Իրանցի քուրդ բանաստեղծ Փարթո Քերմանշահին (1931-2021թթ., իսկական անունը՝ Ալիաշրաֆ Նոբաթի) ստեղծագործել է թե՛ պարսկերենով և թե՛ իր մայրենի լեզու քրդերենով (քրդերենի Քերմանշահի բարբառով, որը բավականին մոտ է պարսկերենին): Փարթո Քերմանշահին մեծ սեր ու ժողովրդականություն է վայելում իրանցի քրդերի, ինչպես նաև Իրանի գրասերների շրջանում, նրա բանաստեղծությունների ժողովածուն չորս անգամ հրատարակվել է Իրանում: Թերևս, նրա ամենահայտնի և սիրված գործը «Արմանի» (hայ) քրդերեն բանաստեղծությունն է, որի բառերի հիման վրա ստեղծվել են նաև երգեր: 

 

Բանաստեղծությունն իր անմիջականությամբ կարծես ժողովրդական ստեղծագործություն լինի, որով և գրավում է ընթերցողի սիրտը: Այն յուրահատուկ «երկխոսություն» է՝ մութ գիշերով հայի տունը գաղտագողի փնտրող քրդի և տանտիրոջ միջև, որ ծավալվում է հայի տան դռան շեմին: Ոգելից խմիչք գնելու բուռն անկեղծությամբ քուրդը դիմում է հային, և հենց նրա խոսքերի միջոցով է ընթերցողը կռահում հայի արձագանքները:  

Այս բանաստեղծությունն արտացոլում է նաև ամբողջ մի ժամանակաշրջանի հասարակական-մշակութային միջավայրն ու մթնոլորտը: Դարեր շարունակ հայկական համայնքն ապրել է բազմազգ Իրանի իսլամադավան ազգությունների մեջ, որտեղ մերժվում ու «հարամ» են համարվում ոգելից խմիչքները: Երբ Փեհլևիների աշխարհիկ և արևմտամետ իշխանությունների օրոք Իրանում հիմնադրվեցին ոգելից խմիչք արտադրող առաջին գործարանները և վաճառման  կետերն ու կաֆեները, այդ ոլորտի գործարկման համար հիմնականում ներգրավում էին հայերին, քանի որ հավատացյալ մուսուլմանները դժվարությամբ էին համոզվում աշխատել այդ խոտելի բնագավառում։ Դրանով հանդերձ՝ ոգելիք խմիչքների պահանջարկը հետզհետե տարածում էր գտնում հասարակության մեջ:

Ամեն ինչ փոխվեց Իրանի իսլամական հեղափոխությունից հետո. պետության կողմից խստիվ արգելվեցին ու նաև քրեականացվեցին ոգելից խմիչքների արտադրանքը, վաճառքը, իրացումը, օգտագործումը: Խիստ պատիժներ և տուգանքներ սահմանվեցին օրինախախտների դեմ: Իհարկե, Իրանի ժողովուրդն ու իշխանությունները միշտ էլ ըմբռնումով են մոտեցել հայերի ու քրիստոնյաների կողմից ոգելից խմիչքների օգտագործման փաստին:

Հեղափոխական ալեկոծ այդ տարիներին հայերն Իրանում վերածվեցին մի տեսակ նորօրյա «ալքիմիկոսների», քանի որ ամբողջ Իրանում իրենք էին տիրապետում տնական պայմաններում օղու թորման և գինու պատրաստման տեխնոլոգիաներին ու գաղտնիքներին: Ավելի ճիշտ կլինի ասել, որ հայերին տրված էին որոշակի ազատություններ, նաև՝ հայերը սահմանափակված չէին գաղափարական-կրոնական-ընտանեկան արգելքներով ու չպիտիներով, իսկ հեղափոխական-կրոնական վարչակարգը զբաղված էր ներքին ու արտաքին բարդ մարտահրավերների հաղթահարմամբ: Որոշ հայեր անցան այդ եկամտաբեր, բայց ապօրինի գործին՝ դառնալով ոգելից խմիչքների ձեռքբերման փոքրաթիվ աղբյուրներն ամբողջ երկրում՝ արժանանալով նաև հայկական համայնքի մեծամասնության քննադատությանը, քանի որ գուցե խաթարվեր հայերի վաստակած բարի համբավը երկրում: 

Բազմաշերտ ու հակասական Արևելքի կյանքից մի պատկեր է նկարագրված Փարթո Քերմանշահիի այս սրտաբուխ բանաստեղծության մեջ: Ձեզ ենք ներկայացնում դրա բառացի (ոչ գեղարվեստական) թարգմանությունը՝ օգտվելով պարսկերեն թարգմանություններից և համեմատելով դրանք բնագրի հետ: 



Արմանի 

Թափառական, խեղճ անտուն եմ ես, արմանի՛,
Տանդ տեղն էլ չգիտեմ, կյանք ու հոգի իմ, արմանի՛,
Քաղցրալեզու իմ արմանի՛, ցավդ տանեմ, իմ արմանի՛,
Վախենում եմ՝ ինձ չընդունես, ասես՝ գնա, դուռդ չբացես, արմանի՛,
Էդ ժամ կրակ ընկնի ջանս, խելագարվեմ, ախ, արմանի՛:
Արի իսլամություն արա, անկրոնին քեզ հյուր արա
Ոնց որ գիտես, էդպես արա, ես որ անզոր եմ, արմանի՛։ 
Ինչո՞ւ ես զուր դու վախենում, ե՛ս եմ, էլի՝ բերանփակ ու վստահելի,
Լուսնյակ գիշեր. էս ուս-ուսի ինձ հետ եկողն 
ստվերս է, ոչ ոք էլ չի (մի վախեցիր), այ արմանի։
Հա մի ասա՝ ոչինչ չունեմ, դուռը բացիր, դուռդ եմ եկել,
Ուխտ արա ու լոկ մի կաթիլ ընծայիր ինձ, լեզուս թրջիր, վա՜խ, արմանի՛
Եթե մեկը թշնամությամբ ինձ հարցնի՝ որտեղի՞ց ես առել գինի, 
Առանց հավատների արև՛, կասեմ՝ չգիտեմ, արմանի՛։ 
Կոտրվել է մեջքս դարդից ու տանջանքից, չգիտեմ էլ, թե ինչ անեմ, 
Ցավն էն է, որ իմ տան մեջ անտունի եմ ես, արմանի՛, 
Ցերեկ-գիշեր՝ միանման, դուռը բացիր, հույս մի՛ հատիր,
Ախր ես, չարը խափանվի, ջահել-ջիվան եմ, արմանի՛։
Դե դուռը շուտ դու բաց արա. Փարթո՛ն է սա՝ հյուր գիշերվա,
Մի շիշ լցրու էդ անտերից ու ձեռքս տուր, որ իմանամ, ջա՛ն, արմանի՛:  



Քրդերեն բանաստեղծությունը՝ հեղինակի կատարմամբ

 





آوارگی بیچارگی بی خانمانم ارمنی
مالد نیه زانم ها و کو روح و روانم ارمنی
شیرین زوانم ارمنی دردت و گیانم ارمنی
ترسم وگردم تا نکی بیوشی بچو در وا نکنی
امجا مه دی دیوانکی آگر و گیانم ارمنی
تو بو مسلمانی بکه یه گوره مهمانی بکه
هرچی ک خود زانی بکه خوم ناتوانم ارمنی
بیخود ارا ترسی خومم قرصه دمم خاطر جمم
مانگه شوه رش سایه ی خومه ها شان و شانم ارمنی
نیوش اقره چشتی نیه در وا که بارم کفتیه
هر یه چکه نذری بکه تر بو زوانم ارمنی
اگه کسی و دشمنی پرسی یه له کوره سنی
وگیان هرچی کافره ایوشم نیزانم ارمنی
له خصه آگر گردمه ری مالدان گم کردمه
ار مردمیش هر مردمه مشتی سقانم ارمنی
پشتم له بار درد و غم شکیا نیه زانم چیو بکم
دردم یسه و مال خوم بی خانمانم ارمنی
روژ و شوم جور یکه در وا که نا امیدم نکه
آخ و ناو شهر تازه مه جاهل جوانم ارمنی
در وا که زیوتر پرتوه دیوانگی آخر شوه
یه شیشه لو بد مسوه پرکه بزانم ارمنی

 



 

Show Comments Hide Comments

Leave a Reply

Your email address will not be published.