Ա տի տակօյ խալոդնի
կակ այսբերգ վ օկեանե
Ալլա Պուգաչովայի երգից
Քաղաքը կանգնում է
«Մայր Հայաստան» արձանի պես-
սուրը ձեռքին,
զուրկ կանացի հմայքից:

Քաղաքը կանգնում է
«Ինչպես ուռին ու բարդին» երգի
երկրորդ պերսոնաժի նման:

Քաղաքը կանգնում է
ուղեփակոցի զոլավոր ձողի պես,
երբ գնացքներն արդեն անցած են լինում:

Քաղաքը կանգնում է
ոլորված և ռեզինով կապված
թղթի նման,
որի ներսում կարող է լինել,
ասենք, աշխարհի քարտեզը:

Մեղրի մեջ խրված
գդալի պես է կանգնում քաղաքը:

Քաղաքը կանգնում է
սահմանապահ աշտարակի պես
և աշտարակի մեջ կանգնած
ռուսի նման:

Քաղաքը կանգնում է
ավտոբուսի սպասող
մարդու նման:

Քաղաքը շանթարգել է,
բայց հողից կտրված
շանթարգել:

Քաղաքը կանգնում է
ժամացույցի պես-
6:00 կամ 12:30-
իբր քաղաքը ճշտապահ է:

Քաղաքը կանգնում է
աթարի բուրգի պես-
դարս-դարս-դարս-դարս…

Քաղաքը կանգնում է արևածաղկի պես,
բայց ծանրությունից գլուխը չի թեքում:
Հպարտ է քաղաքը:

Մարդու տալու աղջիկ ունեցող տան
կտուրին դրված ավելի
պես է կանգնում
քաղաքը:

Քաղաքը կանգնում է
բարձր ու բարակ կրունկների վրա
հազիվ հավասարակշռություն պահող
աղջկա նման:

Քաղաքը կանգնում է
աջ ձեռքի միջնամատի նման:

Բարկություն նշանակող
ցուցամատի պես է կանգնում
քաղաքը:

Քաղաքը կանգնում է
աշխարհագրության կամ պատմության
ուսուցչի
ցուցափայտի պես:

Քաղաքը կանգնում է
շքամուտքի մոտ դրված դագաղի
կափարիչի նման:

Քաղաքը կանգնում է
տնամերձ հողամասում խրված
բահի պես:

Քաղաքը կանգնում է
PEPSI-ի շշի նման,
որի ավելցուկ 25 տոկոսն
է անվճար:

«Էսկիմո» պաղպաղակի
պես է կանգնում
քաղաքը:

ՏԷՑ-ի տրուբի
պես է կանգնում
քաղաքը:
Գովազդի վահանակի
պես է կանգնում
քաղաքը:

Դարպասապահի
պես է կանգնում
քաղաքը:

«Արմենտելի» կամ «Վիվասելի» անտենաների
պես է կանգնում
քաղաքը:

Եղեռնի հուշարձանի
պես է կանգնում
քաղաքը:

Ոստիկանի
պես է կանգնում
քաղաքը.
քաղաքն աչալուրջ է:

Քաղաքական բառապաշարի
պես է կանգնում
քաղաքը:

Մարմնավաճառի
պես է կանգնում
քաղաքը-
ծակոտկեն գուլպաներով:

Ատոմային հրթիռի
պես է կանգնում
քաղաքը:

«Կորչի՛» կամ «Ուռռաաա՜»
ցուցապաստառի
պես է կանգնում
քաղաքը:

Քաղաքը կանգնում է
Արշակ Սադոյանի նման-
երկրորդ խոսափողի մոտ
ու մնում կանգնած:

Քաղաքը կանգնում է
սիրելի թիմի
պարտությունն ազդարարող
սուլոցի պես:

Մորթված անասունների բառաչի,
հաբռգած օլիգարխների ավտոների սիգնալի,
ժավելի սպիրտ ծախողների կանչերի,
զվուկազապիսի կետերի
դինամիկներից դուրս պրծնող երգերի
պես է կանգնում
քաղաքը:

Քաղաքը կանգնում է
ակվարիումի նման-
մեջը երկու հատ ձուկ,
անընդհատ նույն երկու ձուկը:

Քաղաքը կանգնում է
ուշունցի պես-
ի խորոց սրտի:

Քաղաքը կանգնում է
«Օսկարի» արձանիկի պես,
որը շատերի ձեռը չի ընկնում:

Քաղաքը կանգնում է
հաճախորդի պակաս չունեցող
վարսավիրի նման:

Քաղաքը կանգնում է
Աղդամի ավերակների պես
և Անիի ավերակների նման
մնում կանգնած:

Քաղաքը կանգնում է
առաջին դասարանցու
գրիչի պես:

Քաղաքը կանգնում է
այս կամ այն առիթով
նախագահի կամ վարչապետի տված
ուղերձի նման:

Քաղաքը կանգնում է
իր անկյունում-
պատժված ու վիրավորված:

Քաղաքը կանգնում է
խոպան գնացած մարդու
կնոջ կարոտի նման:

Քաղաքը կանգնում է
բանակցություններից հետո
լուսանկարվող
պրեզիդենտների պես:

Քաղաքը կանգնում է
Հայկո-Մկոյի նման:

Կոմկուսի երազանքի
պես է կանգնում
քաղաքը:

Քաղաքը կանգնում է
մեխի գլխի նման:

Քաղաքը կանգնում է
կռուտոյ տղու պես՝
ուրդե ուզում, ընդե կայնում ա:

«Լուսաստղ» արաղի շշի
պես է կանգնում
քաղաքը.
մեջը շահում կա:

Քաղաքը կանգնում է
ծովափին պաղպաղակ վաճառող
տղայի նման:
(Էս էլ Մարինե Պետրոսյանի խաթրին):

Քաղաքը կանգնում է
գլխավոր դատախազի նման:

Քաղաքը կանգնում է
ցնցուղի տակ
ինքնամոռաց լողացող ու երգող
պատանու պես:

Քաղաքը կանգնում է
օգոստոսի հետմիջօրեի
տապի պես:

Քաղաքը կանգնում է
շաուրմա սարքող գործիքի նման:

Քաղաքը կանգնում է
սեփականության իրավունքի նման
և երկքաղաքացիության օրենքի պես:

Քաղաքը կանգնում է
Մասկվայի տոմս առնող
սիսիանցու պես՝
վախենալով, թե հերթը չի հասնի:

Քաղաքը կանգնում է
Տիգրան Պետրոսյանի՝
Ապարանի հրապարակում դրված
արձանի պես:

Քաղաքը կանգնում է
ջազ սրճարանի
հաճախորդների
ճաշակի նման:

Քաղաքը կանգնում է
իշու ականջների նման
կամ «Ջերմուկի» շշից հայտնի
կենդանու եղջյուրների պես:

Քաղաքը կանգնում է
շատրվանի նման
և այսբերգի պես
մնում կանգնած:

Բանք մեծաց

Training

«Ես եմ համայնը,
և ամենքինն է պարփակված իմ մեջ».
ասում էր Նարեկացի Գրիգորը:

– Բա՜ ե՞ս, բա՜ ե՞ս, բա ե՞ս,-
գոչում էին նրա աշակերտները՝
արմունկներով իրար հրմշտելով:

Մահապատիժ

– Ախր, ես ինչպե՞ս վեր կենամ գնամ,-
ասում էր Սահյան Համոն
մահապատժի վերացումից
շատ տարիներ առաջ:

Քաղաքացիական հասարակություն

«Մարդ կա՝ ելել է շալակն աշխարհի,
մարդ էլ կա՝ աշխարհն է շալակած տանում».
ասում էր Սևակ Պարույրն՝
իր տեղն այդպես էլ չճշտելով:

Մանկական հետտրավմատիկ ֆիզիոթերապիա

«Ես անբարբառ մի մանուկ
երկու ձեռքս պարզեցի
և իմ անզոր ձեռքերով
ազատություն գրկեցի».
ասում էր Նալբանդյան Միքայելը:

SMS

«Inchu apshats es lchakգ».
հարցնում էր Դուրյան Պետրոսը:

– Apshats chem, prosto mi qich antramadir em,-
պատասխանում էր լճակը:

Շուկայական հարաբերություններ

«Տուր ինծի, Տեր, ուրախությունն անանձնական».
խնդրում էր Մեծարենց Միսաքը:

– Քանակությո՞ւն,- հարցնում էր Տերը:

Գենդերային

«Ապտակով սնված տղան
առանց աստիճան չի լինի».
երգում էր աշուղ Շիրինը:

Իսկ մենք ստիպված ենք ճշտել.
«Ապտակով սնված տղան/աղջիկը
առանց աստիճան չի լինի»:

Թրաֆիքինգ

«Համբոն Գիքորին քաղաք էր տանում».
ասում էր Թումանյան Հովհաննեսը՝
զարմանալով, թե խի՞ չի տանում,
ասենք, Նանիին կամ Զանիին:

Ռազմավարական դաշինք

«Մայր Արաքսի ափերով
քայլամոլոր գնում եմ».
ասում էր Պատկանյան Ռափայելը՝
դեգերելով ռուս սահմանապահի
զգոն հայացքի ներքո:

Show Comments Hide Comments

Leave a Reply

Your email address will not be published.