Չունհուայի անբռնազբոս տեղափոխումը հորական տնից պապիկի տուն ասես անամպ երկնքում ճայթած կայծակ լիներ: 

Դա տեղի ունեցավ մի հրաշալի առավոտ, երբ նա չորս տարեկան էր, իսկ քույրը՝ Չունտաոն, հազիվ էր բոլորել երկու ամսականը: Ընտանիքը նստեց ավտոբուսը, որ իրենց տնից տանում էր Ջիդաո գյուղ, որտեղ բնակվում էին աղջնակի մոր ծնողները: Սկզբում երեխան շատ ոգևորված էր, քանի որ տատիկի տուն գնալը զուգորդվում էր լիքը համով բաների հետ: Ծվարած տաքուկ գրկում մոր, որ փոքրիկին կրում էր մեջքին կապած շալի մեջ, աղջիկը շուտով քնեց:  

Ավտոբուսի հանկարծակի կանգնելը նրան արթնացրեց: Աչքերը բացեց ու տեսավ ծաղկավոր սրբիչի մեջ փաթաթված գլուխ, որը դուրս էր նայում բաց դռնից: Աղջիկը թաթիկով արեց ու լայն ժպտաց: Տատիկն էր: «Վայպո՜»,- բղավեց ուրախ: Ծնողների հետ ավտոբուսից իջնելուն պես Չունհուային հանձնեցին պապիկին՝ Վայգոնգին: Իրեն դուր չեկավ իր թաթիկը բռնած կոշտացած ձեռքը: Հոր ձեռքն ավելի փափուկ չէր, բայց ինքը սովոր էր իր Բայի ձեռքերին: Այդ անհարմարությունից նյարդայնացած՝ նայեց մորը, որ, արցունքներից կարմրած աչքերով, շալի մեջ փաթաթված երեխային հանձնեց մորը՝ Վայպոյին: Ավտոբուսը սկսեց ազդանշան տալ, քանի դեռ ծնողները հրաժեշտ էին մրմնջում: Հայրը պապիկին մի քանի պայուսակ տվեց ու արագ հետ ցատկեց ավտոբուս: Մայրը հետևեց նրան ու կանչեց. «Հուահուա, գուայի», ու հենց այդ պահին ավտոբուսի երախը փակվեց: Մեքենան շարժվեց ճանապարհով ու մի րոպեում կորավ տեսադաշտից:    

Չունհուան սկսեց հեկեկալ: 

-Մի արտասվիր, գուայի,- մխիթարեց տատիկը: «Գուայի» նշանակում էր հեզ, ենթարկվող, նաև քնքուշ դիմելաձև էր, որով կոչում էին քաղցր ու խելոք բալիկներին: – Ես քեզ համար քաղցրեղեն ունեմ, սրտիկս,- ասաց Վայպոն ու գրկեց աղջկան: 

Պահանջվեց ավելի քան 15 րոպե, որպեսզի նրանք իջնեն ցեխոտ արահետով, անցնեն քարե կամուրջը, որ գյուղին կապում էր արտաքին աշխարհի հետ, ու հաղթահարեն ցեխաջրերը, մինչև կհասնեին Ջիդաո: 

Միաոյի էթնիկ գյուղերից շատերի նման, այն նույնպես տեղակայված էր լեռան ստորոտին: Նրբագեղ փայտե տների արանքներով անցնում էին նեղլիկ, սայթաքուն քարե արահետները՝ մոխրագույն կղմինդրներով ծածկված տանիքների ներքո: Տատիկի հին տունը, որ մգացել էր տարիների ընթացքում, տնկված էր գյուղի մեջտեղում: Մուտքը բացվում էր դեպի փոքրիկ խոհանոցը, ուր միանգամից աչքի էր զարնում հսկայական կավե վառարանը` դռան աջ կողմում: Հենց որ ներս մտան, Վայպոն, դեռ երեխային մեջքից չիջեցրած, կրակ վառեց, որ տաքացնի բրնձի ալյուրից պատրաստված քաղցր բլիթները:   

Դրանք Չունհուայի ձայնը կտրեցին մոտավորապես կես ժամ: Հյուրասենյակում ցածր նստարանին նստած՝ աղջիկը կերավ չորս հատ բլիթ , որոնք սովորաբար պահվում էին տոն օրերին հյուրասիրության համար: 

Դրանից հետո նա ցատկեց ու սկսեց ուսումնասիրել հյուրասենյակը, որն առատ լուսավորվում էր հատակից առաստաղ ձգվող պատուհաններից, որոնք իրար էին միացնում տան հարավային հատվածը պահող փայտե հենասյուները: Ցածրիկ սեղանի հակառակ կողմում տատիկը, անինքնավստահ շարժումներով, երեխային շշից կաթ էր տալիս:

Աղջկա մտքերն անդրադարձան իր մորը, որ երեխային կրծքով էր կերակրում: Տխուր, շփոթված ու դավաճանության դառը զգացումով՝ թելից թափվող հուլունքների նման արցունքները սկսեցին հոսել աղջկա այտերից: «Մա՜»,- հոգոց հանեց երեխան:   

-Վայ, էսքան արցունք քեզ որտեղի՞ց, իմ սիրուն Հուահուա,- ասաց Վայպոն՝ կաթի շիշը սեղանին դնելով: Չունհուա նշանակում է գարնան ծաղիկ, բայց այստեղ բոլորը նրան Հուահուա են ասում: -Մաման ու պապան գնացել են փող աշխատելու, որ ձեզ համար քաղցրեղեն առնեն: 

– Բայց ես քաղցրեղեն չեմ ուզում: Ես իմ Մային եմ ուզում: Ու Բային:

– Նայիր, նայիր, ահա քո Ման,- Վայպոն նրան մի լուսանկար փոխանցեց, ուր պատկերված էր աղջկա մայրը՝ երեք տարեկան Չունհուային գիրկը: Նկարում մայրը հագել էր ավանդական սև ասեղնագործ թավշյա ժակետ, իսկ վեր հավաքած մազերին մի մեծ մետաքսե ծաղիկ էր փակցրել: Երկուսն էլ երջանիկ ժպտում էին: Աղջիկը շատ լավ էր հիշում այդ օրը, երբ հայրն իրենց տարավ ստուդիայում լուսանկարվելու: Նկարին նայելով՝ արցունքներն է՛լ ավելի շատացան: 

Հետո ուղղակի սկսեց ճչալ. 

– Աաաա՜, աաաաաա՜:  

Չունհուան այնքան բարձր էր ճչում, ասես որոշել էր մրցաշարում հաղթել: 

Տատիկը երեխային զգույշ դրեց սեղանին ու իրեն գրկեց: Աղջիկը փորձեց դիմադրել, բայց ծեր կինն ամուր գրկել էր նրան իր ուժեղ ձեռքերում, մինչև որ փոքրիկ մարմինը թուլացավ: 

Տատիկն ու պապիկը երեխաներին շռայլում էին իրենց ուշադրությունը: Իրենց վեց երեխաներից միայն փոքր քեռին էր` ամենափոքր զավակը, որ արդեն ավարտում էր ուսումը մոտակա ավանում, իսկ մնացած բոլորը տեղափոխվել էին քաղաք: Աղքատությունն էր ստիպել բազմաթիվ ազնիվ գյուղացիների Չինաստանի հարավ-արևմուտքում գտնվող այս գյուղից տեղափոխվել հարավային ափի ավելի բարգավաճ քաղաքներ: 

Ամեն առավոտ տատն ու պապը երեխաներին քարշ էին տալիս դաշտ՝ իրենց ընտանեկան հողատարածք, Վայգոնգը Չունհուայի ձեռքն էր բռնում, իսկ Վայպոն Չունտաոյին կրում էր իր մեջքին: Քայլելու ընթացքում տատիկը հաճախ էր երեխաներին ու գուցե նաև ինքն իրեն զբաղեցնում` Միաոյի ազգային երգերը երգելով, որոնց մեծ մասը սիրային էին: Երբ նա երգում էր, տարօրինակ կերպով, ձայնը դառնում էր ջահել աղջկա ձայն: 

Սարի աղբյուրից հոսում է անարատ ջուր,

Ախպեր ջան, որտեղի՞ց ես գալիս: 

Քույրիկ, գալիս եմ սարի հետևի գյուղից: 

Ախպեր, ինչի՞ ես եկել էսքան հեռու: 

Որ տեսնեմ ձեր հայտնի ժրաջան աղջիկներին սիրուն

Գիշերը աղջիկները քնում էին տատիկի երկու կողմերում, խոհանոցի հետևի սենյակում: Վայպոյի բարձի մեջ ծղոտ էր լցրած, ինչպես Չունհուայի ծնողների տանը: Երբ նրա փոքրիկ գլուխը դիպչում էր բարձին, այն թեթև խշխշում էր: Այդ ժամանակ աղջկա մտքերը հաճախ էին դառնում ծնողներին: Վայպոն արագ բերում էր լուսանկարը: Առաջին շաբաթվա ընթացքում Չունհուան տասն անգամ ուզել էր լուսանկարը տեսնել, երկրորդ շաբաթվա մեջ՝ երեք անգամ, իսկ երրորդում՝ ոչ մի:

  Ավելի քան երեք տարի անցավ, մինչ Չունհուայի ականջին հասավ հոր մոտալուտ այցելության մասին շշուկը: Իր Բան: Նա աչքերը փակեց՝ փորձելով մտածել հոր մասին, բայց հոր արտաքինի հետ կապված ոչ մի պարզ պատկեր այդպես էլ չհայտնվեց գլխում: Տանն էլ նրա լուսանկարներից չկար: 

Հետո մի առավոտ` օգոստոս ամսվա վերջին, հայրը հայտնվեց մի քանի մեծ, վանդակավոր, գործած պլաստիկից պայուսակներով, որոնք կոչվում էին «օձի կաշվից պայուսակներ»: Ավելի վաղ անձրև էր եկել, բայց երբ հայրը մտավ տուն, արևն արդեն դուրս էր եկել ամպերի հետևից ու պայծառ փայլում էր: Եվ արևի լույսի տակ պայուսակները շողշողում էին իսկ և իսկ օձի կաշվի պես: 

Անմիջապես հավաքվեցին հարևան-բարեկամներն ու, նրան շրջապատելով հյուրասենյակում, սկսեցին ամեն տեսակ հարցուփորձի տեղատարափը: Չունհուան ապահով հեռավորության վրա էր ու ակնդետ նայում էր Բային: Այ հիմա հիշում էր նրան: Նա միջինից մի քիչ բարձրահասակ էր, խիտ մազերով, որոնք ցից-ցից տնկվել էին գլխին ու նրան ավելի բարձրահասակ ու ազդեցիկ էին դարձնում: Նա հատուկ գեղեցկություն չուներ, բայց իր խելացի, մեծ աչքերը սևաթույր հոնքերի տակ քառակուսի կզակով դեմքին վճռականություն էին տալիս: Հագին մի կարճաթև մայկա էր՝ վրան անգլերեն ինչ-որ բառեր գրված, մի բան, որ հաճախ չէիր տեսնի գյուղում: Հագել էր իր մշտական ռազմական շալվարը՝ քշտած ոտներով, ինչպես միշտ: Հանկարծ ինչ-որ մեկը, Չունհուան վստահ չէր, որ դա Վայպոն էր, իրեն խնդրեց հորը Բայով դիմել: Աղջիկը շիկնեց ու գլուխը կախեց: Չէր կարողանում իրեն համոզել արտաբերել այդ պարզ բառը: Շատ օտար էր: Բարեբախտաբար հայրը չստիպեց:  

Վերջին տարիների ընթացքում ծնողները կապը պահում էին՝ ժամանակ առ ժամանակ զանգելով: Դա մի առանձին պատմություն էր: Պայմանավորված ժամին տատն ու թոռները սպասում էին հեռախոս ունեցող հարևանի տանը: Կտրտվող խոսակցության ընթացքում մայրն անընդհատ կրկնում էր, որ իրենք գնացել են քաղաք փող աշխատելու, որպեսզի աղջիկներն ավելի լավ ուսման ու ապագայի հնարավորություն ունենան: Կամ էլ դաստիարակում էր աղջիկներին՝ աշխատասեր եղեք, հնազանդ եղեք, տատիկին ու պապիկին լսեք: Խոսքը տեղ հասցնելու համար Ման միշտ գոռում էր լսափողի մեջ, ձայնը կտրուկ էր ու հատու, ասես բառերի փոխարեն պայթուցիկներ թքեր:   

 Թվում էր, թե Բան անհարմար է զգում հեռախոսով խոսելիս: Հաճախ նա ուղղակի մի քանի ողջույնի խոսք էր մրթմրթում ու լսափողը վերադարձնում Մային: Չունհուան նրան երբեք հեռախոսով խոսելիս Բա չէր ասել: 

Նրա վերադարձի օրը, երբ բոլոր հյուրերը գնացին, Բան հանեց աղջիկների համար բերած նվերները՝ կոկոսի յուղ, առանձին փաթեթավորած մաֆիններ ու բարակ քաղցր նրբերշիկներ, որոնք Գուանգժուի՝ իրենց մեկնած քաղաքի հատուկ ուտեստներից էին: Ամեն մեկին նվեր հասավ նաև մի կարմիր ժակետ, որը գործել էր մայրը, ինչպես նաև` վարդագույն համազգեստ: Ման նրանց նմանատիպ գործվածքեղեն էր ուղարկում համագյուղացիների միջոցով: Աղջիկներին հատկապես ոգևորել էր համազգեստը, որը մոդայիկ ու թանկ տեսք ուներ: Մինչ արևը մայր կմտներ, աղջիկներն արդեն հարմարվել էին իրենց հոր ներկայությանը:     

Մի քանի օր անց Բան աղջիկներին տարավ մոտակա քաղաքի` Երեք ծառի տոնավաճառը: Երեխաների համար բացօթյա տոնավաճառը մի կախարդական վայր էր` բազմագույն, բազմաձայն ու բազմաբույր: Միաոյի կանայք սովորաբար հագնում էին իրենց ասեղնագործ տարազները, երբ գալիս էին տոնավաճառ ինչ-որ բան գնելու, վաճառելու կամ պարզապես բամբասելու: Վաճառքում կար միրգ ու բանջարեղեն, որոնք կոկիկ շարված էին բամբուկի զամբյուղների հատակին, ինչպես նաև վաճառվում էին կենդանիներ՝ խոճկորներ, բադեր ու փասիաններ:       

Մոտ մի ժամ եռյակը դիտում էր, թե ինչպես է մի մարդ կայծկլտող կրակի վրա դրված սևացած մետաղին եգիպտացորենի հատիկներ բովում, որ ադի-բուդի սարքի: Երբ արդեն հատիկները պայթելու վրա էին, Բա-ն իրեն սեղմեց դստրերին ու նրանց ականջները փակեց: Մի մեծ տոպրակ ադի-բուդիից հետո նա նրանց քաղցր բրնձի տապակած բլիթներ հյուրասիրեց, կարմիր լոբի ու կծու նուդլներ:   

Երբ հայրը մի քանի կենցաղային իր էր փնտրում գնելու համար, քույրերը քայլում էին նրա կողքով, ձեռքը բռնած, ու լպստում էին շաքարաքլորները: Չունհուան իրեն յոթերորդ երկնքում էր զգում: 

Երբ արդեն պատրաստվում էին տոնավաճառից դուրս գալ, անցան մի տաղավարի կողքով, որը գունագեղ ձևավորված էր բազմատեսակ մետաքսե ծաղիկներով: Հայրը կանգ առավ ու հարցրեց. «Կուզե՞ք առնեմ»:  

 Փոքր քույրն անմիջապես մատը տնկեց մեծ, դարչնա-վարդագույն ծաղկի կողմը: 

– Քեզ է՞լ նույնից,- Բան հարցրեց Չունհուային: 

Թեև ինքը կնախընտրեր մանուշակագույնը, որն ավելի փոքր էր չափերով, ամաչեց ասել իր նախասիրության մասին: Ու գլխով համաձայնության նշան արեց:

Հայրը երկու դարչնա-վարդագույն ծաղիկ գնեց: Մի պահ ուսումնասիրեց մեծ դստեր գլխի հետևում կապած մազափունջն ու ծաղիկն ամրացրեց դրա վերևում: Նրա ձեռքի ջերմությունը հալեցրեց Չունհուայի սրտում մենակության զգացումն, ու կոկորդում ինչ-որ բան գնդվեց: Մտածեց հորը «Բա» դիմելու մասին, բայց, չգիտես ինչի, չէր կարողանում խոսել: Քանի դեռ ինքը տատանվում էր, հայրն արդեն ծաղիկն ամրացնում էր քրոջ մազերին:

– Շնորհակալ եմ, Բա,- Չունտաոն ասաց իր պարզ ու զրնգուն ձայնով: 

Ու տեղում ուզեց գետնի տակն անցնել:  

 

Տարիներն անցնում էին, ու ծնողները շարունակում էին իրենց հազվադեպ այցելությունները կատարել դեպի տուն: Ժամանելիս նրանք իրենց հետ բերում էին ուրախություն ու համով բաներ, ու հետո կրկին հեռանում մի տասը օրից: Նրանք Չունհուայի կյանքում, որն անցնում էր տատիկի ու պապիկի հետ, մնացին ցածր հնչյուններում: 

Երբ աղջիկն արդեն տասնհինգ ու կես տարեկան էր, մի օր լսեց, որ երկու ծնողներն էլ այցելության են գալու: Կյանքում առաջին անգամ նա անհամբեր սպասում էր Մային: Կուրծքն ու ավելի լայն կոնքերն արդեն կոտրել էին հարթամարմին մանկությունը: Բայց դեռևս դաշտանի ոչ մի նշան չկար: Իսկ նա արդեն Երեք ծառի միջնակարգ դպրոցում էր ուսանում: Բոլոր ուսանողները շաբաթվա օրերին մնում էին դպրոցում, քանի որ նրանցից շատերն եկել էին լեռնային գյուղերից, որտեղ քաղաքից հասնելը մի քանի ժամվա ճամփա էր: 

Չունհուան մի կիսավեր հանրակացարանում էր մնում յոթ ուրիշ ուսանողների հետ: Ամոթից ելնելով՝ աղջիկները բացեիբաց չէին խոսում դաշտանի մասին, բայց, փոքրիկ տարածք կիսելու արդյունքում, բոլորն էլ գիտեին, թե ում մոտ այն կա, ում մոտ՝ ոչ: Չունհուան ամաչում ու անհանգստանում էր իր իրավիճակից: Երբեմն, երբ համադասարանցիները ոռնում էին «մորաքրոջ այցելության» ցավերից, ինքը երազում էր նույն ցավից տառապելու մասին: Աղջիկն անհանգստացած ուզում էր այդ անձնական հարցը քննարկել մոր հետ:      

Չունհուայի ծնողները վերջապես հայտնվեցին հոկտեմբերի Ազգային տոներից անմիջապես առաջ: Մայրը հագել էր մոխրագույն տձև զգեստ ու մի զույգ սև նեյլոնե զուգագուլպա: Այս անծանոթ հագուկապից Չունհուան օտարություն զգաց մորից: 

Ման Վայպոյի ավելի ջահել տարբերակն էր, երկուսն էլ կարճահասակ էին, ու երկուսի ոտքերն էլ մի քիչ ծուռ էին: Բայց Ման նաև խիստ էր: 

Վերջին տասնմեկ տարիների ընթացքում սա նրա երրորդ այցելությունն էր տուն: Ճիշտ վերջին անգամվա նման` նա ներս մտնելուն պես սկսեց բողոքել: «Աման-աման, էս ինչ կեղտոտ է հատակը»,- ասաց նա կտրուկ՝ անկյունի փոշին ցույց տալով: «Ինչ ծույլ աղջիկներ եք, ես ձեզ չէի՞ ասել, որ պետք է Վայպոյի բեռը թեթևացնեք ու ավելի շատ անեք տան գործերը: Նա հողն է մշակում, ձեզ է խնամում, իսկ նա արդեն ծեր է»:  

Չունհուան կանգնած էր՝ հողմի տակ մնացած բույսի պես գլուխը խոնարհած: Ինքն ավելի լավ գիտեր, թե ինչքան է աշխատում իր տատիկը: Աղջիկը հասկանում էր, որ Ման խորապես երախտապարտ է Վայպոյին իր աղջիկներին մեծացնելու համար: Բայց ի՞նչ իմաստ ուներ ցույց տալ այդ շնորհակալությունը՝ երեխաներին ամոթանք տալու միջոցով: Աղջիկը նաև զգում էր, որ մոր քննադատությունն իր ծնողական լիազորությունները վերահաստատելու միջոց էր, բայց նրա դառը խոսքերը, միևնույն է, ցավոտ էին: 

Չունտաոն մոտեցավ, սեղմեց քրոջ ձեռքն ու ժպտաց նրան: Փոքր քույրն ավելի հանդուգն էր, երևի որովհետև պետքն էլ չէր: Նա երբեք չէր ապրել ծնողների հետ: Չունհուան երախտապարտ ժպտաց քրոջը: Նա միշտ շնորհակալ էր, որ քույրը կար, առանց նրա կյանքն ավելի անտանելի կլիներ: 

Հետո մայրը որոշեց, որ աղջիկները պետք է գնան կարտոֆիլի դաշտ, որպեսզի մոլախոտերը քաղհանեն: Բարեբախտաբար Վայպոն միջամտեց, ու ասաց, որ աղջիկներն անցած շաբաթ են քաղհանել, ու հիմա կարող են մի փոքր հանգստանալ ու ծնողների հետ ժամանակ անցկացնել: Հայրը նույնպես հավանություն մրթմրթաց: Ման ենթարկվեց: Օդում կախված սառույցը սկսեց հալչել: 

Երբ մայրը տնից դուրս եկավ, Չունտաոն շշնջաց,- Բանի տեղ մի դիր: Ի վերջո ինքն ընդամենը երեք օր է դպրոց գնացել:

Խելացի աղջնակը սիրում էր մոր կրթության պակասին վերագրել նրա բռի պահվածքը: Մեծ քույրը տխուր ժպտաց: Հակառակ մոր թերությունների` ինքը շատ կուզեր ավելի ջերմ հարաբերություններ ունենալ այն կնոջ հետ, որ իրեն կյանք էր տվել:  

Երբ բոլորը խաղաղվեցին, Չունհուան վայրկյան գտավ մորը մոտենալու համար:

– Կարո՞ղ ենք առանձին խոսել, Մա»,- ասաց նա` մի քիչ անհանգստանալով: 

– Առանձի՞ն:

Մի պահ տատանվելուց հետո նա գնաց Չունհուայի հետ տան հետևի աստիճանների կողմը, որոնք տանում էին դեպի հարթավայր: 

Այդ ժամանակ Չունհուան արդեն մորից ավելի բարձրահասակ էր: Նա մի աստիճան ցած կանգնեց, որ իրենց աչքերը նույն մակարդակին լինեն: Մի պահ նայեց մորը: Ման հարցական ու խիստ հայացքով անթարթ իրեն էր նայում: 

Դուստրն աչքերը խոնարհեց՝ խաղալով իր ձեռագործ ժակետի ծայրի հետ, ինչն իր մորն ակնհայտորեն դուր չեկավ:

– Ինչի՞ մասին պիտի խոսենք:

– Ես…,- սկսեց Չունհուան: Անհարմար էր զգում, որ մորը դուրս է կանչել: Բայց տանն այս խոսակցությունն ունենալն անհնար էր, այնտեղ միշտ լիքը մարդ կար: – Դե, մորաքույրը դեռ չի եկել: 

– Մորաքու՞յրը: Ի՞նչ մորաքույր: 

– Դաշտանը:

Մայրն ակնհայտորեն թեթևություն զգաց: 

– Իմը սկսվեց, երբ 13-14 տարեկան էի, կարծեմ,- ասաց նա: Որոշ դադարից հետո շարունակեց. – Կգնաս հիվանդանոց, կստուգվես: Բայից փող կվերցնեմ: 

Հետո նա անմիջապես հեռացավ ու իր ծուռտիկ ոտքերով արագ-արագ իջավ աստիճաններով:   

Չունհուան մնաց մենակ կանցնած՝ արցունքներից խեղդվելով: Մշուշոտ աչքերով նայում էր աստիճաններից ներքև, ուր թխսկան հավը ճտերին հետևից գցած քուջուջ էր անում:

Ի վերջո պարզվեց, որ աղջիկը հիվանդանոց գնալու կարիք չուներ: Մի առավոտ, երբ իջել էր զուգարան ու արդեն մաքրվում էր, զուգարանի կոշտ թղթի վրա արյան կաթիլներ տեսավ: Այնքան նայեց դրանց, մինչև կաթիլները դարձան ժպտացող վարդեր: Ի՜նչ հանգստություն: Այլևս կարիք չէր լինի դիմանալու բժշկի զննման ստորացմանը կամ ծնողներից դրա համար գումար խնդրելու:  

Ժամանակը արձակված նետի պես սլանում էր: Շուտով Չունհուան ավարտեց միջնակարգ դպրոցն ու ընդունվեց Շանգլանի ավագ դպրոց, որը Երեք ծառերի ու Կաիլի քաղաքի ճիշտ մեջտեղում տեղակայված մի գյուղ էր: Ու թեև դրան գյուղ էին հորջորջել, այն բացարձակապես զուրկ էր գեղջկական հմայքից, ոչ էլ քաղաքի բարգավաճությանն էր հասնում: Աղջիկն ընկճվեց այն պահից, երբ ներս մտավ դպրոցի ժանգոտ մետաղե դարպասից, ուր մի քանի հոգնած շինություններ էին կանգնած կողք կողքի, ասես միմյանց մխիթարությունն անսալով նման լքված վայրում:  

Ախր ինքը հույս ուներ, թե ավագ դպրոցը կավարտի Կաիլի քաղաքում, որտեղ կրթության մակարդակը շատ ավելի բարձր էր: Դժբախտաբար ընդունելության քննությունները լավ չհանձնեց: Նրա կրթական առաջադիմությունը դանդաղել էր անինքնավստահության ու տան գործերով ծանրաբեռնվածության պատճառով: Բայց ինքը խելացի էր, հասկանում էր, որ իր ծեր տատիկն ու պապիկը է՛լ ավելի շատ պիտի աշխատեին, եթե ինքը չօգներ նրանց: Շանգլանը մեկն էր այն քիչ դպրոցներից, որոնք պատրաստ էին ընդունել իրեն: Դպրոցը վերջերս էր ավելացրել ավագ դասարաններ և ուրախ էր ընդունելու ուսանողներ, քանի դեռ նրանք պատրաստ էին վճարել 1200 յուան տարեկան վարձը:  

Չունհուայի տրամադրությունը բարձրացավ, երբ տեսավ բարձրահասակ ու նիհար դասընկերոջը՝ Հոնգին: Անունն իմացել էր անվանականչի ժամանակ: Հետո, մաթեմատիկայի դասին, երբ իրենց ուսուցիչը բարդ հարց էր տվել, Հոնգը ձեռքը բարձրացրել էր վերջին շարքից ու տվել ճիշտ պատասխանը: Չունհուան զարմացել էր, որ տղան մաքուր մանդարին էր խոսում, որն իր ականջին այնքան քաղաքակիրթ ու խրթին էր թվում: Ուսանողների մեծ մասը, որոնց մայրենի լեզուն միաոն էր, փորձում էին թաքցնել իրենց գեղջկական ակցենտը, երբ դասարանում խոսում էին պաշտոնական լեզվով: Նա ո՞վ է: Չունհուան, որ նստել էր նրանից մի քանի շարք առաջ, շրջվեց ու երկար նայեց նրան: Երկու բան նրա արտաքինում հատկապես տպավորեցին աղջկան՝ 1,8 մետր հասակն ու նիհար դեմքին բարակ բեղերը: Նա շատ գնահատեց առաջինը, քանի որ բոլոր չինացի աղջիկներն են հավանում բարձրահասակ տղաների: Այ երկրորդի մասին վստահ չէր: Բայց դա էական չէր: Նա այնքա՜ն լավն էր ու ինքնավստահություն էր ճառագում:    

Հաջորդ օրերին Չունհուան չէր կարողանում գաղտագողի հայացքներ չնետել նրան: Ու կարծես թե տղան նկատում էր, քանի որ մի քանի անգամ ժպտացել էր իրեն, կամ էլ Չունհուան էր այդպես երևակայել: Իր այնտեղ գտնվելու առաջին հինգշաբթի օրը աղջիկը գնաց դպրոցի գրադարան: Շատ էր ուրախացել, երբ իմացել էր, որ դպրոցը գրադարան ունի: Բայց պարզվեց, որ այն մի սովորական դասասենյակ է, պարզապես մի քանի գրադարակներով: Համենայն դեպս, աղջիկը որոշել էր, որ մի քանի գիրք կվերցնի: 

Արդեն երկար ժամանակ էր, ինչ Չունհուան տարված էր ընթերցանությամբ: Միջնակարգ դպրոցից հետո, երբ տնային գործեր շատ չէր ունենում անելու, նրան հաճախ կարելի էր տեսնել գիրքը ձեռքին: Նա սիրով կարդում էր այն գրքերը, որ փոքր քեռին էր թողել, մանկական հանրագիտարանի մի քանի հատոր, գիտական ֆանտաստիկա և ռոմանտիկ նովելներ՝ իր սիրելի ժանրը: Երբ գրքերը վերջացան, նա սկսեց էժան գնով օգտագործած գրքեր գնել շուկայից: 

Գրադարանը սահմանափակ հավաքածու ուներ, հիմնականում դրանք տեղեկատուներ էին: Մոտ մեկ տասնյակ վեպերի մեջ նա գտավ «Կարմիր տան երազանքը»՝ մեկը չորս դասական վեպերից, որոնք ձոնված էին Քինգ դինաստիայի հայտնի ընտանիքի վերելքին ու անկմանը: Այն նաև հայտնի սիրավեպ էր: Աղջիկը վաղուց էր լսել դրա մասին: Այսպիսով, նա վերցրեց առաջին հատորը:   

Տասնյոթ տարեկանում Չունհուան արդեն վաղուց հետաքրքրվում էր տղաներով, թեև նրա տարիքում ժամադրվելը բնականաբար արգելված էր թե՛ դպրոցի ղեկավարության, թե՛ ծնողների կողմից: Այդ պատճառով նա իր հետաքրքրությունը բավարարում էր սիրավեպեր կարդալով:  

Գրադարակներում որևէ ժամանակակից սիրավեպ չգտնելով՝ նա դուրս եկավ գրադարանից՝ ձեռքին «Կարմիր տան երազանքը»: Ու հենց այդ պահին խփվեց ինչ-որ մեկին: Հոնգն էր:  

– Ողջույն, Նիհաո,- բարևեց նա իր ստանդարտ մանդարինով, ժպտալով աղջկան ու ասես թե բացարձակ զարմացած չէ, որ աղջիկն իրեն խփվեց: 

Նա ևս «նիհաո» կմկմաց: 

– Ի՞նչ գիրք վերցրեցիր: 

– «Կարմիր տան երազանքը»,- ասաց նա՝ փորձելով ամեն բառն արտաբերել ստանդարտ մանդարինով: 

Տղան տպավորված էր: 

– Ես «Ճահճուտների տղամարդիկ»-ն եմ կարդացել: Դա նույնպես դասականներից է, բայց երևի թե աղջիկներին չի հետաքրքրի, չէ՞: 

Չունհուան առանց մեկնաբանության գլխով արեց:

– Ես շատ եմ սիրում կարդալ,- ասաց տղան:- Դու է՞լ: 

Չունհուան նորից գլխով արեց, ասես դա միակ բանն էր, որ կարող էր անել: Հենց այդ պահին ինչ-որ մեկը նրանց կողքով արագ անցավ, որ մտնի գրադարան, ու աղջիկը մի կողմ քաշվեց: Մտածում էր ինչ-որ բան ասել, բայց հանկարծակի կարմրեց ու փախավ այդտեղից: 

Շաբաթ կիրակի, երբ տանն էր, փորձում էր կարդալ վեպը, բայց իսկապես չէր կարողանում խորանալ գրքի մեջ, մի կողմից, որովհետև այն չափազանց բարդ էր իր համար, մյուս կողմից էլ, որովհետև հանգիստը կորցրել էր: 

Հաջորդ երկուշաբթի, երբ ուսանողները դուրս էին շտապում կեսօրյա վարժությունները բակում անելու, Հոնգը նրան մոտեցավ ու ձեռքը մի երկտող խցկեց: Աղջիկն այն վերցրեց ու նայեց նրան: Երիտասարդն անտարբեր մի կողմ էր նայում, ասես ոչինչ չէր պատահել: 

Մինչև դասի վերջը գրպանում դրված երկտողը տանջեց Չունհուային: Հենց որ դասն ավարտվեց, նա փախավ հանրակացարան ու բարձրացավ իր երկհարկանի մահճակալին: Այնտեղ, դողացող ձեռքերով, նա բացեց զգուշորեն ծալած թուղթը: Տղան հարցնում էր, թե արդյոք ինքը կցանկանա՞ր հանդիպել ու մի քիչ զրուցել երեկոյան ինքնազարգացման դասից հետո: Մի քանի րոպե նա պարզապես նայում էր թղթին: Հետո դուրս եկավ ու սլացավ բաղնիք, որտեղ մի մեծ ու ճաքած հայելի կար: Նրա ձվաձև դեմքը բավականին հաճելի էր, բայց մի կոպ ունեցող աչքերը մեծ չէին: Եվ ամռան ընթացքում չափազանց շատ արևի տակ մնալու պատճառով նրա մաշկը օձաձկան նման սև էր: Այդ հրաշք տղան ի՞նչ էր գտել այս պարզունակ արտաքինով աղջկա մեջ` ինքն իրեն քրթմնջում էր նա: 

Ժամադրվելը խստորեն արգելված էր դպրոցի ղեկավարության կողմից: Բայց մի խումբ ուսանողներ հանդիպում էին, հիմնականում նրանք կամ շատ համարձակներն էին, կամ նրանք, ովքեր այնքան վատ էին սովորում, որ ոչինչ իրենց համար կարևոր չէր: Այդ դասակարգերից որևէ մեկին չպատկանելով՝ աղջիկը պատրաստ էր դեմ գնալ օրենքին: 

Երեկոյան ճաշարանում, երբ Չունհուան բռնեց Հոնգի հայացքը, կամացուկ գլխով արեց: 

Ինքնազարգացման դասը սկսվում էր երեկոյան 7:30 ու ավարտվում 9:30, արանքում էլ տասը րոպե դասամիջոց կար: Այս անգամ դասն էլ ավելի երկար տևեց, քան որևէ այլ օր: Աղջիկը նայում էր դասագրքին, բայց ոչինչ չէր հասկանում, ասես տառերի փոխարեն ագռավի չանչեր լինեին: Նրա գլխում միայն գրքերում կարդացած համբույրի տեսարաններն էին: Հետո նա իրեն փորձում էր տիրապետել, որպեսզի զսպի ակնկալիքները: Միգուցե տղան իսկապես միայն ընկերական զրույց էր ուզում վարել: 

Զանգը հնչելուց հետո Չունհուան հավաքեց իրերն իր գրասեղանից ու տղայի հետևից դուրս եկավ դասարանից՝ զգուշավոր հեռավորություն պահպանելով: Նրանք քայլեցին դեպի բակի այն հատվածը, ուր մի քանի բարձր չինական քաղցր էվկալիպտներ էին աճում՝ թանձր սաղարթով ու տարածված ճյուղերով: Աղջիկը հենվեց ծառի բնին, իսկ տղան կանգնեց նրանից թևի հեռավորության վրա՝ մի ոտքի վրա հենված, ասես փորձելով պակասեցնել իրենց հասակների միջև տարբերությունը: Բակում լրիվ մութ էր: Լույսի միակ աղբյուրը նրանց հետևում գտնվող ուսուցչարանի շենքից էր ու ճաշարանից: Պարզ երկնքում երևում էր կիսալուսինը: 

Չունհուան բակում նկատեց ուրիշներին, որ փոքր խմբերով զրուցում էին իրար հետ: 

Իր քաղցր ձայնով Հոնգը սկսեց խոսել: Ասես բացատրություն տալով` ասաց, որ ինքը այդ քաղաքից չէ և կցանկանար ընկերություն անել տեղացի ինչ-որ մեկի հետ, հատկապես Չունհուայի նման հաճելի աղջկա: Ու թե ինչ հրաշալի անուն ուներ նա՝ գարնան ծաղիկ: 

– Ես սիրու՞ն եմ,- քիչ էր մնացել հարցներ աղջիկը, բայց զսպեց իրեն: Ինքը սովոր չէր գովասանքի: 

– Ւսկ որտեղի՞ց ես, հյուսիսի՞ց,- հարցրեց՝ մատը վեր տնկած: 

– Այդքան հեռու հյուսիսից չէ, Շանդոնգից եմ,- պատասխանեց տղան՝ իր երկար ձեռքերով փորձելով ցույց տալ իր հայրենի տան տարածքը երկրի կենտրոնում: Նա ասաց, որ Շանդոնգի բարբառը շատ մոտ է ստանդարտ մանդարինին, այդ պատճառով էլ ինքը հեշտությամբ է այն յուրացրել:

– Դու ոնց որ լուրերի թողարկման հաղորդավար լինես: 

– Չէ հա,-տղան ժպտաց, ու նրա սպիտակ ատամները փայլեցին մթության մեջ:  

– Ձեր քաղաքում բոլո՞րն են քո նման խոսում: 

Հոնգը ծիծաղեց ու գլուխը բացասաբար թափահարեց: Հետո ինչ-որ բան ասեց իրենց բարբառով: 

– Ի՞նչ: 

– Ասեցի, որ դու շատ գեղեցիկ ես, մեր բարբառով: 

Չունհուան գլուխը խոնարհեց ու զգաց, որ էլ ավելի է շիկնում: Հետո նայեց տղային՝ ակնկալելով, որ նա կշարունակի զրույցը: Ամբողջ մի րոպե տղան ուղղակի նայում էր նրան՝ բեղի հետ խաղալով: Հետո հավաքեց իրեն, ու սկսեց խոսել իր ընտանիքից: Նրա ծնողները Քսիժանգի Միաո գյուղում ռեստորան ունեին, որը զբոսաշրջության վայր էր ու միշտ լի այցելուներով: Երբ նրանք ձեռք բերեցին ռեստորանն ու սկսեցին աշխատեցնել, տղային էլ տարան իրենց հետ ապրելու: 

Խոսելու ընթացքում Հոնգը փոխեփոխ մի ոտքից մյուսին էր հենվում: 

– Իսկ քո ընտանիքից ի՞նչ կպատմես,- հարցրեց նա: 

Ավելի ուղիղ կանգնելով ծառի տակ՝ Չունհուան նկարագրեց իր ընտանեկան իրավիճակը՝ թե ինչպես են իրեն թողել տատիկի ու պապիկի խնամքին, ոնց են իրենք ապրում, ու փոքր քրոջ մասին: Լինելով զուսպ ու ինքնամփոփ՝ զարմացել էր, թե որքան բաց կարող է ինքը լինել: 

Հոնգն ասաց, որ ինքն էլ է մենակ մեծացել: Մինչև երկու տարի առաջ ինքն էլ էր ապրում տատիկի ու պապիկի հետ՝ գյուղում: Բայց իր մայրը միշտ փորձել է հաճախ այցելել, գոնե տարին մեկ, ու ամռան արձակուրդներին էլ իրեն հրավիրում էր Քսիժանգ՝ իրենց մոտ:

– Իմ ծնողները մեզ երեք-չորս տարին մեկ են այցելում,-ասաց Չունհուան:- Նրանք պատճառաբանում են, որ գնացել են փող աշխատելու: Կարիք չկա այդ գումարը ճանապարհի վրա վատնելու: 

Տասն անց կես, երբ ճաշարանի լույսերը մարեցին, կամպուսը մթնեց: Բակում գտնվողներից շատերն արդեն գնացել էին: Նրանք մի քիչ էլ զրուցեցին, մինչև վերադարձան իրենց հանրակացարաններ: 

Երեք գիշեր անընդմեջ նրանք հանդիպում էին ինքնազարգացման դասից հետո ու անվերջ խոսում: Տանը իր զրույցը տատիկի ու պապիկի հետ սահմանափակվում էր կենցաղային այնպիսի հարցերով, ինչպիսին էր, օրինակ, սխտորի կճեպը, իսկ քույրը չափազանց փոքր էր լուրջ բաներից խոսելու համար: Չունհուային ահավոր դուր էր գալիս զրուցել մեկի հետ, ով իր հետ հավասար էր բոլոր իմաստներով ու չափազանց հասկացող: 

Չորրորդ ժամադրության ընթացքում նա խոստովանեց, որ վերջերս սկսել է մտածել դպրոցը թողնելու մասին:  

– Ի՞նչ: Բա համալսարանը,- հարցրեց Հոնգը:- Դու ախր շատ խելացի ես:  

Հաճոյախոսւոթյունից ժպտաց, հետո բացատրեց, որ դեռ վաղ գարնանը ինքն ու իր դասարանցիները կարևոր որոշում էին կայացրել ավագ դպրոցը շարունակելու հետ կապված: Նրանց կեսից ավելին որոշել էր դուրս գալ: Աղքատ ընտանիքների երեխաների համար դա նաև ֆինանասական հարց էր: Չինաստանի պարտադիր կրթությունը ավարտվում էր իններորդ դասարանում: Մնացածներն ուզում էին դուրս գալ՝ փող աշխատելու կամ աշխարհ տեսնելու համար: Չունհուան տեղը չէր գտնում: Առաջադիմությամբ նա վատ չէր, ինչը նշանակում էր, որ կարող էր ընտրել երկու տարբերակներից ցանկացածը: Մի կողմից` նա լավ գիտեր, որ լավ ապագայի միակ գրավականը լավ կրթությունն էր, մյուս կողմից` նրան գերում էին մեծ քաղաքի լույսերը: Այդ ցավոտ ընտրությունը ազդում էր նաև նրա տրամադրության վրա:  

– Ես գիտեի, որ ծնողներս ինձ չէին կարող ճիշտ խորհուրդ տալ, բայց, միևնույն է, դա ինձ նյարդայնացնում էր: Նյարդայնացնում ու հիասթափեցնում,- աղջիկը վերջապես մաղձը թափեց: – Նրանք երբևէ ինձ լուրջ չեն վերաբերվել: Երբեք: Կարծես թքած ունենան: 

Սա կյանքում առաջին անգամն էր, որ նա իր ծնողներին քննարկում էր ինչ-որ մեկի հետ: Իրենց հարաբերությունները չէին վատացել, պարզապես ինքն էր մեծացել ու ավելի քննադատաբար էր վերաբերվում նրանց իրենց ուշադրության ու ջանքի պակասի պատճառով: Ներսում եռում էր ըմբոստությունը: 

– Նրանք երևի կարծում են, որ ծնող լինել նշանակում է վճարել իմ ուսման համար: Ո՞նց է մայրս անվերջ կարողանում ինձ քննադատել: Ի՞նչ տեսակի ծնողներ են նրանք: 

Տղան ուշադիր լսում էր ու կարեկցանքով շարժում գլուխը: Նա նշեց, որ չինացի ծնողները այդքան էլ հաճախ չեն գովաբանում իրենց երեխաներին: 

Աղջիկը հիացմունքով նայեց Հոնգին, որ կարծես ամեն բան այլ տեսանկյունից դիտարկելու բնածին տաղանդ ունենար:

– Փառք երկնքին ու երկրին, որ որոշեցիր ուսումդ շարունակել: 

– Փոքր Քեռիս ինձ համոզեց,- ասաց նա ժպիտով:- Գիտե՞ս ինչ, նա մեր գյուղի առաջին նորմալ ուսանողն է եղել: Նաև նա էր, ով ինձ տարավ դպրոցից դպրոց ու հասցրեց այստեղ՝ Շանգլան:

– Ինչի համար ես շատ շնորհակալ եմ քո հրաշալի քեռուն,-ասաց տղան՝ ձեռքերն իրար սեղմելով:

Նրա դեմքին ու սրտում ժպիտներ ծնվեցին: 

Նրանք միշտ նույն դիրքով էին կանգնում՝ աղջիկը հենվում էր ծառին, տղան՝ նրա դիմաց: Այդ հինգշաբթի, նրանք նորից չհեռացան, երբ մարեցին ճաշարանի լույսերը՝ քաջ գիտակցելով, որ էլ իրար չէին տեսնելու, մինչև կիրակի երեկո: Ուսանողները միշտ տուն էին գնում ուրբաթ օրվա դասերից հետո ու վերադառնում կիրակի ցերեկը: 

– Արդեն պիտի գնանք,- մեղմորեն ասաց աղջիկը: 

– Եվս հինգ րոպե, խնդրում եմ,- պատասխանեց նա՝ մյուս ոտքին հենվելով:  

– Հոգնած ես երևում, կուզե՞ս հենվել ծառին: 

Երբ Չունհուան ուզում էր տեղը զիջել, նա ասաց. 

– Իսկ ինչու՞ չենք կարող երկուսով հենվել ծառին: 

Դանդաղ շարժումով Հոնգը տեղից շարժվեց ու հենվեց ծառին՝ դիպչելով աղջկան: Հենվելով՝ բռնեց նրա ձեռքը: Չունհուան դեռ երբեք տղամարդուն այդքան մոտ չէր կանգնել: Նա զգում էր տղայի մաշկի յուրօրինակ բույրը՝ միախառնված տապակած սխտորի ու բալզամի հետ, որ նա առատորեն ցանում էր մոծակներիի կծածների դեմ: Դա համարձակ քայլ էր` հաշվի առնելով կամպուսում մեծ լապտերով շրջող պահակին, որ լույս էր գցում բոլոր այն զույգերի վրա, ում կասկածում էին ժամադրվելու մեջ: 

Այժմ երկուսի համար էլ պարզ էր, որ արդեն իրենց էլ կարելի է կասկածել: 

 

Չունհուայի համար աշխարհը փոխվել էր: Ամեն առավոտ, երբ արթնանում էր, նրա մտքերն ինքնաբերաբար դառնում էին Հոնգին, ու դեմքին ժպիտ էր հայտնվում: Արևն է՛լ ավելի պայծառ էր սկսել շողալ: Նույնիսկ դասերն էին ավելի հաճելի, քան երբևէ: Նույնիսկ դպրոցի ճաշարանի յուղոտ ճաշերն էին ավելի համեղ թվում: Երբեմն ինքն իրեն բռնացնում էր սիրային երգեր մրմնջալիս.

«Սարի աղբյուրից հոսում է անարատ ջուր,

Ախպեր ջան, ո՞րտեղից ես գալիս»: 

Ծնողների հեռանալը Չունհուայի սրտում բաց վերք էր դարձել: Հիմա այդ դատարկության մի մասը սիրով էր լցվում: 

Կիրակի կեսօրին, երբ աղջիկը վերադարձավ Շանգլան, նյարդայնությունից դողում էր ու անընդհատ հեռախոսը ստուգում: Կամպուս հեռախոս բերելն արգելված էր: Բայց իր պետքն էլ չէր: Նախորդ օրը տանը, հենց որ քեռին իրեն նվիրեց իր հին հեռախոսը, ինքն ու Հոնգը իրար վրա հաղորդագրությունների կրակահերթ բացեցին:

Երբ արդեն պատրաստվում էր քնել, հեռախոսը դողաց ևս մեկ հաղորդագրությունից: Արագ ստուգեց: Գրված էր «Սիրում եմ քեզ»: Աշխարհը նոր գույներով լցվեց: Առաջին անգամ էր կյանքում, որ ինչ-որ մեկն այդ նվիրական բառերն ասաց իրեն: Տատիկն ու պապիկն իրենց սերը ցույց էին տալիս հոգատարությամբ: Իսկ ծնողները, պարզամիտ շատ գյուղացիների նման, երբեք նման բան չէին ասի:  

Բազմաթիվ անգամներ հաղորդագրությունը կարդալուց հետո աղջիկը պատասխանեց Հոնգին՝ «Ես էլ քեզ եմ սիրում»: Ու քնեց` հեռախոսը ձեռքում՝ սրտին մոտ: 

Նրանք համբուրվեցին հսկայական չինական էվկալիպտի տակ հենց հաջորդ երեկոյան:

Այժմ նրա օրերը քաղցրացնում էին համբույրներն ու հաղորդագրությունները: Համբուրվելու շատ հնարավորություն չունեին, բայց իրար շատ էին գրում: Չունհուան ջանք չէր խնայում երկտողերը գրելիս՝ գեղեցիկ արտահայտություններ վերցնելով իր կարդացած սիրային գրքերից կամ մեջբերելով դասական սիրային բանաստեղծություններ.  

«Երանի քո սրտում իմի չափ սեր լիներ,

Այդ դեպքում իմ սերն իզուր չէր լինի»: 

Իրեն աննկարագրելի հաճույք էր պատճառում իր սերն ազատ արտահայտելը: Տղայի դրական արձագանքն իրեն դրդում էր է՛լ ավելի շատ հաղորդագրություններ գրել:  

Մի երեկո նրանք նորից հանդիպեցին ինքնազարգացման դասից հետո՝ դիմագրավելով անսովոր ցուրտ քամուն, որն սկսվել էր նախորդ գիշերվա անձրևից հետո: Երբ 10:30-ին ճաշարանի լույսերը հանգցրին, խաղահրապարակն ամայացավ: Չունհուան ուզում էր հեռանալ, որովհետև մրսում էր: Բայց տղան առաջարկեց տաքացնել աղջկան իր մարմնով: Նա սկզբում նրան իր թևերի մեջ առավ, հետո աջ ձեռքը ներս սողոսկեց աղջկա շորերից ու սկսեց շոյել կուրծքը: Աղջիկն անշարժ կանգնել էր՝ չիմանալով ինչ անել: Նա արդեն շատ երջանիկ էր համբուրվելով, իրար ձեռք բռնելով ու հաղորդագրություններ գրելով ու չէր մտածել, որ սա էլ էր մտնում ժամադրության փաթեթի մեջ: 

– Արի գնանք,-խնդրեց նա,- գուայի: 

– Ի՞նչ ասացիր: 

Չունհուայի դեմքը կարմիր լապտերի նման սկսեց վառվել: Չհասկացավ, թե ինչպես օգտագործեց այդ փաղաքշական բառը, որն իրեն երեխայական էր թվում ու ընդհանրապես ոչ տեղին: 

– Ոչ մի բան: 

Իրար հրաժեշտ տալուց մի հսկայական լույս ընկավ նրանց վրա: «Մեծ լապտերն» էր:

Հաջորդ օրը դրա մասին տեղեկացվեցին նրանց ուսուցիչները, որոնք, իրենց հերթին, տեղեկացրեցին ընտանիքներին: Զույգը ստիպված էր խոստանալ, որ վերջ կտա հարաբերություններին: Չունհուան աղաչում էր տատիկին, որ մորը չպատմի սրա մասին: 

Նրանք, միևնույն է, հանդիպման հնարավորություն էին փնտրում: Բայց պարզվեց, որ դա նույնքան դժվար է, որքան երկինք մագլցելը: Նրանք չէին կարող միասին քայլել կամպուսում կամ իրենց նուդլները միասին ֆռթացնել ճաշարանում: «Մեծ լապտերը» ամենուր հետևում էր նրանց: 

Չունհուան կարոտել էր տղայից եկող սխտորի հոտն ու նրան դիպչելը, բայց ամենաշատը՝ իրենց զրույցները: Հաղորդագրություններ ուղարկելը ցավը մեղմում էր: Առավել, քան երբևէ աղջիկը ջանք չէր խնայում նրան զգացմունքներով լեցուն երկտողեր գրելու համար:  

Բայցևայնպես, երբ հասկացավ, որ միշտ առաջինն ինքն էր գրում ու ավելի շատ ուղարկում էր, քան ստանում, դանդաղեց հաղորդագրությունների հոսքը՝ հուսալով, որ տղան մի փոքր կակտիվանա ու կսկսի նորից իրեն քաղցր տողեր գրել առաջվա պես: Տղան ասում էր, որ դեռ սիրում է իրեն, բայց պետք է կենտրոնանա իր դասերի վրա, որ կարողանա լավ համալսարան ընդունվել: Նեղսրտած՝ աղջիկը նրան մեղադրեց անուշադրության մեջ, տղան էլ իրեն՝ պահանջկոտ ու կպչուն լինելու: Նրա հաղորդագրությունները դարձան հազվադեպ ու նույնքան չոր, որքան իրենց քաղաքականության դասագրքի տեքստերն էին: Կատաղության նոպայի մեջ՝ Չունհուան անջատեց հեռախոսը:  

Զգացմունքների ջերմաստիճանն ավելի արագ էր իջնում, քան դրսում՝ եղանակինը: Երկու շաբաթ անց նրանք իրար համար օտար էին: Մեր հարաբերությունները թիթեռնիկի թևերի նման փխրու՞ն էին, հարց էր տալիս ինքն իրեն Չունհուան, երբ գիշերը բարձրանում էր քնելու իր անկողնում: Սառը նայելով իրականությանը՝ պարզ տեսավ, որ տղան ընդամենը սիրուն խոսել գիտեր, ինքն էլ չափազանց հակված էր եղել նրան հավատալուն: Բայց ախր ամբողջ սրտով սիրուն ձգտելու մեջ ի՞նչ վատ բան կար: 

Մի հինգշաբթի գիշեր, երբ արթուն պառկած էր, մտքերով գնաց Հոնգի ու իրենց 12 շաբաթական սիրային պատմության մոտ: Պահի ազդեցության տակ հեռախոսը միացրեց: Հույսը վերջինն է մեռնում, միգուցե սիրով լի մի հաղորդագրություն ստացած լինի Հոնգից: Սևեռուն նայեց փոքրիկ էկրանին, հենց որ այն լուսավորվեց: Տղայից ոչինչ չկար, ասես գոյություն էլ չէր ունեցել երբեք: Աղջիկն աչքերը փակեց, ու մի պահ զայրույթի ու հիասթափության ալիքներ բարձրացան ներսում: Երբ աչքերը բացեց, ջնջեց Հոնգին հեռախոսից: 

Մի երկար հաղորդագրություն էր ստացել Բայից: Բացահայտումից հետո տատիկը որոշել էր, որ իրավունք չունի կոծկելու «թոռան ընկերոջ դեպքը»: Ման կատաղած փորձել էր կապվել հետը, բայց ապարդյուն: Եվ այդ ժամանակ հայրը որոշել էր երկար-բարակ գրել, թե ինչքան հիասթափված ու ապշած են իրենք: «Մենք այստեղ արյուն-քրտինքով փող ենք աշխատում, որ քո ապագան կառուցենք: Ո՞նց կարողացար մեզ պատվազուրկ անել»,- լացակումած գրում էր հայրը: Հաղորդագրությունն ավարտել էր` ասելով. «Հուահուա, դու դեռ այնքան ջահել ես: Դու ի՞նչ գիտես սիրո մասին»: 

Քիչ էր մնացել գոռար: «Իսկ դու՞ ինչ գիտես սիրո մասին, Բա»: 

Աղջիկը վերհիշեց, թե ոնց էր հայրը մետաքսե ծաղիկը կպցնում իր մազերին: Բայց այդ ջերմ հիշողության փոխարեն շուտով եկավ մյուսը, որում նա անհետանում էր ավտոբուսի մեջ:  

Ծնողներից նա ավելի շատ գաղտնի սիրում էր հորը, որ ավելի ռացիոնալ էր ու մի քիչ ավելի ջերմ: Միշտ մեղավոր էր զգացել իրեն, որ չէր կարողանում նրան Բա ասել: Հայրը նաև շատ ավելի խելացի էր, քան Ման, ով մի քանի տարվա տարրական կրթություն էր ստացել: Հայրը ատաղձագործություն էր սովորել, բայց չէր կարողացել իր համար ատաղձագործի աշխատանք գտնել Գուանգժուում, քանի որ ատաղձագործությունը, որ համարվում էր հմուտ ու բանիմաց վարպետի աշխատանք, սովորաբար պահվում էր տեղացիների համար, ու տեղափոխվածներին այդ գործը չէին տալիս: Երեկոյան դասեր ավարտելուց հետո հայրը կարողացավ ստանալ նաև էլեկտրական հոսանքի մասնագետի որակավորում, որով նա ավելի լավ գումար էր աշխատում, քան կաթսայատանը, ուր աշխատել էր մի քանի տարի: Ման, մյուս կողմից, մնացել էր գործարանի մաքրուհի, որն ամենավատ աշխատանքներից մեկն էր համարվում: 

«Բա, քո խելքով հանդերձ, մտքովդ չանցա՞վ հետս զրուցել իմ կյանքի այս կարևոր փուլում»,- զայրացած մտածեց Չունհուան՝ հիշելով, թե որքան էր տառապում` չկարողանալով կողմնորոշվել անցած գարնանը: – «Ու՞ր էիր, երբ ես քո ծնողական խորհրդի կարիքն ունեի»: 

Չունհուան ջնջեց հոր համարը հեռախոսից: «Բա»-ն անձայն կորավ: 

 

Show Comments Hide Comments

Leave a Reply

Your email address will not be published.