Շեյխը իր կառավարչի գեղեցկուհի կնոջից տղա է ունենում, ու սկիզբ է առնում ապօրինի զավակի մոր ու երկու հայրերի դրաման՝ զարդարված 19-րդ դարի լիբանանյան կաթոլիկ գյուղի սովորություններով ու բարքերով։
Այդպես է թվում Ամին Մաալուֆի «Տանիոսի ժայռը»(Amin Maalouf “Le rocher de Tanios”) վեպի պատումը ընթերցելիս: Լեռնային Լիբանան, քրիստոնյա համայնքը, շեյխի ամրոցը, շեյխ Ֆրանցիսկը՝ արդարամիտ տիրակալը, որ թուլություն ունի կանանց հանդեպ, այն աստիճան, որ իր հպատակների ամուսնացած կանանց հետ է լինում, իր կառավարիչ Գերիոսի կնոջ Լամիայի գեղեցկության նկարագրությունները՝ պարբերություններ ձգվող, Լամիայի ու Ֆրանցիսկի արկածը, Լամիայի որդու՝ Տանիոսի ինքնաճանաչման որոնումները, Շեյխի ու նրա կնոջ կոնֆլիկտը:
Թվում էր, թե դրամատիկ սերիալի կանոններով է ձգվելու վեպը մինչև վերջ։ Սակայն անսպասելի շրջադարձը «փոխում» է վեպի ժանրը՝ երբ կողքի դրուզական գյուղում անգլիացի պաստորը դպրոց է բացում, ուր սկսում են հաճախել շեյխերի զավակները։ Կաթոլիկ հոգևորականները ընդվզում են՝ ինչպես կարելի է հերետիկոսի մոտ կրթության ուղարկել երեխաներին։ Բայց ի՞նչ կա որ, արևելքի լեռնային շրջանում, որտեղ գրագիտությունը զրո է, պետք է մերժե՞լ երեխաներին կրթելու բարի գործը միայն այն բանի համար, որ դպրոց է բացում մեկ այլ եկեղեցի։
Բայց պարզվում է՝ դպրոցը անգլիական գործակալական ցանցի մասն է, որ նպատակ ունի իր կողմը գրավելով շեյխերին՝ դուրս մղել տարածաշրջանի վրա Անգլիայի մրցակից Ֆրանսիայի ազդեցությունը։
Ֆրանսիան ի՞նչ գործ ունի Էմիրության հետ։
1830-ական թվերին հակամարտություն մեջ էին մի կողմից Եգիպտոսը, որին աջակցում էր Ֆրանսիան, մյուս կողմից էլ՝ Օսմանյան Կայսրությունը, որին էլ աջակցում էր Անգլիան։ Լեռնային էմիրությունը անցել էր Եգիպտոսի կողմը, իսկ անգլիական գործակալությունը այնտեղ իր ցանցն էր տարածում, որ Էմիրության շեյխերին իր կողմը գրավի ընդդեմ Էմիրի և Եգիպտոսի։
Լեռնային համայնքի գլխավոր հերոսների անձնական պատմությունների միջով բացվում է աշխարհաքաղաքական հակամարտությունը։ Եվ ոչ միայն։
Եգիպտոսն իրեն երևակայում էր ֆրանսիական հեղափոխության գաղափարները տարածող, և Լեռնային Լիբանանի շեյխերի ինքնավար իշխանությունը վերացնելու համար հեղափոխական գաղափարներ են մեջտեղ գցվում. գործարար Ռուկոզն ու եգիպտացի սպաները զրուցում են, թե եգիպտացիները նվաճողական պատերազմ չեն տանում, իրենց նպատակն է արևելքի ժողովուրդների վերածնունդը, որ ուզում են արդիականացնել բնակավայրերը, արդարություն, կարգուկանոն բերել, որ մարդիկ արժանապատիվ լինեն, ուզում են վերացնել կրոնական խտրականությունը և շեյխական արտոնությունները։
Եգիպտական բանակը շեյխ Ֆիանցիսկին տապալում է ու տեղը դնում գործարար Ռուկոզին, որ կարծես ուզում է ժողովրդին օգտակար լինել, սակայն անհնար է, նրան նշանակողները այլ պահանջներ ունեն, և Ռուկոզը նախ՝ եգիպտացի զինվորների ուղեկցությամբ ներխուժում է հարևան դրուզական գյուղ, սպանում են դրուզ շեյխին, ապա իր գյուղի գյուղացիներին սկսում է հարստահարել: Գյուղի համար աղետ է դառնում նոր իշխանությունը. գյուղացի երիտասարդներից շատերը անտառ են բարձրանում ու սկսում պարտիզանական կռիվներ ընդդեմ էմիրության ու եգիպտական իշխանության։ Ո՞վ է նրանց զինում։ Պարզ է՝ անգլիացիները։
Ի՞նչ է ստանում Լեռնային Լիբանանը «հեղափոխությունից». աղքատություն, ավելի խորը անարդարություն, արյուն, ապստամբություններ և կրոնական պառակտություն, դարերով կողք կողքի համերաշխ ապրող քրիստոնյա ու դրուզ գյուղերը սկսում են իրար կոտորել։
Միամիտ են գյուղիները, և միամիտ է գյուղացի պատանի Տանիոսը, որ տեղյակ էլ չի կարող լինել, որ իր անմեղ ու ազնիվ ձգտումները՝ ուսման, սիրահարության, թելադրել են համաշխարհային հակասությունները, ինչպես իմաստուն ջորեպանն է իր բանաստեղծական մեկնաբանություններից մեկում ասում. «Դուք անմե՞ղ էիք։ Բայց արդյո՞ք անմեղությունը պաշտպանեց ձեզ։ Նույնիսկ Արարիչը պատվիրում է մեզ մեր խնջույքներին կտրել գառան վիզը, բայց ոչ երբեք գայլերինը»։
Պատումը կառուցված է մի քանի «պատմական աղբյուրների» վրա։ Սակայն, ինչպես գյուղի ու հերոսների անունները, աղբյուրներն էլ են երևակայական, վեպի ծանոթագրությունը հաղորդում է, որ այն հիմնված է մի փաստի վրա. 19-րդ դարում ոմն Մաալուֆ սպանել է պատրիարքին ու որդու հետ փախել Կիպրոս (վեպում Գիրոսն է սպանում պատրիարքին), իսկ մնացած «աղբյուրները, հատուկ անունները պտուղն են երևակայության»։
Իսկ պատմությունից էլ իմանում ենք. երբ Օսմանյան Կայսրության Իբրահիմ փաշան իր զորքը տանում է Սիրիայի վրա 1831-ին, Լեռնային Լիբանանի էմիր Բաշիր Շահիբ 2-րդը (1788-1841) իր հավատարմությունն է հայտնում Եգիպտոսի Մահմադ Ալի փաշային և ստանում մեծ իշխանություն Լիբանանի մեծ մասի վրա։ Բաշիրը սկսում է ավելի շատ հարկեր հավաքել, որ ռազմական և ադմինիստրատիվ կառույցները արդիականացնի, որի պատճառով դժգոհության է առաջացնում ֆեոդալների մեջ (շեյխերի), որն էլ հանգեցնում է քրիստոնյաների և դրուզների լայնամասշտաբ ապստամբությունների։ Բաշիրին տապալում է Բրիտնական նավատորմը և աքսորում։
Ի տարբերություն «դրսի» աչքի, որի համար Արևելքը, մասնավորապես՝ Լիբանանը հեռվից դրախտ է, իսկ մոտենալով՝ վերածվում է դժոխքի, վեպը պատմական իրադարձությունները, համայնքների կյանքը դիտարկում է «ներսի» աչքով, որի համար այն ոչ դրախտ է, ոչ դժոխք, քավարան է։
Արևելքին հատուկ պատմությանը միահյուսված է լեգենդը, որի մարմնավորումն է Տանիոսի ժայռը (հայկական գյուղերում շատ կհանդիպես սարի կամ ժայռի անվանման, որն ունի իր լեգենդը), ու պատմական իրական անցքերը, որտեղ լեգենդար հերոսը պատմական դերակատարություն է ունենում, իսկ հերոսի ճակատագիրը հյուսվում է պատմական անխուսափելիությամբ ու նախախնամությամբ (ինչպես օրինակ՝ Տանիոսի ճերմակ մազերը, որ նրա կյանքն են փրկում. այդ լեռներում վաղ հասակում ճերմակած մազերը արհավիրքի բոթ է, իսկ երբ կյանքն հանդարտվում է, ճերմակ մազերն անհետանում են)։
Որտե՞ղ է ճշմարտությունը՝ արևմտյան գիտությանը հատուկ «փաստերո՞ւմ», թե՞ լեգենդներում։ Արդեն մեր ժամանակներում, Տանիոսի պատմության միակ կենդանի աղբյուրը՝ տարեց գյուղացին, ասում է. «Ասում ես, թե դա սոսկ լեգե՞նդ է։ Քեզ միայն փաստե՞ր են պետք։ Բայց հավատա ինձ, փաստերը քայքայվում են, անմահ է միայն լեգենդը, նա մնում է ինչպես հոգին մարմնի մահից հետո, կամ ինչպես բույրը, երբ արդեն կինը անցել, գնացել է կողքովդ»։
Արևելքը արևելք չէր լինի առանց վրացուհու: Կիպրոսի պանդոկի խորհրդավոր ու հմայիչ վրացուհի Թամարը և հայ պերսոնաժի՝ Հովսեփյանը՝ Կիպրոսի ծակուծուկերն իմացող անգլիական կոնսուլատի թարգմանիչը։
Ամին Մաալուֆի «Տանիոսի ժայռը» 1993-ին ստացել է Ֆրանսիական Գոնկուր մրցանակը, ռուսերեն թարգմանվել է 2003-ին։
Ճակատի լուսանկարը՝ Բաշիր 2֊րդի պալատը