Ես նրա համար եմ այստեղ, որպեսզի կործանեմ ցանկացած հավատ,
որպեսզի միտքը կարողանա ճախրել հավատից վեր
և Ճշմարտության մեջ ներթափանցի։
Բուդդա Շակյամունի
Արքայազն Գաուտամա
Պետերբուրգ-Մոսկվա գնացքը ճանապարհվում է երկրորդ գծից,- ռուսերեն գոռում ա կնոջ ձայնով կայարանային բարձրախոսը։ Հետաքրքիր ա, ո՞վ ա էդ ձայնի տերը։ Երևի սիրուն կին ա, չէ, երևի բարի կին ա, չէ, երևի ոչ մի ձևի կին ա, որտև ձայնն էլ ա ոչ մի ձևի՝ անթերի, հնչուն ու անկյանք։ Կյանք ա տալիս մենակ ներդրված ինֆորմացիան՝ գնացքների մեկնման ու ժամանման, մոր ու մանկան սենյակի, տոմսերի և տոմսարկղների, հաշմանդամների ու վետերանների զեղչերի, կարգը խախտողներին հասնող տուգանքների, որտեղ ու ինչ ուտելու հնարավոր տեղերի, բազմատեսակ քաղաքային ծառայությունների ու էլի մի շարք անկապ անցուդարձերի մասին, որը չես իմանում ինչի են խցկե կայարանային հայտարարությունների մեջ։ Այսինքն՝ ռեկլամ ա, հիմա ռեկլամն ամեն տեղ ա պետք։ Բա ո՞նց, քաղաք մտնողը առաջի բառն ա լսում կայարանաբարձրախոսից, էն էլ ռեկլամ… «ռեկլամա դվիգատել տարգովլի…»։ Ռեկլամով լցված ուղեղներ, հեռուստացույցով ռեկլամ նայող մարդիկ… Հա, կան տենց մարդիկ, ես հաստատ գիտեմ, որտև մի ժամանակ ինքս էի նայում։ Երկար տարիներ հին, սև-սպիտակ «Ռեկորդ» հեռուստացույց ունեինք, չունևոր էինք, հետո մի հատ քիչ օգտագործած գունավորն առանք։ Դե ես էլ տանը նստած, երեխա պահող կնիկ էի, մարդս գրքերի նկատմամբ խանդում էր, հա՛, հա՛, ճիշտ եմ ասում, գրքերի։ Վեկալավ մի օր խալխի գիրքը ճղոտեց ու պատուհանովը դեն գցեց։ Երես չունեի էդ գրքի տիրոջը տենայի, ստիպված չելած տեղից խոսք ու զրուց գցեցի, կիսախռով դառանք, մենակ թե գրքի մասին չհարցնի։ Հեռուստացույցն էր երկար տարիների իմ ընկերը… Դե էդ թազա գունավորը որ առանք, սև-սպիտակից հետո կոնտրաստը նենց ուժեղ էր, որ նստած սկզբի օրերը անընդհատ նայում էի, ամեն ինչ, իրար հետևից՝ սերիալ, լուրեր, համերգներ, վերլուծական հաղորդումներ, դո ի պոսլե պալունոչի, պուտչ, չտո-գդե-կագդա, նիհարած կամ չաղացած Պուգաչովա, Կաշպերովսկի, Ալան Չումակ, դրանց արանքում էլ, իհարկե, վառ, ձայնն ուժեղ ռեկլամ…
Ըստ այնմ՝ կյանքս էլ էր տենց, ուղեղամտածուքս էլ…
Հիմա ուրիշ եմ։ Հիմա ես գիտեմ, որ էդ կյանքը սխալ ա եղել, անկապ եմ ապրել, քաղքենավարի, մտածել եմ մենակ երեխուս ու մարդուս կերակրելու մասին, նրանց մասին եմ հոգացել, ոչ թե արար աշխարհի բարեկեցության մասին… Դա էգոիզմ ա եղել, հետո ի՞նչ, որ իմ մասին չեմ մտածել, զատո մտածել եմ մենակ իմ մոտիկների մասին, քյասա, սխալ եմ ապրե, ջոկողություն եմ դրե մարդկանց մեջ…
Հիմիկվա մարդս պանկ ա։ Էն մեկէլը, որ բժիշկ էր, ասեց՝ էլ պետք չեք ինձ, խանգարում եք ինձ, գնացեք Հայաստան։ Չգնացի, երեխեն դպրոց գնաց, ամառ էր, հետո ուղարկեցի Հայաստան։ Էս վերջերս էլ ծանոթացա Պաշայի հետ, ու հիմա մեր մոտ սեր ա։ Պաշան մեքենաներ ա լվանում «Կոսմոս» հյուրանոցի մոտ։ Լավ ա, վատ չի։ Հիմա մարդ կա՝ առավոտից իրիկուն պախատ ա անում, դրա կեսն էլ չի աշխատում։ Սիրո՞ւմ ա ինձ։ Եսիմ, չեմ կարա ասեմ։ Ես իրան սիրում եմ։ Հըլա ու մի չսիրեի, սիրուն, յոթը տարով ինձնից պուճուր, բոյով, բուսաթով, հերը՝ գրող, մերը՝ ճարտարապետ, ինքը՝ պանկ։ Դե տենց ա հիմա, սաղ էլ կամ պանկ են ըլնում, կամ հիպի, կամ նացի, կամ բուսակեր, քրիշնաիդ, կամ Քրիստոսի եկեղեցու սան, կամ Լիմոնովի հեղափոխական, կամ բուդդիստ… Հենց նենց ոչ ոք չի մնում, ամեն մեկը մի բան դառնում ա, մի ենթահոտի մեջ մտնում ա։ Դե Պաշան էլ պանկ ա։ Ի՞նչ ա որ, շատ էլ լավ ա։ Տրուբաչը, որ Պաշայից առաջ կյանքիս ընկերն էր, լավ ընկեր էր, բայց էս աշխարհից չէր, ինքը հիպի էր, ես էլ էի հիպի։ Պաշան պանկ ա՝ ես էլ պանկ կըլնեմ։ Էն էլ, էն էլ՝ արվեստ ունեն, գաղափարախոսություն ունեն։ Մի հատ Վադիմ Ստեպանցով կա, խումբ ունի՝ Բախըտ-կամպոտ ա կոչվում։ Պոստպանկ ա, ինչ ա, երգում։ Ուղղություն ունի, կոչվում ա Կուրտուալնի մանյերիզմ։ Չեմ իմանում՝ ի՞նչ ա նշանակում, բայց պոեզիան լավն ա։
Պանկերը, ես գիտեի առաջ, թե պտի սաղ կեղտոտ ըլնեն, մակդոնալդսի նիշտյակներ հավքեն ուտեն, հարբած ընկնեն ըստե-ընդե։ Պարզվեց՝ տենց չի։ Պանկ էլ կա, պանկ էլ։ Պաշան մաքուր, տանը ապրող, Բաումանի համալսարանում սովորող պանկ ա։ Մենակ թաթուներ ուներ լիքը, ասեց՝ կուզեի իմ ընկերուհին էլ ունենա։ Ասի՝ հարց չկա, ցավդ տանեմ, ի՞նչ կուզես անեմ։ Ուզեց սվաստիկա անեմ, ման եկանք, հին հայկական սվաստիկա գտանք, արեցի։ Խոտ էր ծխում, դե ով չէր ծխում, պիվա ու օղի գլուշիտ անում ժամանակ առ ժամանակ։ Էդ էլ էին սաղ անում։ Մի խոսքով, պանկի դասակարգին պատկանող ռուս ինտելիգենցիայի տիպիկ ներկայացուցիչ ա Պաշան։
Եկել էինք Պիտեր։ Բերել էի Պաշային Պիտերը ցույց տամ։ Թող ինքն էլ սիրահարվի Պիտերին, ոնց որ ես վախտին։ Եկա պրակտիկայի մի ամսով, մնացի տասը տարի։ Իզուր չի ասված, որ Պիտերը ճահիճ ա։ Էդ քաղաքը շնչում ա, մանավանդ, որ գնում ես դեպի Մարսովի պոլե, մայիս ամսին, ընդեղ յասամանների ծառեր են լիքը աճում, ոնց որ քո առաջ խոնարհվում են, ոնց որ՝ չէ, հաստատ խոնարհվում են։ Իզուր չի էդ քաղաքը դիակների վրա սարքված։ Մանավանդ եթե վատ ես զգում քեզ, գնում ես ընդեղ, յասաման շնչում, Պիտերը սարքող, Պիտերի տակ թաղված մարդկանց ուժը հավաքում, գալիս աշխարհը շուռ ես տալիս։ Բայց որ քեզ սիրեց Պիտերը, էլ բաց չի թողնում։ Ուր էլ գնաս, ուր էլ մնաս՝ Պիտերի գերի ես մնում, Պիտեր ես տեսնում երազում։ Հայրենիք բառը մի ասոցիացիա ա ուղեղդ բերում՝ Պիտեր, ուզում ա հայ ըլնես, թե ռուս, թե խախոլ… Ուր ուզում ա ծնված լինես։ Այլերկրացիների ստատիստիկան չունեմ, բայց ԷսԷնԳե-ի սաղ ազգերը հաստատ պիտերացավի իմունիտետ չունեն, ռիսկի խումբ են կազմում։
Պաշան հավանեց Պիտերը, բայց ոնց որ Պիտերը Պաշային չհավանեց։ Ինչի՞, ի՞նչ պատճառներով, ի՞նչ թեսթ չանցավ Պաշան՝ ես չիմացա։ Փաստն էն մնաց, որ մենք հետ էինք գնում Մոսկվա Զլատոգլավայա, որն ինձ չէր սիրում… Բայց դե ի՞նչ անեմ, դաստիարակել էին տենց. մարդդ ուր ուզի գնա մնա՝ դու էլ պտի ուզես…
Պիտերում հանդիպեցինք ծանոթների, մեկը խոտ ծախող էր, բարիգ՝ սենց ասած, երաժիշտ տղա էր, Մայքլ, այսինքն՝ Միշա։ Չեմ իմանում՝ ինչի՞ են ռսները, հայերը և հետամնաց այլնիք սիրում անունները այլազգացնել։ Երևի սոցիալապես ավելի ապահով, քաղաքակրթորեն իրենց երկրից բարձր մի երկրի այլազգի անուն վերցնելով՝ իրենց սկսում են ավելի կռուտոյ զգալ, ավելի պաշպանված, թե ինչ…
Մայքլ-Միշան, իհարկե, ինչպես բոլոր փսեվդո-երաժիշտ տղաները, մեծ ամբիցիաներ ուներ կյանքում։ Ինքը չճանաչված, չգնահատված հանճար էր… հետևաբար փող չուներ։ Ու քանի որ խոտ միշտ սաղին պետք էր, իրան էլ հետը, դե բա ո՞նց կարար իրան պետք չըլներ, բա պոետի հոգին ինչո՞վ լցոնվեր, իրա մուսան ինչպե՞ս առավոտները՝ բերանից, սաղ օրը թևատակերից ու չուրից հոտ եկող, մազերը յուղոտ, երեսը սիրուն, ուղեղը դատարկ Յանայից մուսա դառանար, որ Մայքլը երաժշտություն կարենար գրեր, ու բասին տար, տար, տար։ Ու դրա համար խոտ էր բերում Պիտերից Մոսկվա ու մանրածախ առևտուր անում ընդե։
Ինչևէ, հիմա գնում ենք Մոսկվա։ Մեր հետ Պիտեր եկած տղերքն են հետներս, ընդհանուր ծանոթներ ունենք Մոսկվայում, հիպի են, սուս-փուս, չխոսցնես՝ չեն խոսա։ Մայքլն էլ ա մեզ հետ։ Տաք շորեր եմ վերցրե, տեղ չի արե սումկումս, բատինկեքս տեղ չկար դնեմ, Մայքլն ասեց՝ տուր ես դնեմ իմ ուսապարկի մեջ, լիքը տեղ կա։ Տվի։
Գնացքը շարժվեց։ Վեշերը տեղավորեցի անտրեսոլում։ Մայքլը իրա բեռը պտի լավ պահի, թե չէ հոտ ա գալիս, սաղ վագոնը կանեփի հոտ ա ընկնելու։ Ճարեց տեղ, դրեց ներքևի պոլկի տակը։ Գնում ենք։ Պիվա ունենք, տղեքը նստած պիվա են խմում։ Ես չեմ խմում։ Ես հղի եմ։ Երկու ամսական հղի։ Տղա եմ բերելու։ Անունը Ֆեդյա եմ դնելու։ Ֆյոդոր Պավլովիչ Զուև ա լինելու իմ տղեն։ Հա, հայ եմ, հետո՞։ Հայի տղու անունը չի՞ կարա Ֆեդյա լինի։ Մանավանդ եթե մարդը ռուս ա։ Խի՞ ա ռուս։ Որտև հայերը որպես մարդ, ասել ա թե՝ ամուսին, գցող դուս եկան, քիչ ա, հլա ճագարի նման էլ սեքս են անում՝ իրանց Բանդերաս երևակայում, քեզ էլ համարում են ֆրիգիդնի, քանի որ նախերգ ես սիրում ավելի, քան թե՝ ճագարակոիտուս։ Բորշչը գլխիդ են լցնում, եթե չափից ավելի տաք ա լինում, մեր են քրֆում, ու եթե պատասխան ես տալիս, ծննդատնից նոր եկած՝ քեզ գցում են գետնին ու տալիս են քացով փորիդ, փորիդ… Հետո, իհարկե, դեմդ չոքում են, աղաչում են, որ չգնաս, չբողոքես վայեննի մեդիցինսկի ակադեմիա, որ դուս չանեն՝ սովետական սպայի վսեմ անունը գցելու համար, չբաժանվես, հորդ բան չասես, որովհետև հերդ կարա վերջը տա, եթե իմանա՝ մատով կպել ա, շանտաժ են անում ծնողներիդ ասել, որ ծխում ես, որ ինչ ձև ես սիրում սեր անել… Դե, վախով լիքը տանը մեծացած, սեփական անձի որակական, ինքնագիտակցական աճը մի խղճուկ, բայց էն վախտ միակն աշխարհում ու հավերժ թվացող դավիթասիրո հետ փոխած աղջիկն ի՞նչ պիտի աներ էս պայմաններում, պլյուս էն, որ Հայաստանում կռիվ էր, սով էր, շալվարի համար մարդ էին սպանում, իրական դեպք էր, ճանաչում էի տուժողին… Հայաստան… Սարսափելի էր էն վախտերի Հայաստանը… Անլույս, անհաց, անջուր, անփետ, անկյանք… Դե դու էլ մնացիր։ Վեցը տարի անկապ, վախոտ, սրտահոգիդ քաքոտված հայամարդուդ դավաճանություններով, ծեծ ու ջարդով, սատանային հանդիպելու, հոգին նրան ծախելու ակնկալիքով էս լույս աշխարհը եկած ու իրա վախերն ու կոմպլեքսները քո նման խեղճի վրա թափելով ինքնահաստատվողին, ամսով լևի գնացողին դիմանալով, նույնիսկ կասկածներով, որ կարող ա արվամոլ ա, քանի որ էն հարցին, թե՝ որտե՞ղ ես մնում, ասում էր՝ Անդրեի տանը…
Անցած ըլնի…
Մայքլը խոտ ունի։ Բայց պոեզում չի կարելի խոտ ծխել, մենթեր կան ըստե։ Գնում ենք։ Չըխկ, զըխկ, փըխկ, թըխկ, լավ երգվում ա գնացքի մեջ… Ռուսսկոյե ռադիո… ղռղռում ա պոեզառադիոն։ Չի թողնում՝ պոեզի տված ռիթմի տակ երգես։ Չնայած պոեզի ռիթմը մի տեսակ տարբեր ռիթմերի հարմարացված ռիթմ ա, ցանկացած մեղեդի վրեն նստում ա։ Ռուսսկոյե ռադիոն երգում ա Գազմանով, Գազմանովին տանել չեմ կարող, անջատում եմ ձայնի միջի նրա հաճախականությունը, լսում եմ մենակ պոեզի ռիթմը…
Վրացիներ են մեր հարևանները, պլացկարտ ա, ափսոս վերևի տեղեր ա մերը։ Էն ջահել վրացին ասեց՝ քուրս, հարց չկա, տեղս տամ քեզ, զեմլյաչկա ջան։ Բա որ մենք իրար վիռուչատ չանենք, էլ ո՞ւմ ենք պետք։ Ասի՝ մերսի, հլա չեմ ուզում քնեմ, որ ուզեմ, կպառկեմ։
Խմեցին պիվեն։ Հիշեցին, որ «զուբրովկա» ունեն։ Հանին, էդ էլ խմեցին։ Սկսեցին բարձր խոսալ։ Ինքդ որ չես խմում, շատ կոմեդիկ են թվում խմած մարդկանց խոսքուզրույցը, նիստուկացը, շարժուձևերը… Մեկ-մեկ խելոք բաներ են ասում, մանավանդ՝ ռուսները, դառնում են իսկը ենթագիտակցական իմաստնություն բաժանող փողոցը ջրող մեքենաներ, իսկ խմած հայերը, մեծամասամբ՝ «խարոշի», Գրանդ Քենդիի տռտռիկներ, որ քաղցր-մեղցր խոսալով՝ վերջում իրանց կարագն ու կակաոն էկոնոմիա արած քաղցր-մեղցր էսկիմոն են ցույց տալիս…
Չէ, դե, հիմա ի՞նչ ա, պիտի նստեմ, ինքս ինձ արդարացնե՞մ՝ ինչի ա մարդս ռուս։ Ռուս ա ու վերջ։ Իմ կյանքն ա, կուզեմ ռուս կառնեմ, կուզեմ՝ նեգր։ Մարդս մարդ ըլնի։ Պաշան լավ մարդ ա։ Համենայն դեպս, էսքան վախտ մի չոռ չի ասել։ Մենակ սիրած ուներ, սիրածն Էլ բոզ էր, հա՛, հա՛, նատուրի բոզ, ավելի շուտ՝ պոռնիկ, մարմնավաճառ ասել ա թե։ Ի՞նչ արած, սերը կպնում ա նույնիսկ աթարին, ինչպես ասել է մեր մեծը։ Ես ու Պաշան որ ծանոթացանք, Լենան՝ Պաշայի բոզոտ սերը, գնացել էր Շուշեինսկոյե՝ Լենինի աքսորավայրն ու իրա ծննդավայրը, որ աբորտ անի։ Ես էլ ճակատագրի բերումով Պաշային տղա եմ բերելու… Պաշան ասեց՝ ինձ չթողնես ես Լենա հիշեմ, ես էլ քեզ կսիրեմ, շատ կսիրեմ, դու լավն ես, դու հայ ես, հայերը բարոյական են, բոզ չեն։ Ասի՝ հե ՜յ, հե ՜յ, տղա, հայի բոզից աստված պահի։ Հայի բոզը սուպերբոզ ա, հոգով բոզ ա, սրտով բոզ ա, ուղեղով բոզ ա։ Քո Լենան հեշտ փող ա աշխատում ու հետն էլ քեզ սիրում ա, չէ՞, փողերը տուն ա բերում, չէ՞, քեզ լավ պահում, կոմպ ու շորեր առնում ա, չէ՞։ Ասըմ ա՝ հա։ Ասի՝ իսկ հայի բոզը ինքը իրան ա մենակ շուբա առնում ու փող ա հավաքում, որ գնա ծով։ Բացի իրա չուրի բոզությունից քո Լենան ուրիշ ոչ մի տեղով բոզ չի։ Ասըմ ա՝ չէ, ես չեմ կարա իրան մեր տուն տանեմ, չեն ընդունի մերոնք։ Ասի՝ ո՞ւր ես վռազում, ջահել ես, կհանդիպես մեկ ուրիշին։ Ոտներս ընգավ, աղաչեց, թե` չեմ կարա ես, եթե դու ինձ չօգնես, ես կորած եմ, Լենան նարկոման ա, ինձ կկործանի… Ասի` ես քեզնից էսքան մեծ եմ, այտա։ Ասեց` ի՞նչ անեմ, ես քեզ ուղեղովս սիրում եմ։ Դու խելոք ես, իմաստուն ես, բարոյական ես, խնդրում եմ քեզ, սիրի ինձ… Ես էլ սիրեցի…
Խմել են լավ։ Աչքները կարմրել են։ Ասի` Պաշա, պառկի քնի։ Ասեց` հեսա, գնամ ծխեմ, գամ կպառկեմ։ Մայքլը հենա վրացոց հետ գյալաջի ա անում։ Մայքլի վրա հալ չկա։ Մայքլը էն տեսակի մարդկանցից ա, որ խմած վախտ սկզբից գյառանում են, հետո կատաղում, հետո աշխարհի մեր քրֆում, որ տենց անարդար ա իրանց նման հանճարների նկատմամբ, հետո վերջում, եթե չես հասցնում պառկացնես քնեն, տուրուդմփոց են սարքում, մեկ ա ում հետ, մենակ թե իրանց ներսում հավաքված կատաղությունն ու ատելությունը համայն աշխարհի նկատմամբ արտաթորեն…
Եկավ, պառկեց վերևի պոլկին, քնել ա։ Վրացիք չկան, ծխում են։ Պաշան էլ ա պառկե։ Ես էլ պառկեցի։ Վրացու պոլկին։ Քնել էի։ Էս ի՞նչ աղմուկ ա։ Հեհ, մենթերն եկան վրացոց հետ, սրանք դակումենտները վեկալան ու իրանց տարան։ Դեմքով սև են, տարան պրապիսկա նայեն երևի։
Չէ, հետ եկան էլի։ Ինձ են վեր կացնում։ Բան չեմ ջոգում, ի՞նչ են ուզում։ Մայքլի սումկեն հանել են, բան են ման գալիս պոեզաթախտի մեջ, վրացոց իրերն են երևի ստուգում, բա որ ջոգեն Մայքլի սումկի մեջն ինչ ա…
Գնացին էն կողմ, կողքը կանգնած են։ Հետ եկան ու ինձ ասում են`քաղաքացուհի, անցեք մեզ հետ, դուրս եկեք գնացքից։ Ասի` խի՞ որ։ Ասին` գնացքը շարժվում ա, դուրս արի գնա, ու հրում են։ Գոռում եմ Պաշաաաա՜։ Պաշան զարթնում ա, թե` ի՞նչ եք ուզում։ Մենթն ասում ա, դու ո՞վ ես, իրա ի՞նչն ես։ Ասում ա` փեսացուն եմ։ Դե, դու էլ դուս արի։
Դուս եկանք։ Վախում էի մենթերից ես։ Տեսել էի Արբատի վրա ոնց էին մի աղջկա հալից գցե, արունլվիկ էին արե։ Դուս եկանք դուս։ Գրած ա Բալագոյե։ Հա ՜, էս էն տեղն ա, որի մասին երգում էին. «Բալագոյե, Բալագոյե, Բալագոյե, էտո գդե տո մեժդու Լենինգրադոմ ի Մասկվոյ….»։ Հա, Բալագոյե ջան, բա ինձ խի՞ են քնահարամ արե, հանե պոեզից էս քո բալագոյակայարանում։ Տանում են ԿՊԶ։ ԿՊԶ-ՊՊԶ, չէ, էնքան էլ չեմ վախենում։ Ի՞նչ պիտի ասեն որ։ Երևի, որ պրապիսկա չկա պասպորտիս մեջ, դրա համար են հանել։ Շտրաֆ կանեն` բաց կթողան։ Բայց հետո՞։ Բա ո՞նց ենք գնալու հասնենք Մոսկվա։ Սրանք դժվար մեզ նստցնեն ճամփեն։ Էշի տղեք։ Քնահարամ արին… ԿՊԶ-ում պահել են անկապ։ Նստցրել են կարիդորում։ Սպասում ենք։ Հա, հետն էլ Պաշային տարել են կարիդորի մի ծայրը, ինձ` մյուս։ Ապուշներ։ Պաշան ինձ նայում, ձեռով-ոտով ա անում, բան ա ուզում ասի։ Չեմ հասկանում։ Ձեռները նենց ա սարքում, ոնց որ խոտ են ծխում` մի ձեռի ափով մյուս ձեռի տակը ծածկում ա, որ ծուխը չփախչի։ Ծիծաղս եկավ։ Վաաայ, կարո՞ղ ա, ուզում ա հասկացնի, որ մոտը խոտ կա։ Վա ՜յ մե, կորանք։ Տենց ա, որ կա։ Դեբիլ, խի ես վեկալել Մայքլից, ուզում էիր, կհասնեիր Մոսկվա, կվեկալեիր էլի։ Հիմի արի մենթի ձեռից պրծի։ Մի հատ ջահել մենթ կար ընդե, սիրուն, կանաչ աչքերով տղայ ա։ Ասի` ուզում եմ զուգարան գնամ։ Ասեց` չի կարելի։ Ասի տակս անե՞մ, ես հղի եմ իմիջիայլոց։ Կանչի նաչալնիկիդ, տենամ` ի՞նչ ա ասում։ այտառակություն ա լրիվ։ Վախեց ոնց որ, ասավ` դե լավ, արի։ Տարել ա ու կանգնել ա դեմս։ Ասում եմ` լսի, դուռը փակի, ասըմ ա` նե պալոժենո։ Խի՞ որ։ Բա՞ որ ձեռիդ նարկոտիկները թափես զուգարանի ծակը։ Արա, ես նարկոտիկ չունեմ, դավայ ինձ օբիսկ արա, հետո շռեմ։ Ես չեմ կարա քսան տարեկան անծանոթ տղայի դեմը շռեմ։ Էս ո՞ւր եմ ընգե, արա։ Էս ի՞նչ խաթայ ա, ի՞նչ դավայ ա։ Ասեց` դե լավ, սումկեդ տուր ինձ, փակի դուռը։
Վա ՜յ, գոնե էս մի ցավից պրծա։ Հղի կնգա համար ամենատաժանակիր տանջանքն էն կլնի, որ միզելն արգելեն։
Դուս եկա զուգարանից։ Ջահել-սիրուն մենթը սումկես պրպտում ա։ Ասում եմ` ի՞նչ ես ուզում անես, կեղտ ես գցո՞ւմ սումկիս մեջ։ Վախեցած ինձ ա նայում։ Պաշայի մոտով եմ անցնելու, ձեռը կբռնեմ, թող դուխով մնա։ Բան չկա, ի՞նչ են անելու, մի լուցկու տուփի համար հո չե՞ն նստացնելու։ Փող են ուզում։ Կզանգեմ, Պաշայի հերը կգա կտա, ու վսյո։ Անցնելուց ձեռը բռնեցի, տենամ ձեռս բան ա կոխում։ Եկա, նստեցի տեղս։ Ձեռիս թուղթ ա։ Ո՞նց անեմ՝ կարդամ։ Ջուր ուզեցի ջահել մենթից, գնաց բերի, վռազ բացեցի, կարդում եմ, ու… Աշխարհը գլխիս փլվեց… Վա ՜յ, մամա ջան։ Էս ի՞նչ ա գրե, գրել ա. «Մայքլի սումկեն քո տակն են գտել, կոշիկներդ խոտի տոպրակի վրա դրած, հիմա վրեդ են կապելու, կասես՝ իմը չեն դրանք։ Մի վախենա։ Ես քեզ սիրում եմ»…
Բեղերով մենթ ա էկե։ Շեֆն ա երևի։ Դե կապիտան ա ոնց որ։ Կանչեց ինձ։ Անուն- ազգանուն, խի՞ գրանցում չունես, ասի՝ մարդս առանց իմ իմանալու կաշառել ա ժեկի աշխատողներին, գրանցումից հանել են ընդե, իսկ պասպորտումս չի երկարացված, որտև տեղ չկա երկարացնելու։ Դե լավ, բա որտե՞ղ ես ապրում։ Մոսկվայում։ Պիտեր խի՞ էիր գնացել։ Նշանածիս Պիտերը ցույց տամ, ես տաս տարի Պիտերում եմ ապրե։ Երեխա ունե՞ս։ Հա, աղջիկ ունեմ, յոթը տարեկան։ Դե լավ, արի ջեբիդ քարերը թափի ու ասա՝ ո՞ւմ համար ես տանում երկու կիլոգրամ հերոինը։ Ի՜ՆՉ։ Հիմի դառավ հերոի՞ն։ Ես հերոինի մասին բան չգիտեմ։ Վրես կեղտ մի կապեք։ Բա կոշիկներն ո՞ւմն են, ու ցույց ա տալիս կոշիկներս։ Կարմրեցի երևի, աչքերս մի տեսակ դառան, չեմ իմանում ինչ տեսակ, բայց այլատեսակ, ես էլ եմ նկատում, որ սուտ եմ ասում, աչքերս փոխում են տեսակը, երևի փակում են դեպի ուղեղ գնացող սիգնալը, որ ընդեղ չսկսի եփել ստից, որովհետև ասեց՝ էլ մի բարդացնի վիճակդ, կոշիկները քոնն են, փոքր համար, քոնը փոքր ա, մոխրոտիկ ջան, հավանականությունը, որ քո տակի սումկի մեջի 35 համարի կոշիկները, որոնք քո ոտով են, քոնը չեն,1000000-ից մի դեպքում կարա լինի։ Մատնահետքերն էլ չեմ ասում։ Ես գիտեմ, որ քոնը չի սա, դու ցրիչ ես։ Ասի՝ ի՞նչ եմ։ Դե, ասում ա, քեզ տվել են Պիտերում, որ դու տանես Մոսկվայում տաս մեկին, չէ՞։ Ասի՝ չէ։ Բա ո՞նց, ի՞նչ ա սա, ո՞ւմն ա, որ քոնը չի։ Մտածում եմ՝ ի՞նչ անեմ, ի՞նչ ասեմ։ Ես հո գիտեմ՝ ընդե հերոին չկա, վրես ֆռռիկներ ա ֆռռում։ Ասեմ՝ Մայքլինն ա, Մայքլը սվոլոչ ա, վինտավոյ սվոլոչ, կասի՝ չեմ իմանում, չեմ լսե, չեմ տեսե։ Բա ի՞նչ անեմ։ Ավելի լավ ա, ասեմ՝ բան չեմ իմանում։ Մենթն ասում ա՝ խոստովանի, ես ասում եմ՝ խոստովանելու բան չունեմ։ Ասում եմ՝ կարո՞ղ ա մեր հետ վրացիներ էին գալիս, հերոինը նրանցն ա։ Չեմ ասում՝ խոտ, որ չիմանա, թե ես վաբշե խաբար եմ։ Ասում ա՝ ջահել, սիրուն-սիմպատիչնի, ս վիդու ինտելիգենտ աղջիկ ես երևում, ինչի՞ ես կապվե էդ թափթփուկների հետ։ Երեխա ունես, ո՞ւր ա։ Ասի՝ ամառ ա, ուղարկել եմ Հայաստան։ Նայում ա ինձ, կարծես ուզում ա ուտի աչքերով։ Դուրն եմ էկե։ Ասեմ՝ հղի եմ, թե չէ մեկ էլ տեսար սեքս-մեքս ուզեց անասունը։ Ասի՝ ի միջիայլոց, ես հղի եմ։ Ասում ա՝ լո՞ւրջ։ Բոզի տղեն ուներ, ուներ կեղտոտ մտադրություն։ Այ տենց, հիմա գնա անդամդ կոխի սառը ջրի տակ, էշի քուռակ։ Հետաքրքիր բան ա, երևի, բացի մարդկության տականքներից, որ մարդ կոչվելու վարիանտ չունեն, օրինակ ցեղասպանության վախտի թուրքերը, որ հայ հղի կանանց տիրում էին, մնացած բոլոր տղամարդիկ խորշում են ուրիշից հղի կնոջը մերձենալ։ Երևի բնազդ ա։ Բա էդ թուրքերը բնազդ չունեի՞ն։ Դե լավ, հիմա թուրքերի բնազդի հարցն ա քեզ հետաքրքրո՞ւմ, թե՞քո ճակատագիրը։
Մենթը սիգարեթը վառած դես ա գնում, դեն ա գնում։ Ես ինձ զգում եմ ստալինյան տարիների ռեպրեսիաների զոհերի տեղը, հասկանում եմ, թե ինչ ա լինում վիճակդ, երբ նագլի կեղտ են ուզում կպցնեն քեզ, դու էլ գլուխդ խփում ես պատերին, պատճառներ ես բերում, մեկնաբանություններ անում, որ ինչո՞ւ, ինչի՞ց ելնելով տրամաբանորեն դու չէիր կարա էդ բանն անես։ Քեզ չեն լսում, չեն ուզում լսեն։ Պլան ունեն։ Երեսնյոթին ունեին, հիմա էլ ունեն։ Երեսնյոթին ժողովրդի թշնամիների վերացման պլան էր, հիմա էլ նարկոմաֆիա են իրանց արևին վնասազերծում։ Հողեմ գլուխներդ, հաաա…
Հիմա ես պլանի տակ եմ ընգե՞։ Խոխմայ ա։ Մարդու պատմես, չի հավատա։ Եթե էս պատմությունից լավ պրծա, խոսք եմ տալիս, կյանքում էլ կոծոներս գունդ չեմ սարքելու ու կրակելու, բալկոնից սորոկները չեմ գցելու, էրեխուս սարքելու եմ հասարակությանը շատ- շատ-շատ պիտանի մարդ, ծխելս քչացնելու եմ… էլի շատ-շատ բաներ եմ խոստանում… Մենակ թե էս ապուշ, անհեթեթ պլանի տակից դուս գամ։
Պլանի գծով պլանի տակ եմ ընգե։
Երբ էլ լինի, մի օր նստելու ու գրելու եմ էս պատմությունը, որ սաղ մարդիկ իմանան՝ սուտ մեղադրանքից մուհալ անել չի կարելի, ամեն մեկին էլ կարա պատահի…
Մենթը էլի ծխում ա։ Ես էլ եմ ծխում։ Եթե ծխելն էլ արգելեին, կըլներ իսկը դժոխք։ Քանի կարում ես ծխես, հլա հույս կա, որ մարդ ես, մարդատեղ ես անց կենում, քանի որ ցանկություններիցդ ամենասովորականը բավարարվում ա։ Ուրեմն դեռ ապրում ես… Մենթը հա նայում ա ինձ, ես էլ անակնկալից քարացել եմ, մի երկու ժամ առաջ ախր քնած էի, քաղցր երազներ էի տեսնում, թե ոնց ենք Պաշայի հետ եկեղեցով պսակվում, ոնց ա մեր տղեն մեծանում ու դառնում լավ մարդ… Քյասա, լավ կյանքաերազ էի տեսնում, ու ոնց որ Վանի ապուպապիս երեսնյոթ թվին հացի սեղանից վեկացրին տարան՝ ապուրը թողած կիսատ, նաղլը բերանին, որ ըստ զիզայիս պատմելու, նա միշտ անում էր ճաշի սեղանի շուրջ, քանի որ կենսախինդ մարդ էր, իրեք հայ ու մի էդքան էլ թուրքի գյուղի դարբին, կոշտ ձեռքերով ու փափուկ սրտով… Հիմի տենց էլ մի ուրիշ օրենք ինձ իմ երազից փախցրեց, բերեց նստցրեց գեստապոյաչեկայամենթական վառ լամպի առաջ։ Ու ինչպես Վանի պապս չէր հասկանում՝ ինչի՞ են իրան բերման ենթարկել, էնպես էլ հիմա ես չեմ հասկանում… Վանի պապիս Սիբիրում գնդակահարեցին մի տարի անց։ Ասածն էն ա եղել, որ Աղասի անջյանն ինքն իրան խփողը չէր, Բերիայի ձեռի գործն ա էդ, ասել էր գեղի բիձեքի մեջ, ու ոտի տակը քանդել ուզող Արսեն դային էլ գնացե ծախել էր ՉէԿա…
Ինձ ի՞նչ են անելու տենաս… Դե չէ, չեն գնդակահարի, շատ-շատ նստցնեն, բայց ինչքա՞ն, ու ամենակարևորն ա, ո՞ր մեղքիս համար։ Հը՞։ Ի՞նչ անեմ հիմա ես։ Սաղ հեչ, բա որ մերոնք իմացա՞ն, բա հերս կգժվի՝ իմանա ես բանտում եմ, էն էլ տենց հոդվածի տակ… Աղջիկս… Նրան էլ ո՞վ կուզի Հայաստանում, կասեն՝ մերը նստած-հելած ա։ Ռուսաստան էլ չի կարա գնա, հորը հազար տարի պետք չի, թե էրեխա ունի… Ո՞վ ինձ կհավատա։ Լրիվ դուզ, մաքուր, հիմնավորված մեղադրանք ա։ Իհարկե, եթե իմ տակի պոլկից հանում են մի ուսապարկ, որի մեջ երկու կիլո խոտից, տղամարդու նասկիներից, սանրից, կոմպի մասին երկու գրքից բացի մեկ էլ իմ կոշիկներն են, էլ ի՞նչ ատմազկա կարա լինի։ Կորած եմ։ Վերջ… Տենաս ի՞նչ եմ սխալ արել, ի՞նչ տառական, մրջյուն եմ սպանե վախտին, ո՞ւմ եմ նախկին կյանքերումս սենց սուտ-սուտ մեղադրել, որ հիմա, կարմայի փոխհատուցման օրենքով, երեխեն փորումս պտի նստեմ ու քավը քաշեմ…
Մենթը տեսավ՝ ես բան խոսողը չեմ։ Տարան ինձ կարիդոր, Պաշային բերին։ Պաշան անցնելուց ձեռս բռնեց։ Էներգիան փշաքաղացնելով անցավ մարմնիս միջով, սիրո, հոգատարության էներգիա։ Է՜խ , Պաշա, էլի չելավ սեր սարքելս, խեղճ տղա, էդ ինձ ա պետք փրկել, ոչ թե քեզ, պետք չէր քեզ ինձ հետ գործ ունենալ, ես տենց եմ, ձախորդ Փանոս եմ, խաթան հետևիցս ֆռֆռում ա, վախտ առ վախտ բոմփում… Ասում ա երևի թե՝ բոլ էղավ, նույն սխալներն ես կյանքում կրկնում, փոխի կյանքդ, մտածելակերպդ, դավայ, թե չէ տենց էլ հա բոմփվելու ես…
Նստած նայում եմ կախած պլակատներին։ Սովետի վախտից են մնացե սրանք։ Մեծ ա գրած, բայց չեմ կարում կարդամ, հեռու եմ նստած շատ։ Մարդ որ պարապ ա մնում, ուղեղը սկսում ա զբաղմունք ման գալ, օրինակ՝ տրամվայի մեջ գնալով կարդում ես ցուցանակներ, ռեկլամ, մեջի կախած դես-դենը, դե ի՞նչ անես, էլ բան չկա։ Հիմա ըստե նույնիսկ կարդալ հնարավոր չի, պուճուր ա, հեռվից չի երևում, աստիգմատիզմ ունեմ։ Մտածում եմ։ Ի՞նչ ա լինելու էս պատմության վերջը։ Ես հղի եմ, եթե դաժե նստցնեն, չեն տանջի շատ, հետն էլ ամնիստիա, բան-ման ա լինում, կարող ա շուտ բաց թողնեն։ Բայց խի՞ պտի նստեմ որ։ Մայքլը գնա իրա համար կեղտոտ Յանայի հետ սեքս անի, բաս նվագի, տուսիտ անի, ես էլ նստե՞մ իրա տեղը։ Բայց ի՞նչ անեմ, չեն հավատա, որ ասեմ։
Պաշային բերին, Ժպտում ա։ Եկավ, սիգարեթ ուզեց ինձնից ու գնաց։ Նստել նայում ենք իրար։ Երևի եթե բառերով խոսայինք, իրար երեք տարում էդքան բան չէինք կարա ասենք, ինչքան ասեցինք էդ մի ժամում մեր հայացքներով։ Էլ Ռոմեո ու Ջուլիեթ, Էլ Լեյլի ու Մեջնուն, էլ Ռուսլան ու Լյուդմիլա, Էլ Բոննի ու Կլայդ, բոլոր-բոլոր սիրահարների զգացմունքներն էին գնում-գալիս իմ ու Պաշայի աչքերի միջև ստեղծված յուրօրինակ մագնիսական կախարդական մոստով։ Էդ մի ժամը բավական էր այլևս երբեք կյանքում սիրո էներգիա չստանալու դեպքում նույնիսկ…
Տարան ներքև, երևի կամերա ա։ Հա, տենց ա, որ կա։ Ֆո՜ւ, ինչ զզվելի հոտ ա գալիս ըստեղից։ Ինձնից բացի մարդ չկա ըստեղ։ Ես մենակ եմ։ Դե պուճուր քաղաք ա, երևի թե հանցագործ կանայք քիչ են լինում։ Ես հանցագո՞րծ եմ։ Հա, հանցագործ եմ։ Հանցագործ եմ էնքանով, որ միամիտ եմ, որ կոշիկներս տվի Մայքլին, պառկեցի քնելու պոլկին, որի տակը հո գիտեի խոտ ա… Դեբիլ եմ, չեմ մտածում, գիտեմ, թե սաղ աշխարհը իմ նման միամիտ ա։
Ինձ կամերա բերող մենթն ասեց, որ օրը մի անգամ են զուգարան տանելու՝ առավոտը։ Ասի՝ բա եթե ես ուզում եմ էլի գնա՞մ։ Ցույց տվեց դռան մոտ դրած ինչ-որ ծածկած բան, ասեց՝ էստեղ կանես, առավոտները կտանես կթափես, կլվաս։ Նայեցի՝ տենամ վեդրո ա։ Ի՞նչ վեդրո, ընդե վեդրո չկար։ Ոնց որ վեդրո էղած վախտը էդ իրը վերևից անընդհատ կրծել էին, էնքան որ էկե հասել էին մեկ երորդին մի մասից, կեսին՝ մյուս մասից… Ժանգոտ, ահավոր զզվելի վեդրո էր, մեզից պատերը քարակալած, ավելի զզվելի բան ես կյանքում չէի տեսել…
Չորս հատ կառավաթ ա դրած։ Կառավաթ չի, երկաթի ձողերի վրա ամրացրած երկաթի շիթ ա՝ դարչնագույն ներկած։ Վրեն ոչ մի բան չկա, ոչ մատրաս, ոչ բարձ, ոչ ադյալ։ Ի՞նչ անեմ։ Հլա մի հատ միզապարկս դատարկեմ։ Ֆուուու, վեդրոն… Զզվելով վերցնում եմ վրայի շոր կոչվածը, պպզում վրեն, արագ-արագ անում եմ, նորից շորը գցում վրեն։ Երևի գցել են, որ հոտ չգա, բայց դե շորն ինքը հոտած ա, ո՞նց չգա։ Մենակ թե պանիկայի մեջ չընկնեմ։ Կառավաթ կա, ադյալ կսարքեմ յուբկայիցս, տաք ա յուբկաս, բարձ չկա, բան էլ չկա, թե սարքեմ, սումկես չեն տալիս, մկրատ-բան, սաղ հավաքել են։ Ինձ միշտ ցնցել ա էդ տեսակի հոգատարությունը բանտարկյալների նկատմամբ։ Տնաշենները տանում կոխում են բանտերը, հետո մթոմ հոգում են մասիդ, առնում են ձեռիցդ շնուրոկ, գոտի, մկրատ, բրիտվա տանում, յանըմ ինքդ քեզ հուսահատության րոպեներին վնաս չտաս։ Սուտ մարդասիրություն։ Բա ո՞ւմ կդատեն, ո՞նց շոուն շարունակեն, որ ինքնասպանության գործիքները թողեն մոտները։
Ինչ որ ա, քնել ա պետք։ Լույսը կբացվի, բարին էլ հետը երևի … Բայց էս ի՞նչ ա, լույսը խի՞ են վառած թողե։ Կանչում եմ ախրաննիկիկ մենթին։ Ասում ա՝ տենց ա, նի պալոժենո վիկլյուչատ։ Էնքան էլ մեծ լամպ ա, ոնց որ էրեխա վախտս գյուղի մեր հայաթում վառում էին տենց մեծ լամպ, ես սիրում էի սաղի քնելուց հետո դուս գալ ու նայել, թե ոնց են էս աշխարհում մեր հարևան ամենակրտսեր կենդանի, զգացող էակները շուրջպար բռնում էդ մեծ լամպի շուրջը։ Ֆռռում էին էնքան, մինչև թևները վառվում էր, կամ էլ ուժասպառ էին լինում։ Հիմի տենց մի լամպ իմ կամերայում ա։ Ոչ ոք շուրջը չի ֆռռում, արդեն ցուրտ ա։ Ըստեղ էլ վաբշե ա ցուրտ։ Սով չեմ զգում։ Մենակ ցուրտ եմ զգում։ Ցրտից անընդհատ միզել եմ ուզում։ Զզվում եմ ամեն անգամ կեղտոտ վեդրոյին մոտիկանամ, բայց, ինչ արած, հլա մարդ եմ, հլա տակս չեմ անելու։ Փաթաթվել եմ յուբկայիս մեջ ու պառկել եմ։ Ցուրտ ա շատ։ Մրսում եմ շատ։ Սառը կառավաթը տակից ինձ վերև ա հրում, մարմինս էլ ուզում ա, թե պոկվի տեղից ու Իկարի նման թռնի դեպի արևը… Նույնիսկ լացս չի գալիս։ Քարացել եմ։ Բթացել եմ։ Երևի ամենապրիմիտիվ, կենդանի մնալու բնազդն ա սպանել իմ մեջի մնացած ամեն զգացմունք, որ մենակ մտածեմ, թե ո՞նց դուրս պրծնեմ էս անհեթեթ, սարսափելի պատմությունից։ Հիշեցի մի ֆիլմ, Նիքոլ Քիդմանն էր խաղում ընդե։ Նույն պատմությունն էր համարյա։ Թայլանդ էր։ ԸՆդե կախում են տենց դեպքերում, որ վախեն, նարկոբիզնես չանեն։ Մենակ ինձ ըստե ոչ ոք չի կախելու երկու կիլո խոտի համար։ Ըստե ուրիշ սարսափ ա գործում։ Ծնողներս։ Պատկերացնում եմ, սաղ կյանքում ասել են, որ ես չեմ կարա, էս չեմ կարա, էն չեմ կարա։ Իմ անունը պիտի դնեին Չիկարա։ Քաղաք կա՝ Չիտա, իմ անունս էլ կլներ Չիկարա։ Դե հիմա, թանկագիններս, եկել ա ձեր տրիումֆի պահը։ Նստեք իրար դեմ-դիմաց, իրար ասեք՝ տեսա՜ր ի՞նչ էի ասում, ասում էի, չէ՞, որ նա չի կարա մենակ ապրի։ Ասում էի, չէ՞, որ տատը փչացնելու ա։ Ասում էի, չէ՞, որ էդ մարդը մարդ չի, մի գնա դրան, չնայած տենց բան ինձ չէին էլ ասել, ուղղակի էնքան են սովորել, որ իրանք մթոմ ասել են, ես չեմ լսել, որ ըտեղ էլ են իրենց համոզել, որ տենց ա։
Հե՜հ, ծնողներս։ Իհարկե սիրում եմ ծնողներիս, բայց իրանք էլ չեն հասկանում, որ իրանց դիկտատով են ինձ հրահրում չմտածված քայլեր անելու։ Սարսափը, որ ամեն օր, ամեն ժամ, ամեն վայրկյան, իրանցից թափվող անվստահության ու «տեսա՜ր, ես ասում էի չէ՞»-ի կանտրոլի տակ կարամ գտնվեմ, ինձ ստիպեց չսիրած մարդիս հետ ապրեմ ևս հինգ տարի, չնայած մի տարի հետո լավ ջոգել էի նրա ով լինելը։ Մտածում էի, որ ավելի լավ ա ես մնամ ըստե, քան թե գնամ, որ ամեն ծխած սիգարեթիս հետ լսեմ մորիցս «վո՜ւյ, ազարը քեզ տանի՛, դու էլ աղջիկ ես էլի», ամեն գլխումս ծագած մտահղացում քոքից կտրվի հորս չեսկարայով, ամեն արտահայտած միտքս դիմավորվի «դու ո՞վ ես, որ կարծիք ունենաս»-ով… Հիմա պիտի նրանք լինեն բավարարված։ Իրանք էլ չեն հասկանում, իրանց թվում ա, թե ինձ սիրում են։ Իսկ ես գտնում եմ, որ ըտեղ սեր չկա։ Ըտեղ կա միայն պարտականություն, ծնողի՝ որդու նկատմամբ։ Սեր չկա։ Սերը հոտ ունի, համ ունի, էներգիա ունի։ Սերը չի թողնում՝ ստորացնես նրան, ում սիրում ես, սերը ներում ա, ծնողական սերը առավել ևս… Ես տեսնում եմ միայն կենդանական բնազդի հետևորդ ուտելաշորաջանային հոգատարություն։ Իսկ դա սեր չի։ Սերը էն հեքիաթի սերն ա, որ մեշոկով տանում ա թե մորը թողնի անտառում, մերը մեշոկը հանում, տալիս ա տղուն, թե՝ վեկալ բալես, բալքիմ պետք կգա։
Ինձ դաստիարակող չի եղել։ Սաղ զբաղված էին։ Ծնողներս իրանց կյանքով, հորս դիսոյով ու կռիվներով, ռեմոնտով ու մեբել առնելով, որ սաղի տներից լավը լինի, անթերի լինի, տատս էլ՝ մաքրություն անելով. տատիս անունը պիտի Մաքրուհի լիներ։ Ես տրամադրված էի ինքս ինձ ու գրքերին։ Ինձ դաստիարակել են գրքերն ու ընկերներս։ Ինչ ստացվել ա՝ էս ա։ Լավ ա, իմ աճելու վախտ ինտերնետ չկար, թե չէ չեմ իմանում վաբշե ինչ կարար ստացվեր… Հիմա ծնողներս ի՞նչ են անելու։ Դե լավ։ Քնել ա պետք։
Վո՜ւյ, էս ի՞նչ ա։ Մուկ ա։ Լավ ա՝ կռիս չի։ Կռիսներից վախում եմ։ Մկները փոքր են, չեմ վախում։
Կանչում են։ Ծակ ու ծուկ չկա։ Չես ջոգում՝ գիշե՞ր ա, թե՞ ցերեկ։ Ասում ա՝ դուս արի, վեդրոդ վեկալ թափի, զուգարան գնա լվացվի, բան-ման։ Ես ո՛չ օճառ ունեմ, ո՛չ ատամի չոտկ, ո՛չ զուգարանի թուղթ, ես ո՞նց գնամ զուգարան։ Սարսափելի բան ա։ Մարդ թուղթ չունենա՞, թե քամակը մաքրի։ Դե լավ, ջուր ա գալիս, կլվացվեմ։ Դուռը փակել են, լավ ա գոնե։ Բռով ջուրն առնում եմ, լվացվում։ Օխա՜յ, էս ի՜նչ լավ ա։ Մաքուր քամակ։ Արդեն ոչ էնքան թարմ, բայց դե, գնացք նստելուց առաջ եմ հագե, այսինքն՝ մի տասնհինգ ժամվա տրուսիկ… Ի՜նչ ուզում ա, լինի, մենակ թե տրուսիկս ու քամակս մաքուր լինի։ Դրա համար տատիս եմ պարտական։ Փոքր վախտս ա սովորացրե։ Իսկ մաքուրի սովոր քամակը շատ ա տանջվում կեղտոտ լինելուց։ Ամա՜ն, բա որ տրուսիկս կեղտոտվի, ի՞նչ եմ անելու, փոխնորդ էլ չկա… Վեդրոն թափեմ, ո՞նց թափեմ, յախկ, յախկ, յախկ։ Եթե ուզեն ահավոր զզվացնեն մեկին, կարան էս վեդրոն թափել տան։ Ես ուժեղ եմ, ես կդիմանամ, ես ըստեից դուս կգամ, Պաշայի հետ եկեղեցով կպսակվեմ, տղա կբերեմ աժդահա, Սասունցի Դավթի նման։ Դրա համար ես պիտի էս վեդրոն թափեմ, հետո կձգտեմ քիչ օգտագործեմ, որ չթափեմ։ Յա՜, էս ի՞նչ եմ, է՜, մտածում։ Հետոն ո՞րն ա։ Հո ես չե՞մ ապրելու ըստեղ սաղ կյանքում, նենց եմ մտածում ապագայիս մասին, որ մթոմ երկար վախտ կյանքս էս ա լինելու։
Թափեցի վեդրոն։ Ապրեմ ես։ Օճառ էլ չունեմ։ Հեսա, ըստե ինչ-որ կտորտանքներ կան օճառի, ճմռեցի ձեռիս մեջ, փրփրացրի ու լվացի ձեռներս։ Ատամներս ամենաքիչն են անհանգստացնում ինձ։ Չեմ հասկանում էն մարդկանց, որոնց համար ատամի չոտկի բացակայությունը պրոբլեմ ա դառնում։ Ատամները կարելի ա մաքրել ամեն ինչով։ Կարո՞ղ ա աբորիգենները սաղ օրը ատամներ են պռտում, որ նենց առողջ ու սպիտակ են։ Տո չէ՜, ատամ մաքրելը ատամների կյանքը չի երկարացնում։ Անտի-քոլգեյթ ռեկլամ կանեի ես։ Մատով սիրուն տանում եմ ատամներիս վրայով, փառը մաքրվում ա, ու վսյո։ Ողողում եմ բերանս, գլգլացնում կոկորդիս մեջ, դուրս թքում։ Հոտ-մոտ չկա։ Բայց տրուսիկ պետք ա գոնե մի հատ էլ։ Փող էլ չունեմ։ Մի դոլար կա սումկիս մեջ։
Դե լավ, պրոբլեմները էս իրավիճակում պետք ա լուծել երբ առաջ են գալիս։ Պաշան կամերայիս պատի հետևի կամերայումն ա։ Հա՜, ուրեմն ինքն ա գիշերը պատը թակելիս էղել… Ինձ էլ թվաց՝ երազումս ա։ Կգնամ, կթակեմ պատը։ Ափսոս Մորզեի այբուբենը պիոներ տարիներիս չսովորեցի։
Սոված եմ։ Փորս զռզռում ա։ Դե երևի հաց կտան ուտելու, հո սոված չե՞ն սպանի։ Ափսոս սիգարեթներս պրծնում են։ Քիչ եմ ծխում հիմա, բժիշկն ասեց՝ հինգ հատ կարաս ծխես, դե ես էլ տասը սարքեցի հինգ, շատ դժվար չէր։ Լավ, չեմ մտածի ծխելու մասին։ Ուղեղս ա ուզում ծխի, օրգանիզմս չի ուզում, հղի կնոջ օրգանիզմը չի կարա ուզի ծխի։
Դուռը բաց են անում։ Հաց են բերել։ Օրը մի անգամ են հաց տալիս ըստե՝ ասեց։ Ասի՝ բա խի՞։ Ասին՝ տակ պալոժենո։ Զահրումար պալոժենո, մարդ ես, մարդավարի խոսա, ուրիշ տեղ ինձ հանդիպած լինեիր, վախից ծնկներդ կդողային, մինչև ռիսկ կանեիր մոտենաս երկու բառ փոխանակես։ Էն կանաչ աչքերովը լավն էր, սա զզվելի ա։ Պզուկոտ, կարմիր քթով, երևի բերանից էլ հոտ ա գալիս։ Ամեն մարդու բերանից էլ հոտ գալիս ա։ Բայց մարդիկ կան, որ անտանելի գարշահոտ ա գալիս, ոչ թե ծխախոտի, այլ սոված ստամոքսի, հիվանդ կոկորդի, կամ էլ առավոտը քնից զարթնածի բերանահոտ։ Սա երևի դրանցից ա, վրիցն էրևում ա։ Մեջն ա փտած տենց մարդկանց։ Տենց մարդկանցից են մանիակներ աճում։ Ու նենցերից, որ մորը շատ են սիրել, նենց, անառողջ սիրով, մերն էլ հեռավորության վրա ա պահել… Բայց հոտը պարտադիր ա երևի։ Հիմի էս ախմախ պոտենցիալ մանիակը, որ մենթաքողարկում ա վեկալել իրան, ինձ ասում ա՝ քեզ մի անգամ ենք օրական հաց տալո՞ւ։ Դե լավ։ Ես գերի եմ։ Դուք եք որոշում, կուզեք՝ վաբշե չեք տա։ Տալիս ա ճաշ բերող տղեն, համարյա դեռահաս մի տղա ա բերողը։ Ասում եմ՝ դո՞ւ էլ ես միլիցա, ասում ա՝ չէ, ես կայարանի ճաշարանում եմ աշխատում, մենք ընդեից ըստե ուտելիք ենք բերում «դլյա զադեռժաննիխ»։ Ի՜նչ նրբանկատ տղա ա, չի ասում՝ բանտարկյալ, ասում ա՝ «զադեռժանի», որը ինքնին արդեն լրիվ ուրիշ ստատուս ա տալիս քեզ, տրամադրությունդ բարձրացնում։ Քանի դեռ քեզ բանտարկյալ չեն անվանում, հլա դեռ հույս ա մնում, որ դուրս կպրծնես էս քաքի մեջից։
Վերցնում եմ օրվա հասանելիք ուտելիքս, որը բաղկացած ա կես բուխանկա սև հացից, մի եքա կռուժկա չայից, վեց կտոր շաքարից, սուպից, որից գարոխի լավ հոտ ա գալիս, մակարոնից ու մի կոտլետից։ Վատ չի։ Մենակ եթե բաժանեին օրվա մեջ ու տային տարբեր ժամերի, գոնե առավոտ-իրիկուն, լավ կլիներ։ Դե լավ, կպահեմ, հետո կամաց- կամաց կուտեմ։ Ի՞նչ։ Չի կարելի պահե՞լ։ Բա ի՞նչ անեմ, ես էսքան ուտելիք միանգամից եթե ուտեմ, կպայթեմ։ Էն էլ կես ժամում։ Ո՞նց անեմ համոզեմ էս դեռահասին՝ մի թաս թողնի, գոնե սուպը կուտեմ, մակարոնը կպահեմ, հետո կուտեմ։ Ո՜ւֆֆ… Համոզեցի։ Ասեց՝ վաղը մի հատ ավել թաս կբերեմ, հիմա կեր, թե չէ հիմա ես կբռնվեմ։ Ուտում եմ։ Չեմ կարում։ Համով ա, բայց էլ չեմ կարում։ Սուպը կերա սկզբից, որտև սուպ հիմա պետք ա, թե չէ կարա զապոր լինի։ Իմ աղիքներն էլ լավ չեն էդքան էլ։ Ի՞նչ անեմ, մակարոնն էլ մի կերպ խցկեցի փորս, վրից չայավատ արի, կոտլետն ու հացը պահեցի։ Հետո կուտեմ։ Կռուժկեն իմն ա։ Կամերայինն ա այսինքն։
Քունս տարավ։ Պառկել, նայում եմ պատալոկին։ Պատալոկն էլ սպիտակ ա։ Շատ բարձր ա ու սպիտակ։ Տարօրինակ տեղ ա։ Բանտի նման չի։ Տենաս ի՞նչ ա եղել առաջներում։ Պատի փեչ կա էն զզվելի վեդրոյի հետևը, բայց սպանեն, չեմ գնա նայեմ, ահավոր հոտ ա գալիս։ Ինչո՞վ զբաղվեմ։ Ի՞նչ կարամ անեմ էս իրավիճակում։ Գոնե թուղթ ու գրիչ լիներ, օրագրի նման մի բան գրեի։ Էդ էլ չկա։ Բայց պատերին բաներ ա նկարած։ Քրսիտոս ա նկարած, տակը՝ կուկիշ, գրած ա անունները՝ ով ա ըստե էղե։ Հայ չկա մեջները։ Ո՜ւֆ, ինչ աննորմալ բան ա էս հայ ըլնելը։ Քիչ ա՝ կինոյի տիտրերի մեջ եմ հայ ման գալիս, հլա մի Բալագոյի ԿՊԶ-ի բանտումն էլ եմ ման գալի։ Ապուշ երևույթ ա։ Գեներում նստած։ Ման ես գալիս, որ քո հոտից, քո ցեղից մարդ ճարես։
Պետք ա բան ճարել, զբաղվել շտապ, թե չէ ուղեղս շուտով կդառնա մի հատ վառ լամպ։ Լուցկի վառեցի, կպցրի սիգարեթս։ Ուխա՜յ, կայֆ ա։ Ծուխը գնում ա, անցնում կոկորդովս, խուտուտ ա տալիս ձայնալարերս, հետո ունց-ունց լցվում թոքերիս սաղ կանալները… Լուցկին կարելի ա վառել մինչև ածխանա, հետո նկարել դրանով պատերին, պատերը սպիտակ են։ Բա ի՞նչ նկարեմ։ Սիրում եմ պրոֆիլներ նկարել։ Պուշկին, չար ծյոծյա, բարի ձյաձյա… Մի քիթ փոխելով մարդու կերպար ու բնավորություն ես փոխում։ Նկարում եմ մեծ աչքերով աղջիկ ու տարածաչափական խորանարդ։ Շախմատի դաշտի սև, սպիտակ քառակուսիներ… Կյանքի նման։ Իմ կյանքի շախմատը ուրիշ ա երևի։ Իմս օրենքներ չունի, ով ոնց ուզում՝ քայլում ա։
Էլ չեմ ուզում նկարեմ։ Հացից կարամ բան-ման ծեփեմ։ Բանտարկյալները նենց սիրուն բաներ են ծեփում որ։ Վաղը կծեփեմ։ Հիմի փորձեմ քնել։ Յուբկես գցում եմ գլխիս ու…
Պադյոմ, նա դապրոս…
Պզուկոտն ա։ Տանում ա հարցաքննության։ Կողքի սենյակն ա։ Մաքուր ա։ Նստած ա մի թմբլո մարդ, նենց չէ, որ ասես շատ չաղ ա, չէ, ուղղակի թշերը բռնես, կայֆ ա։ Շեկ մի մարդ ա։ Գալոն կապած։ Աչքի տակից նայում ա ինձ։ Ամերիկացի կոպերին ա ինչ-որ բանով հիշացնում, էն պալիցեյսկի ակադեմիա կինոյից։
– Բարև ձեզ։
– Բարև, նստեք խնդրեմ։ Իմ անունը Ալեքսանդր Անատոլյեվիչ ա։ Ես վարում եմ ձեր գործի հետաքննությունը։ Առաջարկում եմ համագործակցել, դրանով իսկ դուք կթեթևացնեք ձեր իրավիճակը։
– Ինչո՞ւմ են ինձ մեղադրում, ինչո՞ւ են ձերբակալել։
– Ձեզ ձերբակալել են նարկոտիկների անլեգալ տեղափոխման համար։
– Ես պատկերացում չունեմ՝ ինչի՞ մասին եք խոսում։
– Ձեր կոշիկները գտել են երկու կիլոգրամ մարիխուանայի տոպրակի վրա դրած, նույն ուսապարկում։
– Ուսապարկն իմը չի։
– Բա ո՞ւմն ա։
– Չգիտեմ (ես ծախող չեմ, Մայքլին չեմ ծախի)։
– Լսեք, մի ծանրացրեք ձեր առանց այդ էլ ծանր վիճակը, եկեք խոստովանեք՝ ո՞ւմ համար էիք տանում բեռը, և ձեզ բաց կթողնենք։
– Չեմ իմանում ո՞ւմն ա։ (Հա, էլի, ես էլ հավատացի քեզ)։
– Ձեր փեսացուն մեզ ամեն ինչ պատմել ա, Մայքլն ո՞վ ա։ Նա ասեց, որ դա Մայքլինն ա, բայց հասցե-բան չունի, ասեց՝ դուք ունեք։
-Պաշան ասե՞ց։ Դե լավ, Մայքլինն ա, հա, բայց ես Մայքլի հեռախոսը ձեզ տամ, ի՞նչ եք անելու, հո Մայքլը վիզ չի առնի, թե իմն ա, հա։
– Դուք տվեք, մնացածը մեր գործն ա։
– Բլոկնոտիս մեջ ա, բլոկնոտս էլ սումկիս մեջ ա, սումկես էլ վերցրել են ձեռիցս։
– Բերեք պայուսակը։
Սումկես բերում են, բլոկնոտը մեջից հանում եմ ու ասում եմ.
– Ես մատրաս չունեմ։
– Կտանք։
– Ե՞րբ։
– Վաղը, էսօր ուշ ա արդեն։
– Ադյալ էլ չունեմ։
– Էդ էլ կտանք։
– Գրիչ էլ եմ ուզում ու բլոկնոտս։
– Հա, կտանք, համարն ասեք։
Ման եմ գալիս, համարը գտնում եմ. տալիս մենթին։ Գնում են զանգում։ Հետ են գալիս, թե՝ մի աղջիկ վերցրեց, ասեց՝ ըստե տենց մարդ չկա։
Տո ես ձեր դեբիլ տիրումերը…
Հո չի ասելու՝ հա, Մայքլը ըստե ա ապրում, Մայքլը արդեն վաղուց ուրիշ քաղաք ա գնացել, ընդհատակ նստել, մինչև տեսնի՝ ի՞նչ ա դառնում, ինձ նստցնեն, լուս աշխարհ դուս կգա։ Հիմա ի՞նչ Մայքլ կարաք ճարեք ընդե։
– Դե լավ, տարեք կամերա։
– Ցտեսություն։
– Ցտեսություն։
Տենաս ժամը քանի՞սն ա։ Գոնե մի ծակ լիներ, մի փոքր լույս երևար… Չկա։ Բոլորովին չկա։ Մենակ վառ, սպիտակադեղին մեծ լամպ կա՝ առանց մժեղների։
Կոտլետս ուտեմ։ Միակ լավ բանը ըստե էն ա, որ ինչքան ուզես, ջուր են տալիս։ Ախրաննիկներն էլ կողքի կամերայից սիգարեթ են ուզում, բերում ինձ տալիս։
Հիմի նստեմ մտածեմ։ Ի՞նչ ա եղել։ Ի՞նչ կարամ ես անեմ։ Ուրեմն, ինձ բռնել են, ուզում են ծակը կոխեն մի բանի համար, որ ես չեմ արել։ Ես հղի եմ, որը ինձ ահագին առավելություն ա տալիս։ Պաշան ասել ա, որ խոտը Մայքլինն ա, հավատացել են- չեն հավատացել՝ չեմ իմանում, հետո պարզ կլինի։ Հիմա, եթե Մայքլին կարան բերման ենթարկեն, կարող ա մի հույս լինի, որ ես կարամ դուրս պրծնեմ, եթե չէ՝ ուրեմն սուխարի չորացնեն, էլի, բարեկաներս։ Իսկ ո՞վ են իմ բարեկամները։ Ազգականնե՞րս։ Նրանք ինձ արդեն չեն ճանաչում, իսկ բարեկամ լինելու համար առնվազն ճանաչել ա պետք։ Ընկերնե՞րս։ Բարեկամ են, երբ հեշտ ա, հենց դժվարանում ա, ոնց որ չկան։ Օրինակ՝ հիմա, մի՞թե Մայքլը Մոսկվա ա հասե, ու ընդե չեն իմանում, որ ես ըստեղ եմ։ Մեկը գոնե մի հատ տրուսիկ, մի հատ ատամի չոտկ վերցնի գա։ Մի տուփ սիգարեթ ու մի հատ խտո բերի, հը՞։ Չե՞ն իմացել։ Շատ լավ էլ իմացել են։ Դե իհա՜րկե, հեռու ա։ Բալագոյե ա, Մոսկվա չի, Մոսկվա լիներ՝ կբերեին։
Դե համ էլ, մտածում են, որ կարող ա իրանց էլ խառնեն։ Ո՞ւմ ա հազար տարի պետք տենց գեմառոյ։ Ես էլ երևի թե չխառնվեի, եսիմ, մարդ ենք էլի սաղս էլ։
Նամակ գրեմ, մի կերպ ուղարկեմ, Տրուբաչը հաստատ չգիտի, թե չէ վաղուց եկել էր։ Տրուբաչն ուրիշ ա, նա մարդ չի, նա Բուդդայ ա երևի թե։ Դե գրիչ-թուղթ տան՝ կգրեմ։
Պատը ծեծում են. – – – – – – – , տենաս ի՞նչ ա նշանակում։ Հիշեմ, ես էլ նույնը թակեմ։ Թակեցի։ Ինքը նորից ա թակում։ Պաշա ջա՜ն, էս ի՞նչ էր, ընգանք մեջը, հը՞։ Պիտերս քեզ էդքան չսիրե՞ց, որ սենց ա անում։ Թե՞ ինձ չի ուզում բաց թողի։ Օ՜ֆ։ Չեմ իմանում ես ոչինչ։ Կռիշս եփում ա։ Հետն էլ մրսել եմ գիշերը, խզզալեն հազում եմ։ Պառկեմ մի քիչ։
Արթնանում եմ միզելու ցանկությունից։ Ամա՜ն, էս ի՞նչ ա։ Լրիվ մութ ա։ Կարող ա՞ մեռել եմ, սա էլ դրախտն ա։ Հա, իմ դրախտը պիտի մութ լինի, ես վառ լույս չեմ սիրում։ Արևը որ վառ ա լինում, կատաղում եմ։ Երևի մութ անձնավորություն եմ։ Անունս Լուսին է։ Ես էն Լուսինեներից չեմ, որ Լույս են, նրանցից եմ, որ Լուսին են։ Դե, Լուսինն էլ մութ ա սիրում, որ արևը վրեն ընգած, իրա արևով լուսավորված երեսը ցույց տա որպես իրենը, մթոմ արև չկա։ Ես էդ Լուսինեներիցն եմ։ Դրա համար հիմա Լուսինի դրախտ եմ ընգե։ Լավ, բա արևս ո՞ւր ա, ո՞վ ա իմ երեսը լուսավորելու։ Առանց մի պուճուր արևի Լուսին չկա, ինքն էլ ա մթության մասը դառնում։ Իմ արևն ո՞վ ա, ի՞նչ ա։ Ինչ-որ ա, հիմա չկա։ Կարո՞ղ ա, ներսումս ա։ Կարո՞ղ ա էդ Ամենագլխավոր Հարցի պատասխանը ներսումս ա։ Տո չէ հա, դժվար։ Տենց լիներ, սաղ էլ վռազ կիմանային, էն ո՞ւր են դառնում դերվիշ, մոնախ, յոգ… Չէ։ Մեջս չի։ Ի՜նչ էլ մտքեր են մտածվում էս մութ տեղը։ Մութը հետաքրքիր հատկություն ունի։ Եթե չես վախենում, դառնում ա բարեկամդ, սկսում ա մաքրել մտքերդ։ Տեսողական խանգարող օբյեկտները չկան, եթե ձայն էլ չի լինում՝ վաբշե կայֆ ա։ Մնում ես դու՝ մենակ քեզ հետ, ու մթությունը քեզ ուղեկցող։ Մտքեր ես մտածում, նայում ես, թե մտքերդ որտեղից են ռաստ գալիս, մտմտացվում, հետո մտածվելուց հետո ի՞նչ են դառնում, ո՞ւր են կորում, ինչի՞ են վերածվում…
Բայց մթան մեջ ո՞նց գտնեմ էն վեդրոյի տեղն ու միզեմ, հը՞։ Լուցկի վառեցի։ Գնացի վեդրոյի մոտ։ Թաշկինակս հանեցի, որ սրբվեմ, չեմ կարա թաց-թաց տրուսիկս քաշեմ, միշտ չեմ հասկացել երեխա վախտից՝ ո՞նց են միզում աղջկերքը, հետո տենց թաց-թաց վեր քաշում։ Դա տղեքի ձևն ա։ Դրա համար էլ երևի տենց ծանր հոտ ա գալիս աղջկերանցից շատերից։ Ես չեմ կարա։ Հանգավ լուցկին։ Էլի վառեցի։ Վռազ կեղտաշորը քաշեցի վեդրոյի վրից, պպզեցի, արեցի, լուցկին գցեցի մեջը։ Վերջ։ Թաշկինակս մթան մեջ շոշափելով մի կերպ կախեցի կառավաթի ուսից։
Քանի՜ տարի էր էսքան մենակ չէի մնացել։ Միշտ եռուզեռ էր կյանքումս։ Դե հիմա նստի, Լուսինե, ու մտածի։ Ինչքա՜ն կուզես՝ մտածի։ Միշտ կինոներում որ նայում էի, ընդե ասում էին՝ խնդրում եմ, ինձ մենակ թողեք, ինձ հարկավոր է մենակ մնալ։ Ասում էի՝ էդ ի՞նչ ա, տենաս, ի՞նչ են անում, որ մենակ են մնում, ի՞նչ լավ բան կա մենակ մնալու մեջ։ Մինչև չսիրահարվեցի։ Ու աբլոմ չեղա հետո։ Այ էդ վախտ հասկացա՝ ինչի՞ են ուզում մենակ մնան։ Որ իրանց տանջանքը մենակ տանջվեն։ Տանջանքի կայֆն ուրիշ կայֆ ա։ Ասում են՝ հոգևոր տառապանքները ազնվացնում են մարդու հոգին։ Ըհը, ճիշտ ա։ Լոմկա ա գնում որտև։ Բնական էնդորֆինները արտազատվում են, բայց ելք չեն ստանում, սիրո օբյեկտը չկա։ Հակադարձ ռեակցիա չկա, վերադարձ չկա։ Մեջդ ֆռռում ա։ Հետն էլ սիրո վախճանի վախից արտազատված ադրենալինը ավելացրու, դառնում ա սպանող կոկտեյլ։ Բա խի՞ պտի չուզի մենակ մնա որ մարդ։ Ինքն իրան առույգացնում ա, ինքն իրան հանգստացնում էլի։ Քիմիական ռեակցիաների շնորհիվ զբաղվում ա հոգևոր օնանիզմով։ Քյասա, անպատասխան սիրո տանջանքը ուժեղ կայֆ ա։ Բայց դե պատասխանն ավելի լավ ա։ Բնությունը նենց ա արե, որ ձգեն էլի իրար կինն ու տղամարդը, թե չէ քարի դարում իրա հոժար կամքով էդ ո՞վ պիտի գնա, թե՝ ծննդկանի ցավեր եմ քաշում, որ մարդահոտս շարունակվի։ Հեչ թե։
Հիմա ես եմ ու իմ մթությունը… Երևի ես Տրուբաչին որ թողեցի հեռացա, դրա համար ա էս սաղ պատմությունը։ Հատուցում ա։ Եսիմ։ Դե Տրուբաչն ինքն ա մեղավոր։ Հա, հասկացանք, երաժիշտ ա, դիսկ-բան ա ձայնագրում։ Քիչ ա՝ մշտական գործ ոչ ես ունեի, ոչ ինքն ուներ, տուն փող մտնում էր մենակ իրա փողոցում նվագելուց։ Վատ չէր լինի, եթե օրեկան գոնե երկու ժամ նվագեր։ Ինքը նվագում էր մի կես ժամ, չայի, պեսոկի, գրեչկայի ու սիգարեթի փող աշխատում ու տուն գալիս։ Ստիպված ես հետը գնում կանգնում էի կողքին, որ էլի նվագի։ Ժողովուրդը սիրում էր իրան լսել։ Մանավանդ Նեվսկու վրա, Դետսկի Միրի մոտ որ նվագում էր։ Դե անցումներում էլ էին կանգնում լսում, «տրուբա» էին ասում, Պիտերի ամենաերկար անցումն էր, ընդե նեֆորմալներ էին միշտ հավաքվում, դեռատի նեֆորմալ աղջնակները հարուստ կավալերների հետ գալիս էին ընդե, ստիպում իրանց, որ Տրուբաչին փող գցեն։ Դե առանց դրա էլ վատ չէր։ Սիրում էին իրան։ Ինքը ոճ ուներ, իմիջ ուներ, մի հատ մաշած չեկիստի պլաշ էր հագնում, շլյապա դնում, մի խոսքով՝ կերպարը շատ առանձնահատուկ էր Տրուբաչի։
Նա իմ կյանքում հայտնվեց, երբ ես շատ վատ հիվանդ էի։ Չէի հասկանում՝ ի՞նչ ա կատարվում հետս։ Տաքություն ունեի, գնացել էի վաղամեռիկ պոետ Բաշլաչովի գերեզմանին, ոտներս թրջվել էր, հիվանդացել էի։ Չէի աշխատում, փող կար հլա նախկին կուտակածներիցս, դրանով ապրում էի։ Գործից որ դուրս արին վերջին անգամ, տուն գալիս մի անգամ սխալմամբ դուրս եկա ոչ թե իմ մետրոյի անցումում, այլ Նեվսկիի վրայի։ Դուս եկա մետրոյից՝ շշմած, մտահոգված, թե ի՞նչ եմ անելու, ի՞նչ ա լինելու վերջս, ուշքի եկա էն վախտ, որ տեսա եկեղեցին չկա Վլադիմիրսկի մետրոյի։ Դե լավ, ջոգի՝ ուր եմ։ Ասի՝ հլա գնամ մի հատ ծխեմ, հետո ճամփես կշարունակեմ։ Սիգարեթ չունեի։ Ընդե հիպպիներ էին պպզած, ասի՝ սիգարեթ չե՞ք տա։ Ասին՝ չունենք։ Ես էլ մի վեց հատ ջին-տոնիկ էի առել, էն վախտ հլա նոր էին դուս եկե դրանք, շատ լավն էին։ Խմում էիր լիմոնադի պես, ազդում էր գինու պես։ Մեկ էլ մեկն ասեց, իսկ դուք մեզ ջին-տոնիկ չե՞ք հյուրասիրի։ Վախենում էի նեֆորմալներից, գիտեի թե թափթփուկներ են ու մուրացկաններ, կյանքի հատակն են, միշտ հեռու էի մնում՝ հանկարծ իրանց սպիդոտ շպրիցներով ինձ չծակեն, կողքս չնստեն, հանկարծ ոջիլ չգցեն… Դե էդ օրը ես սոցիումից վառված էի, ասի՝ ինչ լինում ա, լինի, գնամ սրանց հետ ջին-տոնիկ խմեմ։ Ասի՝ եկեք գնանք մի տեղ նստենք մարդավարի, հաց-մաց էլ առնեմ, ինձ էսօր գործից հանել են, նեդաստաչա են գրե վրես, իրեք ամսվա փողս պահե ու դուս են արե, ասել են՝ ոնց ուզում ես, գնա նենց էլ ապրի… Իսկ ես նեդաստատչա չպիտի ունեցած լինեի, ես լավ էի աշխատում, ազնիվ։ Որ վերցրին գործի, լավ փող էին խոստացել, մի ամիս հետո ինչ-որ նեդաստաչա գտան, ասին՝ ուշադիր էղի, ու աշխատավարձիցս պահեցին։ Հետո ամսե-ամիս էդ նեդաստաչաներն ավելացան, ու գնալով նենց ստացվեց, որ ես էլ փող պիտի չստանայի։ Ասին՝ գործակատար ես, ինքդ պիտի քո փողն աշխատես, ասի՝ ո՞նց, ասին՝ խի՞, էդ էլ պիտի սովորացնե՞նք։ Հասկացա, որ ես որպեսզի ապրեմ, պիտի հաճախորդներին խաբեմ… Դե ի՞նչ անեի, երեխեն ձեռս, ես մենակ, խաբում էի… Մարդիկ էլ հասկանում էին, մարդ կար՝ ինքն էր տալիս… Գիշերվա սմենից առավոտը տուն դառնալիս մտնում էի ճամփին մի եկեղեցի կար, Վլադիմիրսկու վրա, ընդեի սաղ մուրացկաններին փող էի բաժանում, եկեղեցում էլ ինչ հանգանակություն լինում էր, տալիս էի, մենակ թե ինչ-որ կերպ ինձնից մարդ խաբելու մեղքը թոթափեմ…
Վերջացավ էս աշխատանքը նրանով, որ դադարեցին ընդհանրապես փող տալ որպես աշխատավարձ, հետն էլ մի միլիոն կապեցին վրես պարտք, պասպորտս էին ուզում, որ զալոգ պահեն, մինչև ես փողը տամ իրանց… Ի՞նչ փող տամ, ես հո լավ հասկանում էի՝ ինչ ա կատարվում, ինչ են անում, բերում էին, ապրանք էին տալիս վաճառասրահ նենց ժամանակ, որ լիքը մարդ էր լինում, ու ես չէի հասցնում հետևեմ՝ ի՞նչ ապրանք են վրես գրում, ու իրանք էլ ինչ ուզում էին, գրում էին… Մի քսանհինգ կիլո որսորդական երշիկ, մի իրեք պաչկա սնիկերս պաղպաղակ՝ ամեն մեկի մեջը քսանչորս հատ, զեյթուն մի բլոկ, թանկ-թանկ, ամենքը մի տաս հազարնոց խմիչքներ, ու էդ բոլորը ես պրիլավկեքին տեսած չկայի… Ու տենց, կամաց-կամաց հավաքում էին, նեդաստաչա սարքում մեր գլխներին։
Զզվելի, անտանելի վիճակ էր, որ ոչինչ չես կարում անես, ոչինչ չես կարում ապացուցես։ Ու էդ խանութից ինձ հլա դուս արին։ Մարդիկ, հաճախորդները ինձ սիրում էին, ես միշտ ժպտում էի, ինչքան էլ վատ տրամադրություն ունենայի, մարդկանց չէի կոպտում։ Տարբեր տեսակի մարդիկ էին գալիս ընդե, բազմապիսի ալկաշներ, կային մեջները ինտելիգենտ մարդիկ, որ կյանքը դեպի օղին էր քշել, ամեն մեկը մի դժբախտություն տեսած, մեկին տղեն էր տունը ծախե, փողոցները գցե, մեկը մարդն էր մեռել, ինքն էլ թաղման օրից սկսել էր խմել ու էլ չէր կարացել դադարի, մեկի գյուտն էին գողացել, դարդից սկսել էր խմել։ Բայց հիմնականում սովորական կենցաղային ալկոհոլիկներ էին, սեղանի շուրջ խմել սկսած ու մի կյանք տևողությամբ զապոյի մեջ ընկած… Կային նարկոմաններ, որ գալիս էին ու կրեմ-սոդա առնում, կոլա առնում՝ բացակայող կամ հակառակը՝ մեջդ ծակող հայացքներով. որ նայում էիր նրանց, թվում էր, թե այլմոլորակայիններ են։ Գիշերվա մասսան ուրիշ ա, քան ցերեկվանը։ Մի ընտանիք կար, մարդը իրիկուններն էր տուն փող բերում, ու իրեքով, երեխու հետ, տասներկուսից հետո գալիս էին ուտելիք առնելու։ Կռուտոյ «նովի ռուսսկիներ» կային, ռայոնը պրեստիժնի՝ Վասիլեօստրովսկի ռայոնն էր, գալիս էին օրը մի ղուշ առած, թանկ-թանկ խմիչք ու ուտելիք առնում գնում, դրանք միշտ փող էին թողնում, ասում էին՝ նա չայ։ Կային նենցերը, որ պարապությունից ու մենակությունից ուղղակի գալիս էին գիշերային խանութ գյալաջի անելու։ Դա ամենահետաքրքիր մասսան էր։
Վերջը, հանել էին ինձ էդ խասնութից, ու ես գնացի նեֆորմալների հետ ջին-տոնիկ խմելու։ Մի երկու հարյուր դոլար փող ունեի հոգեպահուստ, իսկ էդ մարդիկ ոչինչ չունեին։ Գնացինք, նստեցինք մի կաֆե կար հենց ընդե, փողոցում, մետրոյի մոտ, հոթ-դոգներ առա, մի տաս հոգի էին, նստեցինք, կերանք, ջին-տոնիկ խմեցինք, հետո պորտվեյն գնացին առան եկան, էդ էլ խմեցինք։ Մի տեսակ դրանց հետ խառնվելով ես ինձ սկսեցի թեթև զգալ, ոնց որ կյանքը էդքան էլ դաժան չերևաց իմ աչքին արդեն։ Սկսեցի կամաց-կամաց մերվել սոցիումի կողմից մերժված, թե, ավելի ճիշտ, սոցիումը մերժած ժողովրդի հետ։ Ծանոթացա հիպպիների, պանկերի կյանքին, իմացա, որ արվեստ ունեն, յուրօրինակ պոեզիա ունեն, սկզբունքներ ունեն, ու իրանք են իրանց կյանքի էդ ձևն ընտրել, ոչ թե ընկել են կյանքի հատակը։
Էդ ժամանակներն էր, որ հանդիպեցի Տրուբաչին։ Ինքը ծնվել էր, որ քնի ու երազներ տեսնի, երազատես էր։ Սաղ գիշեր նստում էր, կարդում կամ հեռուստացույց նայում, իսկ ցերեկները, երբ բոլոր նորմալ մարդիկ հացի փող էին աշխատում, քնում էր ու երազներ տեսնում։ Որ ծանոթացանք, Տրուբաչն ասեց՝ վատ տեսք ունես, կյանքի պահպանիչ էներգիան մեջդ խախտված ա, քեզ օգնություն ա պետք։ Ինձ ասել էին, որ ինքը ձեռքերով տանում բերում ա մարդու վրայով, ու բուժում ա՝ չէի հավատացել։ Ասեց՝ արի քո հետ աշխատեմ, ասի՝ արի։ Եկավ տուն, Գալինա Բլանկայով եփած համով սուպ տվեցի, հիացել էր, Գալինա Բլանկան իրա ռեկլամն արդարացրեց՝ սեր էր առաջին գդալից… Հետո նստացրեց ինձ դեմը, թե՝ աչքերդ փակի, ու ինչ էլ կատարվի, չբացես։ Փակեցի։ Բան չէի զգում։ Մտածում էի, թե ի՞նչ շառլատան ա, տեսնես, սենց աղջիկ ա կապում։ Մեկ էլ զգում եմ, վրայովս մրջուններ են գնում-գալիս։ Ոտներիցս սկսում են կամաց-կամաց վերև բարձրանալ։ Գալիս են պորտիցս մի քիչ ներքև հավաքվում են։ Հավաքվեցին տենց մի ահագին, հետո ընդեից սկսեցին գնալ դեպի դոշերս, ընդեից էլ դեպի գլուխս, ու երբ հավաքվեցին գլխիս մեջ, աչքերիս ուղղությամբ, ես մի վառ, ահավոր վառ լույս տեսա, ուզեցի գնամ դեպի էդ լույսը, նենց հրապուրիչ էր, ընե՜նց, ընե՜նց… կանչում էր, ուզում էր գրկի ինձ։ Մեկ էլ Տրուբաչը կանչեց ինձ, ու էդ լույսը կորավ… Լացս եկավ։ Ասեցի՝ ինչի՞ չթողեցիր լույսը գրկեմ, ասեց՝ էդ քո լույսը չէր, էդ իմ լույսն էր, եթե դու գրկեիր էդ լույսը, ամբողջ կյանքդ պիտի ինձ հետ անցկացնեիր։ Ասեցի՝ հետո ի՞նչ։ Ասեց՝ բա եթե չուզե՞ս, ի՞նչ ես անելու, չես կարալու առանց իմ լույսի։ Դե երևի թե էդքան լույսն էլ հերիք էր համատեղ կյանք սկսելու համար։ Մենք ապրեցինք միասին երկուսուկես տարի, աղջկաս շատ էր սիրում, աղջիկս էլ՝ նրան։ Սկզբում դուրը չէր գալիս Տրուբաչը, ասում էր՝ գեշ ա երեսը, ոնց որ բոյով թզուկ լինի, իսկ հետո չէր ուզում մի տեղ տանեմ առանց Տրուբաչի։ Տրուբաչը նվագում էր Պիտերի փողոցներում, մենք էլ ապրում էինք։
Իսկ Պաշան հայտնվեց էն պատճառով, որ Տրուբաչը Մոսկվա էր գնացել դիսկ ձայնագրելու, ես էլ՝ հետը։ Համերգներ էին տալիս, իսկ ինձ հետը չէր տանում։ Ես մնացել էի անծանոթ քաղաքում մենակ, իրա ընկերոջ տանը նստած։ Բողոքում էի, ասում էր՝ ինքդ ման արի, փոքր չես, ի՞նչ ես ինձնից կախված տենց, համ էլ համերգներին ես քեզանից քաշվում եմ։ Պաշան էլ էդ ընկերոջ, որի տանն ապրում էինք, ընկերն էր։ Տրուբաչն ասեց՝ հենա, գնա Պաշայի հետ ման արի։ Ես էլ գնացի, մեկ գնացի, երկու գնացի, ու վերջ…
Հետո գլխին տալիս էր, խնդրում էր, թե հետ վերադարձի, ես աշխատանքի կընդունվեմ, փող կաշխատեմ, կգնանք Ուկրաինա, նորմալ կապրենք, ես էլ ասեցի՝ ուշ ա, ես քեզ շատ պարտական եմ, բայց մեր ճանապարհները բաժանվում են ըստեղից։ Շատ դաժան բան արեցի։ Տրուբաչը Տագանկայի վրա, պուրակում, ծառը գրկել լաց էր լինում։ Իմ մոտ՝ չէ, ես հետո տրոլեյբուսով անցնելուց տեսա։ Այ տենց եմ ես արե Տրուբաչին։ Դե ի՞նչ անեի, ես գրեչկա ուտեի, բա երեխե՞ս, աճող օրգանիզմը կարա՞ մենակ գրեչկայով յոլա գնա, բա մի հատ Միլկի վեյ չառնե՞մ, մի հատ անկապ բան չառնե՞մ հենց նենց, բյուջեից դուրս։ Իսկ նրա հետ ես չէի կարա բարեկեցիկ ապրեմ։ Նա հիպպի էր, երազ տեսնող հիպպի։ Բարի, դրական անձնավորություն։ Բայց իմը չէր, ճիշտ էր գուշակել, որ չէր թողել իրա լույսը գրկեմ…
Ու հիմա մենակ էդ լքված Տրուբաչը կարող ա իմ մասին մտածի, մի պերեդաչա բերի, նա էլ խաբար չի երևի։
Էս լույսը երբ են է՜ միացնելու, սաղ կյանքս հիշեցի, մի քիչ էլ՝ ու կսկսեմ Դավիթ հիշել, իսկ դա չի կարելի, որովհետև Դավիթը ուրիշի կյանք ա եղել, իմ հետ չի եղել, ես նրա հետ իմ կյանքը հիշում եմ ոնց որ մի երկար, վեց տարի տևողությոմբ զզվելի օր, հիշում եմ որպես ֆիլմ-ուժըս, ու ես էլ ըտեղի գործող անձ չեմ։ Եթե էդպես չանեմ, կսկսեմ ատել, իսկ ես ատել չեմ ուզում, դժվար ա Դավիթի մեջ մի նենց բան գտնել, որի համար գոնե կարենամ չատեմ։
Կանչեմ էդ ախրաննիկին, տենամ՝ ի՞նչ ա եղել, խի՞ լույս չկա, թե՞ դա իմ պատժի մեջ ա մտնում։ Բայց դե չէ, դժվար թե, ռուսսկոյե ռադիոն էլ չի երգում իրա փոփը, երևի թե ավարիա բան ա եղել։ Ժամը տեսնես քանի՞սն ա։ Կանչում եմ։ Ի՞նչ ա, ի՞նչ ես գոռում։ Ինչի՞ լույս չկա։ Դե չկա էլի, եսիմ ինչի՞ չկա։ Ժամը տասն ա։ Գիշերվա՞։ Հա։ Գնա քնի։
Գնամ։ Ճարս ինչ։ Լուսը կբացվի՝ բարին հետը, երևի թե։ Քամակս քոր ա գալիս, մռմռում ա, ուզում եմ լվացվեմ։ Ոտներս կուչ եմ անում, յուբկաս գցում գլխիս, պատկերացնում եմ, թե գյուղում եմ, իմ տեղերի մեջ, լուսնյակն էլ ինձ օրորոցային ա երգում մեր թաքուն ուլտրաձայնով, նենց, որ մենակ ես եմ լսում մեր գաղտնի ալիքի վրա…
Վեր կաց։ Ի՞նչ ա եղել։ Էլի մութ ա։ Վեր կաց, առավոտ ա։ Վեր եմ կենում, շոր չեմ հանել, որ հագնեմ։ Պատրաստ եմ։ Էլի նույն գործողությունները։ Վեդրոն զզվելով վերցնում եմ, գնում զուգարան։ Ձեռով ջուր եմ վերցնում, լվացվում եմ, օճառի կտորները ճմռում եմ ձեռիս մեջ, փրփրացնում եմ, լվանում ձեռքերս կեղտոտ վեդրոյաթափելուց հետո։ Տրուսիկս ի՞նչ անեմ, ո՞նց անեմ մաքրվի, թարմանա, օճառի հոտ գա։ Շալվարս հանում եմ, տրուսիկս հանում, ճմռած օճառով մի կերպ լվանում եմ, գցում ջեբս։ Ո՞նց եմ էս խոնավ տեղը չորացնելու՝ չգիտեմ։ Շալվարս հագնում եմ տկլոր ջանիս, կինոներում տեսել եմ, իրանք միշտ են տենց ման գալիս, առանց տրուսիկ, բան չկա, կդիմանամ։ Վեդրոն վերցնում եմ, գնում կամերաս։ Ընդե էլի մութ ա։ Նստում եմ կառավաթի եզրին։ Ուզում եմ լացեմ, լացս չի գալի։ Տատիս եմ ուզում։ Տատս հրեշտակ ա ինձ համար։ Միշտ սրա-նրա համար լավ բաներ անելով ա ապրում։ Տատս ա ինձ պահել։ Ծնողներս տուն չունեին, հերս դիսո էր գրում, ես խանգարում էի։ Տատս խնձոր, տանձ, դեղձ ու ամեն սեզոնին իրա մրգերը կլպում էր, կտրտում ու թասի մեջ բերում կողքս դնում։ Ես էլ գիրք էի կարդում ու ուտում։ Է՜հ, տատի, տատի, ուր ա ընկել քո թագուհին, տենց էր ասում ինձ տատս։ Ձեռքերս պաչում էր, ասում էր՝ իմ թագուհին ես…
Հիմի ի՞նչ ա ասելու, որ իմանա՝ ուր եմ, ինչ ա կատարվում հետս… Կարող ա նստացնեն, դառնամ քրեական էլեմենտ, հարազատներս չեն ուզենա ինձ ունենան երևի։ Կասեն՝ սատկեիր, ավելի լավ կըլներ։ Չէ, չեն ասի, լավն են իրանք։ Ես եմ վատը, որ սենց անկապ պատմությունների մեջ եմ ընկնում անընդհատ։ Մեկ մարդս սադիստ դուս էկավ, հո իրա՞նք չէին ընտրել, ես էի ընտրել, չէի կարացե ճանաչեմ, մեկ հիպպի գտա, որ կիսասոված ապրեմ, հիմա էլ բանտ եմ ընգե… Ախր ի՞նչ անեմ ես, խի՞ ա սենց։ Չեմ հասկանում։ Ասում են՝ ինչ դառնում ա, դեպի լավն ա դառնում։ Ի՞նչ մի լավ բան կա հիմա էս սաղ պատմության մեջ։ Գուցե կա։ Ես եմ քոռ, չեմ տեսնում։ Գուցե դաս ա ինչ-որ իմ համար։ Թե ի՞նչ դաս ա՝ չեմ հասկանում հլա որ։
Պատուհանիկը կամերայիս բացում են։ Էն կանաչ աչքերով ախրաննիկն ա։ Ուռա՜։ Մոտենում եմ։
– Անունդ ի՞նչ ա։
– Դիմա։
– Դու լավն ես, Դիմա։
Ժպտում ա։
– Բան ես ասո՞ւմ։
– Չէ, եկա իմացա՝ լույս չկա, ասեցի՝ բացեմ պատուհանիկը, որ քեզ մի քիչ լույս տա, չվախենաս։
Հա։ Բա՜։ Սաղ աշխարհը չի սրիկա, եթե բարի մենթ կա, եթե մտածում ա, որ ես չվախեմ, պատուհանիկ ա բաց անում… Ուրեմն հլա դեռ լավ բան ա կյանքը։ Վա՜յ, տրուսիկս, ջուր ա, հանեմ ջեբիցս, փռեմ՝ չորանա։ Լավ ա, բարակ ա։ Հին ա։ Սիրեկ՝ ասած տատս։ Ասում էր՝ ո՞նց եք էդ սիրեկները հագնում, ախր դա բան չի կարա պահի, դրա համար էլ սաղդ հիվանդ եք, դժվար եք խոխա բերում։ Դե հիմա, տատ ջան, լավ ա, հագս սիրեկ ա, թումբան չի, թումբանը ըստե իրեք օր էլ չէր չորանա։ Սա էլ չի չորանա։ Ի՞նչ անեմ։ Հա, ֆռռացնեմ ձեռիս վրա, քամի կխաղա, քամին ֆենի նման կչորացնի։ Ֆռռացնում եմ։ Ֆռռացնում եմ։ Ֆռռացնում եմ։ Դառել եմ ոտով-գլխով տրուսիկ չորացնող ֆռռիկ։ Լուսինե չկա, մենակ՝ ֆռռիկ։ Բայց լավ ա։ Եթե ես ֆռռիկ եմ, Լուսինեն չեմ, ուրեմն Լուսինեի պրոբլեմներն էլ չունեմ։ Հա, լավ ա տենց։ Կմնամ ֆռռիկ, մինչև Լուսինեի պրոբլեմները չպրծնեն։ Ֆռռիկ եմ, որոշեցի։
Լո՜ւյս։ Տվին լույսերը։ Ոնց որ Հայաստանում՝ լույսերը գնացին, լույսերը եկան։ Ի՞նչ ա եղել որ։ Լույսերը գնալուց-գալուց հետո կամերան փոխվել ա, սիրունացել ա։ Էս պատալոկը կունենա երևի մի երեք մետր բարձրություն։ Հարցնեմ Դիմային՝ ի՞նչ ա եղել ըստե առաջ։
– Դիմա։
– Վա՜յ, մոռացել եմ, որ բաց ա պատուհանիկդ, լույսերն եկել են, էլ փակեմ։
– Չէ, մի փակի, ասա, ըստե առաջ ի՞նչ ա էղե։
– Բաղնիք ա էղե։ Ցարերը Պետերբուրգից Մոսկվա գնալու ճանապարհին կանգառ են արե ըստե, բաղնիքը վառել, լողացել են, ու թարմացած շարունակել ճամփան։
– Հա, ես էլ ասեմ, փակել են, որ ցարերին տկլոր չտեսնեն։
Հիմա ես ցարի բաղնիքում բանտարկված եմ։ Հի-հի։ Կպատմեմ հետո սաղին։
– Հա։ Հեսա ճաշ են բերելու։
– Դիմա, դու մինչև ե՞րբ ես։
– Մի սուտկա եմ։
– Իրիկունը կարա՞ս մի բան անես, մի քիչ տաք ջուր բերես ինձ մի տազի հետ, ես լվացվեմ, կինարմատ եմ։
– Հա, կանեմ, դու հղի ես, բա ոնց։
– Հա, հղի եմ, նույնիսկ մոռացել էի։
Ֆեդյա՜, Ֆեդյա՜, կյանքդ վատ ա սկսվում, ապեր, բանտում ա սկսվում։
Ճաշը բերեցին, լավ հոտ ա գալիս։ Տենաս ի՞նչ ա։ Դեռահասը եկավ, ժպտում ա։
– Բարև ձեզ։
– Բարև, բերել ե՞ս, ինչ ուզել էի։
– Հա, բերել եմ, հեսա վեկալ, բայց թաքուն կպահես, չճարեն, թե չէ ինձ կհանեն գործից։
– Լա՞վ գործ ա։
– Հա, լավն ա, հանգիստ ա, ըստե դժվար ա գործ ճարելը։ Դե լավ, լցրու ճաշը։
– Ի՞նչ ա։
– Բորշչ։ Գարոխով պյուրե ու եփած միս։ Մեկ էլ կամպոտ։
Յա՜, կամպոտ էլ կա։ Իսկը Շուրիկի կինոն ա։ Լավ կերակրում են։
– Ապրես։
– Վասյա ա անունս։
– Ուրախ եմ, Վասյա, ես էլ Լյուսյան եմ։
Հա Լյուսյա եմ, ես Ռուսաստան Լյուսյա եմ։ Դուրս գալիս ա «լյու» տառակապակցությունը։ Փափկացնում ա։ Փոքր վախտ Լյուսկա էին ասում, ավելի լավ։
Գնաց Վասյան։ Ի՜նչ համով բորշչ ա։ Բորշչ չեմ սիրում, բայց սա լավն ա։ Ընդհանրապես ճաշարանի ճաշեր եմ սիրում։ Հայերը շատ են համեմունքներ լցնում ճաշերի մեջ, էն էլ տեղի-անտեղի, սաղի մեջ նույն կանաչիներն են գցում՝ ռեհան, սամիթ, ցիտրոն, կծուն վաբշե տանել չեմ կարում։ Ուտելիքի համը, իրա բնական համը կորում ա համեմունքների առատությունից։ Դպրոցում շատ էի սիրում ընդեի կոտլետը, տատս ասում էր՝ դա կոտլետ չի, դա հացլետ ա։ Ասում էի՝ չեմ իմանում՝ ինչլետ ա, բայց ես սիրում եմ։ Աղջկանովս հղի վախտերս գնում էի ճաշարան հաց ուտում, տնական ճաշերի հոտերից սիրտս խառնում էր, չէի կարում եփվող մսի հոտը տանեմ։ Սաղ առանց համեմունքների էի եփում։ Մարդս ուտում էր, դուրն էր գալիս։ Բորշչս կերա։ Ուխայ։ Լավ էր։
Գարոխով պյուրեն էլ կուտեմ իրիկունը մսի հետ։ Չայ խմեմ։ Ի՞նչ չայ, չայ էլ չունեմ։
– Դիմա՜, Դիմա՜։
– Ի՞նչ ա։
– Կարո՞ղ ա չայ ունենաս, մի քիչ չայ տուր, չայ խմեմ։
– Խի դու չունե՞ս։
– Որտեղի՞ց ունեմ։
– Բա քեզ պերեդաչա չեն բերե՞լ։
– Չէ, ով գիտի, որ ես ըստեղ եմ, որ բերեն։ Փեսացուս կողքի կամերայումն ա, Մայքլն էլ կարող ա հասել ա Մոսկվա ու չվե տեղում։
– Մայքլն ո՞վ ա։
– Նա, ում պատճառով ես ըստեղ եմ, իրա խոտն ա։
– Բա չասեցի՞ր, որ իրանն ա։
– Ասեցի։
– Հետո՞։
– Ի՞նչ հետո, զանգեցին իրանց տուն, ընդե ասեցին՝ ըստե Մայքլ չկա։
– Դե դու իրանց ասա, որ գնան ընդե նայեն։
– Դե եսիմ, կնայեն էլի երևի։
– Չեն նայի, իրանց պե՞տք ա, խոտ են ճարել՝ մեկին նստցնեն, քեզ են նստցնելու, վերջ։ Եթե սուս մնաս, կնստցնեն։
– Լավ, կասեմ, դե չայ տուր։
Գնաց համ չայ բերեց թերթի մեջ փաթաթած, համ էլ՝ մի բաժակ արդեն պատրաստ, տաք չայ։ Կոնֆետ էլ տվեց։ Իրիսկա զալատոյ կլյուչիկ։ Փակեց պատուհանիկը։ Չայ եմ խմում։ Կյանքումս սենց համով ու հավեսով չայ չէի խմել։ Դող ա բռնել ջանս։ Հիվանդանում եմ։ Ի՞նչ անեմ։
– Դիմա։
Բացում ա պատուհանիկը։
– Ի՞նչ ա։
– Դիմա, տաքություն եմ տալիս, սումկիս մեջ ասկոֆեն կա, մի հատ բեր, տուր խմեմ։
Գնաց եկավ։
– Չեմ ճարում։
– Սումկես տուր ինձ, ես հանեմ։
– Չի կարելի։
– Լսի, իմ սումկի մեջ ինչ կար-չկար տեսել եք, չէ՞։
– Հա, տեսել ենք։
– Բա ի՞նչ կարամ ես ընդեից վերցնեմ, որ դուք չիմանաք։
– Դե օրենքն ա տենց, չի կարելի։
– Հիմար օրենք ա։
– Ես չեմ գրել, օրենք ա, էլի, ես էլ օրենքի կատարող եմ։
– Դե լավ, պատուհանիկի դեմը պահի սումկես, ես նայեմ, ցույց տամ՝ ուր ա դեղը։ Հենա, ընդե մի ցեպով գրպանիկ կա, ընդե ա։
– Հա, հեսա, վեկալ։
– Մերսի։
– Դե ջուր էլ տուր։
Տվեց։ Խմեցի։ Ասկոֆենի մեջ ասպիրին կա, ստամոքսս ցավացնում ա։ Քնեմ մի քիչ։
– Դիմա։ Էս քննիչս ո՞ւր ա։
– Շաբաթ ա էսօր, մինչև երկուշաբթի քննիչ չի լինելու։
Պա քու արա։ Ես էլ հույս ունեի, թե սաղ կպարզվի էս երկու օրը։
Մոսկվա գնացել էի Պուշկինի տուն-թանգարանում մի հատ ցուցահանդես էր, ինչ-որ Պաշա Չեմմանումինչ։ Ընդե կանգնած մի նկարի մասին էի խոսում, հետևս մի երկու հոգի էին կանգնած։ Ես էլ բարձրախոս եմ, բարձրաձայն պատմում եմ ընկերուհուս, թե ի՞նչ ա ուզել ասի նկարիչը էդ նկարով։ Հետևիններս ասին՝ դու արվեստաբան ե՞ս։ Ասի՝ չէ։ Ասին՝ բայց ո՞ր ամսագրից ես։ Ասի՝ ոչ մի, ուղղակի սովորական մարդ եմ։ Ասին՝ կարա՞ս էս ցուցահանդեսի մասին մի բան գրես, բերես մեզ ցույց տաս, եթե հավանենք, կտպենք ու հոնորար կտանք։ Ու եթե լավ գնաց, կդառնաս արտահաստիքային լրագրող մեզ մոտ։ Կուղարկենք, ինչ ցուցահանդես լինի, մասին գրես։ Ասի՝ լավ, կգրեմ, բայց ես ախր բանասեր էլ չեմ, մասնագիտությամբ կիբեռնետիկ եմ։ Ասին՝ դրա համար կրթություն պետք չի, պետք ա զգալ ու յուրովի մեկնաբանել, նկարագրել տպավորությունները։ Ասի՝ լավ, գնամ Պիտեր գամ, կբերեմ։ Հիմի գրած սումկիս մեջ ա, երկու օր հետո էլ պիտի տանեի տամ, էն էլ բանտ եմ ընկե… Լրագրող կարայի դառնամ, բանտարկյալ դառա… «Կարմիր» ամսագիր էր, բայց դե ի՞նչ անենք, կուլտուրայի բաժին ունեն։ Էլ ի՞նչ անեմ, բան չեմ կարա անեմ…
Լամպը ախր շատ ա վառ։ Մթությունն ավելի լավ էր։
Նստել նայում եմ լամպին։ Որ երկար նայում ես՝ լամպը դառնում ա Քրիստոս։ Հացից Քրիստոս եմ սարքում։ Տրուբաչի տրուբան եմ սարքում։ Գիշեր ա արդեն, քնեմ։ Մատրաս չտվին, ասին՝ պահեստապետը չկա, երկուշաբթի ա լինելու։ Հազս խորանում ա։ Խեղդվում եմ։ Մի հատ էլ ասկոֆեն խմեմ։ Հաց ուտեմ, նոր խմեմ, որ շատ չցավի ստամոքսս։ Խմեմ ու քնեմ։ Յուբկան փաթաթեմ գլխիս ու քնեմ։ Վաղը տենաս ո՞վ ա լինելու։ Դիման ասեց, որ իրեք հերթափոխ ա, համ կայարանում են հերթապահում, համ էլ ըստեղ։ Այսինքն, էն զզվելի պզուկոտը երկու օր հետո ա լինելու մեկ էլ։ Վաղն էլ, ասեց, մի հատ ձյաձյա Սեմյոն ա լինելու, իրա հոր ընկերը։ Դիման կասի, որ լավ նայի ինձ։ Պատուհանիկը բացվեց։ Չէ, դուռն ա։ Դիման ա, ջուր ա բերել։
Ապրե՛ս, տղա, կանա՛չ կենաս, բանտիս առօրյան թեթևացնելու համար։ Կյանքում չեմ մոռանա արածդ, դա հավասար ա նրան, եթե ազատության մեջ ինձ հազար դոլար տայիր։ Ապրե՛ս, տղա։ Տազը բերեց։ Լիքը տաք ջուր։ Շորերս հանեցի, նստեցի տազի մեջ։ Գյուղում տենց էինք լողանում։ Տաք ջրով սաղ կյանքում ապրածը չի կարա սենց լողանա, ես լողանում եմ։ Մի վեդրո ջրով, կես մետրանոց տազի մեջ։ Տրուսիկս չորացել ա, մայկայովս սրբվեցի, մաքուր տրուսիկս հագա, տազն ու վեդրոն տվի Դիմային ու մաքուր-մաքուր քնեցի։ Երազիս մեր գյուղում էի։ Մոշ էի հավաքում։ Լավաշով պանիր էի ուտում։ Գիքոր եմ դառե, նանիս եմ տեսնում երազում, մեր գեղն եմ տեսնում…
Առավոտ ա։ Տաք եմ։ Վառվում եմ։ Կաթ ըլներ մի բաժակ՝ կխմեի, ինձ համար տհաճ կաթը հիմա թփով տոլմայի նման համով կլներ։ Կաթի համից սիրտս միշտ խառնել ա։ Ինձ կաթ տվող չի լինի ըստեղ հաստատ։ Մի դոլար ունեմ սումկիս մեջ, ասեմ, մի բանկա խտո առնեն բերեն։ Չէ, սպասեմ Դիմայի սմենը գա՝ կասեմ։ Պատուհանիկը բացվեց։ Ձյաձյա Սյոման ա։ Բարի դեմք ունի։ Երևի թե գավառական մենթերը մենթ են, որովհետև ուրիշ գործ չկա ըստե, թե չէ ո՞նց բացատրես, որ կանաչ աչքերով ու ոսկի սրտով Դիման մենթ ա։ Ձյաձյա Սյոման էլ։
– Աղջիկ ջան, չայ կուզե՞ս։
– Հա։
Տվեց։ Հետն էլ մի հատ վատրուշկա։ Վատրուշկան շատ համով բան ա։ Կերա, խմեցի։ Ասեցի՝ մերսի։ Լավն ա ձյաձյա Սյոման։ Ասում եմ՝ կարո՞ղ ա ինձ մատրաս տան էսօր։ Չէ, չկա ազատ, պահեստից պտի տան, չկա պահեստապետը։ Է՜հ, գիտեմ, ձյաձյա Սյոմա, բան էր էլի, ասի հարցնեմ, մեկ էլ տեսար հրաշք եղավ՝ ու կա։ Վառվում եմ բայց։ Ի՞նչ անեմ։ Թոքախտ եմ ընկնելու ես ըստե։ Հազս քերթում ա սաղ ներսս, խզել ա սաղ կոկորդս։ Տրուբաչն ասում էր՝ եթե վատ ես լինում, պառկի մեջքիդ ու շնչի հատուկ ձևով։ Շնչում ես դանդաղ, շնչելուց հաշվում ես մինչև յոթը, հետո մինչև յոթը շունչդ պահում ես նենց, ոնց որ շարունակում ես հլա դեռ օդ ներշնչել, հետո դանդաղ մինչև յոթը հաշվելով՝ արտաշնչում ես։ Շնչելուց պատկերացնում ես, որ ներսդ լույս, մաքրություն, առողջություն ու երջանկություն ա լցվում, պահելուց էդ սաղ մի լավ ներսդ տեղավորում ես, իսկ արտաշնչելուց դուրս ես քշում մութը, կեղտոտը, անառողջն ու դժբախտությունը։ Արեցի։ Բան չկա, բան չի փոխվում։ Երևի չեմ հավատում, դրանից ա։ Հավատում եմ, հավատում եմ, հավատում եմ… Լիքն արեցի, մի յոթ անգամ յոթ։ Թուլացա։ Քնեցի։
Արթնացել եմ, ոնց որ թեթևացա մի քիչ։ Հեհ, ուրեմն աշխատում ա։ Յոգա ա։ Պրիմիտիվ յոգա։ Սոված եմ։ Ախորժակ ունեմ, Ֆեդյան էլ ա սոված։ Բացվեց պատուհանիկը։ Դեռահասը չի, մի մեծ մարդ ա։ Բարևեց, սուս-փուս լցրեց ճաշս։ Վասյան ո՞ւր ա։ Վասյան վիխադնոյ ա էսօր։ Հա։ Մարդ ա Վասյան, նորմալ մարդ ա։ Էսօր ինչ-որ սուպ ա, հավի հոտ ա գալիս։ Գրեչկա ու հավի միս։ Հաստատ հավի սուպ ա, միսը հանե, տապակել են։ Սովետի ժառանգություն ա։ Մի միսը երկու անգամ ռասխոդ անելը։ Կերա սուպը, գրեչկան ու հավի միսը լցրեցի թաքուն թասը։ Չայ խմեցի։ Ձյաձյա Սյոման Պաշայենց կամերայից ինձ համար ինքն իրա նախաձեռնությամբ սիգարեթներ ա ուզե բերե։ Ծխեցի։ Լավ ա։ Երբ կըլնի, էսօրն էլ անցնի, վաղը մատրաս կտան, մեջքս սառում ա ու ցավում երկաթի վրա քնելուց։ Ադյալ էլ են խոստացել։
Մի քիչ վառած լուցկով նկարեցի, մոտոցիկլետ նկարեցի՝ չեմ իմանում ինչի՞, Պուշկին նկարեցի, մեկ էլ՝ իմ մշտական մեծ-մեծ աչքերով աղջիկը։ Սիրուն չի էդ աղջիկը, բայց աստղով ա։ Խարիզմա են ասում, տենց բան ունի։ Յոթ-ութ տարեկանից նույն աղջկան եմ նկարում պարապ վախտս։ Տենաս ո՞վ ա։ Ո՞ր կյանքիցս ա։ Աղոթում եմ։ Հայր մեր, որ hերկինս ես, և այլն… Փրկիր ինձ էստեղից, խնդրում եմ։ Ռուսերեն եմ ես աղոթում, վաբշե ռուսերե՞ն եմ մտածում, թե՞ հայերեն։ Մարդ ի՞նչ լեզվով ա մտածում։ Ես ինչքան ուզում եմ իմանամ, չեմ կարում։ Ոնց որ չկարացի տենց էլ իմանամ՝ երազներս գունավո՞ր են, թե՞ չէ։
Քրիստոնյա՞ եմ։ Բա ի՞նչ եմ։ Ինքս որոշել եմ ու գնացել կնքվելու։ Ծնողներս անհավատ են, մատերիալիստ են։ Մի բանի, որ չեն կարա ձեռ տան, չեն հավատում։ Ես հավատում եմ։ Հավատում եմ, որ մի բան կա։ Մի կարևոր բան։ Աստված ա անունը, թե ինչ՝ կարևոր չի։ Ավելի շուտ, դա երևի թե բոլոր մարդկանց, բոլոր կենդանիների ու այլոց լավ արարքներն ու մտքերն ա՝ համակենտրոնացած Աստված հասկացողության մեջ։ Ես խակ եմ։ Բայց գիտեմ, որ մի բան կա, մենակ ձեռ ու ոտ չի, մենակ էս կյանքը չի, կարող ա զուգահեռ լիքը աշխարհներ էլ կան, մեջը լիքը կենդանի էակներ, ու սաղի Աստվածը մեկ ա՝ բոլորի լավ ու բարի մտքերն ու գործերը։ Վատերն էլ սատանան ա։ Երևի։ Հլա չեմ պարզել լիովին, բայց ինչ ծնվել եմ, հետաքրքրում ա էդ Ամենագլխավոր Հարցը։
Հազս սպանում ա։ Ասկոֆենս էլ պրծնում ա։ Չայ ուզեցի, խմեցի, մի հատ իրիսկա էր մնացե Դիմայի տված։ Լավ էր։ Չայի թուղթը խաչբառի թուղթ ա։ Նստեմ լուծեմ։ Կիսատ ա, ճղած, բայց ոչինչ։ Իմ Պաշան պատը էլի թակում ա։ Ես էլ եմ թակում։ Թակում եմ ու խաչբառ լուծում։ Լուծեցի, մնաց մի բառ մենակ, հեչ ծանոթ չի։ Էն մի կեսը լիներ, երևի կարայի դուս բերեի։ Ես եթե մի բան չեմ իմանում, դուս եմ բերում։
Քնել եմ, վեր կացե։ Էլի մութ ա։ Պատուհանիկը բաց ա։ Բայց մոմի լույս ա գալիս մենակ։ Լույսերն անջատել են էլի։ Ի՞նչ անեմ։ Մտածեմ։ Ի՞նչ մտածեմ։ Հազս խանգարում ա նույնիսկ մտածեմ։ Էլի տաք ջուր ուզեցի, խմեցի։ Շնչեցի։ Յոթ անգամ յոթ։ Քնե՜լ, քնե՜լ, քնե՜լ, անհապաղ քնե՛լ։ Մտքերը վանե՛լ ու քնե՛լ։ Մարդ կա՝ ոչխար ա հաշվում, որ քունը տանի, ես էլ մտքեր եմ վանում։ Ստացվում ա, ոչինչ։ Հիմա էլ հիվանդ եմ, նվազ, շատ շուտ եմ քնում։ Սաղ օրը համարյա քնած եմ։
– Վեր կաց։
Ձյաձյա Սյոման ա։ Օճառը ձեռին։ Վեդրոս հանեցի, տարա թափեցի, մարսողության մնացորդները քշեցի զուգարանը։ Հա, ըստեի զուգարանը կանգնած զուգարան ա, գյուղի զուգարանի նման, լավ ա, ունիտազ չի։ Սենց տեղերը՝ անտեր, հասարակական, մարդաշատ, լավ ա, որ սենց զուգարան ա ըլնում։ Լվացվեցի նորմալ օճառով։ Եկա կամերաս։ Պառկեցի, հազս ուժեղացել ա, ընդհանրապես չի թողնում շնչեմ։ Հերթը փոխվեց։
Պզուկոտն ա։ Կանչեցին քննիչի մոտ։
– Բարի լույս։
– Բարև ձեզ։
– Հարմարվե՞լ եք պայմաններին։
– Ոչինչ, մենակ թե հիվանդացել եմ, ցուրտ ա, մատրաս չկա, ադյալ չկա, հազում եմ ուժեղ։
– Ո՞նց, չեն տվե՞լ։
– Չէ, շաբաթ-կիրակի էր, ասեցին՝ երկուշաբթի կտան։
– Ուրեմն հիմա կտան, հիմա կկանչեմ պահեստապետին։
Կանչեց, մեկն եկավ, պրապորշչիկ էր, ասեց՝ տվեք, գնաց, որ տա։
– Ուրեմն սենց, քանի որ Միխայիլի տան ձեր տված համարով ասում են էդպիսի մարդ չկա, ու տունն էլ վարձով տուն ա, ինքը էնտեղ գրանցված չի, մենք ոչ մի կերպ չենք կարող նրան բերման ենթարկել։
– Բա ես ի՞նչ անեմ։
– Աստված կանչեք, որ նա հիմար գտնվի ու մնա իր բնակարանում։
– Հետո՞, որ նա մնաց՝ ի՞նչ։
– Դե, մարդ կուղարկենք գնա ստուգի, հասկանո՞ւմ եք, Մոսկվան Օկտյաբրսկի երկաթգծի միլիցիայի հետ կապ չունի, դա ուրիշ իրավասություն ա։
– Բա ես ի՞նչ անեմ։
– Ոչինչ, ասեցի՝ աստված կանչեք։ Մարդ ենք գործուղելու, գնա ստուգի տեղում։
– Բա ո՞նց ա ձեր մարդը ջոկելու Մայքլ կա՞ ընդե, թե՞ չկա։
– Ճիշտ եք ասում, դրա համար մեր մարդու հետ գնալու եք դուք։
– Ո՞նց եմ գնալու, ձեռնաշղթաները ձեռքերի՞ս, քաղաքի միջո՞վ։
– Հա, ձեռնաշղթաներով, ուրիշ տարբերակ չկա։
– Բա ե՞րբ ենք գնալու։
– Գիշերը, ձեզ կարթնացնենք։
– Պարզ ա։ Սիգարեթ կտա՞ք մի քանի հատիկ։
– Վերցրեք, ես ամեն օր մի տուփ ավել եմ առնում կասկածյալներին բաժանելու համար։
– Շնորհակալ եմ։
– Հիմա գնացեք կամերա, օրվա երկրորդ կեսին ձեզ ուզում ա տեսնի մեր գլխավորը։
– Ինչի՞ համար։
– Ուզում ա զրուցի։
– Ինչի՞ մասին։
– Չգիտեմ, իմ կարծիքով ձեր իրավիճակի և մեր համագործակցության հնարավորության մասին։
– Ցտեսություն։
– Ցտեսություն։
Կամերաս մտա։ Մատրասն ու ադյալը բերել են։ Հըմ, նույնիսկ մաքուր են։ Պզուկոտին բան չեմ հարցնի։ Սպիտակեղեն հիմարություն ա հարցնել, իհարկե չի լինի։ Մատրասը գցեցի կառավաթի վրա, յուբկաս ծալծլեցի, բարձանման մի բան սարքեցի։ Ադյալն էլ գցեցի վրեն։ Պիոներական ճամբար։ Հումորիստ եմ։ Կատակերգություն եմ սարքել կյանքս էլ, սենց հիմար պատմությունն էլ եմ կատակերգական ոգով ընդունում։ Բա ի՞նչ անեմ։ Գժվե՞մ։ Համ էլ, մի ընկեր ունեմ, պոետ ա՝ Վիտալիկը։ Ասում ա՝ ես որ վատ եմ լինում, նստում եմ ու ինքս ինձ ասում. «Երբ որ ես վատ եմ, դա ես չեմ»։ Հիմա ես եմ։ Տենց եմ անում։ Օգնում ա։ Շնչում եմ ու տենց եմ ասում։ Լուսինե չկա։ Ֆռռիկ կա, ճաշ ուտող կա, լամպին նայող կա, վառած լուցկու հատիկով խաչբառ լուծող կա, Լուսինե չկա։ Լուսինեն գյուղում ա։ Ճոնջի ա ածում։
Ճոնջի – պոնջի,
Ա շուն, կորի գնա ձեր տուն։
Ճոնջի – պոնջի,
Ա շուն, հասի դայուց կատուն…
Լուսին, լուսին, լուսերես,
Ինչքան, ինչքան կլոր ես,
Ամբողջ օրը լուսով ես,
Ման ես գալիս մթան մեջ։
Ասա, տեսնեմ, մի հատ մեզ,
Մեր Լուսինեին տեսե՞լ ես…
Կամերաս կեղտոտ ա։ Պզուկոտին ասեմ՝ ավել կտա՞ մաքրեմ, թե՞ չէ։ Տվեց։ Պարզվեց՝ կարգն ա տենց, պիտի տար։ Վեդրո էլ տվեց, պոլի շոր էլ։ Լվացի, մի հատ էլ լաթ ուզեցի, փոշիները հավաքեցի։ Եղավ համարյա տուն։ Գյուղի պադվալում որ երեխա վախտ տունի-տունի էինք խաղում, նման մի տուն էր դառնում մեր հավաքել-դասավորելուց հետո։ Պառկել եմ հիմա կառավաթիս վրա ու հիանում եմ։ Լավ ա։ Հազս չլներ, կաթ ըլներ ու գրքեր, կարելի էր ապրել։ Բանտն էլ էս ա։ Եսիմ, մարդ երևի ամեն ինչի հարմարվում ա։ Համենայն դեպս, պետությունը իմ մասին ոչ մի անգամ հոգ չի տարել, հիմա կերակրում ա, տանիք ունեմ գլխավերևս։ Հիմա հասկանում եմ, որ մարդիկ գնում են եվրոպական երկրներում հանցանք են գործում, որ ընդե բանտ նստեն։ Ըստե իհարկե Եվրոպա չի, շա՜տ, շա՜տ Եվրոպա չի, բայց էլի հաճելի ա, որ պետությունը հոգ ա տանում քո մասին։ Հասա ես իմ նպատակին։ Պետությանն ինձ կերակրել տվեցի ու կռիշ ստացա։ Իմ փայ կերակուրն ու կռիշն էլ էս ա երևի։
Ճաշ բերեցին։ Վասյան ժպտում ա։
– Բարև ձեզ, ո՞նց եք։
– Հիվանդ եմ, Վասյա, հիվանդ եմ։ Կաթ եմ ուզում։
– Կաթ չունենք, վաղը կառնեմ, կբերեմ հետս։
– Հա, խտո բեր, ես մի դոլար ունեմ, կտամ քեզ։
– Չէ, պետք չի, ես հենց նենց կբերեմ։
– Դե լավ, բեր։
Լավն ա Վասյան։ Ինչ-որ ապուր ա անհասկանալի, պեռլովկայով, աչքիս սալյանկա ա։ Սալյանկա չեմ սիրում։ Բայց հիմա չեմսիրումի վախտ չի։ Պիտի ուտեմ, որ կարամ դիմանամ։ Օ՜, զատո երկրորդը պելմենի ա։ Իրար կպած, խմորը հալած, բայց դե՝ պելմենի ա։
– Վասյա, պելմենին խանութի ա՞։
– Չէ, մենք ենք սարքել, ես էլ եմ օգնել սարքելուն, ուղղակի շատ են եփել, փլվել ա։ Բայց համով ա։ Էս էլ կիսել։
– Ապրես, Վասյա։
Ուրեմն սենց, պելմենին հիմա կուտեմ, եթե պահեմ՝ ցեխ կդառնա։ Բա սխտոր-մածուն չլներ, հետն ուտեի… Սենց էլ վատ չի, կարագ կար վրեն դրած, Վասյան ասեց։
Կիսելն էլ խմեմ, սալյանկան հետո կուտեմ։
Մի քիչ քնեմ, գիշերը Մոսկվա ենք գնալու։ Խի՞ չեն Պաշային տանում, որ ինձ են տանում։ Հա, Պաշան չի եղել Մայքլի տանը, ես եմ եղել։ Պաշա-Պաշա-Պաշա, մեր սերը դառավ կաշա։
Հազս չի թողնում քնեմ, է ՜։ Չայ ուզեցի։ Տվեց պզուկոտը։ Կարող ա էդքան էլ վատը չի, տղայ ա էլի, պզուկոտ ա երևի, որովհետև ընկերուհի չունի, սպերմատոքսիկոզ ա մոտը, ուզուիկներ են բսել երեսին։ Մեղք ա։ Կարող ա հոտած էլ չի, ես եմ կողմնակալություն անում։ Լավ չի դա։ Հեչ լավ չի։ Աղջիկս եթե գեշ ըլներ, պզուկոտ, ու իրան էլ տենց մեկը հակակրանքով վերաբերվեր, լա՞վ կլներ։ Աղջիկս… Կոծոսիկս… Խեղճ ու կրակ բալես։ Մամադ սենց անկապ դուս եկավ, ինքը դուս չեկավ, դուս բերին։ Չնայած մեղքն ուրիշի վզին փաթաթելը հեշտ ա շատ, երևի թե մամադ ուղղակի հիմարիկ ա։ Պրիմիտիվ մարդ ա։ Դատարկ ու փուչ։ Կներես, բալես։ Դու լավը կըլնես։ Խելոք, իմաստուն։ Լսող խելոք չէ, ճիշտ որոշումներ ընդունող խելոք։ Կներես գիժ մորդ։
Գիշերը- Մոսկվա։ Քնե՜լ, քնե՜լ, քնե՜լ…
– Վեր կացեք։
Վեր եմ կացե։ Տանում են շեֆի մոտ։ Երկրորդ հարկ։ Աստիճաններով չեմ կարում թե բարձրանամ, շունչս կտրվում ա։ Խըզզ, խըզզ, խըզզ, խըզզ։ Տենց ա շնչառությունս։
Հասանք երկրորդ հարկ, ոնց որ թե հինգ կիլոմետր քայլած լինեի։ Վատ եմ։ Մտա կաբինետ, մի մեծ կաբինետ ա։ Սիրուն ա։ Մի 55-60 տարեկան մարդ ա նստած սեղանի մոտ, սեղանը երկար, օվալաձև սեղան ա, սովետի ժառանգություն իհարկե։ Ո՞վ գիտի, ի՞նչ հարցեր են լուծվել էս օվալաձև սեղանի շուրջ, քանիսի գնդակահարության ստորագրություններն են հավաքել էն թվերին…
– Բարև ձեզ։
– Բարև ձեզ, համեցեք, նստեք։
Անցնում եմ, մոտենում իրան ու մի աթոռ էս կողմ նստում եմ։ Սիրուն մարդ ա։ Կապույտ աչքերով, բեղերով։ Դեմքը նորմալ մարդու դեմք ա։ Կարար դասախոս ըլներ էս դեմքի տերը, մի հատ շամշադինեցի մաթեմի դասախոս ունեինք՝ Դարբինյան, նրան ա նման։ Էդ Դարբինյանը շամշադինեցու բարբառով էր դասախոսություն կարդում։ Էս-հաշի տեղն ասում էր՝ Էշ-հաշ, մեջտեղի ատամը չկար որտև։
– Սիգարեթ կուզե՞ք։ Ինչպե՞ս եք էստեղ հարմարվել։
Նենց ա հարցնում, ոնց որ սանատորիա եմ եկել, ինքն էլ ուզում ա տենա՝ իրա սերվիսը ոնց ա։ Ոռի ա սերվիսդ, ձյաձյա։ Իրեք օր չոր, սառը երկաթի վրա եմ քնե, հազս սպանում ա, վեդրոս ահավոր կեղտոտ ա, կաթ եմ ուզում, տուն եմ ուզում, բաց թողեք ինձ, գնամ…
– Հա, շնորհակալ եմ։ Շատ լավ կոլեկտիվ ունեք, մարդամոտ են, ինչով կարողանում են, օգնում են ինձ։ Ինչպե՞ս ձեզ դիմեմ…
– Նիկոլայ Իլյիչ ա իմ անունը։ Ես Օկտյաբրսկի երկաթգծի Բալագոյե կայարանի ՆԳ բաժնի պետն եմ։
– Լսում եմ ձեզ, Նիկոլայ Իլյիչ։
– Դուք ուզո՞ւմ եք մեզ հետ համագործակցել։
Հա, դե էլ ի՞նչ կարամ ես անեմ, եթե չհամագործակցեմ։ Հո քաղաքացիական պարտքի զգացումից մղվա՞ծ չեմ հայտնել Մայքլի տեղը, իմ իրավիճակից ելնելով իհարկե պիտի համագործակցեմ, ուրիշ ելք չունեմ։
– Դե ուրեմն էսպես։ Ձեզ տանելու են Մոսկվա, ձեռնաշղթաները ձեր ձեռքերին։ Գնալու եք գնացքով, հատուկ կուպեում, մեր երկու աշխատակցի հետ։ նդրում ենք ձեզ պահեք հանգիստ և լարված իրավիճակ չստեղծեք։
– Եղավ։ Իսկ ինձ թույլ կտա՞ն զանգեմ, տեղյակ պահեմ բարեկամներիս, որ ինձ գոնե ինչ-որ մի պերեդաչա բերեն, թե չէ ես զրկված եմ առաջին անհրաժեշտության բաներից։
– Այո, ձեզ կտան մի զանգի հնարավորություն։
– Շնորհակալ եմ։
– Հիմա բուն օպերացիայի մասին։ Ուրեմն, երբ մոտենաք Մայքլի բնակարանին, դուք զանգը տալու եք, մեր աշխատակիցները ատրճանակներով կանգնելու են ձեր ետևը։ Ձեզ պահեք շատ հանգիստ, երբ Մայքլը դուռը կբացի, արագ կանցնեք հեռու, որ կրակի տակ չընկնեք։
Ամա՜ն, դետեկտիվ ա սա։ Բայեվիկ ա։ Բա՞ որ ու շաշ Մայքլը սկսի ընդվզել, սրանք էլ սկսեն կրակել, ու ես էլ դառնամ պատահական զո՞հ։ Պահո՜, թազա խաթա ա։ Բայց դե ճարս ի՞նչ, պիտի սուս-փուս ենթարկվեմ, եթե ուզում եմ ըստեից դուս պրծնեմ։
– Շատ լավ, ես ամեն ինչ հասկացա։
– Վերցրեք էս մի տուփ սիգարեթը։
– Կաշառո՞ւմ եք։
– Չէ, ի՞նչ եք ասում, ուղղակի գիտեմ, որ էսպիսի տեղեր շատ ա ծխվում։
– Շնորհակալություն։
– Չարժի։ Դե լավ, գնացեք մի քիչ հանգստացեք, գիշերը ծանր ա լինելու։
– Հա, մի բան էլ մոռացա ասեմ։ Ինձ ինչո՞ւ ադվակատ չեն տվել։ Ես ադվակատի իրավունք ունեմ, չէ՞։
– Հա, ունեք, եթե ձեզ մեղադրանք ա ներկայացվում, ունեք։ Առայժմ ձեզ ոչ մի մեղադրանք չի ներկայացվել, ձեզ այստեղ պահում ենք, մինչև հանգամանքները պարզվեն, պահում ենք, քանի որ ձեր անձնագրի գրանցման ժամկետն անցած ա, իրավունք ունենք տաս օր պահենք։ Տաս օրից հետո, եթե մեղադրանք ներկայացվի ձեզ, ադվակատ կարող եք վարձել, եթե հնարավորություն չունեք վարձելու, պետությունը կտրամադրի անվճար ադվակատ։ Հիմա դուք մեղադրյալ չեք, կասկածյալ էլ չեք, դուք ընդամենը վկայի կարգավիճակով եք էստեղ, իսկ պահել ենք, ինչպես արդեն ասեցի, ադմինիստրատիվ զանցանք գործելու պատճառով, որն է ՌԴ տարածքում անլեգալ գտնվելը։ Դուք ենթարկվել եք վարչական կալանքի ու կպահվեք, մինչև պարզվի ամեն ինչ։ Դե դա՝ փաստացի, իսկ իրականում, դուք ինքներդ շատ լավ գիտեք, թե ինչո՞ւ ենք պահում էստեղ ձեզ։
– Հա, գիտեմ։ Բայց գուցե էդ դեպքում, եթե դուք ինձ հավատում եք, որ ես հանցագործ չեմ, կարելի՞ է ինձ բժշկի ցույց տալ, ես հիվանդ եմ, հղի եմ վերջապես։
– Հա, կգնաք Մոսկվա, կգաք, բժիշկ կկանչենք, կնայի։
– Եղավ։
– Ցտեսություն։
– Ցտեսություն։
Տենց բաներ։ Մի բան ա լավ, որ հիմա ոնց որ թե հավատում են գոնե։ Բայց եթե Մայքլին չգտան, հավատան- չհավատան՝ վզիս են կապելու։ Նենց որ, քննիչս ճիշտ ա, գնամ աստված կանչեմ։ Ասեմ՝ աստված ջան, աստված ջան, խնդրում եմ, աղաչում եմ, թող Մայքլը հիմար ըլնի, թող մնա իրա վարձու բնակարանում, մինչև ես գնամ մենթերի հետ, իրան բերման ենթարկեն։
Ես ծախո՞ղ եմ։ Չէ՛, հեչ էլ ծախող չեմ։ Չորրորդ օրն ա ըստեղ եմ, Մայքլը կարար մի պերեդաչա աներ իմ համար, աղա պահեր ինձ ըստե, դաժե մի զուգարանի թուղթ չունեմ, մի տրուսիկ չունեմ, մի ատամի չոտկ չունեմ, էլ չեմ ասում ուտելիքի մասին։ Ինչի՞ պիտի իմ խիղճն ինձ տանջի։ Հեչ էլ չի տանջի։ Խոտն ո՞ւմն ա։ Մայքլինն ա։ Ուրեմն, Մայքլն էլ պիտի պատասխան տա։ Խի՞ պիտի ես տամ որ։ Չէ, ինձ ոչ ոք էլ չի կարա մեղադրի։ Համ էլ մեղադրում են՝ մեղադրեն, թող իրանք գան ըստե առանց զուգարանի թուղթ, փոխնորդ տրուսիկ, ատամի չոտկ ու սիգարեթ իրեք օր ապրեն, քնեն երկաթի վրա, շռեն կեղտոտ վեդրոյում, հետո տանեն հղի-հղի, սիրտ խառնելով, թափեն, ճաշ թաքցնեն, լուցկով նկարեն, կապուտ հազ կպնեն, հետո ես իրանց կհարցնեմ՝ կծախե՞ն իրանք, թե՞ չեն ծախի…
Ծխեմ, հետո քնեմ։
Դուռը բացվում ա։ Վեր կացեք,- կանչում ա պզուկոտը։ Հը՞, գնում ենք Մոսկվա՞։ Հա, պատրաստվեք։ Ի՞նչ պատրաստվեմ, մազերս սանրեմ ու վերջ։ Սանր գոնե տվել են, մերսի։ Միզել ա պետք։ Չէ, չեմ միզի, դուս կգամ ըստեից ու կասեմ՝ ուզում եմ զուգարան, կտանեն, նորմալ կանեմ, կեղտոտ վեդրոյից մի անգամ պակաս կօգտվեմ։
Կանաչ աչքերով Դիման գոնե լինի։ Չէ, չկա Դիման։ Անծանոթ են երկուսն էլ։ Վատ տպավորություն չեն թողնում։ Դուս եկա, ասի՝ զուգարան եմ ուզում։ Ասին՝ գնա։ Գնացի, եկա, ձեռնաշղթաները հագցրեցին ձեռներիս… Կալանավոր եմ։ Մուրկա երգե՞մ։
Տանում են կայարան։ Էս ձեռնաշղթաներն էլ հարում են դաստակներս։ Հասնենք գնացքին, կասեմ՝ թուլացնեն։ Կայարանը մեռած ա։ Պիտեր-Մոսկվա գնացքը կանգնած մեզ ա սպասում։ Մտանք, գնացինք մի սիրուն կուպե հասանք։ Ձեռնաշղթաներս հանեցին, ասեցին՝ խելոք նստի, թե չէ երեսնութ կալիբրի մի փամփուշտ կմտնի գլխիդ մեջ։
Նստել եմ։ Երկաթգծի ամսագրեր կան։ Ինֆորմացիա։ Լավ բան ա ինֆորմացիան, ուղեղը լցնում ա։ Կարդում եմ։ Հետաքրքիր բան չկա, բայց ես կարդում եմ։ Ինֆորմացիայի սով ունեմ։ Մի վախտ, տաս տարեկանում, որ աստիգմատիզմ հայտնաբերեցին մոտս, ասել էին՝ քիչ կարդա։ Ես էլ չէի կարա առանց կարդալու, ուղեղս սոված էր, Երևան էի, ծնողներս մթոմ տարել էին պահեն, տուն էին ստացել։ Գրքեր չէին տալիս, թաքցնում էին, դասագրքերս էնքան էի կարդացել, որ անգիր էի արել։ Պատմության գիրքը մինչև վերջ կարդացել էի, նենց որ դասի ժամանակ ես էի թազա դասը պատմում։ Հա, որ էլ կարդալու բան չմնաց, մի օր էլ գազի ինստրուկցիայի գիրքը ձեռիս փակվել էի զուգարանում, երևի երկար վախտ էի նստել, էնքան երկար, որ ծնողներս անհանգստացել էին, եկել դուռը բացել էին տվե, տեսել էին՝ գազի գիրքը թաքցնում եմ զուգարանում։ Ինֆորմացիայ ա պետք մարդուն գոյատևելու համար երևի։ Վատ ժուռնալ չի։ Խաչբառներ էլ կան մեջը։ Ընդհանրապես խաչբառներ չեմ սիրում, բայց հիմա կլուծեի, եթե մի գրիչ տային։ Ուզեցի։ Տվին։ Լուծում եմ։
Ռուսսկո՜յե ռադիո՜, երգում ա պոեզառադիոն, էլի Գազմանովն ա։ Գազմանովառադիո ա ռուսսկոյե ռադիոն երևի։
Զուգարան եմ ուզում։ Տանում ա մենթը։ Մաքուր զուգարան ա, լավ վագոն ա։ Հավես ա։ Հետ եկանք, ասում եմ՝ սոված եմ։ Կանչեցին պրավադնիկին, ասին՝ ուտելու բան-ման կա՞։ Ասեց՝ մենակ վատրուշկա։ Ըմմ՜մ, վատրուշկա։ Վատրուշկան հիմա աշխարհի ամենահամով ուտելիքն ա իմ համար։ Չայ էլ են բերել։ Վատրուշկան կծում եմ, չայը խմում։ Եթե մոռանամ իմ կարգավիճակը, մտածեմ, որ սովորական ուղևոր եմ, հանգիստ կգնամ, կքնեմ։ Բայց ո՞նց մոռանամ։ Տենց, պիտի մոռանամ։ Ասին՝ պառկի, քնի։ Վերևի պոլկին։ Ասի՝ չէ, չեմ կարա, ես հղի եմ։ Աչքները կլորացրին։ Արա, էս ի՞նչ մարդիկ են, մի բուռ մենթ են էս բաժանմունքում, բայց ամեն մեկին առանձին պիտի ասեմ, որ հղի եմ։ Ասին՝ դե լավ, պառկի ներքևը։ Դուռը զամոկով փակել են, կարելի ա կարծել, թե ես գնացքի ընթացքի ժամանակ կարամ դուրս թռնեմ։ Քնեմ։ Աղոթեմ ու քնեմ։ Էլի գյուղն եմ տեսնում։ Տատիս։ Ճոնջին։ Հազս էլի չթողեց քնեմ։ Արթնացել եմ, ինչ որ կայարանում ենք։ Կլին։ Հա, ուրեմն շուտով Մոսկվա ենք հասնելու։ Պիտի քնեմ։ Մտքեր եմ վանում ու քնում։ Հազս անընդհատ արթնացնում ա ոչ միայն ինձ, այլ երկու մենթին էլ հետս։ Սրանք դժգոհությամբ կեղծ ըհը-ըհը են անում։ Մթոմ ի՞նչ։
Հասանք։ Մոսկվա։ Չար քաղաք Մոսկվա։ Սիրուն, պաթետիկայի միջից գարշահոտող Մոսկվա։ Մարդկանց վեր հանող ու տապալող Մոսկվա։ Մոսկվան ինձ չի սիրում։ Ես էլ՝ իրան։
Վաղ առավոտ ա։ Ձեռնաշղթաներս հագցրին մեկը իմ ձեռքին, մեկը՝ մենթի։ Ասի՝ մի քիչ թուլացրեք։ Զուգարան եմ ուզում, գնացքում չհասցրեցի գնամ։ Արդեն հասել էինք, որ արթնացա։ Ինձ կպած մենթը տանում ա, ինչ-որ կայարանի աղջիկ-մենթի դնում հետս ու ուղարկում զուգարան։ Աղջիկ մենթը չար ա։ Նենց ա նայում ինձ, ոնց որ ես գազան եմ։ Երևի գողի կամ նարկոմանի տեղ ա դնում։ Ինչ որ ա։ Հիմա մանավանդելու ժամանակը չի։ Գնացի զուգարան, դուս եկա, լվացվեցի ու էլի գամվեցի իմ ձեռնաշղթա-մենթին։ Սաղ մեզ են նայում, ժողովուրդը։ Տենաս՝ ի՞նչ են մտածում։ Ի՜նչ ուզում ա մտածեն։ Սրանց կյանքում մեկ ա էլ չեմ տեսնելու։
Մտանք մետրո։ Հասանք պերեսադկի, անցանք Մայքլի գիծը ու դուզ մինչև Պետրովսկո-Ռազումովսկայա։ Ընդեից Երևան կինոթատրոնի մոտով ավտոբուսով գնացինք հասանք Մայքլի կանգառը։ Չեմ հիշում՝ կոնկրետ շենքը ո՞րն ա։ Մենթերին թվում ա, թե ես Իվան Սուսանին եմ խաղացնում։ Կատաղում են։ Գտա արահետը։ Դե, մի անգամ եմ էղե ընդե, ես էլ տոպոգրաֆիկ կրիտինիզմ ունեմ, վիստիբուլյար ապարատի վատ աշխատանքի հետևանք ա։ Ես միշտ, ամեն տեղ կորում եմ, չեմ կարում կողմնորոշվեմ։ Եթե մի տեղ եղել եմ ցերեկը, գիշերը կորում եմ ու՝ հակառակը։ Նույնն էլ ամառ ու ձմեռ։ Լավ ա գտա։ Թե չէ սրանք կարող ա նագանները գործի գցեին, հազս էլ գիշերը չէր թողե քնեն, նենց որ, կասեն՝ փախնելուց ա էղե, կրակել ենք։ Հասանք մուտքին։ Դողս բռնել ա։ Առաջի հարկ ա։ Հարևանների դուռն ա զանգում մենթը, թե՝ ըստե տենց մարդ ապրո՞ւմ ա, ասին՝ հա, կան տենց, մի տղա ու աղջիկ են, սուս-փուս, համեստ ընտանիք են։
Կանգնացրել են հիմա ինձ դռան առաջն ու նագանները պահել վրես։ Ասում են՝ զանգը տուր։ Տեր աստված, փրկի՜ ինձ։ Նենց արա՝ Մայքլը նորմալ պահի իրան, թե չէ վերջս էկել ա։ Զանգը տվի։ Ո՞վ ա։ Յանայի քնատ ձենն ա։ Ես եմ, բացի։ Որտե՞ղից ես դու եկել, բա քեզ բաց են թողե՞լ։ Ասի՝ հա։ Բացում ա։ Մայքլը հետևը կանգնած ա։ Մենթերը վռազ հետևիցս դուս են գալիս, Մայքլի ձեռները ոլորում մեջքին։ Յանան շվարած կանգնել ա։ Ինձ ա նայում ատելությամբ։ Մայքլն էլ՝ էլ հեր ու մեր, էլ քաչալ շուն, սաղ խառնել ա ու իմ հասցեին քրֆում ա։ Ասում ա՝ ստուկաչ։ Ես լռել կանգնել եմ։ Մենթերը ասին՝ հավաքվի, գնում ենք։ Մայքլն ասում ա՝ ինչի՞ ենք գնում, ես ի՞նչ եմ արել, որ գնամ ձեզ հետ։ Ասում են՝ մարիխուանա ես տեղափոխում, ծախում էլ ես։ Ասում ա՝ դա պետք ա ապացուցել, սրա ասածով չեք կարա ինձ ձերբակալեք։ Ասին՝ մենակ սա չի, Պաշան էլ ա ասել, որ քոնն ա։ Պաշան հաշիվ չի, իրա մարդն ա։ Դե լավ, մի հատ օբիսկ անենք։ Եկեք, մտեք, կանչում ա հարևաններին։ Հարևանները մտնում են։ Սրանք սկսում են քրքրել պահարանը։ Ու…
Ապո՛ւշ, ժլա՛տ, հիմա՛ր Մայքլ։ Քիչ ա՝ մնացել ես էս բնակարանում, հետն էլ խոտի մեծ-մեծ ցաքերը, որ նորմալ մարդիկ դեն են գցում, տոպրակն ես լցրել ու պահարանում դրել։ Հի՜հի՜հի՜։ Ըստեղ են ասում՝ ժլատությունը մարդ ա կործանում։ Հանին թե՝ էս ի՞նչ ա։ Ասում ա՝ ցաք ա։ Ասում են՝ հա տեսնում ենք, որ ցաք ա, ու տեսնում ենք՝ ի՛նչ ցաք ա։ Մի խոսքով, հարևաններին ցույց են տալիս ու գրում են արձանագրության մեջ։
Ես խոհանոցում եմ։ Յանան կողքս ա ու շարունակում ա ատելությամբ նայել ինձ։ Ի՞նչ ա, ես պիտի իրա տեղը ութը տարի նստեի՞։ Բան չի խոսում։ Ասում եմ՝ խի՞ եք մնացե ըստե, խի՞ չեք ջհանդամվե, մտքումս էլ ասում եմ՝ փառք քեզ, աստված, լավ ա, չեն ջհանդամվե։ Յանան լացում ա ։ Մեղքս եկավ։ Ասում եմ՝ բա ի՞նչ անեի ես ու նույնիսկ ես էլ չեմ ասե, որ Մայքլինն ա, ինձնից մենակ հասցե են ուզե, Պաշան ա ասել։ Դե Պաշան էլ ասել ա, որտև Պաշան ավելի լավ ա գտե ինձ ծակից հանելը ու Մայքլին ծակը կոխելը։ Լավ ա արե։ Ասում եմ՝ տաք շորեր հավաքի, Յանա, լսի, ինչ եմ ասում, ու զխկալեն հազում եմ։ Ասում ա՝ Մայքլը տուբերկուլյոզ ունի, ընդե կմեռնի։ Ասի՝ ես էլ հղի եմ։
– Յանա, կարա՞մ լողանամ ըստե։
Նագլի եմ, չէ՞։ Մարդուն ծախել եմ, հիմա էլ եկել եմ, ուզում եմ իրանց տանը լողանամ։ Ասում ա՝ լողացի, ի՞նչ անեմ։ Սրբիչ ա տալիս, կիսակեղտոտ սրբիչ։ Տրուսիկ ուզե՞մ։ Չէ, սա փնթի բան ա, չեմ ուզի։ Մենթին ասում եմ, ինձ խոստացել էին, որ թողնեն զանգեմ։ Ասում ա՝ համարն ասա, ես զանգեմ։ Տալիս եմ Տրուբաչի ընկերոջ տան համարը, զանգում են, Տրուբաչը տանը չի։ Հաղորդագրություն են թողնում ընկերոջ կնոջը, որ ասի Տրուբաչին՝ ես Բալագոյեի բանտումն եմ, ու որ նա ինձ առաջին անհրաժեշտության իրեր բերի ու ուտելիք։ Մտնում եմ լողանալու։ Մենթերը համաձայն են։ Օխա՜յ, էս ինչ լավ բան ա էս տաք ջուրը։ Դուշը պահում եմ գլխիս, մարմնիս, աշխատում եմ դրոշմել հիշողությանս մեջ էս հրաշալի զգացողությունը՝ դուշի խուտուտի, փաղաքշանքի զգացողությունը։ Տա՜ք, հաճելի ջրի զգացողությունը։ Հետս կտանեմ բանտ ու ամեն անգամ տազում լվացվելիս կպատկերացնեմ, թե Մայքլի տան դուշն ա։ Յանան վեշ-վուշ ա հավաքում ու մզզալեն լացում ա։ Ես ինձ սրիկա եմ զգում։ Ստալինյան ռեպրեսիաներին երևի մարդիկ իրանց նման մի բան են զգացել, երբ ստիպված են եղել ինչ-որ տեղ ստորագրեն՝ իմանալով, որ պիտի դրանով մեկի կյանքի վերջը տան… Դե, Մայքլին ոչ ոք չի գնդակահարելու։ Տուբերկուլյոզ ունի, անընդհատ ամնիստիաներ են լինում, շատ-շատ՝ մի տարի նստի։ Մենակ թե հիմարը չասի, թե ես իրա հետ եմ եղել, այսինքն՝ գործը դառնա ուրիշ հոդված, կազմակերպված հանցախումբ։ Չէ, դժվար, հո հիմար չի էդքան։
Մայքլի հետ մի կուպեով պիտի հետ գնանք։
Հետդարձ։ Ավտոբուս, կինո Երևան, մետրո, Լենինգրադսկի վակզալ։ Կեսօր ա արդեն։ Բանտում ճաշ պիտի տային արդեն։ Ահավոր հոգնածություն եմ զգում։ Յանային ասում եմ՝ կարա՞ս իմ համար խտո առնես, ասում ա՝ հա, կարամ։ Գնում ա առնում, մի հատ էլ բուխանկա։ Խտոն կամերայում կբացեմ, տաք ջրով կխմեմ՝ հազս մի քիչ թեթևանա։ Յանան մենթերի սիրտն ուզում ա շահի։ Գնացե պիցցա ա առե, բերել ա։ Նստած ուտում ենք սպասասրահում։ Մայքլը ինձ չի նայում, հայացքը իմին հանդիպելիս դառնում ա կայծակ։ Առանց էդ էլ վինտավոյ ա, ստիմուլյատորներից կատաղած, ասում են՝ Յանայի հետ ինչ սկսել ա ապրել, թարգել ա վինտ օգտագործելը։
Վինտը քյասիբ երկրի նարկոտիկ ա։ Եփում են տնային պայմաններում։ Սոլուտան են առնում, էն որ հազի դեմ ա նախատեսված, էֆեդրին ա պարունակում, հետո ինչ-որ գործողություններ են անում, ինչ-որ ուրիշ բան-ման են խառնում, բենզին դաժե, հետո եփում ու ծակվում են։ Ծակվում են, հետո սկսում ցիկլի մեջ ընկնել։ Ինչ անում են, կայֆով են անում, տուն են մաքրում, խաչբառ են լուծում, կոմպի հետ են ինչ-որ բաներ անում, սեքս էլ են անում, ասում են՝ սուտկով։ Քյասա, մարդու մեջի եղած էներգիան կարճ ժամանակով, մի սուտկա տևողությամբ, սաղ հավաքվում, կենտրոնացվում ա, ու մարդ իրան ամենազոր ա զգում։ Մեկ էլ՝ պրիխոդ են ստանում։ Ինչ-որ բան են զգում, որ ասում են՝ անբացատրելի ա, փոքր մահվան նման ա, երևի տենց էլ կա, քանի որ ուղեղի բջիջներից որոշներն էդ ահավոր ագրեսիայից մարդկային օրգանիզմի նկատմամբ, արյան անսպասելի հոսքից, ճնշման փոփոխություններից մեռնում են… Ես չեմ հասկանում, ի՞նչ իմանամ՝ ի՞նչ նկատի ունեն, մինչև թփով տոլմա չուտես, որտեղի՞ց կարաս իմանաս թփով տոլմայի համն ի՞նչ ա։ Բայց ես չեմ ուզում նենց թփով տոլմա ուտեմ, որ հետո ցռիկ ա գցելու։ Պաշայի բոզոտ Լենան վինտավոյ էր, վինտ էր անում, որ ժամով կարա շինվի ու չհոգնի։ Մայքլն էլ բասին էր տալիս իրա։ Վինտավոյների հայացքը ժամանակի հետ դառնում ա կատաղած, դատարկ ու կատաղած։ Ու նույնիսկ թարգելուց հետո էլ ա տենց մնում։ Մի խոսքով, հիմա Մայքլն ինձ էր նայում իրա էդ դատարկ, կատաղած հայացքով, ու ես վախենում էի ահավոր։
Նստեցինք գնացք։ Գնում ենք։ Ես ու ինձ գամած մենթը մի կուպեում ենք, Յանան, Մայքլն ու Մայքլին գամած մենթը՝ մյուս։
Էլի խաչբառ եմ լուծում։ Մենթս քնել ա։ Ցերեկով քնել ա։ Ձգտում եմ կամաց հազամ, որ չարթնանա, նա էլ ա մարդ, իրա մոր էրեխեն ա։ Ի՞նչ անենք՝ մենթ ա։ Քնած ոնց որ հրեշտակ լինի։ Մազերը՝ ոսկեգույն, մաշկը՝ սպիտակ, քիթը՝ պուճուր։ Լավիկն ա մենթս։ Մի քսան տարեկան կլնի, ոչ ավել։ Պիցցան վառում ա ստամոքսս։ Ջուր եմ ուզում։ Ո՞նց գնամ, որ սա վեր չկենա։ Կամաց քաշում եմ դուռը, մենթս վեր ա թռնում։ Վախեցած ասում ա՝ էդ ո՞ւր ես գնում։ Ասում եմ՝ ծարավ եմ։ Պիցցան ստամոքսս վառում ա։ Հանում ա մի հատ անտացիդ ա տալիս, ասում ա՝ իմս էլ ա շուշուտ վառում, ծծի կամաց-կամաց բերանիդ մեջ, կանցնի։ Ես հիմա քեզ ջուր կբերեմ։
Անտացիդը օգնեց։ Մենթս նստել, նայում ա պատուհանից մթոմ, իրականում աչքի տակով ինձ ա նայում։ Ես լողացել եմ, սիրունացել։ Մազերս էլ, աստված տվել ա, փարթամ, ուսերիս նստած, գիտեմ, որ սիրուն եմ։ Հիմա աչքի տակով ինձ շոյում ա։ Ես փոքր եմ, հերս ասում ա՝ չամիչ ես։ Առաջ նեղվում էի, որ հասակով փոքր եմ, հետո զգացի, որ բոյով տղերքը ինձ հավանում են։ Երևի էլի բնության խորամանկ խաղերն են, տենց ա անում, որ սերունդը միջին լինի։ Վերջը, երեսունին մոտենալով, ես ինձ հավանում եմ։ Էլ հայելուն չեմ հայհոյում, ու իմ կարծիքով ինչքան հասունանում ա տարիքս, ես էնքան հետաքրքիր փոխվում եմ։ Մենակ կնճիռներ չառաջանան, չչաղանամ-կալաբոկ դառնամ, մնացածը՝ հեչ։ Ես ինձ տասնութ տարեկան եմ զգում միշտ։ Ասում են՝ ոնց քեզ զգում ես, ինչ տարիքի, դա երեսիդ արտատպվում ա։ Մենթը հիմա ուղիղ ա ինձ նայում։ Ամաչում եմ, որ ինձ տենց բացեիբաց վավաշոտ նայում են, վատ եմ զգում։ Նենց եմ զգում, ոնց որ աչքերով շորերս հանում են։ Դե, նայում ա՝ նայի, նայելն էլ հո արգելված չի։ Դուս եկավ, դուռը փակեց վրես։ Հետ եկավ՝ երկու պիվա ձեռը։ Մեկը տալիս ա ինձ, ասում եմ՝ չէ, բա չասեցի՞ հղի եմ։ Հա, ասում ա, գիտեմ, բայց մի պիվեն քեզ ի՞նչ կանի։ Ասի՝ դե լավ, տուր։ Ի՞նչ ա ուզում էս հարիֆը, կարո՞ղ ա, մտածում ա, թե ես մի շիշ պիվից հարբելու եմ ու ինձ կորցնեմ, որ ինքն էլ ինչ ուզի հետս անի՞։ Պիվեն դուրս չի գալիս։ Ինչ հղի եմ, ոչ մի խմիչք դուրս չի գալիս։ Կողք դրի։ Ասի՝ չէ։ Չեմ ուզում։ Ասեց՝ բա ի՞նչ ես ուզում։ Ասի՝ կաթ եմ ուզում։ Ասեց՝ լավ, Տվերում կաթ կառնեմ քեզ համար։ Ասում եմ՝ ի՞նչի ես տենց որոշել ինձ լավ բաներ անես։ Ասում ա՝ մինչև Մայքլին գտնելը չէի հավատում, որ քոնը չի, գիտեի՝ նարկոման ես, բարիգ ես, հիմա տեսնում եմ, որ նորմալ մարդ ես։ Ասի՝ հա, հիմա ի՞նչ, որ նորմալ եմ, ի՞նչ ա փոխվել դրանով։ Դե, բան չի փոխվել, ուղղակի առաջ նայում էի քեզ որպես թափթփուկի, հիմա նայում եմ որպես կնոջ…
Ի՞նչ ասեմ քեզ, տղա։ Մենթ ես ու վերջ։ Մենթերը քաղքենության պահապաններն են, նրանց գաղափարախոսության ու պատկերացումների, նրանց մոլորությունների ու մոլուցքների։ Եթե մի հասարակություն հիվանդ մարդկանց համարում ա թափթփուկ, դու պիտի որ դրա քառակուսին համարես, քո մեղքը չի դա, որ դու մենթ ես, նարկոմանների մեղքն էլ չի ուրեմն, որ նարկոման են։
Ես նարկոման չեմ, բայց հո հասկանում եմ, թե ո՛նց են նարկոման դառնում։ Մուհալ մի անի, տղա, մուհալ անես, նարկոման չես դառնա, բայց ալկաշ հո կդառնաս։ Մի շիշ պիվից կարմրել ես։ Քո հոտդ տենց ա, ալկոհոլի գերի ա։ Կարող ա, ռսների համար նարկոմանիան քայլ առաջ ա։ Եսիմ է, հիմար-հիմար բաներ եմ մտածում։ Մենթիկը իմ պիվեն էլ խմեց ու թսսալեն քնել ա։ Տվեր ա արդեն։ Կաթ էր բերում ինձ էս մինը։ Կարամ հանգիստ դուս գամ, չի ջոկի։ Չէ, չեմ դուս գա։ Մեկ ա, էսօր չէ, վաղը բաց կթողնեն, ասին՝ տաս օր կարանք պահենք առանց մեղադրանք ներկայացնելու։ Մի վեց օրից հո բաց կթողնեն։ Քնեմ ավելի լավ ա։
Հասել ենք, կանչում ա մենթիկը։ Էլի գամում ա ինձ իրան, ու գնում ենք։ Իրիկնացել ա։ Ըստեղ-ընդեղ հարբած ձայներ են լսվում, հռհռոց։ Կայարանի լուսավորվածությունն ուրիշ լուսավորվածություն ա։ Առաջ Բալագոյեով անցելուց միշտ արթնանում էի, նայում լույսերին ու մտածում էի, թե ո՞վ ա ապրում էստեղ, ի՞նչ մարդիկ են, ի՞նչ պրոբլեմներ ունեն… Հիմա Բալագոյեն դառել ա կյանքիս մասը, հանգրվան ա դառել պարտադրված։ Հիմա ես ապրում եմ Բալագոյեում, ՆԳ բաժնի՝ առաջներում ցարի բաղնիք էղած բանտում։
Գնում ենք։ Մենթն ասում ա.
– Եթե ես գտած լինեի էդ խոտը, քեզ կասեի՝ հետս քնի, խոտը կտանեի կթափեի ու քեզ բաց կթողնեի։
– Իսկ եթե ես ասեի՝ չէ՞։
– Ո՞նց կասեիր, խի՞ կասեիր, քեզ համար ավելի լավ չէր լինի՞ ինձ հետ քնես, քան էսքան պատմությունների մեջ ընկնես։
– Ես չէի քնի։
Չի հասկանում՝ ինչի։ Ես սրան հիմա ի՞նչ ասեմ։
– Ես գեշ եմ՝ դրա համա՞ր, կամ էլ մենթ եմ՝ դրա համա՞ր։
– Չէ, գեշ չես, մենթն էլ իմ համար բացասական կերպար չի, մանկությունից հլա մեջս մնացել ա ձյաձյա Ստյոպայի վեհ կերպարը։
– Բա խի՞, հո դու աննորմալ չե՞ս։
– Չէ, ուղղակի չէի քնի, չեմ կարա բացատրեմ, ես էլ չեմ իմանում՝ խի, բայց ես շահի համար ինձ համար օտար մարդու հետ չէի քնի, երևի ես բոզ չեմ՝ դրա համար։
– Դու տարօրինակ տիպ ես։ Ռուս չես դու։
– Հա, ռուս չեմ, հայ եմ։
– Հա, դե պարզ ա էլի, սկզբից ասեիր՝ հասկանալի լիներ։ Գոնոր ունես, ազգային հպարտություն, տիպա հայ ես, բարոյական ես, բոզ չես։
– Չէ, դա հայությունից չի, դա մեջս տենց մի ձող կա, պահում ա, ռուս էլ լինեի, տենց կլներ։
– Չէ, չէր լինի, քեզ տենց են դաստիարակել ուղղակի։
– Ինձ չեն դաստիարակել, ես տենց եմ ծնվել ուղղակի։ Եթե սիրում եմ, մեկ ա իմ համար՝ որերորդ անգամ, որերորդ տղամարդն ա իմ կյանքում, հանգիստ ընդունում եմ նրան գիրկս, հենց չեմ սիրում՝ հանում եմ։ Իսկ առանց սիրելու, տղա ջան, ես չեմ կարա։ Կամ էլ պիտի ինձ կորցնեմ, չհասկանամ ոչինչ, բայց դա էլ ա քիչ հավանական։
Տենց։
Մենթս տարել ա հասցրել ինձ ՆԳ բաժին ու կանգնած չի ուզում, թե ձեռնաշղթան հանի։ Նայում ա երեսիս կապույտ լույսի տակ։ Լուռ նայում ա։
– Ես տենց կին առաջին անգամ եմ հանդիպում, գիտեի՝ սուտ ա, մենակ կինոյում են ասում, որ կա։
– Ի՞նչ կա, ես ուղղակի նորմալ կին եմ։
– Չէ, դու նենց արիր, որ ես հիմա մենակ քեզ նման կին եմ փնտրելու։
– Լավ ա, բայց պատրաստ եղիր, որ ինձ նման կինը քո հետ կլնի, քանի դեռ սիրում ա։ Հենց չսիրեց՝ հանելու ա դուս գցի սրտից, դե սրտից դուս գցելուց մինչև գրկից քշելը մի քայլ ա։
– Հա, համաձայն եմ։ Զատո սիրելուց իմանալու եմ, որ իսկականից ա սիրում։
Մենթի՜կ, մենթի՜կ։ Ես՝ զզվելի, կիսակեղտոտ տրուսիկով, խզող հազով, հղի փորով, իրեք մարդերով, կասկածելի ապագայով, ես ո՞վ եմ, որ պիտի նմանս փնտրես։ Ոնց կուզես, բայց դե երևի առաջի քեզ հանդիպած ղուշը կհանի իմ կերպարը քո ուղեղից։
Կամերաս եկանք։ Էս ո՞վ ա։ Աղջիկ ա քնած։ Մատրասս վերցրել ա, ադյալովս ծածկվել ու քնել ա։ Հիմա ես ի՞նչ անեմ։ Ալո։ Վեր կացավ։
– Բարև։
– Ո՞վ ես։
– Նադյան եմ։
– Սա իմ մատրասս ա, իրեք օր ես ըստեղ երկաթներին եմ քնե, մատրասը էրեկ են տվե, հիմա դու էկել ես ու վերցրել, բա ես որտե՞ղ քնեմ։
– Վերցրու։
Նստել, մտածում եմ, թե ի՞նչ անեմ։
– Լավ, արի միասին պառկենք, բայց զգուշացնում եմ՝ ես աղջիկներին չեմ սիրում, լեսբիանկա չեմ։
– Ես էլ։
– Դե լավ, արի քնենք, վաղը մի հատ էլ մատրաս կուզենք։
Պառկեցինք։ Հոտած չի, մաքուր ա ոնց որ։ Քնենք։ Հազս սկսվեց։ Վեր կացա, ջուր խմեցի, պառկեցի էն մի կառավաթին, յոթ անգամ յոթ շնչեցի, ասեցի՝ հիմա վատ ա, ու ում վատ ա, ես չեմ, հանգստացա մի քիչ ու եկա նորից պառկեցի տեղս։ Քնում եմ ոնց որ։ Վաղը տենամ էս ո՞վ ա։
– Վեր կացեք, աղջիկներ։
Դիման ա։
– Պրիվետ, Դիմա։
– Ո՞նց ես։ Լսել եմ Մոսկվա հաջողված ճամփորդությանդ մասին, ապրե՛ս, շնորհավորում եմ, հիմա հույս կա, որ քեզ բաց կթողնեն։
Ձյաձյա Սյոմայի տված օճառը վերցրի, վեդրոն վերցրի, Նադյային ասեցի՝ էսօր ես եմ թափում, վաղը դու ես թափելու, ասեց՝ օքեյ, գնացինք զուգարան։ Զուգարանի փոքրիկ, խամրած հայելին միակ դեմքս ինձ ցույց տվող տեղն ա։ Դեմք ա, էլի, աչքերիս տակը կապտած, մի տեսակ ուռած դեմք ա։ Բայց դե, ոչինչ, կարար ավելի վատ ըլներ։ Լվացվում եմ, դուս գալիս։ Եկանք կամերա։
– Նադյա, ո՞նց ես ըստեղ հայտնվել։
– Սումկա եմ գնացքի մեջ գողացել, բռնել են։
– Խի՞ ես գողացել։
– Եսիմ, նենց էր դրած, տիրոջից հեռու, ոնց որ ասեր՝ ինձ վեկալ, ես էլ, սաղ պառկել էին քնելու, ասի՝ վերցնեմ, Բալագոյե դուս գամ։ Տերը հագած-կապած մեկն էր, ասի, մեջը լավ բան-ման կլնի։ Ես գող եմ, փոքրուց գողություն եմ անում։ Մարդս հետս էր, բայց իրան չծախեցի։ Ինքը ճանապարհը շարունակեց, համ էլ՝ իմ իդեան էր սումկան գողանալը։ Ես շատ եմ տենց գողացել, մանկական գաղութում նստած եմ էղե մի անգամ, տասնչորս տարեկան էի, որ նստացրին։ Ծնողներս ալկաշ էին, բայց ես վաբշե չեմ խմում, պիվա էլ չեմ խմում, զզվում եմ ալկոհոլից։ Մենակ գող եմ։ Մարդս էլ ջեբգիր ա։ Իրար սիրում ենք, լավ ենք ապրում։ Դե հիմա էլ բռնեցին, էլի, մի երկու տարի կտան, կարող ա նույնիսկ պայմանական տան, եթե սումկի տերը շատ վեր-վեր չթռնի։ Տենց։ Բա դու ո՞նց ես ըստեղ ընկել։
– Գնում էինք փեսացուիս հետ Մոսկվա, հետներս բարիգ կար, իմ կոշիկներն իրա սումկի վրեն էր դրած։ Հետներս վրացիք էին գալիս, էդ բարիգը խմել էր, ոռի ծակը կորցրել, վրացոց մոտ սկսել էր գյառ-գյառ խոսալ, որ ինքը բարիգ ա, խոտ ա տանում, վրացիք էլ ուզել էին ծխելու համար։ Սա էլ տվել էր։ Էդ պոլկի տակից, որ ես հետո պառկել-քնել էի, մեկ էլ տենամ՝ մենթեր եկան, ինձ հանին դուս, բերին ըստե։ Պարզվեց՝ էդ վրացիք տամբուրում ծխելուց են էղե, մենթերը անցնելուց տեսել են, բռնել են, սրանք էլ ասել են, թե ըստեից են մեզ տվե, ու թե ո՞վ ա տվե՝ մենթերը չեն հարցրե, վրացոց բաց են թողե, եկել են իմ տակի պոլկեն քրքրել ու տակիցս հանել են բարիգի սումկեն՝ իմ կոշիկները վրեն դրած… Ու հիմա ես ըստեղ եմ։
– Բա դու չես ասե՞, որ քոնը չի։
– Ասել եմ։
– Հավատացե՞լ են։
– Ոնց որ թե հա, գիշերը տարել էին Մոսկվա, բարիգի տունն էի ցույց տվել։ Վախում եմ՝ բարիգը ինձ խառնի էդ գործին, կորցնելու բան չունի, իրա տանը ցախ են ճարել, չի կարա հրաժարվի էլ, ուղղակի կարա ասի, որ ես իրա հետն եմ եղել, էնքան չարացած ա աշխարհի ու իմ վրա, որ կասի՝ թող նա էլ իմ հետ վարի գնա։
– Դե չէ, չեմ կարծում, դա արդեն ուրիշ հոդված ա։
– Հա, ես էլ եմ դրա վրա հույսս դնում, բայց դե վինտավոյ ա, նորմալ մարդ չի, անկանխատեսելի բաներ կարա անի։
– Կարծում եմ՝ չի դիմի տենց ռիսկի։
– Տա՛ աստված։
– Լավ կլնի ամեն ինչ, մի մտածի, քո վրից էրևում ա, որ դու բարիգ չես։ Ես զարմանում եմ, որ մինչև հիմա քեզ կարողացել են ըստեղ պահեն։
– Գրանցում չունեմ, դրա համար էլ կարողացել են պահեն։
– Քո կյանքը պիտի լավ դասավորվի, դու լավ մարդ ես, ուրիշը մատրասը ձեռիցս կառներ, իսկ դու կիսեցիր քո կոմֆորտը ինձ հետ։
– Եթե էդպիսի բաներով կյանքի որակ որոշեր նախախնամությունը, ես հիմա Ռոկֆելլերի հարսը պիտի ըլնեի ու Ռիչարդ Գիրի կինը։ Փոխարենը նստած եմ էս բանտի ծաղր տեսակում։ Դու էլ պիտի լավ կյանք ունենաս, Նադյա։
– Չէ, ես գող եմ, իմ հոգին գողի հոգի ա, գողությունը իմ համար բացասական բան չի, գոյատևելու հնարավորություն ա։ Ես մասնագիտություն չունեմ, իմ աշխարհը գողական աշխարհն ա, քոնը դա չի, քոնը բարեկեցությունն ա։
– Չեմ կարծում։ Ես վանեցի ինձնից խաղաղ, հանգիստ, քաղքենաբարեկեցությունը առաջին ամուսնությանս վախճանի հետ միասին, ընտրեցի որոնումների ուղին, իսկ դա հայտնի չի, թե դեռ ուր կարա տանի։
– Ո՞ւր պիտի տանի։ Կծեփես մի որոշ ժամանակ ըստեղին-ընդեղին ու էլի հետ կգնաս քո նախկին կյանքին։ Քո ճակատին գրած ա, անզեն աչքով էրևում ա, դու կյանքի հատակի բնակիչ չես։
– Ես վաղուց դադարել էի կյանքը բաժանել հստակ առանձնացվող մակարդակների՝ բարձրահարկերի ու նկուղների։ Իսկ էստեղ գտնվելուց հասկացա, որ իմ համար կյանքը հիմա մի ակնթարթ ա դառե, ոչ մի հավերժ բան չկա, ամեն ինչ փոփոխական ա, դրա համար կարևորը մենակ ներկայով, էս ակնթարթի մեջ ինքանբուխ ապրելն ա։ Էսօր դու գող ես, վաղը փոփ-աստղ ես, մյուս օրը՝ պառավ տատիկ, հետո մեռնելու ես, ու ոչ գողական կյանքն ես հետդ տանելու, ոչ՝ աստղային առօրյադ, ոչ էլ՝ թոռներիդ։ Հիմա ես չեմ ձգտում ոչ բարեկեցության, ոչ անձնական երջանկության։ Ձգտում եմ մենակ սրտամտահոգուս խաղաղությանը, որ կարողանամ նույնիսկ սենց ահավոր անախորժության մեջ ինձ կոմֆորտով զգամ։ Եթե լինեի նվազ հանգիստ, հիմա հիստերիայից ու համայն աշխարհի նկատմամբ կատաղությունից մեռած կլինեի։ Նենց որ, Նադյա, չկա ո՛չ բարեկեցություն, ո՛չ կարիք, ո՛չ կյանքի վերևներ, ո՛չ կյանքի հատակ։ Դու ես որոշում, թե ուր ես գտնվում։ Ես մարդիկ գիտեմ, որ չքավորության մեջ էնպես երջանիկ են, որ ամենահարուստն անգամ կնախանձեր։ Այ տենց։ Դուրս գամ ըստեղից, կձգտեմ ոչ մեկին վնաս չհասցնեմ, ինչով կարամ՝ օգնեմ, թե կարամ՝ երջանիկ կլինեմ, թե չէ՝ ուրեմն ուղղակի կլինեմ։
Ճաշ են բերել, կանչում ա Դիման։
– Էս ձեզ ջուր, լվացվեք բանտային արքայադուստրերս։
Դիման հետաքրքիր տիպ ա։ Մենթ։ Դիման հիմա ա մենթ։ Հետո կարող ա Ձմեռ Պապ լինի։ Կամ էլ՝ Դալայ Լամա։
Վասյան պատուհանիկը բացում ա, ասում՝ բարև ձեզ, ու մեկնում ա թասերը։ Թասերում տուշոնկայի հոտ եկող սուպ ա, վերմիշելով։
– Վասյա, ես Մոսկվա եմ գնացե-էկե։
– Հա, գիտեմ, դու մեզ համար ըստեղ տեղական տեսարժան վայրի նման մարդ ես դառել։ Սաղ քեզ գիտեն, քո մասին են խոսում, հետևում են գործի ընթացքին, հոգեբանական ճնշում են գործադրում հետաքննության վրա։
– Է՜հ, Վասյա, համա թե ասիր, շուտնիկ։
– Հա, ճիշտ եմ ասում, սաղ կայարանամերձ տերիտորիան էս գործի մասին ա խոսում, գիտես թե Բալագոյեում շա՞տ ա սենց բաներ լինում։ Մեկ էլ պատմում էին, թե մի հինգ տարի առաջ ոնց էին մի ինտերպոլի ռոզիսկի տակ գտնվող ռեցիդիվիստ բռնել։
Օպա, իմ գործը դառել ա համաշխարհային հետապնդման տակ գտվող ռեցիդիվիստի գործի համահավասար գործ։
– Հիմա դա լա՞վ ա, թե՞ վատ։
– Դե, ոչ լավ ա, ոչ վատ, Լյուսյա, ուղղակի աղմուկն ա համահավասար։ Ըստեղ քեզ համակրում են, մարդկանց մեղքն ես գալիս։ Օլեգն էլ, էն ջահել մենթը, որ Մոսկվա էր տարել քեզ, ըստեղ-ընդեղ պատմում ա, որ յուրօրինակ կին ես։ Ասում են՝ պիտի բաց թողնեն քեզ։ Ուղղակի երկու կիլո խոտ գտնելը ըստեղ հազվադեպ հաջող օպերացիա ա, Նենց որ, համբերի, քո էդ ծանոթին եթե կարան նստցնեն, քեզ բաց են թողնելու։
– Մերսի, Վասյա։ Երկրորդը լցրու սաղ իմ հոգեպահուստ թասի մեջ, մենք հետո կուտենք։ Ձվածե՞ղ։ Քա՞ղցր։ Տենց բան էլ չէի տեսել։
– Հա, համով ա, կուտես՝ կտենաս։
– Դե լավ, ապրես, Վասյա։
– Խնդրեմ, Լյուսյա, հաջող քեզ։
– Քեզ էլ, ապեր։
Նադյան ինձ ա նայում ու ժպտում ա։ Մազերը դարչնագույն, կարճ կտրած, քիթը փոքրիկ, ուղիղ ու սուր ծայրով, տղայավարի, փոքրիկ կրծքերով, միջին հասակով աղջիկ ա Նադյան։ Ոչ սիրուն ա, ոչ գեշ։ Ոչ մի ձևի չի։ Տպավորությունը նենց ա, որ թափանցիկ ա, ավելի ճիշտ՝ դատարկ։ Ի~նչ կյանք ա ունեցե, որ դատարկ չլնի։ Ալկաշ ծնողներից փախած, փողոցում մեծացած, տասնչորս տարեկանում գաղութ ընկած, գողական կյանք ա ունեցե Նադյան։ Ես տենցների հետ չեմ առնչվել երբեք։ Գող ա, բայց դե մարդ ա։ Վատն էլ չի ոնց որ։ Տենաս՝ գլխում ի՞նչ ա կատարվում հիմա։
– Նադյա, բա որ ինձ նստացնե՞ն։ Ես գաղութում կսատկե՞մ։
– Չէ՜, ի՞նչ ես ասում, դու ընդե հարգանք, պատիվ կվայելես։ Գաղութում խտացված են մարդկային բոլոր արատներն ու առավելությունները, էնտեղ շատ սուր ես զգում, թե ով ա բարի, ով՝ չար, ով կտա իրա հացի կեսը, ով կպահի՝ թաքուն ուտի։ Դու որ ինձ հետ մատրասդ կիսեցիր, դու գաղութում շատ լավ կապրես։
– Դե լավ, մերսի։ Բա որ բարիգին ծախե՞լ եմ։ Դա ո՞նց կընդունվի քրեական աշխարհի կողմից։ Ինձ չե՞ն քարկոծի, չե՞ն ասի՝ ստուկաչ։
– Դե քո հանգամանքներում չեն ասի։ Դու հղի ես, քո ու քու երեխու մասին պիտի մտածես, համ էլ՝ եթե էդ բարիգդ քեզ ըստեղ լավ նայած ըլներ, իսկ դու՝ իրան ծախած, էդ վախտ հլա կարող ա ինչ-որ բան-ման ասեին, իսկ որ նույնիսկ զուգարանի թուղթ ու ատամի չոտկ չի քեզ ըստեղ հասցրել, կասեին՝ լավ ես արել, ծախել ես։ Արխային, դու գաղութում չէիր կորի։ Ընդե հետաքրքիր մարդիկ շատ կան, քո մտածելակերպի էլ են հանդիպում։ Ընդեղերք լինում ա՝ մարդիկ դառնում են ուժեղ հավատացյալ, տարբեր կրոնների, եհովական են դառնում, կամ բատյուշկի մոտ են գնում, մեկն էլ հա մեդիտացիաներ էր անում ընդե, գրքեր էր կարդում։ Տուվինկա էր։ Իմացանք, որ դառել ա մոնաշկա Բուրյաթիայի ինչ-որ բուդդայական վանքում։ Գաղութը լավ մարդուն ավելի ա լավնացնում, վատին ավելի ա վատացնում։ Դե միջիններն էլ, որ ոչ մի տեսակ չեն, դատարկ ու փուչ են, ըստեղից ընդեղ են ծեփում։ Դրանք ամենաահավորն են։ Դրանք են ծախում սաղին, հաց թաքցնում, տեղական բոզ դառնում։
– Հա, Նադյա, բայց ես գիտեմ, որ գաղութում լեսբիանկա շեֆ կտրածները սեքսուալ ագրեսիա են անում։
– Հա, անում են, բայց եթե քեզ ճիշտ ես պահում, հասկանում են ու էլ չեն կպնում քեզ։
– Ո՞նց պիտի ճիշտ պահես։
– Պիտի կոպիտ չլնես, չնայես վերևից ու մի տեսակ զզվանքով կամ արհամարհանքով։ Գաղութում լեսբիական սերը միակ լուսավոր պահն ա։ Լինում են նենցերը, որ ուժեղ սեր ա լինում իրանց միջև։ Բայց դրանք ագրեսիվ չեն, ագրեսիվ են նրանք, որ կատաղությունն են սեքսուալ ստորացման ենթարկելով նորեկների վրա թափում։ Ուղղակի, որ զգում ես մոտենում են, միանգամից ասում ես, որ կուզեիր, բայց չես ուզում վարակես, քանի որ տրիխամոնոզ ունես։ Ու վերջ։ Դե դու հղի ես, քեզ բոլորովին էդ հարցով չեն կպնի։
– Դե լավ ա, ուղղակի ես զզվում եմ կանանցից։ Միասեռ սիրո երևույթից չեմ զզվում։ Ֆիզիկապես զզվում եմ։ Կեղտոտ կին ավելի շատ կա, քան՝ կեղտոտ տղամարդ։ Կնոջ կառուցվածքն ա տենց։ Իսկ գաղութում հո իդեալական հիգիենա չի՞ կարա լինի։
– Հա, ճիշտ ես ասում, ամեն մարդ չի, որ իրան մաքուր ա պահում տենց տեղ։
– Լավ ա, որ դու ըստեղ ես։ Չէ, լավ չի իհարկե, որ բռնվել ես, ուղղակի հիմա լավ ա իմ համար, որ ես մենակ չեմ, գժվում էի մենակությունից։ Ասա Դիմային, թող էն պրապորին ասի՝ քեզ մատրաս ու ադյալ տան։
– Հա, մոռացել էի ասեմ։
– Դիմա՜, Դիմա՜։
Դիման պատուհանիկը բացեց, ասեցինք, գնաց, հետ եկավ պրապորի հետ՝ մի մատրաս ու ադյալ ձեռներին։
– Օ՜ֆ, լավ ա, գոնե տվին շուտ, նենց վատ ա, Նադյա, էս երկաթի կառավաթներին առանց մատրասի, ես դրանց վրա եմ մրսել, սենց հազ ա բռնել։ Ասել էին՝ բժիշկ են կանչելու։
– Դիմա, բա ինձ բժիշկ պիտի կանչեին։
– Հա, հայտ են գրել, պիտի գա։ Հիմա հավաքվի գնա քննիչի մոտ, կանչում ա։
Գնում եմ։
– Բարև ձեզ, Ալեքսանդր Անատոլյեվիչ։
– Բարև ձեզ, նստեք։
– Հիմա ինձ բաց կթողնե՞ն։
– Ոչ, գործը այլ ընթացք ա ստանում, Մայքլն ասեց, որ դա ձերն ա, իրանը չի։
– Բա իմ փեսացուի տված ցուցմունքները հաշվի չեն առնվո՞ւմ։
– Ոչ, նա քո փեսացուն ա, նա կարա քո դեմ ցուցմունք չտա։
– Բա հիմա ի՞նչ ա լինելու։
– Վաղը առերեսում ենք անելու ձեզ ու Մայքլին։ Նա ասել ա, որ դուք նարկոման եք ու որ եկել եք իրանից փող եք պարտք արել, որ խոտի բիզնես անեք, նա ձեզ փորձել ա համոզի, որ պետք չի, դուք պնդել եք, ու նա ձեզ փող ա տվել։
– Բայց դա զառանցանք ա, դուք ինձ տեսնում եք, ես նարկոմանի նմա՞ն եմ։
– Չէ, իմ կարծիքով նման չեք։ Բայց ես կարող եմ սխալվել։
– Գիտեք ի՞նչ, ես չէի ուզում դրա մասին խոսալ, քանի որ դա գործին չի վերաբերում, բայց հիմա կասեմ, որ նարկոմանը Մայքլն ա։ Վինտավոյ ա, գիտեք՝ ի՞նչ ա վինտավոյը։
– Հա, կուրսի եմ՝ ինչ ա։ Բայց հիմա ձեր խոսքն ա Մայքլի ու Յանայի խոսքի դեմ։
– Յանան է՞լ ա ասում, թե ես նարկոման եմ։
– Հա, ասում ա։
– Բա ես հիմա ի՞նչ անեմ։
– Հիմա տվեք մի քանի մարդու անուն, որոնք կարող են հաստատել ձեր վարած կյանքի ոճը։
– Բայց իմ կյանքի ոճն ի՞նչ կապ ունի էս երկու կիլո խոտի հետ։
– Դե, բարոյական կերպար ա, ունի։
– Դե կասեմ։
Ու տվի մի քանի հոգու անուն Պիտերում ու Մոսկվայում։ Նրանք իմ ընկերներն են, նրանք կարան հաստատեն, որ ես նորմալ մարդ եմ, ոչ նարկոման եմ, ոչ էլ՝ նարկոտիկ վաճառող։
– Դե լավ, ձեր առողջությունը ո՞նց ա, հարևանուհին հո չի՞ նեղացնում ձեզ։
– Չէ, ինչ եք ասում, ընդհակառակը, ընկեր ա ինձ, զրուցում ենք, մենակ չեմ, համենայն դեպս։ Իրան ի՞նչ են անելու։
– Չգիտեմ, նրա քննիչն ուրիշ ա։
– Վատը չի, մոլորված էակ ա, կյանքն ա գող սարքել իրան։
– Կյանքի վրա սեփական մեղքերը սաղացնելը հեշտ ա, ինչի՞ կյանքը ինձ գող չի սարքել։
– Ձեզ էլ քննիչ ա սարքել, էլի։
– Ուզում էիք ասել՝ մե՞նթ։ Ասեք, ես սովոր եմ։ Ես ինքս եմ ընտրել իմ ուղին, ինչպես մյուսներն՝ իրենցը։ Մանկուց ուզել եմ քննիչ դառնալ ու դառել եմ։
– Ո՞ր թվի ծնունդ եք։
– Վաթսունյոթ։
– Ես էլ՝ վաթսունութ։ Մի սերունդ ենք։
– Հա, մի սերունդ ենք, Մայքլն էլ ա մեզ հետ մի սերնդից, նա էլ վաթսունվեց թիվ ա։
– Ընտանիք ունե՞ք։
– Հա, կին ու մի աղջիկ ունեմ, վեց տարեկան։
– Իմն էլ յոթ ա, երկրորդ դասարան ա արդեն երևի գնում, պիտի Մոսկվա հասնեի, ու ուղարկեին ծնողներս, որ դպրոց գնար, էն էլ ըստեղ հայտնվեցի։
– Դե լավ, մի հուսահատվեք էդպես, ամեն ինչ լավ կլինի։
– Դե ձեր ձեռն ա, կուզեք՝ լավ կլինի, կուզեք՝ վատ։
– Ոչ, էդպես չի, պիտի համեմատվեն ցուցմունքները, պիտի առերեսումներ արվեն։ Այ, եթե ձեր ընկերներից կարողանային գան ըստեղ ցուցմունք տային ձեր օգտին, ասեին, որ Մայքլը վաճառող ա իրոք, դա ձեզ շատ կօգներ։ Նամակներ գրեք նրանց, մենք վաղը ցրիչների միջոցով Մոսկվա ու Պիտեր կգցենք փոստարկղերը, իրիկունը կամ մյուս օրը կհասնեն։ Երկու օրից եթե գան, ցուցմունք տան ձեր օգտին, ձեզ համար շատ դրական կլինի։
– Հա, հիմա գնամ գրեմ, կտամ Դիմային։ Դիման ձեր ամենալավ ախրաննիկն ա։ Շատ լավ տղա ա։
– Հա, լավն ա, հայրը իմ ընկերն ա։ Երկու տարի ա՝ տալիս ա բժշկական, կոնկուրսից դուրս ա մնում, ըստեղ ստաժ ա հավաքում։ Հիմա երիտասարդները, եթե զբաղմունք չունեն, ռիսկի խմբի մեջ են մտնում իսկույն։
– Ես էլ ասեմ՝ ինչի ա տենց մարդկային։ Բժիշկ ա դառնալու, լավ բժիշկ։ Պարզ ա հիմա։ Դե լավ, գնամ նամակներ գրեմ։
– Ցտեսություն։
– Ցտեսություն։
Կամերաս հլա մաքուր ա։ Նենց եմ ինձ զգում, ոնց որ թե կամերան իմս ա, Նադյան էլ ինձ մոտ ա եկել մի երկու օրով։ Կարո՞ղ ա՝ Նադյան ներդրված ա։ Որ ինձանից ինֆորմացիա հավաքի։ Կարող ա, ամեն ինչ էլ կարող ա։ Դե, մեկ ա իմ համար, ես թաքցնելու բան չունեմ։ Եկա, պատմեցի Նադյային քննիչի ասածը։ Նադյան ասում ա՝ չեն գալու ընկերներդ։ Ասում եմ՝ գալու են, ես իրանց շատ եմ օգնել, ամեն մեկին՝ յուրովի։ Տենց չեն վարվի ինձ հետ, հո իրանց ծուլության կամ անկապ վախի պատճառով չե՞ն թողի, որ ես հղի-հղի խալխի խոտի համար բանտ նստեմ։ Չէ, չեն թողի։ Գրեմ։ Գրեմ Պլաֆոնիչին, Կատյային, Տանյային, Տանյան հաստատ կգա, Տանյային ես պահել եմ, երբ ուտելու բան չի ունեցել։ Տանյայի հերը Տուվայի ավտոնոմիայում դեպուտատ ա, գալիս ա մթոմ աղջկան Պիտերում տեսնելու, փող բերելու, դրա փոխարեն սաղ փողը տալիս ա արաղի, աղջկան թողնում սոված… Տանյան էլ լացելով իմ տուն էր գալիս, մոտիկ էր ապրում, ասում էի՝ բան չկա, մի լացի, դու ինստիտուտիդ մասին մտածի, մի ավել աման ճաշ ա էլի, ըստեղ կուտես։ Կատյայի հետ էր ապրում, հիմա Կատյան Մոսկվայ ա տեղափոխվել, Տանյան մնացել ա մենակ։ Ո՞նց ա ապրելու։ Մի հատ սիրած ուներ, կարող ա նա օգնի։ Լավ աղջիկ ա, խելոք, սիրուն։ Նա հաստատ կգա, որ իմանա ինձ հետ սենց բան ա պատահել։ Դենիսն էլ կգա։ Դենիսին օգնել եմ, երբ հալված-մաշված, լոմկեքի մեջ, պիվեն ձեռը եկել էր մոտս, թե՝ մեռնում եմ, փող պարտք արա հարևաններիցդ, տուր գնամ դոզա առնեմ։ Ես էլ արաղ էի առել, բերել խմցրել, քնացրել էի։ Հետո մի շաբաթ կողքից չէի հեռանում, մինչև լոմկեն պրծավ։ Հիմա աշխատում ա, մի հատ լավ աղջկա հետ ա ընկերություն անում՝ Ժենյա անունով, ազնվական ծագում ունի Ժենյան Մալախովա ա։
Էլ ո՞ւմ գրեմ։ Դե Յուլյան չի կարա գա, աշխատանքի ա միշտ ու փոքր երեխա ունի։ Տրուբաչն էլ կգա։ Դե ո՞վ չի գա որ… Սաղ էլ կգան։ Ես ինքս իմ գլուխը չեմ գովում, ուղղակի սթափ թվարկում եմ լավ ու վատ գործերս, դառնում ա, որ լավը շատ ա։ Դա նորմալ ա։ Ես ինձ լավ եմ զգում, երբ օգնում եմ մարդկանց։ Դա իմ կայֆն ա։ Ու ամենակայֆը նա ա լինում, երբ մի լավ բան ես անում ու՝ անանուն։ Տեսնում ես՝ ոնց ա մարդ ուրախանում, ման ա գալիս իրա բարերարին ու մտածում ա, թե ո՞վ կլինի։ Դու էլ հեռվից նայում ես ու կայֆ ես ստանում։ Ես պահանջ ունեմ մարդկանց օգնելու։ Տենց ծնվել եմ։ Որ պետքական չեմ զգում ինձ, դառնում եմ մոլախոտ ու ուզում եմ թե մեռնեմ։ Էգոիզմ ա։ Լավություն անես քեզ լավ զգալու համա՞ր։ Բայց վնասակար էգոիզմ չի։ Ինչևէ, համարում եմ, որ ես վատ մարդ չեմ ու երևի թե արժանի եմ, որ իմ նեղն ընկած տեղս մարդիկ էլ ինձ ձեռք մեկնեն։ Եսիմ, տենց ա թվում ինձ։ Գրեցի։ Մի հատ էլ գրեմ Պիտերի հայկական եկեղեցի։ Ընդեղ էլ են ինձ ճանաչում, հո եկեղեցին իրա թեմի անդամին չի՞ հրաժարվի օգնել։
Վերջ։ Գրել եմ հակիրճ, երեք-չորս նախադասությամբ, որ սենց-սենց, թյուրիմացություն ա կատարվել, հարկավոր ա ձեր ցուցմունքը այն մասին, որ ես օրենքը հարգող քաղաքացուհի եմ, նարկոման չեմ։ Հակառակ դեպքում, իմ հետաքրքիր վիճակում, ասել ա թե՝ հղի, ինձ սպասվում ա բանտ չորսից ութ տարի՝ 228 հոդվածի համաձայն։ Հասկանալի ու հակիրճ։ Կգան։ Հաստատ կգան։
Հազս։ Բժիշկն ո՞ւր ա սրանց խոստացած։
– Դիմա։
– Հա, ասա։
– Դիմա, ախր վատ եմ, բժիշկն ո՞ւր ա։
– Եսի՞մ, կանչ ենք գրել, պիտի գա, էլի։
– Ախր մութ ա երևի արդեն, չէ՞։
– Հա, ժամը ինն ա։
– Դե էլ չի գա։
– Հա, չի գա երևի թե։
– Դիմա, դու բժիշկ ես ուզում դառնաս, չէ՞։
– Հա, ուզում եմ, երկու տարի ա տալիս եմ, չեմ ընդունվում։ Եկա միլիցիա, որ բանակ չտանեն, հետո կտամ վայեննի մեդիցինսկի ակադեմիա։
– Հա, տուր, ընդե լավ են սովորացնում, իմ նախկին ամուսինս ընդեղ ա սովորել ավարտել։
– Բա խի՞ եք բաժանվել։
– Որովհետև ես իրան էլ պետք չէի, էլ ավարտել էր, հիմա լենինգրադկա էր պետք պրապիսկայով, որ մնա Պիտերում։
– Հա՜, հասկանալի ա։
– Հա, Դիմա, բա ես հիմա ի՞նչ անեմ, ախր հազս սպանում ա։
– Դե, պիտի խորխաբեր խմես, Սոլուտանն ա լավ։
– Թու, հիմա հենց Սոլուտանի անունն էր ինձ պակաս, վինտի հետ ա ասոցիացիա անում Սոլուտանը, Դիմա։
– Հա, բայց դե Սոլուտանը ստեղծվել ա, որ խորխ բերի, ոչ թե՝ պրիխոդ, Սոլուտանն ի՞նչ մեղավոր ա, որ իրան տենց բռնաբարում են, փոխում գործունեության ասպարեզը։
– Հա, ճիշտ ես ասում, Դիմա, ատոմն էլ էին ստեղծել խաղաղ նպատակներով, վերջը Հիրոսիմա-Նագասակի դառավ։ Բա փող չունեմ, Դիմա։
– Ես կառնեմ, կբերեմ։ Ու՛փս, չէ, չեղավ, չի կարելի քեզ Սոլուտան, հղի ես, դե լավ մի ուրիշ, ավելի մեղմ բան կբերեմ։ Խոտերից սարքած։
– Լավ, կբերես, հիմա մի քիչ տաք ջուր բեր, լվացվեմ։
– Նադյա, դու ուզո՞ւմ ես լվացվես։
– Եսիմ։
– Ո՞նց թե եսիմ, կամ ուզում ես կամ չես ուզում, ասա, շուշուտ։
– Բա լվացվեմ ի՞նչ հագնեմ, փոխնորդ տրուսիկ չունեմ։
– Ոչ մի բան էլ մի հագնի, ես քո կարծիքով հինգ օր ա ըստեղ կեղտոտ քամակով նստա՞ծ եմ։
– Դե լավ, ուզում եմ։
Բերեց Դիման։
– Լվացվի, Նադյա, հետո էլ ես։
Հանվում ա Նադյան։ Ինչ նիհար ա՜, ոնց որ տասնիրեք-տասնչորս տարեկան լինի, քամակը մի բուռ ա։ Տենաս՝ ի՞նչ ա կատարվում սրա գլխում, խի՞ ա գողություն անում ու համարում, որ դա նորմայ ա։ Մեղք ա։ Լավ ա գոնե, որ չի խմում։ Ի՞նչ անեմ, ո՞նց կարամ սրա ուղեղամտածուքը մի քիչ շեղեմ։ Կարող ա ներդրված ագենտ ա, էդ դեպքում իմ միջամտության կարիքը չունի, լավ էլ խաղում ա։ Մենթի քածը։ Դե մենթի քած ա, թե քած չի, հիմա իմ ամենամոտ մարդն ա։ Մեղքն իրա վիզը, եթե տենց ա։ Ես իմս կանեմ, թող ոնց ուզում ա դասավորվի հետո։ Լվացվում ա։ Ամաչում եմ նայեմ։ Ես ծննդատանն էլ էի ամաչում նայեմ սափրված չուրերին, ընդե լրիվ անամոթաբար ստիպում էին բացել, տրուսիկ հագնել չկար, սաղ տկլոր էին։ Երեխու տակաշորերից թաքուն տրուսիկաձև մի բան էինք սարքում, կապում մեզ, որ մարդ զգանք։ Մարդու չուր որ բաց ա, մարդ իրան անպաշտպան ա զգում։ Ինչ կոմպլեքս կար, երեխա բերելուց հետո վերացավ։ Հիմա Նադյայի չուրին չեմ կարում նայեմ, համ հետաքրքիր ա, դե ուզում ես իմանաս էլի՝ իրանը ո՞նցն ա, ուրիշինը ի՞նչ ձևի ա, քարի դարի ժառանգությու՞ն, էդ տեսակի հետաքրքրասիրություն։ Պրծավ Նադյան։
-Դիմա, էլի բեր ջուր։
Բերեց։
Ես չեմ ամաչում։ Նադյան էլ չի նայում։ Իմ՝ գնացքից բերած ժուռնալն ա կարդում, ես էլ շրջվել եմ մեջքով ու լվացվում եմ։ Տրուսիկս լվացի, ձեռիս ֆռռացնում եմ։ Նադյան նայում ա ու ծիծաղում։
– Ի՞նչ ես անում։
– Չորացնում եմ։ Թե չէ երկու օր չորանալու ա։ Դու էլ տենց արա։ Տրուսիկդ չե՞ս լվացե։
– Չէ, չեմ ուզում, վաղը մարդս պերեդաչա ա բերելու մեկ ա։
Տարօրինակ ա, սրա մարդը Մոսկվա չի՞ բա։ Դե լավ, մենթի քած ես, թե քած չես, մեկ ա։
– Լյուսյա, քեզ պերեդաչա են բերել։
Տենաս ո՞վ ա բերել։
– Դիմա, ո՞վ ա բերել։
– Ասեց՝ փեսացուն եմ, բայց էն Պաշան չի։ Հիմա փեսացուդ որն ա, հը՞, Լյուսյա։
– Դե եսիմ է, Դիմա, երևի ամեն մեկը յուրովի փեսացու ա։
– Տիպն ես, Լյուսյա, դու։ Պստիկ ես, բայց ճստիկ ես։
– Հա, Դիմա, տենց ա։
– Հա, ի միջիայլոց, գիտե՞ս, որ քո Պաշային բաց են թողել երկու օր առաջ։
– Ո՞նց։ Ե՞րբ։
– Երբ քեզ Մոսկվա էին տանում։ Հերն էր եկել հետևից։ Եկավ, տարավ։
– Բա՞ ես։ Բա ինձ խի՞ չտարավ։
– Քեզ տարել էին Մոսկվա։
Շանորդիք։ Իմանալով են տենց արել։ Պաշային երևի ասել են, թե ինձ բաց են թողել արդեն…
– Դե լավ, տու պերեդաչաս, Դիմա։
– Հիմա, ստուգում են ԿՊՊ-ում։
– Նադյա, Տրուբաչս ա, պերեդաչա ա բերել, ես իրան լքել եմ, ինքն ինձ պերեդաչա ա բերել։
– Դիմա։
– Ասա։
– Իմ Պաշան չի՞ կարա ինձ պերեդաչա բերի։
– Չէ, չի կարա, ռասպիսկա ա տվել, որ Մոսկվայից դուրս չի գալու։
– Օքեյ։
Բերել ա Դիման պերեդաչաս։ Մի տաս հատ իրեք րոպեանոց վերմիշել ա, հատիկավոր չայ ա, զուգարանի թուղթ ա, շաքար ա, կոնֆետ ա, պանիր ա, երկու հատ խտո, երկու բուխանկա դարնիցկի հաց ա, մի բլոկ «Դալլաս» սիգարեթ ա, տաք շորեր ա, իմս չեն, հավաքել ա երևի ըստեից-ընդեից, բայց լավ տաք են, լավ ա, հիմա չեմ սառի գոնե։ Բայց տրուսիկ չկա։ Է՜հ, Տրուբա՜չ, Տրուբա՜չ, բա չե՞ս մտածե, թե ես ոնց եմ մի տրուսիկով ըստեղ ապրում… Դե լավ, տղայ ա, չի հասկացե։ Բայց ես պերեդաչի հենց տրուսիկի համար էի սպասում։ Ատամի չոտկ ա ու կոլգեյթ, մի հատ էլ օճառ…
Պերեդաչա։ Էս էլ ունեցա։ Լավ ա։
– Դիմա, մի տաք ջուր տուր, վերմիշել ուտենք։
Լցրել եմ թաքուն թասի մեջ, տաք ջուրը վրեն լցրել, վերմիշելն ուռել ա, համեմունքը ցանում եմ վրեն, փոքր տոպրակի միջի յուղը լցնում վրեն… Համո՜վ… Նստել ուտում ենք։
– Նադյա, կյանքը լավ բան ա, չէ՞։
– Դու տիպ ես, հա։ Բանտի ծակումն էլ ես ասում, թե կյանքը լավ բան ա։
– Հա, բա լավ ա, բա ի՞նչ ա։ Պետությունը սաղ կյանքում իմ մասին չի մտածել, չի հոգացել, հիմա հոգում ա, կռիշ ունեմ գլխավերևս, կերակրում են… Երկու փեսացու ունեմ մեկի տեղը, ընկերներս շոր-մոր են հավաքել-ղրգել, գնահատում են ինձ, սիրում են։ Ի՞նչ բողոքելու բան ունեմ։ Դե հիմա որ ըստեղ եմ, իմ հիմարությունից ա։ Կոշիկներս տվեցի հիմարաբար Մայքլին, պառկեցի պոլկին՝ իմանալով, որ տակն ինչ ա դրած։ Խելոք լինեի, մի քիչ երկար մտածեի՝ հիմա ըստեղ չէի լինի։ Ես եմ մեղավոր։ Դե լավ կլնի, էլի։ Շատ, շատ մի շաբաթից բաց կթողնեն, հենց ընկերներս գան ցուցմունք տան իմ օգտին, հայկական եկեղեցուց էլ մի թուղթ կուղարկեն, ու վերջ, կպրծնի իմ բանտապատմությունը, ես էլ դասեր եմ քաղել սրանից, ոչ մի բան կյանքում հենց նենց չի լինում, ամեն ինչ իրա տեղին ա կատարվում։ Պիտի կարողանաս կյանքի դասերը տեսնես, հասկանաս տողերի արանքում։
– Դե տենց լինի, չուզողն էլ ես լինեմ։
– Հա կլինի, Նադյա, անպայման կլինի։ Իմ Սասունցի Դավիթս բանտում ծնվելու համար չի ցրցամ տրվել, նա մեծ մարդ ա դառնալու։
– Հա, թող լինի, Լյուսյա։
– Ծխենք, քնենք հետո, Նադյա, հա՞։
– Հա։
Քնում ենք։ Հազս մի քիչ ոնց որ թեթևացել ա, թե շնչելն ա օգնել, թե խտոն, նաղդի մի քիչ լավ ա։
Ամա՜ն, էս ի՞նչ ցավ ա, ի՞նչ ծակոց ա, աջ կողքս վեր ա թափում։
– Նադյա, վեր կաց, մեռնում եմ։ Նադյաաաա։
Նադյան վեր ա թռնում տեղից։
– Դիմա, Դիմա, Լյուսյան վատ ա։
– Ի՞նչ ա եղել, Լյուսյա։
– Դիմա, կողքս ծակում ա ահավոր, մեռնում եմ, շտապ օգնություն կանչի։
– Չի գա շտապ օգնությունը ըստեղ, Լյուսյա։
– Կգա, կանչի, ասա՝ հղի ա, կգան։ Վայ, ինչ անտանելի ցավ ա։
Եկավ շտապ օգնությունը։ Մի կնիկ ա։ Ասում եմ՝ կողքս թափում ա։ Ասում ա՝ դեղնախտ տարե՞լ ես։ Հա, տարել եմ, յոթ տարեկան հասակում։ Բայց բուժվել եմ ու մինչև հիմա բողոքներ չեն եղել։ Դե, էդ կողմին լյարդդ ա։ Բեր մի հատ նոշպա անեմ, բայց վաղը անպայման ասա՝ քեզ բերեն պոլիկլինիկա ստուգվելու, անալիզ պիտի տաս, տենանք՝ լյարդիդ վիճակն ինչ ա։
Սրսկեց, բաց թողեց մի քիչ։ Բայց նվվում ա։ Դիման դուռը թողել ա բաց, նստել ա կողքս ու գլուխս շոյում ա։ Բախտս բերել ա էս բանտի ախրաննիկների կողմից։ Վաբշե ես բախտավոր եմ երևի։ Կարար Դավիթը դանակը մի քիչ կողք շպրտեր, կմտներ քունքիս մեջ, ու մեռած կլինեի արդեն։ Կարայի Տրուբաչին չհանդիպեի ու կմեռնեի անորոշ հիվանդությունից, բժիշկները չէին կարում հասկանան, թե ինչ ա կատարվում հետս, ռոյես հիսուներկուս էր, բայց ոչ մի տեղ ոչ մի բան չկարացին ճարեն։ Ատամիս վերևը ֆլյուս էր դառել, գնացի, ատամս հանեցի մայիսի տոների նախօրյակին։ Սկզբում գործիք չէին ճարում, հետո ճարեցին, գործի վերջ էր, բժշկուհին, որ հարևանուհիս էր, ասեց՝ ինչի՞ ես սենց ուշացրել, արյան վարակում էր սկսվում արդեն, ասեցի՝ սպիդից եմ վախում, վախում եմ՝ վարակվեմ ատամնաբուժարանում։ Քո մոտ եկա, որովհետև հարևանուհիս ես, վստահում եմ։ Նենց որ, ես քանի՜, քանի՜ անգամ մազապուրծ եմ եղել մահից։ Բա բախտավոր չեմ, ի՞նչ եմ։
– Դիմա, գնա, կտեսնեն, խոսք ու զրուց կսկսվի, գնա, ապեր։
– Հա, դու քնի, ես կգնամ։ Լավ։
Քնեցի երևի, որովհետև արթնացա, Դիման կանչում էր, թե՝ վեր կացեք, զուգարան գնացեք։ Նադյան վեդրոն վերցրեց, սսկվել էր խեղճը գիշերը, վախեցել էր երևի։ Սիրտս խառնում ա, թե տոքսիկոզ ա, թե, ասած էն բժշկուհու, լյարդս ա, չեմ իմանում։ Թթու լավաշ եմ ուզում։ Տատիս եմ ուզում։ Գնացինք զուգարան, եկանք։ Դիման ասեց՝ ես գնում եմ, լավ կաց, կգամ կիմանամ հետո՝ ինչ ասեցին պոլիկլինիկայում։
– Հաջող, Դիմա, շատ մերսիներ, դու իմ պահապան հրեշտակն ես էս բանտի ծակում։
Ժպտում ա, կանաչ աչքերը փայլում են։ Ինչ լավն ա։
Ձյաձյա Սյոման ա։
– Լյուսյա, ի՞նչ էր եղել գիշերը, վատացե՞լ էիր։
– Հա։
– Հեսա Օլեգը գա տանի քեզ պոլիկլինիկա։
Օլեգը։ Դեղին մազերով մենթիկը, որ զարմացել էր, թե ոնց կարա մարդ ընտրի մի անգամ իրա նման մենթիկի հետ քնելու ու տաս օր բանտ նստելու միջև բանտ նստելը։ Եկավ։ Աչքերը թաքցնում ա։ Էլի ինձ շղթայեց իրան։ Գնում ենք։ Արդեն աշունացել ա, հինգ օրում ամառը դառել ա աշուն։ Բա սեպտեմբեր ա, վախտն ա։
Կողքս էլի ծակում ա։ Տենաս ի՞նչ ա։ Կնայեն հղիությանս վիճակն էլ, տեսնեն՝ ոնց ա, դե լավ ա։ Օլեգը մի հատ չուպիկ ա հանել, տալիս ա ինձ։
– Ես հիշում եմ, որ քեզ պիտի խտո առնեի, հետ գնալուց կառնեմ։
– Չէ, պետք չի, ես ունեմ արդեն, բերել են։
– Բա ի՞նչ ա պետք։
Է՜հ, ինչ ասեմ, Օլեգ, քեզ, ասեմ՝ տրուսիկ ա պե՞տք։
– Ոչ մի բան, Օլեգ։
Հասանք պոլիկլինիկա։ Հերթ ա ըստեղ։ Դե, աշուն ա, մարդիկ սկսում են հարբուխ, գրիպ ընկնել, պոլիկլինիկաներն էլ լցվում են։ Ռուսները շատ են սիրում բժշկի գնալ։ Մանավանդ տանտիկիններն ու թոշակառուները։ Երևի մարդամեջ դուս գալու պատրվակ ա։ Ծերուկները տարրական մարդկային շփման կարիք ունեն, հարևանուհիս, որ տեղամասային թերապևտ էր Պիտերի պոլիկլինիկաներից մեկում, ասում էր՝ կանչեր են գրում, որ զրույց անեն։ Խեղճ ծերուկներ։
Հերթը սաղ ինձ ա նայում։ Հա, բա ես շղթայված եմ մենթին, ո՞նց չնայեն։ Նստած իրար ականջի փսփսում են։ Օլեգն ասում ա՝ արի գնանք, առանց հերթ մտնենք։ Ասում եմ՝ արի։ Գնում ենք, որ մտնենք, հերթը սկսում ա բզզալ, բանի տեղ չենք դնում, մտնում ենք կաբինետ։
– Բարև ձեզ։
– Բարև։
Մի վաթսունին մոտ տիկին ա նստած՝ անկյանք, անզգացմունք դեմքով, դարդը երեսին գրած, դաժանության կնճիռները բերանի մոտ փակագծով հավաքած։ Լավը չի։ Դժբախտ կին ա, կյանքից դժգոհ, երևում ա՝ դրա համար էլ չարացած ա կյանքի, մարդկանց վրա, բայց մասնագիտության բերումով պիտի օգնի մարդկանց, չնայած մեծ ուրախությամբ սեղանի սաղ մատիտները, քարտերը, ստետոսկոպը կշպրտեր երեսներին, կասեր՝ հերիք նվնվաք, տղես ալկաշ ա, մարդս մեռել ա, աղջիկս քսան տարի առաջ գնացել ա Մոսկվա ապրելու ու երկու անգամ ա եկել՝ մեկ, որ գրանցումից դուրս գա, մեկ էլ՝ երբ հերը մեռել էր։ Ես էլ շաքարախտ ունեմ, ջանս սաղ օրը քոր ա գալիս շաքարի ավելցուկից առաջացած, սաղ մարմնովս մեկ տարածված հերպեսի պատճառով։ Դուք էլ եկել եք, թե՝ ըստեղս ա ցավում, ընդեղս ա ցավում, իմս էլ ա ցավում, ռադ եղեք, գնացեք, թողեք ես իմ դարդով տապակվեմ։ Երևի սենց մի կյանքի տեր կին ա էս բժշկուհին։ Մեղք ա։
– Ի՞նչ բողոքներ ունեք։
– Գիշերը ցավի պրիստուպ եմ ունեցել աջ կողքիս, ահավոր ուժեղ ցավ էր։ Շտապ օգնության բժշկուհին ասեց, որ հնարավոր ա՝ լյարդս լինի։ Երեխա ժամանակ դեղնախտ եմ տարել։
– Շտապ օգնության բժշկուհին ինձ համար հեղինակություն չի։ Հանեք ձեռնաշղթաները։
Օլեգը հանում ա, դուրս ա գալիս։
– Հանվեք գոտկատեղից վերև ու պառկեք թախտին։
Հանում, պառկում եմ։ Ոտներս ծալում եմ, հիշում եմ, որ դեղնախտ էի երեխա վախտս, տենց էին զննում։
– Էսպես ցավ կա՞։
– Հա, կա։
– Բա էսպե՞ս։
– Հա, կա։
– Բա էսպե՞ս։
– Էլի կա։
– Սիմուլյացիա եք անո՞ւմ։ Որ բաց թողնեն բանտից, հա՞։
Աման, սա լրիվ շաշ ա։ Այսինքն, կարող ա անում են տենց։
– Չէ, ինչ եք ասում, ես համ էլ հղի եմ։
– Հագնվեք։ Ձեր լյարդը նորմալ ա, մեծացած չի։ Գնացեք գինեկոլոգի մոտ, կարող ա իրա բնագավառի պրոբլեմ ա։
– Շնորհակալություն։
– Խնդրեմ։ Ձեզ խի՞ են բռնել։
Ասում եմ։ Չի հավատում, երևում ա։ Մարդ եթե ուզում ա հավատա՝ հավատում ա, եթե չէ՝ չէ։ Բացարձակ սուտ ու ճշմարտություն չկա։ Ով միշտ սպասում ա, որ իրան պիտի խաբեն՝ խաբում են, ով չի սպասում՝ չեն խաբում։ Հիմա սրան սաղ խաբել են, խաբում են ու պիտի խաբեն։ Սա ծնվել ա ու ապրում ա ստի ու ստորության մեջ։ Ինքն ա մեղավոր։ Սրան սաղ պիտի միշտ գցեն։
– Չեք հավատում, չէ՞։
– Չէ, ես լավ գիտեմ ձեր նմաններին, շատ եմ հանդիպել։
– Գիտեք ի՞նչ, իմ անախորժությունը վաղ թե ուշ կվերջանա, իսկ ձերը ձգվում ա մի ամբողջ կյանք ու երբեք չի վերջանա, որովհետև դուք ի վիճակի չեք ձեր ճղճիմ անձնական պրոբլեմներից դուրս որևէ բան տեսնել, միշտ վատն եք սպասում կյանքից ու ստանում եք։ Փոխե՛ք ձեր վերաբերմունքը կյանքի, մարդկանց հանդեպ, թե չէ ծերանոցում եք վերջացնելու ձեր օրերը, մենակ ու մոռացված բոլորի կողմից։
Փորձում ա ինձ լռեցնի, ես չեմ լռում, հանում ա դռնից, ես գոռում եմ, ու տենց մինչև վերջ ասեցի, ինչ ուզում էի։ Վերջում էլ ասեցի, որ ինքը ինձ շատ օգնեց։ Օլեգը թևս քաշում ա, թե՝ արի, ես բաց եմ ընկել, կարմրել եմ, ինձ Քրիստոս եմ երևակայում, որ աշխարհ ա փրկում…
Մարդիկ նայում են ինձ, բան չեն հասկանում, երևի մտածում են, թե նարկոման եմ, լոմկա ա մոտս, ցանցառ-ցանցառ դուս եմ տալիս…
Իջանք մի հարկ ներքև, Օլեգն ասում ա՝ քեզ հանգիստ պահի, թե չէ կտանեմ կամերա, գինեկոլոգի մոտ չեմ տանի։ Ասում եմ՝ վերջ, էլ չեմ անի տենց։ Գինեկոլոգի մոտ հերթ չկա։ Բալագոյեում կանայք առողջ են էս կողմից երևի։ Լավ ա, լվացվել եմ առավոտը, գինեկոլոգի մոտ կեղտոտ, նույնիսկ ամենափնթի կինը չի գնում։
Մի ջահել տղա ա, վա՜յ։ Շատ ա ջահել, մոտ մի քսանհինգ տարեկան։ Դե ի՞նչ անեմ, բժիշկ ա։ Ասում եմ՝ ինչ ա եղել, պրիստուպի մասին, ասում եմ, որ հղի եմ։ Բարձրացնում ա ինձ գինեկոլոգիական բազկաթոռի վրա։ Ամենատհաճ բժշկական պրոցեդուրան ա։ Ոտներդ չռում ես մի օտար մարդու առաջ, ամենագաղտնի, ամենաամոթ տեղերդ շուռ տված նասկու նման ցույց ես տալիս։ Հիմա էս ջահելն ա։ Ձեռնոց ա հագնում, ձեռը կոխում ա մեջս, ըստեղ ա սխմում, ընդեղ ա սխմում, հարցնում ա՝ ցավում ա՞, ասում եմ՝ չէ։
Հագնվում եմ, ասում ա՝ նորմալ հղիություն ա, վեց շաբաթական։ Վեց շաբաթական ա, գիտեմ, հղիանալուս օրն էլ գիտեմ, ժամն էլ։ Ես միշտ իմանում եմ, զգում եմ, որ մեկը մտնում ա մարմնիս մեջ հասունանալու համար։
– Լավ, բա ի՞նչն ա պրիստուպ առաջացրել ինձ մոտ։
– Եսիմ, չեմ կարա ասեմ, ընդհանուր անալիզներ ա պետք տալ, էխոյով նայել։ Բայց էխոն վճարովի ա։
– Իսկ դուք չե՞ք կարա ինձ օգնեք, որ ինձ տեղափոխեն բանտից գոնե հոսպիտալ։
– Ըստեղ հոսպիտալ չկա։
Հազացի։
– Կարո՞ղ ա հազից կույր աղիքդ ա կծկվել։ Որտե՞ղդ ա կոնկրետ ցավում։
Ցույց եմ տալիս։
– Դա կույր աղիք չի, կամ լյարդ ա, կամ՝ լեղապարկ։
– Բա ի՞նչ անեմ։
– Անալիզ տուր։
– Շնորհակալ եմ։
Դուրս եկա, Օլեգը նստած ա։
– Ասեց՝ անալիզներ պիտի տաս։
– Չես կարա դու ըստեղ անալիզներ տաս, պրապիսկա չունես։
– Հա, բա հիմա ես բանտում եմ, չէ՞, ապրում, ուրեմն գրանցումս էլ բանտի ա, բանտն էլ Բալագոյե ա, տենց չի՞։
– Տենց ա, բայց ես իրավասու չեմ, գնանք վարչություն, ընդե ասենք, տեսնենք՝ ինչ են ասում։
Գնում ենք պուրակի միջով։ Ի՜նչ լավ օդ ա մաքուր։ Տերևները թափվել են, արդեն խշխշան աշուն ա, իմ սիրած ձևի աշուն ա։ Երեխա վախտս գնում էի պուրակ, սոսիների ծառերի տակ միշտ լիքը տերևներ էին լինում թափված, առավոտները սրբում էին թուրքերը, իսկ իրիկվա կողմ էլի հավաքվում էր։ Գնում էի ու կոշիկներովս սկսում էի ձևել տերևակույտը։ Էդ խշխշոցի ձայնը աշնանային երաժշտություն էր, ռիթմով էի ձևում, թխկթխկացնելով, կամ էլ դանդաղ, վալսի տեմպով…
Բալագոյեի աշուն ա, սիրուն աշուն ա։
– Օլեգ, արի ըստեղ մի քիչ ման գանք, ես մի շաբաթ ա՝ մաքուր օդ չեմ շնչում, հղի եմ, պետք ա ինձ։
– Լավ, վրես ժամ չեն դրել։
– Մենակ մի խոսա, լա՞վ, Օլեգ։
– Լավ, կլռեմ։
Գնում ենք պուրակի արահետով, ես եմ վարում մեր իրար գամված զույգը զբոսանքի ընթացքում. Օլեգն իմ մի մասն ա կազմում, իմ ստվերն ա։ Վազում եմ՝ ինքն էլ ա վազում, կանգնում եմ երեք ծառի մեջտեղը ու պտտվում՝ ինքն էլ ա պտտվում, ծիծաղում եմ՝ ինքն էլ ա ծիծաղում, փոքրաքանակ տերևների միջով խշխշացնելով վալս եմ պարում իրա հետ, աչատրյանի վալսը քթիս տակ մռմռալով… Կա՜յֆ… Կյանքը հիասքանչ բան ա, ի՜նչ ուզում ա, լինի։ Բանտ չկա, վրես սարքած գործ չկա, մի տրուսիկավոր գոյության պայքար չկա, Մայքլ չկա, ոչ մի վատ բան չկա, սաղ իլյուզիայ ա, կա մենակ էս պահը, բալագոյան աշնան հիասքանչ պահը…
Հոգնեցի։
– Օլեգ, հոգնել եմ, գնանք տուն։
Տուն։ Տո՞ւն։ Ի՞նչ տուն։ Որտե՞ղ ա իմ տունը։ Բանտի կամերա՞ն ա իմ տունը։ Հա ընդեղ ա իմ տունը… Տուն եմ ստացել Բալագոյեի բանտի կամերայում։ Որ էս պատմությունը վերջանա, գալու եմ Բալագոյե ապրելու։ Ըստեղ բարի մենթեր են։ Մարդ պիտի նենց տեղ ապրի, որտեղ բարի մենթեր են։ Անպայման գալու եմ ապրեմ ըստեղ։ Ի՞նչ ա որ։ Քաղաք ա, էլի, փոքրիկ քաղաք։ Պաշային կառնեմ, կգանք ըստեղ կապրենք։ Կաֆե կբացեմ, անունը կդնեմ «Լյուսյայի մոտ», Պիտերից Մոսկվա գնացող սաղ նեֆորմալները կգան իմ մոտ համով, էժան կարկանդակներ կուտեն, վատրուշկաներ կուտեն, թփով տոլմա կուտեն։ Լավ կլինի։ Կենդանի երաժշտություն կլինի, ժամանակի հետ Բալագոյեն կդառնա կուլտուրական կենտրոն, ռոք փառատոններ կանցնեն ըստեղ, Բալագոյեն կսարքեմ նեֆորմալ շարժման կուլտուրական կենտրոն։ Մենակ թե էս պատմության միջից պատվով դուրս գամ։ Դուրս կգամ։ Լավ մարդու հետ շատ վատ բան չի կարա պատահի, իսկ ես, օբյեկտիվ նայած, երևի ավելի շուտ լավ մարդ եմ, քան վատ։ Վատություն, համենայն դեպս, դիտավորյալ, ձգտել եմ չանել։ Գուցե սենց էր պետք, որ ես ըստեղ ընկնեմ, որ հետո Բալագոյեն սիրեմ ու մնամ բարգավաճացնեմ… Օստապ Բենդերն եմ, Բալագոյեն էլ Վասյուկին ա, որ պիտի դառնա շախմատի համաշխարհային կենտրոն…
Վանի պապիս, Ցվետաևայի ու Օստապ Բենդերի միահամուռ ռեինկարնացիան եմ…
Օլեգը սուս-փուս գալիս ա։ Մանթրաժի մեջ ա ոնց որ։ Չի հասկանում՝ ես ինչ պտուղ եմ, ինչ երևույթ եմ, որ էս անմխիթար վիճակում սենց ծրագրեր ունեմ։ Հա՜, պարզվում ա՝ բարձրաձայն եմ մտորել էս սաղ… Հանում ա բանալին, անջատում ինձ իրանից։
– Գնա, տաս րոպեից գնացք ա գնում Պիտեր, գնա նստի, փախի, ես մի երկու ժամ կմնամ ըստեղերք, որ քեզ ման չգան, հետո կասեմ՝ փախել ա զուգարանից։ Գնա, Լյուսյա, բանտը քո տեղը չի, գնա։
– Չէ, Օլեգ, չեմ գնա, ինչ կլինի՝ կլինի։ Հիմար հո չե՞ս, դավայ, հագցրու ձեռնաշղթան, գնանք։ Շնորհակալ եմ քեզանից, իհարկե, բայց պետք չի։ Որ տենամ հաստատ նստացնելու են, կասեմ քեզ, կփախցնես էդ վախտ։
– Էլ հնարավորություն չի լինի, չես ուզում՝ չես ուզում, ինչ անեմ, գնանք ՆԳ բաժին։
Հասանք բանտ։ Օլեգը իջացնում ա ինձ կամերաս, հանում ա ձեռնաշղթաները, նայում ա ինձ.
– Ես քեզ երբեք չեմ մոռանա, դու ինձ ուրիշ մարդ սարքեցիր երկու օրվա մեջ։ Գնամ դիմում գրեմ, դուրս գամ, գնամ օդաչուների կուրսերի, միշտ երազել եմ օդաչու դառնամ, ռիսկ չեմ արել, մտածել եմ, թե խելքս հերիք չի տա։ Հիմա գնալու եմ փորձեմ, կստացվի՝ կստացվի, չէ՝ գոնե սաղ կյանքս գլխիս չեմ տա, որ չփորձեցի։ Քեզ երջանկություն եմ ցանկանում, քո մոտ ամեն ինչ կստացվի։ Տենց լավատես մարդու մոտ չի կարա չստացվի։
Կռանում ա, թշիցս պաչում, բռնում եմ, շրթունքներին հպում շրթունքներս, ու մեղմ, ոնց ես սիրում եմ, առանց սեղմելու շրթունքներովս բռնում եմ տաք, մսոտ, համարյա դեռատի վերևի շրթունքն ու համբուրում եմ։
– Մերսի։
– Սրտանց էր, տար հետդ, քեզ թող հաջողություն բերի, Օլեգ։ Գնաս բարով, տղա։
– Մնաս բարով, Լյուսյա…
Կամերան նույնն ա, Նադյան լվացել ա ըստեղերք, ապրի։ Վեդրոն չլներ, կարար ճամբարի պալատի տեղ անցնել մեր կամերան։ Նադյային պատմում եմ՝ ինչ ասեցին ինձ պոլիկլինիկայում, ասեցի, որ ման ենք եկել Օլեգի հետ։ Չկայացած փախուստի մասին բան չասեցի, եթե մենթի քած ա, կծախի, էն երեխուն վատ կլնի։
Նադյան ասում ա.
– Դու ինչ-որ հատուկ տեսակի ֆլյուիդներ ունես, որ մարդկանց գրավում են։ Ես առաջին անգամ եմ տեսնում, որ մենթերը հանցագործի հետ տենց նուրբ, սրտանց վարվեն։ Դու ի՞նչ ես անում մարդկանց հետ։
– Ոչ մի բան էլ չեմ անում, ուղղակի չեմ փակվում, սիրտս բաց եմ պահում, մարդկանց մեջ լավ բաներ եմ ման գալիս ու գտնում եմ, սկսում եմ համակրել, դե իրանք էլ պատասխանում են ինձ։ Ոչ մի գաղտնիք չկա, ես կախարդ չեմ, ոչ էլ Վանգա եմ, սովորական Լյուսյա եմ։
Դե լավ, սաղ էս վերջերս ինձ գովում են, կսկսեմ երևակայել, իրոք կսկսեմ հավատալ, որ ինչ-որ հատուկ տիպ եմ։ Կսկսեմ փչանալ՝ դեռ չսկսած սարքվել։ Չի կարելի։ Ես հո գիտեմ, թե ես ոնցն եմ, գիտեմ, որ պրիմիտիվ, միջին IQ- ի տեր կին եմ, որը չի կարողանում կյանքում նորմալ իրա տեղը նույնիսկ գտնի, ըստեղից ընդեղ ա ծեփում մեծ, վառ լամպի շուրջը պտտվող մժեղի նման, էնքան ա պտտվում, մինչև ուժասպառ ընկնում ա, կամ էլ թևերն ա վառվում լամպի տաքությունից։ Լամպը կյանքս ա։ Ալտերնատիվա ունե՞մ։ Չունեմ։ Կամ պիտի դառնամ ջերմադիմացկուն, կամ խամրած լամպ ընտրեմ, որը չեմ ուզում, կամ պիտի մժեղ չլինեմ, բայց ԵՄ, պիտի մուտացիայի ենթարկվեմ, դառնամ սուպերմժեղ, իսկ սուպերմժեղ դառնալու համար պիտի սենց թոհուբոհի միջով անցնե՞մ։ Հա, երևի։ Կարո՞ղ ա՝ սա դեռ սկիզբն ա, դեռ շատ ու շատ բաներ են ինձ սպասում։ Կարող ա։ Կարևորը նա ա, որ լամպը չխամրի։ Ավելի լավ ա՝ պայթի իմ նման մժեղի հետ իրա պատրոնիկի հետ կենակցելուց, քան թե խամրի։ Խամրած կյանքը իմ կյանքը չի, իմ ուղին չի։
Նադյային տարան քննիչի մոտ։ Մենթի քած ա՞։ Է՜, մեկ ա։ Եթե մենթի քած ա, ուրեմն ստիպված ա։ Հիշեցի Նադյայի երեխայական քամակը, մեղքս էլի եկավ։ Դե, կարող ա մենթի քած չի, կարող ա բռնել են գողություն անելիս, բերել են ըստեղ, ինձ մոտ, ասել են՝ խոսցրու, եթե կարաս նենց անես, որ պատմի քեզ, ինչ թաքցնում ա մեզնից, ուրեմն քեզ կազատենք ու գործ չենք հարուցի։ Կարող ա։ Ամեն ինչ էլ կարող ա լինի։ Դե, եթե տենց ա, ուրեմն ամեն ինչ լավ ա, ես թաքցնելու բան չունեմ, կգնա, կպատմի մենթերին, ինչ ես պատմել եմ, ու իրան կազատեն, կգնա Պիտեր, կարող ա կյանքը փոխի։ Մարդ ա, էլի, ո՞վ կարա ուրիշին մեղադրի, դատի, սաղս էլ սխալական ենք։ Թող լավ լինի կյանքը, լավ բան չի տեսել մինչև հիմա։
Ամեն։
Եկավ Նադյան։
– Մարդս ադվակատ ա ուղարկել, բայց հլա մեղադրանք չէին ներկայացրել, ադվակատն էլ չի սպասի, կգնա, Մոսկվայի ադվակատ ա, սաղ պատմել եմ, ադվակատն ասել ա՝ կլեպտոման ձևացի։
– Խի՞ ձևացի, դու հենց կլեպտոման ես, որ կաս, դու հիվանդ ես։ Կտանեն հոգեբուժարան, չեն նստացնի, մի վախի, ադվակատդ ճիշտ ռազմավարություն ա ընտրել։ Լսի, ինչ ասում ա, արա։
– Հա, ախր ես էլ չեմ հասկանում՝ ինչ ա կատարվում հետս, հենց մի վատ պահած բան եմ տեսնում, ուղեղս սկսում ա եփել, պլաններ մշակել, թե ոնց ձեռս գցեմ։ Ու չեմ հանգստանում, մինչև չեմ անում մտածածս։
– Հա, Նադյա, հիվանդ ես հաստատ։ Դե լավ, ես կաթ եմ ուզում խմեմ ու քնեմ մի քիչ, հեսա երևի կտանեն քննիչի մոտ, շուտ պիտի տանեին, պոլիկլինիկա էի գնացել, ասեց՝ ութի կողմերը կգա առերեսում անի։
– Ձյաձյա Սյոմա, ջուր կտա՞ս։
– Առ, աղջիկս, ո՞նց ես։ Կողքդ էլ չի ցավո՞ւմ։
– Չէ, հանգստացել ա, գիշերը տեսնեմ ի՞նչ ա անելու։ Ման եկանք մի քիչ, Օլեգը տարել էր պուրակ, մաքուր օդ շնչեցի մի քիչ։ Լավ եմ, ձյաձ Սյոմ, լավ եմ։
Խտոն սարքեցի, կում-կում խմեցի. Օխա՜յ, լավ ա։ Քնեմ մի քիչ, հազս հանդարտվում ա ոնց որ, կողքս չի ծակում, զուգարանի թուղթ ու ատամի չոտկ ունեմ, մարդ եմ։ Տրուսիկ չունեմ, բայց ոչինչ, զուգարանի թուղթը կծալծլեմ, տակդիր կսարքեմ՝ ոնց որ ամենօրյա լինում են, ու կկրեմ։ Բան չկա, կոնցենտրացիոն ճամբարներում կնանիք ո՞նց են ապրել, ես էլ կապրեմ։ Մարդ ընդունակ ա գոյատևել շատ ավելի դաժան պայմաններում, քան ինքը կարծում ա։
Քնել էի՞։ Երևի։ Նադյան ա, ասում ա՝ քննիչդ կանչում ա։ Վեր կացա, մազերս սանրեցի ու կանչեցի ձյաձյա Սյոմային։
– Բարև ձեզ։
– Բարև ձեզ, անցեք նստեք էս անկյունում, հիմա Մայքլին կբերեն, կսկսենք առերեսումը։ Ձեզ տարան բժշկի, ի՞նչ ասեցին։
– Բան չկարողացան հայտնաբերել, ասեցին՝ անալիզներ ա պետք տալ, անալիզներ չեմ կարա տամ, որովհետև տեղի բնակիչ չեմ։ Ասեցին՝ նորմալ հղիություն ա ընթանում ու վերջ։
– Դե, եթե ձեզ մեղադրանք ներկայացնենք, դուք պաշտոնապես կդառնաք Բալագոյեի բնակիչ, քանի որ կգրանցվեք տեղի բանտում։ Էդ ժամանակ էլ կգնաք, անալիզներ կտաք։ Դե, իսկ եթե չներկայացնենք, մի չորս օրից բաց կթողնենք, կգնաք ինքներդ ձեր կարիքները կհոգաք։
– Հա, երևի ճիշտ եք ասում, մի քանի օրում բան չի լինի, նույնիսկ եթե հիվանդություն կա, ոչ թե սովորական մրսածություն։ Կդիմանամ։ Մենակ թե գիշերները նորից ցավի պրիստուպ չլինի։
Մայքլը եկավ։
– Բարև ձեզ։
– Բարև ձեզ։ Նստեք աջ անկյունում, Միխայիլ։
Նստում ա, նայում ա ինձ ահավոր ատելությամբ լցված, արնակալած աչքերով։ Ամեն մեկը մի սև, ինքն իրա շուրջը փաթաթված, հանգույցված օձ։
– Լուսինեն ասում ա, որ խոտը ձերն ա, ու իրա կոշիկները դուք եք դրել ձեր ուսապարկի վրա, քանի որ իր պայուսակում տեղ չի եղել։ Համաձա՞յն եք։
– Ոչ, դա իմ ուսապարկը չի, իրանն ա։
Ու սկսում ա մի պատմություն անել, որտեղ ես մոտ հինգ տարվա նարկոտիկներ վաճառողի գլխավոր դերակատարն եմ, նարկոման, հակահասարակական էլեմենտ, մի խոսքով։
– Նարկոմանն ինքն ա եղել։ Ասում եմ՝ եղել, որովհետև իրա ընկերուհի Յանայի հայտնվելուց հետո դադարել ա վինտ օգտագործել, նույնիսկ մարդկային կերպարանք ա սկսել ձեռք բերել։ Մայքլ, ինչի՞ ես տենց անում, քոնն ա դա, ու ես էլ գիտեմ, դու էլ գիտես։ Արի վերջացնենք էս սաղ պատմությունը, մարդ եղիր վերջապես մի անգամ գոնե։ Ես հղի եմ, դու էլ գիտես։ Ուզում ես, որ ես հղի վիճակով քո խոտի համար նստե՞մ։
– ոտն իմը չի, քոնն ա։
Ու սառած, դատարկ հայացքով նայում ա ոչ մի տեղի։
– Դե լավ, ձեր առերեսումից ոչ մի նոր բան չպարզվեց, սպասենք տեսնենք՝ ում օգտին են ցուցմունք տալու։
– Դե, դա ազնիվ չի, Ալեքսանդր Անատոլյեվիչ։ Մայքլը փող ունի, մի քանի մարդ կառնի, կգան կեղծ ցուցմունք կտան, իսկ ես համոզված չեմ, որ իմ օգտին ցուցմունք տվող կլինի, այսինքն՝ Մոսկվա կգային կտային, իսկ ըստեղ հասնել ա պետք։ Մարդիկ իրանց կյանքն ունեն։ Վերջապես մատնահետքեր էիք ասում, իմ մատնահետքերը էդ խոտի տոպրակի վրա չեն կարա լինեն, որովհետև ես ձեռք չեմ տվել դրան, իմը մենակ իմ կոշիկների վրա կարան լինեն։ Տարեք ստուգեք, համեմատեք։ Սա ազնիվ գործ չի։
– Դե լավ, վաղը կշարունակենք, ես էլ ընտանիք ունեմ, գնամ տուն։ Մայքլ, մտածեք, դուք, եթե ինքներդ վիզ առնեք, ձեր վիճակը կթեթևացնեք, իսկ եթե մենք մատնահետքերով ապացուցենք, էլ ուշ կլինի։ Լուսինե, ձեզ էլ առողջություն եմ ցանկանում, բարի գիշեր։ Այսօր վերջ։
– Մայքլ, անասուն մի եղիր, խնդրում եմ, ընդունի, որ քոնն ա, ես էլ ոչ մի վատ բան քո մասին չեմ ասի։
– Սիկտիր եղի, ստուկաչ…
Եղա…
Հետ եկա կամերա, նստել լացում եմ։ Նադյան մոտեցել ա, մազերս շոյում ա։ Պատմեցի։ Ասեց՝ միակ վարիանտը քո օգտին ցուցմունքներն ա։ Նամակներ ես գրե, հիմա սպասի։ Մի իրեք-չորս օրից քո տաս օրը լրանում ա, կամ մեղադրանք կներկայացնեն, կամ ադվակատ կտան; Ադվակատը կզանգի հորդ, հերդ կգա կօգնի քեզ։ Չէ, այ աղջի, ի՞նչ հեր գա ըստեղ, ես ավելի լավ ա մեռնեմ, քան թողնեմ հերս իմանա սրա մասին։ Ինֆարկտ կստանա։ Ինձ շատ ա սիրում։ Ինքն էլ չի ջոկում, բայց շատ ա սիրում։ Իմ մեջ իրան ա տեսնում, բայց ավելի ազատ, ավելի անկախ ու անվախ։ Իրան ա տեսնում նենց, ոնց որ կլիներ, եթե մորս չուզեր, այլ իրան խառնվածքով ավելի հարմար մեկին, դիսո չգրեր, տուն չառներ, ռեմոնտ չաներ տարիներով, չպատրաստվեր ապրել, այլ ապրեր, չվախենար կյանքը փոխել, սիրեր ու սիրվեր, ուղեղը մի քիչ կարողանար շեղել իրանից ու զուտ իրա պրոբլեմներից։ Հերս լավ մարդ ա։ Ազնիվ մարդ ա, հայրենասեր, մաքուր։ Բայց դժբախտ ա։ Իրա կեսի հետ չի որովհետև։ Վաբշե ես միշտ մտածում եմ, որ եթե իմ մորս մարդն ուրիշ մարդ ըլներ, հորս կնիկն էլ՝ ուրիշ կնիկ, ամեն ինչ ընտիր կլիներ, սաղ երջանիկ կլինեին։ Շատ հայ ընտանիքներ են տենց ապրում։ Հասարակության կարծիքի գերի, երեխեքի ապագայով քողարկված, իրականում անհայտ, նոր կյանքի նկատմամբ ունեցած վախով պահպանված ընտանիքներ, որտեղ սիրո հոտի փոխարեն կենցաղային կախվածության հոտ ա գալիս։ Տենց ապրում են, ես էլ չեմ ուզել ապրեմ։
– Քնենք, Նադյա։ Ծխենք ու քնենք։ Էսօր ի՞նչ ենք կերել, չեմ հիշում, Նադյա։
– Ուխա ենք կերել, պյուրե ու տապակած ձուկ։
– Հա, ճիշտ ա, ի՞նչ ա եղել ինձ հետ, հիշողությունս տկարացել ա, հոգնում եմ շուտ, ուշադրությունս չեմ կարում մի բանի վրա երկար բևեռեմ։ Հիվանդ եմ երևի։ Երևի։ Կաթ խմեմ էլի։
Ձյաձյա Սյոմային կանչեցի, ջուր բերեց, խտո սարքեցի, խմեցի։ Քնեմ։
Վա՜յ, էլի սկսեց։
– Նադյա, ձյաձյա Սյոմային ասա՝ սկորի կանչի։
Կանչեց, եկան, սրսկեցին, գնացին։ Տենց բժշկություն ա երևի հասնում բանտարկյալին՝ գան, սրսկեն, գնան։ Բայց սա բան չի, նորմալ չի, լավ, մի օր մրսածությունից ներսս դառնա ինքն իրա մեջ կրակվող դարթս, բա էսօր խի՞։ Ըստե մի բան էն չի։ Ինչ որ կարևոր օրգան ա փչացել։ Դե լավ, մեկ ա, ես ըստեղ ոչինչ չեմ կարա անեմ, պիտի դիմանամ, մինչև դուրս գամ, եթե դուրս էլ չգամ, գոնե կարգավիճակս կդառնա ավելի պարզ, ու կարամ որպես բանտարկյալ ստանամ բժշկական օգնութուն։ Քնեմ։
Առավոտ։
Պզուկոտ ախրաննիկն ա հեսա գալու։ Կեղտոտ վեդրոն թափելու իմ հերթն ա։ Սուս-փուս, ցիկլի մեջ մտած, ռուսսկոյե ռադիոյի հաղորդումների հերթականությունն անգիր արած, որովհետև մենթերը լսում են ռուսսկոյե ռադիո, բանտի միապաղաղ առօրյան իմը դառած առօրյաս սկսվեց։ Սովորել եմ ես ըստեղին արդեն, արդեն վատ չեմ զգում ինձ, ոչ մի տեղս չցավեր, լավ կլիներ, կարայի ինչքան ասես մնամ ըստեղ։
– Նադյա, քեզ ե՞րբ են տանելու քննիչի մոտ։
– Եսիմ, բան չասին։
– Լավ կլիներ՝ քեզ բաց թողնեին, ես էլ քեզ նամակ կտայի, կտանեիր Տրուբաչին կտայիր։
– Հա, կտանեմ, եթե բաց թողնեն։
Պատուհանիկը բացում ա պզուկոտը, ասում ա՝ բարև ձեզ, հեսա ճաշ են բերելու։
Նադյան «սեղան» ա գցում։ Էն պոեզի ամսագիրը գցում ա ազատ կառավաթին, դարնիցկի հացը մաս-մաս անում գդալի պոչով, դանակ չի կարելի ըստեղ, իրեք րոպեանոց վերմիշելից մնացած կարբոնատի համային ուժեղացուցիչի համեմունքը դնում ա «սեղանին», ու սպասում ենք։ Մարդ ենք։ Սեղան ենք գցել, որ շուրջը հաց ուտենք։
Վասյան ա։
– Բարև ձեզ, համով բաներ եմ բերել ձեզ համար,- ու ժպտում ա։
Լցնում ա Վասյան բորշչը մեր թասերը։ Ոտում ենք։ Նադյան ասում ա՝ ըստեղ համով են կերակրում, գաղութում սենց համով չի։ Բայց ընդեղ միանգամից չեն տալիս, ոնց որ ըստեղ։ Երկրորդը գրեչկայ ա՝ կոտլետով։ Նենց համով ա ըստեղի կոտլետը, դպրոցի կոտլետի նման ա մի քիչ, բայց Ամո ծյոծյայի կոտլետին չի հասնի։ Ամո ծյոծյան կանգնում էր դպրոցի խոհանոցի մեծ սեղանի առաջ՝ ձեռները վեր քշտած, վերցնում էր բուռ-բուռ կոտլետի ֆարշից, մի ափից մյուսը գցում-բռնում մի երեք անգամ, հետո շպրտում էր աղացած պաքսիմատով լիքը մեծ թասի մեջ։ Մի տաս հատ տենց սարքում էր, հետո պաքսիմատի մեջ շուռումուռ տալիս, տափակացնում, կոտլետաձև տալիս ու դնում թավի մեջ։ Յուղը տժժում էր, կոտլետը տապակվում մեջը, մենք էլ կանգնած նայում էինք էդ կախարդանքին, որ շուտով դառնալու էր կոտլետ-հաց՝ մտնելով թարմ կտրած գարբուշկի մեջ։ Ամո ծյոծյան ինձ միշտ գարբուշկա էր տալիս։ Շատ համով գարոխի պյուրե ու տոմատի պադլիվկա էլ էինք վերցնում հաճախ, պադլիվկան էլ հո հիմիկվա քաղցր կետչուպները չէի՜ն, Ամո ծյոծյան դա էլ էր կախարդանքով անում, տոմատի մածուկը տապակում էր յուղի մեջ, հետո կամաց-կամաց եփած ջուր ավելացնում, հետո մի բուռ նախօրոք բոված ալյուր էր լցնում-խառնում, ու համով պադլիվկան պատրաստ էր։ Դասատուներն էլ էին դպրոցում հաց ուտում, տնօրենն էլ, բոլորն ուտում էին։ Ես նույնիսկ երկարօրյա չմնալուս օրերին էի գնում դասերից հետո էնտեղ ճաշելու, ինչով խիստ նեղացնում էի տատիս, որ ճաշ սարքած ինձ էր սպասում… Ամո ծյոծյան ինձ սիրում էր, թշերիցս միշտ ցավոտ, ուժեղ բռնում էր, ոչ մեկին չէի ներում ես դա, մենակ Ամո ծյոծյային, որովհետև նա տենց համով կոտլետ էր սարքում։ Տալիս էր ու ասում՝ կեր, շոլկվի ջան, անուշ արա։
Է՜հ, Ամո ծյոծյա, քո շոլկվին հիմա բանտում կառավաթի վրա քո կոտլետի վատ կրկնօրինակն ա ուտում։ Բայց դե համով ա, բան չունեմ ասելու։ Էսօր եղավ մի շաբաթ, ինչ ես ըստեղ եմ։ Տեսնես՝ էսօր ի՞նչ ա լինելու։ Հազս համարյա անցել ա, սրսկումից հետո լավ քնել եմ, Ֆեդյաս կուշտ ա։ Լավ ա։
Կանչում ա պզուկոտը, թե՝ արի քննիչի մոտ։
– Բարև ձեզ։
– Բարև ձեզ։ Անցեք, նստեք։ Ինչպե՞ս եք ձեզ զգում։
– Շնորհակալ եմ, ոչինչ։ Գիշերը էլի շտապ օգնությունն եկավ, սրսկեց, մի կերպ քնեցի։ Չգիտեմ՝ ինչո՞ւմն ա բանը, ինչ-որ հիվանդություն ա սկսվում մոտս, շատ թույլ եմ, շուտ հոգնում եմ, ուշադրությունս անընդհատ ցրվում ա։ Նորմալ հետազոտություն ա պետք ինձ։
– Համբերեք, բան չմնաց, մի երկու օրից պարզ կլինի, թե ինչ ա լինելու ձեր գործի հետ։
– Դե համբերում եմ, ճարս ինչ։
– Ձեր ընկերներից ոչ ոք չեկավ ձեր օգտին ցուցմունք տալու, դա վատ ա։
– Իսկ Մայքլի օգտի՞ն։
– Նրանն էլ չեկան։
– Բա հիմա ի՞նչ ա լինելու։
– Չգիտեմ, ճիշտն ասած, սպասում ենք դատախազի որոշմանը։ Ես ներկայացրել եմ հետաքննության արդյունքները նրան, հիմա նրանից ա կախված, թե ում մեղադրանք կներկայացվի։ Ձեր ցուցմունքը Մայքլի ցուցմունքի դեմ ա մնացել։
– Իսկ դուք ձեր կարծիքը հայտնե՞լ եք։
– Այո, իհարկե, ես ասել եմ, որ ամենայն հավանականությամբ Մայքլն ա ուսապարկի տերը։
– Շնորհակալ եմ։
– Չարժի, դա սոսկ իմ կարծիքն ա, դա պաշտոնական բնույթ չի կրում, և, առավել ևս, ոչինչ չի որոշում։ Սպասենք։
– Հա, սպասենք։
– Ես ձեզ էլ հարցաքննության չեմ կանչելու, կարիքը չկա։ Գնացեք և ձեզ լավ նայեք։ Պահպանեք ձեզ։
– Շնորհակալություն։ Հուսով եմ, որ լավ ավարտ կունենա էս անհեթեթ պատմությունը։
– Ես էլ։ Ցտեսություն։
– Ցտեսություն։
Կամերայում մարդ չկա, Նադյան երևի իրա քննիչի մոտ ա։ Պառկեմ մի քիչ։ Կողքս մենակ գիշերներն ա ծակում, ցերեկը սուս ա։
Մի բան լիներ կարդալու։ Քունս չի տանում։ Բայց շատ թույլ եմ։ Մարմինս սաղ կոտրատվում ա, սիրտս խառնում ա։
Նադյան չկա։ Պզուկոտի անունը չգիտեմ։ Սա բոլորից բարձր ա միացնում ռուսսկոյե ռադիոն։ Երգում ա Տանյա Բուլանովան իրա լացակումած երգերը։ Մարդ կա՝ դուրն ա գալիս երևի, որ էսքան երգում ա։ Ռեյտինգ ունի, սիրված ա։ Աֆիշաների վրա երևի գրում են «Սիրված և ճանաչված երգչուհի Տատյանա Բուլանովա՝ իր նոր մենահամերգային ծրագրով»։ Չէ, տենց մենակ Հայաստանում են գրում, բոլորի աֆիշաներին անխտիր տենց են գրում, նույնիսկ եթե իրա հոր ու մորից, մի երկու ընկեր-ընկերուհուց բացի ոչ մեկը չի լսել իրա երգը։ Էդ Բուլանովան երևի մարդուց բաժանվել ա, մնացել երեխու հետ մենակ ու սաղ աշխարհին հիմա երգում ա իրա միայնակ կնոջ երգերը։ Մենակ չեմ հասկանում, թե ո՞ւմ են պետք էսքան շատ իրար նման երգեր, էն էլ՝ մի երգչուհու ձայնով։
Ախրաննիկ, սակամերնիկս ո՞ւր ա։ Բաց են թողել, գնացել ա տուն։ Յա, ո՞նց են բաց թողել։ Հաստատ մենթի քած էր։ Եկավ, իրա գործն արեց ու գնաց։ Ապրի, երևի լավ արեց։ Համենայն դեպս, Ալեքսանդր Անատոլյեվիչը հիմա ինձ հավատում ա։ Էլի մնացի մենակ իմ մտքերի հետ։ Շնչեմ մի քիչ։ Հետո ասեմ ինքս ինձ, որ հիմա ես ես չեմ։ Ես կդառնամ՝ որ լավանա գործերը, իսկ միչև էդ կմնամ Չը-ես։
Վաղը Դիման ա։ Կանաչ աչքերով, բարի սրտով իմ պահապան հրեշտակը։ Պզուկոտից լվացվելու ջուր չեմ ուզի, ծուկի կտա, քամակս կտեսնի։ Կդիմանամ։ Երբ կլինի, էս երկու օրն անցնի։ Բայց ամոթ ընկերներիս, որ չեկան։ Չհարցրի՝ որևէ մեկին անձամբ նամակ տվե՞լ են, ի՞նչ են ասել, խի՞ չեն տա ցուցմունք։ Եկեղեցին էլ քցեց… Կարո՞ղ ա չհիշեցին՝ ով եմ ես։ Բայց չէ, դժվար, աղջկաս քավորի քույրը ընդեղ ա աշխատում, ուրեմն ուղղակի ականջի հետև են գցել, կամ էլ սրանք չեն հասցրել նամակս… Քննիչին էլ էլ չեմ տեսնի։ Օրս չի անցնելու։ Գոնե ինչ-որ բան էր կատարվում, սպասում էի հարցաքննությանը։ Հիմա ի՞նչ եմ անելու։ Ո՞նց եմ օրս սպանելու։ Քնե՛լ, քնե՛լ, քնե՛լ։ Կա՛թ խմել, չա՛յ խմել, գրեչկա՛ ուտել, միզե՛լ, ցա՛վ քաշել ու շա՜տ քնել։
Պզուկոտի ձայնն ա, հեռախոսով ինչ-որ աղջկա հետ ժամադրվում ա։ Դե, մենակ աղջկա կասեն՝ ծիծեռնակս, հո մորը չի՞ ասի։ Գնալու ա ժամադրության, ման են գալու, երևի պիվա են խմելու, հետո սեքս են անելու։ Հետո կարող ա մի օր պզուկոտը կորցնի իրա պզուկները, ընտանիքավորվի, դառնա ղայդին ամուսին, ես էլ վատ էի մտածում խեղճի մասին…
– Վեր կացեք, առավոտ ա։
Վեդրոն վերցրի, զուգարանի թղթի ռուլոնը, ատամի չոտկն ու կոլգեյթը օճառի հետ հպարտ-հպարտ տվի պզուկոտին, որ նա ինձ ուղեկցի զուգարան։
Վա՜յ, էս գիշեր պրիստուպ չեղավ, լավ ա, ուրեմն, կարող ա սարսափելի բան չկա։ Ամեն ինչ լավանում ա։ Լավ ա լինելու։ Զգում եմ։ Ոռի ինտուիցիա ունեմ, ճիշտ դուս չի գալիս երբեք, բայց հիմա ճիշտ ա երևի թե։
Եկա, զուգարանում ծխել էի պիպի անելուց, պիպի անելուց կայֆ ա ծխելը, հեշտ ա գալիս պիպին։
Դիման եկավ։
– Դիմա, ինչ լավ ա, որ դու ըստեղ կաս, լուսավորում ես դու ըստեղ, գիտե՞ս։
– է՜, Լյուսյա, ինձ մի ամաչացնի, մենթ եմ ես, հետո ի՞նչ՝ ժամանակավոր, բայց հիմա հո մենթ եմ։
– Հա, ես էլ բանտարկյալ եմ, ժամանակավոր։ Ամեն ինչն ա ժամանակավոր, Դիմա, հավերժ բան չկա։
– Բա հոգի՞ն։
– Հոգի էլ չկա։
– Բա ի՞նչ կա։
– Ոչինչ էլ չկա, սաղ երևակայության արդյունք ա։ Մեր ուղեղների երևակայության։ Էդ երևակայությունն ա պատերազմներ ծնում, մարդասպաններ ու հերոսներ ծնում, սեր ու ատելություն ծնում։ Մենք բոլորս մեր երևակայության գերին ենք, Դիմա։
– է՜, անկապ բաներ ես խոսում, Լյուսյա։ Հոգի կա, հաստատ կա։
– Չէ, չկա, չկա ու չկա։ Դրախտ ու դժոխք էլ չկա։ Այսինքն՝ կա, բայց էդ էլ հավերժ չի, մեր գլխում ա սաղ։ Ընդեղից զատ բան չկա։ Դժոխքը դառնում ա դրախտ, երբ սկսում ես զգալ դիմացինիդ ցավը, սկսում ես ցավակցել, խղճալ։
– Բա ո՞նց թե, բա անդրշիրիմյան կյանք էլ չկա՞։
– Չէ, չկա։ Լիքը կյանքեր կան, մի կյանքը պրծնում ա՝ մյուսն ա սկսում, ու էսպես անսկիզբ ու անվերջ, քանի կա լավ ու վատ, չար ու բարի, սև ու սպիտակ։
– Բա ի՞նչն ա կյանքից կյանք անցնում, եթե հոգի չկա։
– Քո ուղեղամտածուքի արդյունքը, կյանքիդ ընթացքում քո հավաքած երևակայություններդ ու պատկերացումներդ, լավ ու վատ արաքներիդ, մտադրություններիդ գիտակցության հոսքը։
– Դժվար ա հասկանալը, Լյուսյա, էդ ի՞նչ աշխարհայացք ա։
– Բուդդիզմ ա, Դիմա, ես էլ լրիվ չեմ հասկանում, բայց զգում եմ, որ դա ա ճշմարտությունը։
– Բա Աստվա՞ծ։ Աստված էլ չկա՞։
– Չէ, չկա։ Արարիչ Աստված չկա։
– Ո՞նց թե՝ չկա, բա ո՞ւմ ես աղոթում։
– Աստծուն եմ աղոթում, որը չկա, ես մտքեր եմ ուղարկում տիեզերք ուղղակի, համ էլ՝ Աստված կա, այսինքն՝ շատ աստվածներ կան, ուղղակի նրանք էլ մեզ նման հավերժ չեն։ Մենք էլ ենք կարող ա վախտին աստված եղել։ Հիմա մարդ ենք։ Եթե սխալ ապրենք, կենդանական բնազդներով առաջնորդվենք, մենակ մեր մասին մտածենք ու մեր հաճույքներին ու ցանկություններին գերի լինենք, կենդանի կծնվենք կամ էլ՝ մժեղ, տառական, հողաթափիկ ինֆուզորիա։ Եթե ապրենք ճիշտ կյանքով, հաջորդը որակապես սրանից լավը կլինի։
– Չէ, արարիչ Աստված կա երևի թե, Լյուսյա։ Թե չէ՝ բա ո՞նց ա կյանք սկսվել, որտեղի՞ց են առաջացել բոլոր կենդանի էակները։ Աստված ա ստեղծել։
– Լավ, Դիմա, բա էդ դեպքում Աստծուն ո՞վ ա ստեղծել։
– Ոչ ոք էլ չի ստեղծել, Աստված միշտ էլ եղել ա, Աստված ինքնակերտ ա։
– Բա խի՞ Աստված կարա ինքնակերտ լինի, մարդը, կենդանին, թռչունը կամ մժեղը չի կարա։
– Որովհետև նրանք Աստված չեն։
– Հետո ի՞նչ՝ Աստված չեն, ո՞վ ա ասել, որ Աստված կարա ինքնակերտ լինի, մյուսները չեն կարա։
– Եսիմ, Ավետարանում ա գրած։
– Հա, գրած ա, բայց մարդիկ են գրել Ավետարանը։
– Բայց Աստծու պատվիրաններն են էնտեղ։
– Աստծու պատվիրանները ճիշտ պատվիրաններ են, բայց Աստծունն են։
– Դու քրիստոնյա չե՞ս, Լյուսյա։
– Քրիստոնյա եմ, Դիմա։
– Բա ո՞նց ես քրիստոնյա, որ չես հավատում նույնիսկ, որ Աստված կա։
– Հավատում եմ, ես չեմ հավատում, որ կա արարիչ Աստված, Դիմա։ Ես հավատում եմ, որ եղել ա Քրիստոս, մի Աստծո որդին, որը եկել ա էս աշխարհը, որ մարդկանց մի քիչ բարոյական բաներ ներարկի, որ մարդիկ իրենք իրենց կարողանան փրկել։ Քրիստոսը մեծ մարդ ա եղել, քրիստոնյաների հովանավոր Աստվածն էլ ա բարերար Աստված, ուղղակի Քրիստոսը մարդկանց մի նենց ուսմունք ա բերել, որ մարդիկ կարողանան անընդհատ մարդ ծնվեն, միչև հասունանան գիտակցության համար ավելի դժվարըմբռնելի ու ընկալելի ուսմունքի հանդիպելու համար։
– Բուդդայի ուսմունքը նկատի ունե՞ս։
– Հա։
– Դե եսիմ, մտածել ա պետք։
– Հա, մտածի, Դիմա, էս ուսմունքին ամեն մեկը մենակ ա գալիս, ինքն ա գալիս, քարոզչություն չի սիրում էս ուսմունքը։
– Եղավ, Լյուսյա, շնորհակալ եմ, հետաքրքրիր զրույց էր։
– Ինձ էլ էր հաճելի, Դիմա։
– Հիմա ճաշ կբերեն, առ, լվացվի։ Բա դու որտեղի՞ց ես ծանոթ էդ ուսմունքին։
– Պիտերում մի կես տարի բուդդայական հրատարակչությունում հավաքարար եմ աշխատել, էդ մարդիկ ինձ հիացնում ու զարմացնում էին անընդհատ, թվում էր, թե պրոբլեմներ չունեն, բոլորը էնպիսի հանդարտ դեմքեր ունեին։ Դե, ինձ էլ սկսեց հետաքրքրել, թե ո՞նց են էդպես անդրդվելի հանդարտություն, խաղաղություն իրանց ներսում պահպանում։ Ու սկսեցի կարդալ ինչ տպագրում էին էդտեղ։ Ես էլ լավ չեմ դեռ ջոկում՝ ինչն ինչոց ա, բայց դե կամաց-կամաց կլինի, էլի։ Ըստեղից դուրս գամ, կշարունակեմ ուսումնասիրել, հետաքրքրիր ա։ Ինձ դուր ա գալիս ամենաշատը, որ դու ես կերտում քո էսօրվա կյանքն էլ, ապագա կյանքերդ էլ, մինչև չես հասնում նրան, որ էլ չես լինում, մերվում ես վիթխարի ամայության հետ, հավերժության հետ, ու քանի որ չկաս՝ ոչինչ էլ չկա, ոչ պրոբլեմներ, ոչ ցավ, ոչ մահ, ոչ սեր ու հիսթափություն… Հա, հասկանում եմ, թվում ա, թե ամայությունից, դատարկությունից վատ բան չի կարա լինի, բայց էնտեղ, ուր ոչինչ չկա, ոչինչ չի կատարվում, չի վրդովում ոչ մեկին, քանի որ ոչ մեկն էլ չկա, էլ չկա։ Կա ու չկա միաժամանակ։ Կարևորը միայն պահն ա, պահի մեջ գիտակցականորեն, ինքնաբուխ լինելը։ Երբ իմաստնանամ էնքան, որ ընկալեմ՝ էլ չեմ լինի, էլ Լյուսյա չի լինի, որ ընկալի։ Ընկալող չի լինի։ Անում են՝ անող չկա, ցավում ա՝ ցավ քաշող չկա, սիրում են՝ սիրող չկա։ Միայն կա ու չկա։ Չկա ու կա։
– Է՜, լրիվ խառնեցիր ինձ։ Հիմա բոլորովին բան չեմ հասկանում։ Դե որ ոչ մի բան չկա, էլ ո՞ւր ես անհանգստանում, թե բանտում ես, թե ազատության մեջ։
– Որովհետև մարդ եմ, դեռ կամ։ Քանի կամ, ամեն ինչ էլ կա։ Գլխիս մեջ կա։
– Դե լավ, Վասյան եկավ, հաց կեր։
– Վասյա, պրիվետ։
– Պրիվետ, Լյուսյա։ Ընկերուհիդ գնա՞ց։
– Հա, գնաց, մենակ եմ էլի, չե՞ս տեսնում Դիմային եմ տանջում իմ ճշմարտության որոնումների թեզերը պատմելով։
– Ինձ էլ պատմի, Լյուսյա։
– Չէ, Վասյա, հոգնել եմ։ Ի՞նչ ա էսօր։
– Հավով սուպ ա, կարտոշկի պյուրե, եփած հավ ու կիսել։
Լավ ա։ Ուտում եմ, բախտս բերել ա ըստեղի կերակուրների առումով, շատ ա բերել։ Տրա-լյա-լյա։ Ուրախ եմ, ինքս էլ չգիտեմ՝ ինչի։ Կարևոր չի՝ ինչի, կարևորն էն ա, որ ուրախ եմ։ Վասյան խտոյ ա բերել։ Վայ, մոռացա, Դիման դեղս բերել ա, խմեմ, հետո ուտեմ։ Ինչ-որ անիսոնի հոտ եկող խոտի թուրմ ա՝ երեխա ժամանակվանից ծանոթ համով։ Ոնց որ ժինգյալով հացի համ լինի։ Կնձմնձուկի համի նման ա։ Հունական օղի կա, օզու, դրա նման էլ ա։ Օզուն օղի ա, որ քաղցրահամ ա, չնայած շաքար չկա, անիսոնն ա տենց համ տալիս խաբուսիկ։
Կերա։ Քնեմ։ Ուզում եմ Դիմայի հետ խոսամ, կարևոր չի՝ ինչից, երևի բուդդիզմից։ Ես կարող ա չկարամ լավ աճեմ, թող իրա մեջ գոնե տարամտանք առաջանա, սկսի մտածել, կարող ա իրա մոտ ստացվի։ Թե չէ՝ ես ստաբիլ մարդ չեմ, էսօր էս եմ մտածում, վաղը՝ ուրիշ բան։ Թող գոնե Դիման ճշմարտության ուղին բռնի ու գնա, իրա մոտ կստացվի։ Ես էլ՝ հեչ, հաջորդ կյանքում։ Կարևոր չեմ ես։ Ես աննկատ կուզեմ լինեմ, զուգարանի թղթի նման։ Պետքական բան ա, քանի կա՝ չես նկատում, օգտագործում ես, բայց որ չի լինում՝ անհարմարություններ են առաջանում։ Այ տենց կուզեմ լինեմ, միշտ ձեռքի տակ ու աննկատ, տենց կուզեմ ապրեմ, ընկալվեմ։ Շատ բաներ չեմ ուզում, միայն ուզում եմ պետքական լինել զուգարանի թղթի մակարդակով։
Կերա, ծխեցի, քնում եմ, ցերեկները Դիմայի հետ խոսալ չի կարելի շատ, իրա վրա խոսք ու զրույց կգա։
Կողքս էլի ծակում ա։
– Դիմա, էլի ծակում ա կողքս։
– Առ, նոշպա եմ բերել, երկու հատ խմի, մեկ էլ շտապ օգնություն չկանչենք, մուննաթով են դրանք ըստեղ գալիս։ Կողքի կամերան լոմկեքի մեջ նարկոման են բերել, գիշերը նրան ա պետք լինելու շտապ օգնությունը։
– Ջահե՞լ ա։
– Հա, մի տասնութ տարեկան երևի։ Կայարանում են բռնել, ծակված անջատված, օբիսկ են արել, ջեբը դոզա են գտել, բերել են ըստեղ։ Մեղք ա։
– Դիմա, ե՞րբ են բերել։
– Իրիկունը, հիմա հեսա սկսելու ա ոռնալ։
– Ասա՝ շնչի իմ նման։
– Կասեմ, Լյուսյա, բայց չի անի։
– Բա ի՞նչ անենք։
– Ոչ մի բան, շտապ օգնությունը կգա անալգին-դիմիդրոլ կանի, կքնի, վաղը ծնողները կգան-կտանեն, զանգել ասել են։
– Մեղք ա։
– Հա, մեղք ա։
Նոշպան օգնեց մի կես ժամից։ Ականջս ձենի ա, սպասում եմ, որ էն խեղճ նարկոմանը ոռնա։ Չի ոռնում։ Քնեմ։
Ոռնում ա։ Անցուդարձ ա սկսել, երևի շտապ օգնությունն ա եկել։ Մի կես ժամից լռվեց։
Առավոտ ա։
Դիման վեդրոս վերցրել ա, որ տանի։ Ասում եմ՝ չէ, տուր, ամոթ ա, իմ կեղտաջրերս խի՞ դու տանես։ Ասում ա՝ բան չկա, իմ քույրն ես, չէ՞։ Լավ, թող տանի, բայց չեմ թողնի՝ թափի։ Եթե ինձ վաղը չէ մյուս օրը բաց թողնեն, ուրեմն ես էլ Դիմային չեմ տեսնի՞։
– Դիմա, ես քեզ էլ չեմ տեսնի։
– Կտեսնես, ես գալու եմ քեզ գնացք նստացնեմ, անփող ո՞նց ես գնալու։
– Լավ, կգաս։
Վեդրոն առա ձեռիցը, թափեցի, ողողեցի, վեդրոն սկսել ա մաքրվել ոնց որ։ Էլ նենց ուժեղ հոտ չի գալիս։ Ես չմաքրվող վեդրոն մաքրեցի, ուռա՜, կեցցե՛մ ես։ Լվացվում եմ։ Վայ, իրիկունը մոռացա Դիմայից ջուր ուզեմ, քամակս լվամ։ Քանի իրա սմենն ա, ուզեմ, չնայած ձյաձյա Սյոման էլ կտա։ Դե լավ, չեմ ուզի, կսպասեմ սմենը փոխվի։ Ատամներս լվանում եմ, կայֆ ա։ Որ լվանում ես, ատամներդ ճռճռում են, փառ-մառ չի լինում, հարթ, մաքուր, լավ հոտ եկող ատամներ են դառնում։ Ատամներս ոչ վատ են, ոչ լավ։ Աջից էլ, ձախից էլ երկու-երկու պակաս են, բայց հետևն ա, չի երևում։ Վերջի երկուսը մի թափից են հանել, էն ֆլյուսի պատճառով, որ արյան վարակում չստանամ։ Վա՜յ, կարո՞ղ ա վարակել են ինձ ընդեղ ինչ-որ բան։ Չէ, Գալյան էր, դժվար։ Բա եթե սպիդ լինեն վարակած։ Բա եթե էս անկապ ցավերը սպիդից են։ Չէ, սպիդը տենց չի սկսվում, հազով ա սկսվում։ Բայց հազ էլ ա եղել։ Ամա՜ն, կարո՞ղ ա սպիդ են վարակել ինձ։ Չէ, չէ, չէ՛։ Իմ նմանը սպիդ պիտի չվարակվի։ Մաքսիմում՝ հեպատիտ։ Հը՜մ, հեպատի՜տ։ Դիմային հարցնեմ, տեսնեմ՝ գույնս դեղին ա՞։ Նայում եմ հայելու մեջ, աչքերիս խնձորիկները թեթևակի դեղնած են, ափերս էլ։ Վերջ։ Հեպատիտ ա։ Ապուշ բժշկուհին հո զննեց ինձ, ո՞նց կարար չնկատեր, որ լյարդս մեծացած ա։ Լյարդի չափսերը ես գիտեմ, Դավթամարդս իմ ձայնով էր սովորում, պառկում էր բազմոցին, ես էլ նստում էի բազմոցի թիկնակին ու կարդում իրա համար, ինձ վրա էր պալպացիա սովորում, ձեռքերին վերևից խփելով կտկտոցից ջոկում ես ո՛ր օրգանն ա փոփոխված։ Հա, ես մի բժշկի կուրս անցել եմ, Դավիթի հետ բժշկական ակադեմիա եմ ավարտել, քննություններին որ գնում էի հետը, սաղ զարմանում էին, թե ես ո՞նց եմ էդքան բան իմանում, եթե մեդիկ չեմ։ է՜հ, դե ինչ անեմ, կգնամ կնայեմ կամերայում։
– Դիմա, ես դեղնա՞ծ եմ։
– Հա, մի քիչ դեղնած ես, բա ի՞նչ էիր ուզում բանտում, առանց արևի զագար ընդունած լինե՞ս։
– Չէ, Դիմա, նայի աչքերիս խնձորիկներին, դեղին են, չէ՞։
– Հա, վայ, ճիշտ ա, դեղին են։
– Դիմա, ինձ տար անալիզ տամ, էլի, խնդրում եմ, հղի եմ, երեխուս կվնասի։
– Դե, Լյուսյա, ո՞նց տանեմ, չեն անի անալիզ քեզ ըստեղ։
– Դիմա, տար փողով անեն, ես քեզ կուղարկեմ հետո։
– Լավ, տենանք ինչ կարանք անենք։ Գնա պառկի։
Հեպատի՜տ։ Զահրումար հեպատիտ։ Գոնե B լինի, B-ն դեռ բուժվող ա, C-ն սաղ կյանքում կմնա մեջս, խրոնիկ ա։ Լյարդի ցեռոզ կամ էլ ռակ ա վերջը։ Ո՜ւֆ։ Բուդդիզմ։ Ի՞նչ ես ասում, Բուդդա, էս թեմայով։ Բան չի ասում։ Ասում ա՝ ամեն բան ըստ արժանվույն ա։ Արժանի եմ ուրեմն։ Ես նարկոմանների մեջ գոյատևե՜մ, նրանց լոմկից հանե՜մ, ճիշտ ճամփի բերե՜մ, նարկոման չդառնա՜մ ու մի ատամ հանելուց հեպատիտ վաստակե՞մ։ Ո՞ր մեղքիս համար, Բուդդա։ Բուդդան աստված չի, որ տենց հարցեր տաս, քո մեջի Բուդդային հարցրու, Լուսինե։ Բա Ֆեդյա՞ս, չի՞ք Ֆեդյաս։ Ֆեդյա չի կարա ծնվի՞ հեպատիտով։ Երևի չի կարա։ Ափսո՜ս։ Կարո՞ղ ա՝ կարա։ Պետք ա իմանալ։ Պանիկայի մեջ մի ընկնի, Լուսինե ջան։ Հո առաջի խաթան չի կյանքումդ։ Սա էլ ա դաս։ Կարող ա նարկոմանների կարմայի մասն եմ իմ վրա վերցրել, ցավակցել եմ, ասել ա թե՝ ցավի մասը իմ վրա եմ վերցրել։ Դե հեպատիտն էլ նրանց թաղից ա։ Պահո՜։
Դիման ասեց՝ գնամ իմանամ, գամ։ Եկավ։
– Հագի, գնանք պոլիկլինիկա, շեֆին ասեցի, ասեց՝ գնացեք իմ անունից խնդրեք, կանեն, եթե չանեն էլ, ես փող ունեմ, կտամ, կանեն։
Պոլիկլինիկա։
– Մենք վիրուսային հեպատիտի ախտորոշում չենք կարող անել էստեղ, սարքավորումներ չունենք, գնացեք կամ Տվեր կամ Վիշնի Վալաչոկ,- ասում ա գլխավոր բժիշկը։
– Բա եթե կասկածում ա դեղնախտ, ի՞նչ կարաք անեք, գոնե մի կերպ իմանանք՝ ունի՞, թե՞ չունի։
-Դե Բիլիրուբին տվեք, Ալտ Աստ տվեք, մեզն ու կղանքն էլ տվեք, ընդհանուր լյարդի վիճակը պարզ կլինի, միայն հարուցիչը կմնա անհայտ, բայց թե դեղնախտ տանում ա տվյալ պահին, թե չի տանում՝ կպարզվի։
– Շնորհակալություն, ցտեսություն։
– Ցտեսություն, լաբորատորիան նկուղային հարկում ա, ասեք՝ ես եմ ուղարկել, անվճար կանեն։
Արյուն մատից, երակից, միզեցի, մենակ կղանք չկա։ Դե լավ, ասին, առանց կղանքի էլ կպարզվի։ Պատասխանը վաղը կլինի։
– Մերսի, Դիմա։
– Չարժի, Լյուսյա։
Թո՜ւ, մոռացա հարցնեմ՝ Ֆեդյան կարա ծնվի, թե չէ։ Դե լավ։
Վասյան եկել-գնացել ա արդեն, ձյաձյա Սյոման դիմավորում ա մեզ, ասում ա՝ աղջիկ ջան, դու երևի զուգարանում գիրք կարդալիս ես եղել, երբ մարդկանց բախտ են բաժանել, քո փայ բախտը տվել են ուրիշներին, հոմ բախտ չունես ախր։
– Հա, չունեմ, ձյաձյա Սյոմա։ Ջուր կտա՞ս՝ լվացվեմ։
– Հա, կտամ, հիմա միացնեմ կիպիտիլնիկը, տամ։ Հացդ կեր, մինչև։
Տուշոնկով սուպ ա։ Մակարոն։ Տապակած կալմար ա, թե կրաբ ա՝ չեմ իմանում, չեմ ջոկում։ Գլուխս պտտվում ա։ Սուպը կերա, հետ եկա։ Պառկել եմ։ Ձյաձյա Սյոման կանչում ա, թե՝ արի, ջուրդ վեկալ։
Պիտի վեր կենամ, էլ չեմ դիմանում, երկու օր ա՝ անլվա քամակով եմ։ Ես որ պառավեմ, չկարամ լվացվեմ, դադարելու եմ հաց ուտելս ու մեռնեմ զիզայիս նման։ Նա տենց արեց։ Տասնմեկ օր չկերավ։ Ասեց՝ վերջ, բոլ ա ապրեմ։ Ասինք՝ զիզա, դու չես որոշողը, բոլ ա անկապ խոսաս, ասեց՝ չէ։ Ասինք՝ ո՞նց, դու ինքնասպան ես լինելո՞ւ։ Ասեց՝ չէ, դա մեղք ա, ուղղակի հաց չեմ ուտի ու կմեռնեմ։ Սպասեց, փոքր, վաղամեռիկ տղու մահվան տարելիցն էր, անցկացրեց, հետո տատիս կանչեց, ցույց տվեց՝ ինչ հագցնեն իրան թաղելուց, ո՛ւմ կանչեն՝ լողացնի, մի քանի բարոյական դասեր տվեց ու պառկեց մեռնելու։ Ծիծաղում էինք առաջի երկու օրը, մինչև չհասկացանք, որ իսկականից որոշել ա մեռնի ու հատուկ չի ուտում։ Մենակ ջուր ա խմում։ Ինքն իրա ոտով գնում ա միզում, գալիս պառկում։ Ու տենց, սաղ հավաքվել էին գլխին, երեխեքը, թոռները, ծոռները, համոզում էին՝ ուտի, ասում էր՝ չէ՛, բոլ ա, էլ չեմ ուզում, հոգնել եմ։ Տասնմեկերորդ օրը մեռավ։ Հանգիստ մեռավ։ Մահանում էր, աղջիկը գոռաց՝ հետ եկավ, ասեց՝ լավ էլի, կամաց, մի խանգարեք, ես գնում էի արդեն, մեկ էլ համը հանեցիր գոռոցովդ, սուս արա։ Ասեց ու կես ժամ հետո մեռավ։ Գիտակցության մեջ։ Լրիվ ինքնակամ։ Կատարյալ մահ։ Ու ոչ մի անգամ տակը չարեց, չչարչարեց ոչ մեկին։ Որ լողացնում էին, մնացել էին շշմած, որ տեղ ու բարձ ընկած պառավը տենց մաքուր մարմին ունի…
Ես էլ եմ տենց ուզում մեռնեմ…
Լվացվեցի, տրուսիկս լվացի։ Չեմ կարա ֆռռիկ լինեմ հիմա, վատ եմ շատ։ Փաթաթեցի մայկայիս մեջ, ոլորեցի ուժեղ, ջուրը առավելագույնս քամվեց, կախեցի կառավաթին ու պառկեցի։ Ընկել եմ երևի թե զառանցանքի մե՞ջ։ Մթագնել ա գիտակցությունս։ Պատուհանիկը բացվում-փակվում ա։ Ես անջատված եմ, ոնց որ հարբած լինեմ։ Չեմ կարում գնամ միզեմ։ Քնե՜լ, քնե՜լ, քնե՜լ։
– Լյուսյա։
Դիման ա։
– Լյուսյա, պոլիկլինիկայից եմ գալիս, անալիզներդ դեղնախտի անալիզներ են։ Վաղը պահանջի շեֆի մոտ գնաս, գնա ասա, որ դեղնախտ ես, չի կարելի քեզ ըստե մնալ։
– Հա, կգնամ, թող քնեմ, Դիմա։
– Վեր կաց, չայ խմի։ Չե՞ս գնում զուգարան։
– Առավո՞տ ա, ի՞նչ ա։
– Հա։
– Բա դու խի՞ ես ըստեղ, քո սմենն ա խի՞։
– Չէ, եկա պոլիկլինիկա, անալիզներդ վերցրեցի, բերեցի։ Առ, մոտդ պահի, շեֆին ցույց կտաս։
– Դիմա, մոռացա հարցնեմ՝ կարա՞ Ֆեդյա ծնվի, թե՞ պիտի աբորտ անեմ։
– Հարցրել եմ, ասեցին՝ հեպատոլոգներն են իմանում, իրանք չեն կարա ասեն հաստատ։ Ասում են՝ բերում են, պատահում ա՝ լրիվ առողջ են լինում։ Համենայն դեպս, քանի դեռ արյանդ մակարդելիությունը յոթանասունից ցածր ա, ոչ մի աբորտ չի կարա լինի։
– Իմն ինչքա՞ն ա։
– Երեսուն ա։ Դու կարաս ատամ հանելուց կամ մի խոր կտրվածքից արնահոսես, մեռնես։
– Դե լավ, մերսի, Դիմա, գնա գործերովդ։
– Հաց կեր, մենակ նայի՝ տապակած բան չուտես։ Ես էլի կգամ։
Հեպատիտ։ Էլ պրիստուպ չկա։ Լյարդս սկսել ա քայքայվել ու հարմարվել ա իրա նոր կարգավիճակին, իմ նման… Քնե՛լ, քնե՛լ, քնե՛լ…
– Վեր կաց, աղջիկս, գնա զուգարան, լվացվի։
– Չեմ կարում, ձյաձ Սյոմ, ահավոր թույլ եմ։
– Դե մի կերպ քեզ բարձրացրու տեղից, գնա, կթեթևանաս։
Գլուխս արճիճով լցված ոնց որ լինի, սիրտս խառնում ա, գլուխս պտտվում։ Չեմ կարում, թե ոտիս վրա կանգնեմ։ Վեդրոս…
Դե լավ, վեդրոս թող մնա էսօր առանց թափելու։ Ծխել չեմ ուզում։ Ֆեդյաս… Ֆեդյա ջան, սպասի, սպասի, տենամ՝ ծնվում ես, թե չէ։ Լվացվում եմ, ատամներս մի կերպ մաքրում։ Դեղնել եմ։ Ոնց որ կուբայական նարինջ լինեմ։ Գնամ էդ շեֆի մոտ, խնդրեմ, բաց կթողնի։ Գնամ հասնեմ Մոսկվա, Պաշաս իմ մասին հոգ կտանի։
Վասյան ա։
– Հաց եմ բերել, վեր կաց կեր, Լյուսյա։
– Վասյոկ, վատ եմ, ապեր։
– Վեր, վեր, համով, քո սիրած գարոխով սուպն եմ բերել։ Տաք-տաք կեր, կլավանաս։ Սոված մի մնա։
Ուտում եմ։
– Դառն ա, Վասյա։
– Չէ, Լյուսյա, դառը չի, համով սուպ ա, բերանդ ա երևի դառնացել։
– Երևի։ Չէ, չեմ կարում ուտեմ։
– Երկրորդն էլ գրեչկա ա։ Ու տապակած ձուկ։
– Չէ, ձուկը չի կարելի, տապակած ա, Վասյա, տուր կողքի կամերայի էն ջահելին։
Տվեց, ասում ա՝ կողքի կամերայից Լյուսյան ա ուղարկել։ Ջահել նարկոմանը ասում ա՝ մերսի, ես լսում եմ ըստեղ։
– Չէ, թո մնա գրեչկան, կարող ա հետո կարանամ ուտեմ։
– Հաջող, Վասյա, մերսի։
– Առողջություն քեզ, Լյուսյա։
– Է՜, առողջությունը հիմա երազումս եմ տեսնելու երկար ժամանակ հլա, Վասյա։
Քնեմ մի քիչ։
Պզուկոտն ա, ասում ա՝ շեֆը կանչում ա, վեր, գնա մոտը։ Վեր եմ կենում, մազերս սանրում եմ, ու մի կերպ, պզուկոտը ինձ իրա վրա համարյա գցած, բարձրացնում ա աստիճաններով։
– Բարև ձեզ։
– Բարև ձեզ։ Լսել եմ՝ դեղնախտ եք հիվանդացել, հա՞։
– Հա, բաց թողեք ինձ, խնդրում եմ, ես մեղավոր չեմ, շատ եմ խնդրում ձեզ։
– Չենք կարա, սպասենք, տեսնենք՝ դատախազը ինչ ա ասում, հետո։
– Ե՞րբ պարզ կլինի։
– Վաղը լրանում ա տաս օրը, կասենք ձեզ դատախազի որոշման մասին։
– Լավ։ Ցտեսություն։
– Ցտեսություն, մի նեղացեք, մենք ոչինչ չենք կարող անել։
– Դե ի՞նչ նեղանամ, կամ նեղանամ-չնեղանամ՝ ի՞նչ տարբերություն ձեզ համար։
– Հաջողություն։
Մթոմ խի՞ ինձ քարշ տվին, բերին ըստեղ, եթե բան չուներ ասելու։
Պզուկոտը տարավ կամերա։ Քնում եմ։ Չի ցավում։ Երազումս տեսնում եմ Ֆեդյայիս՝ մի յոթ տարեկան, քամակը կախ ռեպերի շալվար հագը, շագանակագույն մազերով, կանաչ աչքերով, իմ բերանով, կլոր երեսով, հայաթում գնդակ ա խաղում։ Կանչում եմ, ասում եմ՝ բալես, արի հաց կեր։ Ասում ա՝ հիմա կգամ, մի տաս րոպե հետո։ Կամ էլ կախի պարանով ներքև, ըստեղ ուտեմ էլի, մամ։ Կախում եմ, ոնց որ տատս էր ինձ համար կախում, որ խաղից չկտրվեմ։ Սաղ հայաթի երեխեքը ինձ նախանձում էին, որ տնից պարանով իջացրած հաց էի ուտում։ Ես էլ կկախեմ Ֆեդյայիս հաց ու ջուր։ Աղջկաս տանը, խոհանոցի սեղանի վրա, թողնում էի սպագետիով ու կետչուպով նկարում էր. հետո նկարածը հավաքում-ուտում։ Խալու վրա էլ կլաս էր նկարում, խաղում։ Իրան էլ իրա ընկերներն էին նախանձում, ասում էին՝ մամադ լավն ա, թողնում ա քեզ անկարգ բաներ անես։ Դե խի՞ չթողամ որ, հետո մաքրում էի։ Զատո երեխեն հավեսին խաղում էր, ուտում էր…
– Լյուսյա։
Դիման ա։
– Ո՞նց ես։
– Վատ եմ երևի, Դիմա, բան չեմ հասկանում։
– Խնձոր եմ բերել, տվարոգ էլ, կեր, տվարոգը քեզ օգուտ ա։
– Չեմ կարում խոսամ։ Գիշե՞ր ա , Դիմա։
– Հա, մեկի կողմերն ա։
– Կներես, Դիմա, չեմ կարում զրուցեմ։
– Բան չկա, Լյուսյա, քնի, ես կնստեմ ըստեղ։
Դիման մոտս նստած քնելն ինչ լավ ա, պաշտպանված եմ ինձ զգում մի տեսակ, ոնց որ մենակ չեմ էլի աշխարհում, քանի դեռ հիվանդ վախտ մոտս նստող կա։ Օտար մի Դիմա, որ չգիտես ինչի խնամում ա ինձ՝ ռիսկի դիմելով։
– Դիմա, դուրս գնա, զուգարան եմ ուզում։
– Արի, տանեմ քեզ կարիդորի զուգարանը, էն կեղտոտ վեդրոն չբացես մեկ էլ։
– Լավ։
Գնացինք, եկանք։ Ոնց որ բաղ փխրացրած լինեմ, նենց եմ հոգնում։
– Գնա, Դիմա, գնա տուն։ Տանն ի՞նչ ես ասում, որ սենց ուշ ես գալիս։
– Բան չեն ասում, ինձ վստահում են, փոքր քաղաք ա, եթե չհաշվես կայարանը, որ ռիսկի գոտի ա, մնացած ամեն ինչում գավառ ա, իսկ գավառը հանգիստ տեղ ա, համ էլ տանն ասել եմ քո մասին։
– Ի՞նչ ես ասել։
– Դե ասել եմ, պատմել եմ քո պատմությունը, ցավակցում են մերոնք։ Հերս դատական բժիշկ ա ըստեղ, մերս էլ գրադարանավարուհի ա։ Մերս ասում ա, որ ես հաստատ սիրահարվել եմ քո վրա։
– Յա՞։ Բա դու ի՞նչ ասեցիր։
– Չժխտեցի։
– Դիմա, ի՞նչ ես հիմար բաներ խոսում, ի՞նչ սիրահարվել։
– Հա, սիրահարվել եմ, ի՞նչ կա ըտեղ։ Ես հո քեզնից բան չեմ ուզում, ուղղակի իմ համար զգացմունք եմ էլի ապրում։
– Դիմա, ես կարո՞ղ ա երազում եմ։
– Չէ, երազում չես, իրականության մեջ ես։
– Բայց ինչի՞ս ես սիրահարվել։
– Եսիմ, չեմ իմանում։ Գիտեմ, որ թուքս կուլ տալուց մի տեսակ ա գնում, համ էլ փորումս, սրտիցս մի քիչ վերև մի տեսակ ա լինում, ուզում եմ անկապ ձեներ հանեմ, հիմար բաներ անեմ։ Սիրահարված չկա՞ս ինչ ա դու, Լյուսյա, ի՞նչ ես հարցակոխ անում ինձ ըստեղ։
– Հա, բայց, Դիմա, սովորաբար մարդիկ սիրահարվում են, պատասխանի են սպասում, ուզում են, որ իրանց էլ սիրահարվեն, բա դու ինչի՞ ես սպասում։
– Ոչ մի բանի էլ չեմ սպասում, ուղղակի սենց էլի, զգացմունք եմ ապրում, ոչ մի բանի համար սիրահարված եմ։
– Տենց չի լինում, Դիմա։
– Լինում ա, հիմա կա։
– Դե լավ, ոնց կուզես, բայց ես ինձ սրիկա եմ զգում։
– Մի զգա, դու ի՞նչ կապ ունես, ես ուղղակի քեզ երջանկություն եմ ցանկանում, ոչինչ չեմ պահանջում։
– Է՜, դու էլ մարդ գտար սիրահարվես, Դիմա։
– Հա, գտա։ Լավ ա, շատ էլ լավ ա։
– Բա որ ես գնամ, ի՞նչ ես անելու։
– Ոչ մի բան, էնքան մնալու եմ սիրահարված, մինչև անցնի, բայց մնալու ես իմ սրտի մի մասում։ Լյուսյա, դու քո սերերը մոռացե՞լ ես, երբ դադարել ես սիրելուց։
– Չէ, չեմ մոռացել, ուղղակի ոնց որ տան մեջ լինում են պետքական, ամենօրյա գործածելու իրեր ու դարն ապրած կամ էլ գործածությունից դուրս եկած իրեր, որ լավն են, բայց պետք չեն, դնում ես մի խոր տեղ, չուլանում կամ թախտում։ Տունը մաքրելուց հանում ես, մաքրում փոշիները, արևին ես տալիս, շնորհակալություն ասում ծառայելու համար, ու նորից դնում ես իրա խոր տեղը։ Տենց էլ սերերն են։ Լավ տնտեսուհին սիրելի, բայց անպետք իրերը դեն չի գցում։ Լավ մարդն էլ՝ սերերը։
– Ես քեզ կդնեմ հեռուստացույցի գլխին, Լյուսյա։
– Հա, կդնես, մինչև չխամրեմ։
– Հա, բայց դեն չեմ գցի։
– Դե լավ, Դիմա, գնա տուն, թե չէ մերդ ինձ կսկսի անիծել, իսկ ես առանց էդ էլ վատ եմ։
– Գնամ, Լյուսյա, հո չե՞ս նեղանում ինձանից։
– Չէ, ինչի՞ց պիտի նեղանամ, որ սիրահարվե՞լ ես։ Հակառակը, հաճելի ա։ Ուրեմն դեռ կին եմ մնացել, թե որ բանտում էլ են սիրահարվում։ Շնորհակալ եմ, Դիմա։ Իսկ վաղո՞ւց ես սիրահարված։
– Չէ, մի չորս օր ա։
– Այսինքն, որ սկսեցիր հոգալ իմ մասին, ես քեզ համար օտար էի՞։
– Հա, օտար էիր։
– Մերսի, Դիմա, հատկապես էդ օրերի հոգատարության համար։
Գնաց։ Բայց սրտի մասնիկը հետս ա։ Դա՜։ Չէ, ի՞նչ սիրահարվել, տղան շփոթել ա խղճահարությունը սիրո հետ։ Չէ, ինչի՞ս պիտի սիրահարվի։ Բայց հաճելի ա, մեկ ա։
Վաղը ինքն ա՞։ Չքնած, սմենի ա գալու խեղճը։ էդ ո՞նց էի ես հաշվել բա, գիտեի ինքը չի լինելու։
Առավոտ ա։ Դիման հլա չկա։ Պզուկոտն ա, կանչում ա զուգարան։ Գնում եմ, ինձ մի կերպ քարշ տալով տանում ա, անում եմ առավոտյան գործողությունները, հետ եմ գալիս կամերա։
Դիման եկավ։ Մի տեսակ անհարմար եմ ինձ զգում, մեղավորի պես։ Բայց ես ի՞նչ անեմ, ի՞նչ մեղք ունեմ ես, որ իմ էս հալին մի քսան տարեկան Դիմա սիրահարվել ա ինձ։ Ի՞նչ եմ արել ես։ Ոչ մի բան էլ չեմ արե, ոչ կոկետություն եմ արե, ոչ ֆլիրտի նամյոկ եմ տվե։ Չէ, ես մեղավոր չեմ։ Մեղավոր չեմ։
Վասյան ճաշ ա բերել։ Դիման էլ տնից ա բերել, հավով տնական սուպ ա բերել, տաքացրեց տվեց, կերա։ Տնականն ուրիշ ա, էլի։ Նույնիսկ ախորժակի պես մի բան զգացի։ Բայց մեկ ա, ամեն ինչ դառը համ ունի։ Էսօր կասեն դատախազի որոշման մասին։
– Լյուսյա, ադվակատդ եկել ա։
– Ի՞նչ ադվակատ, դա նշանակում ա՝ մեղադրանք են ներկայացնում, Դիմա, չէ՞։
– Հա։
– Բա ի՞նչ անեմ։
– Զանգի հորդ։ Ուզո՞ւմ ես, ես զանգեմ-ասեմ՝ գա։
– Չէ, Դիմա , պետք չի։
Տարան կողքի կամերա, ուր քննիչն էր ընդունում։
– Բարև ձեզ։
– Բարև ձեզ։
– Ես Իգոր Միխայլովիչն եմ, ձեր ադվակատը։ Ձեզ մեղադրանք են ներկայացրել 228 հոդվածով։ Ինչո՞վ կարամ օգնեմ ձեզ։
– Դե ես ի՞նչ իմանամ, ես հետաքննության տակ չեմ եղել, ոչ էլ մեղադրանք են ինձ ներկայացրել երբևէ։
– Դե զանգենք ձեր հորը, գա։
– Անհրաժե՞շտ ա դա։
– Հա, փող ա պետք լինելու։
– Ինչի՞ համար։
– Դե, ես պետական ադվակատ եմ, բայց եթե վարձատրվեմ, դուք չեք նստի։
Անասուն։ Փող ա ուզում վրես սարքի։
– Դե, զանգեք, համարը վերցրեք, զանգեք։ Բայց թող չգա, ու կասեք անպայման, որ մեղադրանքը սարքած ա։ Իմ ընտանիքը բարեկեցիկ ընտանիք ա, ինտելիգենտ մարդիկ են ծնողներս, հերս գիտական աշխատող ա, քրեական հարցերում բան չի հասկանում, չվախեցնեք նրան։
– Չէ, չեմ վախեցնի, արխային կացեք։
Խուժան ա սա։
– Մի բան արեք, ինձ բուժհաստատություն տեղափոխեն, ես ըստեղ կմեռնեմ։
– Հա, զանգեմ ձեր հորը ու կսկսեմ զբաղվել դրանով։ Հասկանում եք, դատապաշտպանությունը ծախսեր ա պահանջում։
– Հա, զանգեք, հարց չկա, հայրս կուղարկի ձեզ, ինչ պահանջեք։
Հա, իհարկե կուղարկի, ինձ էլ կուղարկի առհավետ անառակ որդու կարգավիճակի։ Ի՜նչ էլ անեմ ես հետո կյանքում, ի՜նչ առաքինի կյանքով էլ ապրեմ հետագայում, հորս համար կմնամ անառակ զավակ, որը բանտ ա ընկել, խայտառակ ա արել իրան։ Վա՜յ, մամա ջան։ Գետինը ծակվի, ես մտնեմ մեջը։ Մեռնեի, ավելի լավ էր։
– Գնամ ես, վատ եմ, գնամ պառկեմ։
– Հա, գնացեք, ես կսկսեմ զբաղվել։ Հիմա ձեր քննիչը կգա, պաշտոնապես կասի ձեզ մեղադրանքի մասին։
– Բարև, Լյուսյա։
– Բարև, Ալեքսանդր Անատոլյեվիչ։
– Ես կարդամ, ձևականություն ա, բայց պետք ա։
Ու կարդում ա, սենց-սենց, քաղաքացուհի Լ. Սարկիսյան, մեղադրվում եք ՌԴ ՔՕ 228 հոդվածի համաձայն, և ձեր նկատմամբ կայացվում է պատժամիջոց՝ կալանավորում։
Ոնց որ մինչև հիմա ազատ ճախրում էի։
Ադվակատս գնացել ա։
– Գնամ ես, չեմ կարում էլ։
– Գնացեք։
– Ցտեսություն։
– Ցտեսություն։ Ադվակատ էիք ուզում, ստացա՞ք։ Տեսա՞ք՝ ադվակատը ինչ ա։
– Հա, տեսա, գայլ ա։
Ժպտում ա։
– Դիմա, տեսա՞ր, որ լավ չեղավ։
– Լյուսյա, մի ընկճվի, ես հորս էլ կխառնեմ էս գործին, հերդ էլ փող կուղարկի։ Սրանք մի թայֆա են դատախազի հետ։ Փող կստանան, կկիսեն ու վերջ։
– Չէ հա, Դիմա, հնարավոր չի տենց բան լինի։
– Տենց ա, ասում եմ, հավատա։ Ըստեղ տենց մեծ-մեծ գործեր հազարից մեկ են լինում, սրանք էլ առիթը բաց չեն թողնում՝ փող աշխատեն։ Ի՞նչ են ստանում որ, հասկանալի ա իրանց։ Դու էլ հայ ես, գիտեն՝ փող ունես։
– Բա խի՞ սկզբից չէին զանգում հորս։
– Որ զանգեին, հերդ կգար ու սաղմնային շրջանում վերջ կտար էս սարքած գործին, իսկ սենց տաս օր պահել են քեզ, բարոյապես ընկճվել ես, ու հիմա ինչ էլ ասեն՝ կտաս, որ պրծնես ըստեղից։
– Երևի ճիշտ ես ասում, Դիմա։ Բա ո՞նց ես կարում ըստեղ աշխատես, որ էդքանը հասկանում ես։
– Դե ի՞նչ անեմ, բանակ գնա՞մ, իմացածս սաղ կմոռանամ։ Սենց ըստեղ աշխատում եմ, մենթություն եմ անում ու պարապում եմ, որ ընդունվեմ։
– Հա, Դիմա, ճիշտ ես ասում։ Պառկեմ ես։
– Կարսիլ եմ բերել, խմի, նոր պառկի։
– Կարսիլն ի՞նչ ա։
– Լյարդի համար ա, հեպատոգեն ա։
Ուժ չունեմ հարցնեմ՝ հեպատոգենն ինչ ա։ Դե լավ, Դիման ինձ վատ բան չի տա, խմեմ։
– Շատ քաղցր կեր, Լյուսյա, գլյուկոզայ ա պետք քեզ, որ լյարդդ դիմադրի։ Կոնֆետ կեր, շաքար ծծի։
– Հա, ուզում ա սիրտս քաղցր, Դիմա, օրգանիզմս ինքն ա ասում՝ ինչ ա պետք։ Քնեմ Դիմա։
– Քնի։
Էլի կողքս ա։ Գիշեր ա երևի։ Լույսն անջատել ա, մոմ ա վառե։ Ռոմանտիկ լուսավորվածություն ա։ Է՜հ, Դիմա, ուրիշ վախտ լիներ, ուրիշ ձևի լիներ, ես էլ քեզ կսիրեի, ի՞նչ անեմ, թե ինը տարով փոքր ես։ Կսիրեի հաստատ։ Հիմա ուժ չունեմ՝ սեր խաղացնեմ, զգացմունքներիս կենտրոնը բլոկ ա դրած, կներես։
-Դե լավ, Դիմա, քնեմ։
– Քնի։ Ես նստեմ, կարելի՞ ա։
– Նստի։
Առավոտ։ Զուգարան ա պետք գնալ։
Դիման վեդրոն հանել ա, տեղը թազա մի հատ նիկելի, պլպլան վեդրոյ ա դրել։ Հիասքանչ վեդրո։ Դրանից սիրուն բան մեկ էլ մայրամուտն ա եղել իմ տեսածների միջից։
– Բարի լույս, Լյուսյա։
– Բարի լույս, իմ լույս։
– Ո՞նց ես քնել։
– Լավ, գիտես, զարմանալիորեն լավ։ Էս քանի օրը շշմած էի ըլնում, բայց կարգին չէի քնում, երևի ճաշիս մեջ քնաբեր էիր լցրել, Դիմա, խոստովանիր։
– Չէ, չեմ լցրել։
– Կողքս ե՞ս եղել սաղ գիշեր։
– Հա, վեց անց կես դուս եկա, չգան տեսնեն հանկարծ։
– Դրա համար էլ լավ եմ քնել, Դիմա։
էս ի՞նչ կրակ էր։ Ես ի՞նչ անեմ հիմա։ Բա որ սիրահարվե՞մ։ Ես չեմ կարա, Դիմա, քեզ նման, չեմ կարա սիրեմ սիրելու համար։ Ես պիտի քամեմ սերը, սոկը խմեմ։ Ես սիրո վամպիր եմ, Դիմա։ Գնա կորի, Դիմա։ Ես չեմ ուզում սիրեմ։ Ես հղի եմ, ես փեսացու ունեմ, մեկի տեղը՝ էրկուսը։ Ես դեղնախտ եմ։ Ես չեմ կարա սիրեմ։ Ես քեզանից լիքը մեծ եմ։ Գնա կորի, Դիմա, գնա կորի, տղա, գնա՜։
Գնաց Դիման։ Ձյաձյա Սյոման եկել ա։ Հարցրեց՝ ո՞նց եմ, ի՞նչ եմ։ Ասում ա՝ մեր Դիմայի սիրտը կերել ես, Լյուսյա։ Ասում եմ.
– Ձյաձ Սյոմ, ես ի՞նչ եմ արե, ես բան չեմ արե։ Մեղքս ո՞րն ա։
– Աղջիկ ջան, քեզ մեղադրող չկա, ուղղակի փաստ ա։ Տղա ա, էլի, կսիրի էլ, կմոռանա էլ։ Ուրախալի ա, որ ղշի չի սիրահարվել, քեզ ա սիրահարվել։
– Խի ես ղուշ չե՞մ։
– Չէ, դու Լյուսյա ես։ Լյուսյան ղուշ չի լինում։
Ո՜ւֆ։ Մանիա կսկսվի շուտով մոտս, հատուկության մանիա։ Էս ի՞նչ զադ էր։ Էս ի՞նչ բանտ ա։ Սա բանտ չի, դրախտ ա։
Գոնե դատախազը սիրահարվեր վրես, մեղադրանք չներկայացներ, տուն գնայի։ Դատախազը Դիմայի պես չէր սիրահարվի, նա իրա համար կսիրահարվեր, սեքս-մեքս կուզեր։ Ես էլ՝ հիվանդ, սեքսի բան չեմ, չէ, չէր ուզի։
Ադվակատս եկավ։ Զանգել ա հորս։ Հերս ասել ա՝ կուղարկեմ, արեք, ինչ պետք ա, կուղարկի։ Դե լավ։ Չմտածեմ հորս մասին, թե չէ կգժվեմ։ Խեղճ իմ հեր, տատիս ու էրեխուս բան ասած չլնի։ Մերս պինդ կնիկ ա, կդիմանա։ Մերս որբ ա մեծացել, տատն ա պահել։ Որբերը պինդ են ըլնում, կյանքը չի կոտրում շուտ։ Տենց էլ չկարացի մորս հետ մերվեմ, վատ եմ զգում ինձ անընդհատ դրանից։ Սիրում եմ իրան, բայց երևի նենց չէ, որ մորն են սիրում։ Ի՞նչ անեմ, լավ կնիկ ա, բայց հոգևոր կապ չկա մեր մեջ, ոնց որ հարազատ չլնենք։ Ո՞վ ա մեղավոր՝ չգիտեմ։ Կարող ա՝ իրա մոտ չեմ մեծացե, դրանից ա։ Ինձ չի տեսել մերս, բոլորովին չի տեսել։ Իմ ֆուտլյարն ա տեսե, իսկ ինձ չի տեսե։ Վատն եմ ես, վատ աղջիկ եմ ձեզ համար, շատ վատն եմ։ Բայց էս եմ, ուրիշը չեմ կարա ըլնեմ։ Ուրիշը ես չեմ լինի։ Դե սենցին էլ են սիրահարվում բանտերում՝ առանց փոխնորդ տրուսիկով, դեղնախտ, հղի։ Երևի ապրելու իրավունք ունեմ, եթե մարդկանց մեջ զգացմունքներ եմ առաջացնում դեռ։ Ի՞նչ անեմ, որ ուրիշ մարդիկ իմ մեջ ինչ-որ բան են տեսնում, սիրում ինձ դրա համար, իսկ դուք չեք տեսնում, ծնողներս։ Ես մեղավոր չեմ։ Սրա համար կներեք։ Մնացածը իմ կյանքն ա։ Իմ սխալները։ Իմ տանջանքը։ Ես պիտի ապրեմ, սխալվեմ, սիրեմ ու տանջվեմ։ Մեկ-մեկ էլ կարող ա երջանիկ պահեր լինեն։ Էս եմ։ Սենց եմ ստացվե։
Սրտամտահոգու հանդարտության եմ ձգտում։ Գիտակցականացված կյանքի։ Մտքերի մաքրության։ Լավություն եթե չեմ կարա անեմ, գոնե չվնասեմ ոչ մեկին։ Սրան եմ ձգտում։ Ի՞նչ վատ բանի եմ ձգտում։ Սրա համար ինձ փնովում ե՞ն։
Ինչորայա։
Տասներկու օր ա՝ ըստեղ եմ արդեն։ Բանտից քաղել եմ մի բոլ դրական զգացմունքներ, Դիմայի, ձյաձյա Սյոմայի, Օլեգի, Վասյայի բացարձակ համակրանքը, Ալեքսանդր Անատոլյեվիչի ու Նիկոլայ Իլյիչի հարգանքը, Պզուկոտի հետաքրքրությունն եմ շարժել, բժշկուհուն ցնցել եմ, Բալագոյեն ստիպել եմ ցավակցեն օտար մեկին։ Վատ չեմ անցկացրե էս տասներկու օրը։ Հիվանդ չլնեի, գրքեր ունենայի, ներկեր, վրձիններ, չնայած նկարել չգիտեմ, լիքը թուղթ ու մատիտ ու հղի չլնեի, կուզեի ողջ կյանքս անցկացնեմ ըստեղ։ Կլուսավորվես, սենց տեղ եթե երկար մնաս։ Ինձ ըստեղի նման ոչ մի տեղ չեն սիրել, սենց վիճակով։
Ուխաս կերա, պյուրես պահեցի։ Վատ չեմ էդքան էլ զգում ինձ։ Կարո՞ղ ա, մրսածությունից մեխանիկական դեղնախտ ա էղե, մի երկու օր դեղ խմեցի, տաք պահեցի, քաղցր կերա՝ անցավ։ Իզուր շառ էի գցում հարևանուհուս վրա, թե վարակվել եմ ատամնաբուժարանում։
Դիման չկա։
էլի չկա Դիման։
Իրիկնացել ա, Դիման չկա։
Եկավ։ Ուրախ, մի վարդ ձեռը։
– Սա քեզ։ Քնի։ Ամեն ինչ լավ կլինի, ես գիտեմ։ Նստելու եմ մոտդ, ձյաձյա Սյոման թողնում ա։
– Նստի, Դիմա։
– Մոմը վառե՞մ։
– Վառի, Դիմա։
– Դու քնի, ես նայեմ քեզ։
– Նայի, Դիմա։
– Ձեռքդ բռնե՞մ։
– Բռնի, Դիմա։
Բռնել ա ձեռքս, հանգիստ նստել ա։ Տարօրինակ տղա ա Դիման։ Երգ ա մռմռում քթի տակ։ Բուլատ Ակուջավա։ Ես էլ եմ ձայնակցում։ Մայքլը ընդեղից գոռում ա՝ բոզ, կոխեցիր ինձ ծակն ու երգո՞ւմ ես։ Ոռիս չի Մայքլ, ես երգում եմ։ Դու մարդ ե՞ս, մա՞րդ ես, մարդ չե՛ս։ Փտելու ես դու ըստեղ, Մայքլ։ Կամ էլ դուս ես գալու էն վախտ, որ հասկանաս ու ընդունես արածդ ստորության աստիճանը։ Իսկ հիմա ես Դիմայի հետ երգելու եմ։ Երանի թե միշտ սենց ըլներ՝ բանտ ըլներ, մոմի լույս ըլներ, դեղնախտ չլներ, ձեռս բռնած կանաչաչյա Դիմա ըլներ մոտս… Չեմ ուզում ըստեղից գնամ։ Ուզում եմ ըստեղ մնամ։ Դուրսը անհայտ աշխարհ ա։ Ըստեղ սաղին գիտեմ։ Ըստեղ լամպը Քրիստոս ա դառնում։ Ըստեղ ինձ սիրում են։ Հայաստան չեմ ուզում։ Ընդեղ ես վատն եմ։ Ուզում եմ ընդեղ մնամ, ուր ես լավն եմ։ Որ քեզ լավն են տեսնում՝ սկսում ես լավնանալ, վատն են տեսնում՝ սկսում ես վատնանալ։ Տենց ա կյանքում։ Դրա համար պիտի ապրես նրանց կողքին, ում համար լավն ես։ Թե չէ՝ դեգրադացիա։ Սերը մարդուն կարա փոխի, մարդասպանին սարքի լուսավորյալ։ Ատելությունն էլ կարա ամենաանմեղ էակին սարքի սրիկա ու մարդակեր։
Լավ գիշեր էր։
– Ալեքսանդր Անատոլյեվիչը կանչում ա, Լյուսյա։
– Լյուսյա, բարև ձեզ։ Ձեզ բաց ենք թողնում։
– Ո՞նց բաց եք թողնում։ Ո՞ւր։
– Ուր ուզում եք։ Դուք ազատ եք։ Ադվակատդ հիմա կգա կասի։
– Չեմ հավատում, դուք ինձ հետ կատակո՞ւմ եք։
– Ես երեխա չեմ, դուք ազատ եք։ Կուզեք՝ սպասեք ադվակատին, կուզեք՝ գնացեք։ Հեսա ձեր անցագիրը։
Ադվակատս եկավ։ Քաք կերած շան նման նստել ա։ Ասում ա՝ մեղադրանքը հանված ա հանցակազմի բացակայության պատճառով։
Բան չհասկացա, ի՞նչ ասեց։
Գնացի։
– Ցտեսություն ձեզ, շնորհակալ եմ։
– Մենք էլ ենք շնորհակալ, Լյուսյա, մեր միապաղաղ կյանքը թարմ քամի բերելու համար։
– Ալեքսանդր Անատոլյեվիչ, հաջողություն ձեզ։ Ձեզ էլ, Իգոր Միխայլովիչ։ Ինձ մի քիչ փող տվեք, կհասնեմ Մոսկվա՝ կուղարկեմ, Իգոր Միխայլովիչ։
– Խնդրեմ, քսան ռուբլին հերիք ա՞։
– Հա, հերիք ա, մերսի ու մնաք բարով։
– Գնաս բարով, Լյուսյա։
Տիշ-տիդիշ, տիշ-տիդիշ։
Դիմա՜։
Ո՞ւր ա Դիման։
Դիման փոխվել ա, պզուկոտն ա։
– Դիման ո՞ւր ա գնացե, Իլյա,- անունն Իլյա ա պզուկոտի, իմացա իրեք օր առաջ։
– Տուն ա գնացե, ո՞ւր ա գնացե։
– Բա ինձ ասել են՝ մի ժամվա մեջ պիտի գնամ ըստեղից, ո՞նց ես գնամ առանց Դիմա տեսնելու։
– Գնա կամերա, վեշերդ հավաքի, ես զանգեմ իրան։
– Ի՞նչ վեշեր հավքեմ, սաղ թողնում եմ, Իլյուշա։
– Դե սպասի՝ զանգեմ։
Զանգեց, տանը չի։
Բա ի՞նչ անեմ։ Պիտի գնամ մի ժամից։ Ո՞նց ես գնամ, մի հատ շնորհակալություն էլ չասե՞մ։
– Իլյուշա, զանգի մի հատ էլ, ասա՝ թող ասեն իրան, որ գա, որ ինձ բաց են թողել, ես գնում եմ մի ժամից, հաջորդ էլեկտրիչկով պիտի գնամ, որ կարամ հասնեմ մինչև գիշեր Մոսկվա։
Ինչ վա՜տ ա։
Կամերաս։ Կառավաթս։ Պահարանիկս պատի մեջ։
– Սրանք տուր կողքի կամերային, Իլյուշա։ Իրեք հատ վերմիշել ա, յոթը տուփ սիգարեթ ա, սիգարեթներից քեզ էլ վեկալ, հատով չայ ա մի տաս հատ, կոլգեյթ ա ու օճառ։ Հա, մեկ էլ զուգարանի թուղթ ա։ Սպասի մի քիչ ճամփի համար վերցնեմ, էս խտոն էլ տուր, բացած ա, բայց կեսից ավելին կա հլա մեջը։ Տուր իրանց։
Տարավ։ Մայքլը չի ջոկե, որ ես գնում եմ, թե չէ հիմա կեղտաբերան ոռնոցը գցել էր։
– Գնացի ես, մերսի, Իլյուշա։ Շորերս թողել եմ, ինչ կուզեք՝ կանեք, մեջները լավերն էլ կան, ուղղակի տենց են ասում, որ բանտից դուրս գալիս ոչ մի իր պիտի հետդ չհանես ընդեղից, որ էլ հետ չգաս։ Ես հետ չեմ գա։ Չնայած ինձ ըստեղ վատ չէր էդքան էլ։
Գնում եմ։ Սաղ ձեռով են անում։
Կայարանում եմ արդեն։
Ազատությո՜ւն։ Հոտդ կայարանի հոտ ա։ Կակաոյի հոտ ա։ Թափած պիվի հոտ ա։ Անձրևից հետո օզոնի հոտ ա, կայարանի զուգարանի հոտ ա։ Բոմժերի հոտ ա։
Դիման ա կանգնա՞ծ։ Հա, ինքն ա։ Մի տոպրակ ձեռը։ Ժպտում ա։ Վազում եմ։
– Չեմ իմանում՝ ո՞նց են բաց թողե, մի օրում մեղադրանք հանո՞ւմ են ինչի։
– Դե ուրեմն հանում են, որ հիմա ըստեղ ես, Լյուսյա։
Ու խորհրդավոր ժպտում ա։
– Բարին հաղթում ա որովհետև, Լյուսյա։
Սա մի բան արել ա, մատը խառն ա հաստատ։
– Գուցե մնա՞ս ըստեղ։
– Չէ, սա սենց վերջացող պատմություն ա, Դիմա, սա պիտի շարունակություն չունենա, որ չհասարականա։
– Հա, ճիշտ ես։
– Բայց սա մերն ա, էս պատմությունը։ Առանց համբույր սիրո պատմություն ա։ Բանտային սիրո պատմություն ա։ Պատմություն ա էն մասին, որ սահման չկա մարդկային սիրուն, սահման չկա չարի ու բարու, լավի ու վատի միջև, մենթի ու բանտարկյալի միջև։ Սաղ մեր ձեռքում ա։ Մնաս բարով, Դիմա։
– Առողջություն քեզ, Լյուսյա, մնացածը մեջդ ա լրիվ։ Գնաս բարով։
Գնացքը շարժվեց։ Դիման կանգնած ձեռքով ա անում։ Հեռանում ա, դառնում կետիկ, հետո լուծվում կայարանաամայության մեջ…
Տոպրակը բացում եմ, մեջը կարկանդակներ են, ու երևում ա որ հապշտապ, կարմիր մատիտով նկարած սրտիկ։ Առանց նետի։ Ուղղակի սրտիկ։
Հետո կլինի Պաշա, պայքար նրա համար, պայքար կյանքիս համար, Ֆեդյայիս կյանքի համար, որ հնարավոր չեղավ փրկել, ազատության համար, երջանկության համար, մարդ կոչվելու ու մնալու համար պայքա՜ր, պայքա՜ր, պայքա՜ր, պայքա՜ր…
Իսկ հիմա ձեռիս կանաչաչյա մենթ Դիմայի մանկական մատիտներով նկարած սրտիկն ա, իմ փայ սրտիկը…
Վաղուց եսքան ուժգին չէի զգացել, շնորհակալ եմ անկեղծության համար: Մեկ շնչով կարդացի, ամեն ինչ կար եստեղ, լիքը սեր կար, լիքը լիքը մաքրություն կար: Շնորհակալություն Լուսինե ջան…
Շատ դուր եկավ, մի տեսակ շատ жизненный պատմվածք էր, ինձ համար բացահայտեցի ինձ ժամանակակից մի գրողի, որին հասկացա, ու ինքն էլ ինձ հասկացավ: