Ուրբաթ գիշերվա համար փաբը դատարկ էր։ Գայանեն մի հայացք գցեց տարածքին և, չնայած բոլոր սեղաններն ազատ էին, մոտեցավ բարին։ Մեկ էլ Նորայի ամուսինն էր բարի մոտ՝ ընկերոջ հետ։ Նորայի ամուսնու կողքի աթոռը դատարկ թողեց ու տեղավորվեց հաջորդին։
— Սովորականի պես առանց ալկոհոլի՞,- հարցրեց Նորան։
— Էսօր հարբելու եմ,- ասաց Գայանեն։
— Առիթ կա՞։
— Քառասուն եմ դառնում։
— Դրանի՞ց էլ լավ առիթ։ Ի՞նչ կխմես։
— Արի թեթև սկսենք։ Լագեր։ Էս, որ նոր եք ստացել։
Նորան մաքուր գավաթ վերցրեց, մոտեցրեց լագերի պիտակով ծորակին, լցրեց, դրեց Գայանեի դիմաց։
— Յոնասը չի՞ գալու։
— Կգա, սպասում եմ, գործ ուներ։
— Ծնունդդ շնորհավոր,- Նորան գարեջրի գավաթը պարզեց ու լայն ժպտաց՝ ուղիղ Գայանեի աչքերի մեջ նայելով։
— Շնորհակալ եմ,- Գայանեն գավաթը չխկացրեց, լայն ժպտաց ու մեծ կում արեց։
Նորայի ամուսինն ու ընկերն էլ գավաթները բարձրացրին.
— Ծնունդդ շնորհավոր։
Դուռը բացվեց։ Մի յոթ-ութ հոգանոց խումբ ներս մտավ։ Նորան հարցրեց, թե ինչ կխմեն։ Խմբից յուրաքանչյուրն ուզում էր փորձել յուրաքանչյուր ծորակի գարեջուրը։ Նորան հերթով բոլորի համար մի քանի կաթիլ լցրեց փոքր բաժակների մեջ։ Խմբի անդամներն իրար հետ քննարկելով, աղմկելով, կատակներով, հազար անգամ միտքը փոխելով յոթ-ութ տարբեր գարեջուր վերցրեցին։ Տեղավորվեցին անկյունի մեծ սեղանի մոտ։
Նորան դուրս եկավ ծխելու։ Գայանեն հեռախոսը հանեց ու Յոնասին գրեց. «Ավելի լավ ա գաս։ Նորայի ամուսինը ստեղ ա, համ էլ Նորան շատ ա զբաղված»։
Հետո բացեց Ֆեյսբուքը, սկսեց շնորհավորանքներին պատասխանել։ Էս տարի շատ չէին. մի օրում կհասցներ։
Դանիայում չգրված օրենք կա, որ ծննդյան օրվա շնորհավորանքներին նույն պահին չես պատասխանում՝ ձևացնելով, որ իբր շատ զբաղված ես ու շատ լավ օր ես անցկացնում։ Հաջորդ օրվանից նոր կարող ես սկսել հերթով արձագանքել։ Գայանեն տարիներ շարունակ սրբությամբ պահում էր ավանդույթը, բայց վերջապես որոշել էր խախտել այն. ոռի օր էր, ձևեր թափելու կարիք չկար։
Նորան ներս մտավ, նստեց Գայանեի ու ամուսնու միջև ազատ աթոռին՝ մեջքով դեպի Գայանեն։ Էդպես մի քանի րոպե կարծես լսում էր նրանց զրույցը, բայց հետո կտրուկ շրջվեց դեպի Գայանեն։
— Դանիերեն են խոսում,- ասաց,- բան չեմ հասկանում։
— Ի՞նչ,- Գայանեն գլուխը մոտեցրեց Նորային։
— Ասում եմ՝ դանիերեն են խոսում,- Նորայի մազերը քսվեցին Գայանեի դեմքին։
— Դանիերենդ ո՞նց է,- հարցրեց Գայանեն։
— Քո չափ չեմ խոսում,- Նորան գլուխը չհեռացրեց,- մենակ պարզ բաներ եմ հասկանում… Ծնունդդ ո՞նց անցավ։
— Ոռի,- Գայանեն թեքեց գլուխը, որ Նորայի ականջին մոտ խոսի,- քառասուն տարեկան դառնալն անդուր ա։ Էսքան տարի ապրում եմ ստեղ, ձևի համար մի հոգի չկար, որ հրավիրեմ ծնունդիս,- ևս մի մեծ կում արեց։
Նորայի ամուսինը շարժում արեց, որ տեղից վեր կենա։ Նորան քաշվեց դեպի Գայանեն, որ ճանապարհ տա։ Ծունկը կպավ ծնկին։ Գայանեն հետ չքաշեց ծունկը։
— Հա, քեզ լրիվ հասկանում եմ։ Կորոնան մարդկանց էլ ավելի հեռացրեց իրարից։
— Հետո քառասուն տարեկանը պատասխանատու ա։ Մեկ էլ հասկանում ես՝ կյանքում ոչ մի բանի չես հասել։
— Ինչի՞ պիտի հասնեիր,- Նորայի ուսը դիպավ Գայանեի ուսին։
— Անմահության։ Դրա համար երկու ճանապարհ կա. կամ էրեխեք ես ունենում, կամ մի էնպիսի բան ես ստեղծում, որ քեզնից հետո մնում ա։ Ես ոչ մեկն էլ չեմ արել։
— Էդպես լինի, ես էլ չեմ արել։
— Դու դեռ կհասցնես,- Գայանեն գլուխը փոքր-ինչ հեռացրեց, նայեց Նորայի աչքերի մեջ ու ժպտաց։ Նորան հայացքը չհեռացրեց։
— Ես քեզնից շատ ջահել չեմ,- ասաց։ Նորայի ծունկը դեռ Գայանեի ծնկին էր։
Ամուսինը վերադարձավ, նստեց իր աթոռին և ընկերոջ հետ զրույցը շարունակեց այնպես, կարծես չէր էլ ընդհատվել։
Նորան ձեռքը դրեց Գայանեի ուսին։ Հետո նայեց ամուսնուն. զրույցի մեջ խորացած` Նորայենց կողմ ընդհանրապես չէր նայում։ Ձեռքը սահեցրեց Գայանեի ուսի վրայով ներքև ամբողջ թևով մեկ ու դիպավ Գայանեի ձեռքին։ Գայանեն ձեռքը չհեռացրեց։
Դուռը բացվեց, Յոնասը ներս մտավ։ Նորան վեր կացավ, անցավ բարի հետևը։
— Ի՞նչ կխմես։
— Սրանից,- ցույց տվեց Գայանեի գավաթը, որի միայն քառորդն էր լիքը։
Նորան մի նոր գավաթ վերցրեց, բացեց ծորակը, լցրեց գարեջուրը, դրեց Յոնասի դիմաց։ Յոնասը բարձրացրեց գավաթը ու խփեց Գայանեինին։
— Ծնունդդ շնորհավոր։
Գայանեն մի շնչով դատարկեց իր գավաթը։
— Մի քիչ ավելի թունդ,- ասաց Նորային։
Քիչ անց Գայանեի դիմաց նարնջագույն երանգով գարեջրով գավաթ հայտնվեց։
— Էնքան էլ վատ ծնունդ չէր, չէ՞,- ասաց Յոնասը։
— Անցյալ տարվա համեմատ` հա։
Նախորդ տարի պատերազմն էր, ծնունդ նշելու տրամադրություն չկար։ Յոնասին պատվիրել էր, որ ոչ մի նվեր չառնի, Հայաստան հիմնադրամին փոխանցում անի։ Յոնասի հետ հայտնվել էր ինչ-որ անծանոթ հայերի ընթրիքի՝ լրիվ հայավարի կազմակերպված, որտեղ կորոնայի սահմանափակումները կարծես այնքան էլ հաշվի չէին առնվել, ու որտեղ առյուծածին հայ մայրերի կենացն էին խմում։ Յոնասին հարիսան դուր չէր եկել, ասում էր՝ զոքանչն ավելի լավ է սարքում։ Ընթրիքի ժամանակ աճուրդ եղավ։ Ստացված ողջ հասույթը փոխանցվեց Հայաստան հիմնադրամ։ Ահագին փող հավաքվեց ու էդպես գնաց, անհետ կորավ։
— Բայց էս տարի էլ քառասուն եմ դարձել… քառասունից հետո չես կարող սխալներ անել,- ասաց,- ուղղելու ժամանակ չկա,- Գայանեն մի մեծ կում արեց գարեջրից։
— Էդ ի՞նչ ես արել մինչև քառասուն, որ հետո չէիր անի,- հարցրեց Յոնասը։
— Մմմմմմ… Աշոտի հետ եմ հանդիպել։ Ես ո՞նց կարայի դրա հետ լինեի։ Քառասունից հետո դրա նմանների ժամանակը չկա։
— Էն ժամանակ ջահել էիր,- ասաց Յոնասը։ Նորան աչքի տակով նայում էր Գայանեին։
— Հա բայց է՞դ աստիճանի դեբիլ։ Հետո գիտե՞ս, Աշոտը գնաց, ճիշտ իմ նույն արտաքինով աղջկա ճարեց, էդ աղջիկը թողեց նրան։ Կյանքիս լավագույն տարիները էդ իդիոտի վրա ծախսեցի, փոխանակ քրոջ հետ հանդիպեի,- Գայանեն նայեց Նորային։ Նորան աչքով արեց ու լայն ժպտաց։ Նորից կում արեց գարեջրի գավաթից։
— Քրոջ հե՞տ,- Յոնասը զարմացավ,- ֆեյսբուքով մեկ պսևդոգիտություն լցնողը չէ՞ր։ Անտիվաքս էլ կլինի։
— Թե ո՞նց էի հետը մոտիկ ժամանակին։
— Ինքը երբեք քո ընկերուհին չի էղել։ Ուղղակի էղել են պահեր, որ ձևացրել ա, որ մոտիկ ա, էղել են պահեր, որ չի ձևացրել,- ասաց Յոնասը։
— Ի՞նչ ընկերուհի,- հարցրեց Նորան։
— Էքսիս քույրը,- ասաց Գայանեն, դառնալով Յոնասին՝ շարունակեց.— Հա, ճիշտ ես։ Ասում էր՝ ես Աշոտի ճաշակով չեմ։ Ու Աշոտն էլ ինձ խղճում էր, դրա համար էր հետս հանդիպում։ Անխելքի մեկը։ Հիմա երևի տանը նստած Նիկոլի նկարին նայում, մաստուրբացիա ա անում…
— Ու՞մ,- հարցրեց Նորան։
— Նիկոլ Փաշինյանի։ Հայաստանի վարչապետ,- Յոնասը բացատրեց։
— Աաաա՜,- Նորան լաթի կտորը վերցրեց, գլուխը կախեց, սկսեց բարը սրբել։
— …Ախր ինչու՞ էի ես էդքան դեբիլ։ Աշոտն էլ աչքիս առաջ լևոնական դարձավ, ընկերական թայֆից չէր ուզում հետ մնալ։ Հիմա էլ ոնց որ Նիկոլի փաստաբանը լինի։ Որտեղ ինչ քննադատություն լսի, կգա, կպաշտպանի, թե սխալ ես հասկացել, Նիկոլը այ էս ու էս նկատի ունի։ Ու որ ազերիք արդեն մտել են Սյունիք, թե բա՝ խեղճ Նիկոլն ի՞նչ անի Էրդողանի ու Ալիևի դեմ,- ասաց Գայանեն՝ հայացքը Նորային։ Նորան դեռ բարն էր սրբում։ Գլուխը կախ էր, սև մազերն աչքերին էին լցվել։
Նորան հույն էր։ Երբ առաջին անգամ տեսել էր Գայանեին, հարցրել էր՝ որտեղից է։ Հայաստան լսելուն պես ասել էր. «Գիտեի՜, որ մեր կողմերից ես»։
— Լավ, արի ծնունդդ չփչացնենք քաղաքական թեմաներով,- ասաց Յոնասը։
— Քաղաքական չի, անձնական ա։
— Քաղաքականացնում ես անձնականը։
— Ես ամեն ինչն եմ քաղաքականացնում,- ասաց Գայանեն, նայեց։ Նորան դեռ բարն էր սրբում։
— Քաղաքականություն ես ուզում, քաղաքականություն ստացիր… Լսե՞լ ես, որ Բայդենը քննադատել ա Էրդողանին։
— Է թող քննադատի, մեզ ի՞նչ։ Մեկ ա Թուրքիան իրանց դաշնակիցն ա։
Գայանեն Նորային մեկնեց դատարկ գավաթը.
— Մի ուրիշ, ավելի թեթև բան։ Էս մեկը ո՞նց խփեց գլխիս։ Հո մեջը բան-ման չէի՞ր լցրել։
— Ի՞նչ պիտի լցնեի,- Նորան վիրավորվեց,- գալուցդ առաջ հաց կերե՞լ ես։
Աղմկոտ խումբը մոտեցավ բարին, ու ինչպես ամեն մեկը տարբեր գարեջուր էր պատվիրել, էնպես էլ առանձին-առանձին ամեն մեկն իր հաշիվն ուզեց։ Նորայի ամուսինն ու ընկերը դեռ խորացած ինչ-որ բան էին քննարկում։
— Ու՞ր էինք հասել,- հարցրեց Գայանեն։
— Ասում եմ՝ ոնց որ Ամերիկան էլ ա թեքվում Թուրքիայի դեմ,- ասաց Յոնասը։
— Անհնար բան ա։ Թուրքիան արևմտյան պրոյեկտ ա,- ասաց Գայանեն։ Նորան փորձում էր ճշտել, թե խմբից ով ինչ է պատվիրել։
— Դե ասում եմ՝ եթե Բայդենն Էրդողանի դեմ ա, կարող ա ազատվեն իրանից, ու ձեզ համար լավ կլինի,- Յոնասը կում արեց իր գարեջրից։
— Թուրքիան ցեղասպան պետություն ա,- Գայանեն նայեց վճարում ընդունող Նորային,- ով էլ լինի, պակաս ցեղասպան չի դառնալու։
— Եթե ձախեր գան իշխանության, լավ չի՞ լինի,- հարցրեց Յոնասը։
— Թուրքիայի ձախերին տեսե՞լ ես։ Պրոգրեսիվ-պրոգրեսիվ են խաղում, բայց պատերազմի ժամանակ ձենները կտրել, մի բառ չէին ասում։
— Երևի վախենում էին,- ասաց Յոնասը։
— Ի՞նչ վախենալ։ Եվրոպայում իրենց ի՞նչ էին անելու… Թուրքական ամբողջ ինքնությունն արյան վրա ա կառուցված։ Մեզ համար լավ կլինի մենակ էն ժամանակ, երբ Թուրքիան չլինի,- Գայանեն ձայնը բարձրացրել էր։
Խմբի վերջին անդամի վճարումն ընդունելուց հետո Նորան բարի հետևից դուրս էր եկել։ Սեղաններն էր սրբում ու աթոռներն էր դասավորում։
— Էլի սկսեցի՞ր չար գենի մասին տեսություններդ,- ասաց Յոնասը։
— Հազար եմ ասել՝ չար գեն չի, այլ մշակույթ։ Էդ պետությունը կառուցվել ա մյուսներին մերժելու, կոտորելու, մոռանալու հիման վրա։ Ու ոչինչ չի փոխվելու, քանի դեռ թուրքի ինքնությունն էդ ա։
Նորայի ամուսինն ու ընկերն էլ վեր կացան, որ գնան։
— Ժամը երկուսին փաբը կփակեմ, կգամ,- ասաց Նորան ամուսնուն։
Փաբում մնացին երեքով։
— Կփոխվի, եթե ցեղասպանությունը… ցեղասպանությունները ճանաչեն։ Բայց մինչև հիմա ոչ ոք Թուրքիային պատասխանտվության չի ենթարկել որևէ կոտորածի համար։ Ո՜չ հայերի, ո՜չ հույների,- Գայանեն նայեց Նորայի կողմը։ Նորան լվացված գավաթներն էր դասավորում,- ո՜չ ասորիների։ Դեռ մի բան էլ խրախուսում են։ Տես Անգլիան ոնց ա անընդհատ բզում։
— Մենակ մենք ենք մնացել, խեղճ Նորան երևի ուզում ա տուն գնալ,- ասաց Յոնասը։
— Դու էս բոլորը չես հասկանա, որովհետև դու գաղութացնողն ես, դու ճնշողն ես, դու ճնշողի կողմից ես, նույնիսկ եթե չես ուզում, նույնիսկ եթե գիտես ճիշտն ու սխալը, մեկ ա, քո շահերից ա բխում ճնշողի կողմից լինելը, որովհետև ՆԱՏՕ-ի անդամ ես,- նորից նայեց Նորային։ Նորան դեռ գավաթներն էր դասավորում։
— Գիտես ՆԱՏՕ-ի նկատմամբ վերաբերմունքս,- ասաց Յոնասը։
— Հա՞։ Բա ու՞ր են ձեր բողոքի ցույցերը։ Ու՞ր են ձեր պահանջները, որ ՆԱՏՕ-ից դուրս գաք։ Չեմ տեսնում ձեր դժգոհությունը։ Թող պատերազմեն, թող կոտորեն, մենակ ձեր աչքից հեռու։ Թող մեզ օգտագործեն Ռուսաստանի դեմ, մենակ թե Ռուսաստանի հախից գան, մենակ թե դուք ընդլայնվեք, անհագ, անդադար, նոր տարածքներ, շուկաներ, որ ավելի հարստանաք, որ ավելի հարմար տներում ապրեք, ավելի թանկ ռեստորաններում ճաշեք, ավելի ճոխ ամառանոցներ գնեք, ավելի բարձր տռեք։
— Նորա, մեր հաշիվն ասա, թողնենք` տուն գնաս։
Նորան առանց Գայանեին նայելու քարտի տերմինալը պարզեց Յոնասին։ Յոնասը հաշիվը փակեց։
Դուրս եկան։ Նորան էլ հետները դուրս եկավ ծխելու։ Գայանեն վազելով փողոցն անցավ։
— Ի՞նչ ես անում,- հարցրեց Նորան։
— Մի անհանգստացիր, ես տուն կհասցնեմ նրան,- Յոնասը Գայանեի հետևից փողոցն անցավ։
Իսկ Գայանեն սկսեց ավելի ու ավելի արագ վազել, ավելի ու ավելի հեռու Յոնասից, Նորայից ու փաբից։ Վազեց ու վազեց այնքան, մինչև Նորան ու Յոնասը հետևում մնացին, էլ չէին երևում։
Ուրբաթ գիշերվա համար Կոպենհագենի փողոցները դատարկ էին։
[…] շարունակություն […]