած ձագերիդ տեղը տեղին կաթ էիր տալիս, դրա համար էլ նոր հայտնաբերեցիր, որ էս մեկը չկա: Հա, դու էլ ես մեղավոր, չէ հենց դու էլ մեղավոր ես: Հոտոտի ինչքան ուզում ես, ես չեմ եղել, ես քո ձագին մատով էլ չեմ կպել, ես էս փողը չեմ աշխատել, ես կանգնել նայել եմ: Թե՞ նայելով մասնակցելն էլ ա աշխատանք։

Ճերմակ թաշկինակովս սրբում եմ ճակատս: Դիմացի խանութից երկու տուփ չեստերֆիլդ եմ առնում, երկու շիշ լիմոնադ, մի տուփ ծամոն, 2 տուփ աղի ձողիկ ու բատոն հաց: Մոտս մնում ա հազար դրամ: Ճանապարհին մի տուփ ձողիկն ու լիմոնադը արագ ոչնչացնում եմ: Բացի լիմոնադից ու հացից, մնացածը մի կերպ խցկում եմ գրպաններս: Գնում եմ տուն:

– Պապ, քնած ես՞, – կամաց թոթվում եմ ուսը, գիտեմ որ քնած ա, չեմ ուզում արթնանա, բայց էս մանկական հարցը միևնույն ա տալիս եմ: Կոշիկներս հանում եմ ու խցկվում ոտքերի տակ: Նույն վերմակի տակ ինձ էնքան ապահով եմ զգում, որ միանգամից մի աչքս փակվում ա, բայց դեռ շուտ ա, չպիտի քնել: Համոզվում եմ, որ հայրս խորն ա քնած:

– Պապ, պապ չես լսում չէ՞, քնա՞ծ ես հաստատ: Պապ դու ի՞նչ կանեիր, երբ առավոտ արթնանայիր տեսնեիր, որ չկամ, ման կգայի՞ր պապա, բա որ ոստիկանությունը տուն զանգեր ու ասեր, որ կորած տղուդ գտել են գետում խեղդված, ի՞նչ կանեիր: Հիշում ես, որ պատմում էիր, թե ոնց եք տղերքով ձեր դասարանի Լյովային ծեծել, ինչ ա թե կաղում էր ու վրայից հոտ էր գալիս, ասում էիր, որ Լյովային տեսնես, երևի տեղում կմեռնես ամոթից: Իսկ եթե վստահ լինեիր, որ Լյովային չես տեսնի, կապրեի՞ր հանգիստ: Չէիր ապրի, թե չէ էդ պատմությունը ես չէի իմանա, վաղուց մոռացած կլինեիր: Բայց մեկ ա ապրում ես չէ, աշխատում ես, ամուսնացել ես, սիրահարված ես եղել, բա Լյովային չէի՞ր հիշում էդ ժամանակ, չէի՞ր մտածում, որ ինձ կարող ա դպրոց տանես ու պարզվի իր տղան իմ հետ նույն դասարանում ա սովորում: Բա ինչի՞ իրենից ներողություն չխնդրեցիր, երբ արդեն տարիքդ առած էիր: Ինձ պատմելը հեշտ ա, եկեղեցում աղոթելը էլ ավելի, մոմ վառելը մեկից մեկ, այ թե ներողությունը: Կասես բան չի փոխի, տարիք ա, եղել ա, անցել ա: Երանի պապ, երանի էդպես լինի: Ամեն ինչ անցնի, մոռացվի գնա, խմած լիմոնադի պես, ծամած ծամոնի ու կերած աղի ձողիկի պես: Գնա, մարսվի ու մոռացվի: Էլ երբեք չհիշեցնի, համը հիշողություն չթողնի ու աղի ձողիկի տեսքից ստամոքսդ չգալարվի: Մոռանաս Քռչի թաղն էլ, Սերոժին էլ, Ինչու է աղմկում գետն էլ, շեփորների ձայնն էլ, երեսուն արծաթն էլ:

– Քնի, պապ, – խռմփացրու ինչքան սիրտդ ուզում ա:

Էլ Սերոժն ինձ գործ չտվեց: Սպասեցի մի շաբաթ, երկու, մի ամիս: Անցնելուց մենակ գլխով էր անում ու հարյուր դրամս էլ չտվեց: Մտածում էի տեսնես ի՞նչ ա եղել: Էդքան վատն էի, որ էլ հետս գործ չբռնեց: Կկարողանայի չէ ախր, ինձ ժամանակ էր պետք, մեկին էլ կխեղդեի, երկուսին էլ, երեքին էլ: Հետո Սերոժին մի քանի ուրիշ տղերքի հետ տեսա: Իմ պես սմքած դեմքերով ու մարած հայացքով: Մտածում էի գոնե սրանք իրենց հարց տվե՞լ են, թե «տղերքը» էդ շներին հետո ինչ են անում կամ ում են բաժին հանում: Տեսնես սրանք է՞լ են պատկերացնում, թե ոնց են Սերոժի երակներն ատամներով պատառոտում, թե՞ սրանք ձեռքն արդեն տարել են դեպի կենդանու վիզը: Տեսնես դրանով կսահմանափակվեն, թե՞ ուրիշ վզեր էլ կսեղմեն: Արդեն մարդու, ով գիտի: Կամ էլ ի՞նչ տարբերություն մարդու թե շան: Թե՞ սպանությունը դասակարգում ունի: Ինքնասպանությունը՝ մեղք, մարդասպանությունը՝ հանցանք, կենդանասպանությունն էլ դե՝ պատահում ա:

Հետո անցավ, անցավ, անցավ:

– Պապ, հիշում ես, չէ՞, հինգ որ ստանամ ցանկությունս կատարելու ես:

– Հա ոնց չեմ հիշում:

– Դե, ստացել եմ:

– Ապրես, ասա:

– Պապ, շուն կառնե՞ս իմ համար: Խոստանում եմ կպահեմ, կլողացնեմ, ման կտամ, կկերակրեմ, խնդրում եմ:

– Կառնեմ բալես:

Ճերմակ թաշկինակովս սրբում եմ ճակատիս քրտինքը։

 

 

Show Comments Hide Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *