Քառաշերտ հսկվող առանձնատան մուտքի դարպասների բացվելն «ուշադրությո՛ւն, զգա՛ստ, պատվի ա՛ռ» հրահանգ էր: Հենց այն պահին , երբ ճռռալով բարձրանում էին առանձնատան սրբազան տարածքը քաղաքից բաժանող դարպասները, ոստիկանանները կտրուկ թողնում էին սեղանի խաղերը, զրույցները, փողի, սիրուն կանանց, խաշի ու լավ կյանքի մասին խոր փորձագիտական վերլուծությունները և մի մարդու պես շարվում էին կողք կողքի: Դա նրանց ծառայության հիմնական, ավելի ճիշտ՝ միակ գործառույթն էր: Ապրում էին այդտեղ, ուտում-խմում, դոմինո, նարդի կամ բլոտ էին խաղում՝ բազալտե սառը եզրաքարերին նստած: Ավելի արտոնյալները նույնն անում էին ավտոմեքենաների ներսում, իսկ նախաճաշը, ճաշը, ընթրիքն ուտում էին միմիայն ավտոմեքենայի թափքի ծածկի վրա: Հատկապես ծանր էր ձմռան ամիսներին, մրսում էին միասին, դե իսկ բնական կարքները, որ ցրտին ավելի հաճախ են առաջանում, հոգում էին հենց առանձնատան պարիսպների տակ կամ մոտերքում՝ ուր պատահի: Հեռու գնալ արգելված էր: Միայն ոստիկանների ներկայության դեպքում էր հնարավոր ապահովել նրա և ընտանիքի հոգու անդորրը: Օրվա վերջին րոպեներն էին, երբ լսվեց բացվող դարպասների ճռռոցը: Բոլորը մեկ մարդու պես ուղիղ գծով ձիգ շարվեցին, վառվեցին դեպի տուն տանող ճանապարհի լապտերները, և ծանրաքարշ սև ավտոմեքենան գրեթե ձայնի արագությամբ անցավ ոստիկանների շարքի մեջտեղով: Հեռվում ավտոմեքենայի արգելակելուց հետո անսովոր աղմուկ լսվեց: Ձայները վանդակից փախած թռչունների պես սլանում էին տուֆե պարիսպների վրայից և ոստիկանական հերթապահության առաջին շարքի մասնակիցները հերթական անգամ հասկացան՝ էլի լակել է: Մի քանի ոչ կանոնադրական արտահայտություններից հետո տիրեց լռություն: Քիչ անց հեռացավ նաև գլխացավանք ավտոմեքենան, և առանձնատան փակվող դարպասի ճռռոցն ավետեց հերթական ծանր օրվա ավարտը: Ոստիկաններն անցան իրենց ամենօրյա զբաղմունքին: Փողոցում երթևեկությունը նվազեց: Սկսեցին մարել շրջակա բնակելի շենքերի պատուհանների լույսերը: Վերջին շրջանում դրանք քաղաքացիների համար ամենաերանելի ժամերն էին: Քաղաքը ննջում էր:
Նա չարթնացավ, ընդամենը բացեց աչքերն ու սարսռաց: Արդեն որերորդ անգամ տաք ու փափուկ անկողնու փոխարեն գիշերն անցկացնում էր հյուրասենյակի՝ 18-րդ դարի վիշապագորգի վրա: Հայացքը պտտեցնելով կիսամութ սենյակում՝ ջանում էր հիշել նախորդ օրվա անցուդարձը: Աչքերը տեսնում էին․ մարմինն անհաղորդ էր: Աջ ձեռքով մի կերպ շոշափեց տաբատն ու գորգի թրջված մակերեսը․գոտկատեղից ներքև ինչ-որ գոլ լճակ էր, որ բուրում էր նախորդ օրվա հարբեցողության մասին: Աչքերով հպվեց պատուհանին: Վարագույրից այն կողմ դեռ հաստատակամ իշխում էր խավարը: Գիշերը կիսվել էր: Հեռվից ականջին հասավ հարազատ չորքոտանու գռմռոցը: Չալոյի ձայնի մեջ տագնապ կար․ զգաց: Ավելին զգալու կամ մտածելու ո՛չ ուժ ուներ, ո՛չ տրամադրություն: Ոչ էլ արձագանքելու հավես: Լեզուն կպել էր բերանի չորացած պատերին, ու լալկվել էր: Միայն տեսնում էր: Ավելի ճիշտ, նայում էր․․․ Չէր հիշում ոչինչ, ո՞նց է տուն եկել, ե՞րբ է տուն եկել, ու՞մ հետ, ո՞վ բերեց: Կարճ ասած՝ ուղեղը պոկվել էր իր սովորական տեղից և չգիտես՝ ուր էր ընկել։ Այս անգամ հիշողության «չիպն» ասես անվերադարձ էր խփել: Աչքերը, որ ամենամոտն էին ուղեղին, համենայն դեպս, այն մասին, որտեղ երբևէ ուղեղն էր, մարմնի մյուս մասերի համեմատ, մնացել էին անդավաճան: Ծառայում էին: Տտեսնում էր: Դանդաղ նաև սկսեց զգալ, բայց կտրուկ շարժումներ անելու ուժ չուներ: Որոշ ժամանակ պառկած էր անշարժ՝ ճգնելով կառավարել թրջած տաբատից առաջացած նյարդային քաոսը: Նա ջանաց մտովի վերապրել անցած օրվա անցուդարձը, բայց ինչ-որ պահից հիշողության կտրված թելը չէր կարողանում հանգուցակապել: Հիշեց միջինասիացի գործընկերների հետ հեռահար զրույցը, երբ խոսելիս ի՜նչ գերմարդկային ճիգով զսպեց որովայնից մինչև կոկորդ ժայթքող ործկանքը: Հետո, երբ արդեն հանդիպումն ավարտվել էր, ֆեյսբուքում ծանոթացավ արձագանքներին և տրվեց խմելուն: Դրանից հետո որտեղ էր շարունակել հարբել՝ չէր հիշում: Ոչինչ չէր հիշում: Տարօրինակ էր: Մղձավա՞նջ էր: Ոչ, արդեն սովորական դարձած վիճակ: Իրականում շատ էլ ուրախ էր, որ վերահաս սրտխառնոցին հետևելու է փսխումը, իսկ փսխելու լավագույն և ամենահարմար տեղը վիշապագորգն էր: Մի տհաճ հոտին կփոխարինի մեկ այլ տհաճ հոտ, ու կվերանա նախկին հոտը: Դա լավ ստուգված մեթոդ էր նաև պետական գործերում։
Նյարդային լարվածությունը փոքր-ինչ թուլացավ, և զգաց՝ ինչպես է մարմինն արթնանում թմբիրից: Պետք էր փսխել:
Մի կերպ վեր կացավ, իբր ուղղեց հագի շորերը, իբր մաքրեց հագուստի վրայից փսխանքի հետքերը և ոտքերը ծանր քարշ տալով՝ գնաց ննջարան: Կամաց հրեց ննջասենյակի դուռը և անաղմուկ ներս մտավ: Անկողինը դատարկ էր, բարձը՝ պարապ: Նստեց անկողնու ծայրին, ցնցվեց, գլուխն առավ ձեռքերի մեջ ու երկար լռեց: Ի՞նչ էր մտածում, արդյոք կարոտո՞ւմ էր, թե՞ դավաճանված լինելու զգացումն էր ցնցում, չէր հասկանում: Հետո ձեռքը սահեցրեց սառն անկողնու վրայով, թիկնեց բմբուլե փափլիկ բարձին և տհաճ հոտերով բուրող մարմինն ընկավ անօդ թմրության մեջ:
Առավոտյան երբ բացեց աչքերը, կողքը դատարկ չէր:
-Նորից լակել ես, վրայիցդ շան հոտ ա գալիս, -ասաց կինը:
«Շլյու՛խա »,- մտածեց նա, վեր կացավ, հանեց հագի ճմռթված պիջակը, վերնաշապիկն ու թրջած տաբատը, անկանոն շպրտեց անկողնու կողքին և մոտեցավ զգեստապահարանին: Արտառոց ոչինչ չկար․ հանգիստ քայլում էր, նաև մտածում էր։ Մտածելու փաստը հուսադրեց նրան։ Ուրեմն, դեռ ողջ է, և մի քանի րոպեից պետք է տանեն աշխատանքի: Նա զգեստապահարանից հանեց օսլայած վերնաշապիկը, հետ եկավ, նստեց անկողնուն: Արդեն պատրաստվում էր հագնվել, սենյակով մեկ՝ որոտաց կնոջ ձայնը․
-Լվացվի գոնե, նոր հագի, փնթի՛:
-Շլյո՛ւխա,- ատամների տակից շպրտեց նա, վեր կացավ ու հեզիկ մտավ բաղնիք:
Ճանապարհին լուռ էր, չնկատելու էր տալիս հանդիպակաց երթևեկող վարորդների «հե-ռա-ցիր, հեռա-ցիր, հե-ռա-ցիր» ձայնային ազդանշանները: Միայն մի ակնթարթ նայեց անվտանգության պետի կողմը և վեհերոտ ձայնով հարցրեց. «Երեկ ամեն ինչ նորմա՞լ էր»: Թիկնապահը, որ արդեն մի քանի հոգու հասցրել էր պատմել նախորդ «նորմալ» օրվա մասին, գլխի շարժումով հավաստիացրեց. «Այո, շե՛ֆ, անհոգ եղեք»: «Հեշտ է ասել, անհոգ եղի», -մտածեց նա ու սկսեց իր մեջ տալ-առնել՝ գտնելու անհոգ լինելու մեխանիկան: Դրական ոչ մի հույս, ոչ մի պատճառ չկար անհոգ լինելու համար: Ամեն ինչ քաքմեջ էր արել: «Ելք չկա-մտածում էր։- Խփելու են»։ Ամուր կառչել էր չհեռանալու սկզբունքին․ «Որքան հնարավոր է երկար կառավարել, թեկուզ երկիրը այլևս գոյություն չունենա»։ Այդ բանաձևը դարձրել էր կյանքի իր փիլիսոփայությունը:
Արդեն երեք տարի՝ ամեն առավոտ, մինչ օրվա գործերին ծանոթանալը, նրան առաջինը զեկուցում էին հյուսիսցու աճող վարկանիշի մասին։ Եվ ամեն անգամ այդ լսելիս՝ թթված անհաղորդ դեմքին իրար մոտեցող թավ հոնքերի կույտը, երևակում էր նրա ներսի փոթորիկները: Կրակն էր ընկել: Արևմտյան տերերը դժգոհ էին խոստացած ռեֆորմների ընթացքից: Բայց նրանք էլ ունեին չկատարած պարտավորություններ։ Խոստացել էին, համենայնդեպս ակնարկել էին, որ հյուսիսցուն արագ կհեռացնեն, չարեցին, չկարողացան, իսկ հյուսիսցու վարկանիշը անկասելի թափով բարձրանում էր՝ հերիք չի, դեռ մի բան էլ՝ հյուսիսցին ամուր բռնել էր իր ամորձիներից և ոնց ուզում, որ կողմ ուզում, թափահարում էր: Վիճակը վիճակ չէր, բայց նա դրան էլ էր համաձայն, անգամ պատրաստ էր ավելի նվաստանալ, ոչ դիվանագիտական լեզվով ասած՝ կոշիկներ լիզել և ընդհանրապես՝ լիզել, միայն թե նախկինները չվերադառնային: «Նախկիները հիշողություն ունեն, չեն ների»,-համոզված էր նա ու հասկանում էր, որ դա կլինի վերջը: «Եթե այդպես են ուզում, թող լինի, բայց դա կլինի նաև հեղափոխության վերջը»,-մտածեց նա: Հետո այդ վսեմ մտքից խանդավառված՝ խրոխտ մտահանգման էր գալիս․«Կամ ես կմնամ առաջնորդ, կամ հեղափոխությունը առաջնորդ չի ունենա»։ Քրթմնջալով ձեռքն առավ սեղանին դարսած թղթապանակներից մեկը և սկսեց թերթել: Սիրտը սկանդալ էր ուզում: Դա պետք է լիներ հնչեղ և համոզիչ: Հիասթափված հեղափոխական ամբոխը, հնարավոր է, հավատար, եթե սկանդալի կենտրոնում հայտնվեր իր ամենամտերիմ պաշտոնյաներից կամ, ինչու ոչ, հարազատներից մեկը, քանզի նախկինների նկատմամբ հնարքներն այլևս չէին անցնում, հակառակորդի հանդեպ հարգանքն օր օրի էր վերականգնվում, իսկ հիասթափությունն իրենից և իր թիմակիցներից հրթիռի արագությամբ էր աճում: Թիմակիցներին էլ այլևս չէր վստահում, ոչ ոքի չէր վստահում, նույնիսկ կասկածում էր, թե իր կյանքի անվտանգության համար ստեղծված նոր՝ չորս հարյուրհոգանոց զորախումբը մինչև վերջ կկանգնի և կպաշտպանի իրեն: Կասկածի որդը քարուքանդ էր անում ներաշխարհը: Մնալու և ապրելու միակ տարբերակը մեկիկ-մեկիկ որոշ թիմակիցներին հանձնելն էր: Նա հաճախ, համարյա ամեն օր էր մտածում՝ պատրա՞ստ էր իրեն խնայելու գնով կործանել մյուսներին կամ ընտանիքը: Երեխաների մասին չէր մտածում, նա բոլոր՝ հինգ երեխաներից գոնե երեքի հայրերին ճանաչում էր: Առանց խղճի խայթի կարող էր հրաժարվել, նաև վրեժխնդիր կլիներ ճակատագրից: Թիմակիցների հարցում շռայլ չէր, նրանցից շատերը դեռ պետք էին, բայց կային անինքնասեր, թերուս, անուղեղ հպարտներ, որոնց հանգիստ կարող էր ուղարկել կարմիր գծից անդին՝ փչանալու: Նա թերթեց թղթապանակը,մեկ անգամ էլ ուշադիր զննեց առաջին երկու էջերը, ձեռքը վերցրեց հեռախոսն ու զանգեց: Քիչ անց շնչակտուր ներս մտավ հաշիշափայլ աչքերով մի երիտասարդ, որը քիչ անց դուրս էր գալու սենյակից դիվանագետի կարգավիճակում: Ուղտայծի դեմքով ապագա դիվանագետին պայթեցնելը նրա նոր ընտրությունն էր: «Սկզբում մամուլը կզբաղվի նրան փչացնելով և որոշ ժամանակ կշեղվեն բուն թեմաներից: Իսկ երբ կտապալի ողջ գործընթացը, այդ ժամանակ կգա իմ արդարանալու, ինչու չէ, նաև զայրանալու ժամանակը, և այդժամ գործի կանցնեն ազգային անվտանգության աշխատակիցները»,-հաշվարկեց նա: Նա շատ լավ էր հասկանում, որ ուղտայծի դեմքով և մշտապես պսպղուն աչքերով երիտասարդը հիշողություն չունի, նա ոչ պատմությունից է տեղյակ, ոչ դեպքերից և ոչ էլ ունի մտածելու, ծանր ու թեթև անելու ունակություն: «Սրա նմաններին պետք է առաջ տանք։ Սրա նմաններով պետք է ստեղծենք նոր հասարակութուն, որովհետև փրկությունը նրանք են, այնտեղ հիշողություն չկա»,-մտածեց նա:
Հիշողությունը դարձել էր նրա ոխերիմ թշնամին: Նա նախկիններից ավելի շատ ատում էր հիշողությունը: Հիշողության ոչ մի դրվագում ոչ մի դրական բան չկար: Նույնիսկ այն երջանիկ օրերի լուսանկարները, երբ հեղափոխությունը հաղթանակել էր, շատ կարճ հեռավորությունից ամոթ ու զզվանք էին առաջացնում: Հիշողության մեջ նա միայն մահերով ու ավերներով էր մնալու, գիտեր, բայց քանի դեռ ապրում էր, հույս ուներ, որ գոնե մեկ անգամ, մեկ տեղում կհաջողի: Իսկ եթե չհաջողի՞. միասին կկործանվեն, ու ոչ ոքի հաշվետու լինելու պատճառ չի ունենա: Հեռանալու ժամանակը փախցրել էր, և ուրիշ բան չէր մնում, քան նոր խաղադրույքներ անելը: Նա համոզված պնդում էր, որ խաղաղության դարաշրջան բացելու ճանապարհին չպետք է խորշել նոր զոհեր ունենալուց: Դրանից հետո ծնվեց ապագայի մասին նոր կարգախոսը: Ապագայի մեջ հիշողություն ունեցողները հաշվառված չէին: Նրանք չպետք է լինեին: Իսկ հիշողության բույնը մնացել էր բանակը, որտեղ զինվորը ամեն օր բախվում էր երեկվա հիշողությանը: Դպրոցներում այդ հարցը կարգավորվել էր, արդեն խմբագրել էին պատմության դասագրքերը: Ժողովրդի մի զգալի զանգված էլ հլու-հնազանդ էր ապագայի հուսադրող խոստումներին: Ինքը լավ հասկանում էր, որ ապագան բռնաբարված է, ներկան՝ խոշտանգված, բայց որպեսզի ինքն անվտանգ ապրեր, ոչ ոք նրա խոստացած ապագան չպետք է կասկածի տակ դներ:
Օրն արդեն կիսվում էր: Նա մտքերի մեջ ընկած՝ հերթով ձեռքն էր վերցնում սեղանին դարսված թղթապանակները, թերթում, և արդեն որերորդ անգամ ուսումնասիրում էր նախարարների և հավատարիմ մնացած թիմակիցների դոսյեները: Դեմքի ակոսների անկանոն շարժումներից կարելի էր ենթադրել, թե այդ պահին ում թղթապանակն է թերթում: Հատկապես գոհունակություն իջավ դեմքին, երբ ձեռքն առավ երկնիշ տնտեսական զարգացման, առաջընթացի և առաքումների նախարարի թղթապանակը: «Կատարյալ ապուշ է,- դառը ժպտաց- սրա ժամանակը դեռ չի եկել, թող չաղանա, ավելի ուշ կմորթեմ»,- մտածեց, խնամքով փակեց թղթապանակը, դրեց մի կողմ և անցավ մյուսին:
Դրսից աղմուկ-աղաղակի ձայներ լսվեցին: Պատուհանի տակ հրաժարականի պահանջի կոչեր էին հնչում: Դրամատիկ ժամանակներ էին: Մարդկանց աչքերը բացվել էին, սկսել էին չհավատալ, քանզի հիշում էին նրա խոստումները և ամեն վայրկյան առերեսվում իրականության հետ: Ներս մտած խորհրդականն այլայլված դեմքով զեկուցեց սահմանին նոր կորուստների մասին:
-Քանի՞սն են,- իմիջայլոց հարցրեց նա:
-Չորսը,-ասաց օգնականը,- կան նաև վիրավորներ:
-Երկուսի մասին հայտարարեք, մյուսների մասով լռեք,-հրահանգեց նա:
-Իմանալու են, շե՛ֆ,- դժգոհեց խորհրդականը:
-Մենք ոչինչ գաղտնի չենք պահում մեր ժողովրդից, -անվրդով ասաց նա,- վաղն այս երկուսի մասին կմոռանան, կհայտարարենք մյուս երկուսի մասին: Դրսում ի՞նչ աղմուկ է:
-Ժողովուրդը հավաքվում է, հանդիպում են պահանջում, ի՞նչ ասեմ։
-Ժողովո՞ւրդը,- քթի տակ փնփնթաց նա,- դա ժողովուրդը չէ, ես նրանց հետ ի՞նչ ունեմ խոսելու: Ժողովուրդը պետք է խոհեմ լինի, բարյացակամ, առանց պահանջների, ոչ թե սրանց նման հիշաչար: Ցրի՛:
-Ոնց ցրե՞մ, հիմնականում զոհվածների և գերիների ծնողներ են,- փորձեց բացատրել խորհրդականը։
-Ե՞ս եմ սպանել, թե՞ ես եմ հանձնել, մի բան բստրի, թող ցրվեն, թե չէ կզանգեմ ոստիկանապետին, զորքը կուղարկի: Քեզ ինչի՞ համար եմ էդքան փող տալիս: Ասա՝ չտրվեն լրագրողների սադրանքներին, ես աշխատում եմ և ժամանակ չունեմ օրս լցնել անցյալից մնացած անհաջողություններին լուծումներ գտնելու փնտրտուքով, -վճռական տոնով ասաց նա: Խորհրդականը շվարած ուզում էր դուրս գալ, լսվեց նրա դողացող ձայնը.
– շատ ե՞ն: ֊ ֊֊֊֊֊Շատանում են,- դռների արանքից ասաց խորհրդականն ու հեռացավ:
Նա վեր կացավ, մոտեցավ պատուհանին, զգույշ քաշեց վարագույրի ծայրը և ծիկրակեց: Դրսում լարվածությունը մեծանում էր, բողոքավորները շատ էին, հայհոյանքները՝ անխնա: Բողոքավորների շարքերում ծանոթ դեմքեր տեսավ: Այլայլվեց: Չէր սպասում նման շրջադարձի, ախր նրանց բերանը, ինչպես կինն էր հորդորել, փողով փակել էին։ -Ապերախտնե՛ր,- քթի տակ մռթմռթաց , -հիմա դուք ձեր հալը կտեսնեք,- ասաց ու առանց երկմտանքի զանգեց ոստիկանապետին: Չէր անցել մի քանի րոպե, երբ լսվեցին ոստիկանական մեքենաների ձայնային ազդանշանները: Փողոցում աղմուկը մեծացավ, սկսվեց քաշքշուկ: Ոստիկանները անկանոն հարվածում, գետնին էին տապալում ցուցարարներին և քարշ տալով լցնում ավտոմեքենաները: Նա վերևից նայում ու հոգին փառավորվում էր ոստիկանների ճշգրիտ աշխատանքից: Այնքան գոհ էր, որ չդիմացավ գայթակղությանը․ որոշեց նշել: Սառնարանից հանեց տնական սալորի օղին, լցրեց և ագահորեն կուլ տվեց բաժակի պարունակությունը: Հետո նորից լցրեց: Երրորդ բաժակից հետո սիրտը ճմլվեց, ոչ թե ծեծվողների հանդեպ խղճահարությունից, այլ ստամոքսն աղաղակում էր՝ դատա՜րկ եմ․․․ Պետք էր մի բան ծամել: Աշխատանքն ավարտված համարելով՝ նա առաջարկեց իր անվտանգության պետին մի տալդա տեղ գնալ՝ մի կտոր հաց ուտելու:
Երբ ավտոմեքենան անվտանգության և ոստիկանական մեքենաների ուղեկցությամբ դուրս եկավ փողոց և շարժվեց անհայտ ուղղությամբ, փողոցն արդեն մաքրել էին ցուցարարներից: Միայն քաղաքացիական ավտոմեքենաների վարորդներն էին ձայնային ազդանշանների լեզվով հայհոյում: Նա իբր բանից անտեղյակ՝ դիմեց առջևում նստած անվտանգության աշխատակցին:
-Ինչի՞ են աղմկում, սա ի՞նչ ձև է,-դժգոհեց նա:
-Ողջունում են Ձեզ, շեֆ ջան,- քթի տակ ժպտալով ասաց թիկնապահը:
-Ա՜․․․, -գլխով տմտմբացրեց նա,- արագ անցեք, դրանց զահլան չունեմ:
Ռեստորանը, որն անվտանգության աշխատակիցը նախապես կարգադրել էր փակել, քաղաքից դուրս մի գողտրիկ վայրում էր: Շատ հավանեց: Տրամադրությունը բարձր էր, ի վերջո, հաջող օր էր ունեցել, սալորի օղին էլ ծոմ փորին իր գործն արել էր: Ներս մտնելուն պես նվագախումբը պարեղանակ նվագեց: Նա ձեռքը վեր պարզած օրորվեց տեղում: Անվտանգության աշխատակիցն էլ կիպ մեջքը պահած, որ չընկնի, սկսեց շորորվել: Պարում էին: Կարգադրեց ռեստորանի բոլոր աշխատողներին մեկական վարդ նվիրել՝ առանց սեռական խտրության, իսկ ինքը մոտեցավ սեղանին և ագահի պես սկսեց լփլփալեն ուտել: Ուտում էր ու խմում, խմում էր ու չէր ուտում, հետո նորից ուտում էր ու նորից խմում: Մի պահ ձեռքը տարավ հեռախոսին, ուզում էր «լայվ» մտնել, բայց անվտանգության պետը հասցրեց ձեռքից խլեց հեռախոսը: Կեսգիշերն անց, երբ արդեն անվերադարձ անջատվել էր, անվտանգության երկու աշխատակիցների համառ ջանքերի շնորհիվ նրան տեղավորեցին ավտոմեքենայի մեջ, և շարասյունը վերադարձավ քաղաք:
Մինչ կհասնեին առանձնատան մատույցներին, պահակախումբն արդեն բացել էր առանձնատան դարպասները, վառել էին ճանապարհի լապտերները, և ոստիկանների ձիգ շարքերը պատրաստ սպասում էին պատվի առնելուն: Ավտոմեքենան առանց ընթացքը դանդաղեցնելու սուրաց ոստիկանների շարքի միջով, և արգելակների ճռռոցն ազդարարեց աշխատանքային օրվա ավարտը: Նա մի կերպ դուրս եկավ ավտոմեքենայից ու ոտքերը քստքստացնելով՝ մտավ տուն: Տանը միայն տղան էր ընկերոջ հետ: Չխոսեց, ոչինչ չհարցրեց, միայն մշուշոտ նկատեց, որ վիշապագորգը չկար, մի կերպ՝ անկյուն բռնած՝ օրորուն հասավ ննջասենյակի դռանը, հրեց ու ներս մտավ: Անկողինը դատարկ սպասում էր: Թաղման թոշնած ծաղկեպսակի նման փռվեց անկողնում ու ընկավ անօդ թմրության մեջ: Ընդամենը մի քանի ժամից տանելու էին իրեն։ Աշխատանքի։