Մոնիկայի խնամքով ածիլված դեմքին գծագրվում է վատ թաքցված հիասթափությունը: Միգուցե՝ արտասուքները: Մոնիկան ջանում է ժպտալ: Ժպիտ: Ես չեմ կարող կրել քո զգացմունքների բեռն իմ վրա:

Կներես Մոնիկա:

Որ չկարողացա մնալ քո այգում ու դառնալ քո պարտեզի, կամ թերևս՝ աշխարհի մի մասնիկը: Թեպետ կարծում եմ, որ ինչ-որ մասնիկ ինձնից, այդուհանդերձ, թողեցի այնտեղ: Ինչո՞ւ քո դուստրը՝ ինձ տեսնելուն պես, գիրկդ դրեց շան լակոտին ու այնպիսի արագությամբ լքեց պարտեզն ու իրեն թաքցրեց այգու հեռավոր հատվածում նշմարվող մի խրճիթում՝ կարծես ժանտախտով, իսկ ավելի ճիշտ՝ թագախտով հիվանդ լինեի: Ի՞նչ է՝ չի՞ սիրում, երբ քեզ հյուրեր են այցելում: Կամ միգո՞ւցե մարդատյաց է ու տանել չի կարողանում ժպտացող մարդկանց: Ախար շատ ուրախացա՝ իրեն տեսնելով: Մտածեցի, որ իր գոյությամբ թեթևացնում է քո խնամքով ածիլված կզակին նայելու ծանրությունը:

Կներես Մոնիկա:

Որ չկարողացա հաղթահարել ինքս ինձ ու հեռացա քո այգուց: Ես ուրախ էի գալ քո պարտեզ ու այնտեղ անցկացնել քանի մը ժամ՝ ինձ տրված այն ժամանակից, որ պետք է դեռևս ապրեմ՝ ծնված լինելու ու այս աշխարհում ապրելու հանգամանքի բերումով:

Կներես Մոնիկա:

Որ առիթ ունեցար տեսնելու իմ որոնող հայացքը, որ կուրծք հիշեցնող երկու գունդ էր փնտրում այնտեղ, որն ամբողջությամբ տափակ էր: Ու փորձում վերլուծել, թե ինչպես այն մրահոն գեղեցկուհին, և մի ուրիշը, որը քո ասելով վերադարձել էր Ավստրալիա, կարող էին լինել քո դուստրերը:

Մոնիկան երկու դուստր ունի: Մեկը գրող է: Նա, ով ինձ՝ կամ այլ կերպ ասած, ինչ-որ մարդ տեսնելուն պես, բարկացած հայացք ձգելով մոր վրա՝ ձայնի արագությամբ լքեց պարտեզն ու թաքնվեց ինձնից, ինչպես Դրակուլան՝ լույսից:

Մոնիկան չէր ցանկանում, որ ես հեռանամ: Ես էլ կախ էի գցում ոտքս: Մի տեսակ անհարմար էր ստացվում: Ախար ժամանել էի ընդամենը 15 րոպե առաջ՝ ինձ համոզելով, որ վատ բաները արևոտ օրերին չեն կարող պատահել: Այդպես է, չէ՞: Մարդասպաններն ու խաբեբաները իրենց վատ ծրագրերը միգուցե ծրագրում են արևոտ օրերին, վասնզի, արևը նաև կարելի է ծառայեցնել վատ մտադրություններ ձևավորելու համար, սակայն անհնար է, որ դրանք իրագործվեն օրը ցերեկով՝ արևի կուրացուցիչ լույսի տակ: Իսկ արևն այդ օրը այնպես պայծառ էր հրավառված երկնքում, ինչպես այն օրը, երբ առաջին անգամ գնացի դպրոց ու իմ 5 ծաղիկները տվեցի երկու բարձր դասարանցի տղայի, որ ինձ տային ինձ հասանելիք այբբենարանը: Հենց այդ օրն էլ հասկացա, որ ես ու արևը հավերժ բարեկամներ ենք, ու արևը իմ անդավաճան ընկերն է:

Ու հենց այդպես էլ մտածում էի, երբ ծախսելով գրեթե 2 եվրո ու մոտ մեկ ու կես ժամ՝ նստեցի գնացք ու հասա մի տեղ, որտեղ երբեք չէի եղել ու հազիվ էլ լինեմ երբևէ, որպեսզի հասնեմ տեղ ու մի տասնհինգ րոպեից լքեմ այն, որովհետև սրտիս ու կրծքիս արանքում ծվարած մի զգացմունք ականջիս շշնջում էր, որ պետք է րոպե առաջ հեռանամ, թեպետ այնքան էլ վստահ չէի, թե արդյոք ձայնը գալիս էր հենց կրծքիս ու սրտիս արանքում ծվարած այդ տեղից, թե պարզապես՝ ռացիոնալ մտածող ուղեղի ինչ որ գալարի արգասիք էր:

Կներես Մոնիկա:

Որ չկարողացա թաքցնեմ մտքերս ու ստիպեցի, որ դրանք կարդաս իմ դեմքին: Թեպետ այդքան էլ վստահ չեմ. մտքերս էին արդյոք դրանք, թե՞՝ զգացմունքներս: Ինչո՞ւ քո դուստրը օդում կախված թողեց իմ բարեհամբույր բարևն ու ստիպեց, որ սառած դեմքով հետևեմ, թե ինչպես է անհետանում քո՝ անմշակ ու ամուլ հողի այդ կտորի մի հեռավոր անկյունում ընկած յուր ապարանքում, որ անվանում ես այգի, ու որը բերրիացնելու նպատակով էի կտրել այդ 40 թե 50 կիլոմետրը, որպեսզի քաղաքից հեռու՝ հողի այդ կտորի վրա մի քանի ժամ աշխատելով բնության հետ կապս վերականգնելու մի թույլ փորձ անեմ, ու թերևս՝ մի օգուտ էլ քեզ տամ:

Իսկ ո՞վ է ներողություն խնդրելու այդ դեպքում ինձնից: Որ կես օր կորցնելուց զատ՝ կորցրեց նաև ցանկություններ երկնելու ևս մի հույլ փորձ ու չապրեց հողի հետ վերստին կապ հաստատելու այդ փորձառությունը:

Քո ամուսի՞նը՝, կամ թերևս՝ կողակիցը, որ գնացքի կայարանից մինչև քո այգին ընկած ճանապարհին՝ անտանելիության չափ կեղտոտ ձեր մեքենայում ուղիղ տասը րոպե՝ անտարբերության աստիճանի միապաղաղ տոնով, յուր՝ երկար մազերը խնամքով պոչ արած գլխից մտքեր էր հոսեցնում այն մասին, որ Ավստրալիան ապրելու տեղ չի, որ այնտեղ ամեն ինչ նույնն է. նույն մարդիկ, նույն խանութները, նույն շենքներն ու նույն կառուցվածքները, իսկ ավելի ճիշտ՝ ամենուրյա միապաղաղությունը:

Թե քո դո՞ւստրը, այս մեկը՝ գրողը, որ գիրք էր տպել. մի հաստափոր գիրք, որը ձեռքումդ հպարտորեն թերթում ու աշխատում էիր ցրել այն մթնոլորտը, որն իր գոյությամբ, իսկ ավելի ճիշտ ՝ փախուստով շիկացրել էր հենց ինքը: Միգուցե, մյուս դո՞ւստրդ, որի մասին չհասցրի ոչինչ հարցնել, որովհետև ստոծանիս ճնշում էր

Ու մերժեցի նրանց սիրալիր առաջարկը, որպեսզի ինձ նորից հետ տանեն այն կայարանը, որտեղից վերցրել էին: Ոչ, որովհետև մեքենան ամբողջությամբ մազապատ էր: Ու հնարավոր չէր գտնել անգամ մեկ քառակուսի սմ, որտեղ մազ չլիներ: Ու ոչ էլ, որովհետև վախենում էի գլխի կենտրոնում մազերը խնամքով պոչիկած ու մտքերն անվերջորեն հոսեցնող այդ տղամարդուց, որն այնքան մռայլ էր, որքան ժպտերես էր Մոնիկան:

Ոչ: Չէի վախենում:

Անգամ այն ժամանակ, երբ պարտեզ մտնելուն պես ինձ առաջարկեցին, որ տուն մտնեմ ու շորերս փոխեմ, որպեսզի այգում աշխատելիս չկեղտոտվեմ. նախապես գրել էին, որ հետս փոխնորդ բերեմ. տուն, որ դժվար թե կարելի էր տուն անվանել, թեպետ նրանք հենց այնտեղ էլ ապրում էին: Տուն, որը բաղկացած էր ինչ-որ ապակեպատ միջանցքից, որին իմ մանկության տարիներին անվանում էին շուշաբանդ, այդ միջանքի մի անկյունում ծվարած խոհանոցից, որ խոհանոց կարելի էր անվանել երեք ոտնանի թեքված կիսավեր սեղանի վրա ապաստանած գազի փոքր բալոն ու շուրջ բոլորը թափթփված աման-չաման ունենալու հանգամանքի բերումով ու մի փոքրիկ ննջարանից, որտեղ էլ պիտի փոխեի շորերս: Թեպետ խաբում եմ: Իհարկե վախենում էի: Հատկապես, ննջարանում: Որտեղ մի պատի երկայնքով երկու նեղլիկ մահճակալ էր տեղակայված ու, որտեղ մի քանի մարդաոտ տեղ էր կարելի եղել թողնել, որպեսզի մի կերպ հնարավոր լիներ հասնել միակ պատուհանին ու անթափանց վարագույրով կիպ ծածկել այնպես, որ իմ բարեկամ արևը չկարողանար թափանցել: Հենց ննջարանում էլ ստոծանիս սկսեց անհանգիստ կծկվել, որը թեթև նշաններ ցույց տվեց այն ժամանակ, երբ գնացքի կայարանից մի 30 մետր այն կողմ կայանած մեքենայից դուրս եկավ Մոնիկան ու՝ խնամքով ածիլված դեմքին մի լայն ժպիտ ծորացնելով ներկայացավ.

-I am Monika. Nice to meet you.

Սա Ավստրալիական անգլերեն չի: Գլխումս զնգում էր այդ միտքն այն պահից, երբ Մոնիկայի պոչավոր ամուսինը ներկայացավ, որ Ավստրալիայից Հունգարիա են եկել նոր կյանք սկսելու:

Շուշաբանդի մյուս անկյունում ծվարած մեկ այլ սեղանի վրա, այդուհանդերձ, անփութորեն երկու անձնագիր էր ընկած, որի վրա ոսկեգույնով մուգ կապույտի վրա գրված էր. Ավստրալիա: Ուրեմն չեն խաբում: Իսկապես Ավստրալիայից են: Ինչո՞ւ էի ուրեմն անհանգիստ: Արդյո՞ք աշխարհին նայելու դիտակետս էր նեղ. այն դիտակետը, որ կերտվել էր ժամանակի ու տարածության մի հատման կետում, որտեղ մարդկանց խաբելու ու քցելու հատկությունը որակվում էր որպես ճարպկություն, իսկ խաբվողը՝ պիտակվում որպես հարիֆ: Երբ դու համարվում էիր ինչ-որ երկու մարդկանց սեփականություն՝ նրանցից սերված լինելու, ու հատկապես՝ ինչ-որ մեկի մոչոյից ընկած լինելու հանգամանքի բերումով: Երբ պոտենցիալ վտանգ էիր տեսնում այնտեղ, որտեղ այն, միգուցե, գոյություն չուներ: Թեպետ, իհարկե, կարելի էր խնդրականացնել գոյությունեականությունն ու պնդել, որ այն հարաբերական է, իսկ ավելի ճիշտ՝ մարդկային տարբեր խմբերի կոլեկտիվ մտքի արգասիքի արդյունք: Իհարկե: Կարելի էր վստահաբար պնդել, որ վտանգի զգացումն էլ հենց այդպիսի մի արգասիք է: Սակայն սրանք ռացիոնալ մտքեր էին, որոնք որևէ աղերս չունեին այն բանի հետ, ինչ զգում էի: Իսկ զգում էի այն, որ բերանս չորանում ու լեղու համով է լցվում:

Ու մերժեցի պոչիկավոր տղամարդու սիրալիր առաջարկը, որ ուզում էր ինձ նախաճաշով պատվել: Ժամը մեկին մոտ, երբ այդ ժամին ես սովորաբար ճաշում եմ: Մոնիկային խնդրեցի, որ ինձ անմիջապես ցույց տա գործի այն ծավալը, որ նախատեսված էր անել այդ օրը: Ու նա էլ ինձ ուղղորդեց դեպի այգի ու սկսեց կիսաշփոթփված տոնով թվարկել, թե ինչ էր պետք անել: Նրան սակայն չէի լսում: Իմ ուշադրությունը գամված էր պոչիկավորի ուղղությամբ, որն անմիջապես տուն մտավ այն բանից հետո, երբ մենք Մոնիկայի հետ պարտեզից մտանք այգի: Այգի. եթե, իհարկե, դրան կարելի էր այդպես անվանել: Այգի. փուշ ու տատասկ պարունակող ամուլ հողի մի կտոր, որն ավելի շուտ ավազուտ էր հիշեցնում, քան՝ անգամ ամուլ հողի կտոր: Ի՞նչ էիր որոշել աճեցնել այդ ավազուտի վրա, Մոնիկա: Եվ ո՞ւր էին այդ ավազուտը խելքի բերելու թեկուզ տկար հետքերը: Չկային: Թերևս, չէին էլ եղել: Միայն այս ու այն կողմ ցաքուքրիվ ինչ-որ մետաղալարի ու ինձ անհայտ ծագման նյութի կույտեր էին ընկած: Ինչպես նաև՝ հեռվում հպարտորեն կանգնած մի հյուղակ, որից ժամանակ առ ժամանակ ծիկրակում էր այն մրահոն գեղեցկուհին, որն ինձ տեսնելուն պես՝ լույսի արագությամբ անհայտացավ պարտեզից:

Անմիջապես ասացի, որ ջուր եմ ուզում: Ու Մոնիկայի հետ նորից տուն մտա: Պոչիկավորը գազի բալոնի վրա հանգիստ սուրճ էր պատրաստում ու ննջարան չէր մտել, ինչպես կասկածում էի: Ես իհարկե փող հետս երբեք չեմ վերցնում, այդուհանդերձ պայուսակում էր ինքնություն հաստատող փաստաթղթերս, իսկ բանկային քարտը շորերս փոխելու պահին որոշեցի խցկել տրուսիկիս մեջ՝ կրկին անգամ փոշմանելով, որ հետ եմ վարժվել կրծկալ կրելու սովորույթից:

Նորից խղճի խայթ զգացի: Պոչիկավորը ջրի շիշը դեմ տվեց: Մտքի հոսքը շարունակվում էր: Թեման էական չէր: Մտքեր հոսեցնողը միշտ էլ մի հուն կգտնի: Սակայն ես անհաղորդ էի որևէ հունի: Բաժակ խնդրեցի: Նորից տանից դուրս եկա: Անգամ ջուր չէի կարողանում խմել: Երկու կումից ավել չկարողացա: Թեպետ կոկորդս չորացած էր: Ամբողջ էությամբ կարկամունքի մեջ էի:

-Do you feel uncomprtable?

Կիսաշփոթված հարցրեց Մոնիկան:

-I do.

Ցանկացա ուղիղ պատասխանել, բայց փոխարենը ինչ-որ հեքիաթներ սկսեցի մոգոնել այն մասին, որ գիշերը լավ չէի քնելու ու ճամփին էլ գլուխս սկսեց ցավել: Ու ավելի շփոթվեցի՝ տեսնելով թե ինչպես Մոնիկան հուշիկ քայլերով մոտեցավ պոչիկավորին ու կամացուկ, շատ կամացուկ, որպեսզի չլսեմ, ասաց.

-She does not want to stay.

-Indeed. I did not.

Մոնիկա: Ինչո՞ւ առավոտ կանուխ չէիք մաքրել պարտեզն ու խելքի բերել ձեզ բաժին հասած այդ ավազուտը, իսկ փոխարենը՝ պոչիկավորը հեքիաթ էր պատմում այն մասին, որ ավազուտում դրախտի մի կտոր եք հիմնելու, ուր առվում կաթ է հոսելու, իսկ քարից՝ գինի ու մեղր բխելու: Ու հավանաբար, հենց դրա համար էիր այդ նորածին շան լակոտին որդեգրել՝ հենց իմ ժամանելուց գրեթե մի ժամ առաջ, որպեսզի մեծանա ու հսկի քո դրախտի սահմանները, որպեսզի ոչ ոք չհամարձակվի մուտք գործել ու փախցնել այն մրահոն գեղեցկուհուն, որն իր ապարանքում փակված մարդածին մտքեր էր երկնում ու ինքնահրատարակում, ասենք՝ Լեհաստանում, միգուցե՝ հաջորդ անգամ՝ հենց Հունգարիայում: Կարծես պարտեզի կենտրոնում կապված հսկայական հասկին մենակով չէր կարող անել այդ գործը:

Հասկի: Խելացի աչքեր ունես դու. մեկը՝ կապույտ, մյուսը՝ կանաչ: Գիտեմ, որ ուզում էիր հետս խոսել: Ես էլ մեծ հաճույքով կզրուցեի: Օրինակ, կհարցնեի, թե ինչու են մազերդ բռերով թափվում: Ահա, հասկացա, ուրեմն ավտոյի մեջ քո մազերն էին այդպես տարածված: Իսկապես էլ: Հիշեցի, որ մազերը արծաթագույն սպիտակ էին:

Հասկի: Կներես, որ պետք է քեզ լքեմ՝ առանց հետդ խաղալու: Քո պոչիկավոր տերը իմ փոխարեն դա կանի: Ու կպռճոկի մազերդ ու շաղ կտա ալամ աշխարհով մեկ:

Հասկի: Դու լավ շուն ես: Վստահ եմ, որ այլ պարագայում հաստատ ընկերներ կլինեինք: Ասենք՝ շուն ծնված լինելու պարագայում: Մենք միասին կվազեինք ավազուտում, հետո ես կհամոզեի, որ թռնենք փշալարից անդին ու լինեինք՝ ազատ: Ազատ: Ինքնիշխան: Դու չես ծնվել ինչ-որ մեկի ուզելով: Ինչո՞ւ ուրեմն պետք է ապրեիր ինչ-որ մեկ ուրիշի կամքով: Երկիրը տեղով դրախտ է, ու կարիք չկա նայելու ոչ պոչիկավորի, ոչ էլ անպոչի ձեռքին: Քեզ ծնված օրվանից վարժեցնում են: Ընտելացնում: Ոչ միայն քեզ: Մարդամանուկներին՝ նույնպես: Ժամանակի ընթացքում նույնիսկ ընտելացնելու կարիքն է վերանում, որովհետև այն կարծրանում ու ամփոփվում է մարմիններում: Որոոնք ունեն ընտելացված լինելու հիշողությունն ու դու՝ դեռևս էմբրիոն, սերտում ես արդեն ընտելացված լինելու տարրական կանոնները:

Հասկի: Ես պետք է գնամ:

Ես մեղավոր չէի, որ քո պոչիկավոր տերը գործ անելու փոխարեն նախընտրել էր մտքեր հոսեցնելը: Ու էնպիսի մի քամահրանքով շարժեց ուսերը, երբ իմացավ, որ գնում եմ, կարծես պիտի ներողություն խնդրեի գնալուս համար:

Ես մեղավոր չէի, որ Մոնիկան կզակը այդպես հանգամանորեն ածիլելուց զատ ուրիշ ոչինչ չէր արել: Կամ միգուցե չէր արել այն, ինչը ես անել կհամարեի:

Որ գնացքի կայարանից սկսած նրանց յուրաքանչյուր արտասանած միտք ու արարք հարցեր էր հարուցում: Արդյո՞ք նրանց, հատկապես պոչիկավորին հուզում էր իմ հարցադրումների ծագումը: Գրազ կգամ, որ՝ ոչ: Նա պարտեզում էնպիսի ծոր տալով էր վայելում սուրճը, ինչպես սարերում մի լավ արածելուց հետո արևը վայելելուն մեկնված ոչխարների մակաղած հոտը:

Ես մեղավոր չեմ զգացմունքներ ունենալու և դրանք ապրելու համար այնպես, ինչպես ապրում եմ: Մեղավոր չեմ, որ այնպիսին են, ինչպիսին եմ:

Մեղավոր չեմ, որ ուզում էի գնալ:

Մեղավոր չեմ:

ՉԵՄ:

Չեմ:

չեմ

 

ճակատի լուսնկարը հեղինակի՝ Աննա Մուրադյանի
Show Comments Hide Comments

Leave a Reply

Your email address will not be published.