“Սրճարանը նայում էր գետին”…

                                                                                                                Մարինե Պետրոսյան

 

Ոչ թե գետին՝ փոսը: Մամայի բալա, գլխարկդ ընկավ փոսը: Մամայիդ հետ մարդուն առել էիք շապիկ, շալվար կոշիկ… Հարցրել էիր՝ պետք չի՞ գլխարկ: Անհեթեթություն՝ գլխարկով չեն դնում: Ծեծված մարմնին համարյա շոր չկար, երբ հորեղբորդ մի կերպ Թիֆլիսի էդ հիվանդանոցից բերեցին: Բերեցին մամայիդ ծանոթի ջանքերով: Հիմա եղած-չեղածը մի չորս-հինգ հոգով էդ մարդուն փոսն եք դնում, ու գլխարկդ ընկավ փոսի մեջ:

Կմնա հողի տակ. մամայիդ կպատմես: 

Գարունը արդեն անվարան ժրում, խուժում էր: Տուն դառնալիս աչքիդ առաջ էին ցից, ահռելի կոշիկները: Մի կերպ խցկեցիք կափարիչի տակ: Անսովոր խոշոր էր մարդը, ծանր: Տարիքը լիովին չէր ավերել երբեմնի գեղեցկությունը:

Ամենուր հալոցք ու ցեխ էր: Մոտիկ հարմարացրած սրահում մի բաժակ օղին ու հացը երկար չքաշեց։ Տեղին սազական մատուցողը վստահ էր շարժվում՝ չնայած կազմվածքին: Օղու վրա մի վաղեմի ծանոթ պետք եղած երկու խոսքն ասաց ու դուրս գալուց ավելացրեց, թե հոգեհանգիտը հանգուցյալին տեղյակ պահելու համար է, որ ինքը մեռել է:

Տանը միջանցքի հայելու վրայից արդեն հանում ես սև ծածկոցը. զարհուրելի նման է քեզ… Հետո սենյակի հայելու վրայից ես սպիտակ ծածկոցը հանում… նման էր մեռածը: Մարդիկ Էլ չբարձրացան տուն, թե չէ օղու վրա խոսք ասողին կհարցնեիր՝ ինչի են հայելիները ծածկում նման դեպքերում:

 Հորեղբորդ թղթերն ու գրքույկն աչքիդ ընկան. տարին մեկ աշխատանքի մի նոր գրանցում մի հերթական քաղաքում. անծայրածիր աշխարհամաս- մի խռովյալ հոգի՝ ոչ մի տեղ չի սթրվել. մի քաղաքում՝ մենակատար, մյուսում՝ գլխավոր դիրիժոր, երրորդում՝ նման մի բան:

 Փոսն ընկավ գլխարկդ, մորդ ես նայում ու քեզ հայելու մեջ, անհեթեթ հարց տալիս պահարանում դրած նկարի՝ պապայիդ մասին. նման չես հեչ:

 Ոչ մի նոր բան՝ պատերազմ գնաց:  Մորդ ասելով՝ ժամանակին էս խոշոր մարդուն էլ են պատերազմում վիրավորել: Ուրիշ՝ ռուսական պատերազմում՝ Խարկովի մոտ: Հոսպիտալից վիրավոր փախել է՝ չվիրահատեն: Իր վերքով բերվածները երեք օր էլ չեն ձգել կողը սեղմելու չարաբաստիկ վիրահատումից հետո: Իմացել է՝ այդ գործողությունն իրեն էլ էր գրված: Փախել, հասել է իր ռուս կնոջ մոտ, իսկ սա արդեն հասցրել էր մարդու ունեցած-չունեցածը՝ անգամ շալվար ու բան ծախել: Մարդը թողել դուրս է եկել ու դրանից հետո այլևս թափառական՝ հորեղբայրդ դադար չի ունեցել ռուսաստաններով, վաթսուն աստիճան բուք բորաններին:

Մամայիդ ծանոթը հայտնվեց ներսի կիսասենյակից, որը քրոջդ էր հատկացված: Ձեռքը դրեց ուսիդ, թե գնորդ է գտել հորեղբորդ ջութակի համար՝ միակ անսպասելիորեն պահպանված ունեցվածքի, որը տեղ էր հասցրել: Մորդ ծանոթի կոշիկները հիմա էլ անթերի փայլում էին․ չես հասկանում՝ ինչպես, ի տարբերություն քեզ, գերեզմաններում չէր կեղտոտել կամ գուցե հասցրել էր փոխել: Ե՞րբ:

Մայրդ միշտ խոսում է վրադ կեղտոտվելու բացառիկ ընդունակության համար, նույնիսկ անշառ տեղում:

Փայլուն կոշկավորն ասաց, որ անցյալ օրը հասցրել էր մի տեղ խոսել՝ դասավորել քեզ աշխատանքի: Մնում էր՝ ներկայանաս ակումբում իր ծանոթացրած ծտին, գրանցվես ու անցնես գործի: Բայց ջութակի պատյանը, նկատեց նա, լավ կլիներ նախքան գնորդների գալը փոխվեր. վրան հալ, տեսք չի մնացել:  

Քրոջիցդ հույս չկար՝ քննություն ունի: 

Պատյանի հետևից գնացիր, բայց գործի՝ ոչ: Ոչ էլ զանգեցիր: Ի դեպ, խանութում տեղյակ էին արդեն՝ պատյանը տվեցին:

 

***

 Գիտեիր՝ մայրդ կխառնվի իրար: Եվ խառնվեց, երբ իմացավ, թե որոշել ես մեկնել: Միանգամից ճպպացրեցիր՝ պիտի մեկնես:

-Հիմա էլ դու:

Ի՞նչ եք մեկդ մյուսի հետևից ընկնում էդ սառցակալած չոլերը: Էլ ո՞ւր…

Բայկանուր: Ինչ փույթ, թե … չգիտես ինչ՝ ուրիշ…,  չգիտես-ինչական ծրագիր է:

Քույրդ ալերգիկ գարնանային փռշտոցներից աչք չի բացում. շարքը որ սկսվեց՝ վերջ չունի:  

Բացատրելու կարիք չկա: Մայրդ հունից դուրս է եկել, իբր երբևէ ունեցել է հուն:

Քրոջդ ու քեզ մեն-մենակ մեծացրել, զույգ կրթության է տվել, որ վերջը գաս հայտարարես, թե… Բայկանուր: Ո՞ր երկրում է հիմա:

-Երազանքիդ ծայրը արևածաղկի սերմ վաճառելն է:

 Բանակը յանդ տարավ՝ ոնց ազատեր: Փախցրեց երկրից, էլի չեղավ: Փառք Աստծո՝ բանակը միայն յանդ տարավ՝ ուրիշների՝ հերոսների մայրերն ինչ անեն: Գոնե ավարտեիր՝ հետո… Եթե դա է աշխարհի վերջը, էլի չրթեիր, բայց ինչի՞ հենց էդ քամբախում: Համատեղ, պետական, թե մասնավոր, թե չգիտեմ ինչ՝ … շեղաչքանի, թե սև-սպիտակ՝… մորդ չեն հուզում մեջտեղ հանած լուսանկարներդ, թղթերդ.

-Չես գնալու: Քրոջդ մենակ չթողնես:  

– Մայրդ շատ տանջվեց,- հարկադրված միջամտեց փայլուն կոշկավորը,- երկու տարի մաքոք՝ Բեյրութում քաղցկեղով քեռուն հոգ տանելը մի կողմից, երեխեքը՝ դուք՝ մյուս, գնաց եկավ մինչև վերջ… հետո էլ ահա հորդ …եղբորը գտավ, բայց… ուշացած: Մի քիչ սպասեիր, գոնե հանդարտվեր: Գուցե ուրիշ…

Տիեզերանավը դու չես կարգադրում՝ հսկա նախագիծ է՝ եզակի հնարավորություն: “Գուցե ուրիշ”՝ չկա:

 Մայրդ էդ մարդու առաջ հեգնում է: Խանդոտ չես համարել քեզ, բայց չափն անցնում է: Քույրդ էլ թև առնում, նորից վրադ ղժժում է: Քամուց դուրս թռավ վարագույրը, պատուհանի փեղկը՝ անզուսպ քաշված վրան:

Էդ տիեզերական կայանների մեջ արևածաղկի սերմի մանրածախ առևտուրը խելքիդ աշխարհ է փրկելու:

Մամայի բալա, մորդ առաջ միամիտ տեսություններ ես բրդել՝ իզուր… թե՝ աշխարհն ինքն իրեն կհոշոտի՝ եթե նոր տարածքներ չգտնի, կամայացնի իր մասերը, մարդ տեսակի տրոհում կբերի: Քեզ տես՝ նույնիսկ գլխարկիդ տեր չես, կորսա՛ր տղա: 

 Դուռն է:

 Ապագայի դարդը դեմոկրատիայի քեզ չեն տվել: Մեկը լիներ՝ քեզ փրկեր:

Քույրդ հայտարարեց՝ ջութակի համար են եկել: Վերավաճառող է, դեմքը՝ շատ ծանոթ մորդ: Փայլուն կոշկավորը նկատում է, որ աշխարհը փոքր է: Պարզվում է՝ հյուրը մորդ հանդիպել է Բեյրութում՝ քեռու վերջին համերգին: Շուտով պիտի ետ դառնար: Բարեբախտաբար երկար չփորձարկեց գործիքի հնչեղությունը՝ հարևաններն ինչ կմտածեին նման օրով։ Մորդ կոշկավորը մինչ այդ արդեն հասցրել էր փախստական վարագույրները ներս քաշել ու ծածկել պատուհանը։

Հյուրն իր կանաչ մատանիով ակնհայտորեն փորձառու ձեռքում գործիքը երկար չպահեց և, ի տարբերություն ջութակը գնելու՝ սուրճից չհրաժարվեց և անուշահոտ ծխամորճը վառելու արարողությանն անցավ:

 -Սուրճի ֆինջանները հոն զգալի փոքր են, չէ՞,- սեթևեթեց քույրդ՝ գոհ, որ սուրճը մատուցելիս, կարելի է ասել՝  չթափվեց:

-Ադ ալ արդեն…, անուշիկ աղջի՛կ, հարկավ, հարկավ տարբեր գավաթներ կան, քառասուն տարի Մոսկվա ապրեց,- առանց դադարի խոսքը փոխեց մարդը, սուրճի հետ խաղալով,- Բայց ոչ մի նոր բառ, կնոջ ասելով, չսովորեց ռուսերեն, հենց մեկնելու արգելքը վրայեն հանեցին՝ տուն, մեքենա, թողեց ու յալլա՝ Բեյրութ։ Այդքան ատեն թավջութակով աշխարհի վեցերորդը չափչփելեն ետք Ռոսկոնցերտի թե Մոսկոնցերտի տնօրենի պաշտոն տվին թե չէ՝ թողեց ու Բեյրութ՝ ծննդավայրը անցավ։ Նշանավոր սուրճ է:

Հյուրը, մայրդ պարզեց՝ Նիկոսիա ծնված, Նյու Ջերսի հաստատված էր՝ մինչ օրս նաև կիպրահպատակ:

Արդեն «հոն» կրթարանի մեջ փակցրել են քեռու նկարը թավջութակով և դասասենյակն իր անունով կոչել՝ անունը պատվավոր փակցրել դռանը: Քույրդ աչքի պոչով ասես տեսագրում էր սրճի հետ ծխամորճով հյուրի խաղը:

-Այս գալով չմնաք։

Մորդ կոշկավորը ուղեկցեց հյուրին մինչև վերելակի խորհրդային ղալմաղալն ու վերադարձավ: Քեռու արժեքավոր թավջութակի մասին Բեյրութի մարդը ցավոք ոչ մի տեղեկություն չուներ, փոխարենը անձայն, որակյալ վերելակներ արտադրողի էր գովազդել, որ իրեն միշտ հիշեք:

-Զարմանալի մարդիկ՝ զարմանալի է, որ չեն էլ հանդիպել ոչ էստեղ, ոչ սիբիրներում տարիներ ի վեր․․․ տարբեր սերնդի են իհարկե,- լուսամուտը նորից բացեց կոշկավորը:

 – Ինչո՞ւ երկու կողմի ազգականներիդ պես երաժշտությամբ չգնացիր:

– Երեք,- շտկեց մայրդ,- արևածաղիկը թողած՝ ի՞նչ երաժշտություն: Աշխարհով մեկ Ժողովրդավարությունը փրկելու է։

-Գուցե ես էլ ծխամորճ պահեմ,- սկսեց մարդը, բայց այս անգամ որոշեց չշեղել մորդ չարախնդությունը՝ կարծես, ի վերջո խուզարկելու, թե անհեթեթությունն ինչում է, առավել ևս, որ մայրդ տեղի տալ չէր պատրաստվում: Ի դեպ, վերադարձող զայրույթը գեղեցկացնում էր նրան առաջվա պես:

Ձայնդ կոկորդիցդ դուրս չի գալիս, որ ասես, թե արևածաղկի կամ ուրիշ ձեթերի հետ ընդհանրապես գործ չունես, երբ մորդ ծանոթը ձեթարտադրության ու մարքեթինգի մի ծավալուն էքսկուրս է նախաձեռնել պատմաշխարհագրական աներևակայելի  տեղեկացվածությամբ: Մտքովդ չէր անցնի, թե քույրդ երբևէ այդպիսի ակտիվ հետաքրքրություն կդրսևորեր անտիկ ձիթենիների ու ձեթի նկատմամբ, գոնե տեսաբանության առումով:

-Ընդամենը արևածաղկի չրթելու սերմ է երազանքը,- մինչ քույրդ կվերսկսեր իր հերթական փռշտոցաշարը, վերջապես մայրդ ուտելիքը բերում Է խոհանոցից,- տիեզերական, միջազգային, չգիտեմ ինչ կայանում չրթելիք ծախելն է խելքին իր կոչումն ու երազանքը: Աղջի՛կ, ասացի՝ գնա՛ ու սառը ջրով լվա՛: Գերչակի յուղ քսի՛ր՝ քեռիդ ամեն առիթով դա էր անում: 

Երկրագնդի հողին տեղ չէր մնացե՞լ, տեղ չէր մնացե՞լ թեկուզ հենց էդ նույն թաթար-մոնղոլական տափաստաններում, բայկանուրներում, գնայիր դու էլ հորդ ճամփով՝ կորեիր:  

Կոշկավորն էլ հանկարծ հնչեղ միացավ քրոջդ փռշտոցին:

 -Ի՞նչ՝ ինչ, չգնա՞ց ճակատ կորավ էդ քոչվորների ձեռով:

Դուրս ես նետվում: Դուռը շրխկացնելը չի օգնի. հե՛յ, կամաց՝ մայրդ չի կարողացել քեզ շնորքի բերել: Ո՞ւր ես գնում: 

Չզարմանաս՝ մի երկու օրից տուն ես մտնելու, տեսնես մայրդ գործից դեռ չի եկել, իսկ քույրդ իր կիսասենյակում կոշկավորի ոտքերին է նստել գորտի պես, մերսում է ու քեզանից խոսում, բացատրում, որ համոզված ես, որ ժողովրդավարության համար չվերահսկվող դրամային հոսքեր են անհրաժեշտ և ազատ հողատարածքներ: Կկարողանա՞ս զսպել կատաղությունդ, պարզելու՝ ճի՞շտ է արդյոք քեզ հասկացել, որ մոլորակների յուրացումը նման հնարավորություն կարող է ստեղծել, երբ կենտրոնացված խոշոր ներդրումներից բացի կառաջանան առանձին զարտուղի հոսքեր և… Չես կարողանա. կխուժես ու մի շարժումով քրոջդ կշպրտես մի կողմ ու ձեռքիդ տակ ընկած ծանր ծաղկամանը կջարդես այդ սրիկայի գլխին: Վրա հասած մայրդ կհամոզվի, որ նրա կյանքը փրկելն արդեն անհնար է:  Կդասավորի ճամպրուկդ ու կուղեկցի քեզ օդանավակայան, որ մի կերպ հասնես Բայկանուր: Ճանապարհին մայրդ կկանգնեցնի տաքսին, որ գլխարկ գնեք քեզ համար: Համատարած բարդու բմբուլներ:

 

Հ.  Ներիր, տղաս:

 



Show Comments Hide Comments

Leave a Reply

Your email address will not be published.