Ավելի ու ավելի մոտենալով` համոզվեցի, որ առջևս բոլորովին էլ մարգագետին չէր։ Անհամար թռչուններ էին վխտում իրար վրա։ Վառ փետուրների խրձերը ցատկում էին այս ու այնտեղ, ճչալով ու թափահարելով թևերը՝ պայթում։ Պայթում ու ցրիվ էին գալիս՝ մնացածին նախշելով։ Սրանք խլխլում էին մնացորդները։
Ինձ՝ ապշածիս, հենց այդտեղ էլ բռնեցին՝ նույն դաջվածքները մատներին, բայց ուրիշ մարդիկ1։
Իզուր էի խոսում, կողքինս անտարբեր շրջվել էր՝ առանց հետս ջրիկանալու որևէ նշանի։ Թվաց՝ ներս շպրտվելուց հետո ուշքի չի եկել կոտրվածքի ցավից։ Հետո զգացի՝ սխալվել եմ։
Մոտեցող ոտնաձայնը որսալով՝ տակնուվրա եղա, որ շորիս տակից հանկարծ չերևա թանաքամանս։ Արդեն վստահ չէի, թե իրոք թանաքաման էր, բայց այդ օրերին դեռ համոզված էի, որ հենց դրանից ամեն ինչ կփոխվի։ Ինչ որ էր, ստիպված փորիս մկաններով փորձեցի տեղում պահել, բայց չստացվեց՝ ընկավ աստառի ծալքը։ Անհաջող շարժումից կաշվե կապը ավելի խրվեց ծնկներս ու միաժամանակ ստիպեց կողքինիս փոխել դիրքը՝ մղկտալով ցավից։ Նույն փոկով էինք կապկպված։ Կարծես հայհոյեց իր լեզվով։ Չնայած դեմքը համարյա շրջված էր ինձնից, նկատեցի հեգնանքը՝ ասածը ուրիշ բան էր։ Կտկտացնելով ետևի դռնից ներս մտավ առավոտվա թմբլիկ աղջիկը, ձեռքի սինին դրեց սալահատակին ու գույնզգույն փեշով սրբեց ճակատս։ Երևի առավոտյան էլ կողքինիս ուշքը տեղն էր, երբ առանց խոսքի կամ գոնե թուլացնելու կապս փափլիկը հեծել էր վրաս բարիլույսի՝ մեջքը երեսիս դարձրած։ Այս անգամ միայն դեմքս սրբեց, ինչ-որ տտիպ բան խցկեց բերանս, ստիպեց կուլ տալ։ Ու հանկարծ խոսեց հետս։ Ասաց «լինելու լավ»՝ սինին ցույց տալով։ Կաշվե բարձի թե տոպրակի տակ, հետո հասկացա՝ հոգնա էր, սինու մեջ մետաղե շյուղեր ու շշեր տեսա ու մի զույգ կեռ դանակ։ Նա իր թաց գլխաշորով կապեց բերանս ու մեզ ստիպեց շրջվել։ Այս անգամ կողքինիս մռնչածը հաստատ հայհոյանք էր։ Փափլիկը փայտե փափուճով ուժեղ զմփեց նրա գլխին։ Սա լռեց ու փուլ եկավ։ Իմ գործը միայն կաշվե հոգնայի լվացումով վերջացավ։
«Չորս օր անցած սա թունավորվելու իր շեռից ու սատկելու,- շշնջաց աղջիկը՝ ցույց տալով կողքինիս,- ու Սաիդ սա լյարդն ու ուղեղը ուտելու կանի»։ Ձայնս դուրս չեկավ կարծեմ բերանիս կապի պատճառով։ «Ուզելու նորից տղամարդ ինքը սարքելու ինքը Սաիդ,- վանկ առ վանկ արտաբերեց նա։ Ես բան չէի հասկանում։ «Սաիդ մեր պետ՝ չէ, հարեմ պետ, օ~։ Մեր պետ՝ տաճար»։ Նորից ափով սրբեց դեմքս։ «Չգիտեմ ես չէ, չուզելու կնիկ։ Հեչ։ Ես դու փրկելու անեմ»,- խորհրդավոր վերջացրեց փափլիկը՝ չգիտեմ ինչի ինքն իրեն մատնացույց անելով։ Երբ վերջապես քիթ բերնիցս քանդեց գլխաշորը, որից ծաղկի սուր հոտ էր փչում, ու վեր կացավ դիմացի դուռը բացելու, կարողացա շունչ քաշել ու նորից փորձեցի տեր կանգնել թանաքամանիս։ Դուռը բացվեց։ Թարսի պես չկարողացա զսպել փռշտոցս, ու անիծվածն այս անգամ բարեհաջող գլորվեց ուղիղ կողքինիս գրպանը։ Չեմ կարծում, թե մեկն ու մեկը նկատեց2։
Դիմացի դռնից ներս եկողներից երկուսը, որ իմ փափլիկի մետաքսե խալաթից էին հագել ու ինձ շատ ավելի տգեղ թվացին, անմիջապես գործի անցան՝ վերջինը ներս մտած ցմփոր ղեկավարի հրամանները կատարելու։ Ավելի ճիշտ՝ հրամանները նրա վզից կախված երկու աչքանի գաճաճն էր ծղրտում։ Դռների մոտ մեկական պահակ կանգնեցին։ Ներս բերեցին խոշոր, մրոտ կաթսաներ, լաչառ կափարիչները հատակին գցեցին ու, առատ գոլորշուց խուսափելով, դատարկեցին գուռի մեջ։ Խալաթավորները, որ անսպասելիորեն ուժեղ էին, երկուսիս քաշեցին դեպի գուռը, կտրեցին փոկերն ու արագ հանեցին հագներիս եղած-չեղածը։
Ինչքան էլ ջանում էի զսպել ինձ՝ փռշտալս չէր կտրվում, որ անշարժ մնամ, մինչև նրանք կքերթեին-կսափրեին մեզ ցայլքի մասում՝ արագ ու վարժ։Հետո ավելի շուտ խաշեցին, քան լվացին մեզ։ Փափլիկի օգնությամբ երկար անգույն լաթերով շատ ձիգ կապեցին երկուսիս կարմիր կտրած աճուկներն ու փորը։ Կողքինիս դեմքը կասկածի տեղ չէր թողնում՝ դրանք՝ այդ խալաթավորները իհարկե կին չէին։ Ամեն փռշտոցիս հետ գաճաճ ճիվաղը ավելի ոգևորված էր ծղրտում ու ճպպացնում հրամայողի ճաղատին։ Առավոտյան վրաս հեծածը հատակի սինին դրեց սեղանին։ Իզուր էի փորձում մի նշան, բնորոշ տարբերություն գտնել նրա ու մյուս երկուսի միջև։ Նկատեցի միայն, որ խալաթներին պատկերված գույնզգույն թռչունները իրական փետուրներից էին կարված։ Գլուխս տաք մշուշով լցվեց զզվանքից։ Ինձ մարմնիցս դուրս էի զգում։ Զարհուրանքս շեղելու համար սկսեցի ոստյուններ անել։ Ոտքերս չկային։ Նա բռնացրեց հայացքս ու փոքրիկ, ծակող աչքերը վրաս, ավելի ճիշտ՝ ներսս խրած, դանդաղ մոտեցավ շորերիս։ Սկսեց խուզարկել՝ նորից ու նորից։ Ինչ-որ ձեռք սկսեցին դաջել։ Հայացքն աչքերիցս չկտրելով՝ լուսաբացի հեծյալս ձեռքը տարավ դեպի կողքինիս շորերն ու ժպտաց, երբ ամեն ինչ պտտվեց3։
88-րդ սերիա
Եվ վեցաթև սերովբեն ճամփաբաժնին ինձ հայտնվեց։ Չէ, չէ…
…………………………………………………………………………………..
1 Վիոլետ, Լևը՝ դու գիտես՝ «ա»-ի խմբագրությունից, դեռ շատ վաղուց, մոտ մի քսան տարի առաջ ուզում էր կոմիքսներ սարքել՝ հայերեն, ու վերջերս էլ նորից պնդում էր, որ մի բան մտածեմ դրա համար։ Վճարում հայթայթելու հույս ուներ։ Ես կոմիքսներից առանձնապես բան չեմ հասկանում՝ չեմ հետաքրքրվել։ Դու էլ ինձնից նյութ ուզեցիր գրական հանդեսիդ համար։ Նախկինում, գիտես, չեմ փորձել։ Հիշեցի, որ պատմում էին իբր, կարծեմ «անտիգոնեիս» առնչությամբ, քո սիրած քննադատներից մեկը, լուրջ թե կատակ, ինձ հոգեվերլուծական ախտորոշում էր արել։ Մտածեցի զարգացնել ասածը ու մի բան մոգոնել՝ քիչ թե շատ համապատասխան խնդրին։ Հիմա այստեղ, ամենից զատ, օրինականացման հարց կա՝ արդարացումից առավել, բացի գրածը հավաստիացնելու, դրանից խուսափելու խնդրից կամ ժանրերի շուրջ խաղերից։
2 Այս ամենը լավ եմ հիշում, Վիոլե՛տ, որովհետև վերադարձին նավի վրա շատ անգամ եմ պատմել։ Գլխիս եկածը պատմելու դիմաց էի ուտելիք ստանում սկզբնական շրջանում։ Նույնիսկ Հնդկաստանից Եվրոպա բերածս ծաղկի սերմերը, որ հետո Վիեննայում Հորտենզիայի անունով կոչեցին, այդ անհարմար պատմությունների դիմաց եմ ձեռք գցել։ Մեղքս ինչ թաքցնեմ, այդ սերմերի համար նույնիսկ ստիպված եմ եղել հրաժարվել խեղկատակիս առաջին մետաղական խողովակից։ Սերմերի տերը ոգևորվեց գործածված պրոտեզների իր հավաքածուի համար նման ձեռքբերումից։ Ստիպված եղա մինչև ափ հասնելը ճարս տեսնել գողացածս շվիի գլխիկով։ Հետո շատ անգամ եմ միզելու գործիք սարքել, բայց այն ժամանակ դեռ վերքս թարմ էր, ու այրվածքը չէր սպիացել։ Տարօրինակ պահանջ ունեի գլխիս եկածը նորից ու նորից պատմելու։
3 Անցյալ օրը Լևի եղբայրը՝ վիրաբույժ, պատմեց, որ երակային ներարկումով թմրաքունը կիրառվել է միայն քսաներորդ դարի սկզբից, այդ նպատակով գազի կիրառումից քիչ անց, իսկ մանդրագորը, խաշխաշն ու ծխախոտաջրով լվացումը, իհարկե, դարեր առաջ օգտագործվել են ցավազրկելու համար։ Իսկ, այսպես կոչված, Ռաուշի մեթոդը պարզապես վզակոթին զմփելն է։