«Այսպիսով, նոր շրջանի հայոց պատմության մեջ առաջին անգամ, հայերը կարողացան տարածք վերագրավել»։

Այս խոսքերն ասել է առաջին լուսանկարում պատկերված զինվորականը՝ Մոնթե Մելքոնյանը։ Շահումյանի շրջանի Բուզլուխ գյուղն էին վերագրավել, 1991 թվականի սեպտեմբերի 14-ին, 7 ժամ 10 րոպե տևած մարտում։

Լուսանկարը նույնպես արվել է ազատագրված Բուզլուխում։ Հեղինակը ֆրանսիացի է՝ Միրիամ Գոմը։ Նա լուսանկարն անվանել է «Զվարճալի տղա»։

Միրիամ Գոմ «Զվարճալի տղա»

 

Վաղինակ Ղազարյան «Քնած զինվորը»

Երկրորդ լուսանկարի հեղինակը Վաղինակ Ղազարյանն է։ Լուսանկարն արվել է 2020 թվականի հայ-ադրբեջանական պատերազմի օրերին, հոկտեմբերի 30-ին։ Խրամատը, համազգեստը, ինքնաձիգը, հորիզոնի շերտ-շերտ սարերը հուշում են, որ նկարը պատերազմից է։ Ոչ, պատերազմից չի, Սյունիքի մարզն է, Ներքին Խնձորեսկ գյուղը։ Այս Արցախյան պատերազմին այնտեղ կռիվ չի եղել։

Լուսանկարների ընդհանրությունն ու տարբերությունը երկու պատերազմների արդյունքների խորհրդանիշն են։

Երկու լուսանկարներում էլ զինվորական համազգեստով մարդը պառկած է անհարմար դիրքում, ոտքերը ծալած, գլուխը հենած ուսին, քնելու համար չնախատեսված վայրում։ Երկու նկարներում ինքնաձիգ կա, երկուսում էլ ԱԿ-74, երկուսում էլ այն զինվորի առջևում է։ Սակայն մի նկարում ինքնաձիգը դիտողի առջևում է, հանգիստ դրած է, կարող ես վերցնել։ Մյուսում՝ դիտողից հեռու է, զինվորի մարմնով սեղմված է հողին, լարված է դրված, վերցնես` զինվորին կարթնացնես։

Առաջին լուսանկարում երևում է զինվորականի դեմքը, որտեղ թեև առկա է հոգնածությունը, բայց խրոխտ է պատկերված։ Մորուքից, կնճիռներից, ձեռքերի երակներից ընթերցվում է, որ հասուն մարդ է, իր գործին գիտակ, աննահանջ ու նպատակասլաց։ Նա ապահովության զգացում է հաղորդում նրանց, ում համար կռվում է։ Քանի դեռ նա մարտական դիրքում է, պաշտպանված ես․ քունը հանգիստն է, որն առնելուց հետո նա կրկին անցնելու է հայրենիքի պաշտպանության գործին ու հաջողության է հասնելու։

Համազգեստի միջոցով տպավորությունները տարածվում են զինվորական համազգեստ կրողների վրա։ Ընդհանրանում է հայ զինվորականի պատկերը՝ նպատակասլաց, աննահանջ ու գիտակ։

Լուսանկարի մակագրությունը՝ «Զվարճալի տղան», նոր շերտ է ավելացնում կերպարին, որը լուսանկարը դիտելիս չի ընթերցվում։ Սակայն լուսանկարիչը որոշել է իր տպավորությունն ընդգրկել լուսանկարում։ Զվարճալի բառը էլ ավելի է վստահության զգացումով լցնում կերպարի հանդեպ։ Այսպես, եթե ինքնաձիգ կա, ապա պաշտպանում է արտաքին թշնամուց, իսկ եթե նաև զվարճալի է, ապա ընդհանրապես  վախենալու բան չկա, և նրա ներկայությունը հանգստություն ու ապահովություն է հաղորդում։

Երկրորդ լուսանկարում զինվորի ոչ դեմքը ոչ գլուխը չեն  երևում։ Այդուհանդերձ տպավորություն է, որ նա երիտասարդ է։ Ոչ, ձեռքերով չի պարզվում, որ նա երիտասարդ է։ Թեև ձեռքերը նրա միակ երևացող բնորոշիչն է,  որի միջոցով հնարավոր կլիներ պատկերացնել զինվորի տարիքը, սակայն լուսանկարչի ընտրած հեռավորությունը թույլ չի տալիս ավելին ընթերցել։ Նրա երիտասարդ, շարքային, գուցե նորակոչիկ լինելը պատմում են զինվորների մասին հասարակության պատումները, որ «զինվորը սոված է մնացել», «զինվորն առանց խրամատ է մնացել», «զինվորն անտեր է մնացել»։ Այս պատումները չեն կարող լինել հասուն, խրոխտ, նպատակասլաց մարդու մասին, քանի որ մեր գիտակցությունն ընդունում է, որ այդպիսի մարդը կարող է դժվարություններ կրել և այդպիսի արտահայտությունները չեն համապատասխանում նրա կերպարին։

Զինվորը դիտողին մեջքով է պառկած։ Երեխաները մեջքով են թեքվում մեծահասկաներին, երբ նեղանում են նրանցից։ Մեջքով դիտողին լինելը խղճահարություն է առաջացնում զինվորի հանդեպ, զինվորին դարձնում է անպաշտպան։ Դիտողը մեղքի զգացում է ունենում, որ նա այդ վիճակում է։ Հետևաբար դիտողը չի կարող ակնկալել այդ կերպարից այն, ինչի համար նա հագել է այդ համազգեստը՝ պաշտպանել հայրենիքը, պաշտպանել լուսանկարը դիտողին։

Այս պարագայում համազգեստը և այն որ զինվորի դեմքը չի երևում,  նրան  դարձնում է բանակում ծառայող զինվորների հավաքական կերպարը։ Այդ կերպարը նեղացած, փոքր զինվորն է, որը չի կարող պաշտպանել հայրենիքը ու լուսանկարը դիտողին։ Կարծես զինվորը քնել է ոչ թե որ հոգնած է, այլ որ նեղացած է։ Եթե նախորդ նկարում տպավարությունն այն է, որ Մոնթեն արթնանալու է, որ կռվի, ապա այս նկարում տպավորությունն այն է, որ զինվորը արթնանալու է, որ նորից քնի։

Լուսանկարներում տեղանքներն էլ են տարբեր, որ բնութագրում են իրավիճակը։ Մոնթեի լուսանկարում տեղանքը հնարավորություն է տալիս կերպարի մասին տեղեկություն ստանալու համար, տեղանքը ծառայում է կերպարի կերտմանը։ Լուսանկարչի համար կերպարն առանցքային է, աանի որ մոտ տարածությունից է նկարել։

Երկրորդ լուսանկարում  լուսանկարիչն այնպիսի հեռավորություն ու անկյուն է ընտրել, որ նկարագրի տեղանքը, որտեղ առկա է զինվորը։ Զինվորի մասին հանդիստեսը ոչինչ չի կարողանում իմանալ։   Զինվորը ընդհանուր բնապատկերի, պատերազմական տեղանքի դետալ է, որի ներկայությունը  խղճմտանք առաջացնելու միջոց է։ Մակագրությունը նույնպես վկայում է զինվորի անդեմ ու անդիմագիծ լինելը՝ «Քնած զինվորը»։ Զինվորը հատկանիշ էլ չունի, նա պարզապես քնած է։

Հաղթանակները տեղի են ունենում դիմացից։ Գրոհում ես, դիմացդ բացվում է։ Պարտությունը թիկունքից է՝մեջքից։ Նահաջնում ես մեջքդ է երևում։ Այսպիսով մի լուսանկարիչը հաղթանակ է ֆիքսել հաղթանակի վայրում, մյուսը՝ պարտություն, որն անգամ պարտության վայրում չէր, բայց հոկտեմբերի 30-ին հայտնի էր, որ նահանջում են հայկական զորքերը, ինչքան էլ որ պատոնական լրատվմությունը ստում էր՝ թե «հաղում ենք»։

Առաջին նկարը լուսավոր է։ Միրիամ Գոմը Մոնթեին լուսանկարել է առավոտյան։ Լուսավորությունը անդորրի ու հստակության զգացողություն է հաղորդում։ Լուսավորությունը չեզոքացնում է այն վտանգի առկայությունը, որը հաղորդում է զենքի ու զինվորական համազգեստի ներկայությունը։ Եթե զինվորանը բնական լույսի տակ ոչ թե քողարկվում է այլ անկաշկանդ քնած է, ուրեմն,  արդեն թշնամուն հաղթել են, ու այլևս նրանից վտանգ չկա։

Երկրորդ լուսանկարում զինվորի գլխին ամպեր են կուտակված։ Ամպամածությունը, խրամատի խավարը եւ հորիզոնի մթնում շերտ-շերտ ուրվագծվող լեռները անորոշության, անուրախ, անհանգստության զգացումներ են առաջացնում։ Անմարդաբնակ, անծանոթ վայրում  անկանխատեսելի սպասումների տագնապով, ու այդ մղձավանջում միայնակ, լքված է փոքրիկ զինվորը։    

Երկու լուսանկարների հայելային նմանություններն ու տարբերությունները խորհրդանշում են երկու պատերազմների արդյունքներն ու արվեստագետների տրամադրությունը։

«Քնած զինվոր»-ը լուսանկարը World Press Photo միջազգային մրցույթի մրցանակակիր է։ 

Show Comments Hide Comments

One thought on Երկու լուսանկար. մեկը պատերազմն է հաղթել, մյուսը լուսանկարչային մրցույթը

  1. Պատկերների մասնագէտը՝ Հովհաննեսն է, ոչ ես:
     
    Սակայն ես շատ եմ սիրում այդ երկրորդ նկարը: Հոյակապ է: Գլուխ-գործոց:
     
    Նախ՝ աւելի բանական է, հարազատ է: Առաջինը, ոնց որ բեմադրութիւն լինի…
     
    Երկրորդը նաեւ՝ առանց դէմքի, հռչակաւոր դառնալու կոչումէն զուրկ, սակայն ուղղակի իր դիրքին հետ նոյնացած՝ «Անծանօթ Զինուոր»ի իմաստը ունի: Որուն կ’ոգեկոչէ, որուն համար կը վառի,աշխարհում այլազան կոթողների մէջ, Յաւերժական Բոցը… Յանուն ռազմադաշտում ինկած անանուն նուիրեալներին: Խոնարհ հերոսներին:
     
    Նաեւ, այդ նկարին մէջ կը տեսնենք հայ մարտիկին նոյնացումը՝ հակական հողին հետ: Ոնց որ մեր զինուորը շաղւում է այդ հողին հետ, խրած է նրա մէջ, որպէսզի իր արմատներով սնունդ առնէ նրանից: Գրկախառնւում է նրա հետ, ծայրագոյն մտերմութեամբ, այնքան մը որ, եթէ այդ հողը կոռչի, ուրեմն ինք ալ չկայ: Միասին, մէկ դարձած, կ’անէանան: Առանց երբէք զիրար կորսնցնելու:
     
    Առաջին պատկերը լաւ է, աւելի, քարոզչութեան համար:
     
    Երկրորդը, տարբեր ուժ մը ունի: Ուրիշ յուզում մը, տարբեր մտածումներ կը ներշնչէ: Աւելի արտակարգ պատգամ մը կը պահէ իր մէջ:
     
    Ի դէպ, այդ զինուորը քնած չէ, ո՜չ:
    Նա այդպէս, խօսում է՝ հողին: Գաղտնի բաներ է ասում նրան: Ու նաեւ լսում է, այն ինչ որ հողի իրեն է ասում: Բացատրում: Եւ իրենք երկուքը միայն կարող են իրարու հասկանալ:

    Հայդուկ Շամլեան

Leave a Reply

Your email address will not be published.