Թարգմանչի խոսքը
«Ֆրանց Կաֆկան մեր ժամանակի մեծագույն գերմանացի գրողն է։ Նրա համեմատ՝ Ռիլկեի նման բանաստեղծներն ու Թոմաս Մանի պես վիպագիրները գաճաճներ են կամ գիպսե սրբաքանդակներ», — իրեն հատուկ անառարկելիությամբ հայտարարում է Նաբոկովը։ Նրա այսպիսի բարձր գնահատականը, որին քչերն են արժանացել գրականության ոլորտում, հատկապես հետաքրքրական է, եթե հաշվի առնենք Նաբոկովի և Կաֆկայի կենսական և ստեղծագործական ուղիների, երկու գրողների՝ երկու դեպքում էլ կատարելության հասցված գրական ոճերի կոնտրաստը։
1948–1959 թթ․ Վլադիմիր Նաբոկովը Քոռնելի համալսարանում դասախոսություններ է կարդացել ռուսական և եվրոպական արձակի նշանավոր ներկայացուցիչների ստեղծագործությունների շուրջ։ Դասախոսությունների տեքստերը երկու հատորով լույս են տեսել գրողի մահվանից յոթ տարի անց՝ 1980 թվականին։ Կաֆկայի «Կերպարանափոխության» շուրջ դասախոսությունն ընդգրկված է եվրոպական գրականությանը նվիրված հատորում՝ Դիքենսի, Ջոյսի, Պրուստի, Սթիվենսոնի, Ջեյն Օստենի և Ֆլոբերի երկերի վերլուծությունների հետ մեկտեղ։ Ընթերցողին դրանք առաջարկվում են այն տեսքով, որով կարդացվել են լսարանում։ Դրանք չեն մարմնավորում Նաբոկովի գրական ոճը (ինչպես ռուս գրականության շուրջ մի շարք դասախոսությունների դեպքում, որոնք ինքն անձամբ խմբագրել է հրատարակման համար), այլ արժեք են ներկայացնում, նախևառաջ, որպես գրողի անդրադարձը XIX-XX դարերի եվրոպական արձակի լավագույն նմուշներին, և հետո՝ որպես հուսալի ուղեցույց գրականության աշխարհում։ Վերջապես՝ դրանք պատմում են Նաբոկովի դասախոսական ոճի մասին, և այս վերջին հանգամանքը հատկապես կարևոր է տեքստն ըստ արժանվույն գնահատելու համար։
Մերժելով գրական երկերի մեկնաբանումը փիլիսոփայական, հոգեվերլուծական, հասարակաքաղաքական ուղղությունների տեսանկյունից՝ Նաբոկովն անդրադառնում էր դրանց «գեղարվեստական կողմին»՝ ուշադրություն հրավիրելով «այնպիսի մանրամասնությունների և համադրությունների վրա, որոնք կարող են ստեղծագործությունից վեր հանել կայծը, առանց որի այն մեռած է»։ Իսկ կայծը վեր հանելու գործում «շատ են օգնում գծագրերը», կարծում էր Նաբոկովը։ Պատմվածքը վերլուծելիս նա գրատախտակին նկարում էր հերոսի՝ Գրեգոր Զամզայի բնակարանի հատակագիծը, և, իհարկե, բզեզին՝ Կաֆկայի սակավ և զգույշ անդրադարձներից խնամքով կառուցելով հերոսի ֆիզիկական կերպարանքը։ Հայտնի է, որ Կաֆկան արգելում էր գիրքը տպագրելիս շապիկին պատկերել բզեզին։ Եվ դժվար չէ կռահել, որ հանդուգն միջատաբան Նաբոկովը հանգամանորեն անդրադառնալու էր հարցին, թե, ի վերջո, այդ ինչ «վնասատուի» էր վերածվել «Կերպարանափոխության» հերոսը։ Նրա ուսանողներից Ռոս Ուեցտոնն իր հուշերում գրում է․ «Պարզվում է՝ Գրեգոր Զամզան վերածվել էր ոչ թե խավարասերի, ինչպես կարծում է մարդկանց մեծամասնությունը, այլ բզեզի, ուռուցիկ թևավոր բզեզի, և Նաբոկովը մեզ ասաց այն, ինչ չգիտեին ո՛չ Գրեգորը, ո՛չ Կաֆկան․ եթե Գրեգորը ցանկանար փախչել, նա կարող էր պարզապես թռչել պատուհանից»։
Նաբոկովի դասախոսական ոճին բնորոշ են նաև մեջբերումները։ Էջեր շարունակ նա մեծ զգացմունքայնությամբ ընթերցում է Կաֆկային՝ ընդգծելով հատուկ ուշադրության արժանի հատվածները։ Տեքստն առաջին անգամ կարդալիս մտածում ես՝ ո՞րն է այս վերընթերցման իմաստը, իսկ ավարտելուն պես ասես առաջին անգամ կարդացած լինես պատմվածքը։ Ի վերջո, ինչպես գրում է Կաֆկայի կենսագիր Ռայներ Ստախը, «Կերպարանափոխությունը» կարիք չունի պարզաբանող մեկնաբանությունների․ այն բավարար համոզիչ է, ինքնաբավ, նույնիսկ բացարձակ»։ Այստեղ մենք բացառիկ հնարավորություն ունենք պատմվածքը լսելու Նաբոկովի հիացական կատարմամբ։
«Կերպարանափոխությունը» Քոռնելի լսարանում ընթերցվել է անգլերեն ամենադասական՝ Ու․ Մյուիրի թարգմանությամբ։ Նաբոկովը, որը, որպես կանոն, դժգոհ էր մնում ձեռքի տակ ունեցած թարգմանությունների որակից, իր իսկ խոստովանմամբ նախքան ուսանողներին կարդալը խմբագրում էր դրանք։ Պահպանվել և մեզ են հասել Մյուիրի թարգմանության էջերը՝ նրա ուղղումներով․ Նաբոկովի դասախոսությունների, ձեռագրերի, օրագրերի, նամակագրությունների և թարգմանությունների հետ միասին դրանք պահվում են Նյու Յորքի հանրային գրադարանում։ Հայերեն մեջբերումների համար ես օգտվել եմ Սամվել Մկրտչյանի՝ 2021 թվականին «Անտարես»-ի հրատարակած թարգմանությունից՝ որոշ խմբագրումներ թույլ տալով միայն Նաբոկովի մեկնության կամ դասախոսության համատեքստի պահանջից ելնելով։
Շնորհակալ եմ ուսուցչիս՝ Շուշան Ավագյանին, որ օգնեց հավատալ ուժերիս։
Տաթևիկ Կոլարսկի
Վլադիմիր Նաբոկով
Դասախոսություն Ֆրանց Կաֆկայի «Կերպարանափոխության» շուրջ
Իհարկե, որքան էլ նրբանկատորեն, որքան էլ հիանալիորեն ներկայացվի և վերլուծվի պատմվածքը, երաժշտական գործը, նկարը, միշտ կլինեն մտքեր, որ անհաղորդ կմնան, և ողնաշարեր, որոնցով սարսուռ չի անցնի։ «Բացատրենք մեզ իրերի գաղտնիքը»1 — Կորդելիային է թախիծով ասում Լիր արքան, ես էլ նույնն եմ առաջարկում բոլոր նրանց, ովքեր լուրջ են վերաբերվում արվեստին։ Մի աղքատից խլել են վերարկուն (Գոգոլի «Շինելը»2), մեկ այլ թշվառ վերածվել է բզեզի (Կաֆկայի «Կերպարանափոխությունը»)՝ հետո՞ ինչ։ «Հետո ինչ»-ին չկա բանական պատասխան։ Մենք կարող ենք մանրամասն վերլուծել պատմվածքը, պարզել, թե ինչպես են համադրված դրա կտորները, ինչպես է կառուցվածքի մի մասը հարաբերակցվում մյուսի հետ, բայց դուք պետք է ձեր մեջ ունենաք ինչ-որ բջիջ, ինչ-որ գեն, ինչ-որ սաղմ, որը կթրթռա ի պատասխան զգացումների, որոնք չեք կարող ո՛չ սահմանել, ո՛չ էլ անտեսել։ Գեղեցկություն գումարած խղճահարություն՝ ահա արվեստի հնարավոր ամենամոտ սահմանումը։ Որտեղ կա գեղեցկություն, այնտեղ կա խղճահարություն այն պարզ պատճառով, որ գեղեցկությունը պետք է մեռնի․ գեղեցկությունը միշտ մեռնում է, կերպը մեռնում է նյութի հետ, աշխարհը մեռնում է անհատի հետ։ Թե Կաֆկայի «Կերպարանափոխությունը» ինչ-որ մեկին ավելին է թվում, քան սոսկ միջատաբանական ֆանտազիա, ապա ես նրան շնորհավորում եմ լավ և շատ լավ ընթերցողների շարքերին միանալու առիթով։
Ուզում եմ խոսել ֆանտազիայի ու իրականության և դրանց փոխհարաբերության մասին։ Եթե մենք «Բժիշկ Ջեքիլը և պարոն Հայդը» պատմվածքը համարենք այլաբանություն (Բարու և Չարի պայքարը ամեն մարդու ներսում), ապա դա անճաշակ և մանկամիտ այլաբանություն է։ Այստեղ այլաբանություն տեսնող մտքի համար դրա ստվերների խաղը նաև կանխադրում է ֆիզիկական իրադարձություններ, որոնք առողջ դատողությունն անհնար է համարում․ բայց առողջ բանականության համար պատմվածքի շրջարկում առաջին հայացքից ոչինչ չի հակասում սովորական մարդկային փորձառությանը։ Իմ կարծիքով, սակայն, ավելի ուշադիր նայելիս երևում է, որ պատմվածքի հանգամանքներն այնուամենայնիվ հակասում են մարդկային փորձառությանը, և Աթերսոնն ու Ջեքիլին շրջապատող մյուս մարդիկ ինչ-որ առումով նույնքան ֆանտաստիկ են, որքան պարոն Հայդը։ Եթե մենք նրանց չտեսնենք ֆանտաստիկ լույսի ներքո, դյութանքը կանհետանա։ Իսկ եթե դյութը լքի, և մնան միայն պատմիչը և ուսուցիչը, ձանձրալի ընկերակցություն կստացվի։
Ջեքիլի և Հայդի պատմությունը գեղեցիկ է կառուցված, բայց դա հին պատմություն է։ Դրա բարոյախոսությունն անիմաստ է, քանի որ ըստ էության պատկերված չեն ո՛չ բարին, ո՛չ չարը․ դրանք տրվում են որպես իրողություն, և պայքարը գնում է երկու դատարկ ուրվագծերի միջև։ Դյութանքը Սթիվենսոնի բանվածքի արվեստի մեջ է․ բայց, իմ կարծիքով, քանի որ արվեստն ու միտքը, կերպն ու նյութը անբաժանելի են, պատմվածքի կառուցվածքում նույնպես պետք է որ նման մի բան լինի։ Սակայն եկեք զգուշավոր լինենք։ Կարծում եմ՝ պատմվածքի գեղարվեստական կատարման մեջ թերություն կա, երբ առանձին ենք դիտարկում ձևն ու բովանդակությունը․ թերություն, որը չունեն Գոգոլի «Շինելը» և Կաֆկայի «Կերպարանափոխությունը»։ Պատմվածքի շրջարկի՝ Աթերսոնի, Էնֆիլդի, Փուլի, Լենյոնի և նրանց Լոնդոնի ֆանտաստիկությունը այլ հատկություն ունի, քան Ջեքիլի հայդացումը։ Նկարում ճեղքվածք կա, միասնականության բացակայություն։
«Շինելը», «Բժիշկ Ջեքիլը և պարոն Հայդը» և «Կերպարանափոխությունը» երեքն էլ համարվում են ֆանտազիա։ Ըստ իս՝ ցանկացած բացառիկ ստեղծագործություն ֆանտազիա է, քանի որ այն արտացոլում է եզակի անհատի եզակի աշխարհը։ Բայց երբ մարդիկ այս երեք պատմվածքները ֆանտազիա են անվանում, ընդամենը նկատի ունեն, որ դրանց առարկան հեռու է իրականություն կոչվողից։ Ուստի եկեք քննենք՝ ինչ է իրականությունը, որպեսզի բացահայտենք, թե ինչ կերպ և ինչ չափով են այսպես կոչված ֆանտազիաները հեռանում այսպես կոչված իրականությունից։
Վերցնենք նույն տեղանքով քայլող երեք տիպի մարդկանց։ Առաջինը քաղաքի մարդ է, որն իր երկար սպասված արձակուրդն է վայելում։ Երկրորդը պրոֆեսիոնալ բուսաբան է։ Երրորդը տեղի ագարակատերերից է։ Առաջինը՝ քաղաքից եկածը, այսպես ասած, իրատես, առողջ դատողությամբ օժտված, գործնական տիպն է․ նա ծառերին նայելիս տեսնում է ծառեր և քարտեզից գիտի, որ իր բռնած հաճելի նոր ճանապարհը տանում է Նյութոն, իսկ այնտեղ կա մի հաճելի խորտկարան, որը իրեն խորհուրդ է տվել գործընկերը։ Բուսաբանը նայում է շուրջը և տեսնում իր շրջապատը բուսական աշխարհի կոնկրետ եզրույթներով, ճշգրիտ բուսաբանական անուններով ու դասակարգումներով, օրինակ՝ որոշակի ծառատեսակներ և խոտատեսակներ, ծաղիկներ և պտերներ, և նրա համար սա է իրականությունը․ նրա համար անզգա (կաղնին թեղուց չտարբերող) զբոսաշրջիկի աշխարհն է անիրական, աղոտ, երազային, հորինված։ Վերջապես, ագարակատիրոջ աշխարհը մյուս երկուսի աշխարհներից տարբերվում է խիստ հուզական և անձնական լինելով․ նա ծնվել և մեծացել է այստեղ և ճանաչում է ամեն արահետն ու ծառը և ամեն ծառի՝ ամեն արահետի վրա գցած ստվերը։ Այս ամենը ջերմորեն կապված է նրա ամենօրյա աշխատանքի և մանկության և բազում փոքր բաների ու դրանց համադրությունների հետ, որոնք մյուս երկուսը՝ միապաղաղ կյանքով ապրող զբոսաշրջիկն ու բուսաբան-կարգաբանը, պարզապես չեն կարող իմանալ տվյալ տեղում և տվյալ ժամանակ։ Մեր ագարակատերը չգիտի, թե ինչպես է իրեն շրջապատող բուսականությունը հարաբերվում աշխարհի բուսաբանական հղացքի հետ, իսկ բուսաբանը չգիտի իր համար որևէ նշանակություն չունեցող ոչինչ այն ախոռի, այն հին դաշտի մասին, բարդիների տակ կանգնած այն հին տան մասին, որոնք ասես լող են տալիս այդտեղ ծնված մարդու անձնական հիշողությունների նյութի մեջ։
Այսպիսով, ունենք երեք տարբեր աշխարհներ՝ երեք մարդիկ, սովորական մարդիկ՝ տարբեր իրականություններով, և, իհարկե, կարող ենք այլ էակներ ևս ներմուծել․ կույր մարդ՝ շան հետ, որսորդ՝ շան հետ, շուն՝ տիրոջ հետ, մայրամուտի հետքերով շրջող նկարիչ, օրիորդ, որի մեքենայի վառելիքն է վերջացել։ Յուրաքանչյուրի աշխարհն ամբողջությամբ կտարբերվի մնացածի աշխարհներից, քանի որ նույնիսկ ամենաօբյեկտիվ բառերը՝ ծառ, ճանապարհ, ծաղիկ, երկինք, ախոռ, բթամատ, անձրև, յուրաքանչյուրի մոտ բոլորովին այլ սուբյեկտիվ հարիմաստություններ են առաջացնում։ Այս սուբյեկտիվ կյանքը հիրավի այնքան ուժեղ է, որ, այսպես կոչված, օբյեկտիվ գոյությունը վերածում է դատարկ, կոտրված խեցու։ Օբյեկտիվ իրականությանը վերադառնալու միակ ձևը հետևյալն է․ կարող ենք վերցնել այս մի քանի անհատական աշխարհները, մի լավ խառնել իրար, այդ խառնուրդից մի կաթիլ առնել և այն անվանել օբյեկտիվ իրականություն։ Մենք դրանում խենթության համ կզգանք, եթե տեղանքով անցել է ցնորված մեկը, կամ բացարձակ և գեղեցիկ անհեթեթության համ, եթե մի մարդ, նայելով գեղատեսիլ դաշտին, այնտեղ կոճակի կամ ռումբերի գործարան է պատկերացրել․ բայց մեծ հաշվով այս խենթ մասնիկները կլուծվեն օբյեկտիվ իրականության կաթիլի մեջ, որի փորձանոթը պահել ենք լույսին։ Ավելին, այս օբյեկտիվ իրականությունը կպարունակի օպտիկական խաբկանքների և լաբորատոր փորձարկումների շրջանակից դուրս ինչ-որ բան։ Այն կպարունակի պոեզիայի, վեհ հույզերի, էներգիայի և ճիգի (և անգամ կոճակների տիրակալը կարող է այստեղ գտնել իր տեղը), խղճահարության, հպարտութան, կրքի տարրեր, ինչպես և ճանապարհամերձ ռեստորանում առաջարկվող հյութալի սթեյքը համտեսելու ցանկություն։
Ուստի, երբ ասում ենք իրականություն, փաստացի նկատի ունենք այս ամենի՝ մեկ կաթիլի մեջ միլիոն անհատական իրականությունների խառնուրդի միջին նմուշը։ Եվ հենց այս (մարդկային իրականության) իմաստով եմ ես գործածում «իրականություն» եզրը՝ այն տեղադրելով կոնկրետ ֆանտազիաների՝ «Շինելի», «Բժիշկ Ջեքիլի և պարոն Հայդի» և «Կերպարանափոխության» աշխարհների խորապատկերում։
«Շինելում» և «Կերպարանափոխությունում» մարդկային որոշակի պաթոսով օժտված կենտրոնական կերպարը շրջապատված է գրոտեսկային, անսիրտ կերպարներով՝ ծիծաղելի կամ սարսափելի ֆիգուրներով՝ վագրաձիու կերպարանք ընդունած ավանակներով կամ ճագարի և առնետի հիբրիդներով։ «Շինելում» գլխավոր կերպարի մարդկային որակը տարբերվում է Կաֆկայի հերոսի՝ Գրեգորի որակից, բայց սիրտ շարժող այս հատկությունը երկուսում էլ ներկա է։ «Բժիշկ Ջեքիլը և պարոն Հայդը» պատմվածքում մարդկային այդ պաթոսը չկա, պատմվածքի կոկորդի ջիղը չի թրթռում, չկա այն աղեկեզ առոգանությունը՝ «չեմ կարողանում դուրս գալ, չեմ կարողանում դուրս գալ՝ ասում էր սարյակը» (Ստեռնի «Սենտիմենտալ ճանապարհորդությունից»)։ Ճիշտ է, Սթիվենսոնը բազում էջեր է նվիրում Ջեքիլի սարսափելի դրությանը, բայց, ի վերջո, դա ընդամենը «Փանչ և Ջուդի» տիպի շքեղ տիկնիկային ներկայացում է։
Կաֆկայի և Գոգոլի մասնավոր մղձավանջների գեղեցկությունը հենց այն է, որ դրանցում գլխավոր մարդ-հերոսը պատկանում է նույն մասնավոր ֆանտաստիկ աշխարհին, ինչ նրան շրջապատող չմարդ-հերոսները, բայց նա փորձում է դուրս գալ այդ աշխարհից, հանել դիմակը, անցնել քողաշորի կամ զրահի սահմանները։ Իսկ Սթիվենսոնի պատմվածքում չկան այդ միասնականությունն ու այդ կոնտրաստը։ Աթերսոնները, Փուլերն ու Էնֆիլդները ներկայացվում են որպես սովորական, առօրեական կերպարներ․ իրականում դրանք Դիքենսից դուրս բերված կերպարներ են, ուրվականներ, որոնք լիովին չեն պատկանում Սթիվենսոնի գեղարվեստական իրականությանը, ինչպես և Սթիվենսոնի մառախուղն է դուրս եկել Դիքենսի արվեստարանից՝ սովորական Լոնդոնը պարուրելու։ Իմ կարծիքով, ըստ էության Ջեքիլի կախարդական հեղուկն ավելի իրական է, քան Աթերսոնի կյանքը։ Մյուս կողմից՝ Ջեքիլ-Հայդ ֆանտաստիկ թեման նախատեսված է հակադրվելու այս սովորական Լոնդոնին, իսկ իրականում իրար են հակադրվում գոթական միջնադարյան և դիքենսյան թեմաները։ Դա այն նույն տարբերությունը չէ, որ կա աբսուրդային աշխարհի և պաթետիկորեն աբսուրդային Բաշմաչկինի կամ աբսուրդային աշխարհի և ողբերգորեն աբսուրդային Գրեգորի միջև։
Ջեքիլի և Հայդի թեման չի կազմում միասնություն իր շրջարկի հետ, քանի որ դրա անիրականությունը տարբեր է շրջարկի անիրականությունից։ Ջեքիլի մեջ չկա որևէ սրտահույզ կամ ողբերգական բան։ Մենք վայելում ենք այդ հոյակապ ձեռնածության, գեղեցիկ հնարքի յուրաքանչյուր դետալը, բայց այն զուրկ է գեղարվեստական հուզականության տրոփյունից, և ընթերցողի համար բացարձակ միևնույն է, թե ով կհաղթի՝ Ջեքիլը, թե՝ Հայդը։ Ես խոսում եմ բավականին հետաքրքիր տարբերությունների մասին, որոնք դժվար է բացատրել պարզ ձևով։ Մի անգամ, երբ պայծառամիտ, բայց փոքր-ինչ մակերեսային մի ֆրանսիացի փիլիսոփա խնդրեց խորը, բայց դժվարըմբեռնելի գերմանացի փիլիսոփա Հեգելին սեղմ շարադրել իր տեսակետերը, Հեգելը կտրուկ պատասխանեց․ «Նման բաները հնարավոր չէ շարադրել ոչ սեղմ, ոչ էլ ֆրանսերեն»։ Թողնենք հարցը՝ ճիշտ էր Հեգելը, թե ոչ, և փորձենք մի քանի բառով սահմանել տարբերությունը գոգոլյան-կաֆկայան և սթիվենսոնյան տեսակի պատմվածքների միջև։
Գոգոլի և Կաֆկայի դեպքում աբսուրդային կենտրոնական կերպարը պատկանում է իրեն շրջապատող աբսուրդային աշխարհին, բայց պաթետիկորեն ու ողբերգորեն պայքար է մղում՝ դուրս գալու մարդկանց աշխարհ, և մեռնում է հուսահատության մեջ։ Սթիվենսոնի անիրական հերոսը պատկանում է իրեն շրջապատող աշխարհի անիրականությունից տարբերվող անիրականության։ Նա գոթական կերպար է դիքենսյան շրջարկում, և երբ նա պայքարում ու ապա մեռնում է, նրա ճակատագիրը միայն սովորական խղճահարություն է առաջացնում։ Բնավ նկատի չունեմ, որ Սթիվենսոնի պատմվածքը ձախողում է։ Ոչ, այն փոքր գլուխգործոց է իր՝ որոշակի տեսակի մեջ, բայց այն ունի միայն երկու չափում, մինչդեռ Գոգոլ-Կաֆկայի պատմվածքներում հինգ կամ կամ վեց չափում կա։
Ֆրանց Կաֆկան ծնվել է 1883 թվականին Պրահայում (Չեխոսլովակիա) ապրող գերմանախոս հրեաների ընտանիքում։ Նա մեր ժամանակի մեծագույն գերմանացի գրողն է։ Նրա համեմատ Ռիլկեի նման բանաստեղծներն ու Թոմաս Մանի պես վիպագիրները գաճաճներ են կամ գիպսե սրբաքանդակներ։ Նա իրավաբանություն է ուսանել Պրահայի Գերմանական համալսարանում, իսկ 1908 թվականից մի ապահովագրական ընկերության միանգամայն գոգոլյան գրասենյակում աշխատել որպես գրագիր, մանր չինովնիկ։ Կաֆկայի այժմ հանրաճանաչ ստեղծագործություններից (ինչպես «Դատավարությունը» (1925) և «Դղյակը» (1926)) գրեթե ոչ մեկը չի հրատարակվել նրա կյանքի օրոք։ Նրա լավագույն պատմվածքը՝ «Կերպարանափոխությունը» (գերմաներեն՝ Die Verwandlung), գրվել է 1912-ի աշնանը և հրատարակվել 1915-ի հոկտեմբերին Լայպցիգում։ 1917-ին Կաֆկայի մոտ արյունախխում սկսվեց, և կյանքի մնացորդը՝ յոթ տարի, նա որոշ ընդմիջումներով անցկացրեց Կենտրոնական Եվրոպայի առողջարաններում։ Իր կարճատև կյանքի (մահացել է քառասուն տարեկանում) այդ վերջին տարիներին նա երջանիկ սիրային կապ ունեցավ և 1923 թվականին իր սիրեցյալի հետ բնակվեց Բեռլինում՝ ինձնից ոչ հեռու։ 1924-ի գարնանը նա մեկնեց Վիեննայի մերձակայքում գտնվող առողջարաններից մեկը, որտեղ և հունիսի 3-ին մահացավ բկանցքի թոքախտից։ Նրան թաղեցին Պրահայի հրեական գերեզմանոցում։ Նա իր ընկեր Մաքս Բրոդին խնդրել էր այրել իր բոլոր գրվածքները, նույնիսկ տպագրված նյութերը։ Բարեբախտաբար, Բրոդը չկատարեց ընկերոջ կամքը։
Նախքան կսկսեմ խոսել «Կերպարանափոխության» մասին, ուզում եմ մերժել երկու տեսակետ։ Ուզում եմ ամբողջությամբ մերժել Մաքս Բրոդի կարծիքը, թե Կաֆկայի գործերը հասկանալ կարելի է՝ կիրառելով միմիայն սրբության, այլ ոչ թե գրականության կատեգորիան։ Կաֆկան նախևառաջ արվեստագետ էր, ու չնայած կարելի է պնդել, որ յուրաքանչյուր արվեստագետ ինչ-որ առումով սուրբ է (ես ինքս էլ դա շատ պարզ զգում եմ), չեմ կարծում, որ Կաֆկայի հանճարի մեջ պետք է կրոնական առնչություններ փնտրել։ Մյուսը, որ ուզում եմ մերժել, ֆրոյդական տեսակետն է։ Կաֆկայի ֆրոյդական կենսագիրները, օրինակ՝ Նիդերն իր «Սառած ծովը» գրքում (1948)3, պնդում են, որ «Կերպարանափոխության» հիմքում Կաֆկայի բարդ հարաբերություններն են հոր հետ և նրան ամբողջ կյանքում տանջող մեղքի զգացումը։ Այնուհետև նրանք պնդում են, որ դիցաբանական սիմվոլիզմում երեխաները ներկայացված են որպես միջատներ (ինչին ես կասկածում եմ) և ասում, թե Կաֆկան, ֆրոյդյան կանխադրույթներին համապատասխան, բզեզի խորհրդանիշով ներկայացնում է որդուն։ Բզեզը նրանց խոսքով դիպուկ է բնութագրում նրա անարժանությունը հոր կողքին։ Բայց ինձ հետաքրքրում են բզեզները, ոչ թե բարբաջանքները, ուստի ես մերժում եմ այս անհեթեթությունը։ Կաֆկան ինքը չափազանց քննադատաբար էր վերաբերվում Ֆրոյդի գաղափարներին։ Նա հոգեվերլուծությունը համարում էր (մեջբերում եմ) «անճարակ սխալմունք», իսկ Ֆրոյդի տեսությունները՝ շատ մոտավոր, շատ կոպիտ պատկերացումներ, որոնցում բավարար ուշադրություն չի դարձվում մանրուքներին և, ինչն ավելի կարևոր է, խնդրի էությանը։ Սա ևս մի պատճառ է, թե ինչու եմ ուզում մերժել ֆրոյդական մոտեցումը և փոխարենը կենտրոնանալ գեղարվեստական կողմի վրա։
Գրականության մեջ ամենամեծ ազդեցությունը Կաֆկայի վրա թողել է Ֆլոբերը։ Ֆլոբերը, որը նողկում էր քաղցր-մեղցր արձակից, կողջուներ Կաֆկայի վերաբերմունքն իր գործիքին։ Կաֆկան սիրում էր եզրույթներ փոխառել իրավունքի և գիտության լեզվից՝ դրանց հաղորդելով մի տեսակ հեգնական ճշգրտություն՝ առանց հեղինակի մասնավոր հույզերի ներխուժման․ հենց այս կերպ էլ Ֆլոբերն էր հասնում եզակի բանաստեղծական ազդեցիկության։
«Կերպարանափոխության» հերոսը Գրեգոր Զամզան է, որը Պրահայում բնակվող միջին դասի ընտանիքի՝ կյանքի միայն նյութական կողմով զբաղված և գռեհիկ ճաշակի տեր՝ ֆլոբերյան քաղքենիների զավակ է։ Մոտ հինգ տարի առաջ ավագ Զամզան կորցրել է իր փողի մեծ մասը, որից հետո նրա որդի Գրեգորն աշխատանքի է անցել հոր պարտատերերից մեկի մոտ որպես շրջիկ մահուդավաճառ։ Հայրն ապա ընդհանրապես դադարել է աշխատել, քույրը՝ Գրետան, դեռ շատ երիտասարդ է աշխատելու համար, մայրն ասթմա ունի․ այսպիսով՝ Գրեգորը ոչ միայն պահում է ողջ ընտանիքը, այլև գտել է բնակարանը, որտեղ նրանք հիմա ապրում են։ Այդ բնակարանը՝ բազմաբնակարան շենքում, կոնկրետ՝ Շառլոտ փողոցում, բաժանված է հատվածների, ինչպես Գրեգորն ինքն է բաժանվելու։ Պրահայում ենք, Կենտրոնական Եվրոպայում, 1912 թվականն է․ սպասավորները մատչելի են, և Զամզաների ընտանիքը կարող է իրեն թույլ տալ ունենալ սպասուհի՝ Աննա անունով, տասնվեց տարեկան (Գրետայից մեկ տարի փոքր), և խոհարար։ Գրեգորը հիմնականում գործուղումների մեջ է, բայց պատմվածքի սկզբում տանն է գիշերում՝ երկու գործուղումների միջև, և հենց այդ ժամանակ է պատահում սոսկալի միջադեպը։ «Երբ Գրեգոր Զամզան մի առավոտ անհանգիստ քնից արթնացավ4, գտավ5 իրեն իր սեփական անկողնում՝ սարսափելի ուտիճի կերպարանափոխված։ Պառկած էր պատյանի տպավորություն թողնող կոշտ մեջքի վրա և երբ գլուխը փոքր ինչ բարձրացրեց, տեսավ իր՝ կամարի տեսք առած, օղակներ հիշեցնող շերտերի բաժանված շագանակագույն փորը, որի կորության վրա վերմակը, ամբողջովին ներքև սահելուն պատրաստ, հազիվ էր մնում։ Բազմաքանակ, սովորական չափերի հետ համեմատած ողորմելիորեն բարակ ոտքերը անճարակորեն կուչուձիգ էին լինում աչքերի առաջ»։
«Այս ի՞նչ է կատարվել ինձ հետ», — մտածեց նա։ Երազ չէր բնավ․․․
«Գրեգորի հայացքը ուղղվեց դեպի պատուհանը, և մռայլ եղանակը (լսվում էր, թե ինչպես են անձրևի կաթիլները պատուհանի թիթեղներին բախվում) նրան անմնացորդ մելամաղձոտ դարձրեց։ «Ինչ կլիներ, որ մի քիչ էլ քնեի ու մոռանայի այս բոլոր հիմարությունները», — մտածեց նա, սակայն դա միանգամայն անհնար էր իրականացնել, որովհետև նա սովոր էր աջ կողմի վրա քնել, մինչդեռ իր ներկայիս վիճակում չէր կարող իրեն այդ դիրքին բերել։ Ինչ ուժով էլ փորձում էր աջ կողմի վրա շուռ գալ, շարունակ ճոճվում էր ու ետ էր ընկնում։ Նա համարյա հարյուր անգամ փորձեց, փակեց աչքերը6, որ ստիպված չլիներ տեսնել զարկվող տոտիկները, և միայն այն ժամանակ դադարեցրեց, երբ սկսեց կողի տակ թեթև, մինչև հիմա անծանոթ թույլ ու բութ ցավ զգալ»։
«Ach Gott, — մտածեց նա, — այս ի՛նչ հոգնեցնող մասնագիտություն եմ ընտրել։ Գիշեր լինի, թե ցերեկ, միշտ ճամփորդության մեջ եմ։ Գործի պատճառած անհարմարությունները շատ ավելի շատ են, քան տեղում կազմակերպված աշխատանքը, ու դեռ մի բան էլ ինձ է վիճակվել շրջիկ գործակատար լինելու այս ամբողջ չարչարանքը, գնացքների շարժվելու ժամերի մասին հոգս քաշելը, ոչ կանոնավոր ու վատ սնունդը, շարունակ փոփոխվող, երբեք տևական բնույթ չկրող, ոչ մի անգամ սրտագին ջերմություն չստացող շփումը մարդկանց հետ։ Գրողի ծո՛ցը թող կորչի այս ամենը»։
Այդ ի՞նչ «վնասատուի»7 էր այդքան հանկարծակիորեն վերածվել անշուք շրջիկ գործակատար՝ խեղճ Գրեգորը։ Ակնհայտորեն, այն հոդվածոտանիների (Arthropoda) տիպից է, որին պատկանում են միջատները, սարդերը, հազարոտնուկներն ու խեցգետնանմանները։ Եթե սկզբում հիշատակված «բազմաքանակ փոքր ոտքեր»-ը նշանակում է ավելի քան վեց ոտ, ապա կենդանաբանական տեսանկյունից Գրեգորը միջատ չէ։ Սակայն, իմ կարծիքով, երբ մարդն արթնանում է մեջքի վրա ու հայտնաբերում, որ օդում թպրտացող վեց ոտ ունի, ապա վեցն էլ բավարար է «բազմաքանակ» թվալու համար։ Հետևաբար, ենթադրենք, որ Գրեգորն ունի վեց ոտ, որ նա միջատ է։
Հաջորդ հարցը՝ ի՞նչ միջատ է։ Մեկնաբաններն ասում են՝ խավարասեր է, ինչը, իհարկե, անհեթեթություն է։ Խավարասերները տափակամարմին են և խոշոր ոտներ ունեն, իսկ Գրեգորը միանշանակ տափակ չէ․ նա ուռուցիկ է երկու կողմերից էլ՝ փորի և մեջքի, իսկ ոտքերը փոքր են։ Նա միայն մի առումով է մոտ խավարասերներին՝ շագանակագույն է։ Միայն դա։ Փոխարենը՝ նա հսկայական ուռուցիկ փոր ունի՝ բաժանված հատվածների, և կոշտ ու կլոր մեջք, որը ծածկաթևեր է ենթադրում։ Բզեզի ծածկաթևերի տակ թաքնված են բարալիկ թևիկներ, որոնք կարող են տարածվել և նրան ծանրաշարժ թռիչքում տանել մղոններ հեռու։ Հետաքրքիր է, որ Գրեգոր-բզեզն այդպես էլ չիմացավ, որ մեջքի կոշտ զրահի տակ թևեր ունի։ (Սա շատ հնարամիտ դիտարկում է իմ կողմից, որը դուք պետք է փայփայեք ձեր ողջ կյանքում։ Որոշ Գրեգորներ, որոշ Ջոներ և Ջեյներ չգիտեն, որ թևեր ունեն։) Հետո, նա ունի ուժեղ ծնոտներ։ Նա այս օրգանների օգնությամբ է պտտում կողպեքի բանալին՝ ուղղաձիգ կանգնած հետևի ոտների՝ իր երրորդ զույգ ոտների (փոքր, բայց ուժեղ զույգի) վրա, և սա մեզ պատկերացում է տալիս նրա մարմնի երկարության մասին՝ մոտ երեք ոտնաչափ (90 սանտիմետր)։ Պատմվածքի ընթացքում նա կամաց-կամաց սովորում է օգտագործել իր նոր հավելուկները՝ ոտքերը, շոշափուկները։ Շագանակագույն, ուռուցիկ, շան հասակի այս բզեզը շատ լայնամարմին է։ Ես նրան այսպիսին եմ պատկերացնում․
Գերմաներեն բնագրում ծեր աղախինը նրան անվանում է Mistkäfer՝ կեղտի բզեզ։ Ակնհայտ է, որ բարի կինն այս մակդիրն ավելացնում է միայն բարյացակամությունից դրդված։ Խստորեն ասած՝ նա աղբաբզեզ չէ։ Ընդամենը մեծ բզեզ է։ (Ավելացնեմ, որ ո՛չ Գրեգորը, ո՛չ էլ Կաֆկան այդ բզեզին հստակ չէին տեսնում։)
Ավելի մոտիկից նայենք այս փոխակերպմանը։ Փոփոխությունը ցնցում ու ապշեցնում է, բայց այն այնքան տարօրինակ չէ, որքան կարող է թվալ առաջին հայացքից։ Առողջ դատողությամբ օժտված մի մեկնաբան (Փոլ Լ․ Լանդսբերգը «Կաֆկայի խնդիրը» գրքում [1946], խմբ․ Էնջել Ֆլորես8) նկատում է. «Երբ անծանոթ միջավայրում պառկում ենք քնելու, արթնանալիս մի պահ շփոթմունք ենք զգում, անիրականության հանկարծակի զգացողություն, և շրջիկ առևտրականը կարող է իր կյանքում նորից ու նորից վերապրել դա, քանի որ այսպիսի ապրելակերպն անհնար է դարձնում շարունակականության զգացումը»։
Իրականության զգացումը կախված է շարունակականությունից, տևականությունից։ Ի վերջո, արթնացել ես որպես միջատ, թե որպես Նապոլեոն կամ Ջորջ Վաշինգտոն՝ տարբերությունն այնքան էլ մեծ չէ։ (Ես ճանաչում էի մի մարդու, որն արթնացել էր որպես Բրազիլիայի կայսր։) Մյուս կողմից, այսպես կոչված իրականության մեկուսությունը, տարօրինակությունը, ի վերջո, արտիստին, հանճարին, հայտնագործողին բնորոշ բան է։ Զամզաների ընտանիքը ֆանտաստիկ միջատի շուրջ ոչ այլ ինչ է, եթե ոչ հանճարին շրջապատող միջակություն։
ՄԱՍ ԱՌԱՋԻՆ
Այժմ մտադիր եմ խոսել կառուցվածքից։ Պատմվածքի առաջին մասը կարելի է բաժանել յոթ տեսարանների կամ հատվածների․
Տեսարան I. Գրեգորն արթնանում է։ Նա մենակ է։ Նա արդեն վերածվել է բզեզի, բայց մարդկային տպավորությունները դեռ միախառնվում են նոր՝ միջատի բնազդներին։ Տեսարանի վերջում ներմուծվում է դեռևս մարդկային ժամանակի տարրը։ «Նա նայեց զարթուցիչի կողմը, որ տկտկացնում էր պահարանի վրա։ «Երկնայի՛ն հայր», — մտածեց նա։ Արդեն ժամը վեցն անց էր կես, ու սլաքներն անվրդով առաջ էին շարժվում․ նույնիսկ կեսն էր անցել, համարյա արդեն քառորդ պակասին էր մոտենում։ Կարո՞ղ է զարթուցիչը չէր զանգել։ ․․․․ Հաջորդ գնացքը շարժվում էր ժամը յոթին, դրան հասնելու համար հարկ կլիներ անիմաստ տեղը շտապել, մինչդեռ կտորների իր հավաքածուն էլ դեռ դասավորված չէր, և անգամ եթե գնացքին էլ հասներ, շեֆի շանթ ու որոտից չէր կարողանա խուսափել, որովհետև գործատեղի սպասավորը սպասելիս է եղել ժամը հինգի գնացքի մոտ և վաղուց արդեն զեկույց էր ներկայացրել նրա՝ գնացքը բաց թողնելու մասին»։ Նա մտածում է հիվանդ ձևանալու մասին, բայց եզրակացնում է, որ սոցիալական ապահովագրության բժիշկը նրան միանգամայն առողջ կգտնի։ «Եվ արդյոք նա այս դեպքում իրավացի չէ՞ր լինի։ Իրականում Գրեգորը հիմա միանգամայն լավ էր և առանձնահատուկ, ուժեղ սովածություն էր զգում՝ անկախ այն բանից, որ երկար քնելուց հետո հիմա իսկապես ավելորդ քնկոտություն ուներ»։
Տեսարան II․ Ընտանիքի երեք անդամները թակում են նրա դռները և դիմում նրան, համապատասխանաբար, նախասրահից, հյուրասենյակից և քրոջ սենյակից։ Գրեգորի հարազատները նրա մակաբույծներն են, նրանք շահագործում, ուտում են նրան ներսից։ Դա է նշանակում բզեզի զգացած քորը մարդկային լեզվով։ Դավաճանությունից, դաժանությունից և ստորությունից մի պաշտպանություն գտնելու հուսահատ մղումն է այն գործոնը, որի ազդեցությամբ առաջացել է նրա զրահը, բզեզի պատյանը, որը սկզբում ամուր և ապահով է թվում, բայց ի վերջո դուրս է գալիս նույնքան խոցելի, որքան նրա հիվանդ մարդկային մարմինն ու ոգին էին։ Այդ երեք մակաբույծներից (հայրը, մայրը, քույրը) ո՞վ է ամենադաժանը։ Սկզբում թվում է, թե հայրը։ Բայց նա ամենավատը չէ․ ամենադաժանը քույրն է, որին Գրեգորը բոլորից շատ է սիրում, և որը սկսում է նրան դավաճանել պատմվածքի կեսից՝ կահույքի տեսարանից սկսած։ Երկրորդ տեսարանից բացվում է դռների թեման․ «մահճակալի գլխի կողմից սենյակի դուռը անհամարձակ թակեցին։ «Գրեգոր», — լսվեց թակողի ձայնը, մայրն էր։ — Յոթից քառորդ է պակաս։ Դու չէիր պատրաստվում մեկնե՞լ»։ Ի՞նչ քնքուշ էր նրա ձայնը։ Գրեգորը սարսափեց, երբ լսեց սեփական՝ պատասխանող ձայնը։ Այն, անկասկած, իր նախկին ձայնն էր, ինչին սակայն կարծես ներսից խառնվել էր ճնշված մի ծվծվոց ․․․․ «Այո, այո, մայրիկ։ Հիմա արդեն վեր կկենամ»։ Հավանաբար փայտե դուռն էր պատճառը, որ հակառակ կողմում Գրեգորի ձայնի մեջ եղած փոփոխությունը աննկատ մնաց։ ․․․․ Սակայն այս կարճ խոսակցությունը պատճառ դարձավ, որ ընտանիքի մյուս անդամները ուշադրություն դարձնեին, որ Գրեգորը, հակառակ սպասվածի, դեռ տանն է, և հիմա արդեն կողքի դուռը բախեց հայրը․ ոչ ուժեղ, բայց բռունցքով բախեց։ «Գրեգոր, Գրեգոր, — ձայն տվեց նա։ — Այդ ի՞նչ է եղել»։ Սենյակի հակառակ կողմի դռան մոտ քույրը ցածր ձայնով հետաքրքրվեց․ «Գրեգո՞ր։ Քեզ լավ չե՞ս զգում։ Քեզ ինչ-որ բա՞ն է պետք»։ «Արդեն պատրաստ եմ, — երկու կողմերին էլ պատասխանելով՝ ասաց Գրեգորը և ճիգ գործադրեց բառերը հատ-հատ արտաբերելով ու իր արտաբերած առանձին-առանձին բառերի մեջ երկար դադար տալով կասկած առաջացնող ամեն ինչ հարթել։ Հայրը, իսկապես, վերադարձավ իր նախաճաշին, մինչդեռ քույրը շշնջաց․ «Գրեգոր, բաց կանե՞ս դուռը։ Ինչ կլինի, բաց արա»։ Մինչդեռ Գրեգորը բոլորովին էլ մտադիր չէր դուռը բացել ու դեռ մի բան էլ գոհ էր տարբեր վայրերում լինելու փորձից ձեռք բերած զգուշությունից, որ անգամ տանը գտնվելու ժամանակ էր գիշերը քնելուց բոլոր դռները փակում»։
Տեսարան III. Անկողնուց վեր կենալու փորձությունը, որում պլանավորում է մարդը, գործում՝ բզեզը։ Գրեգորը դեռ իր մարմնի մասին մտածում է որպես մարդկային մարմնի, բայց այժմ մարդու ներքևի մասը բզեզի հետևի մասն է, իսկ մարդու վերևի մասը՝ բզեզի առջևի մասն է։ Գրեգորին թվում է, թե չորքոտանի մարդը համապատասխանում է վեցոտանի բզեզին։ Նա դեռ լավ չի հասկանում սա և անընդհատ փորձում է կանգնել իր երրորդ զույգ ոտների վրա։ «Առաջին հերթին նա մտադիր էր մարմնի ներքևի մասը անկողնուց դուրս հանել, մինչդեռ այդ ներքևի մասը, որը նա մինչև հիմա չէր տեսել և որի մասին որևէ հստակ պատկերացում չուներ, պարզվեց, որ անչափ դժվար է շարժելը․ այնքան դանդաղ էր, որ երբ վերջապես, համարյա կատաղության հասած, բոլոր ուժերը կենտրոնացնելով, առանց որևէ բան հաշվի առնելու առաջ նետվեց, հաշվարկները սխալ դուրս եկան․ մեծ թափով բախվեց մահճակալի ներքևի գլխակալին, և այրող ցավը, որ զգաց, հասկացրեց, որ իր մարմնի հենց ներքևի մասն է այդ պահին ամենազգայուն տեղը։ ․․․․ Բայց հետո նա ասաց ինքն իրեն․ «Մինչև ութն անց քառորդ խփելը ես անպայման պետք է վերջնականապես դուրս ելած լինեմ մահճակալից։ Բացի դրանից, հիմա կարող է գործի տեղից որևէ մեկը գալ ու ինձ հարցնել․ ժամը յոթը չեղած՝ այնտեղ արդեն սկսում են աշխատանքը»։ Այդ մտքով տարված՝ նա սկսեց մարմինը իր ամբողջ երկայնքով հավասարաչափ ճոճելով դուրս հրվել մահճակալից։ Եթե նրան հաջողվեր այդ կերպ մահճակալից դուրս նետվել, գլուխը, հավանական է, անվնաս կմնար, որովհետև նա մտադիր էր ընկնելու պահին գլուխը կտրուկ բարձր պահել։ Մեջքը պետք է որ պինդ լիներ․ եթե այդպես ընկներ հատակի գորգին, դրան չպետք է որ մի բան պատահեր։ Նրան ամենից շատ անհանգստացնում էր այն հավանական բարձր աղմուկը, որ, անշուշտ, կլիներ, և, անշուշտ, բոլոր դռների մյուս կոմում եթե ոչ սարսափ, ապա անհանգստություն որ հաստատ կառաջացներ։ Ինչ ուզում է լիներ, փորձել պետք էր․․․․ Հիմա ի՞նչ, անկախ այն բանից, որ սենյակի դռները փակված էին, նա իսկապե՞ս պետք է մեկնումեկին օգնություն կանչեր։ Ու թեև նա մեծ նեղության մեջ էր, այս մասին մտածելիս չկարողացավ զսպել ժպիտը»։
Տեսարան IV․ Նա դեռ պայքարում է, երբ նորից մեջ է մտնում ընտանիքի թեման կամ շատ դռների թեման, և այս տեսարանի ընթացքում նա վերջապես ընկնում է անկողնուց՝ խուլ թրմփոցով։ Խոսակցություններն այստեղ հունական ողբերգության խմբերգ են հիշեցնում։ Գրեգորի գրասենյակից կառավարչին են ուղարկել՝ պարզելու, թե նա ինչու չի եկել կայարան։ Անփույթ աշխատակցին ստուգելու այս մռայլ փութկոտությունը ունի վատ երազի բոլոր հատկանիշները։ Երկրորդ տեսարանի՝ դռների հետևից խոսակցությունները կրկնվում են։ Նկատենք հերթականությունը․ կառավարիչը խոսում է Գրեգորի հետ հյուրասենյակից՝ ձախից, քույրը՝ Գրետան, եղբոր հետ խոսում է աջ կողմի սենյակից, մայրն ու հայրը կառավարչին են միանում հյուրասենյակում։ Գրեգորը դեռ կարողանում է խոսել, բայց նրա ձայնն ավելի ու ավելի անպարզ է դառնում, և շուտով այն հնարավոր չէ հասկանալ։ (Ջեյմս Ջոյսի՝ քսան տարի անց գրած «Ֆինեգանի հոգեհացը» վեպում երկու լվացարարուհիներ գետի հանդիպակաց ափերից խոսում են միմյանց հետ, մինչև հետզհետե վերածվում են հաստաբուն ծփիի և քարի։) Գրեգորը չի հասկանում, թե ինչու քույրը աջ կողմի սենյակից չի միանում մյուսներին։
«Հավանաբար նա միայն հիմա էր վեր կացել անկողնուց և նույնիսկ չէր էլ սկսել հագնվել։ Բայց ի՞նչն էր նրա լացի պատճառը․ որ ինքը վեր չէ՞ր կենում ու կառավարչին ներս չէ՞ր թողնում, որ հիմա իրեն սպառնում էր պաշտոնը կորցնելու վտա՞նգը, թե՞ որ հետո իր հիմիկվա շեֆը սկսելու էր իր հին պահանջներով անհանգստացնել ծնողներին»։ Խեղճ Գրեգորն այնքան սովոր է, որ ինքն ընտանիքի համար ընդամենը գործիք է, որ խղճահարության հարց նույնիսկ չի ծագում․ նա հույս էլ չունի, որ Գրետան կարող է խղճալ իրեն։ Մայրն ու քույրը կանչում են իրար դռների հետևից՝ Գրեգորի փակ սենյակի միջով։ Քրոջն ու աղախնին ուղարկում են բժշկի և փականագործի հետևից։ «Մինչդեռ Գրեգորն արդեն շատ ավելի էր հանգստացել։ Ու թեև հիմա էլ նրա խոսքերը բոլորովին չէին հասկացվում, սակայն դրանք նրան բավական հասկանալի, ավելի հասկանալի էին թվում, քան առաջ էր, և դա հավանաբար այն պատճառով էր, որ ականջը սովորել էր արդեն։ Եվ այնուամենայնիվ հիմա արդեն տան մեջ սկսել էին մտածել, որ նրա հետ ամեն ինչ չէ, որ կարգին է, և պատրաստ էին օգնել նրան։ Այն վստահությունն ու հավատը, ինչպես որ առաջին կարգադրություններն էին արվել, նրան գոհացնում էին։ Նա իրեն նորից մարդկանց խմբի մեջ ներգրավված էր զգում և երկուսից էլ՝ ինչպես բժշկից, այնպես էլ փականագործից, անչափ մեծ ու անակնկալ արդյունքներ էր ակնկալում, թեև իրականում նրանց իրարից այնքան էլ չէր տարբերում»։
Տեսարան V. Գրեգորը բացում է դուռը։ «Գրեգորը, աթոռին կառչած, դանդաղ հրվեց դեպի դուռը, այնտեղ բաց թողեց աթոռը, ընկավ դռան վրա ու, կառչելով, ուղիղ պահեց իրեն (նրա տոտիկների բշտիկները որոշակի կպչուն նյութ էին պարունակում) ու մի երկար պահ հանգիստ առավ լարվածությունից։ Ապա նա անցավ բանալին բերանի մեջ հարմարեցնելուն և այդպես փորձեց այն փականի մեջ պտտեցնել։ Ցավոք, պարզ դարձավ, որ ինքը ոչ մի իսկական ատամ չունի, — հիմա ինչպես էր բանալին պահելու, — մինչդեռ փոխարենը ծնոտներն էին իսկապես բավական ուժեղ, և դրանց օգնությամբ էլ նրան իրականում հաջողվեց շարժման մեջ դնել բանալին՝ առանց ուշ դարձնելու, որ դրանով անշուշտ, ինչ-որ վնաս պատճառեց իրեն․ որովհետև բերանից մուգ գույնի հեղուկ հոսեց, ճիրվեց բանալու վրայով ու կաթիլ-կաթիլ ընկավ հատակին․․․․ Քանի որ նա պետք է դեպի իրեն քաշեր դուռը, այն արդեն բավականաչափ բաց էր, մինչդեռ ինքը դեռ չէր երևում։ Նրան հարկավոր էր միայն դանդաղ շրջանցել դռան փեղկը, անչափ մեծ զգուշություն էր հարկավոր գործի դնել, եթե չէր ցանկանում սենյակ մտնելուց առաջ թրմփալով փռվել թիկունքի վրա։ Նա իրենից ճիգ ու ջանք պատճառող այդ գործողությամբ էր զբաղված, ժամանակ չուներ ուրիշ բաների վրա ուշադրություն դարձնելու, մեկ էլ լսեց, թե ինչպես կառավարիչը բարձր ձայնով «Օհ» աղաղակեց, և դա այնպես հնչեց, կարծես քամի ներս թափանցեց․ հաջորդ պահին Գրեգորը նրան էլ տեսավ, տեսավ, թե ինչպես նա, որ ամենամոտն էր դռանը, ձեռքը սեղմեց բաց մնացած բերանին ու դանդաղ ետ ընկրկեց, ասես անտեսանելի մի ուժ համառորեն ետ է քաշում նրան։ Մայրը, կառավարչի ներկայությունն այստեղ անտեսելով, կանգնել էր դեռ գիշերվանից հերարձակ, ցից-ցից մազերով, ու հիմա նախ ձեռքերը ծալած նայեց հոր կողմը, ապա երկու քայլ արեց դեպի Գրեգորը և, դեմքը կրծքին թաղած, փլվեց ոտքերի արանքում ու տակը շուլալված զգեստների մեջ։ Թշնամական տրամադրվածությամբ հայրը բռունցք արեց ձեռքը, կարծես ցանկանում էր խփել Գրեգորին ու ետ շպրտել իր սենյակը, ապա անվստահ աչք ածեց սենյակը, ձեռքերը սեղմեց աչքերին ու այնպես լաց եղավ, որ հզոր կուրծքը ցնցվեց»։
Տեսարան VI. Գրեգորը փորձում է հանգստացնել կառավարչին, որպեսզի աշխատանքից չհեռացվի։ «Եվ ինչ, — ասաց Գրեգորն ու իր տեսքով ցույց տվեց, որ այստեղ հիմա ինքը միակն է, որն անվրդով է պահում իրեն։ — Հիմա ես առանց ժամանակ կորցնելու կհագնվեմ, կհավաքեմ կտորեղենի նմուշներն ու կմեկնեմ։ Դուք հո չեք առարկում, որ ես մեկնեմ։ Դե, պարոն կառավարիչ, տեսնում եք, չէ՞, որ ես պնդաճակատ չեմ, որ ես հաճույքով եմ աշխատում։ Ճիշտ է, ճամփորդելը բավական բարդ ու հոգնեցուցիչ գործ է, բայց ես առանց այդ աշխատանքի չեմ կարողանա ապրել։ Այդ ո՞ւր եք գնում, պարոն կառավարիչ։ Գործի՞։ Հա՞։ Այստեղ կատարված ամեն ինչը ինչպես որ կա, ճշմարտացի կներկայացնե՞ք։ Կարող է այնպես ստացվել, որ մարդ ինչ-որ դրության մեջ չկարողանա աշխատել, բայց ախր հենց այդ պահին է հարկավոր հիշել ու մտաբերել, որ դրանից հետո, երբ այլևս բոլոր դժվարություններն ու արգելքները հաղթահարված լինեն, նա իհարկե ավելի մեծ եռանդով ու ավելի ուշադիր կաշխատի»։ Բայց կառավարիչը՝ սարսափահար և կարծես տրանսի մեջ, ընկրկում է դեպի սանդուղքը՝ փախչելու։ Գրեգորը քայլ է անում նրա ուղղությամբ (հրաշալի՜ կտոր է) իր երեք զույգ ոտքերից հետևի զույգի վրա, «բայց հենց հաջորդ պահին կարճ ճիչ արձակելով, ապարդյուն որևէ հենարան փնտրելով՝ Գրեգորը փռվեց բազմաթիվ ու բարակ տոտիկների վրա։ Հազիվ էր դա պատահել, այդ առավոտվանից սկսած նա առաջին անգամ մարմնական լավ ինքնազգացողություն ունեցավ․ տոտիկների տակ ամուր գետինն էր, նրանք առանց հակառակվելու ենթարկվում էին իրեն, ինչպես ինքը, ի գոհունակություն իրեն, նկատեց՝ դրանք մինչև անգամ շտապում էին իրեն առաջ շարժել, տանել այնտեղ, ուր ինքը կուզենար․ և արդեն ենթադրում էր, թե բոլոր տեսակի ցավ ու տառապանքի վերջնական փարատումը անմիջապես հիմա կսկսվի»։ Մայրը վեր է ցատկում և, հետ գնալով, շուռ տալիս նախաճաշի սեղանին դրված սրճեփը, որի միջի սուրճը թափվում է գորգին։ «Մայրիկ, այ մայրիկ», կամացուկ արտաբերեց Գրեգորը և նայեց նրա կողմը։ Կառավարիչը մի պահ բոլորովին վերացել էր նրա մտքից, մինչդեռ նա չէր կարող բռնանալ իր վրա, որ հատակի վրա թափվող սուրճի տեսքից ծնոտներով մի քանի անգամ չծամծմեր օդը»։ Հետո Գրեգորը, փնտրելով կառավարչին, «թափ առավ, որ կարողանար հնարավորինս անվնաս հասնել նրան։ Կառավարիչը հաստատ նման բան ենթադրել էր, որովհետև նա լայն թռիչքով ցատկեց մի քանի աստիճանի վրայով ու անհետացավ։ «Հո՜ւհ», — այնպես բացականչեց նա, որ ձայնն աղաղակով տարածվեց ամբողջ սանդղակով մեկ»։
Տեսարան VII․ Հայրը Գրեգորին կոպտորեն հետ է քշում դեպի իր սենյակը՝ ոտքերը դոփելով, մի ձեռքում ձեռնափայտ թափահարելով, մյուսում՝ թերթ։ Գրեգորը դժվարանում է անցնել կիսաբաց դռնով, բայց քանի որ հայրը ստիպում է, նա այնքան է փորձում, մինչև լռվում-մնում է դռան բացվածքի մեջ։ «Նրա մարմնի մի կողմը բարձրացավ, ինքը շեղակի լռվեց դռան բացվածքի մեջ, մի կողը վերքոտ քերվեց, դռան սպիտակ փեղկի մակերևույթին նողկանք հարուցող հետքեր հայտնվեցին։ Այդպես որ շարունակվեր, նա անշարժ կլռվեր-կմնար ու չէր էլ կարողանա շարժվել։ Մի կողմում տոտիկները թարթափելով կախ էին ընկել օդի մեջ, մյուս կողմում դրանք սեղմվել էին հատակին ու ցավ էին պատճառում, և այդ վիճակի մեջ հայրը թիկունքի կողմից իսկապես փրկություն բերող ուժեղ քացի հասցրեց, և նա, սաստիկ արյունահոսելով, լայնքով մեկ թռավ իր սենյակը։ Դուռը ձեռնափայտով վրա բերվեց, ու վերջապես բնակարանում անդորր իջավ»։
ՄԱՍ ԵՐԿՐՈՐԴ
Տեսարան I. Կարծրաթևավոր Գրեգորին կերակրելու առաջին փորձն է արվում։ Մտածելով, որ նա ինչ-որ գարշելի, բայց ոչ անհույս հիվանդություն ունի, նրան նախ սկսում են կերակրել հիվանդ մարդու սննդակարգով, և նա հայտնաբերում է, որ իր համար կաթով ճաշ են բերել։ Մենք միշտ տեղյակ ենք դռների մասին, մթնշաղում դռներ են բացվում և փակվում անաղմուկ։ Խոհանոցից նախասրահի միջով դեպի Գրեգորի սենյակի՝ նախասրահ տանող դուռը մոտենում են քրոջ թեթև քայլերը՝ արթնացնելով նրան, և նա հայտնաբերում է, որ սենյակում կաթով աման է դրվել։ Նրա ոտիկներից մեկը վնասվել է հոր հետ բախման ժամանակ․ այն կլավանա, բայց այս տեսարանում նա կաղում է և ոտն անպետք քարշ տալիս հետևից։ Նա մեծ է բզեզի համար, բայց փոքր ու փխրուն է մարդուց։ Գրեգորը մոտենում է կաթին։ Ավաղ, թեև նրա մարդկային միտքը փափագով է ընդունում սպիտակ փափուկ հացով քաղցրավուն կաթնապուրի գաղափարը, սակայն բզեզի ստամոքսն ու բզեզի համի ընկալիչները հրաժարվում են կաթնասունի կերակուրից։ Չնայած նա շատ քաղցած է, սակայն կաթը նրան զզվելի է թվում, և նա հետ է սողում դեպի սենյակի կենտրոնը։
Տեսարան II․ Դռների թեման շարունակվում է, և մուտք է գործում տևողության թեման։ Մենք սկսում ենք հետևել, թե ինչպես է Գրեգորն իր ցերեկներն ու երեկոները անցկացնում 1912 թվականի այդ ֆանտաստիկ ձմռանը, և ինչպես է նա բացահայտում բազմոցի ապահովությունը։ Սակայն եկեք Գրեգորի հետ միասին կիսաբաց դռան միջով ականջ դնենք ձախի հյուրասենյակում կատարվողին։ Հայրը ժամանակին սովորություն ուներ բարձրաձայն թերթ կարդալու կնոջ և աղջկա համար։ Ճիշտ է, այժմ դա ընդհատվել է, և բնակարանում լռություն է՝ չնայած բնակիչների ներկայությանը, բայց ընդհանուր առմամբ ընտանիքն ընտելանում է իրավիճակին։ Նրանց որդին ու եղբայրը հրեշավոր փոփոխության է ենթարկվել, և նրանք պիտի դուրս վազեին փողոց, բուռն կարեկցանքով, լալով ու ճչալով օգնություն աղերսեին, բայց այս երեք քաղքենիներն ահա հարմարավետ նստած են իրենց տեղերում։ Չգիտեմ՝ կարդացել եք արդյոք մի քանի տարի առաջ թերթերում տպված պատմությունը դեռահաս աղջկա և տղայի մասին, որոնք սպանել էին աղջկա մորը։ Պատմությունն սկսվում է շատ կաֆկայական տեսարանով․ աղջկա մայրն եկել է տուն և դստերը գտել տղայի հետ ննջարանում։ Տղան մուրճով հարվածում է մորը (մի քանի անգամ) և քաշ տալիս սենյակից։ Բայց կինը դեռ կուչուձիգ է լինում և տնքտնքում խոհանոցում, և տղան սիրելիին ասում է․ «Մուրճը տուր։ Երևի մի անգամ էլ խփեմ»։ Փոխարենը աղջիկն ընկերոջը տալիս է դանակ, և նա դանակահարում է աղջկա մորը շատ, շատ անգամ, մինչև սպանում է՝ հավանաբար երևակայելով, թե դա կոմիքս է․ դու հարվածում ես մեկին, նա շատ-շատ աստղիկներ ու բացականչական նշաններ է տեսնում, բայց հետո ի վերջո վերակենդանանում է հաջորդ թողարկման մեջ։ Ֆիզիկական կյանքը, սակայն, չունի հաջորդ թողարկում, և շուտով տղան ու աղջիկը պետք է մի բան անեն մեռած մոր հետ։ «Օ՛, ծծմբաթթու, մայրիկն ամբողջությամբ կլուծվի մեջը»։ Իհարկե, կլուծվի, հոյակապ միտք է․ մարմինը դնում ես լոգարանի մեջ, ծածկում ծծմբաթթվով, և վերջ։ Այդ ընթացքում, երբ մայրը պառկած է ծծմբաթթվի տակ (որը չի գործում, երևի սխալ ծծմբաթթու էր), տղան ու աղջիկը գարեջրով երեկույթներ են անում։ Ի՜նչ հավես է։ Հաճելի պահածոյացված երաժշտություն, հաճելի պահածոյացված գարեջուր։ «Միայն թե, տղերք, լոգասենյակ չմտնեք։ Լոգասենյակում խառն է»։
Փորձում եմ ձեզ ցույց տալ, որ այսպես կոչված իրական կյանքը երբեմն շատ է հիշեցնում Կաֆկայի ֆանտաստիկ պատմվածքում նկարագրված իրավիճակը։ Նկատի առեք Կաֆկայի թերամիտ կերպարների տարօրինակ մտածողությունը․ նրանք երեկոյան թերթն են վայելում՝ չնայած իրենց բնակարանում տեղի ունեցող ցնորական սարսափին։ «Ինչ խաղաղ կյանքով էր ապրում մեր ընտանիքը», — մրմնջաց Գրեգորը և երբ անթարթ հայացքով նայում էր մթության մեջ, մեծ հպարտություն զգաց, որ ինքն էր կարողացել ծնողների ու քրոջ համար այդպիսի կյանք ապահովել նման մի գեղեցիկ բնակարանում»։ Սենյակը բարձր է և դատարկ, և շուտով բզեզը սկսում է գերակշռել մարդու փոխարեն։ Բարձր առաստաղով սենյակը, «ուր ինքը ստիպված էր տափակ պառկած ապրել հատակի վրա, վախ էր պատճառում նրան, իսկ ինքը չէր էլ հասկանում զգացած վախի պատճառը, որովհետև դա այն սենյակն էր, ուր ինքն արդեն հինգ տարի է, ապրում էր։ Եվ համարյա չգիտակցված մի վճիռով ու ոչ առանց թեթևակի ամոթի նա շտապեց տեղ գտնել բազմոցի տակ, ուր թեև նրա մեջքը թեթևակի սեղմված էր, իսկ ինքն էլ չէր կարողանում բավարար չափով բարձրացնել գլուխը, համարյա անմիջապես, տեղավորվելուն պես, իրեն շատ հարմար զգաց և միայն այն բանի համար էր ափսոսում, որ մարմինը շատ ավելի լայն էր, որ կարողանար իր նոր թաքստոցում ամբողջովին տեղավորվել»։
Տեսարան III. Գրեգորի քույրը ուտելիքի ընտրանի է բերում։ Նա հեռացնում է կաթի թասը՝ ոչ թե մերկ ձեռքերով, այլ կտորով, քանի որ դրան զզվելի հրեշ է դիպչել։ Սակայն նա խելամիտ էակ է, այդ քույրիկը, և նա մի ամբողջ ընտրանի է բերում՝ փտած բանջարեղեն, հին պանիր, սպիտակ, արդեն պնդացած սոուսով պատված ոսկորներ, և Գրեգորը շտապում է դեպի իր համար պատրաստված խնջույքը։ «Արագ-արագ, իրար հետևից ու գոհունակությունից արտասվակալած աչքերով նա խփշտեց պանիրը, բանջարեղենն ու սոուսը, մինչդեռ թարմ կերակուրները նրա քիմքին չէին գալիս։ Նա մինչև անգամ անկարող էր դիմանալ դրանց հոտին, և այն բաները, որ ուզում էր ուտել, մյուսներինց մի փոքր հեռու տարավ»։ Քույրը դանդաղ պտտում է բանալին փականի մեջ՝ զգուշացնելով, որ նա պետք է հետ քաշվի, և մտնում ու մաքրում է, մինչ կուշտ կերած Գրեգորը, փորձում է թաքնվել բազմոցի տակ։
Տեսարան IV․ Գրետան՝ քույրը, նոր կարևորություն է ստանում։ Այդ նա է կերակրում բզեզին, միայն նա է մտնում նրա որջը՝ հոգոցներ հանելով, երբեմն էլ սրբերին դիմելով․ ախր շատ քրիստոնյա ընտանիք է։ Մի հրաշալի դրվագում խոհարարը ծնկի է գալիս տիկին Զամզայի առջև և խնդրում ազատել իրեն։ Նա արտասվելով շնորհակալություն է ասում Զամզաներին, որ թույլ են տալիս գնալ, կարծես ազատագրված ստրուկ է, և, առանց որևէ մեկի պահանջի, հանդիսավոր երդվում է, որ երբեք ոչ ոքի բառ անգամ չի ասի Զամզաների ընտանիքում տեղի ունեցողի մասին։ «Գրեգորն ամեն օր ստանում էր իր բաժին սնունդը․ առաջին անգամ՝ առավոտյան, երբ ծնողներն ու աղախինը դեռ քնած էին, երկրորդ անգամ՝ տան անդամների ճաշի ժամից հետո, որովհետև ծնողները հետո գնում էին կարճ ժամանակով, իսկ քույրը աղախնին ինչ-որ բան գնելու պատրվակով տեղ էր ուղարկում։ Իհարկե, նրանք էլ չէին ցանկանում, որ Գրեգորը սովից մահանար, բայց երևի նրանք չէին կարողանա դիմանալ նրա սնվելու մասին խոսել-իմանալուց բացի այլ կերպ տեղեկանալուն, իսկ քույրն էլ հավանաբար ցանկանում էր հեռու պահել նրանց այդ տխուր տեսարանից, որովհետև նրանք իրականում բավական տանջվել էին արդեն»։
Տեսարան V. Շատ ծանր տեսարան է։ Պարզվում է, որ Գրեգորի՝ մարդ եղած ժամանակ ընտանիքը նրան խաբել է։ Գրեգորն այդ սարսափելի աշխատանքն այդ մղձավանջային ընկերությունում ստանձնել է՝ ցանկանալով օգնել հորը, որը հինգ տարի առաջ սնանկացել էր։ «Նրանք արդեն սովորել էին դրան․ ինչպես Գրեգորը, այնպես էլ ընտանիքը։ Տանը շնորհը ընդունողի տեսքով վերցնում էին կանխիկ փողը, իսկ ինքը մեծ ուրախությամբ տալիս էր այն, սակայն դրան բնորոշ առանձնահատուկ ջերմությունը չէր զգացվում այլևս։ Միայն քույրն էր Գրեգորին հարազատ մնացել, ու նրա հետ կապված Գրեգորը գաղտնի մտադրություն ուներ․ առանց հաշվի առնելով ահռելի ծախսերը, որ ուսումն էր պատճառելու (դրանք նա ի վիճակի էր այլ կերպ հայթայթել), ուղարկել նրան կոնսերվատորիայում սովորելու, որովհետև քույրը, ի տարբերություն իրեն, երաժշտություն շատ էր սիրում ու կարողանում էր այնպես ջութակ նվագել, որ հուզում էր բոլորին։ Հաճախ, երբ Գրեգորը կարճ ժամանակով քաղաքում էր լինում, քրոջ հետ ունեցած զրույցներում հիշատակում էր կոնսերվատորիան, բայց դա մշտապես հնչում էր սոսկ որպես գեղեցիկ երազանք, ինչի իրականացման մասին հնարավոր չէր մտածել անգամ, որ ծնողներին նույնիսկ տհաճություն էր պատճառում այդ թեմայով խոսակցություններ լսելը։ Մինչդեռ Գրեգորը ամենայն լրջությամբ էր մտածում իր ծրագրի մասին և արդեն մտադիր էր Ծննդյան տոների երեկոյան հանդիսավոր կերպով հայտարարել դա»։ Այժմ Գրեգորը լսում է, թե ինչպես է հայրը բացատրում, որ «անցած օրերից մնացած մի աննշան կարողություն, այնուամենայնիվ, դեռ կար, որ մինչև հիմա ձեռք չտված տոկոսների շնորհիվ արդեն բավական մեծացել էր։ Դրանից բացի փող էլ կար, որ Գրեգորն էր ամեն ամիս տուն բերում․ ինքն իր ծախսերի համար ընդամենը մի քանի դոլար9 էր պահում մոտը, այդ փողն ամբողջովին չէին ծախսել, ու հիմա, թեև փոքր, բայց որոշակի գումար գոյացել էր։ Իր սենյակի դռների հետևում Գրեգորը եռանդով գլխով էր անում՝ ուրախանալով այդ անսպասելի զգուշության ու խնայողության համար։ Իրականում նա ի վիճակի կլիներ այդ ավելցուկ փողերով փակել հոր՝ իր շեֆին ունեցած պարտքերը, և դրանից հետո մոտ կլիներ այն օրը, երբ ինքը կկարողանար ազատվել ստանձնած աշխատանքից, մինչդեռ այս պահին, անկասկած, շատ ավելի լավ կլիներ վարվել այնպես, ինչպես հիմա հայրն էր ներկայացնում»։ Ընտանիքը համարում է, որ այդ գումարը պետք է թողնել որպես հոգեպահուստ, բայց այդ դեպքում ինչպե՞ս հոգալ առօրյա ծախսերը։ Հայրն արդեն հինգ տարի է, ինչ չի աշխատում և դժվար թե ի վիճակի է լուրջ գործի անցնել։ Իսկ Գրեգորի մորը ասթման կխանգարի աշխատել։ «Քո՞ւյրն էր փող վաստակելու, որ, թեև տասնյոթ տարեկան, բայց դեռ երեխա էր, ում մինչայժմյան կյանքը միայն այն էր տվել, որ նա կարողանում էր լավ հագնվել, քնում էր երկար, տան գործերում էր օգնում, մի քանի համեստ հաճույքների էր մասնակցում ու ամենից առաջ ջութակ էր նվագում։ Ու հենց որ խոսքը փող վաստակելու անհրաժեշտության մասին էր լինում, Գրեգորը թողնում էր դուռը, իրեն գցում էր դռան կողքին դրված կաշեպատ ու զով բազմոցին, որովհետև նրան թվում էր, թե այրվում է վշտից ու ամոթից»։
Տեսարան VI․ Նոր հարաբերություններ են սկսվում եղբոր և քրոջ միջև, այս անգամ կապված ոչ թե դռան, այլ պատուհանի հետ։ Գրեգորը «չէր վախենում չարչարանք պատճառող դժվարությունից, բազկաթոռներից մեկը քարշ էր տալիս պատուհանի կողմը, կառչելով բարձրանում էր մինչև պատուհանագոգը և, բազմոցն իրեն հենարան դարձրած, հենվում էր պատուհանին՝ ակնհայտորեն վերհիշելով ազատության պահերը, որ անցած օրերին իր համար եղել էր այն, որ այդպես կանգներ ու դուրս նայեր»։ Գրեգորը կամ Կաֆկան, կարծես Գրեգորի՝ պատուհանին մոտենալու մղումը վերագրում է մարդկային հիշողություններին։ Իրականում դա միջատին բնորոշ հակազդումն է լույսին․ պատուհանագոգերին հաճախ ենք տարատեսակ փոշոտ բզեզներ գտնում՝ մեջքի վրա շրջված ցեց, վիրավոր երկարոտանի մոծակ, անկյունում սարդոստայնի մեջ խճճված խղճուկ մժեղներ, բզզացող ճանճ, որը կռիվ է տալիս պատուհանի ապակու հետ։ Գրեգորի մարդկային տեսողությունը գնալով աղոտվում է, այնպես որ նա այլևս պարզ չի տեսնում նույնիսկ փողոցի այն կողմում գտնվող առարկաները։ (Սակայն եկեք ինքներս էլ չլինենք միջատ։ Եկեք նախ ուսումնասիրենք պատմվածքի յուրաքանչյուր մանրամասնությունը, իսկ ընդհանուր գաղափարն ինքնաբերաբար կնշմարվի, երբ ունենանք բոլոր անհրաժեշտ տվյալները)։ Քույրը չի հասկանում, որ Գրեգորը պահպանել է մարդկային սիրտը, մարդկային զգայունությունը, վայելչության, ամոթի, խոնարհության մասին մարդկային պատկերացումը և պաթետիկ հպարտությունը։ Քույրը նրան սարսափելի վիշտ է պատճառում աղմուկով և շտապողականությամբ, որոնցով բացում է պատուհանը՝ թարմ օդ շնչելու, և չի էլ փորձում թաքցնել զզվանքը, որը առաջացնում է սենյակի անտանելի գարշահոտը։ Նա ոչ էլ Գրեգորին տեսնելիս է թաքցնում իր զգացմունքները։ Մի օր՝ Գրեգորի կերպարանափոխությունից մեկ ամիս անց, «երբ կարելի էր ենթադրել, որ քրոջ համար այլևս ոչ մի առանձնահատուկ պատճառ չպետք է լիներ եղբոր արտաքինը տեսնելուն պարտադրված լինելու դեպքում կարկամել զարմանքից, նա սովորականից շուտ եկավ ու տեսավ, թե ինչպես է Գրեգորը անշարժ ու իր նման կեցվածքով կարծես իրոք վախեցնելու մտադրությամբ պատուհանից դուրս նայում․․․․ Նա մինչև իսկ արագ ետ քաշվեց ու վրա խփեց դուռը։ Եթե օտար մեկը լիներ, հաստատ կարող էր մտածել, թե Գրեգորը դարան է մտել և ուզում է կծել իրեն։ Գրեգորն, իհարկե, առանց ժամանակ կորցնելու թաքնվեց իր բազմոցի տակ, բայց հիմա արդեն հարկ եղավ մինչև ճաշ սպասել, մինչև որ քույրը նորից եկավ։ Եկավ, բայց հիմա արդեն շատ ավելի անհանգիստ էր երևում, քան էր սովորաբար»։ Այսպիսի բաները Գրեգորին ցավ են պատճառում, և ոչ ոք չի հասկանում, թե ինչպիսի ցավ։ Սքանչելի նրբանկատություն ցուցաբերելով՝ քրոջը նողկալի տեսարանից զերծ պահելու համար Գրեգորը մի օր «մեջքի վրա կտավե մի լայն կտոր հարմարեցնելով (դա իրականացնելու համար նա չորս ժամ կորցրեց)՝ տեղափոխեց այն բազմոցի վրա և այնպես ծածկեց, որ հիմա քույրը, եթե նույնիսկ կռանար էլ, իրեն բոլորովին չէր տեսնի․․․․ Գրեգորին թվաց նույնիսկ, թե քրոջ դեմքին երախտագիտության արտահայտություն նկատեց, երբ գլխի աննկատ շարժումով փոքր ինչ ետ տարավ կտորը, որ տեսներ, թե ինչպես էր գնահատում քույրն այդ փոփոխությունը»։
Նկատենք, թե որքան բարի է, որքան լավն է մեր խեղճ փոքրիկ հրեշը։ Բզեզի վերածումն այլանդակել և աղավաղել է նրա մարմինը, բայց միաժամանակ երևան է բերել նրա ողջ մարդկային գրավչությունը։ Նրա բացարձակ անշահախնդրությունը, ուրիշների կարիքների մասին մտահոգությունն այս սարսափելի դրության ֆոնին էլ ավելի են ընդգծվում։ Կաֆկայի տաղանդը հենց այն է, որ նա կուտակում է մի կողմից Գրեգորի՝ միջատի հատկանիշները, միջատի կեցվածքի բոլոր ցավալի մանրամասները, մյուսից՝ ընթերցողի համար վառ ու թափանցիկ պահում Գրեգորի գրավիչ և նուրբ մարդկային էությունը։
Տեսարան VII․ Այս տեսարանում են տեղափոխում կահույքը։ Անցել է երկու ամիս։ Մինչ այժմ նրան միայն քույրն էր այցելում․ բայց Գրեգորն իրեն ասում է՝ քույրս ընդամենը երեխա է, որն ինձ խնամելու հոգսն իր վրա է վերցրել միմիայն մանկական թեթևամտությունից։ Մայրս պետք է որ ավելի լավ հասկանա իրավիճակը։ Եվ ահա յոթերորդ տեսարանում տկար և մտամոլոր ասթմատիկ մայրն առաջին անգամ մտնում է նրա սենյակը։ Կաֆկան խնամքով է նախապատրաստում այս տեսարանը։ Գրեգորը սովորություն է դարձրել հանգստանալու համար պատերի և առաստաղի վրա քայլելը։ Դա բզեզին հասանելի խղճուկ երանության գագաթնակետն է։ «Քույրը անմիջապես նկատել էր նոր զբաղմունքը, որ Գրեգորն էր իր համար հնարել։ Երբ նա պատերի ու առաստաղի վրայով այսուայնկողմ էր սողում, տոտիկների բարձիկներից կպչուն նյութի հետքեր էին մնում ամեն տեղ, այնպես որ, դրանց տեսքից դրդված՝ քույրը գլուխն էր մտցրել առավելագույնս հեշտացնել Գրեգորի՝ սողալով շարժվելու աշխատանքը և նրա սենյակից հեռացնել խանգարող կահույքը, առաջին հերթին պահարանն ու գրասեղանը»։ Այսպիսով, մայրը ներս է թողնվում՝ օգնելու տեղափոխել կահույքը։ Որդուն տեսնելու ոգևորության բացականչությամբ մոտենում է նրա դռանը․ անպատեհ և մեքենայական ռեակցիա, որն ապա փոխվում է որոշակի լռության, երբ մտնում է առեղծվածային հարկաբաժինը։ «Քույրն առաջին հերթին, իհարկե, նախ զննեց՝ արդյոք սենյակում ամեն ինչ կարգին է, և հետո միայն թույլ տվեց, որ մայրը ներս մտնի։ Գրեգորը աճապարանքով, կտավի կտորն ավելի էր ցած քաշել ու ծալքեր էր գոյացրել, այնպես որ այդ ամենը իսկապես այն տպավորությունն էր թողնում, թե կտորը պատահաբար է բազմոցին գցված։ Գրեգորն այս անգամ էլ բաց թողեց կտորի տակից հետևելու պատեհությունը, հրաժարվեց այս անգամ մորը տեսնելու մտքից և սոսկ գոհ էր, որ նա պարզապես եկել էր։ «Արի, արի։ Նա չի երևում», — ասաց քույրը։ Հիմա նա հաստատ բռնել էր մոր ձեռքն ու առաջնորդում էր նրան»։
Կանայք չարչարվելով տեղաշարժում են կահույքը, մինչև մայրը մի մարդկային՝ միամիտ, բայց բարի, տկար, բայց զգացմունքից ոչ զուրկ միտք է արտահայտում․ «Մի՞թե այնպես չի ստացվում, որ մենք կահույքը հեռացնելով ցույց կտանք, թե նրա վիճակի բարելավման հետ կապված ամեն տեսակ հույսից ձեռք են քաշել ու հիմա նրան անտեր-անտիրական թողել ենք՝ իր հույսին մնա։ Կարծում եմ, որ լավագույն ելքը կլինի, եթե փորձենք սենյակը այն նույն վիճակում պահել, ինչպես որ նախկինում է եղել, որպեսզի Գրեգորը, երբ որ կրկին մեզ մոտ վերադառնա, ամեն ինչ իր նախկին տեսքով գտնի և այդպիսով ավելի հեշտ կարողանա մոռանալ ընթացքում կատարվածը»։ Գրեգորի մեջ երկու հույզեր են պայքարում։ Բզեզին հարմար է սողալ մերկ պատերով դատարկ սենյակում։ Նրան ընդամենը մի ճեղք էր պետք թաքնվելու համար՝ իր անփոխարինելի բազմոցի տակ։ Նա կարիքը չուներ մարդկային հարմարությունների և հարդարանքների։ Սակայն մոր ձայնը նրան հիշեցնում է իր մարդկային անցյալի մասին։ Ցավոք, քույրը տարօրինակ ինքնավստահություն է ձեռք բերել և սովորել իրեն համարել Գրեգորին վերաբերող հարցերի մասնագետ՝ ի հակադրություն ծնողների։ «Հնարավոր է, որ նման որոշում կայացնելու հարցում հասակակից աղջիկներին բնորոշ խանդավառ խառնվածքը ևս իր դերն ուներ․ որը ամեն մի առիթով ձգտում էր բավարարում գտնել, և այդ էր պատճառը, որ տվյալ պահին Գրետային հենց նման որոշում կայացնելու էր գայթակղում, որպեսզի Գրեգորի վիճակը ավելի սարսափազդու դարձներ, որպեսզի հետագայում նրա համար ավելի շատ բաներ անել կարողանար, քան մինչև հիմա էր անում»։ Հետաքրքիր նկատառում է․ տիրատենչ քույրը, հեքիաթների ուժեղ քույրը, հիմար ընտանիքը ղեկավարող ճարպիկ քույրը, Մոխրոտի հպարտ քույրերը, առողջության, երիտասարդության, փթթող գեղեցկության խորհրդանիշը՝ աղետի և փոշու տանը։ Նրանք ի վերջո որոշում են սենյակից դուրս հանել իրերը, բայց մեծ դժվարության են հանդիպում պահարանը տեղափոխելիս։ Գրեգորն ահավոր խուճապի մեջ է։ Նա այդ պահարանում էր պահում իր նրբասղոցը, որով բաներ էր սարքում ազատ ժամանակ․ դա նրա միակ հոբբին էր։
Տեսարան IX․ Չնայած Գրետայի ջանքերին՝ մայրը նկատում է Գրեգորին՝ «պատի ծաղկավոր պաստառի վրայի հսկայական գորշ հետքը, ու մինչ նրա գիտակցությանը կհասներ, որ պատին տեսածը Գրեգորն է, խռպոտաձայն ճիչով աղաղակեց՝ «Ախ Աստված իմ, ախ Աստված իմ», ու ձեռքերը լայն տարածած, կարծես հրաժարվում էր իր տեսած և ունեցած ամեն ինչից, փուլ եկավ բազմոցին ու այլևս չշարժվեց։ «Գրեգո՛ր», — բռունցքը վեր պահած ու համառ հայացքով նրան նայելով՝ բղավեց քույրը։ Եղբոր կերպարանափոխությունից հետո առաջին բառերն էին դրանք, որ նա անմիջապես նրան էր ուղղել։ Նա վազեց կողքի սենյակը ինչ-որ հեղուկ բերելու, որ կկարողանար մորն ուշքի բերել։ Գրեգորը ևս ցանկանում էր օգնել․ նկարը փրկելու համար նա դեռ բավական ժամանակ ուներ։ Բայց նա անչափ ամուր էր կպել ապակուն և պետք է ուժ գործադրեր, որ կարողանար պոկ գալ։ Ապա նա ևս վազեց կողքի սենյակը, կարծես կարող էր քրոջը որևէ խորհրդով օգնել, ինչպես որ նախկինում էր եղել, մինչդեռ իրականում միայն անգործ կանգնել էր նրա թիկունքում, մինչ քույրը տարբեր սրվակներ էր վերցնում-դնում, ու դեռ մի բան էլ վախեցրեց նրան, երբ քույրը շրջվեց։ Սրվակներից մեկն ընկավ հատակին ու փշրվեց, բեկորը վնասեց Գրեգորի դեմքը, այրող հատկության ինչ-որ հեղուկ հոսեց նրա դեմքի վրայով։ Առանց լռվել-մնալու՝ Գրետան այնքան սրվակ վերցրեց, որքան կարող էր հետը տանել, ու դրանց հետ նետվեց մոր մոտ՝ դուռը ոտքով արագ վրա խփելով։ Գրեգորը հիմա զատված էր մորից, որը հաստատ իր մեղքով էր այս պահին հավանաբար մահվան դուռը հասել։ Նրան չէր կարելի բացել դուռը, եթե, իհարկե, չէր ուզում այնտեղից քշել քրոջը, որը հիմա պետք է մոր կողքին լիներ։ Հիմա նրան սպասելուց բացի ուրիշ ոչինչ չէր մնացել։ Ինքնիրեն նախատելով ու մտահոգ՝ նա սկսեց սողալ սենյակում․ սողաց ամեն ինչի վրայով՝ պատերի, կահույքի, առաստաղի վրայով անցավ ու ի վերջո՝ հուսահատ, երբ ամբողջ սենյակը սկսեց պար գալ նրա շուրջը, ընկավ լայն սեղանի ուղիղ մեջտեղը»։ Փոխվում են ընտանիքի անդամների տեղադրությունները։ Մայրը (բազմոցին) և քույրը մեջտեղի սենյակում են․ Գրեգորը ձախ կողմի սենյակի անկյունում է. Շուտով հայրն է գալիս տուն և մտնում հյուրասենյակ։ «Նա վազ տվեց դեպի իր սենյակի դուռը, և այնպես սեղմվեց դրան, որ հայրը միջանցք մտնելու պահից արդեն կարողանար անմիջապես հասկանալ, որ Գրեգորը լավագույն մտադրությամբ է այստեղ, որ ցանկանում է անմիջապես իր սենյակը վերադառնալ, և որ անհրաժեշտություն չկա նրան ետ քշել, այլ անհրաժեշտ է ընդամենը բացել դուռը, և ինքը իսկույն կանհետանա»։
Տեսարան X․ Հիմա գալիս է խնձորների նետման տեսարանը։ Գրեգորի հայրը փոխվել է և այժմ հասել է իր հզորության գագաթնակետին։ Եթե ժամանակին նա հոգնած մխրճված էր անկողնում և հազիվ էր ձեռքը բարձրացնում ողջույնի համար, իսկ դրսում մի կերպ էր ոտքերը քարշ տալիս՝ կեռակոթ ցուպի վրա հենված, ապա «հիմա բավականին պինդ տեսք ուներ։ Հագին դեղին կոճակներով կապույտ կիպ համազգեստ էր, ինչպիսիք բանկային հաստատությունների ծառայողներն էին հագնում։ Պատմուճանի բարձր ու ձիգ օձիքի վրա ծավալվում էր նրա մսեղ կրկնակզակը, խճճված հոնքերի տակից թափանցում էր սև աչքերի զվարթ ու ուշադիր հայացքը, սովորաբար խռիվ ճերմակ մազերը հերաբաժանով բծախնդրորեն կիսված ու սղալած-փայլեցված էին։ Նա գլխարկը, որի վրա ոսկետառ միացագիր կար և հավանաբար բանկի անունն էր ներկայացնում, ամբողջ սենյակով մեկ կորագծով զայրացած նետեց բազմոցին և ծառայողի իր երկար պատմուճանի փեշերը ետ տարած, ձեռքերը տաբատի գրպանները դրած մռայլադեմ քայլեց Գրեգորի կողմը։ Նա ինքն էլ հաստատ չգիտեր, թե ինչ էր մտքինը, բայց ոտքերն անհավատալիորեն վեր էր բարձրացնում, և Գրեգորը զարմացած էր նրա կոշիկների այդքան խոշոր ներբաններից»։
Ինչպես միշտ, Գրեգորին չափազանց հետաքրքրում են մարդկանց ոտքերի, նրանց մեծ, հաստ ոտնաթաթերի շարժումները, որոնք այնքան տարբերվում են իր թարթափող վերջույթներից։ Կրկնվում է դանդաղեցված շարժման թեման (կառավարիչը հետ-հետ սահելով ընկրկում էր դանդաղ շարժման մեջ)։ Այժմ հայրը և որդին դանդաղ պտույտներ են անում սենյակում․ ողջ գործողությունն այնքան դանդաղ է կատարվում, որ քիչ նման է հետապնդման։ Իսկ հետո հայրը սկսում է Գրեգորի վրա նետել հյուրա-ճաշասենյակում գտնված միակ արկը՝ խնձորները, փոքր կարմիր խնձորները, և Գրեգորը հետ է քշվում դեպի մեջտեղի սենյակը, դեպի բզեզի գոյության սիրտը։ «Առանց նշան բռնելու նետված խնձորներից մեկը ձաղկեց Գրեգորի մեջքը, սակայն վնաս չպատճառելով՝ ընկավ հատակին, մինչդեռ դրան հաջորդած խնձորը իսկապես խրվեց մեջքը։ Գրեգորը փորձեց առաջ տանել մարմինը, կարծես թե անսպասելի, անհավատալի ցավը կարող էր տեղը փոխելու հետ անցնել, սակայն նրան թվում էր, թե մեխված է տեղում ու կատարյալ շփոթության մեջ ուշաթափվեց։ Միայն մի վերջին հայացքով նա դեռ նկատեց, թե ինչպես բացվեց իր սենյակի դուռը, և ճչացող քրոջից առաջ ընկած մայրը շտապեց իր կողմը։ Նրա մարմնի վերևի մասը միայն մի շապիկ էր ծածկում, որովհետև քույրը հանել էր շորերը, որպեսզի նրան իր շնչահեղձության մեջ շնչելու հնարավորություն տար, ապա տեսավ, թե ինչպես մայրը նետվեց հոր կողմը, և ճամփին արձակված փեշերը մեկը մյուսի ետևից սահում էին գետնին, ու նա շտապում էր՝ դրանց մեջ խճճվելով։ Գրեգորը հասցրեց նկատել, թե ինչպես մայրը առաջ մղվեց հոր կողմը և նրան գրկելով, նրա հետ մեկ մարմին կազմած, հոր ծոծրակը ափերի մեջն առած խնդրում էր նրան խնայել Գրեգորի կյանքը»։ Սա երկրորդ մասի վերջն է։
Ամփոփենք իրավիճակը։ Քույրն սկսել է բացահայտ թշնամանք դրսևորել եղբոր հանդեպ։ Նա գուցեև երբևէ սիրել է նրան, բայց հիմա վերաբերվում է զզվանքով և զայրույթով։ Տիկին Զամզայի մեջ ասթման պայքարում է հույզերի հետ։ Նա բավականին մեխանիկական մայր է՝ որդու հանդեպ տածած մեխանիկական սիրով, սակայն շուտով մենք կտեսնենք, որ նա էլ պատրաստ է որդուց հրաժարվելու։ Հայրը, ինչպես արդեն նշեցի, հասել է տպավորիչ զորության և դաժանության որոշակի գագաթնակետի։ Նա ամենասկզբից էլ ցանկանում է ֆիզիկական վնաս հասցնել իր անօգնական որդուն, և այժմ նրա նետած խնձորը խրվել է խեղճ բզեզ Գրեգորի մարմնի մեջ։
ՄԱՍ ԵՐՐՈՐԴ
Տեսարան I․ «Գրեգորի ծանր վերքը, որ մոտ մի ամիս տանջեց նրան — ոչ ոք չէր համարձակվում հեռացնել խնձորը, իբրև տեսանելի հիշատակ այն խրվել էր մսի մեջ — թվում էր, թե հորն էլ էր հիշեցնում այն մասին, որ, անկախ իր ունեցած ներկայիս տխրեցնող ու զզվանք պատճառող տեսքից, Գրեգորը ընտանիքի անդամ էր, ում ոչ մի դեպքում չէր կարելի իբրև թշնամու վերաբերվել, այլ նրա հանդեպ ընտանիքի անդամին վայել պատվիրանն էր գործում ու պարտադրում էր, որ հարկավոր է զզվանքը կուլ տալ ու հանդուրժել ընտանիքի անդամին․ միմիայն հանդուրժել և ուրիշ ոչինչ»։ Կրկին հայտնվում է դռների թեման․ Գրեգորի մութ սենյակից դեպի լուսավորված հյուրասենյակ տանող դուռը երեկոյան բաց են թողնում։ Բարդ իրավիճակ է։ Նախորդ տեսարանում հայրը և մայրը հասել էին իրենց էներգիայի ամենաբարձր կետին․ հայրն իր շքեղ համազգեստը հագին նետում էր փոքր կարմիր ռումբեր՝ պտղաբերության և տղամարդկության խորհրդանիշերը, իսկ մայրը, չնայած թույլ բրոնխներին, կահույք էր տեղափոխում։ Վերելքից հետո, սակայն, գալիս է անկում, թուլացում։ Թվում է, թե հայրն ինքը քայքայվելու և փխրուն բզեզի վերածվելու եզրին է։ Բաց թողնված դռան միջով կարծես տարօրինակ հոսանք է անցնում։ Գրեգոր-բզեզի հիվանդությունը տարածվում է, կարծես հորն են փոխանցվել նրա թուլությունը, գորշությունը, կեղտը։ «Ընթրիքից շատ չանցած՝ հայրը շուտով ննջում էր իր բազկաթոռի մեջ, մայրն ու քույրը զգուշացնում էին իրար, որ կամաց խոսեն, մայրը, լույսի տակ խոր կռացած, նուրբ սպիտակեղեն էր կարում նորաձևության ինչ-որ սրահի համար, քույրը, որ վաճառողուհու հաստիք էր ստացել, իրիկունները սղագրություն և ֆրանսերեն էր սովորում, որպեսզի ավելի ուշ, հնարավորություն առաջանալու դեպքում ավելի բարձր պաշտոն ստանար։ Հայրը երբեմն արթնանում էր և, կարծես, անտեղյակ էր, թե քնած էր եղել, դիմում էր մորը․ «Այսօր ինչքան էլ երկար ես կարում», — ասում էր նա, ապա նորից էր աչքը խփում, իսկ մայրն ու քույրը հոգնած ժպտում էին միմյանց»։
«Յուրօրինակ համառությամբ հայրը հակառակվում էր անգամ տանը հագից հանել ծառայողի իր համազգեստը, ու մինչ նրա քնազգեստը աննպատակ կախ ընկած մնում էր զգեստի կախիչից, հայրը շորերը հագին դանթում էր իր տեղում՝ կարծես ցույց տալով, թե ինքը միշտ պատրաստ է կատարելու իր պարտականությունը և անգամ այստեղ է սպասում իր ղեկավարի կարգադրությանը։ Նման պահվածքի հետևանքով արդեն ի սկզբանե ոչ նոր համազգեստը, հակառակ մոր ու քրոջ՝ այն մաքուր պահելու հոգածությանը, կորցրել էր իր մաքրությունը, և Գրեգորը երեկոներ շարունակ իր աչքի առաջ տեսնում էր կեղտաբծերով ծածկված, բայց միշտ իր դեղին կոճակներով փայփլող հանդերձը, որոնցով ծեր մարդը թեև ոչ այնքան հարմար, բայց հանգիստ քնած էր։ Հայրը, չնայած մոր և քրոջ հորդորներին, միշտ հրաժարվում էր անկողին մտնել, երբ արդեն ժամանակն էր, մինչև ի վերջո կանայք նրան բռնում էին թևատակերից ու բարձրացնում աթոռից, «և հենվելով երկու կանանց վրա՝ անվարժ վեր էր կենում տեղից, կարծես հենց ինքն էր իր համար մեծագույն բեռը, թողնում էր, որ երկուսով ուղեկցեն իրեն մինչև իր սենյակի դռները, այնտեղ ազատվում էր նրանց ուղեկցությունից ու ինքնուրույն էր շարունակում իր ընթացքը, իսկ մայրը շտապ մի կողմ էր թողնում իր կարը, քույրը՝ իր գրիչը, որ վազեին հոր ետևից ու այնտեղ էլ օգնեին իրեն»։ Հոր համազգեստը սկսում է մեծ, բայց փոքր-ինչ փայլը կորցրած կոյաբզեզի պատյան հիշեցնել։ Նրա՝ աշխատանքից ուժասպառ եղած հարազատները պիտի սենյակից սենյակ տեղափոխեն նրան և պառկեցնեն անկողին։
Տեսարան II. Զամզաների ընտանիքի քայքայումը շարունակվում է։ Նրանք աշխատանքից ազատում են երիտասարդ սպասուհուն և ընդունում ավելի էժան աղախնի՝ ահռելի, հաստոսկր էակի, որն ամենածանր աշխատանքներն է կատարելու։ Պետք է հիշեք, որ 1912-ին Պրահայում շատ ավելի դժվար էր մաքրել և եփել, քան 1954-ին Իթաքայում։ Նրանք ստիպված են տարբեր ընտանեկան զարդեր վաճառել։ «Ամենամեծ դժվարությունը, սակայն, այն էր, որ ընտանիքը չէր կարողանում ներկա պայմանների համար անչափ մեծ բնակարանը թողնել, որովհետև հնարավոր չէր մտածել, թե ինչպես էր կարելի Գրեգորին տեղափոխել։ Սակայն Գրեգորը շատ էլ լավ տեսնում էր, որ բնակարանը փոխելուն խանգարող պատճառը միայն ինքը չէր, որովհետև իրեն կարող էին օդափոխման մի քանի անցք ունեցող մեծ արկղի մեջ դրած տեղափոխել, իսկ այն, ինչը ընտանիքին ետ էր պահում բնակարանը փոխելու մտքից, ավելի շուտ կատարյալ հուսակտուր վիճակն էր և այն միտքը, թե իրենք այնպիսի դժբախտությունից են տանջվում, ինչպիսին դեռ ոչ ոք չէր տեսել իրենց ծանոթ-բարեկամներից»։ Ընտանիքի յուրաքանչյուր անդամ մտածում է բացառապես իր մասին․ օրվա պարտականությունները կատարելուց հետո որևէ այլ բանի ուժ չի մնում։
Տեսարան III. Մարդկային վերջին հիշողություններից մեկը Գրեգորի մտքին է գալիս՝ ընտանիքին օգնելու դեռ կենդանի մղումով դրդված։ Նա անգամ աղոտ հիշում է իր սիրեցյալներին, «բայց փոխանակ օգնեին իրեն ու իր ընտանիքին, միանգամայն անհասանելի էին, և Գրեգորը գոհ էր մնում, երբ նրանք նորից անհետանում էին»։ Այս տեսարանը գլխավորապես նվիրված է Գրետային, որն այժմ հստակորեն պատմվածքի բացասական կերպարն է։ «Հիմա այլևս առանց շատ մտմտալու, թե ինչով էր կարելի Գրեգորին առանձնահատուկ հաճույք պատճառել, քույրը հապճեպ, նախքան առավոտյան ու կեսօրին գործի վազելը, ոտքով որևէ մի բան էր հրում Գրեգորի սենյակը, որպեսզի ավելի ուշ՝ երեկոյան, միանգամայն անտարբեր արդեն, թե իր տված կերը փորձվել էր գոնե, թե բոլորովին ձեռք չէր տվել, ինչը վերջերս ավելի հաճախ էր պատահում, ավելի մի հարվածով հավաքեր-թափեր։ Սենյակը մաքրելը, որ հիմա արդեն միայն երեկոյան ժամերին էր արվում, այլևս հնարավոր չէր ավելի արագ անել։ Պատերի երկայնքով աղբի երիզներ էին ձգվում, այսուայնտեղ փոշու և կեղտի գնդիկներ էին ընկած։ Սկզբի օրերին, երբ քույրը գալիս էր, Գրեգորը այնպիսի մի երևացող անկյունում էր դիրք գրավում, որ նրան իր կանգնած տեղից հասկացներ իր դժգոհությունը։ Բայց նա թեկուզ շաբաթներով էլ մնար այնտեղ կանգնած, քրոջ վերաբերմունքն ամենևին էլ չէր փոխվի․ կուտակված աղբը նա տեսնում էր այնպես, ինչպես որ Գրեգորն էր տեսնում, սակայն հենց ինքն էլ մտադրվել էր եղածն այդպես թողնել։ Ընդ որում, քույրը իր համար միանգամայն նոր զգացողություն էր ձեռք բերել, որ Գրեգորի սենյակը հավաքելը զուտ իր իրավասությունն է մնում»։ Մի անգամ, երբ մայրը հիմնովին մաքրում է սենյակը մի քանի դույլ ջրով (խոնավությունը տհաճ է Գրեգորի համար), գրոտեսկային ընտանեկան վեճ է առաջանում։ Քույրը պոռթկում է ջղաձիգ լացով, մինչ ծնողները անօգնական զարմանքով նայում են նրան, «մինչև որ սկսեցին արձագանքել․ աջից հայրն էր նախատում մորը, որ նա Գրեգորի սենյակը մաքրելու գործը աղջկան չէր թողել, ձախից Գրետան էր ճչում, թե ինքն այլևս ոտք չի դնի Գրեգորի սենյակն ու չի հավաքի այնտեղ, իսկ մայրը փորձում էր հորը (նա այնքան հուզված էր, որ չգիտեր ինչ անել) ննջասենյակ տանել, քույրը, հեծկլտալուց ցնցվելով, փոքրիկ բռունցքներով թմբկահարում էր սեղանը, իսկ Գրեգորը զայրույթից ֆշշացնում էր, որ ոչ մեկի մտքով չէր անցնում դուռը վրա դնել ու խնայել իրան այդ տեսարանից ու աղմուկից»։
Տեսարան IV. Հետաքրքրական հարաբերություններ են հաստատվում Գրեգորի և հաստոսկր աղախնի միջև, որին Գրեգորն ամենևին չի վախեցնում, այլ ավելի շուտ զվարճացնում է։ «Հլը մի ստեղ արի, կեղտի բզեզ», ասում է նա։ Իսկ դրսում անձրև է գալիս․ հավանաբար, գարնան գալու առաջին նշանն է։
Տեսարան V. Ժամանում են կենվորները՝ երեք մորուքավոր վարձաբնակները, որոնք մեծ սեր ունեն կարգապահության նկատմամբ։ Սրանք մեխանիկական էակներ են․ մորուքը պատկառելիության դիմակ է, լուրջ տեսքով այս պարոնայք իրականում անպիտան սրիկաներ են։ Այս տեսարանում մեծ փոփոխություններ են տեղի ունենում բնակարանում։ Կենվորները տեղավորվում են ծնողների ննջարանում՝ բնակարանի ձախ ծայրին՝ հյուրերի կացարանում, որը Գրեգորի սենյակի աջ կողմում է, իսկ Գրետան ստիպված է քնել հյուրասենյակում և այժմ չունի իր առանձին սենյակը, քանի որ կենվորները հյուրասենյակում են ճաշում և անցկացնում իրենց երեկոները։ Ավելին, երեք մորուքավոր կենվորներն այս կահավորված բնակարանն են բերել սեփական կահույքը։ Նրանք սատանայական սեր են տածում մակերեսային կոկիկության հանդեպ, և բոլոր այն իրերը, որոնք նրանց պետք չեն, տեղափոխվում են Գրեգորի սենյակ։ Եթե երկրորդ մասի 7-րդ տեսարանում փորձ արվեց ամեն ինչ դուրս հանել Գրեգորի սենյակից, ապա հիմա տեղի է ունենում հակառակը։ Այն ժամանակ կահույքի տեղատվություն էր, հիմա՝ մակընթացություն, նավից դուրս շպրտված բեռը հետ է լողում, հազար ու մի քուրջ ու փալաս է լցվում սենյակ, և հետաքրքիր է, որ Գրեգորը, թեև շատ հիվանդ բզեզ է (խնձորից վերքը թարախակալել է, և նա սովի է մատնված), յուրօրինակ հաճույք է ստանում փոշոտ հնոտիքի միջև սողալուց։ Երրորդ մասի հինգերորդ տեսարանում, որտեղ կատարվում են բոլոր փոփոխությունները, ցույց է տրվում, թե ինչպես են փոխվել ընտանեկան ճաշկերույթները։ Մորուքավոր ռոբոտների մեխանիկական շարժմանը համապատասխանում են Զամզաների ավտոմատ ռեակցիաները։ Կենվորները «նստեցին սեղանի վերևում, ուր նախկինում հայրը, մայրը և Գրեգորն էին նստում հաց ուտելիս, բացեցին անձեռոցիկներն ու ձեռքերն առան դանակ-պատառաքաղները։ Դռան մեջ անմիջապես հայտնվեց մսով լի ամանը ձեռքին մայրը, իսկ անմիջապես նրանից հետո քույրը՝ կարտոֆիլով ափսեով։ Կերակուրից թանձր գոլորշի էր բարձրանում։ Կենվորները կռացան իրենց դիմաց դրված ափսեների վրա, կարծես միտք ունեին ուտելուց առաջ ստուգել դրանք, և իսկապես, նրանցից մեկը, որ մեջտեղն էր նստած և մյուս երկուսի համար հեղինակություն էր համարվում, կտրատեց միսը հենց ամանի մեջ, որ տեսներ՝ արդյոք բավական փափուկ է, թե հարկ կլինի ետ ուղարկել խոհանոց։ Նա գոհ էր, մայրն ու քույրը, որ լարված նայում էին ու սպասում, սկսեցին խորը շունչ քաշելով ժպտալ»։ Հիշենք Գրեգորի սուր, նախանձով լի հետաքրքրությունը մեծ ոտքերի նկատմամբ․ այժմ անատամ Գրեգորին հետաքրքրում են ատամները։ «Գրեգորի համար տարօրինակ էր, որ ուտելու ժամանակ հնչող բոլոր տեսակի ձայներից միայն նրանց ծամող ատամների կրճտոցն էր լսում, կարծես դրանով Գրեգորին ցույց տային, որ ուտելու համար հարկավոր է ատամ ունենալ, և եթե նույնիսկ գեղեցկագույն, բայց անատամ ծնոտներ ունենաս, ոչինչ չես կարողանա անել։ «Համա թե ախորժակ ունեմ», — մտահոգ մրմնջում էր Գրեգորը։ — Բայց սիրտս նման բան չէ, որ ուզում է։ Հապա մի տես, թե այս կենվորներն ինչպես են այստեղ սնվում, իսկ ես մահանում եմ»։
Տեսարան VI․ Այս հոյակապ երաժշտական տեսարանում կենվորները լսում են, թե ինչպես է Գրետան ջութակ նվագում խոհանոցում, և մեքենայաբար արձագանքելով երաժշտության ժամանցային նշանակությանը՝ առաջարկում են, որ նա նվագի իրենց համար։ Երեք տնվորներն ու երեք Զամզաները հավաքվում են հյուրասենյակում։
Չցանկանալով նեղացնել երաժշտասերներին՝ ուզում եմ այդուհանդերձ նկատել, որ ընդհանուր առումով երաժշտությունը, ինչպես այն ընկալվում է սպառողների կողմից, պատկանում է արվեստի ավելի պրիմիտիվ, ավելի կենդանական տեսակի, քան գրականությունը և գեղանկարչությունը։ Նկատի ունեմ երաժշտությունը որպես ամբողջություն, ոչ թե անհատական ստեղծագործության, երևակայության և կոմպոզիցիայի առումով, որոնք բոլորը մրցում են գրականության և գեղանկարչության հետ, այլ միջին վիճակագրական ունկնդրի վրա թողած ազդեցության առումով։ Մեծ կոմպոզիտորը, մեծ գրողը, մեծ նկարիչը եղբայրներ են։ Սակայն ես կարծում եմ, որ այն ազդեցությունը, որ երաժշտությունն է ունենում ունկնդրի վրա իր ընդհանրացված և պրիմիտիվ ձևով, ավելի ցածր որակի է, քան այն ազդեցությունը, որ ունենում է միջակ գիրքը կամ միջակ նկարը։ Հատկապես նկատի ունեմ որոշ մարդկանց վրա երաժշտության, օրինակ՝ ռադիոյի կամ ձայնագրությունների հանգստացնող, օրորող, բթացնող ազդեցությունը։
Կաֆկայի հեքիաթում ընդամենը մի աղջիկ ջութակ է ճնկճնկացնում, և սա ստեղծագործությունում համապատասխանում է այսօրվա մեխանիկական, հոսանքին միացված երաժշտությանը։ Կաֆկան երաժշտության հանդեպ հենց այն էր զգում, ինչ հենց նոր նկարագրեցի՝ դրա հիմարացնող, թմրեցնող, կենդանական հատկությունը։ Նրա այս վերաբերմունքը պետք է անպայման հաշվի առնել, երբ թարգմանվում է կարևոր մի նախադասություն, որը թարգմանիչները հաճախ սխալ են հասկանում։ «Գուցե, իրոք, նա ընդամենը մի անասուն էր, որ այդ աստիճան տարվել էր երաժշտությամբ»։ Այսինքն՝ մարդ եղած ժամանակ նա այդքան էլ չէր սիրում այն, բայց այս տեսարանում, որպես բզեզ, նա չի կարողանում դիմադրել․ «նրան թվում էր, թե իր առաջ բացվել է դեպի երազած անծանոթ կերակուրները տանող ճանապարհը»։ Տեսարանը հետևյալն է։ Գրեգորի քույրը սկսում է նվագել կենվորների համար։ Քրոջ կատարումը գրավում է Գրեգորին, և նա գլուխն առաջ է բերում դեպի հյուրասենյակ։ «Նա չէր զարմանում, որ վերջին ժամանակներում սակավ ուշադրություն էր դարձնում շրջապատում եղածների վրա, մինչդեռ նախկինում այդ նրբանկատությունը նրա հպարտության առարկան էր։ Մինչդեռ հենց հիմա էր հարկավոր, որ նա չերևար մարդկանց աչքին, որովհետև փոշու պատճառով, որ իր սենյակում համատարած նստած էր ու մի թեթև շարժումից պար էր գալիս օդում, ինքն էլ էր ամբողջովին փոշեկոլոլ։ Տարբեր տեսակի թելեր, մազեր, կերակուրի մնացորդներ էր քարշ տալիս նա իր մեջքին ու կողերին, մյուսների հանդեպ իր զգացած անտարբերությունը անչափ մեծ էր, որ նախկինի նման օրվա մեջ մի քանի անգամ պառկեր գորգին ու քերվեր։ Անկախ իր ներկայիս վիճակից՝ նա չերկյուղեց հյուրասենյակի անթերի փայլեցրած հատակի վրա մի քանի քայլ առաջ գալ»։ Սկզբում նրան ոչ ոք չի նկատում։ Հիասթափված կենվորները, որոնք ակնկալում էին լավ կատարում լսել, պատուհանի մոտ խմբված շշուկով խոսում էին և սպասում երաժշտության դադարելուն։ Իսկ Գրեգորի կարծիքով քույրը շատ գեղեցիկ էր նվագում։ Նա «մի փոքր էլ առաջ սողաց ու գլուխը սեղմեց հատակին, որ հնարավորության դեպքում կարողանար բռնել քրոջ հայացքը։ Գուցե, իրոք, նա ընդամենը մի անասուն էր, որ այդ աստիճան տարվել էր երաժշտությամբ։ Նրան թվում էր, թե իր առաջ բացվել է դեպի երազած անծանոթ կերակուրները տանող ճանապարհը։ Նա մտադիր էր ընդհուպ մինչև քույրը սողալ, նրա փեշից քաշել ու հասկացնել դրանով, որ նա իր սենյակը գա, որովհետև այստեղ գտնվողներից ոչ ոք այնպես չէր գնահատի այդ երաժշտությունը, ինչպես ինքը կկարողանար գնահատել։ Ինքն այլևս չէր թողնի, որ քույրը երբևէ դուրս գար սենյակից, գոնե այնքան ժամանակ, քանի դեռ ինքը ողջ էր, իր սարսափելի տեսքը կարող էր առաջին անգամ պիտանի լինել իրեն։ Նա միաժամանակ կանգնած կլիներ իր սենյակի բոլոր դռների մոտ ու ներս մտնող համարձակվողների վրա կֆշշացներ, իսկ քրոջը հարկ չէր լինի ստիպողաբար մնալ սենյակում, այլ ինքնակամ, նա կնստեր իր կողքին, բազմոցին, գլուխը իր կողմը թեքած, և այդ պահերին ինքը կհավաստիացներ նրան, որ հաստատ մտադրություն է ունեցել նրան կոնսերվատորիա ուղարկելու, ու եթե այս ընթացքում պատահած դժբախտությունը չլիներ, ապա ինքը դեռ անցած Ծննդյան տոներին, — Ծննդյան տոները իրոք արդեն անցել են, չէ՞ — ինքը հայտարարած կլիներ իր մտադրության մասին՝ առանց որևէ առարկություն ընդունելու։ Իր այդ բացատրությունից հետո քույրը հուզմունքից արցունքներ կթափեր, իսկ Գրեգորը կբարձրանար մինչև նրա ուսերն ու կհամբուրեր նրա պարանոցը, որը քույրը խանութում աշխատել սկսելու օրվանից ժապավենից ազատ էր պահում ու օձիք էլ չէր կրում»։
Հանկարծ մեջտեղի կենվորը տեսնում է Գրեգորին, բայց հայրը, փոխանակ Գրեգորին դուրս քշի, փորձում է հանգստացնել կենվորներին և (կատարելով իր նախորդ գործողությունների հակառակը)՝ «փորձեց տարածված ձեռքերով հեռացնել նրանց իրենց սենյակը, միաժամանակ նաև իր մարմնով խանգարել, որ նրանք Գրեգորի կողմը նայեին։ Այս պահին արդեն նրանք իսկապես փոքր-ինչ զայրացան, սակայն ընդհանրապես պարզ չէր՝ արդյոք պատճառը հոր պահվա՞ծքն էր, թե՞ միայն հիմա գիտակցված բացահայտումը, որ առանց տեղյակ լինելու իրենք իրենց կողքին Գրեգորի պես հարևան են ունեցել։ Նրանք հորից սկսեցին բացատրություններ պահանջել, իրենք էլ իրենց կողմից բարձրացրին ձեռքերը, սկսեցին անհանգիստ քաշքշել իրենց մորուքները և միայն դանդաղ տեղի տալով՝ քաշվեցին իրենց սենյակը»։ Քույրը շտապում է կենվորների սենյակ և արագ հարդարում նրանց անկողինները, սակայն «Զգացվում էր, որ հայրն այն աստիճան է համակված սեփական համառությամբ, որ մոռացել է ամեն մի հարգալից վերաբերմունք, որ պարտավոր էր ցուցաբերել իր կենվորների հանդեպ։ Նա շարունակ ետ էր մղում նրանց, մինչև որ արդեն դռան մեջ կանգնած կենվորներից մեջտեղինը ոտքը աղմուկով խփեց հատակին ու միայն այդպես ստիպեց հորը կանգ առնել։ «Ես պարտավոր եմ հայտարարել, — ասաց նա, բարձրացրեց ձեռքը և հայացքով փնտրեց մորն ու Գրետային, — որ հաշվի առնելով այս բնակարանում ու այս ընտանիքում տիրող նողկալի հանգամանքները, — այս խոսքերն ասելով նա կտրուկ վճառականությամբ թքեց հատակին, — ես անհապաղ հրաժարվում եմ իմ սենյակից։ Բացի դրանից, ես մտադիր չեմ որևէ բան վճարել այն օրերի համար, որ ես ապրել եմ այստեղ, ու մի բան էլ կմտածեմ դեռ, թե արդյոք որևէ, հավատացեք ինձ, որևէ բավական հեշտ հիմնավորված պատճառով ձեր դեմ դուրս չեմ գա»։ Նա լռեց ու կարծես ինչ-որ բանի էր սպասում, անթարթ նայեց։ Նույն պահին երկու ընկերները հաստատեցին․ «Մենք էլ ենք անմիջապես հրաժարվում»։ Մեջտեղի պարոնը ափի մեջ առավ դռան բռնակն ու աղմունկով խփեց դուռը»։
Տեսարան VII․ Քույրն ամբողջությամբ դիմակազրկված է․ նրա դավաճանությունը բացարձակ է և մահացու Գրեգորի համար։ «Այս հրեշի ներկայությամբ ես չեմ ուզում եղբորս անունն արտասանել, ուստի կասեմ միայն, որ մենք պարտավոր ենք փորձել ազատվելու սրանից»։
«Մենք պարտավոր ենք փորձել ազատվելու սրանից», — ասաց քույրը՝ դիմելով միայն հորը, քանի որ մայրը հազի նոպայից բառ անգամ չէր լսում։ «Նա ձեզ երկուսին էլ կսպանի։ Ես դա տեսնում եմ։ Եթե մենք պարտավոր ենք այսպես ծանր աշխատել, էլ ինչպես կարող ենք տան մեջ այս տևական տանջանքը հանդուրժել։ Ես որ չեմ կարող»։ Եվ նա սկսեց այնպես լաց լինել, որ նրա արցունքները սկսեցին մոր դեմքի վրայով հոսել, իսկ մայրը մեխանիկորեն սրբում էր դրանք»։
Հայրը և քույրը համամիտ են, որ Գրեգորն իրենց չի հասկանում, և հետևաբար նրա հետ համաձայնվելն անհնար է։
«Նա պետք է չքվի՛, — բղավեց Գրեգորի քույրը։ — Դա է միակ ելքը, հայրիկ։ Դու միայն պետք է փորձես ազատվել այն մտքից, թե սա Գրեգորն է։ Այն, որ մենք այսքան ժամանակ այդպես ենք մտածել, դա մեր դժբախտությունն է։ Բայց ինչպե՞ս կարող է սա Գրեգորը լինել։ Եթե սա Գրեգորը լիներ, վաղուց արդեն հասկացած կլիներ, որ մարդկանց համատեղ կյանքը նման մի կենդանու հետ անհնար է, և նա ինքնակամ կհեռանար։ Այդ դեպքում մենք եղբայր չէինք ունենա, բայց կկարողանայինք շարունակել ապրել ու նրա հիշատակը պատվով պահել։ Մինչդեռ այսպես այս կենդանին հալածում է մեզ, վախեցնում է կենվորներին, ակնհայտորեն ցանկանում է ամբողջ բնակարանը զավթել ու մեզ գիշերելու տեղ միայն փողոցը թողնել»։
Այն, որ նա անհետացել էր որպես մարդ, որպես եղբայր, և այժմ էլ պետք է անհետանա որպես բզեզ, վերջին հարվածն է Գրեգորի համար։ Թույլ ու վիրավոր՝ նա ցավ զգալով հետ է սողում իր սենյակ։ Դռան մոտ նա շրջվում է, և վերջին հայացքն ընկնում է մոր վրա, որն այդ պահին գրեթե քնած է։ «Հազիվ էր նա իր սենյակը մտել, դուռը հապճեպ վրա զարկվեց ու կողպվեց։ Թիկունքում հնչած հանկարծակի աղմուկից Գրեգորն այնպես վախեցավ, որ տոտիկները ծալվեցին։ Քույրն էր շտապողը։ Նա հասակով մեկ կանգնած էր եղել ու սպասել էր, ապա թեթև ցատկով նետվել էր առաջ․ Գրեգորը բնավ չէր լսել նրա շարժումները։ «Վերջապես», — ծնողների կողմը շուռ գալով կանչեց նա, երբ փականի մեջ բանալին էր պտտեցնում»։ Իր մութ սենյակում Գրեգորը հայտնաբերում է, որ այլևս չի կարողանում շարժվել ու որ թեև ցավ է զգում, բայց ցավն աստիճանաբար անցնում է։ «Մեջքի մեջ խրված հոտած խնձորը և ամբողջովին փափուկ փոշով ծածկված ապականված միջավայրը նա հազիվ էր զգում։ Իր ընտանիքի մասին նա մտածում էր սիրով ու հուզմունքով։ Իր կարծիքն այն մասին, թե ինքը պարտավոր է անհետանալ, շատ ավելի վճռական էր, քան քրոջը։ Այս ունայն ու խաղաղ մտածումներն էին պաշարել նրան, մինչև որ աշտարակի ժամացույցը ժամը երեքը խփեց։ Պատուհանից բացվող տարածական-ընդհանուր լուսավորումը նա դեռ ընկալեց։ Այնուհետև գլուխը իր կամքից անկախ անուժ ընկավ, ու թույլ շունչը քթանցքերից դանդաղ ելավ դուրս»։
Տեսարան VIII․ Գրեգորը մեռած է․ հաջորդ առավոտյան աղախինը գտնում է նրա չորացած մարմինը, և մի մեծ, ջերմ թեթևության զգացում է համակում ստոր միջատների ընտանիքին։ Այս պահը հարկ է դիտարկել մեծ ուշադրությամբ և սիրով։ Գրեգորը մարդ է միջատի կերպարանքով․ նրա հարազատները միջատներ են՝ մարդու կերպարանքով։ Գրեգորը մեռնում է, և հոգով միջատները հանկարծ զգում են, որ ազատվեցին և կարող են վայելել կյանքը։
«Գրետա, մի քանի րոպեով մեզ մոտ արի, — դեմքին ցավագին ժպիտով խոսեց տիկին Զամզան10, և Գրետան, ոչ առանց դիակի կողմը նայելու, ծնողների հետքով գնաց նրանց ննջասենյակ»։ Աղախինը լայն բացում է պատուհանը, և օդի մեջ ջերմություն է զգացվում․ մարտի վերջն է, երբ միջատները դուրս են գալիս ձմռան քնից։
Տեսարան IX․ Այս հրաշալի տեսարանում տեսնում ենք, թե ինչպես են կենվորները մռայլ տեսքով նախաճաշ պահանջում, իսկ փոխարենը նրանց ցույց են տալիս Գրեգորի դիակը։ «Նրանք եկան ու ձեռքները իրենց փոքր-ինչ մաշված պիջակների գրպանները դրած կանգնեցին Գրեգորի դիակի շուրջն արդեն լրիվ լուսավորված սենյակում»։ Այստեղ ո՞րն է բանալի բառը։ Մաշված՝ արևի լույսի ներքո։ Ինչպես հեքիաթում, հեքիաթի երջանիկ ավարտում, չար կախարդանքը չքանում է կախարդի մահվան հետ։ Կենվորները ողորմելի են թվում, նրանք այլևս վտանգավոր չեն, իսկ դրան հակառակ՝ Զամզաների ընտանիքը նորից վերելք է ապրում, լցվում ուժով ու բուռն կենսականությամբ։ Տեսարանն ավարտվում է սանդղահարթակի թեմայի կրկնությամբ․ ճիշտ ինչպես կառավարիչն էր դանդաղ շարժման մեջ ընկրկում՝ բազրիքից կառչելով։ Կենվորներն ընկճված են, երբ պարոն Զամզան նրանց կարգադրում է լքել բնակարանը։ «Միջանցքում երեքն էլ զգեստների կախիչից վերցրին իրենց գլխարկները, ձեռքերն առան ձեռնափայտերը, լռելյայն խոնարհվեցին ու լքեցին բնակարանը»։ Եվ ահա նրանք իջնում են, երեք մորուքավոր տնվորները, ռոբոտները, լարովի տիկնիկները, իսկ Զամզաների ընտանիքը բազրիքի վրա կռացած նայում է նրանց իջնելուն։ Շենքի միջով դեպի ներքև պտտվող սանդուղքը կրկնում է միջատի հոդվածավոր ոտները, իսկ կենվորները մերթ անհետանում են, մերթ նորից երևում, մինչ իջնում են ավելի ու ավելի ներքև, սանդղահարթակից սանդղահարթակ, հոդից հոդ։ Ինչ-որ կետում նրանք հանդիպում են բարձրացող մսավաճառ տղային՝ զամբյուղով, որին սկզբում տեսնում ենք դեպի կենվորները բարձրանալիս, ապա նրանց վերևում՝ հպարտ կեցվածքով՝ զամբյուղը լի կարմիր սթեյքներով և հյութալի փորոտիքով․ կարմիր հում միս՝ փայլուն գեր ճանճերի բուծարան։
Տեսարան X․ Վերջին տեսարանը հոյակապ է իր հեգնական պարզությամբ։ Գարնան արևն ուղեկցում է Զամզաների ընտանիքին, մինչ նրանք գրում են իրենց երեք նամակները․ հոդավորում, հոդվածավոր ոտներ, ուրախ ոտներ, երեք միջատներ երեք բացատրագիր-նամակ են գրում իրենց գործատուներին։
«Նրանք որոշեցին այսօրվա օրը տրամադրել հանգստանալուն և զբոսնելուն, այս աշխատանքային ընդմիջումը նրանք ոչ միայն վաստակել էին, այլև անպայման ունեին դրա կարիքը»։ Առավոտյան աշխատանքից հետո աղախինը լքելիս մտերմիկ ժպտալով տեղեկացնում է ընտանիքին․ «թե ինչպես պետք կլինի էն բանը այնտեղից տանել, կարիք չկա, որ անհանգստանաք։ Արդեն արել եմ»։ Տիկին Զամզան ու Գրետան կռացան իրենց նամակների վրա, կարծես ուզում էին շարունակել գրելը։ Պարոն Զամզան, որ նկատել էր, թե հիմա արդեն աղախինը միտք ունի իր արած գործը մանրամասն ներկայացնել, ձեռքի վճռական շարժումով կանխեց նրան։ «Վաղվանից նա այստեղ չի աշխատի», — ասաց պարոն Զամզան, բայց ոչ տիկին Զամզան, ոչ Գրետան ոչինչ չասացին, որովհետև զգացվում էր, որ աղախինը խախտել էր նրանց հազիվ վերագտած հանգիստը։ Նրանք վեր կացան տեղից, մոտեցան պատուհանին ու կանգնեցին միմյանց գրկած։ Պարոն Զամզան իր բազկաթոռի մեջ շրջվեց նրանց կողմը և լուռ զննում էր։ Հետո կանչեց․ «Դե, ինձ մոտ եկեք։ Անցածն անցած է։ Մի քիչ էլ իմ մասին մտածեք»։ Երկու կանայք անմիջապես հետևեցին նրա հորդորին, շտապեցին նրա մոտ, գգվեցին նրան ու արագ ավարտեցին նամակները։ Դրանից հետո երեքով միասին դուրս եկան բնակարանից, ինչը չէին արել արդեն ամիսներ ի վեր, և էլեկտրագնացքով մեկնեցին քաղաքից դուրս։ Միայն նրանք էին նստած տաք արևով ողողված վագոնում։ Իրենց թիկնակներին հարմար ետ ընկած՝ նրանք քննարկում էին ապագայի հեռանկարները, և պարզվեց, որ մոտիկից դիտարկելիս դրանք այնքան էլ վատը չէին, որովհետև բոլոր երեքի պաշտոնը, թեև նրանք մինչև այժմ չէին հետաքրքրվել, անչափ նպաստավոր էր ու ապագայի հեռանկարով խոստումնալից։ Իրադրության ակնթարթային ու ամենամեծ փոփոխությունը, իհարկե, այն կլիներ, որ բնակարանը փոխեին։ Ներկայիս դրությամբ նրանք ուզում էին ավելի փոքր, էժան, բայց ավելի լավ դիրք ունեցող ու ավելի հարմարավետ բնակարան գտնել, քան այժմյանն էր, որ դեռևս Գրեգորն էր ընտրել։ Մինչ նրանք զրուցում էին այդպես, պարոն և տիկին Զամզաները իրենց ավելի ու ավելի աշխույժ դարձող աղջկա տեսքից գրեթե միաժամանակ նկատեցին, թե ինչպես էր նա, չնայած վերջին ժամանակներում իր ողջ չարչարանքին, որ խլել էր այտերի կարմիրը, փթթել՝ վերածվելով փարթամ ու գեղեցիկ աղջկա։ Ձայները կտրելով ու համարյա բնազդաբար միմյանց հայացքներով հասկանալով՝ նրանք մտածեցին այն մասին, որ ժամանակն է նրա համար մի կարգին ամուսին գտնել»11։
Ամփոփեմ պատմվածքի գլխավոր թեմաներից մի քանիսը․
- Պատմվածքում նշանալի դեր ունի երեք թիվը։ Պատմվածքը բաժանված է երեք մասի։ Գրեգորի սենյակը երեք դուռ ունի։ Նրա ընտանիքը բաղկացած է երեք հոգուց։ Պատմվածքի ընթացքում երեք սպասավոր է հայտնվում։ Երեք կենվոր՝ երեք մորուքներով։ Երեք Զամզաները երեք նամակ են գրում։ Ես շատ եմ զգուշանում չգերընդգծել խորհրդանիշերի նշանակությունը, քանզի երբ խորհրդանիշն անջատում ես գրքի գեղարվեստական միջուկից, այն դադարում է ուրախացնել։ Պատճառն այն է, որ կան գեղարվեստական խորհրդանիշեր և կան ծեծված, արհեստական, անգամ տխմար խորհրդանիշեր։ Այդպիսի անպետք խորհրդանիշերը շատ են Կաֆկայի ստեղծագործությունների հոգեվերլուծական և դիցաբանական մեկնման մեջ՝ սեքսի և միֆի նորաձև խառնուրդի, որն այդքան է գրավում միջակ մտքերը։ Այլ կերպ ասած՝ խորհրդանիշերը կարող են լինել իսկական և կարող են լինել հիմար և ծեծված։ Եվ գեղարվեստական գործի վերացական խորհրդանշական արժեքը չպետք է գերակայի գեղեցիկ, բոցավառվող կյանքի նկատմամբ։ Այնպես որ «Կերպարանափոխությունում» երեքի վրա շեշտը միայն էմբլեմատիկ է կամ հերալդիկ, ոչ թե խորհրդանշական։ Այն ունի տեխնիկական իմաստ։ Երրորդությունը, եռյակը, երեքնությունը, եռապատկերը արվեստի ակներև ձևեր են, ինչպես, ասենք, երիտասարդ, հասուն և զառամյալ տարիքի պատկերները կամ որևէ այլ եռածալ, եռահատված առարկա։ Եռապատկեր նշանակում է կողք կողքի դրված երեք բաժիններից բաղկացած նկար կամ փորագրություն, և սա հենց այն էֆեկտն է, որին Կաֆկան հասնում է, օրինակ, պատմվածքի սկզբում տալով երեք սենյակ՝ հյուրասենյակ, Գրեգորի սենյակը և քրոջ սենյակը, ընդ որում Գրեգորի սենյակը մեջտեղինն է։ Ավելին, եռածալ կառուցվածքը ենթադրում է երեք գործողությունից բաղկացած պիես։ Վերջապես, հարկ է նշել, որ Կաֆկայի ֆանտազիան ընդգծվածորեն տրամաբանական է․ ի՞նչը կարող է ավելի բնորոշ լինել տրամաբանությանը, քան դրույթ—հակադրույթ—համադրույթ երրորդությունը։ Հետևաբար, սահմանափակենք Կաֆկայի երեքի խորհրդանիշը գեղագիտական և տրամաբանական նշանակությամբ և ամբողջությամբ անտեսենք այն միֆերը, որոնք սեռական դիցաբաններն են գտնում նրա մոտ՝ վիեննացի շամանի ուղղորդման ներքո։
- Մեկ այլ թեմատիկ գիծ է դռների թեման, դռների բացվելու և փակվելու թեման, որն անցնում է ամբողջ պատմվածքով։
- Երրորդ թեմատիկ գիծը Զամզաների ընտանիքի բարեկեցության վերելքներն ու անկումներն են՝ նրանց ծաղկման և Գրեգորի հուսահատ ու պաթետիկ վիճակի միջև նուրբ հավասարակշռությունը։
Մի քանի այլ ենթաթեմաներ էլ կան, բայց պատմվածքը հասկանալու համար կարևոր են միայն վերը նշվածները։
Ուշադրություն դարձրեք Կաֆկայի ոճին։ Դրա պարզությունը, դիպուկ և պաշտոնական առոգանությունը ցնցող հակադրություն են ստեղծում հեքիաթի մղձավանջային բովանդակության հետ։ Նրա չոր, սևուսպիտակ պատմվածքը զարդարված չէ բանաստեղծական փոխաբերություններով։ Թափանցիկ ոճը շեշտում է նրա ֆանտազիայի մռայլ հարստությունը։ Կոնտրաստն ու միասնությունը, ոճն ու բովանդակությունը, կերպն ու դիպաշարը կատարյալ ամբողջություն են կազմում։
Խմբագիր՝ Շուշան Ավագյան
1Թրգմ․ Հ․ Մասեհյանի։
2Անգլերեն բնագրում Նաբոկովը հղում է անում Գոգոլի պատմվածքի 1945 թվականին լույս տեսած անգլերեն թարգմանությանը, բայց չհամաձայնելով վերնագրին, առաջարկում է իր տարբերակը՝ The Carrick։ Այսպես է կոչվել XIX դարում տարածված վերարկուի տեսակ, որը, սակայն, նույնական չէ ռուսական շինելին։
3Charles Neider, The Frozen Sea, A Study of Franz Kafka, 1948.
4Ու․ Մուիրի անգլերեն թարգմանության մեջ Գրեգոր Զամզան արթնանում է «անհանգիստ երազներից», որն ավելի մոտ է բնագրին, քան Նաբոկովի «անհանգիստ քնից» տարբերակը։ Լսարանում Նաբոկովն ընթերցում էր իր խմբագրումներով տարբերակը։
5Հայերեն մեջբերումների համար օգտվել եմ Սամվել Մկրտչյանի՝ 2021 թ․-ին «Անտարես»-ի հրատարակած թարգմանությունից՝ որոշ խմբագրումներ թույլ տալով միայն Նաբոկովի մեկնման կամ դասախոսության համատեքստի պահանջից ելնելով։
6Նաբոկովն իր կրկնօրինակում նշում է․ «Բզեզները կոպեր չունեն և չեն կարող փակել աչքերը․ սա մարդու աչքերով բզեզ է»։ Նույն հատվածի վերաբերյալ նշում է․ «Գերմաներեն բնագրում նախադասությունների երազային հերթականությունը հրաշալիորեն սահուն ռիթմ ունի։ Նա կիսաարթուն է․ նա իր սարսափելի դրությունն ընդունում է առանց զարմանքի, երեխայի պես, և միաժամանակ դեռ կառչում է մարդկային հիշողություններից, մարդկային գոյությունից։ Կերպարանափոխությունը դեռ չի ավարտվել»։
7Գերմաներեն բնագրում Կաֆկան օգտագործում է Ungeziefer բառը, որն իմաստով մոտ է «վնասատուին»։ Հետագայում նույն բառով նացիստական Գերմանիայի պրոպագանդան պիտակել է հրեաներին։ «Կերպարանափոխության» թարգմանություններում բառն ամենից հաճախ թարգմանվում է որպես «միջատ», և Կաֆկան, իհարկե, նկատի ունի միջատի, թեև մտադրաբար լղոզում է պատկերը բազմիմաստ բառով։ Նաբոկովն իր հերթին օգտվում է այդ բազմիմաստությունից՝ կենսաբանական դասակարգումը հանգամանորեն քննարկելու նպատակով։
8Paul L. Landsberg «The Kafka Problem», ed Angel Flores, 1946.
9Նաբոկովի խմբագրումն է։ Բնագրում՝ գուլդեն։
10Նաբոկովն իր նշումներով կրկնօրինակում նկատում է, որ Գրեգորի մահից հետո նրանք այլևս «հայր» և «մայր» չեն, այլ միայն պրն և տկն Զամզա։