Իրար նայող կիսամաշ դռների արանքում ընկած 4-5 մետր տարածությունը լիքն էր թվում:
Լույսը ոչ մի կերպ ներս չէր թափանցում` ոչ առավոտյան ու ոչ էլ երեկոյան, երբ արևը շենքի ետևն էր անցած լինում… Փոխարենը մտածկոտ գլուխների բազմությունը, Ա4 ֆորմատի թղթերի տրցակներն ու հին ժամացույցի կտկտոցի ձայն հիշեցնող սպասումը հաջողությամբ լրացնում էին այդ բացն ու լցնում նեղլիկ խուցը մեղմ տվայտանքով:
Էլ ինչո՞վ պիտի լիներ լցված «Փաստաբանական գրասենյակ» ցուցանակով 2-3 սենյակ զբաղեցնող այդ նախկին կիսանկուղային բնակարանը:
Ոչ մի այլ արժեքավոր բանով:
Միքայելը մի կերպ տեղավորվել էր անկյունում ծվարած անհասկանալի նստարանին: Դեռ սովետական ժամանակներից մնացած դպրոցական դահլիճներին բնորոշ դերմանտինի ու երկաթի այդ անհասկանալի համադրությունը իսկական նվաստացում էր սպասողների համար:
Նստել էր գլուխը կախ ու հայացքն անշարժ: Ոչ տրամադրություն ուներ մարդկանց կերպարանքներին նայելու, ոչ էլ ցանկություն` հայացքը բռնացնելու պատճառով տեղը համառ տարիքավորներին զիջելու:
Մեջքն էլ տեղից ցավում էր վաղուց տանջող մկանացավով:
Մերթընդմերթ կարմրատակած աչքերը բարձրացնում ու նայում էր դռներին` Սարգսյան ու Աբրահամյան ցուցանակները պակաս սովետահոտ չէին:
– Դեռ մի 30 տարի էլ միզելիս կարմիր դեղահաբի հոտը կգա… մինչև զուլալվի,- մրթմրթաց` առավելագույնս գրագետ ձևակերպելով: Փորձում էր օրվա մեջ մտքերն ու խոսքը շիտակ կառուցել, ինչ-որ պաթետիկ ձևակերպումներ անել: Ով իմանա, թե երբ ու որտեղ պետք կգան,- Սարգսյան ու Աբրահամյան, Աբրահամյան ու Սարգսյան, Սարգսյան ու Աբրահամյան, Աբրահամյան ու Սարգսյան… Սարոյան եղբայրներ:
Ամեն ինչում հիմար զուգորդումներ գտնելն իր տարերքն էր: Թե ում էր պետք:
Աչքը գցեց հեռախոսի էկրանին` ժամացույց կապել չէր սիրում: Ժամ ու տասը րոպե է` սպասում էր 4-5 մետրանոց խենթացնող վանդակում:
Փաստաբանի մոտ սպասելը հիվանդանոցում սպասելու պես է` ոչ ոք չի ուզում, բայց հարկավոր է…
Վերջապես իր հերթն էլ եկավ: Դուրս եկող կարմրած այցելուն, դուռը շրխկացնելով, անխոս հեռացավ, ու բոլորը հասկացան, որ ներսում ազատ է:
Տեղից վեր կացավ` մեջքը բռնած, ու ճռռացող նստարանը հետույքի հետևից աղմուկով ծալվեց: Հիմա ով ուզում է, թող նստի…
Ներսում ծխահոտ էր, ու խարտյաշ տիկինը, Միքայելին նայելով, ծխախոտի «ցուլիկը» թաղեց ծանրոտ մոխրամանի մեջ:
– Բարև ձեզ, իմ համար Արմենն էր զանգել,- կմկմաց մի կերպ: Իր ծանոթն էլ չէր, քրոջ կոլեգայի կամ կոլեգայի ընկերոջ… Մի խոսքով, ծանոթի ծանոթի չգիտեմ ինչը, ում անունը 20 րոպե հետո մոռանալու էր:
Ատում էր իր անվստահությունը: Մեծ մարդ էր, հա… Բայց հայկական շփման մշակույթը իրենը չէր: Ծանոթի ծանոթի անունից վարժ մոտենալ, արագորեն մտերմիկ տոնի անցնել, հումոր անել, կենաց ասել, տամարը մտնել: Կան, չէ՞, որ կմտնեն ցանկացած խանութ ու երկու րոպեից բոլոր աշխատողներին անունով կդիմեն, ջան ջիգյար:
Նախանձել էր միշտ: Իսկ իրենը կմկալով «բարև ձեզ» ասելն ու կանգնելն էր «պոլի փետի» պես:
– Հա, զանգել էր… Նստեք, տեսնեմ, ինչ է… Արմենն ասեց` երեխու հարց է, հա՞,- առանց թղթերից աչքերը կտրելու` նետեց Սարգսյանը:
– Հա…,- ու ձենը կտրեց: Չգիտեր` արդեն պատմել սկսեր, թե սպասեր հարց տալուն:
– Ի՞նչը` հա, պատմեք, տեսնեմ, հերթում էլի մարդիկ կան,- էս անգամ աչքերը բարձրացրեց, մուշտարու աչքով զննեց, գնահատեց: Միքայելը որսաց էդ հայացքը:
– Մերը ուզում ա երկրից տանի երեխուն,- բարձրաձայն ասաց ու մտքում` «հաստատ հորթի տեսքով եմ, մի հատ թուլացի, մարդ ա, էլի»… Ինքն իրեն անիծեց:
– Պարզ ա: Երեխեն անձնագիր ունի՞,- խարտյաշ տիկինը նորից անցավ թղթերին:
Սեղանի մոտից սոխի հոտ էր գալիս: «Ընդմիջմանը քյաբաբ են կերել»` մտածեց Միքայելը:
– Հա, մի երկու շաբաթ առաջ: Կապ ունի՞, որ ես տեղյակ չեմ եղել, ու առանց իմ համաձայնության է հանել,- Միքայելն էլ չէր փորձում իրեն իրավիճակը տիրապետողի պես պահել: Վերջնականապես խառնվել էր իրար: Հերն էլ անիծած:
Փաստաբան Սարգսյանը էդ բառերի վրա կտրվեց թղթերից, արմունկները դրեց սեղանին ու ժպտաց ակնոցի տակից:
Ժպտաց մի հայացքով, որով սովորաբար ժպտում են միամիտ գառնուկներին, ժպտում են, որ ավելի մոտ գան, վստահեն:
– Եթե անձնագիրն արդեն հանել է, էական չէ համաձայնությունը,- ու նորից ժպտաց:
– Բայց էդ օրինական է՞,- փորձեց պայքարել Միքայելը: Օրինական բառը մի տեսակ շունչ էր կտրացնում` հավատքի վերջին բաստիոնի պես, որքան էլ որ վարկաբեկված էր մինչև ռեկտորի գծիկ: Հույսը, որ օրենքը մի օր պաշտպանելու է, նույնիսկ վերջում չի մեռնում:
– Պիտի հարցնեին, իհարկե, հոր համաձայնությունը, բայց հարցնողն ով է՞… Հայաստանն է,- տիկնոջ հայացքն արդեն փորձում էր անտեսանելի ձեռքի պես շոյել Միքայելի գլուխը` դե բա գիտեիր ինչ… Կարծում էիր` ուրիշ կերպ է՞… Միամիտ տղա, միամիտ…
– Բա սահմանին ստուգողնե՞րը… Ոչ մի թուղթ չեն ուզելո՞ւ… Դառնում ա գողանալ երեխուն,- ձայնը բարձրացավ, բայց դա ավելի շուտ անզորության ճիչ էր, քան ընդվզում:
– Պիտի ուզեն… բայց չեն ուզի,- մի փոքր էլ, ու համբերությունից դուրս կգար սարդի ոտքերով մազակալ կրող տիկինը,- ուրեմն էսպես. ուզում ե՞ք` երեխեն ձեր հետ մնա, պիտի թաքցնեք:
– Թաքցնե՞մ, այսի՞նքն` թաքցնեմ,- Միքայելը խառնվեց իրար:
– Հա, պահեք երեխուն: Գյուղ բան չունե՞ք, տարեք պահեք: Հետո դատի կտան, կմտնենք դատի մեջ, էնտեղ էլ կերևա,- ակնոցի տակից նայող աչքերը դադար վերցրին մի պահ,- բայց գլխանց ասեմ, որ հեշտ պրոցես չէ, թանկ է լինելու:
Սենյակի հեղձուկը թանձրացավ մեկեն, փաթաթվեց Միքայելի պարանոցին ու սկսեց խեղդել` տար, պահի, թաքցրու…
– Գողանամ իմ երեխու՞ն,- բառերը մի կերպ դուրս եկան կոկորդից: Սովորական մարդու համար ծանր է հանցանքի առաջարկը: Դա հեշտ բան չէ, եթե նույնիսկ վերաբերում է ամենանվիրականին…
– Լսեք: Դուք եք եկել` ձեզ եմ ասում: Մյուս կողմը լիներ, նույն բանը նրան էի ասելու,- տիկինը արդեն ակնհայտ ձանձրանում էր: Դե ինչ էր նրա համար: Գործ էր պարզապես, օրը հարյուր հոգի մտնում էր նման հարցերով,- էս տեսակ գործերը ուրիշ ձև չեն լուծվում, վստահ եղեք, որ նույն բանը հիմա նրան են ուրիշ տեղ ասում: Էնպես որ, մտածեք, եթե կորոշեք, կասեմ, թե ոնց է պետք լինելու անել:
Միքայելը լռեց մի պահ` գլուխը կախ:
Ո՞նց թե՝ թաքցնել, պահել… Դառնում է գողանալ երեխուն… Ո՞նց էդպես կլինի… հնարավոր չէ ախր… Սա էլ փաստաբան է կոչվու՞մ… Ես ձեր… Իսկ եթե այլ տարբերակ չկա՞… Չէ, չէ, ինչ են խոսում, չէ… Գժվել կարելի է… Ախխխ…
Անձայն վեր կացավ ու առանց հրաժեշտ տալու գոցեց դուռը:
Շնչահեղձ էր լինում:
Մի շաբաթվա ընթացքում արդեն երրորդ փաստաբանին էր հանդիպում: Գրեթե բոլորն էլ նույն բանն էին ասում: Մեկը` քիչ ավել, մյուսը` քիչ պակաս… էական չէր. միտքը նույնն էր` օրենքի ուժով առանձնապես բան հնարավոր չէր անել, եթե ինչ, ապա ուրիշ մեթոդներով:
Ուրիշ մեթոդն էլ հանցանքն էր… Հանցանք էր, բա ինչ… Չնայած մյուս կողմից էլ` բա նրա արածն ինչ է՞… Երեխեն միայն իրենը չէ, որ ոնց ուզի վարվի, բա ի՞նքը… Նրա արածն էլ է հանցագործություն… Բա օրե՞նքը… Էհ, չկա օրենք, ում ուժը ոնց կպատի… Ոնց ասե՞ց` նա առաջինը գար` նրան էի ասելու… Էդ էլ քեզ օրենքը: Չկա ոչ մի օրենք… Ով առաջինը տարավ երեխուն` նա էլ… Հըմմմ, երեխեն էլ իր տանն է հիմա… Բայց ո՞ւր տանել… Ցնդել կարելի է, գողություն է ախր… Ձագին ինչ ասե՞ր, մեծ երեխա էր, հասկանալու էր ամեն բան… Էս ինչ կրակ էր, աստված…
Խաչմերուկը կտրող կարմիր հոնդայի «հայհոյող» շչակն ուշքի բերեց… Լավ էր, նոր էր հազիվ ոտքը դրել մայթից ցած:
– Գնա, քո…,- շպրտեց մեքենայի հետևից: Հենց էնպես… Անզորությունից… գուցե նաև վստահությունից, որ վարորդը չէր լսելու: Ինքն էլ գիտեր, որ սխալն իրենն էր, բայց ում է դա հետաքրքրում, երբ հոգու հանգստությունը պարտադրում է, որ առնվազն տխմարը դիմացինն է:
Ուշքի գալ էր պետք: Աչքը գցեց անկյունում ցցված սրճի կրպակին:
Էն լավերից էր… Երաժշտությունով ու ժպտացող աչոններով, պատին փակցված հսկայական հայելիով` դեպի լույսը սլացող մոծակների նման ֆիֆաներին գրավելու նպատակով:
Նայեց շուրջ բոլորը, մեքենա չկար… Լավ է, արագ ճղեց անցավ:
Հերթում մի հոգի էր` փողկապը ձիգ կապած գրասենյակային տիղմը:
Միքայելը նույնիսկ կողմը չնայեց. էդ պահին իրեն բոլորն էին նյարդայնացնում, անգամ դիմացի մայթով անցնող «Մայր Թերեզա» -ն ու գովազդային վահանակից ժպտացող կամայական Հայ մեծը.
– «Բարյյյև ձյյեզ», ինչ կցանկանայի՞ք,- դարչնագույն գոգնոց կապած աղջկա «վաճառող» ձայնը զրնգաց երաժշտությունից էլ բարձր, ու մինչ Միքայելը մի կերպ գլուխը կբարձրացներ վեր` մի բան ընտրելու, փողկապավորը արագ մեջ ընկավ:
– Բա գեղեցկուհին ի՞նչ կառաջարկի…,- անորակ գլուխը` նեղ ճակատով ու խորը ակնախորշերով, առաջ բրդեց նեղլիկ պատուհանից ներս` դեմքին տտիպ ժպիտ նկարելով,- … կաթով:
Էժան ու քյառթու ֆլիրտ էր իհարկե, նկատեց Միքայելն, ու միայն էդ մտքից սրտխառնուք առաջացավ:
Զզվելի էր թվում կանանց, գայթակղությունների ու վավաշոտության մասին մտածելն անգամ. տակնուվրա էր իր աշխարհն, ու կուտակված ատելություն կար ուղղված այլոց կեցության անհոգությանը:
– Վա՛յ, կաթ չունենք, վերջացավ, է, հենց նոր,- աղջնակն ափսոսանքով ժպտաց փողկապին ու արագ փորձեց պտտվել Միքայելի կողմը` հաճախորդին չկորցնելու:
– Ափսոս, ես կաթ սիրում եմ,- մի վերջին հուսահատ փորձ արեց փողկապը:
– Ուրիշ բան ընտրեք,- անզիջում պնդեց աչոնն ու ժպտաց` արդեն Միքայելին,- դուք ընտրեցի՞ք:
– Ը՜… Ամերիկանո,- նետեց ատամների արանքից: Ինքն էլ էր, է, ախր կաթովը սիրում: Իսկ կաթը վերջացել էր: Ոչինչ, լեղու պես դառը ամերիկանոն իսկը տեղին կլիներ` հարիր իր խորտակվող հույզերին: Քաղցր-մեղցր, կաթով, մեղրով, դարչին-մարչին, օրեո, կարամել… Համովներին կարծես էլ վերջ, մնացել էին դրանք էն անցյալի անցյալում… Հիմա դառնություն կուլ տալու ժամանակներն էին: Բարև, անիծյալ ամերիկանո… Մի քանի ոտք հետ գնաց, չէր ուզում լսել փողկապավորի նողկալի շնչառությունը:
Իրեն ոչինչ չէր արել այդ տղան, իհարկե, բայց ինքն էլ այդ օրը պարտավոր չէր բարեկիրթ լինել: Գոնե մտքում: Հանուն ինչի՞ հանդուրժող լինել: Աշխարհն իր դեմ էր, ինքն` աշխարհի, ու օրը տեղից էլ թարախահոտ էր բուրում:
Հայացքն անօգնական պտտեց` գոնե մի դրական բանից կառչելու… Ոչինչ չկար հուսադրող:
Քաղաքի շենքերն առավել անդուր էին թվում, մարդիկ` տգեղ, մայթերը` կեղտոտ, երթևեկությունը` հայհոյանքի արժանի… Նույնիսկ այգում խաղացող մանուկներն էին վրան ազդում` հիշեցնելով սեփական ցավերը… Ձեռքերը խրեց բաճկոնի գրպաններն ու ատամները կրճտացրեց: Պապից էր ժառանգել, նա էր էդպես անում` բոլորին վախեցնելով:
– Ձերը պատրաստ է, համեցեք,- գոգնոցով աղջկա ձայնը սթափեցրեց:
Դանդաղորեն մոտեցավ: Փողկապավորը դեռ կանգնած էր: Միքայելը ձեռքը տարավ շալվարի գրպանն ու փորձեց գտնել դրամապանակը: Չէր գտնում: Գուցե մեքենայո՞ւմ է թողել: «Խելք է մնացել որ»` ինքն իրեն դատափետեց ու, զգալով, որ սպասման լարվածությունը գնալով մեծանում է, փնտրտուքի արանքում ներողամտություն հայցող հայացքով ժպտաց պատուհանից դեպի ներս:
Ավելի լավ էր չժպտար:
Մարդկային դիմախաղի այդ դրսևորումն, ի տարբերություն հույզերի արտահայտման այլ միջոցների, միշտ տարընթերցումների տեղիք էր տալիս` բարեհամբույր անշահախնդիրից մինչև քինոտ սարկազմ, գայթակղություն, անտարբերություն ու կրքի ելևեջներ: Մարդիկ սիրում էին ժպիտը հասկանալ այնպես, ինչպես իրենք էին ցանկանում… Իսկ Միքայելի ժպիտը պարունակում էր ճիշտ այդ բոլոր ծայրահեղությունների ողջ բույլն ու դեռ ուներ հատկություն այլ մեկնությունների…
– Մարշմելո կցանկանա՞ք,- ինչևէ, պատասխանը չուշացավ:
– Հը՞…
-Մա՛րշ-մելո՛,- վանկ առ վանկ կրկնեց աչոնն`անթարթ նայելով ու սպիտակ գլանակը դնելով ատամների արանքը, թեթևակի սեղմեց` ակնհայտ լցրած շուրթերն ուռեցնելով:
-«Բլին»…,- մտքում երկու անգամ կրկնեց Միքայելը:
-«Այ քեզ»…,- աչքերում նախանձ դաջեց փողկապավորը:
-«Ահհհ»…,- ուղեղում երևի թե պտտեցրեց աչոնը:
Վրա հասած անհարմար լռությունն անհավատալիորեն համընկավ երգերի հերթափոխի հետ, ու մինչ վանաձորցի նորահայտ Ադելը կհասցներ փոխարինել տոտենհեմցի իրական Ադելին, կարծես մի հավերժություն անցավ:
Ուրիշ դիպվածում Միքայելը շանսը բաց չէր թողնի անշուշտ: Դա իր ժամանակն էր, տեղում կխարսխվեր` առանց վարանելու, բառախաղը վարպետորեն կհասցներ իր տրամաբանական ավարտին ու… Տո հենց միայն թեկուզ փողկապի ջգրու… Թող ընկճվեր քոսոտը, բա ինչ… Հրապարակային սիրախաղը սոցիալական աստիճանահարթակում ավելի վեր դիրքավորվելու հիանալի միջոց էր…
Բայց այս անգամ նրա հայացքն ակնհայտորեն ուրիշ տեղ էր մեխված:
Աղջկա «բրեկետ» դրած ատամների արանքում սեղմված գլանակը սպիտակին էր տալիս, ու միակ ճչացող միտքը, որ տրոփում էր Միքայելի տխրաշուք ուղեղում` ձագս սրա վարդագույնն է սիրում, ճռճռան տուփով, էն մեծերից… Ախ, ձագս…, ձագս սրանից է սիրում:
Աչքերը երևի լցվել էին, այլապես էդպիսի հայացքով չէին նայի աչոնն ու փողկապն իրեն:
Դրանց հերներն էլ էդտեղ անիծած…
Վերջապես գտնված մետաղադրամները նետեց սեղանին ու առանց ետ նայելու փախավ հեռու:
Այգում մի թեթև արևոտ էր, էնպես որ ընդհանուր լուսավորությունը կարծես ներկա էր, բայց օդն այնքան կեղտոտ էր ու թեթև ամպամած, որ կարելի էր հանգիստ, առանց աչքերը կկոցելու, նայել դեղին սկավառակին:
Հայացքը գցեց ներկը թռած նստարանին: Նստել արժեր, գլուխը պտտվում էր: Մի կերպ հասավ` առանց սուրճը թափելու ու նետվեց ճաքճքած փայտերին: Ցրվել էր պետք:
Ձեռքն ինքնաբերաբար տարավ հեռախոսին:
Ֆեյսբուքի կապույտ կոճակն առաջինն էր, ինչը սեղմեց: Սովորություն էր:
Նամակները ստուգելու ոչ տրամադրություն կար, ոչ էլ ցանկություն, չնայած կարմիր կլորակը հուշում էր, որ կային 5-6 այդպիսին:
Թերթեց պատը` գլուխը մի քանի րոպե մտքերից կտրելու ակնկալիքով:
Ամեն բան նույնն էր: Ու թե ինչը պիտի փոխվեր:
Նույն դատարկ հումորները, հիմար նկարները, նեգատիվը, հայհոյանքն ու գաղջը: Առանց անուններին նայելու արդեն գիտեր, որը ով գրած կլիներ․ մի ընտանիքի պես էին, առավոտից երեկո միասին։ Մեկը՝ ուտելիքի նկար, մյուսը՝ «աղբի մասին» բողոք, էն երրորդը` «ով Լոսից մի փոքր բան կբերի», մյուս մասն էլ կպած իրենց գործին` պատվերի շրջանակներում սրան-նրան պղծել, ֆեյք քշել, ուրիշի ֆեյքերին հեռու քշել..․ Ոչ մի նոր բան..․ Իշխանություն, ընդդիմություն, Արցախ, Ուկրաինա, Ամերիկա, Ռուսաստան, կանանց իրավունքներ, ինքնագլդորներ, եղունգների աճեցում, ընդմիջման ճաշի նկարներ, թոքսիկ մասքուլինիթի…
Թոքսիկ մասքուլինիթի՞․․․ Նայեց գրառման հեղինակին․ «անհեր լակոտ կլինի»` մտածեց։ Ով դուրը չէր գալիս, պատճառը մոգոնում էր անհեր լինելու մեջ։ Ինքն էլ գիտեր, որ սխալ է, բայց նստվածք էր տվել, չէր համակերպվում, արդարացում էր փնտրում․․․ Առանց հեր եթե մնար, իր ձագն էլ էր ուրիշ դառնալու․ չէր լինի էդպես, չէր համակերպվում, հնարավոր չէր… Ինքը լիներ պիտի, անպայման լիներ պիտի, միշտ լիներ պիտի, որ իր ձագն էլ չդառնար սովորական անհեր երեխա…
Նորից նայեց էկրանին՝ թոքսիկ մասքուլինիթի… Տենաս՝ ինչի՞ մասքուլինիթի… Մկանների հետ կապ կունենա հաստատ։ Թունավոր մկանացավ… հեհեհե, լավ կհնչի… Բայց մտքով անցավ գուգլել` համոզվելու համար:
Թոքսիկ մասքուլինիթի․․․ Չէ, սխալ էր, ոչ մի կապ չուներ մկանների հետ: Չնայած՝ արժեր ունենար:
Լատիներեն էր, տղամարդկություն կնշանակեր՝ թունավոր տղամարդկություն… Թունավոր, հա՞…
Ինքն էլ է՞ր թունավոր… Ո՞վ իմանա… Իր մեջ միակ թունավոր բանը, որ կար, անիծյալ մկանացավն, որ հանգիստ չէր տալիս։ Այ դա է թունավորը, մկանացավը, թե չէ՝ ինչ տղամարդկությունը…
Տո, եթե իրականությանն եք ուզում նայենք, թույնը ամենուր է, ու տղամարդկությունը դրա դեմ ոչինչ է:
Կյանքն էր թունավոր, աշխարհն էր թունավոր, աշխարհի կարգն էր թունավոր, որ մամլիչի տակ գցած կին թե տղամարդ՝ ստիպում էր բոլորին հանցանք կատարել: Հա, հենց հանցանք… Բա ինչ, որ իրենց հանցագործ զգան, մարդ չզգան…
Ամենամարդկային հույզերն անգամ իրավունք չունեին ապրելու, եթե աշխարհի կարգը դրա համաձայնությունը չէր տվել:
Սերն ինչ է, դրա համար էլ է «դաբրո» պետք, ու աստված չանի, թե էդ սերը օրենքից դուրս եղավ, «արդարության» մուրճը կիջնի վզակոթիդ` փշրելով ամեն բան, և ամենասարսափելին, որ վերջում էլ մեղքը կմնա միայն քեզ վրա… «Թոքսիկ մասքուլինիթի»` կգրի առանց սեր մնացած հերթական «անհեր լակոտն», ու աշխարհի կարգը նորից հաղթած դուրս կգա` շարունակելով թունավորել հաջորդ սերունդներին` շղթայելով կին, տղամարդ ու երեխա… «Թոքսիկ մասքուլինիթի»` զրնգում էր գլխում… Ուզածը սերն էր, ձագն էր, հեր լինելն էր, որ կտրում էին իրենից… Կտրում տանում էին` տարիներ հետո թունավոր փաթեթավորմամբ հետ վերադարձնելու նպատակով։ Թունավոր ես, այլ տարբերակ չկա… Թե պատմությունը քանի-քանի միլիոն խեղված ճակատագրեր է կուլ տվել, կեղեքել ու կործանման մատնել, դա էլ ոչ ոքի հետաքրքիր չէր։ Կարևորը «անսեր» աշխարհի մեղավորին գտնելն էր՝ թունավոր մեղավորին…
Զայրույթից հեռախոսը նետեց գրպանն ու աչքերը վերև բարձրացրեց:
Դիմացը կանգնածը տարիքն առած տղամարդ էր: Բավականին կոկիկ հագնված, ձեռքին՝ ձեռնափայտ:
Մուգ կապույտ վերարկուով, «ոլոռիկներով» վզնոցը խնամքով պարանոցին փաթաթած: Մորուքը կարճ, բայց առանց հստակ սափրած գծերի։ «Հարիր չէ ձյաձին մորուքի տակերը մաքրել»` տղամարդու փոխարեն ինքն իրեն պատասխանեց Միքայելը:
Մարդու էն տեսակն էր, որին կարելի կլիներ մեղադրել աշխարհի բոլոր հնարավոր մեղքերի մեջ՝ բացի անհասկացող լինելուց:
Հանգիստ նայեց մի քանի ակնթարթ Միքայելի դեմքին ու առանց հարցնելու նստեց:
Փոքրիկ այգում էլի նստարաններ կային ազատ:
Թե ինչի հենց էստեղ նստեց` մտածեց, էն է ամբողջ այգին ազատ է…
Սուտ է, թե Երևանում մարդիկ կգան ու իրար կողք կնստեն, տենց, հենց էնպես, պարզապես նստելու համար․ չէր լինում Երևանում էդպես: Սա մենակների քաղաքն էր` վճռական ու անվճիռ…
Միքայելը նայեց տղամարդու դեմքին՝ փորձելով ուզածը հասկանալ, բայց արագորեն էլ թեքեց գլուխը` դե ինչ պլշած նայեր, նստեց, է նստեց։ Փորձեց իրեն բնական պահել, դե ինչ է եղել, որ… Բայց մի քանի րոպե անց մեկ էլ զգաց, որ ուրիշի ներկայությունը անհարմարություն է պատճառում։ Ինչ աներ, տեղը փոխե՞ր․․․ Հա, երևի… Էն է, լավ էլ նստարան է էն մեկը:
Փորձեց տեղից ծուլ անելով վեր կենալ, երբ անծանոթ տղամարդու ձայնը շանթեց հանկարծ:
– Նստի հլը,- ձայնը․․․ Էդպես… Երևանյան առոգանության մի տեսակ է լինում` հատկապես երրորդ մասի կողմերում, ուր դեռ պահպանվել են Երևանի աուտենտիկության մնացորդները` բավականին քյառթ, բայց դեռ բավարար պրոգրեսիվ, բակային մշակույթով, ավանդույթներով լի, քիչ մը արխայիկ ու պատրիարխալ` հիփստերահայի դժոխք: Դա ուշ սովետում մասիվ տեղափոխված պրովինցիալական քյառթ լեզուն չէր` «ռայոնի» նոտաներով, Կոմիտասի ֆուֆլիկ ակցենտը չէր` ռոզմարինի ու շաֆրանի նուրբ բույրերով ու ոչ էլ Բանգլադեշի ծոր տվող կուռաժիտն էր կամ կենտրոնի կղերական վարդագույնը… Չէ, դա Երևանի նախկին բանվորական թաղամասերում, ուր եփվում էր իրական քաղաքային ֆոլկլորը, մի երկու սերունդ ապրած ու ժամանակի հետ լավ փողոտ մասնագիտություններում կրթություն ստանալ կարողացած, անկախության շրջանում բիզնեսի ու կառավարական օղակներ ներխուժած և, միևնույն ժամանակ, տղայական բարքերին, խոսքի տոնին ու բառերի ընտրությանը հմուտ տիրապետող ձայն էր, որը հենց առաջին իսկ տառերն արտաբերելիս գիտեր, թե ինչպես պետք է զրույցը առաջին համարով վարել: Դա այն ձայնն էր, որին ոչ մի լեննակացու լեզու չէր պտտվի՝ ասեր` պոնչիկ ուտող,- ո՞ր մեկի մոտ էիր` Աբրահամյանի՞, թե՞ Սարգսյանի…
Միքայելի խոսքն էդպիսինը չէր, չնայած անկեղծության համար կարելի կլիներ ասել, որ եղել էին կյանքում բազում իրավիճակներ, երբ երազել էր տիրապետելու մասին։ Բայց դրա համար ինքը չափազանց արվեստագետ ընտանիքում էր մեծացել ու բավարար չափով թաղի կրակների, ջրերի ու պղնձե խողովակների միջով դեպի վեր չէր սողացել: Ձայնի նման նոտաներին տիրապետելը հենց էնպես չէր լինում, դրա համար, վոկալի գնացող դեռահասի պես, տարիներով ձայնալարերը պրկել էր պետք, ամեն անգամ «արա» ասելիս ներքևից մինչև ամենավերևի տոնը վերցնելը անխոնջ պարապել էր պետք… Ինչևէ:
– Սարգսյանի,- Միքայելը նույնիսկ չփորձեց ընդդիմանալ, դիմադրել զրուցակցի ներխուժմանը։ «Չգիտեմ խաչաձև հարց տալ, ասել` տո քեզ ինչ, կամ նման մի բան»: Անօգուտ էր, ինքն իրեն լավ գիտեր, որ չէր կարողանալու այդ անհավասար մարտում: Տղամարդը արդեն հասցրել էր կանխագուշակել իր բոլոր քայլերը: Ու մտովի հանձնվել էր արդեն:
– Չնայած երկուսն էլ նույն չաթլախն են։ Երևի կարելի կլիներ ասել, որ կայացած տղամարդուն գիտակցված հայհոյելը սազում էր։ Դա ռուսների դիշովի «մատը» չէր ու ոչ էլ անգլոսաքսերի անարժեք «մազաֆաքան», որոնք կարելի էր աջուձախ սփռել՝ առանց որևէ պատասխանատվության ու անհաշիվ քանակությամբ։ Օ, ո՛չ, դա պարսկաթուրքական անցյալի կնիքը կրող, անհայտ ծագման ու մոգական շղարշով պատված բառերի մի համակարգ էր, որի հետ վարվել էր պետք այնպես, ինչպես լամպից դուրս եկող թարմ ջինի հետ` անդառնալիության զգացումով:
Միքայելը պտտվեց դեպի տղամարդն ու բացատրություն սպասող հայացքով` պլշեց:
– Համմե՞,- էդ ոչինչ չասող բառը դեռ ուսանողական տարիներին դեկանից էր մնացել: Ինքն էլ չգիտեր, թե ինչի էր ուղեղում այդ հիմարությանը տեղ արել, բայց երբեմն թռչում էր շուրթերից` «համմե՞»:
– Ես էս երկրում բոլոր փաստաբաններին ճանաչում եմ, տղա ջան, ես ինքս եմ փաստաբան։ Բոլորին գիտեմ ու ամեն բան գիտեմ։ Տեսա, թե որտեղից դուրս եկար ու ինչ դեմքով ես նստած…,- ձեռքը հենափայտից վերցնելով՝ անփութորեն քորեց մորուքը,- երեխի հա՞րց է…
Միքայելը գլուխը կախեց: Դժվար էր ամեն անգամ խոսել էդ մասին, չէր սիրում պատմել, առավել ևս՝ անծանոթի:
– Դե բա էլ ի՞նչ հարց կարա մարդուն էս օրի գցի,- անծանոթի դեմքին ժպիտի պես ինչ-որ բան սահեց: Բայց դա կարեկցող ժպիտ չէր ամենևին, այլ ավելի շատ գոհունակություն` սեփական ճշմարտացիության շուրջ:
– Մերն ուզում ա երեխին երկրից տանի․… եսիմ որ ջհանդամը…․ էնտեղ ապրելու…,- հազիվ լսելի մրթմրթաց քթի տակ,- չգիտեմ՝ ինչ կլինի, բայց չեմ կարա թողնեմ՝ գնա… կյանքս կկանգնի… Իմն էլ ա, իմ արյունն ա… Չի լինի էդպես, չեմ կարա…
– Սրանք էլ ասում են` պահի, մի տուր, հա՞, երեխուն ,- տղամարդու ձայնում քամահրանք կար, ու Միքայելը բարձրացրեց գլուխը:
Ինչպես մեռելահացի ժամանակ բաժակաճառ ասող դաշնակ քեռու բեղավոր խոսքերին են հավատով հետևում` հանգուցյալ հարազատի մասին մի ապրումակցող բառ ավել լսելու համար, այնպես էլ Միքայելը աչքերը սպասումով հառեց տղամարդուն` մի որևէ աջակցություն, օգնություն թախանձելու ակնկալիքով: Անելանելի վիճակում հայտնված մարդը պատրաստ է անգամ մեզով քաղցկեղ բուժելուն…
Տղամարդը մի փոքր թեքվեց դեպի զրուցակիցն ու շարունակեց նույն հանգիստ, բայց թելադրող ձայնով։
– Հմմմ… Բա ինչի՞ չես թողնում, որ տանի,- հարցն անսպասելի էր, ու Միքայելն անակնկալի եկավ,- հը՞, ինչի՞ չես թողնում…
– Ո՞նց թողնեմ, իմ երեխեն ա,- վրա բերեց հարձակողական` ունքերը քշտելով, տեղից ձիգ նստեց ու ձայնի ագրեսիվ լարերը մերկացրեց:
– Է, հա, ո՞վ ասեց՝ քոնը չի, բայց մարդն ուզում ա երեխուն տանի էս մեռած տեղից, քամբախ երկրից, ապագայի շանս տա, նոր կյանքի դուռ բացի… Ինչի՞ ես ուզում՝ խանգարես,- խոսում էր հանգիստ, բայց հայացքը մեխում էր անասելի,- հը՞, ինչի՞․․․
– Չեմ կարա առանց երեխուս, իիի…. Ո՞նց տենց կլինի, ինչքան նրանն ա, էնքան էլ իմն ա,- Միքայելը չէր կարողանում ընդունել իրեն չհասկանալը, կորցնում էր ինքնատիրապետման թելերը` «ախր ո՞նց չի հասկանում»,- հոր տնից չի բերել… Չի լինի տենց…
– Բա ո՞նց պիտի լինի, երեխուն տանես պահես, թաքցնես, հա՞, մորը փաստի առաջ կանգնացնես, որ առանց երեխու ստիպված թողնի գնա՞, էդ հլա լավագույն դեպքում, բա մտածե՞լ ես, որ մարդիկ կարան գան ու տենց բան անելու համար տանդ մեջ մատներդ կտրե՞ն։ Կարալու ե՞ս տակից դուրս գաս, կամ՝ ասենք թե դուրս եկար, բա հետո՞… Ջահել տղա ես, ինչ ա, կյանքդ էլ չե՞ս ուզելու շարունակես… Պատրաստ ե՞ս լինելու՝ սպասես մինչև էդ երեխու հասուն մարդ դառնալը անձնական չկառուցե՞ս,- թեքվեց մի փոքր Էլ առաջ,- թե՞ էդ մասին էլ չես մտածել։ Գիտես՝ կյանքը խաղուպար ա՞, էդ, որ ասում ես՝ առանց երեխու չեմ կարա, իսկ քո ջահել տարիները էդ երեխու համար զոհել կարա՞ս… կարա՞ս…
Հեռախոսի զանգը ընդհատեց: Տղամարդունն էր: Վերցրեց: Ձայնը փափկեց մեկեն:
– Հա, տղես․․․ Նստած եմ… հա, արի,- անջատեց ու պտտվեց դեպի Միքայելը,- լսի, կյանքը ցանկություններով չի, չեմ կարա ասելով չի։ Ու մենակ քո կյանքը չի։ Էդ երեխուն ինչ ե՞ս տալու էդ արարքովդ, գոնե մտածել ե՞ս իրա մասին, թե՞ մենակ քո «չեմ կարա»-ն ես առաջ բրթում։ Ռիսկդ կհերիքի՞ տանես պահես ու շարունակես նայել աչքերի մեջ` պնդելով, որ սիրում ես։ Էդ սիրել չի, երեխուն ծնողից զրկելը սիրել չի, երեխուն թունավորելը սիրել չի…,- խոսքի ավարտին հոգոց հանեց, ապա կարծես բան հիշելով` պտտվեց,- գիտե՞ս զանգողն ով էր…
Միքայելը բացասական տարուբերեց գլուխը:
– Մեծ տղես է՝ 18 տարեկան,- ձեռքը տարավ հեռախոսին, ինչ-որ բաներ փորփրեց ու մի նկար ընտրած՝ էկրանը տնկեց Միքայելի քթի առջև,- իսկ սա, էլի տղես է, փոքրը` 5 տարեկան:
Հեռախոսը դրեց գրպանը, լռեց մի փոքր ու հայացքը դիմացի աղբարկղից դուրս ցցված կոլայի շշին տնկած՝ շարունակեց:
– Մեծի մոր հետ խնդիրներն անվերջ էին, ու, հավատա, որ իմ անհամար կապերով հանդերձ՝ ոչինչ անել հնարավոր չեղավ, չստացվեց։ Երեխի հարցում սա կանանց երկիրն է, տղա ջան, իրավունքը իրենցն է, երեխեն իրենցն է, ոչինչ անել հնարավոր չի։ Եթե ես իմ ահռելի հնարավորություններով չեմ կարողացել, դու առավել ևս չես կարողանալու, միայն ժամանակ ես կորցնելու, ոնց ես կորցրի` 13 տարի…,- ձայնն անփոփոխ էր, բայց տակից հուզմունք կար,- ու էդ նույն ժամանակն էլ, ճիշտ է, հետո ամեն բան իր տեղը դրեց։ Մեծ տղիս հետ 16-ը լրանալուց հետո ենք միայն սկսել շփվել, ինքն ինձ գտավ։ Նրա մորն էլ էին ժամանակին թաքցնելու խորհուրդ տվել, թունավորելու, դրդելու… Բայց սև դևերն ինչ էլ անեն, արյունը ջուր չեն դարձնի, իմացիր։ Բաց թող… Թող տանի, ու մի չարացի, չարանալը թույլերին է հարիր, նրանց է հարիր… Մի՛ չարացիր: Էդքան փողը, որ երկու կողմդ էլ պիտի ծախսեք այ էն նրանց նման փաստաբաններին հարստացնելու համար , ծախսեք երեխու ապագայի վրա։ Երեխուն թաքցնելը քեզ ոչինչ չի տալու, միայն երեխու կյանքն է թունավորելու, քոնն էլ հետը, էն մեկինն էլ հետը… Մեծանալու ու քեզ չի ներելու արածիդ համար։ Երեխեն ապրանք չի, որ ամեն մեկդ ձեր կողմը քաշեք, չլսես էդ ուսյալ բոզի տղերքին։ Մարդը պիտի կամ իրավական բարոյականություն ունենա կամ տղայական։ Անունն ինչ ուզում ես՝ դիր, բայց մարդը բարոյականության կոդեքս պիտի ունենա` կամ մեկը, կամ մյուսը,։ Դրանք ոչ էն ունեն, ոչ էլ էն… Ոչինչ չունեն, անմիջուկ, անարժեք… Իրենց կեղծ գիտելիքների հետևը թաքնված՝ զգացմունքներիդ վրա են խաղում, հանցանքի դրդում… Չլսես դրանց, գնա էդ թուղթը ստորագրի, ու թող տանի։ Քոնն ա, չի կորի, մի վախեցիր, հետ կգա,- ու ժպտալով ձեռքով արեց: Միքայելը շրջվեց, մոտեցողը պատանի էր, ինչպես կասեին` հոր քթից թռած, բայց գոնե լավ է, խնամված մորուքով:
– Երեխուն չպահես, բաց թող։ Մենք էդ տղերքը չենք… Ու չվախենաս, հետ կգա… Չվախենաս,- ժպտաց ու, թփթփացնելով Միքայելի ծնկին, վեր կացավ՝ ընդառաջ գնալով մոտեցող պատանուն, հասավ, քնքշորեն թևանցուկ արեց, ու քայլեցին ծառուղու ուղղությամբ:
Միքայելը դեռ մի որոշ ժամանակ անթաքույց նախանձով նայեց նրանց հետևից, ապա մեջքը բռնելով՝ մի կերպ վեր կացավ, աղբամանը նետեց ստվարաթղթի դատարկ բաժակն ու գլուխը կախ քայլեց դեպի մայթին կայանված ծերուկ մեքենան:
***
Մութն արդեն վաղուց էր ընկել, բայց փոշոտ ֆոլքսվագենը դեռ շարունակում էր աննպատակ պտտվել կոյուղու պես խցանված փողոցներով: Տուն գնալ չէր ուզում: Ո՞ւր գնար:
Աչքերն ուռել էին այնքան, որ եթե պարեկը կանգնեցներ, մի րոպե անգամ չէր կասկածելու թմրանյութերի ազդեցության տակ լինելու մեջ ու դժվար էլ հասցներ պարզել, որ Միքայելն իր ամբողջ գիտակից կյանքի ընթացքում այդքան լաց եղած չկար:
Տղամարդը պիտի լաց լինի, երբ ոչ ոք չի տեսնում:
Տանը պետք չէ, որ արցունքներ տեսնեն, դա կհեղեղի պատերի հիմքերը, ու դրսում էլ չարժե լաց լինել, դա էլ մի օր անպայմանորեն իրեն կհիշեցվի:
Տղամարդը պիտի միայն իր մեքենայի մեջ լաց լինի` երկաթե պատերի, ճանապարհի ընկերոջ, բոլոր գաղտնիքների լուռ վկայի… Տղամարդը պիտի իր մեքենայի մեջ լաց լինի, ուրիշ տեղ չունի լացելու… Պատուհանները փակ ու շարժիչն այնպես գոռացրած, որ ձայնը խեղդի հեկեկոցը…
Անձրևը շփում էր դիմապակուն, ետևի նստարանին ճռճռում էին վարդագույն մարշմելոյի լիքը-լիքը տուփերն, ու ծանր շնչում էր Միքայելը` երկու ձեռքով ղեկից կախված.
– Տար… Տար իմ բալին… Քո մերը…