Մարինե, չգիտեմ՝ շնորհակալ լինեմ քեզ, թե քրֆեմ ինձ խոսացնելու փորձիդ համար, որ վերնագրել ես «Նորից մնացինք ես ու դու» ։ Եթե էս ամեն ինչը էսքան ողբերգական չլիներ, կարող էինք խոսելու փոխարեն ընդամենը թվեր ասել՝ էն համարներով անեկդոտներ պատմելու պես, քանի որ անգիր ենք արել բոլոր տեքստերը։ Գրում եմ միայն քեզ համար, այսինքն՝ որ դու ուզում ես։ Ու հիմա, խոսքից զզվող ամեն բջջիս դիմադրությունը քյալփաթինով ջարդելով, փակում եմ համակարգչային խաղերս, որ քեզ պատասխանեմ։ Չգիտեմ՝ ինչից սկսեմ, ինչ ասեմ։ Համր եմ ու հաշմ։ Դու էլ կոնկրետ թեմա չես նշել, ուղղակի խոսելու հրավեր ես ուղարկել։ Երևի հենց էդ խաղերից սկսեմ, որ էս օրերին իմ ու երևի շատ ուրիշների՝ ապատիկ ռոբոտներ դառնալու մարմնավորումն են։
Ուրեմն տրված տարածքում պիտի ինչ-որ առարկաներ գտնես․ սկզբում ուրախ-ուրախ հայտնաբերում ես թաքցված, մշուշված, անտեսանելիացվածները, հրճվում, թե ինչքան խորատես ես, հետո ինչ-որ պահի հայտնաբերում ես, որ դրա պատճառով արդեն չես տեսնում քթիդ տակ, աչքիդ առաջ բացահայտ դրվածները։ Ու դա էնքան՝ մինչև բացարձակ «կուրանում» ես աչքիդ առաջ եքա ու ընդգծված դրածը տեսնել։ Կարծես էսօր շատերն են էդ վիճակում իրական կյանքում էլ․ գիտակցաբար կամ անգիտորեն իրենց դնում են էդ վիճակում, որ չտեսնեն քթի տակ, աչքի առաջ բացահայտ դրվածը, խելոք կամ հիմար բաներ են ասում, հայտնաբերում ու մատնանշում են լիքը «թաքցված», խորը բաներ՝ մենակ թե չառերեսվեն տկլոր իրականությանը, որ էս իշխանությունը Հայաստանը տարավ կործանարար պարտության։ Խելոքները, չէ, իշխանությանն ու Նիկոլին չեն պաշտպանում, պաշտպանում են իրենք իրենց, քանի որ պաշտոնապես կամ անպաշտոն աջակցել ու ստեղծել են էս վիճակը։ Ու պարզվում ա՝ երբեմն ավելի հեշտ ա ողջ երկրիդ պարտության հետ հաշտվել, քան սեփական անձիդ։ Նաև էդպես են իշխանությունները տևում՝ խելոքների եսասիրության պատճառով։
Չգիտեմ՝ ինչպես շարունակեմ, ինչ ասեմ։ Երևի պատասխանեմ նամակիդ միջի նկարիս մասին հարցիդ, որտեղ շապիկիս վրա գրված է՝ «Հայաստան + Ղարաբաղ»։ 88-ին որ շարժումն սկսվեց, ես առա էդ․․․ տղամարդու ներքնաշորը․ բամբակյա ներքնաշապիկ էր իրա թումբանով, թումբանը տանն էի հագնում, ներքնաշապիկը՝ դրսում։ Դե Սովետում սիրուն շորեր չկային, բստրելու հմտությանդ վրա էր հույսը․ ու ես՝ պճնամոլս, լավ էլ բաշարում էի։ Ու էդ շապիկը Սովետի դեմ իմ պայքարի խորհրդանիշն ա՝ համ ստանդարտ, նույնանման ինկուբատորային հագուստավորներից էի զատվում, համ՝ Ղարաբաղը գումարում էի Հայաստանին։ Էդ գրությունն էլ արվեստագետի աշխատանքն ա․ Աշոտ Աշոտ կար՝ նկարիչ, ժամանակակից արվեստագետ, ասեց, որ եսիմ ոնց կարացել ա էնպիսի ներկ ստանալ, որ լվանալուց հետո չի ջնջվում, դե Սովետում լավ ներկեր էլ չկային։ Ու էդպես վրես գրեց՝ Հայաստան + Ղարաբաղ։ Էն ժամանակ, ի տարբերություն էսօրվա, ժամանակակից արվեստագետներն էլ էին կողմ, որ Ղարաբաղը միանա Հայաստանին, առհասարակ, բոլորն էին կողմ։ Անտեսանելի բացառություններով։ Սովետին դեմ լինելը պատվաբեր, լավ հայտ էր՝ մանավանդ, որ դեռ պատերազմ, սով ու աղքատությունը չէինք տեսել։
Ու էդպես ես հագա էդ կարգախոսով շապիկը, դուրս եկա ուսուցչական աշխատանքից, ուր նոր էի ընդունվել մեծ սիրով, ու մտա հրապարակ։ Էսօր ոնց որ էդ պատմության՝ «Հայաստան+Ղարաբաղի» վերջն ա։ Մի նեղվի, կարող եմ վերջակետի փոխարեն միջակետ կամ ստորակետ դնել, եթե դրանով հնարավոր կլինի պարտությունը կասեցնել, այլ շարունակություն ապահովել։
Հա, Սովետում չկային սիրուն շորեր, լավ ներկեր, լիքը ուրիշ բաներ, բայց, փաստորեն քթներիս առաջ դրված ա փաստը, որ Սովետական Հայաստանի քաղաքացիները կարողացան Արցախը ազատագրել, իսկ այ անկախ Հայաստանինը՝ հանձնեցին, ավելին՝ Հայաստանի ինքնիշխանության մակարդակը մի բոլ իջեցնելով։ Էս գրելուց հիշեցի Վարդգես Պետրոսյանից մի տող, բառացի մոտավորապես՝ «Մարդը փնտրում է այն, ինչ չունի։ Բայց պատահում է հակառակը՝ մարդը հայրենիք է փնտրում»։ Հիշեցի երևի էն պատճառով, որ Սովետի ժամանակ հայաստանցիներիցս շատերը համարում էինք, որ էդ մեր հայրենիքը չի, մենք հայրենիք չունենք։ Ու փնտրում էինք։ Վարդգեսն էլ ասում էր՝ ինչ եք ընկել պեչենու բաղերը, ասում էր՝ Արարատի մասին հազար բանաստեղծություն կա, էն խեղճ Արագածի մասին մենակ Իսահակյանն ա մի բան գրել։ Ասում էր մեզ ու հատկապես սփյուռքին, անկախությունից խոսող դաշնակցականներին՝ բառացի ու ի պաշտոնե, դե կոմկուսին կից Գրողների միության նախագահն էր։ Ընդհանրապես էսօր շատ բաներ են ինձ հիշեցնում Վարդգես Պետրոսյանին, մեր զրույցում լավ ասեցիր՝ վայ թե ժամանակը հնդիկների պատկերացրածի պես շրջանաձև ա։ Ու ես ինձ զգում եմ անվի մեջ պտտվող կռիսի, սիրունբանասերների խաթեր ասեմ՝ սկյուռիկի վիճակում։
Վարդգեսի հետ մի հանդիպման ժամանակ Գրողների միության՝ մինչև օթյակներ ու դենը լեփ-լեցուն դահլիճից հարցեր էին տալիս, թե թուրքական ու ադրբեջանական տարածքներում ոնց են ավերում հայկական եկեղեցիներ ու մշակութային բաներ, ինչի՞ տեր չենք կանգնում։ Վարդգեսը ջղայնացած պատասխանում էր, որ Հայաստանի շատ տեղերում էլ են ավերում։ Ինչի՞ մեր վատը, մեր մեղքը չենք տեսնում, թուրքերինը տեսնում ենք, «Հայկական էսքիզներում» ու «Կրակե շապիկում» սաղ էդ ա։ Ծանոթ պատկեր ա, չէ՞․ էսօր էլ են ռասիզմի, ցեղասպանական քաղաքականության կարևոր հենքը հանելով՝ մեա քուլփա-մեա քուլփա դոշին զարկում։ Ես իմ աչքերով եմ տեսել, թե ոնց Ֆրանսիայում, հայոց ցեղասպանության թեմայով միջազգային կոնֆերանսի կլոր սեղանին, որին մասնակցում էին աշխարհի ամենահայտնի մասնագետներ, ի թիվս որոնց և Իվ Տերնոնը, հայ գրողը բողոքի ակցիա արեց, թե հերիք ա՝ հայերի ցեղասպանությունից խոսեք, հայերն էլ են լիքը թուրք սպանել, բա՞։ Բայց Վարդգեսը դա անում էր՝ թիկունքին եքա սովետական երկիրը, դրա պարգևած ապահովության սիրույն։ Իսկ մենք, կամա-ակամա, մերժեցինք էդ ապահովությունը, մենք արդարություն ու արժանապատվություն ուզեցինք։ Ու եթե էսօրվա «վարդգեսները» մի քիչ ծանոթ լինեին էն օրերին մեդիայով մեկ տարածվող սովետական քարոզչությանը, որ Հովհաննես Բադալյանի շուրթերով երգում էր՝ «եղբայր դարձան Հայաստան, Ազերբայջան», կարող էին բնավ չխոսել, ուղղակի ասել թիվ 46 անեկդոտ, ոմանք կուրախանային, մյուսները՝ իմպեսները կլացեին պտտվող անվում տեղադոփիկ ողջ կյանքի համար։
Ասում ես՝ խոսենք։ Ի սկզբանե էր բանը, հա, բայց վերևինից հետո մի հատ էլ ներքևի՝ ժողովրդի ասացվածք հիշեմ՝ «Երեխեն, որ ասում ա՝ քաքեմ, քաքեմ, վերջը քաքում ա»։ Եղիցի լույս, ու լինում ա լույս, եղիցի քաք, ու լինում ա քաք։
Գիտե՞ս՝ Նիկոլը որ ասում ա՝ ես թիվ մեկ պատասխանատուն եմ, բայց արդյոք թիվ մեկ մեղավո՞րն եմ, ի՞նչ ա ասում։ Ասում ա՝ էն, որ տասնյակ հազարներով 2008-ի միտինգներին էիք գալիս, բա չգիտեի՞ք՝ ինչ եք ուզում։ Լևոնը հո բացահայտ ասել էր, որ «միջազգային հանրությունը» չի թողնի՝ Արցախ պահեք, պիտի տաք, ու որ չտաք, լավ չեք ապրելու։ Քթի տակ, աչքի առաջ դրածը չէի՞ք տեսնում։ Բա հիմա խի՞ եք բոզլաց դրել։ Իրա՝ գրողներից ընդօրինակած ոճով եմ ասում։ Էսօրվա ողջ հակաղարաբաղցիական տրամադրություններն էլ են էն ժամանակներից սկիզբ առել, էնքան, որ ես նոփ-նոր սոցցանց մտած՝ առանց դեռ ժանրը հասկանալու ֆլեշմոբ արեցի, գրեցի՝ ես ղարաբաղցի եմ, ու տարածվեց։ Կարծում եմ՝ քաղաքական հարթակից քաղաքական գործիչների ձևակերպումները կենցաղային հայկական խասյաթով չես բացատրի, ինչպես անում են ոմանք։ Ընդհանրապես, որպես խոսքի մարդ, գիտես, թե ինչ ա նշանակում հենց թեկուզ «ղարաբաղյան կլան» արտահայտությունը, որը քաղաքական, սոցիալական բողոքի թիրախին բնութագրում ա տեղանքով ու էն տեղանքով, որի պահելը սպառնալիք ա համարում «լավ ապրելուն»։
Ուրեմն Նիկոլն ասում ա՝ ձեր ներսի պուճուր մարդը ուզում ա լավ ապրի, ու դուք տասնյակ հազարներով դրա բանաձևման՝ քանի դեռ Ղարաբաղի հարցը կա, լավ չեք ապրելու-ի հովանու տակ էիք հավաքվել, հիմա ձեր էդ բոզլացի տակ ընդամենը սաղացնում եք ձեր կուշտ ուտել-քաքելու տեսլականը, բայց ուզում եք, որ մեղավորը մենակ ես լինեմ։ Ա՛ռը հա, ես ձեր փայ «ճարպագունդը» չեմ, որ ինձ ուղարկեք Ալիևի հետ շինվելու, որպեսզի ձեր ճանապարհները բացեն, հետո ինձ բոզ հանեք, դուք սաղդ բոզ եք։ Մոպասանի նույն սյուժեն ա։ Երեսպաշտների մի հանրություն, որ ընդամենը սուտի մորալ ա կարդում՝ բուն քաղաքական հարցը՝ Արցախի ինքնորոշման թեման անտեսանելիացնելով մեր քթի տակ, աչքի առաջ։ Չեմ ուզում Լևոնի թեմայով անպտուղ բանավեճի մեջ ներքաշվել, վերջապես մի անձով չի, ինքն ուղղակի սնում ու գեներացնում էր ու է «լավ ապրելու» մարդկային մղումը, որ հումանիտար աղետներով լեցուն էսօրվա աշխարհում ապաքաղաքականացնում ա մարդկային մի ուրիշ մղում՝ արդարության պահանջը։ Վերացնում ա քեզ որպես սուբյեկտ, որ կարող ա քաղաքականապես ձևակերպել արդարության ու արժանապատվության իր պահանջները՝ տեղը դնելով ինչ-որ անհասկանալի «միջազգային հանրության», չգիտես ինչու՝ միանշանակ, անփոփոխ ու մեկընդմիշտյա պարտադրանքը։ Ու ո՞նց կարող ա նման ապրիորի պարտադրանքից ծնված գաղափարախոսությունը երկիր սարքելու հիմք լինել, որքան էլ անունը ռեալ փոլիթիք դնես։ Ռեալ փոլիթիքով երկիր չեն սարքում, գուցե ընդամենը երբեմն պահում են, եթե արդեն ունես։
Իսկ ի՞նչ ա էդ լավ ապրելը վերջապես։ Բա 88-ին որ դուրս էինք գալիս, լավ չէի՞նք ապրում։ Սովետի՝ գոնե իմ տեսած վերջին տասնամյակի ժամանակ բոլորը ապրում էին տնով-աշխատանքով-կրթությամբ ապահովված, բայց սիրուն շորեր չկային, լավ ներկեր չկային։ Անկախությունից հետո ոմանք սկսեցին լավ ապրել, մյուսները՝ վատ։ Հետո ոմանք սկսեցին շատ լավ ապրել, շատերը զրկվեցին տարրական պայմաններից․ ի տակ վոսեմ ռազ։ Ժիժեկին վերագրվող խոսք կա՝ «Դուք կարծում եք, թե ատում եք երկուշաբթի՞ն, ո՛չ, դուք ատում եք կապիտալի՛զմը»։ Ու քթի տակ, աչքի առաջ դրված սոցիալիզմ-կապիտալիզմ անցումը դարձավ «թալան»։ Բայց անտեսանելի մնաց նույն կապիտալիզմի մի ուրիշ թալան, երբ արևմտյան բոլ-բոլ փողերի սիրույն մեր մտավոր տարածքը ուզուրպացվեց ինչ-որ ժամանակավրեպ լուսավորչական կամ նարոդնիկական խոսույթով, որ ինկուբատորային կոնվեյերով արտադրվում ա կին քարկոծելու ավանդույթները նոր թարգած-չթարգածներից մինչև «հետսովետական» տարածքներ՝ իհարկե, ընտրովի աշխարհա-քաղաքական շահերի քարտեզով։ «Մտավորականներն» ուզում են «ժողովրդին» ազատագրել միֆերից, մեկն ըլնի՝ իրանց ազատագրի սեփական մեսիանական միֆերից։ Մոռանում են, որ տենց մեսիա էս կողմերում արդեն եղել ա ու ասել՝ «սովորել, սովորել, սովորել», ու իրենց ծնողները սովորել են։ Նաև ասել ա՝ էն, որ հա գոռում եք ազատ արվեստ, ազատ գիտություն, էդ էն ա, որ կախված ա բուրժուայի փողի քսակի՞ց․ էսօր լիներ, կասեր՝ գրանթների՞ց։ Ավելին՝ ի տարբերություն իրենց՝ իմացել ա, որ դրան պիտի գումարել էլեկտրաֆիկացիան, որի համար ճշգրիտ գիտություններ են պետք, իսկ մեր ֆիզիկոսները, որ արագացուցիչ էին սարքում ու ապրում իրենց համար հատուկ լավ պայմաններով շինված ավանում, անկախությունից հետո երկար տարիներ դեսից-դենից կպցրած զադերով ինքնաշեն էպիլատոր էին սարքում, որ կարենան ապրել։ Ու երբեք չդարձան բու (տենց ասեմ բուհավարտ ու իմաստուն բաներ ասելու ֆունկցիա ունեցողներին), նրանց փոխարեն միայն 3-րդ աշխարհի սթորիթելլըրներին են հրավիրում առաջին աշխարհ, որ պատմեն, թե վայ-վայ, մեր երկրները շատ քըխ են, կանանց տփում են, անճաշակ դղյակներ են սարքում։ Օ՜, ասում են Թրամփի դղյակների երկրացիները, օք, մի հատ էլ ցույց չե՞ք տա, շատ հետաքրքիր էր։ Ու նրանց նորից են հրավիրում։ Նորից ու նորից։ Ձեռնտու պահանջարկը ծնում ա նորանոր առաջարկներ ու հակառակը։
Մոտ տասը տարի առաջ, երբ Այովայի գրական ծրագրին էի մասնակցում, լատիշ գրող, սցենարիստ ու ռեժիսոր Մարիուսը իր ելույթում բողոքեց նախկինում երազած արևմուտքից, ասեց, որ դրամաշնորհներով մեզ պարտադրում են, որ մեր երկրները ներկայացնենք հետամնաց։ Ասեց, որ ինքը վավերագրական ֆիլմ ա նկարել իր երկրի մասին, բայց ասել են, որ պիտի վատ կողմերը ցույց տա, հո տե՞նց չի, որ նորմալոտ լինի, ու երբ ինքը չի համաձայնել իր ստեղծագործությունը խմբագրել ու հարմարեցնել, դրամաշնորհից զրկել են։ Ու էս դեռ Լատվիան էր, որ պիտի վատով ներկայացվեր, բա Հայաստանն ինչքան պիտի իջացնես, որ մարդամեջ դուրս գաս։ Ու իջացնում են մի ողջ երկիր ու ժողովուրդ, որ իրանք․․․ բարձրանան․․․ Ոչ մի լուրջ հարթակ, ընդամենը մի որոշ ժամանակ «լավ ապրելու» տոմս՝ առաջին աշխարհում շրջագայություններով-բանով։ Ու ոչ մի լուրջ գիտական աշխատություն աշխարհում աննախադեպ մի բանի՝ Սովետի առանձնահատկությունների ու դրա փլուզման փորձի իմաստավորման մասին։ Ընդամենը վերսկսված սառը պատերազմում շահեկան դիրքավորում։ Ու ոչ մի ֆիզիկոս։ Ու ոչ մի հայ Մարիուս։
Ու տենց, էսօր Երևանում ասես հիջաբի դեմ պայքարող հայքաջադուխտ Ֆաթիմայի արձան են դնում, իսկ բանաստեղծուհի Հասմիկ Սիմոնյանը հարցաշար ա հրապարակում, թե բա ի՞նչ եք կարծում՝ կինը կարո՞ղ է աշխատել, կրթություն ստանալ, ղեկավար պաշտոններ ստանձնել։
70-ականների վերջին, երբ մենք նոր էինք Հայաստան եկել, մի քիչ դպրոց գնացի ու ընդունվեցի աշխատանքի։ Քանի որ անչափահաս էի, մեր հարևան Զինային մի հատ խռուստալ տվեցինք, որ տանի տա եսիմ ում, ու անչափահասիս գործի ընդունեն։ Պարտադիր պիտի աշխատեի, որպեսզի ստաժ ունենայի բուհ ընդունվելու համար։ 4 տարի աշխատեցի Աբովյանի «Չափիչ» ու «Սիրիուս» գործարաններում, որտեղ գործի էին գալիս հազարավոր մարդիկ Երևանից, էս քեզ՝ ապակենտրոնացում։ Ու ոչ միայն աշխատողների, այլև ղեկավարների մի զգալի մաս կանայք էին, ես չաշխատող կին չեմ հիշում էն օրերից։ Ոսկու արտադրամասի մեր նաչալնիկն էլ էր կին՝ Լարիսա Պետրոսյանը։ Աշխատողները բազմազգ սովետական խալխ էին՝ ռուս, միջին Ասիայից, մերձբալթյան երկրներից ու նույիսկ մի կին՝ ճապոնիայից։ Իհարկե, մեր արտադրամասում ասում էին՝ ինչ ճապոնացի, չինացի ա։ Իրենց համար Աբովյանում հանրակացարան-շենքեր կային։
Ու մի օր Լարիսա Պետրոսյան նաչալնիկը մտավ մեր բաժին, որտեղ ոսկու վաննաներից քիչ հեռու հաստոցներ էին, ու այ էդտեղ հատած ոսկեջրած դիոդ-տրանզիստորների թափոններից անհետացել էր մոտ 2 կիլո ոսկի։ Եսիմ ինչքան պիտի էդ բարակ մասունքներից տուն կրեիր, որ վրից 2 կիլո ոսկի քերեիր։ Ու Լարիսան եքա արտադրամասով մեկ գոռաց տղամարդ հաստոցագործների վրա, որ ռուս եղբայրներ էին ու մի հայ տղա, որ հետո, արդեն անկախ Հայաստանում, ինչ-որ ազգայնական կուսակցություն հիմնեց։ Փոքրամարմին Լարիսա Պետրոսյանը կանգնեցրեց մի քանի աժդահա տղամարդկանց, ու փոքրիկ մատների արանքում մշտական սիգարետը թափահարելով, գոռաց․ 17 տարի ա՝ մարդուցս բաժանվել եմ, տղամարդկանցից զզվում եմ, բայց էս ա, սաղիդ շալվարները վրեքիցդ իջացնելու եմ, տենամ՝ էդ որտեղ եք պահում գողացածը։ Կին ղեկավար էր, բա՞։ Հըլը չէի գրում-մրում, թե չէ՝ վերնագիրը կար արդեն՝ «Հրաժեշտ Սիրիուսի ոսկիներին»։ Թումանյանը պատանի Վիկտոր Համբարձումյանից էր լսել Սիրիուսի մասին, իսկ Աբովյանի «Սիրիուսը» համասովետական նշանակության տիեզերագնացության գործարան էր, որտեղ արտադրվում էին էդ ոլորտին անհրաժեշտ գիտական ու նյութական բան-ման։ Իսկ անկախությունից հետո «գրվեց» մի ուրիշ «Սիրիուսի հրաժեշտ»․ գործարանը փակվեց, դպրոցներից անհետացավ աստղագիտության դասագիրքը, իսկ կանայք վերադարձան օջախի մոտ։ Ու անկախության շրջանի բանաստեղծուհի Հասմիկ Սիմոնյանը հարցնում ա՝ կինը կարո՞ղ է աշխատել, կրթվել, ղեկավար լինել։
Ես էլ հարցնում եմ՝ եթե մարդուս նպատակը լավ ապրելն ա, ինչի՞ էինք ուզում Սովետից դուրս գալ, եթե անկախ Հայասատանը բոլոր ոլորտներում ավելի հետ ընկավ, քան էր Սովետի ժամանակ, ու շատերս սկսեցինք վատ ապրել ու ատել երկուշաբթին։ Կապիտալիզմը, բացի ոմանց համար լավ տուն-ավտո-բան-մանից, բերեց նաև մի ուրիշ բան՝ մարդ, անհատ։ Անհատապաշտություն։ Ու ի՞նչ էր էդ մարդը՝ մի հատ մեծ էգո։ Մեծ էգո պուճուր տարածքում։ Հասմիկ Սիմոնյանը չի տեսել, թե ոնց գրողը Սովետի ժամանակ կարող էր հարյուր հազարավոր տպաքանակով գիրք տպել, «Լիտգազետայում» ու նման տեղեր հրապարակել գործերը, ունենալ միլիոնավոր ընթերցողներ։ Միլիոններով բազմազգ սովետախալխ։ Անկախ Հայաստանում միջին տպաքանակը մոտ 500 ա, ու որ էդքանը կարդան, եքա ձեռքբերում կլինի։ Ու գրողի մեծ էգոն տապակվում ա փոքրիկ թավայի մեջ, գրողն սկսում ա հարցեր տալ՝ կարո՞ղ է կինը աշխատել, կրթություն ստանալ։ Գիտեմ, որ գրականությունը քիչ ա ապրելու տարրական պայմաններ ապահովելու համար, ու պիտի կողքից գործ անես։ Բայց մի՞թե գրականությունը քիչ ա էդ հարցերին պատասխանելու, առհասարակ, էդ հարցերը վերացնելու համար, գոնե էնքան, որ գրական ու արտագրական աշխատանքներդ էդքան իրար չբացառեն։ Ու ոնց որ էսօր գրականությունն ա քիչ գրողի համար, էդպես էլ բոլոր ոլորտներում՝ ամեն ինչը քիչ ա։ Պարսկական անեկդոտ հիշեցի․ մի շատ չաղ կին գնում ա բժշկի, ասում ա՝ բժիշկ ջան, որ քնում եմ, բերանս բաց ա մնում, թուքս հոսում ա բարձով մեկ, մարդս էլ բողոքում ա։ Բժիշկը թե՝ գիտեք, ձեր մաշկը քիչ ա գալիս ձեր մարմնի համար, ու երբ աչքերը փակում եք, ձգվում ա, ու ուրիշ տեղ ա բացում։ Հիմա մերն ա՝ քիչ ա, ամեն ինչ քիչ ա, էլ հավ չկա, իսկ մենք հա վարիանտներ ենք բստրում։
Վարիանտ բստրելուց ես էլ վատ չեմ․ հենց հիմա առաջին մտքովս անցածը ասեմ՝ «շարժական հայրենիքներ»։ Ասենք՝ պայմանավորվում, ընտրում եք հայրենակիցների ու իրար հետ գնում մի նոր տարածք՝ երկիր, քաղաք, էդտեղ ապրում ու աշխատում եք ձեր համակրելի մարդկանց հետ, հետո տեղափոխվում ուրիշ տեղ, ու դա դարձնում ձեզ հայրենիք։ Կորոնան հանած՝ լիքը մարդ կուզենա էդ ձև ապրել, ու հնարավոր կլինի փոխհամաձայնությամբ ժամանակավոր փոխատեղումներ անել։ Ու ինչ լավ կլինի, որ կարենանք ընտրել հայրենակիցներին․ օրինակ՝ ես կընտրեի նրանց, որ սիրում են կատու, դետեկտիվ, գրականություն ու կինո, բլոտ, խոզի չալաղաջ, հա, ու ճանաչում են Արցախի անկախությունը։ Ոչ մի կերպ չեմ հասկանում, թե ինչի պիտի հայրենակից համարեմ նրանց, որ Արցախը չեն ճանաչում, Ադրբեջան են համարում։ Կյանքի նոր ձևեր բստրելը պիտի որ ձախերն անեին, բայց մեզանում իրանք մենակ ազգային պետության սահմանների վրա են վիճում, Արցախից ազատվելու ու հայ-թուրքական բարեկամության փողհարն են՝ Թուրքիայի կայսերական ախորժակի բանագնացները։ Ո՞նց կարա խեղճությունից, պարտադրանքից ծնված մտայնությունը գաղափարախոսություն լինել, հո էդ միտքը իրանց գլխու՞մ չի ծնվել, թուրք ու ադրբեջանցիներն ասում են՝ տենց պիտի լինի, իրանք էլ ասում են՝ ը՜, օք։ Բա որ 88-ի Սովետում մենք էլ պարտադրանքով ու «միջազգային հանրությամբ» առաջնորդվեինք, էլ խի՞ էինք դուրս գալիս փողոց, հենց մերժեցին, կասեինք՝ ը՜, օք։ Ու ընդհանրապես, ի՞նչ կարիք կա էդքանը էդքան ասել, կարելի ա ընդամենը թվել՝ 46։ Վարդգեսն ու Հովհաննես Բադալյանն արդեն պատմել են մեզ էդ անեկդոտը մի հազար անգամ։ Իրականում «Ռեբյատա, դավայծե ժիծ դրուժնը»-ն իմաստ ունի, երբ կատուն ա ասում մկներին, ոչ թե հակառակը։ Հրանտ Մաթևոսյանն էլ գիտեր՝ «Ասում են խիղճ, բայց խիղճը գիտե՞ս երբ է գեղեցիկ – երբ գազանի մեջ է: Քոնը խիղճ չի, խեղճություն է»։
Հա, վարիանտ շատ կա, հավ չկա, մաշկը քիչ ա, ձգվում՝ քամակդ բացում ա։ Ու էլի հարցս՝ եթե Սովետից պրծնելը պիտի էս բերեր, ապա սխալի փնտրտուքը չի՞ տանում դեպի 88 ու հետո՝ անկախություն։ Գուցե որոշ երկրների համար ձեռնտու էր անկախանալը, կողքերքը Եվրոպա-բան, երկրի ռեսուրսները՝ բոլ-բոլ, բայց Հայաստանը ի՞նչ շահեց։ Դրա պատասխանն ա, ավելի ճիշտ՝ էր- Արցախը։ Սովետից դուրս գալը Հայաստանի ու հայի համար կոնցեպտուալ նշանակություն ստացավ Արցախով։ Ցեղասպանված ու հնամենի պետությունը կորցրած ժողովրդի համար՝ նոր իմաստ ու ինքնություն, նոր առաքելություն։ Բայց ղարաբաղյան շարժման ալիքի վրա նախագահ դարձածը շուտով հրաժարվեց շարժման բոլոր նպատակներից՝ լավ չեք ապրելու։ Ինքը գնաց, մնաց իրա գցած ցեցը։
Սառը պատերազմի ավարտին Հայաստանին ու հայերին տրված բացառիկ պատմական շանսը, որ պիտի պսակվեր Արցախի ճանաչմամբ, ջուրը գցվեց սառը պատերազմի վերսկսման նոր ալիքի վրա։ Ցեցը տարիներով կերավ Հայաստանով ու Արցախով մեկ մեր գործած գորգը։ Որով ուզում էինք թռչել։ Երեխեն որ ասեց՝ քաքեմ, քաքեմ, վերջը կքաքի։ Հեյդարի երեխեն տարիներով ասեց՝ Արցախը կվերադարձնենք, կվերադարձնենք, Լևոնի «երեխեն» Նիկոլը․․․ հազար ու մի բան բլթցրեց, բայց եթե լավ լսեինք, միշտ էլ ասում էր՝ քանի դեռ Ղարաբաղի հարցը կա, լավ չեք ապրելու։ Ասեց ու քաքեց։ Հիմա մնացել ենք էդ քաքի հետ երես-բերես։ «Լավ ապրելու» սևեռումը կապիտալիզմի ցեցն ա․ քեզ թվում ա՝ դու սկսեցիր ավելի լավ ուտել, բայց իրականում ինքն ա քեզ ուտում։ Ու քաքի հոտի վրա տարածվում ա բվերի բվոցը` համակարգը, դեմոկրատիան, կոռուպցիան․․․ Բայց էդ խորը բաների արանքում աչքդ հանկարծ տեսնում ա քթիդ տակ, աչքիդ առաջ դրածը․ Ադրբեջանը, որի դեմոկրատիան մերինից մի բոլ պակաս էր, իսկ կոռուպցիան՝ մի բոլ ավել, հաղթեց։
Զահրատի Կիկոյին հիշեցի, որ ամուսնանում ա՝ հուսալով, որ մժեղների կեսը կգնան կնոջը կծելու, բայց քանի որ աշնանն ա կին բերում, մժեղները շատանում են, ու իրա փայը չի պակասում, ասում ա՝ մժեղը նույնքան, կին մ՛ալ ավելի։ Կիկոյից բեթար օրի ենք, մեզ կծող մժեղները շատացան, չպակասեցին, պակասեց միայն «կինը»։ Տարբերությունն էն ա, որ Կիկոն դժգոհ էր, որ կին մ՛ալ ուներ։ Գիտե՞ս՝ ինչի։ Որովհետև չէր սիրում կնոջը։ Թե՞ էդ տարբերությունն էլ չկա։
Եվ ուրեմն, արժե՞ր «ամուսնանալ», ի՞նչ իմաստ ունեին 88-ն ու անկախությունը, եթե էսօր պիտի սրան հանգեինք։ Ում համար իմաստ ունեին, էսօր չի համակերպվում ու հաշտվում, իսկ ով ուզում ա խելոք հորթի պես երկու տեղից սնվել, համ 88 ու անկախություն պուպուշ-պուպուշ անելու հայրենասերը լինել, համ՝ դե համակարգը, դեմոկրատիան, կոռուպցիան․․․ դե ինչ անենք, պարտվեցինք, շատ ցավալի ա, բայց դե ինչ կարանք անենք․․․ Ընդամենը բոզլաց ա դնում։