(հատված վիպակից)
***
Ո՞վ է խոսում քեզ հետ, քո «ինչ կա չկա»-ին ո՞վ է արձագանքում… Հարց է: Բայց որ խոսում են` անժխտելի է. ահա, դու մտովի դիմում ես, արձագանքը գալիս` նստում է մտքիդ, ընդունում ես կամ չես ընդունում, հաճախ վանում ես, բայց չի հեռանում, ծեփվում է ուղեղիդ գալարների մեջ ինչ-որ տեղ, սպասում համբերատար, երբեմն էլ` անհամբեր, ու հարմար առիթով դարձյալ ելնում երկխոսության հարթակ: Ո՞վ է խոսում քեզ հետ, ՆԱ՞, թե՞ Նա…
«Աստված լուռ է, քեզ հետ խոսում է Սատանան»…
Դեհ, ինչ ասեմ, եթե չես ուզում Սատանայի հետ խոսել, փորձիր խոսել Աստծու լռության հետ, դժվար բան է, գուցե անհնարին, բայց դու փորձիր, և աշխատիր չխաբվել, չգայթել` սատանայի արձագանքներն ընդունելով Աստծու արձագանքների տեղ, որովհետև Նա լարում է բազմաթիվ որոգայթներ, անընդհատ, ամեն քայլափոխի, կեղծում է, յուղում, շաքարապատում, փորձիր ճանաչել, շրջանցել…
Սակայն գուցե դո՞ւրս գաս այս խաղից, ասես` ես փաս, ոնց անում եմ` չի ստացվում… Բայց չէ, չես կարող, իսպառ ես ներքաշված կյանք կոչված սադոմազոխիզմի մեջ…
Էհ, իմ միամիտ խեղճիկ, խճճանքների մեջ ես, սարդոստայն ընկած ճանճ: Նստիր զբոսայգու պռնկի նստարանին, սուրճ վերցրու հարևան կրպակից, վայելիր ու աշխատիր ուղեղդ անջատել, խուսափել հարցուպատասխաններից…
Հրաշալի է, սուրճ խմել, ծխել ու նայել անցնող-դարձող մարդկանց: Մարդու դեմքն ամենահետաքրքրական բանն է աշխարհում, դիմանկար է, շարժանկար, պլաստիկա, փիլիսոփայություն, վեպ է, վիպակ, պիես, պատմվածք, էսսե, պոեզիա, … Բոլոր ուղղությունները, տեսակներն ու ժանրերն այստեղ են, միայն թե կարդալ կարողացիր: Ու ագահ ես դառնում դեմքերին նայելիս, եթե ինչ-որ բան չի երևում` թեքվում ես, առաջ կամ ետ մղվում, լարվում` միայն թե ամբողջացնես: Ահա և անապական, զուտ արվեստը, թոթովելով, դոփդոփելով, ղունղունալով անցնում է` լայն բացած աչուկների հետաքրքրությունը քեզ դարձրած…
Ինձ մի նայիր, պստլո, կասկածներ կընկնեն հոգուդ խորքը, կկասկածես մանկությանը, հեքիաթներին, վարդագույն բանթիդ, տիկնիկիդ… Ինձ ուշադիր նայելը վաղ է քեզ համար և առհասարակ էլ` պետք չէ, վնասակար է:
Փախցրու աչքերդ երեխայի հայացքից, չի ճանաչի, այո, բայց կզարմանա ու զարմանքը կարթնացնի ենթագիտակցությունը, մթան կողմը կտանի, քողարկիր հայացքդ, կեղծիր, կկոցիր, ժպտա հիմար ժպիտով, ծամածռվիր…
Բայց երկար կեղծել ինձ չեմ կարող, ճստլո, անցիր գնա, հրեն, տատիկդ ձեռքը պարզել է, որ բռնես` շարունակես քայլել հետը, ոտիկդ կախ մի գցի…
Գնաց, պրծանք, մերթ ընդ մերթ շրջվում է, բայց գնում է:
Հիշեցի, առնետը եկել` քնքուշ քսմսվում էր, ասում էր` սիրտ-թոք-լյարդդ լավ վիճակում չեն, բայց դեռ շատ վատ էլ չեն, այ երբ խոցոտված, վերքապատ գամ ու կծեմ` այնժամ իմացիր, որ արդեն վատ է վիճակդ, շատ վատ է, տես` հիմա ատամներս մերկացրել եմ, բայց չեմ կծում, սա թեթև նախազգուշացում է դեռևս:
Սարսափ երազ տեսա գիշերով, առնետը չէ, առնետը քսմսվեց` անցավ-գնաց, առնետից հետո էր, գլուխ էր, դեմք, գոլորշու միջով մղվում էր առաջ, թեքթեքվում, նայում` ներս ընկած անթարթ աչքերով… Կնճիռներ, դեղնագորշ մաշկ, որ քրտինքի, խեժի ու մեզի հոտ էր արձակում… Ինչո՞ւ ես եկել, ինչո՞ւ ես ինձ ցուցադրում ինձ, ի՞նչ պիտի հասկանամ, այսպիսի՞ն եմ լինելու մի տասը տարի անց… չե՞մ հասնելու սրան, կարո՞տ առնեմ: Կնճիռների ու կաթներանգ բիբերի մեջ անցյալն է տեղավորվել, անցյալի ավերակներն են, կարդա` եթե ուզում ես, եթե կարոտախտ ես տենչում: Բայց չէ, չեմ ուզում, հեռացի՛ր, ճիվա՛ղ, դուրս արի մտապատկերիցս… Չի հեռանում, ավելին, ձեռ է առնում, հարցնում է` ի՞նչ կա-չկա, ասում է` ի՛նձ նայիր, կանանց մի նայի՛ր, էդ ինչքա՞ն ոռիկ պիտի ներառնես մտապատկերիդ մեջ, որ ինձ դուրս մղես…
Հանգիստ նստել, աղջիկներին ես նայում, կյանքը ձեռիցդ առնում են, դու էլի նստել` աջ ու ձախ ես նայում, ասես ոչինչ չի եղել… Գոնե գոռա, ճչա, հայհոյի… մի բան արա, էսպես ո՞նց կլինի, կյանք ա, փող չի, իր չի, միակն ա, քոնն ա, գողանում են, տանում են… Գոնե սպանի քեզ, խլի քեզ նրանցից…
Չէ, ոչինչ չես անում, հնազանդ սպասում ես:
***
– Բարև, կարող ե՞մ նստել, չեմ խանգարի՞:
– Նստիր:
– Չճանաչեցի՞ր: – Նստում է` պայուսակից հանելով հեռախոսը:
– Ձևեր մի թափի, իհարկե ճանաչեցի:
– Դե, մարդ ես, մեկ էլ տեսար… Էնքան կնճիռ ունեմ, որ շատերը խուսափում են ճանաչել,- խոսում է` հեռախոսի մեջ նայելով:
– Հիմա ո՞րս կնճիռ չունի:
– Անձրև ա կաթկթում… Արի գարեջուր վերցնենք` գնանք:
– Ո՞ւր:
– Թեկուզ` իմ տուն:
– Տուն ունե՞ս:
– Ունեմ:
– Չունեիր ոնց որ:
– Հիմա ունեմ: Մեկը մեռավ, մյուսը, մնաց ինձ: Չգնա՞նք… Փող չունե՞ս գարեջրի, ես ունեմ:
– Ես էլ ունեմ:
Նախկին նկարչուհին, որ գուցե հիմա էլ դեռ նկարում է, արկած է խոստանում, սմքած-ճմրթված` բայց արկած է, իսկ արկածներն այնքան քիչ են վերջերս, ուստի` առաջնորդիր…
– Սպասի, էս տականքի պորտը մի հատ տեղը դնեմ…,- հեռախոսի մասին է, արագ ինչ-որ տեքստ է հավաքում կտկտացնելով, ուղարկում է:- Գնացինք:
Փողոցով վար, ապա մի ուրիշ, ավելի նեղ փողոցով` աջ, հետո ձախ` նրբանցքով, տուֆաշար քառահարկ շենք, տակին` մթերային խանութ, գարեջուր…
– Ես Գյումրին եմ սիրում:
Թող լինի` «Գյումրի», չիփս…
– Օղի էլ վերցնենք, հը՞…
Բարձրանում ենք, մտնում, դուռը ճռռում է, ասես դժկամությամբ է ներս թողնում, թշնամություն չի, պարզապես հոգնած է, տասնյակ տարիներ` նույնը:
Սենյակում Հիսուսի, Բուդդայի, ինչ-որ հրեշտակների և սրբերի արձանիկներ ու պատկերներ են զարնում աչքիս` պահարանում, սեղանիկին, պատին:
– Էս ի՞նչ սրբառատ անճաշակություն ա, նրանցից ա՞ մնացել:
– Հա:
– Է դեն գցի, ձեռդ չի գնո՞ւմ:
– Չի գնում:
– Զարմանալի ա, դու` նախկին հիպպի, ազատամիտ, ազատատենչ…
– Խաբեց ազատությունը, մեզ թվում էր, թե բացարձակ արժեք ա, պարզվեց` պատրանք ա, չկա, մենակ արվեստի մեջ ա, էնտե՛ղ արժեք ունի, իջացնում ես հողի վրա` չի կպնում, փորձես զոռով կպցնել` չար ուժ ա դառնում: Բեր, բեր խմենք, խմենք մեր էն սիրուն պատրանքների համար:
Խմեցինք, անմիջապես նորը լցրեց.
– Եթե լավ մինետ ես ուզում` պիտի շատ խմեմ… Ի՞նչ ես էդպես նայում, չես ուզելո՞ւ:
– Ես մինետի առանձնակի սիրահար չեմ, չեմ ասի` դուրս չի գալի, բայց խելքս չի գնում դրա համար:
– Ես էլ դա եմ սիրում սեքսի մեջ:
Հագուստը չի հանում, ամաչում է իր մարմնից, կակղած ա ամեն բան` ասում է, էսպես ձեռ տուր թե կուզես, բայց լավ կլինի ձեռ չտաս, հանգիստ պառկի: Իջեցնում է տաբատս, վարժ ու սահուն, հակվում… Հաճելի է, բայց ավելի շատ` մերսման հաճույքի նման… Հոգնեց կարծես, աշխուժությունը նվազում է, մի պահ նույնիսկ թվաց` հեռախոսը դրել է փորիս` թերթում է… Նախկին կիրքը չունի, չէ․․․