«Ի՞նչ է Արվեստը» հարցը երևի հին հարց է, բայց ոչ այնքան հին, որ թվա նոր։ Ինձ համար ամեն ինչ շատ պարզ է՝ հինը աշխարհն է մինչև էլեկտրականության գյուտը, նորը՝ աշխարհը էլեկտրականության գյուտից հետո։ Իսկ Արվեստը մեր դժգոհությունն է եղածից և ձգտումը՝ մեր կյանքը դարձնել ավելի լավը։ Այդքան բան։
Ինչ վերաբերում է այս՝ «Արվեստը ստեղծվել է մարդուց առաջ» տեքստին, ապա այն «Ինչ և ինչպես» տեքստի շարունակությունն է, որը տպագրվել էր «IN VITRO» ամսագրում, 1999 թվին։Ամբողջական տեքստը, որի հատվածներն են «Ինչ և ինչպես»-ն ու «Արվեստը ստեղծվել է մարդուց առաջ»-ը, ավելի ծավալուն է, և չգիտեմ՝ երբևէ այն ամբողջությամբ տպագրելու ցանկություն կունենամ, թե ոչ։Ինչևէ, դա այս պահին այնքան էլ կարևոր չէ։
Արվեստը գոյություն է ունեցել մարդուց առաջ
31. «Նորը լավ մոռացված հինն է» պնդումը մեծ տարածում ունի, ինչպես նաև այն արտահայտությունը, թե «ոչինչ նոր չէ (այս աշխարհում)»։ Ակնհայտ է, որ երկու դեպքում էլ խոսքը կրկնության մասին է։ Ենթադրաբար այս կրկնությունը իրար հաջորդող, շղթայական ինչ-որ պրոցեսի է վերաբերում։
32. Պնդել, թե այս «նոր բացված վարդը» «լավ մոռացված հին վարդն է», անտրամաբանական է թվում։ «Հին վարդ» կամ «լավ մոռացված վարդ» արտահայտությունները, ինչպես նաև՝ «ոչ մի նոր վարդ գոյություն չունի (այս աշխարհում)» պնդումը թվում է անիմաստ։ Եթե ծաղկավաճառի խանութում ձեզ «թարմությունը կորցրած վարդ» առաջարկեն, դուք հազիվ թե այն իբրև «նոր վարդ» ընդունեք կամ համաձայնվեք գնել այն՝ հավատալով վաճառողի հավաստիացումներին, թե «ոչ մի նոր վարդ գոյություն չունի (այս աշխարհում)»։
33. Եթե խոսքը հեռախոսի, հեռուստացույցի կամ լվացքի մեքենայի մասին է, առավել ևս անհեթեթ է թվում, որ «այս հեռախոսը լավ մոռացված հին հեռախոսն է»։
34. Սակայն եթե խոսքը վերաբերում է արվեստի ստեղծագործությանը, «նորը լավ մոռացված հինն է» կամ «ոչինչ նոր չէ» արտահայտությունները թվում են կիրառելի կամ այս պահին՝ հնարավոր կիրառելի։
35. «Նորը լավ մոռացված հինն է» պնդումը, ամենայն հավանականությամբ, կարող է վերաբերել արվեստի ստեղծագործության «ձևին», իսկ «ոչինչ նոր չէ (այս աշխարհում)» արտահայտությունը՝ արվեստի ստեղծագործության «բովանդակությանը»։ Դա ճշմարտանման է թվում, եթե խոսքը վերաբերում է Ռաֆայելի, Պիկասոյի կամ Բոյսի աշխատանքներին։
36. ——————————————————————————————————————-
———————————————————————————————————————–
———————————————————————————————————————–
———————————————————————————————————————–
———————————————————————————————————————–
————————։
37. Սխալվելու շատ փոքր հավանականությամբ կարող ենք պնդել, որ «արվեստը» առաջացել է ավելի ուշ, քան՝ մարդը։ Եթե արվեստը առաջացել է մարդուց հետո, ինչը հնարավոր է թվում, ապա գոյություն է ունեցել մի ժամանակաշրջան, երբ «մարդը եղել է», իսկ «արվեստը»՝ ոչ։ Եվ ուրեմն այն պահին, երբ «արվեստը ստեղծվում էր», այն և՛ ձևով, և՛ բովանդակությամբ նոր էր։ «Նորը լավ մոռացված հինն է» կամ «ոչինչ նոր չէ» արտահայտությունները կիրառելի չեն այն պնդման դեպքում, երբ «արվեստը հաջորդել է մարդու գոյությանը»։
38. Արվեստագետ Իվ Քլեյնը ստեղծագործում էր կրակի, քամու, անձրևի և պիգմենտի օգնությամբ։ Նա թերևս ցանկանում էր շեշտել, որ արվեստը նախորդել է մարդու գոյությանը։ Քլեյնն իր ստեղծագործությունների արարումը դիտում էր հեռավորությունից, հաճախ այլ հանդիսականների ներկայությամբ։
39. ——————————————————————————————————————–
————————————————————————————————————————
————————————————————————————————————————
————————————————————————————————————————
———————————————————————————։
40. Սառնամանիքը նկարներ է նկարում պատուհանի վրա։ Քամին երգում է ժայռերի մեջ։ Քամին և սառնամանիքը ստեղծագործում են՝ առանց մարդու միջամտության։ Եթե քամին և սառնամանիքը գոյություն են ունեցել մարդուց առաջ, իսկ դա հնարավոր է թվում, ապա կարելի է պնդել, որ «արվեստը գոյություն է ունեցել մարդուց առաջ»։
41. Պնդել, որ երաժշտություն է տիեզերքում շարժվող մոլորակների արձակած ձայնը, կարելի է նույնչափ, որչափ կարելի է արվեստ նկատել նորածին երեխայի ստամոքսի արձակած ձայնի մեջ, կամ «կյանքի ու մահվան» հավերժական դրամա տեսնել Կենտրոնական Աֆրիկայում տարվա եղանակների ռիթմով գաղթող կենդանիների շրջապտույտի մեջ։ Եթե արվեստը նախորդել է մարդուն, և եթե նրա բովանդակությունը «կյանքի ու մահվան» մասին վկայելն է, ապա «ոչինչ նոր չէ» և «նորը լավ մոռացված հինն է» պնդումները ճշմարտանման են թվում։
42. Եթե արվեստը «տիեզերքի Ստեղծարար Ոգու» արտահայտությունն է, ապա սառնամանիքը, քամին, անձրևը, նորածին երեխայի ստամոքսը, Ռաֆայելը, Պիկասոն, Բոյսը կամ ցանկացած մեկը ի վիճակի է ստեղծել արվեստ։ Թերևս միակ դժվարությունն այն է, որ «նորը լավ մոռացված հինն է» արտահայտության դեպքում մենք գործ ունենք «ժամանակի», իսկ «ոչինչ նոր չէ այս աշխարհում» պնդման դեպքում՝ «տարածության» հետ, հետևաբար արվեստն էլ կարծես պետք է լինի մի բան, որը գոյություն ունի ժամանակի և տարածության մեջ։
43. Երբ խոսում ենք «այս աշխարհի» կամ «հնի ու նորի» մասին, բայց միևնույն ժամանակ չենք խոսում ոչ «այս աշխարհի», ոչ «հնի ու նորի» մասին, ապա կարող ենք ենթադրել, որ այդ մենք չենք խոսում, այլ «խոսքն ինքն է խոսում»։
44. Յոզեֆ Բոյսը պնդում էր, որ «բոլոր մարդիկ նկարիչներ են», իհարկե ոչ այն իմաստով, որ նրանք բոլորը վրձինով նկարում են կտավի վրա, այլ այն իմաստով, որ նրանք ապրում են իրենց ստեղծագործության մեջ և ի վիճակի են թույլ տալ «տիեզերքի Ստեղծարար Ոգուն» ազատորեն ինքնարտահատվել այդ աշխարհում։
45. Ի վիճակի՞ է, արդյոք, մարդն ապրել առանց արվեստ ստեղծելու։ Յոզեֆ Բոյսի պնդումը ենթադրում է այդպիսի հնարավորություն։
46. Մարսել Դյուշանը համոզված էր, որ «արվեստն ինքնին արժեք չէ, արվեստը հնարել է մարդը, և առանց մարդու այն չի կարող գոյություն ունենալ»։ Ե՛վ Յոզեֆ Բոյսը, և՛ Մարսել Դյուշանը հնարավոր են համարում մարդու գոյությունն առանց արվեստի։
47. ——————————————————————————————————————–
————————————————————————————————————————
————————————————————————————————————————
————————————————————————————————————————
————————————————————————————————————————
————————————————————————————————————————
—————————————————————————–։
48. Արվեստ ստեղծողը մեկն է, որը փորձում է ստեղծել մի բան, առանց որի ինքը կշարունակեր գոյություն ունենալ։ Արվեստի ստեղծագործության առկայությունը պարտադիր պայման չի հանդիսանում արվեստագետի գոյության համար։
49. Էդ Ռեյնհարդը պնդում էր. «Արվեստի մասին կարելի է միայն ասել, որ այն անշունչ է, անկենդան, անիմաստ, որ դուրս է ձևից, տարածությունից և ժամանակից»։ Սա նշանակում է՝ արվեստը մի բան է, որն իմաստ է հաղորդում շնչավոր, կենդանի, ժամանակա-տարածային ձև ունեցող գոյությանը, որի կենսապահովման համակարգը իրեն տրված չէ իր գոյությամբ։
50. ———————————————————————————————————————
————————————————————————————————————————-
————————————————————————————————————————-
————————————————————————————————————————-
————————————————————————————————————————-
————————————————————————————————————————-
————————————————————————————————————————-
————————————————————————————————————————-
———————————————-։