Գուժ Ախոյանը Ազգային ժողովի նիստերի դահլիճի դուռը չկամությամբ, դանդաղ բացեց։ Գիտեր, որ հենց դռնից քայլ անի, լրագրողների բոլուկը, ինչպես ինքն էր սկսել նրանց կոչել` համեմատելով նրանց հարցերը խոզերի խռխռոցի հետ, հարձակվելու ու հարցախեղդ է անելու իրեն։ Նա կողմ էր քվեարկել Ազգային ժողովի կանոնակարգի նոր օրենքին, որով լրագրողներին արգելվելու էր ճաշից հետո պատգամավորներին հարց տալը, որովհետև հետազոտություն էին արել ու պարզել, որ կուշտ փորին հնարավոր չէ հարցերին պատշաճ պատասխանել։
Ախոյանը գիտեր, որ լրագրողների զայրույթն ամենաշատն իրեն է ուղղված լինելու ու մտքում անցնում էին հարցերը, որոնք շուտով տրվելու են իրեն․ «Դուք լրագրող եք եղել, ինչպես կարո՞ղ էիք այս նախագծին կողմ քվեարկել», «Չեք կարծում, որ կողմ քվեարկելով, դուք սահմանափակել եք ձեր նախկին գործընկերների մասնագիտական գործունեությունը», «Պարոն Ախոյան, երբ դուք աշխատում էիք «Հայկական ճշմարտություն» թերթում, «Չորրորդ իշխանության առաքելությունը․ ինչպես դիմադրել իշխանություններին հոդվածում» գրել էիք, որ ոչ մի իշխանություն չպետք է այնքան ուժ ունենա, որ ճնշի խոսքի ազատությունը, և հենց լրագրողների գործն է դա թույլ չտալը։ Որպես նախկին լրագրող, մեղավոր չե՞ք համարում ձեզ 4-րդ իշխանությունը սահմանափակելու համար»։ Ու երբ լրագրողները վազելով մոտեցան, ու մինչև կնշմարվեր առաջին հարցը՝ Գուժ Ախոյանը թաշկինակը հանեց, սրբեց ճակատն ու ասաց․
– Ներեցեք շատ հոգնած եմ։ Պիտի գնամ հանգստանամ։ Վաղը կպատասխանեմ ձեր հարցերին։
Ախոյանը դուրս եկավ Ազգային ժողովի շենքից, քայլեց այգու միջով, մի պահ կանգ առավ, որպեսզի զբոսնող ընտանիք, զույգ կամ պարապ-սարապ մեկին գտնի։ Չգտավ։ Իշխանությունը Ազգային ժողովի այգին բացել էր հանրության համար, բայց էլի մարդ չկար, ինչու։ Մտաբերեց, որ Ազգային ժողովի որոշմամբ այգի կարող էին մտնել միայն բարձր բարոյականություն ունեցող քաղաքացիները։ Ընթացակարգով քաղաքացին այգի մուտք գործելու թույլտվություն ստանալու համար պետք է թաղային տեսուչից բնութագիր ստանար, ապա այն ներկայացներ ԱԺ քաղաքացու էթիկայի հանձնաժողով, որն էլ Այգի մուտք գործելու անցաթուղթ տար։
Կամ ոչ ոք չի դիմել կամ հանձնաժողովը բոլորին մերժել ա։ Ախոյանը հիշեց, թե ինչպես էր ընդդիմադիր կուսակցություններին համոզում, որ ԱԺ այգին հանրային վայր չէ, այլ կիսահանրային, ու չպետք է ամեն հարբեցող նենգադուլ անի այգում։
Հարբեցո՞ղ։ Մինչև Ազգային ժողովի պատգամավոր դառնալը օրուգիշեր բարերում ու փաբերում էր անցկացնում, խմում, ուրախանում, նախկին հանցավոր ռեժիմին հայհոյում, սև հումորներ անում։ Այլևս այդ ամենը չի կարող անել, քանի որ լրատվամիջոցների թիրախում է։ Խմելու էլ այլևս չի կարող գնալ, որովհետև կուսակցության ղեկավարը ներքին կարգով արգելել է բոլորին հայտնվել ջահելական հարբատներում։
Սաղ էդ Արշակյանն էր․ ասա գնում ես խմելու, գոնե մի հատ նայի շուրջդ, տես նկարում են, թե չէ։ Դրել սաղին պատմում ես, թե ոնց են կուսակցությունում ղուշ գիր անելով որոշում, թե ինչ օրենքներով զբաղացնեն ժողովրդին։ Նյարդայնացավ Ախոյանը իր նախկին կուսակից Արմեն Արշակյանի վրա, որին հեռացրել էին կուսակցությունից, երբ Յութուբում հայտնվել էր տեսանյութը, որտեղ Արշակյանը խմած՝ պատմում էր կուսակցության ներքին խոհանոցից։
Նյարդայինությունը շղթայական մղեց Ախոյանին նյարդայնանալու նաև փաբեր գնալու արգելքի վրա։ Թքած սաղի վրա», ու որոշեց քայլել դեպի իր սիրելի փաբը, գոնե հին դեմքերից մեկին տեսնեմ, շփվեմ, ցրվեմ։
Մեքենայի մոտ թիկնապահը մոտեցավ, պահեց Ախոյանի վերարկուն։ Ախոյանը հագավ: Թիկնապահն ուղղեց նրա օձիքը, մեքենայի դուռը բացեց։ Ախոյանը չնստեց.
– Էսօր առանց ինձ գնացեք, հանգստացեք, ես ուզում եմ մի քիչ քայլել։
Թիկնապահը զարմացած նայեց Ախոյանին։ Հարցրեց, թե արդյոք պետք չէ ուղեկցել։ Ախոյանն ասաց, որ մի քիչ ուզում է մենակ մնալ։ Թիկնապահը ձեռքի ափով թափ տվեց Ախոյանի վերարկուի ուսի հատվածում գոյություն չունեցող փոշին, ասաց․ «Բարի ժամանց, պարոն Ախոյան», ու հայացքով հետևեց Ախոյանին։
Բաղրամով իջնելիս նրան ընդառաջ զույգ էր քայլում՝ ձեռք-ձեռք բռնած։ Հենց նկատեցին Ախոյանին, հապշտապ բաց թողեցին ձեռքերը, որ փակեն շապիկի նկարները։ Վախվորած՝ նայելով Ախոյանին անցան։ Ախոյանը հայացքը թեքեց, իբրև թե չի նկատել շապիկի նկարները։ Դե լավ, Մոնթեի նկարը ատելության պրոպգանդա չի, հո ֆաշիստ չենք։ Շարժման օրերին այդ հատվածում էր ոստիկանությունը փշալարարեր քաշել, որի վրայով անցնելու ժամանակ ճղել էր ձեռքի ափը։ Ախոյանը շոշափեց ձեռքի ափի սպին, հեղափոխությունից սպին ա մնացել։
Հասավ Հեղափոխական Գրողների տուն։ Կարելի է գրողներին օգտագործել, որ նրանք ևս հավաստեն, որ կուշտ փորին լավ մտքեր չեն գալիս։ Մի չորս-հինգ բանախոս լինի։ Մեկն էլ թող ասի, որ վարչապետն իրա գիրքը սոված ժամանակ ա գրել, դրա համար ա տենց լավ ստացվել։ Բա, որ նայենք համաշխարհային գրականությանը, բոլոր լավ գործերը սոված գրողներն են գրել։ Բա որ ասեն, էդ գրողի ընտրությունն ա, ճիշտ չի նրա առաջ սահմանափակումներ դնելը։ Դե լավ, գրողները մի ձև տակից հաստատ դուրս կգան, հո հավայի չենք տալիս գրողի լիցենզիա։
Ախոյանը շրջվեց դեպի Քայլող նկարիչների փողոց՝ նախկին Սարյան։ Շարժման օրերին նա երբեմն այստեղ էր փողոց փակում իր մարմնով։ Տեսնես ի՞նչ էղավ էն ներողություն խնդրող մարդը. վարորդը բարկացած դուրս էր եկել մեքենայից՝ պահանջում էր բացել ճանապարհը, ու երբ անդրդվելի ցուցարարները չբացեցին, երդվեց, որ ոչ մի բան չի փոխվելու երկրում, եթե փոխվի կգա բոլորից ներողություն կխնդրի։ Կարելի ա ներողություն խնդրող վարորդի արձան կանգնեցնել։ Վաղուց արձանի թեմա չենք գցել շրջանառության մեջ։
Քայլող նկարիչներ-Պուշկին խաչմերուկում Պուշկին թեքվելիս՝ դիմացի մայթում նկատեց ակտիվիստ ընկերոջը․
– Մարիամ,- կանչեց Ախոյանը։
Մարիամը շրջվեց, տեսավ Ախոյանին, ժպտաց, անցավ փողոցը։ Ախոյանն ու Մարիամը գրկախառնվեցին։
– Լսի, էդ Կոստանդյանի նշանակման հետ կապված, էդ ի՞նչ շուխուռ եք գցել։
– Գուժ ջան, բա նախկին ռեժիմի սըրվընթն ա, նույն լափամանն էին շեյր անում։ Մոռացե՞լ ես, ոնց էր ջասթիֆայ անում քաղբանտարկյալների փըրսեքյութը։
– Այ, Մարիամ ջան, նախկին ռեժիմի սըրվընթն էր, հիմա էլ մեր սպասավորն ա լինելու, մի անհանգստացեք, սպիտակին սպասարկողը կարմիր կով չի էլի, որ կաշին չփոխվի։ Համենյան դեպս լավ իրավաբան ա, դատախազության գործունեությունը հաստատ կշահի, որ ինքն էնտեղ լինի։
– Է, Գուժ, նախկին ռեժիմից ում ըփոյթ եք անում տենց եք ասում։
– Է, հա, բայց որի գործունեությունից ես դժգոհ։ Չես, տեսնո՞ւմ սաղ էլ մեր քաղաքական գիծն են առաջ տանում, որից դու կարծեմ դժգոհ չես։ Համ էլ բողոքում եք, որ կանանց ներգրավվածությունը քիչ ա, է վա՞տ ա, որ կին ենք նշանակում։
– Լսի, լավ, հետո կչաթվենք։ Հիմա իվենթի եմ շտապում։
– Ի՞նչ ա։
– Ազգային ժողովի կանոնակագի նոր օրենքի դիսքաշընն ա։
– Դո՞ւ էլ ես դեմ օրենքին։
– Գլոբալի չէ, բայց բաներ կան, որ քոմփլեքս ա։ Հետո կխոսենք։ Հիմա րաշ եմ։ Բայ։
– Բայ։
Ախոյանն ու Անտոնյանը գրկախառնվեցին ու շարունակեցին իրենց ճամփաները։ Դե, կասեմ՝ լրագրությունը պետք է միշտ քննադատության թիրախում պահի իշխանություններին, սակայն դա չի նշանակում, որ լրագրողների հարցերին պատասխանելու պատճառով պետք է թուլանա ազգային անվտանգությունը: Օֆ, արա, ասա շատ բան գիտեք քիչ խոսացեք։
Նրա կուսակից Աստղիկ Աբրահամյանը Գյումրու ռուսական ռազմաբազայում տեղի ունեցած հրաձգության առիթով լրագրողներին ասել էր, որ կրակողները հայ սպաներն են եղել, այդպիսով բացահայտվել էր, որ այնտեղ հայ սպաներ են ծառայում։ Քանի որ հարևանների հաշտեցման գործընթացի արդյունքում կտրուկ կրճատվել էր պաշտպանության նախարարությունում սպաների հաստիքները, հայ սպաները Ռուսաստանի քաղաքացիություն են ձեռք բերում, որ ռուսական ռազմաբազայում ծառայեն։ Սպաների մոմենտով պալիտ արիր, բայց գոնե չասեիր, որ ռազմաբազան հանում ենք։ Լավ, մտնեմ Քայլումե խմեմ, կարող ա ավելի լավ պատասխան մտածեմ։ Էս Պուշկին փողոցի անունն էլ ա պետք փոխել, հիշեմ, որ ասեմ՝ Հայաստանցի վերանվանենք։
Քայլումե Փաբում շատ մարդ չկար, երկուշաբթի էր, իսկ այն օրերին որոնց հաջորդում է աշխատանքային օր, ժամանցային վայրերի մասին օրենքի համաձայն, քաղաքացիները փաբերում միայն մեկ ժամ իրավունք ունեին անցկացնելու։ Էկոնոմիկայի նախարարության փարձագիտական խումբը պարզել էր, որ այն աշխատավորները որոնք նախորդ օրը մեկ ժամից ավել են եղել փաբում, աշխատունակությունը 50 տոկոսով կորցնում են։ Երկրի ՀՆԱ֊ն մինուս երկնիշ թվերի է հասել և կառավարությունը կտրուկ միջոցներ էր ձեռնարկում տնտեսույունը կարգավորելու համար։
Անվտանգության աշխատողը պահանջեց, որ վերցնի ժամահաշվարկի կտրոնը։ Ախոյանը վերցրեց կտրոնը, պարզեց ափը, անվտանգության աշխատողը դաջեց սպիի վրա փաբի անունը։ Այս պարտադիր կարգն սահմանանել են, որ հաճախորդը այլ փաբ չկարողանա գնալ։ Ախոյանը ռեֆլեքսով վերարկուն ուսերից հետ գցեց՝ սպասելով, որ թիկնապահը կհանի, բայց վերարկուն ընկավ գետնին, վայ, մոռացել էի և վերարկուն բարձրացրեց ու պատի կախիչին կախեց։
Հույս ուներ, որ բարմենը Աթաշը կլինի, որի հետ մինչ պատգամավորական կյանքը մտերիմ էր։ Բայց, չէ, անծանոթ մեկն էր կանգնած։ Ախոյանը բարի աթոռը քաշեց, նստեց, հարցրեց բարմենին․
– Բարի օր: Բա Աթաշն ո՞ւր ա։
– Աթաշը հետ ա գնացել Պարսկաստան։
– Խի՞։
– Որ Հայաստանում արգելափակեցին Իրանի քաղաքացիների հաշիվները, հետ գնաց։
– Բայց ո՞նց ա հետ գնացել, ինքն էնտեղից չէր փախե՞լ, կարծեմ ինչ-որ քաղաքական պատճառներով։
– Դե երևի մտածել ա ավելի լավ ա ռիսկի դիմի հետ գնա, քան ստեղ մնա։
– Քո անունն ի՞նչ ա, նո՞ր ես ստեղ։
– Նոր, չեմ, Գուժ ջան: Էն վախտ, որ գալիս էիր, էլի ստեղ էի։ Արսենն եմ։ Տատուներս եմ հանել, երևի դրա համար չճանաչեցիր։
– Հաաա, այ հիմա տեղն եմ բերում։ Բայց լավ էլ տատուներ էին, ինչի՞ ես հանել։
– Որտև սովետական սիմվոլիկան արգելվել ա։ Ես էլ դեմքիս սաղ մուրճ ու մանգաղները մաքրեցի։
Ախոյանը շվարեց․ ինքն էր ջատագովներից մեկը, որ խորհրդային խորհրդանիշերն արգելվի Հայաստանում, բայց մտքով չէր անցնում, որ օրենքը կարող է հասնել մինչև մարդկանց մարմիններին: Նրան թվում էր, թե ճարտարապետական՝ անշունչ կառույցներին էր վերաբերում այն։ Որ դաջվածքների թեման շուտ ցրի, Ախոյանը խմելու բան ուզեց․
– Ոնց որ մի՞շտ, Ջեյմսըն, էրկու սառույցո՞վ,- հարցրեց Արսենը։
– Չէ, Ջեք Դենիելս կրկնակի, սառույցը, հա, էրկու հատ։ Չնայած, չէ, է, դավայ իրեք հատ։
Մինչ Արսենը լցնում էր վիսկին, Գուժը նայում էր Քայլումեի պատերին։ Գրեթե բան չէր փոխվել։ Միայն, թե երկրների դրոշների մեջ ավելացել էր Թուրքիայի դրոշը։ Ժամանակին Թուրքիայի դրոշի տեղը կախած էր սպիտակ թուղթ՝ վրան կարմիրով անգլերեն գրած՝ Recognize first։
– Արս, բա ո՞նց էղավ, որ Թուրքիայի դրոշը դրեցիք, եթե խաբար չեք, Թուրքիան հըլը չի ճանաչել ցեղասպանությունը։
– Հա, էդ, որ հարևան երկրներին չվիրավորելու օրենքը մտավ, մեզ էկան ասեցին կամ սաղ դրոշները պիտի հանեք կամ Թուրքիայինն էլ դնեք։ Դե Քայլումեն էլ, գիտես, բազմազանության տեղ ա, որոշեցինք ավելի լավ ա, դրոշը կախենք, մանավանդ, որ ոչ մեկն էլ չէր կարա գար ասեր, թե խի ենք կախել, որ ասեր օրենք կխախտեր, վիրավորած կլիներ հարևան պետությանը։
Ախոյանը գոհունակություն զգաց, որ կարողացել է նպաստել, որ Քայլումեում կախեն իր սիրելի քաղաքի՝ Ստամբուլի, երկրի դրոշը։ Բայց սպասի, կարծես այնուամենայնիվ մի խախտում արել են․
– Բա Ադրբեջանի դրո՞շը խի չեք կախել։
Արսենը ժպտաց ու ցույց տվեց ուսը, որտեղ ջնջած դաջվածքի վրա, դաջած էր Ադրբեջանի դրոշը․
– Սովետական սիմվոլիկա չեմ կարա, բայց եղբայրական Ադրբեջանի դրոշը կարամ,- ուրախ ասաց Արսենը։
– Կենացդ,- ասաց Ախոյանն ու մի կում ըմպեց վիսկիից։ Բաժակը դրեց բարի սեղանին։ Գրպանից հանեց հեռախոսը։ Մտավ Ֆեյսբուք։ Վերջին գրառումը երեկ էր արել։ Տարածել էր վարչապետի ելույթի տեսանյութը, որտեղ վարչապետը քննադատում էր սփյուռքահայերին, որոնք նախընտրում են իրենց հանգիստն անցկացնել «Մայամիներում, Լաս Վեգասներում, Փարիզներում» Հայաստանի փոխարեն ու չեն նպաստում հայրենիքի զբոսաշրջության զարգացմանը։ Նայեց լայքերին՝ 11 լայք ուներ։ Բացեց տեսնի ովքեր են։ Նրանցից մեկը Մարիամ Անտոնյանն էր։ Մարիամին կարելի ա զբոսաշրջության կոմիտեում տեղակալ կամ մի բանի նշանակել։ Մի հատ վաղը առաջարկեմ։
«Հայրենիքը պիտի լինի մարդկանց ուղեղներում» վարչապետի ելույթի այս խոսքն էր գրել Ախոյանը տեսանյութը տարածելիս։ Երկու մեկնաբանություն կար։ Մեկը՝ Ֆեյսբուքի օգտատեր Սիլվա Մնացականյանն էր՝ «Ոչ միայն ուղեղում, այլև սրտերում։ Հայրենիքը սկիզբ է առնում սրտում», իսկ մյուսը՝ Րաֆֆի Բերբերյանն էր ՝ «Սփյուռքի նախարարությունը չփակեիք, ուղեղներում կմնար»։ Ախոյանը մի մեծ կում արեց վիսկիից։ Մտավ Բերբերյանի էջը։ Հետնանկարում դաշնակցության դրոշն էր։ Էս դաշնակ տեռորիստները էլի սկսան։ Ի՞նչ, հարցրեց բարմենը։ Ոչինչ։ փնչացնելով, հեռախոսը դրեց սեղանին, վիսկիի բաժակը վերցրեց, որ մի կում էլ անի։
Քայլումեի դուռը բացվեց։ Ներս մտավ մորուքով տղամարդ։ Բարևեց անվտանգության աշխատողին, վերցրեց ժամահաշվարկի կտրոնը․
– Զզվում եմ էս ժամանակի մեքենայից,- կտրոնի մասին իր վերաբերմունքն արտահայտեց անվտանգության աշխատողին։ Ծիծաղեցին երկուսով։ Վերարկուն կախեց։ Շրջվեց դեպի բարի կողմ: Ճանաչեց Ախոյանին։ Մոտեցավ։
– Յաաա, Գժուկ ջան, բարի օր։ էս ի՞նչ հովերով ես էկել։
– Յա, Աշո՞տ։ Ինչ լավ ա էկար։
Փաթաթվեցին։ Եղբայրական հարվածեցին միմյանց մեջքին։ Տղամարդը նստեց Ախոսյանի կողքը։
– Ուզում էի մի քիչ հանգստանայի, էսօր թեժ օր էր, ասի մի քիչ հովանամ,- ասաց Ախոյանը։
– Նախկին կյանքը հանգստացնում ա, չէ՞, բայց նախկինները ոնց որ հանգիստ չեն տալիս, հա՞։ Դե, բեր-բեր, բեր խմենք։ Արս, մի հատ Կիլիկիա։ Ի՞նչ կա, Գժուկ, ո՞նց ես։ Էսօր ի՞նչ օրենք ես դեմ տվել, ինչ գուժ ես բերել ժողովրդի գլխին։
– Գործիս ժամը պրծել ա, քել ուրիշ բանից խոսանք։ Դու պատմի, ո՞նց ես, հըլը լաբորատորիայո՞ւմ ես։
– Չէ, տարուց ավել ա լաբորատորիան չկա։ Ֆինանսավորումը կտրեցին, զենքի արտադրություն էլ պետք չի էս երկրին, ասում են՝ վնաս ա խաղաղությանը։ Յանըմ, եթե զենքի արտադրությունը շարունակվի, Ադրբեջանը Սյունիքն էլ կվերցնի։ Հիմա տաքսի եմ քշում։
Բարմենը բացեց Աշոտի Կիլիկիան։ Փոխանցեց։ Աշոտը վերցրեց, մի կում միանգամից խմեց.
– Ինձ թվում ա էդ միակ գործն ա մնացել, որ կարաս անես էս երկրում։ Դավայ, կենացդ։
Շիշն ու բաժակը չխկացրին։ Խմեցին։ Փոքր-ինչ լռությունից հետո Ախոյանն ասաց․
– Բայց խի՞ ես ասում միակ գործն ա։ Հեն ա, Արսենը բարմեն ա աշխատում, էն տղեն անվտանգության աշխատող ա, Քայլումեն սեփականատեր ունի, մատուցող ունի։ Մի օբյեկտում էդքան գործ կա։ Գործ ունենալ, չունենալը մարդկանց ուղեղներում ա։
– Հա, ազիզ, դու էլ պատգամավոր ես աշխատում, ձեր օբյեկտում էլ առնվազն 132 գործ կա,- ասաց Աշոտն ու միասին ծիծաղեցին։ Շիշն ու բաժակը չխկացրին, մի հատ էլ խմեցին։ Ախոյանը մինչև վերջ խմեց բաժակի պարունակությունը։
– Արս, ինձ մի հատ էլ վիսկի։
– Էլի կրկնակի՞։
– Հա։
Ախոյանն ու Աշոտը լուռ սպասում էին մինչև բարմենը վերցնի Ջեք Դենիելսի շիշը, վիսկին լցնի բաժակի մեջ։ Աշոտի մտքում քաղաքական հարցեր ու մեղադրանքներ էին պտտվում, բայց զսպում էր, որ ընկերոջը անհարմար վիճակի մեջ չդնի։ Ընկերությունը հաղթում էր քաղաքացուն։ Բարմենը վիսկին լցրեց։ Բաժակը հրեց դեպի Ախոյանը։ Ախոյանը բաժակը վերցրեց ափի մեջ։ Աշոտն ասաց․
– Գուժ, հիշո՞ւմ ես, որ Քայլումե առաջին անգամ էկանք, ասին՝ մուտքը զույգերով ա, ասիր՝ բայց մենք զույգ ենք, ու վիզս պաչիր։ Հետո, որ էլի ներս չթողին, ասիր՝ Նոյյան Տապանն ա, ի՞նչ ա, որ ներս զույգերով եք թողնում։
– Արա, հա,- ժպտաց,- Բայց դրանից հետո էլ, որ էլի մուտքը զույգերով էր, մենք մի վեց-ութ տղերքով գալիս տժժում էինք։ Ու որ ինչ-որ մեկին ներս չէին թողնում, ծանոթ-անծանոթ, ասում էինք, որ մեր հետ ա, թողնում էին։
– Տժժալ ասիր, պրծա՞ր,- խմեց գարեջրից,- Մեր պես տժժացող չկար, հելնում սեղան, աթոռների վրա էինք պարում, սաղ Քայլումեին պարացնում էինք։ Էհ, հին օրերի կենացը,- բաժակն ու շիշը կրկին խփեցին իրար, ու երկուսն էլ մի մեծ կում խմեցին։
– Բայց ինչքան թեմաների մեջով անցանք մինչև սկսեցին առանց զույգ մեզ ներս թողնել,- շարունակեց Աշոտը,- Էլ ֆեյս կանտրոլի հետ բազառներ, էլ տերերին համոզել։ Հիշո՞ւմ ես, որ Կարենն էր ֆեյս կանտրոլ, էլի ասեց՝ մուտքը զույգերով ա, հելանք դրսից հավայի էրկու աղջիկ բռնինք, էկան մեզ ներս մտցրին, գնացին։ Կարենն էլ ջոգեց, էկավ, թե բա հելեք։ Որ մենք էլ բազառ արինք, թե մուտքը զույգերով ա, մենք էլ զույգով մտել ենք, ինչ մի վրդովել ես։ Շրջանցել էինք էլի օրենքը,- խմեց գարեջուրը։
– Դե տուֆտա օրենք էր էդ զույգերով օրենքը։ Եթե մեկը վատ ա պահում իրան, էդ մարդուն հանեք, ինչ մի սաղի վրա եք տարածում,- ասաց Ախոյանը՝ վիսկին խմելով։
– Արս ջան, ինձ մի հատ էլ պիվա,֊ուզեց Աշոտը։
– Էլի էն ժամանակվա պես հինգ րոպեում ծվցնո՞ւմ ես պիվեն։
– Հա, բան չի փոխվել,- Արսենի ձեռքից գարեջուրը վերցնելով՝ ասաց Աշոտը,- Բա էն հանրապետականին հիշո՞ւմ ես ստեղ։ Ի՞նչ էր կորցրել Քայլումեում։ Հենց էլեկտրիկ Երևանի վախտերով էր, է, էկել։ Էնքան Աշոծյան արինք, մինչև սիկտիր էղավ։
– Արա, հաա, երիտ թևից էր։ Ոնց էր դրա անունը։ Ասում էինք՝ մուտքը հոսանքով ա, մինչև տոկ չտաս, չես կարա մտնես,- Ախոյանի մարմինն արդեն ջերմացել էր ալկոհոլից, խմիչքը թուլացրել էր ուղեղը։ Ախոյանն արդեն անկաշկանդ էր,- Բա խփոցին հիշո՞ւմ ես։ Որ ասինք՝ հաշիվը մինչև հայերեն չգրեք, փողը չենք տա։
– Հա, ո՞նց չեմ հիշում։ Թեմայի վախտ էլ, որ մեկը հարցրեց՝ ապե, դու ծառայե՞լ ես, որ հաշիվը հայերեն ես ուզում, դու էլ ասիր՝ իսկ դու տոլմա սիրո՞ւմ ես,- ասելուց հետո Աշոտի լեզվից պլստաց,- բայց դու կողմ էիր չէ՞ քվեարկել անգլալեզու դպրոցների պետական ֆինանսավորմանը։
Ախոյանը վիսկիից մի մեծ կում խմեց, ու պատասխանեց․
– Հա, բայց ասեմ քեզ, որ էդ օրենքը․․․,- Ախոյանը չհասցրեց վերջացնել ասելիքը, որովհետև Քայլումեի դուռը չխկոցով բացվեց, օրորվելով ներս խուժեց մի կին։ Անվտանգության աշխատողը կանգնեցրեց նրան՝ չթողնելով ներս մտնել։ Ախոյանն ու Աշոտը շրջվել, հետևում էին իրարանցմանը։ Աղջիկը փորձում էր համոզել անվտանգության աշխատողին, որ ներս թողնի։
– Պրոցեսում կես ժամ եմ էղել, մի ժամս չի լրացել։
– Նելի, կապ չունի, չեմ կարա։
– Վռաաամ, դե թարգի էլի էդ օրինապահույթդ։ Մի հատ, խոսք եմ տալիս, մի հատ եմ խմում, գնամ։
– Չէ։ Համ էլ արդեն լավ խմած ես։
Նելին փռնչաց, մտածում էր, էլ ինչ ասի, որ համոզի։ Աչքն ընկավ Աշոտի ու Գուժի վրա։
– Լավ,- սթափ ասաց,- Աշոտին բարևում եմ, դուրս գամ։
Վռամը թողեց։ Նելին մոտեցավ բարին, գրկեց, պաչեց Աշոտին։ Նայեց Ախոյանին․
– Պռիվետ, ժողովրդի ախոյան։ Իբր բա՞ն եք արել, հա՞, մի ժամով, մի փաբ։ Էդ ձեզ ա պետք, ոչ մի րոպե Ազգային ժողով չթողնել,- Նելին Ախոյանի վիսկին վերցրեց, շփեց նրա դեմքին, ու առանց օրորվելու, առանց շտապելու, ձիգ քայլերով հեռացավ Քայլումեից։
Ախոյանն առանց շտապելու բարից անձեռոցիկ վերցրեց, սկսեց դեմքը սրբել։ Արսենից ևս մեկ վիսկի ուզեց ու շարունակելով դեմքը մաքրել՝ Աշոտին ասաց․
– Էսի մինչև հիմա վառված ա, որ խորհրդարանում գործի չտեղավորեցի։
Աշոտը կում արեց գարեջրից ու հարցրեց․
– Լո՞ւրջ։ Մտածում ես դրա համար ա վառվա՞ծ։ Դու լրիվ բանից բե խաբա՞ր ես, ազիզ, – ասաց Աշոտն ու խմեց։
– Բա էլ ինչի՞ց պիտի վառված լինի,- ասաց Ախոյանն ու խմեց։
– Իա, բա չես իմացել, որ ախպորն են նստցրել։
– Ինչի՞ համար։
– Վարչապետի նկատմամբ բռնության կոչ անելու համար։
– Հաաա, էդ մոմե՞նտն ա։ ինչ էր ասել որ։
– Դե աշխատում էր մետրոյում, որ մետրոն սեփականաշնորհեցին, փակվեց, գործը կորցրեց, ջղայնացել, քրֆել էր վարչապետին, ձևակերպեցին թե բռնության կոչ ա արել, դատեցին։ Բա ապեր, ջան, այ տենց գժություններ։ Դու էն, ասա, գո՞հ ես գործիցդ։
– Ո՞նց ասեմ։ Դե գիտես, նախորդ գործիս տեղն աշխատավարձս էրկու անգամ ավելի բարձր էր, բայց ստեղ գիտես, որ պետության համար ես անում։
Աշոտը ծիծաղեց.
– Հա, դրա համար պագամավորներին աշխատավարձը 100 տոկոսով ավելացրիք, որ նախորդ գործի տեղը մտքներիդ էլ չգա՞։
– Նախ 100 չէ, 75։ Հետո էլ, եթե ուզում ես օրենսդրին ակտիվ պահես, պիտի շատ աշխատավարձ տաս։ Էն ժամանակը չի, որ պատգամավորները օլիգարխ լինեն, աշխատավարձը վեջները չլինի։
– Հիմա օլիգարխ չկա՞ ԱԺ-ում, բա Գարիկ Ծատուրյանը իրա ունեցվածքը Մոսկվայում ապրող քեռո՞ւց ա ժառանգել։
– Ծատուրյանը օլիգարխ չի, սեփականատեր ա։
– Սեփականատե՞ր ա, թե՞ բոլոր իշխանությունների սեփականությո՞ւնն ա։
– Հա, ժողովրդի սեփականությունն ա, ոնց որ բոլոր պատգամավորները։
– Այսինքն, ես էլ եմ սեփականատե՞ր, բայց չգիտես խի տաքսի եմ տշում,- ասաց Աշոտը ու խմեց,- լսի հըլը, իսկ օրենքը, որ տաքսու վարորդները օրը տաս պասաժիրից ավել չպիտի վերցնեն, ընդունելո՞ւ եք։
– Էդ, նրա համար ա, որ մրցակցությունը արդար լինի։ Վարորդ կա, օրը 50-ից ավել մարդ ա տանում, վարորդ կա 5 հոգու էլ չի տանում, եթե սահման լինի, բոլորը հավասար կտանեն։ Տես, օրինակ դու, գործդ կորցրել ես, որոշել ես տաքսի քշես, բայց պասաժիռ չունես, հիմա էն ով էրեկ հիսունն ուներ, հիմա ավելի քիչ կունենա, էն մոյսւներին էլ դու կտանես։ Ու քո նման քանի հոգի։ Վա՞տ ա։
– Հըլը գնա տաքսի քշի, ես էլ իմ պասաժիրներին չվերցնեմ, քեզ պաս տամ, տես օրը 20 պասաժիր կունենա՞ս, չէ մի չէ 50: Ձեր արդարությունը բռնեց խեղճուկրակ տաքսիսնտերի վրա՞։
– Մեկից պիտի սկսե՞նք։ Հես ա ուժի մեջ կմտնի վարսավիրների աշխատանքի սահմանափակման օրենքը, յուրաքանչյուր վարսավիր օրեկան հինգ գլխից ավել չի կարող հարդարել։ Տես ինչքան անգործ մարդ կա, վարսավիր կաշխատեն։ Հաջորդը ատամնաբույժներն են լինելու։
– Էն անգործների մի մասն էլ ատամ քաշող կաշխատի։ Տենց գինեկոլոգների ու վիրաբույժների գործն էլ սահմանափակեք, վաղը մյուս օր որ պատգամավորի մանդատից զրկվեք, գինեկոլոգ կաշխատեք։
– Ես որ դպրոցն ավարտեցի, դիմեցի բժշկական, բալերս չհերիքեց, տենց թատերական ընդունվեցի։
– Դե սխալ ա էլի, որ Համալսարան ընդունվելն էլ ժողովրդի ձայնով լիներ, բժշկական ընդունվելու թեկնածությունդ կդնեիր ընտրություններում, ժողովրդի քվեն կհավաքեիր կանցնեիր։
– Մտածելու բան ասիր։
– Իսկ կարա՞ք մի հատ էլ օրենք հանեք, որ տարեկան ամեն խմբակցությունից կարա մենակ մի նախագիծ ներկայացվի, որ խմբակցությունների մրցակցությունն էլ ապահովեք, մենք էլ ամեն օր Նոր Հայաստանում չապրենք։
– Չէ, հակառակը պիտի օրենք հանենք, որ ամեն խմբակցություն պարտավոր ա ամիսը մեկ նախագիծ ներկայացնի, թե չէ, ստացվում ա անկապ ընտրվել են, գործ չեն անում։ Բայց սենց շարունակես, մի հատ էլ օրենք կմտցնենք, որ օրը մի պիվից ավել արգելվի խմելը։
– Քաշվանք,- ասաց Աշոտն ու էլի խմեց, մի քիչ դադարից հետո ասաց,- Գուժ, ախպերական ինքնասպանությունը չարգելեք։
– Լավ։
Ախոյանն ու Աշոտը խմեցին, այս անգամ առանց չխկացնելու, առանց իրար նայելու։ Անվտանգության աշխատողը մոտեցավ Ախոյանին, ասաց, որ նրա ժամը լրացել է։ Ախոյանը ցույց տվեց պատգամավորի մանդատը։ Անվտանգության աշխատողը ներողություն խնդրեց, գնաց։ Աշոտը Կիլիկիայի շիշը մոտեցրեց բերանին, բարձրացրեց վերև, թողեց, որ մի մեծ պարունակություն լցվի բերանը։ Շիշն իջեցրեց, դրեց սեղանին․
– Էս ձեր վրա, ձեր ընդունած օրենքները չեն ազդո՞ւմ։ Դուք վաղը գործի չե՞ք։
– Աշ, ասի՝ գործիս ժամը պրծել ա, էդ թեմայով մի խոսա։
– Կոխեմ քեզ էլ, գործդ էլ, դե արի ու մի ասա։
– Քֆուր էլ մի արա, եթե չես ուզում աշխատավարձիցդ պահում անի պետությունը, պետական աշխատողին վիրավորելու համար։
– Տո կոխեմ պետությունդ, ի՞նչ պահում պիտի անես։ Ան էս 1000 դրամը, էս մեկն էլ վերցրու՝ մի հատ էլ քեզ կոխելու համար,- Աշոտը, հազար դրամանոցները ճմռթելով, մտցրեց Ախոյանի վերնաշապիկի գրպանը։ Ախոյանը հանեց փողը, դրեց բարի սեղանին,- Մի հատ էլ կչռփեի, բայց վախենամ, դրանից էրեսփոխանի էրեսդ էլի փոխվի։ Ձեզնից ի՞նչ պատգամ անող, դուք ընդամենը երես առած երեսփոխող եք։
– Նայի դու էլ Նելիի ախպոր ճակատագրին չարժանանաս։
– Խի մենակ Նելիի ախպո՞ր։ Բա ի՞մ ախպոր, որ վարկով տուն էր սարքում հանձնիք Ադրբեջանին։ Տունը գնաց, վարկը մնաց։ Հիմա էլ ես եմ գնում, ձեր օրենքները իմ վրա ազդում ա։ Էս մի վերջին կումով էլ քո կենացը հին ընկեր, իմ անգին ընգեր։
Աշոտը վերջացրեց գարեջուրը։ Շիշը դխկոցով դրեց բարին, ասեց՝ ցտեսություն, հին ընկեր, իմ նախկին ընկեր, ու արագ քայլերով հեռացավ Քայլումեից։ Դռան շխկոցը լսելուց հետո Ախոյանը գլուխը բարձրացրեց․
– Կենացդ, Արս ջան։ Հին ընկերների, մշտական ընկերների կենացը,- խմեց վիսկիից։ Բաժակը դրեց բարին, գլուխը կախեց ու սկսեց պտտել բաժակը,֊ Արս, դու էլ ես տե՞նց կարծում, որ ճիշտը երեսփոխանն ա։
– Ես, բարմեն եմ, իմ գործը խմիչք տալն ա։ Էս մի բաժակ օղին իմ կողմից, անուշ արա, մի տխրի։
Ախոյանը վերցրեց, կոնծեց օղին, մարմինը ջղաձգվեց, լիմոնը արագ կծեց, դեմքն այլայլվեց, ու հենվեց բարի սեղանին։
– Արս ջան, բայց ես ի՞նչ կարամ, է, անեմ։ Կուսակցությունում քննարկում, քննարկում ենք, հետո վերջում վարչապետն ասում ա՝ բոլորիդ կարծիքը շաաատ կարևոր ա, բայց ոնց ասում եմ տենց կքվեարկեք։ Գիտես ես ուզում էի կողմ քվեարկեի՞ գիշերային կյանքի մասին օրենքին։ Հըլը, վաղն էլ պետությանն ու վարչապետին վիրավորելը պիտի քրեականացնենք։
Մի քիչ լռեց ու շարունակեց․
– Կամ քֆուրն արգելելու օրենքին։ Քրֆելը արգելեցինք։ Փեսես փոխգնդապետ էր, էնքան քֆուր արեց ինձ էդ օրենքն ընդունելու համար։ Կամ էսօրվա օրենքը։ Արս, ապեր, ինչ ա թե պատգամավորները մեդիայի հետ շփվել չեեեն կարում, մեդիայի գործունեությունը սահմանափակում ենք, հահահա,- Ախոյանը ծիծաղելու ընթացքում սղաց սեղանից ու քիչ էր մնում ընկներ աթոռից։, հետո ուղղվեց, վեցրեց բաժակը, արմունկը դրեց սեղանին, բաժակը պահեց դեմքի մոտ։
– Հո բան չեղա՞վ։
– Նորմալ ա, նորմաալ աա։ Կուշտ փորին պատշաճ չեն պատասխանում, հահահա։ Է գնացեք, քաքեք, նոր հարցազրույց տվեք, չէ, չէ, պըրոն վըրչապետը հաց ուտելուց հետո քաքե՛լն էլ կարգելի, հահահա,- Արսենը նույնպես ծիծաղեց,- Արս, ջան, հըլը մի երգ էլ ես ասեմ դիր, բրատըըս։
– Ասա, Գուժ ջան։
– Ուրեմն։ Բանը։ Ոնց էր դրա անունը,- մի փոքր կում արեց վիսկիից,- Հա, բանը։ Արամ Ասատրյանի ընկերը,- Ախոյանը երգեց,- Դժվաաար է, որ չունեեես, լավ ընկեր քո կողքին, այ էդ։
– Գուժ ջան, էդ չեմ կարա։
– Խի՞, այ ախպեր։
Արսենը բարի սեղանը մաքրելով՝ առանց Գուժին նայելու, մի քիչ դադարից հետո, մեղմ ասաց․
– Օրենքով ռաբիզը արգելված ա, մեռնեմ սրտիդ։
– Արգելվաած,- զկրտաց,- ա՞։ Էդ մեկը, երբ հասցրինք։
– Էդ մեկը դուք չէիք, Գուժ ջան, քաղաքապետարանն էր։
– Ո՞նց։ Բայց էդ մենակ փողոցային զուռնա-դհոլի մասին չէ՞ր։
– Դե մեզ էլ էր տենց թվում։ Էն էլ տոտիկ երգի համար էկան տուգանեցին։
– Բայց տո,- զկրտաց,- տիկը ռաբի՞զ, ա՞։
– Դե, մեզ էլ էր թվում ռաբիզ չի։ Բայց ցանկը ցույց տվեցին, մեջը էդ էլ կար։
– Բա, ասեմ, հա,- զկրտաց,- նեն։
Ախոյանը հոտ քաշեց վիսկիից, բայց չխմեց։ Արմունկով հենված սեղանին, բաժակն օրորվում էր Ախոյանի ձեռքին։ Քայլումեի դուռը բացվեց։ Ներս մտավ արտասահմանցիների խումբ։ Ախոյանը դանդաղ շրջվեց։ Արտասահմանցիները, հերթով ցույց տալով անձնագրերը, անցան։ Գիշերային կյանքի մասին օրենքը չի տարածվում նրանց վրա ովքեր Հայաստանի քաղաքացի չեն։
Ախոյանը ոգևորվեց՝ նոր մարդիկ, նոր դեմքեր, նոր ազգեր, աչքիս տժժում ենք էսօր։ Փոքր կում արեց վիսկիից։
Արտասահմանցիները մոտեցան բարին։ Ախոյանը անգլերեն բարևեց բոլորին: Արտասահմանցիները բարևեցին ու ժպտացին։ Ախոյանը նրանցից մեկին, որն ամենամոտն էր իրեն կանգնած, հարցրեց, թե որտեղացի է։ Ֆրանսիայից։ Ոնց է իրենց մոտ վիճակը, ցույցերն ավարտվե՞լ են արդեն։ Ֆրանսիացին կատակով ասաց, որ իրենց մոտ ցույցերը երբեք չեն ավարտվում, պարզապես ժողովրդավարությունը երբեմն արձակուրդ է վերցնում։ Միասին ծիծաղեցին։ Ախոյանը շրջվեց Արսենի կողմը․
– Արսըս, մի բան դիր տժանք։
Արսենը պարային երաժշտություն միացրեց։ Արտասահմանցիները՝ խմիչքները ձեռքներին սկսեցին շարժվել երաժշտության տակ։ Ախոյանը աթոռից վեր կացավ ու միացավ նրանց։ Պարելու ընթացքում նկատեց, որ հաճախորդներից մեկը, որին տեսել էր ներս մտնելիս, հեռախոսով նկարում է․ «Սրա ժամը չի պրծե՞լ, որ հըլը ստե՞ղ ա»,- մտածեց,- «Տո, լավ, է, խեռիս, թե չի պրծել»։ Ախոյանը աչքերը փակեց՝ շարունակելով պարել։ Երբ աչքերը բացեց, տեսավ Քայլումեի պատին անգլերեն գիրը՝ “You are innocent when you dream” (երազելուց դու անմեղ ես)։ Հայացքը սառեց գրի վրա՝ Իրոք որ, անմեղ էի էլի մինչև իշխանության գալը։ Երազում էի փաստորեն իշխանության գալ, երազանքները կատարվեցին, երազանք չմնաց, մեղավոր դառանք։ Էս երկրում իշխանությունը միշտ էլ մեղավոր ա, որտև երազանք չունի։ Ի՞նչ երազես, եթե արդեն իշխանություն ունես։ Ախոյանի տրամադրությունը կտրուկ ընկավ, ուզեց շուտ դուրս գալ Քայլումեից։ Մոտեցավ բարին։ Արսենից ուզեց հաշիվը, հանեց դրամապանակը։ Արսենը տվեց հաշիվը։ Ախոյանը նայեց հաշվին։ Ջեք Դենիելս վիսկին արժեր 8000 դրամ, կրկնակին՝ 16 000։ Ընդհանուր՝ 48 000 դրամ։
– Այ քեզ բան։ Վերջին անգամ, որ ստեղ էի 2000 դրամ էր Ջեքը։ Էս ինչի՞ եք սենց թանկացրել։
– Ակցիզի նոր օրենքով թանկացավ, Գուժ ջան։ Մենք մեղավոր չենք, ներող։
Ախոյանը դրամապանակից հանեց երկու հատ 20000-անոց թղթադրամ, երկու հատ՝ 5000, տվեց Արսենին։ Մանր պետք չի։ Ձեռքով հաջող արեց Արսենին։ Մոտեցավ կախիչին, վերարկուն վերցրեց, հագավ։ Ձեռքով հաջող արեց Վռամին։ Քայլումեի դուռը բացեց, դուրս եկավ։ Աստիճաններով զիգզագաձև, դանդաղ բարձրացավ։ Կարո՞ղ ա մանդատս հանձնեմ։ Ասեմ, որ շատ էլ կողմ եմ քվեարկել, բայց որպես նախկին լրագրող գոնե չպիտի տենց անեի։ Դե, լավ, հա դու էլ։ Խմել ես, ռոմանտիկ բաներ ես մտածում։ Բացեց Քայլումեի վերևի՝ ելքի դուռը։ Դռան առաջ թիկնապահը սպասում էր իրեն։ Այ քեզ բան, ոնց իմացավ որ էստեղ եմ։ Թիկնապահը, տեսնելով Ախոյանին, չռեց աչքերը, շփոթված էր։
– Յա։ Էս ո՞նց իմացար, որ ստեղ եմ։
Թիկնապահը արագ բացեց մեքենայի դուռը։ Ախոյանը մոտեցավ, որ նստի։ Թիկնապահն ասաց․
– Պարոն Ախոյան, ձեր վիդեոներն են հայտնվել Յութուբում։
Ախոյանը նստեց մեքենան, գլուխը դուրս հանեց, նայեց թիկնապահին ու գոռաց․
– Կլրի՜ս։