Տառապանքն ամենից նուրբ զգացում ն է, որ կա աշխարհիս երեսին: Խոնարհվում եմ նրա առաջ:
Օ. Ուայլդ

Ժամանակակից մարդը սովորաբար փնտրում և գտնում է արտաքնապես կատարելագործվելու տարբեր ձևեր: Բայց կան պրոբլեմներ, որոնք հնարավոր չէ լուծել առանց բժշկական միջամտության: Իլիզարովյան մեթոդն էլ կիրառվում է հենց այդ նպատակների համար: Մեթոդ, որով այժմ կատարում են էլ ավելի բարդ` ողնաշարային, ողնուղեղային և գանգուղեղային վնասվածքների վիրահատություններ:
Տեղեկագրից

– Ա՜յ քեզ թզուկ:
Մի պահ քարացա. խոսքն ինձ էր ուղղված, չլսելու տվեցի:

– Ինչ անշնորհք կին եք, ինչո՞ւ վիրավորեցիք ընկերուհուս,- շրջվելով գոչեց ընկերուհիներիցս մեկը՝ մեր ետևից քայլող կնոջ երեսին: Կինը, քմծիծաղ տալով, առանց բառ ասելու, հեռացավ:

Ընկերուհիներով այգու ծառուղով, պաղպաղակ ուտելով, ուրախ քայլում էինք, ու հանկարծ կինն ինձ ծաղրեց, և ուրախությունը չքվեց, էլ չէինք կարողանում խոսել: Ներքուստ եփվելով, բայց ձևացնելով, թե ոչինչ չի եղել, փորձեցի շարունակել կիսատ զրույցը:

Զրույցը կոտրվել էր:

Առաջին դեպքը չէր, դեռ դպրոցից եմ հիշում նման վիրավորանքներ: Արդեն ինքս, էլ ավելի կոտրված, ուզում էի շուտ բաժանվել խմբից: Այլևս ոչ ոքի տեսնել չէի ուզում:…

Հիմա վերհիշելով 20 տարի առաջ ապրածս և ընդհանրապես՝ վիրավորանքի, ստորացման ու դառնության պահերը, հասկանում եմ՝ որքան ուժեղ էի արտաքուստ, չնայած թաքուն արցունքներիս ու երբեք պատասխան չստացող հարցիս՝ ինչո՞ւ, ինչո՞ւ, ինչո՞ւ…

***
Հունիսյան մի օր շրջում էի Կուրգանի հայտնի հիվանդանոցի հարկերից մեկի երկար միջանցքում: Դեմքս արցունքներից ուռել ու կարմրել էր:

Հեռավոր սիբիրյան այդ քաղաքն ինձ համար գորշ էր, անհրապույր, հենց առաջին հայացքից վանող, մարդիկ՝ սառն ու անտարբեր և այնքան նման մեկմեկու, որ նույն ընտանիքի տարբեր սերունդներ լինեին ասես:

Բայց դա չէր էականը:

Ես ապրումների մեջ էի, ինձ արդեն ցավ էին պատճառում իմ իսկ մտքերը:…

Ինձ սպասվում էր ծանր վիրահատությունների մի շարան՝ նոր մեթոդով, նոր ձևերով: Իլիզարովի հայտնի մեթոդը՝ միջոսկրային սինթեզը, մետաղյա ապարատների միջոցով: Այս եզակի վիրահատությունը «կփրկի» ինձ, մտածում էի: Կփոխվի ինձ համար սովորական, ուրիշների համար անսովոր արտաքին տեսքս:

Երկար էի սպասել այդ օրվան:… Իսկ հիմա, երբ արդեն մոտ էի վիրահատությանը, վախից կուչ էի եկել: Անորոշությունը տանջում էր ինձ: Մտքերս մթնել էին, հակասվել իրար, խառնվել: Թվում էր՝ այդ ամենն ինձ հետ չի կատարվում: Կարծես մեկ ուրիշն էր իմ փոխարեն շրջում հիվանդասենյակներում և կարեկցանքի ու վախի զգացումով նայում վիրահատված, ցավից տառապող հիվանդներին:

Տեր աստված, ինչպիսի՜ կասկածների մեջ էի այդ օրերին:…

Գնա՞լ վիրահատության, թե՞ ոչ: Շեքսպիրյան հայտնի հարցի պես, սրանք էլ ինձ էին ծակում ու քրքրում:

Պատասխան չկար…

Արդեն 20 տարեկան էի, իսկ վիրահատությունն արվում էր14-15-ում, հասունացման շրջանում: Ես մի քիչ ուշացրել էի, բայց դեռ հնարավոր էր, եթե հիմա չանեի, կկորցնեի շանսս, ամբողջ կյանքս կմնայի այսպիսին, այլևս երբեք չէի կարողանալու փոխվել:

Մտքերս տալիս ու առնում էի…

Իսկ եթե հետագայում ավելի վատանա՞ վիճակս, եթե չստանա՞մ այստեղ այն, ինչ իրոք պետք է ինձ… Իսկ եթե վիրահատությունից հետո չդիմանա՞մ անմարդկային ցավերին (լսեցի, որ բարդ վիրահատությունից հետո կիսատ թողած բուժումն էլ ավելի է վատացնում վիճակը):

Վիրահատվածները բոլորն էլ բողոքում էին ահավոր ցավերից, անքուն գիշերներից, անհարմար վիճակներից՝ նստելն ու պառկելն արդեն բավական լուրջ խնդիր էր ապարատներով: Քայլելու մասին խոսելը վաղ էր, իզուր…
Կտոր-կտոր հավաքում և ի մի էի բերում տեսածս: Բայց այնքան խառն էր մտքիս կառուցածը, որ ոչինչ չէր երևում, ասես խարխափում էի մթության մեջ:

Ո՞րն է ելքը: Մտածում էի գնալ, իրոք թողնել ու հեռանալ այս անհրապույր քաղաքից, ուշքի չեկած տեսածից՝ մարդկային ահավոր ցավից, հեռանալ՝ արհամարհած ունենալով ինձ ուղղված խեթ հայացքները, փսփսոցն ու թաքուն, բայց աչքերում այնքան ակնառու ժպիտները: Ախր այդ նույն մարդկանց հանրությունը, շատ ավելի երջանիկ, մեզպեսների նման ճակատագրով առանձնացած չէ…

Նոր էի տեղափոխվել այդ դպրոց: Մի օր, առանց պատճառի, ինչպես սովորաբար լինում է փոքրիկների հետ, դասարանի չարաճճի տղաներից մեկը միջանցքում բարձրաձայն ինձ «թզուկ» կոչեց: Դասամիջոց էր, բոլորը շրջվեցին ձայնի կողմը: Լսվեց ինչ-որ մեկի ծիծաղը: Շատերը լուռ էին…

Սեղմվեցի պատին ու քարացա: Հայացքս սառեց, լռեցի, ոչինչ չպատասխանեցի… Միայն տաք, դեմքս այրող արցունքներն էին ցույց տալիս, որ մեռած չեմ: Վիրավորանքից, ամոթից գույն չկար դեմքիս:

Նույն երեկոյան եղբայրս, իմ սիրելի եղբայրը, որ փոքր էր ինձնից մի քանի տարով, կռվեց չարախոս տղայի հետ, արյունոտ դեմքով, բայց հաղթական ժպիտով տուն եկավ: Վիրավորված քրոջը պաշտպանել էր:…

Ժամանակն անցնում էր… Շուտով ես իմ խելքով, շնորհքով սիրվեցի, անսովոր, փոքրիկ չափերով նույնիսկ հեղինակություն դարձա, դասարանի ավագը, թեպետ հասակս տղաների գոտկատեղից էր: Բայց դա չէր խանգարում, որ լավ սովորեմ, սիրված լինեմ, կազմակերպեմ տոներ ու գրողներին նվիրված դպրոցական երեկոներ:
Իմ այդ դպրոցական աշխարհում ես հաղթեցի:

Բայց կյանքը դպրոցը չէր: Իսկ տարիների հետ, միևնույն է, շրջապատի հայացքները, շշունջները սովորական չդարձան, չբթացրին վիրավորանքի զգացումս: Ներսս եռում էր անգամ ամենափոքրիկ խեթ հայացքից, հոգիս կուչ էր գալիս: Որքան էլ լավ զգայի ինձ ընտանիքում, մտերիմներիս շրջապատում, տեսքով ուրիշներին նման չլինելս արդեն խանգարում էր լիարժեք ապրելուս: Նրանց համար կարծես այլ աշխարհից լինեի, գծից դուրս, օտար: Իսկ միգուցե հակառա՞կն էր, ես և իմ նմաններն էինք իրական հասարակությունը: Դա արդեն մեռած ժամանակի մեջ:…
Ուրեմն ի՞նչ անել, որ ցավը քիչ լինի: Միգուցե փորձել հարմարվե՞լ իրականությանը: Բայց ինչպե՜ս, ի՜նչ ձևով, մինչև ե՜րբ…

Միայն քայլել առաջ, թեկուզ դեպի անհայտություն, ցավ ու տառապանք. հրաշքի ակնկալիքով:…
Բարձրահասակ ու գեղեցկատես մայրս, որ իմ ծնված օրից տառապում էր ինձ համար, ամեն տարի սևծովյան մանկական սանատորիաներ էր տանում՝ հասակս բարձրացնելու ու առողջությունս ամրապնդելու, Կուրգանում ստվերի պես հետևում էր ինձ՝ իր փոքրիկ աղջկան, որի տեսքից ու արցունքներից մղկտում էր սիրտը. «Ինչի՞ս է պետք այսքան բոյն ինձ, երբ իմ փոքրիկը տառապում է հենց բոյի պակասից»,- երբեմն լսում էի մորս խոսքը: Խեղճ կինը կուչ էր եկել ու չգիտեր՝ ի՞նչ ասեր ինձ, ինչպե՞ս վարվեր:

Վիրահատությունը միմիայն իմ ցանկությամբ պետք է լինի. իր խոսքն այստեղ ավելորդ է: Իրենք սիրում են ինձ այնպիսին, ինչպիսին ԿԱՄ, բայց և հասկանում, որ սերը քիչ է: Ես տարբերվում էի մյուսներից ու տառապում այդ տարբերության պատճառով: Միջավայրի ուժն ու ազդեցությունը հզոր է, շա՜տ հզոր:

Այսպես, արցունքն աչքերիս, ես ու մայրս քայլելով մտանք ապակեպատ լայն պատշգամբ: Այնտեղ միայն մենք էինք: Ապակիներից երևում էր հիվանդանոցի ձախ թևի ողջ տարածքն ու դիմացի այգին: Երևում էին հենակներով քայլող մեծահասակներ ու փոքրիկներ՝ իրենց ծնողների հետ: Հանկարծ ոտնաձայներ լսվեցին: Ներս մտավ միջին տարիքի, ոչ բարձրահասակ, սևահեր գեղեցիկ մի կին, արդեն ծանոթ էինք. կեսհայ-կեսաասորի էր: Գիտեինք, որ նրա որդին էլ է այստեղ:

– Ինչո՞ւ ես լալիս: Պետք չէ, աղջիկս,- մոտենալով ու ինձ գրկելով ասաց կինը,- տեսածդ ու լսածդ քեզ սարսափեցրել են, վախեցել ես: Բայց հասկացիր՝ այս ամենը ժամանակավոր է: Պատկերացրու, որ փոշմանում ու հենց վաղը հեռանում ես այստեղից, հետո անցնում է ժամանակ, դու մեծանում ես: Որքան կափսոսաս, երբ հասկանաս, որ տարիքդ անցավ, ու դու մեծ սխալ գործեցիր, ժամանակդ իզուր վատնեցիր, երբ կարող էիր մի քիչ ուժեղ լինել, դիմանալ ցավին ու փոխել կյանքդ: Դե, ոչ հիմնովին, բայց գոնե մասամբ: Հիշիր, ֆիզիկական ցավն անցողիկ է, հոգեկանը՝ ընդմիշտ:

Նրա խոսքերը սթափեցրին ինձ ու ստիպեցին ավելի սառը դատել: Իհարկե, շատ ծանր կլինի վիրահատությունն ու հետվիրահատական շրջանը: Բայց չէ՞ որ որոշ ժամանակ հետո կմոռանամ այդ ամենը: Եվ հետո, ինչպե՞ս են դիմանում մյուսները: Չէ՞ որ ցավի ու արցունքերի միջից նույնիսկ ժպտում են ու կատակներ անում:

Չէ՜, ես իզուր չեմ այսքան ժամանակ սպասել այս օրվան: Մի՞թե ուրիշներից թույլ եմ, անկայուն, վախկոտ…

Եկավ վիրահատության օրը: Ինձ սպիտակ վերնաշապիկ հագցրին: Վախից դողում էի՝ մինչև ժպտերես բուժքույրն ինչ-որ դեղ ներարկեց, բթացա: Բայց երբ բարձրացրին վիրահատարան, տեսածիցս էլի վախեցա՝ բազմաթիվ մկրատներ, դանակներ ու մուրճիկներ, շյուղեր ու մետաղյա օղակներ: Երևի ճիշտ են ասում այս մեթոդի հակառակորդները՝ это не медицина, это слесарство.

Ինձ սկսեցին պատրաստել անզգայացման: Պետք է սեղանին այնպես նստեի՝ ոտքերս կախելով, ողնաշարս այնպես դուրս գցեի, որ բոլոր ողերը լավ նկատվեին: Լարվեցի ու վախեցա: Հանկարծ ուզեցի ցատկել վիրահատական սեղանից ու գոռալ նրանց երեսին՝ հեռո՛ւ ինձնից, ձեռք չտաք ինձ, միթե ես ձեզնից այնքան վատն եմ, որ այսպես տանջում եք ինձ, ուզում փոխել, դարձնել ձեզ նման: Մի՛ տանջեք ինձ… Նկատեցին հուզմունքս ու նորից սրսկեցին:
Թուլացավ լարվածությունս: Դժվարությամբ իրենց ուզած դիրքով նստեցի սպիտակ սավանով ծածկված սառը սեղանին: Նստեցրին: Դժոխային վիճակ… Կատարեցին միջողնուղեղային անզգայացում: Պառկեցրին: Մեկնեցի ձեռքերս: Աջ ձեռքիս մեջ կաթիլային սիստեմի մեծ ասեղն էր, ձախին՝ ճնշման փաթաթանը: Նայում էի կաթիլ-կաթիլ թափվող անգույն հեղուկին, տեսնես՝ ի՞նչ դեղ է: Փորձեցի հաշվել կաթիլները՝ 5, 6, 8, 11, 14, 18, 1 ————-
Լսվեց ատամնաբուժական բոր մեքենա հիշեցնող գործիքի դզզոցը:

Երկար մետաղյա շյուղերը գործիքին էին հագցնում ու, ծակելով սրունքս, մտցնում ոսկորներիս մեջ, հետո մետաղյա օղակների միջոցով ամրացնում իրար: Երբ արդեն ամուր ֆիքսված են ոսկորները, հատուկ մուրճիկներով որոշակի տեղերից կոտրում են դրանք: Հենց այդ կոտրված տեղերն էլ ժամանակի ընթացքում սկսում են ձգել, հեռացնել իրարից: Միջոսկրային տարածությունում առաջանում է նոր ու շատ փուխր ոսկոր: Ժամանակի հետ հենց այդ նույն աճած, ամրացած ոսկորն էլ դառնում է քո հաղթանակը: Որքան լայն է միջոսկրային տարածությունը, այնքան մեծ է հաղթանակդ:

Իսկ վիրահատության պահին բոլորովին այլ զգացողություն է՝ ոչ մի ցավ, միայն բութ և անչափ տհաճ զգացում: Գոտկատեղից ցած ոչինչ չէի զգում: Սառը հեղուկը, որ քսել էին վերջույթներիս մինչ վիրահատությունը, սառեցրել էր ինձ. դողում էի: Գոտկատեղից վերև ծածկեցին սավանով, մի փոքր անց տաքացա, իսկ դրսում հունիսն էր…
Ամբողջ վիրահատության ընթացքում գիտակցությունս տեղն էր, արթուն էի, գործիքների ձայներն էի լսում ու բժիշկների զրույցը, բայց նրանց արտասանած բառերը, խոսքը ուղեղումս չէր ֆիքսվում… Ամեն ինչ ասես երազում լիներ…

Ոչ մի ցավ:

Ամեն ինչ անցավ բարեհաջող: Բժիշկս բարձրահասակ, բարի աչքերով, անչափ հումորով մարդ էր, իր գործն արեց շատ լավ:

– Գիտեք, ես էլ ձեզ նման կարճահասակ ու թմբլիկ էի,- լուրջ տեսք ընդունելով ասում էր Վլադիմիր Սալդինն իր նոր եկած ու դեռ իսկական ցավ չտեսած հիվանդներին: – Անցա բոլոր փուլերը: Ձգվեցի: Դա ինձ քիչ թվաց: Նորից ձգեցին արդեն մեկ անգամ ձգած ոսկորներս: Տեսնո՞ւմ եք՝ ինչպիսինն եմ հիմա: Այնպես որ, չվախենաք, ձեր բժիշկն էլ անցել է նույն ճանապարհը…

Խեղճ հիվանդը շփոթվում էր նրա խոսքերից՝ տեսնելով իր դիմաց կանգնած երկու մետր հասակով բժշկին: Դա անշուշտ կատակ էր: Ցանկացած հիվանդի համար անչափ ցանկալի երազ:

Սալդինը դժվար վիրահատությունների հմուտ գիտակներից էր: Անչափ հոգատար էր և ուշադիր: Ի տարբերություն ուրիշների, նա լսել և հետևություններ անել գիտեր: «Ապա տեսնենք, ինչո՞ւ է այդպես»,- հերթական բողոքը լսելով, մեղմորեն ասում էր բարձահասակ մարդն ու իջնելով հասնում կարճլիկ հիվանդի բոյին: Իսկական զավեշտ՝ բժիշկն այդքան բարձրահասակ, հիվանդները՝ այդչափ կարճահասակ…

Վիրահատությունից հետո երբ ուշքի եկա ու տեսա ինձ ապարատների մեջ, սարսափեցի, կարծես մեկ ուրիշին էի կողքից նայում, ես չէի: Հուզվեցի: Արցունքներս հոսում էին… Ու հասկացա, որ վերջ, որքան էլ սարսափելի լինի ընթացքը՝ հետ դառնալ չկա…

Հետվիրահատական օրերը վերածվեցին անքուն ու անպատկերացնելի տանջանքների, երբ նույնիսկ ամենակարող դեղն անզոր է ցավի դեմ: Դեմ-դիմաց կանգնած ես դու ու քո ցավը: Զգում ես՝ ինչպես է մինչև վերջին բջիջդ տնքում ու տառապում, տնքում ու տառապում, տնքում ու տառապում: Ցավը վերացնում, անէացնում է քեզ իրականությունից՝ դառնալով կյանքիդ գլխավոր գործող անձը: Ջարդված ու ապարատներով ֆիքսված ոսկորներս երբ սկսեցին ձգել, անհավատալի, մարդկային լեզվով անբացատրելի ցավերը հենց այդ ժամանակ սկսվեցին:
Ցավ, ցավ, ցավ… Շաբաթներ, ամիսներ, տարի…

Ժամանակը կանգ առավ, ես կորցրի ժամանակի զգացողությունը… Ասես, ոչ թե ապրում ես, այլ ընդամենը շոշափում կյանքը: Խեղդվողի պես թափահարում ձեռքերդ, փորձում բռնել կյանքի փեշերից:

Ցավից խելագարվում էի ու այրվում կրակների մեջ: Ներվաթելերը՝ օրգանիզմի ամենազգայուն մասնիկները, ձգված ու պրկված՝ իրենց անսովոր վիճակից դուրս գալու ելք էին փնտրում, պայքարում: Այդ ելքն էլ ցավի գագաթնակետն է դառնում… Սրսկումներն անօգուտ են, երբ խոսքը ներվին է վերաբերվում: Ասես դանակով քրքրում են ոտքերդ: Ցավն այնքան ուժեղ է, որ եթե սրախողխող անեն, չես էլ զգա: Իսկ եթե իրո՞ք սուր մտցնեն… Վստահ էի, որ միայն դա կհանգստացնի:

Սուր, ցավոք, չկար…

Նույն ընթացքում կարճ վերջույթներս ձգվում էին, գեղեցիկ ու նոր տեսք ստանում: Երկարում էին ոչ միայն ոսկորներս, այլ նաև մկաններս ու ներվաթելերս:

Պայքար էր բնության ստեղծածի ու մարդկային մտքի: Ո՞րն էր հաղթում՝ դժվար է ասել… Մտքի ստեղծածն անցնում էր տառապանքով, անքուն գիշերներով:

Իմ կյանքի այդ հատվածը՝ ամենաուժեղ ցավերի շրջանը, ասես անցավ լռության մեջ: Ոչ ոքի չէի տեսնում. չէի ուզում տեսնել…

Անցավ ժամանակ: Պայքարում էի, ի զարմանս ինձ՝ դիմանում: Արդեն բավականին փոխվել էի, թմբլիկ մարմինս նիհարել ու ձգվել էր: Ես հաղթում էի ցավին ու տառապանքին: Մյուսների նման արցունքների միջից և ժպտում էի, և ծիծաղում:

Հենակների օգնությամբ սկսեցի կամաց-կամաց քայլել: Գնում էի նույնիսկ հարևան սենյակներ՝ սուրճի ու զրույցի: Սուրճի իրական համը ես այս պատերի ներսում զգացի: Հետագայում՝ երբեք. ինչ ձևով էլ պատրաստվեր սուրճը, կուրգանյան սուրճը մնաց անկրկնելի: Երևի հաճույքի այդ պահերը, երբ մեղմացած է ցավդ ( իհարկե՝ դեղով), և դու նստած ես քո նմանների հետ ու խոսում ես թեկուզ ամենաաննշան բաներից՝ ի՞նչ գույն ես սիրում, նոր եկած հիվանդն ինչպիսի՞նն է, չի՞ խանգարի գիշերներն իր ճիչերով, քեզ տալիս են լիարժեքության ու գեղեցիկ ապրելու բոլորովին նոր լիցքեր, ու սուրճի համն էլ ուրիշ է դառնում:

Նոյեմբեր էր, ծննդյանս օրը, լրանում էր քսանամյակս: Ես քսան տարեկան էի: Կյանքի ամենաքաղցր ու հետաքրքիր ժամանակը, սիրահարության, հիասթափության, փորձությունների ժամանակը, ընտանիք կազմելու, երեխաներ ունենալու ժամանակը, մինչդեռ ես երկաթյա ճիրանների մեջ էի, ես ձգվում էի…

Ընկերուհիներս կամ մայր էին արդեն, կամ էլ՝ սիրած աղջիկ:

Մայր դարձածները ինչպիսի՜ գորովանքով ու սիրով էին բարուրում ու հետո կուրծք տալիս իրենց ձագուկներին: Ջերմություն շարժումների ու խոսքի մեջ, դեմքի երանելի արտահայտություն… Կուրծքը հպարտությամբ բացած մայր ու նորածինը… Ահա կյանքի բուն իմաստը, գեղեցկությունն ու արժեքը: Դրանից անդին աշխարհ չկա: Մոր համար ամեն ինչ պտտվում է այդ փոքրիկ էակի շուրջը: Իսկ նրա խենթացնող անուշ հոտը՝ խառնված մայրական կաթին, ոչ մի բույրի հետ չես համեմատի…

«Ես նման բան երբեք չեմ տեսնի ու զգա, որքան էլ գեղեցիկ երազներ հյուսեմ ինքս իմ մեջ: Շրջանցել է պետք նման մտքերը, ապրել՝ պարզապես իմանալով՝ սա ինձ համար չէ…»,- մտածում էի ես ու կտրում մտքիս ընթացքը…
Ծննդյանս օրը ես հիվանդանոցում էի, երբ կարող էի ես էլ մյուսների նման տանը, սիրելիների շրջապատում տոնել ԻՄ օրը…

Առավոտյան սովորականի նման բժիշկը պետք է այցի գար: Բացելով հիվանդասենյակի դուռը, լայն, գեղեցիկ ժպիտը դեմքին՝ մոտեցավ ինձ, համբուրելով այտս՝ շնորհավորեց ծննդյանս օրը: Եվ հայտնեց որպես թանկագին նվեր.

– Նարոչկա, վերջ ձգումներիդ: Արդեն ժամանակն է, որ ձգված ոսկորներդ պարզապես ֆիքսված մնան-ամրանան:
Բժիշկը գիտեր, որ դրանք հենց այն բառերն են, որոնց սրտի թրթռոցով սպասում էի: Դա իմ ծննդյան, նաև ողջ կյանքիս ամենամեծ նվերն էր: Դա նշանակում էր՝ կամաց-կամաց վերջ ցավերին, վերջ տառապանքին: Շուտով կվերադառնամ տուն, իմ հայրենիք:

Կարոտը խեղդում էր ինձ…

Այդ ամբողջ ժամանակ ծնողներս կողքիս էին, ամեն րոպե սատար իրենց փոքրիկ աղջկան: Տրտունջի ոչ մի նշույլ մորս դեմքին ես այդպես էլ չտեսա… Նա տարավ իմ բոլոր կամակորությունները: Եղավ լուռ վկան այդ ամբողջ ընթացքի… Իսկ հա՞յրս… Նրա մասին ես շատ ավելին կուզեի ասել: Ամուր կազմվածքով ու խիստ տեսքով տղամարդ, բայց այնքան զգայուն ու փափկասիրտ: Ինչպե՞ս կարողացավ այդ ամենը տեսնել՝ տանջանքս ու տառապանքս, օգնել ու տանել: Ես հպարտանում եմ հորովս: Առանց հորս ու մորս ներկայության ես ոչինչ էի: Իսկ եղբա՞յրս… Հեռու հեռվից՝ Երևանից, նա միշտ ինձ հետ էր:

Ես արդեն փոխվել էի ֆիզիկապես ու զուգահեռ՝ հոգեպես: Երբ սկսվեց ֆիկսացիան՝ ամրացումը, ցավերն սկսեցին մեղմանալ: Նոր ուժով վերադարձավ նախկին աշխուժությունս: Ինձ հետ պառկածների հանդեպ ուշադրությունս, որ կար մինչ վիրահատությունն էլ (ես մեկ շաբաթ մինչ վիրահատությունը նրանց մոտ էի գիշերել), մի նոր լիցքով հայտնվեց: Սուրճը միշտ ես էի եփում: Երբեմն փորձում էի տատիցս սովորած որևէ խմորեղեն թխել մեծ խոհանոցում: Զարմանալի էր, որ նույնիսկ անհաջող թխածն ուտում էինք մեծ հաճույքով, ու որքան էլ փորձում էի բացատրել, որ իրականում դա շատ ավելի գեղեցիկ տեսք ունի ու համեղ է, չէին հավատում…

Զարմանալի երևույթների ու գեղեցիկ սովորույթների ականատեսը դարձա: Օրինակ, բուլղարների մոտ, պարզվեց, մարտի մեկը տոն է, նրանք դա տոնում են որպես գարնան ու զարթոնքի առաջին օր և միմյանց նվիրում կարմիր ու սպիտակ թելերով հյուսած փոքրիկ պատկերներ՝ մարտինիցաներ:

Առաջին անգամ համտեսեցի ավոկադո, որը բերել էր Միասլավան իր Կուբայից: Նրա հայրենիքում այն ուտում էին միայն աղով ու լիմոնով: Մեր քիմքին անծանոթ, բայց հաճելի համ էր:

Շատ յուրահատուկ ու բոլորովին անհասկանալի էր հունգարերեն լեզուն՝ ի տարբերություն սերբերենի ու բուլղարերենի: Երևի դա էր պատճառը, որ հունգարները շատ քիչ էին շփվում մյուս ազգերի հետ, կղզիացած էին իրենք իրենցով: Միակ աշխույժ ու կենսախինդը Էրիկան էր՝ մեծ սրտի տեր աղջիկ:

Ես բոլորի հետ էլ շփվում էի: Նույնիսկ հարևան բաժանմունքի արաբ աղջիկների հետ էի ընկերություն անում, թեպետ նրանք բավական մեծ էին ինձնից: Նրանք այլ պրոբլեմներ ունեին՝ ի ծնե կամ ձեռքբերովի կաղություն: Չգիտես ինչու նրանք երբեք չհագան իրենց ազգային հագուստները Կուրգանում, և թանկ ու խիստ ժամանակակից հագուկապով, շարժուձևերով տարբերվում էին մյուսներից: Միշտ աչքի էին ընկնում վառ արտաքինով:
Մեր բաժանմունքում շատ էին սերբերն ու բուլղարները և գտնվում էին բուժման տարբեր փուլերում: Նրանց սենյակներից միշտ լսվում էր իրենց ազգային երաժշտությունը: Մեզ՝ հայերիս հարազատ մեղեդիներ ուներ իր մեջ: Խոհանոցն էլ մերի հետ ինչ-որ նմանություն ուներ: Սիրում էին սուր, համեմված ճաշեր, բանջարեղեն:
Հիվանդանոցը փոքրիկ ու յուրօրինակ աշխարհ էր մեծ աշխարհի մեջ, որտեղ ձևվում, գծվում ու հատվում էին ճակատագրեր: Հանդիպում ու սիրում էին շատերն իրար: Սիրում ուժեղ ու կրքոտ սիրով: Բայց, ցավոք, շատ անգամ ամենաուժեղ թվացող սերը հանգչում էր, խեղդվում դրսում՝ հիվանդանոցից անդին, կյանքի հզոր ալիքներում:
Հորդանանից եկած գեղեցիկուհի Սաբահը սիրահարվել էր նույն պրոբլեմն ունեցող պարսկահայ Ռազմիկին: Զգում էի, որ Ռազմիկն էլ է սիրում աղջկան: Նրանք լավ հասկանում էին իրար, խոսում նույն լեզվով: Սակայն կրոնների տարբերության պատճառով միասին լինել չէին կարող: Տառապում էին… Սաբահը բուժումներից հետո մեկնեց Հորդանան: Ժամանակ առ ժամանակ մենք գրում էինք միմյանց: Տողատակերում ես զգում էի նրա ցավը՝ կորցրած սերը: Հետագայում կապն ընդհատվեց… Երևի անգամ ինձ գրելը նրան խիստ ցավ էր պատճառում. Ռազմիկի ստվերն էր մեր նամակներում:

Մոսկվաբնակ ակադեմիկոսի որդի Կոստյան, որ կարծես սիրում էր սիրունիկ Դաշային (նրա մի ձեռքի վրա մատներ չկային)՝ հեռավոր գյուղից եկած աղջկան, տուն մեկնելով՝ լսեց ծնողներին: Կոստյան, որի մի ոտքը մյուսից բավականին կարճ էր, դզվել էր, բոլորովին «այլ» մարդ դարձել, – դա էր հավանաբար պատճառը, որ կարողացավ հեշտությամբ, առանց խղճի խայթի, հրաժարվել իր սիրուց ու խոստումից:

– Քեզ, քո ընտանիքի դիրքին նայիր, նոր սիրիր: Իր սիրունիկ դեմքով, սատանայի հոգով, նա խաբել է քեզ, պտտեցրել գլուխդ: Նրան ոչ թե դու ես պետք, այլ՝ Մոսկվան ու քո անունը,- ասել էին գիտնական ծնողները: Կոստյան վերջ էր դրել ամեն ինչին: Դաշան իր առաջին ու մեծ սերը կորցնելուց քիչ էր մնացել ինքնասպան լիներ…
Իսկ գերմանացի ամուսիններ Շտեֆանի ու փոքրիկ Կատրինի սերը պարզապես հիացնում էր մեզ: Որքան է եղել Կատրինի հասակը մինչ վիրահատությունը՝ չեմ հիշում, բայց նա հեռացավ 1,30 բոյով: Շտեֆանը 1,80 էր: Նրանք Կուրգանից հեռանալուց երկու տարի անց ունեցան Դևիդ անունով որդի:

Օ՜, իսկ ճապոնացի Մակոտո՞ն… Կուրգան էր եկել1,60 հասակով: Նա համարում էր, որ ժամանակակից ճապոնացու համար դա արդեն ցածր հասակ է: Եվ ութ տարի առանց հայրենիք մեկնելու մնաց հիվանդանոցում, ձգվեց՝ գրեթե հասնելով Սալդինի բոյին: Հետո, ի զարմանս շատերի, չէր ուզում վերադառնալ տուն: Կուրգանը նրան հարազատ էր դարձել…

– Նաիրա,- ասում էր նա՝ փափկացնելով անվանս ի տառը,- գիտե՞ս, իմ հայրենիքում պրոբլեմները շատ են: Չեմ ուզում գնալ, այստեղ հանգիստ է: Պարզապես մայրս է մենակ, նրան չեմ ուզում էլ ավելի տխրեցնել՝ այստեղ երկար մնալով:

Եվ մեկնեց…

Բայց, չնայած աշխույժ բնավորությանս, միևնույն է, որոշ հարցերում մնում էի ամոթխած ու զուսպ՝ տարբերվելով և միաժամանակ հետաքրքիր դառնալով շրջապատի համար: Աշխատում էի տղաների հետ քիչ շփվել: Այնքան մեծ էին այդ տեսանկյունից բարդույթներս, որ նրանց ներկայությամբ շփոթվում էի, խառնում մտքերս, լավագույն դեպքում՝ կիսատ էր մնում խոսքս:

Ժամանակն անցնում էր, ցավերը թեթևանում էին: Բայց նոր ոսկորներն ասես չէին ուզում ամրանալ: Դա շատ էր հուզում ինձ, բայց ի՞նչ կարող էի անել, այստեղ ժամանակն էր թելադրողը: Ես միայն սպասում էի…
Իմ բազում ընկերներից ավելի մտերիմ դարձավ բուլղարուհի Սոնյան:

Կյանքում ես երբեք նման մեղմ մարդու չհանդիպեցի: Եթե ես ցավից ճչում էի, ապա նա լուռ կրում էր իր խաչը: Զարմանում էի՝ ինչպե՞ս է դիմանում: Որքան շատ բան սովորեցի նրանից՝ ձեռագործի նոր նախշերից մինչև բուլղար ժողովրդի պատմությունը, որն այնքան նման էր իմ ժողովրդի պատմությանը: Շատ ընդհանուր բաներ էինք գտնում մեկս մյուսի մեջ: Երկուսս էլ սիրում էինք շաղակրատել, հյուրեր ընդունել, համեղ ուտելիք պատրաստել:
Նրա խոսելաձևը, ժպիտը, միշտ գալիս է աչքիս առաջ: Հիմա նա էլ իմ պես աշխատում է դպրոցում, մայրենի լեզու է դասավանդում:

Մենք մի սենյակում էինք ապրում: Նա ծիծաղելով պատմում էր.

– Գիտե՞ս, Նարչիկ, երբ ես քեզ տեսա, մտածեցի՝ դու էլ էն հայ աղջկա նման երևի կգոռաս գիշերները ցավից: Ախր, նա բոլորովին չէր դիմանում. կիսատ թողեց բուժումը: Բայց դու կեցցե՛ս, թեկուզ ճչալով՝ դիմացար…
Ես այդ հայ աղջկան չտեսա: Բայց նրա փոխարեն հետագայում իմ բաժանմունքում ծանոթացա երևանցի Գոհարի հետ, անգլերենի գիտակ ու անչափ հումորով աղջիկ: Չոր ու ցամաք կասեր իր խոսքը, ես ծիծաղից թուլանում էի, իսկ նա հոնքն անգամ չէր շարժում: Նրանից շատ բան սովորեցի, հագուստի ու ինտերիերի ճաշակս փոխվեց:

– Նառ ջան, հիշիր, որ ամեն ինչի մեջ գլխավորը չափն է: Հենց անցար սահմանը՝ կամ վուլգար է, կամ՝ աննկատելի…
Սոնյային երբեմն հյուր էր լինում նրա հայրենակից Թոդորը՝ բարձրահասակ, մուգ մոխրագուն, մեծ աչքերով: Առաջին անգամ ես նրան տեսա հեռվից, շատ թռուցիկ, Սոնյայի հետ խոսելիս: Ջերմ ու ոգևորված զրույցից հասկացա, որ հայրենակիցներ են: Սկզբում Թոդորը ուրիշ հարկում էր մնում, հետո, չգիտես ինչու, տեղափոխեցին մեր բաժանմունք: Ավտովթարից վնասվել էր ոտքը: Սոֆիայում անհաջող վիրահատությունից հետո եկել էր Կուրգան, որպեսզի վերացնի կաղությունը: Վիրահատությունը հաջող էր անցել: Նա քայլում էր հեշտությամբ, բայց դեռևս հենակներով: Ու ամեն ինչ արդեն ժամանակից էր կախված. նա էլ սպասում էր…

Մինչև Սոնյայի սենյակ տեղափոխվելս՝ նրան այցելելիս հաճախ այնտեղ էր լինում Թոդորը: Ժամանակի ընթացքում նկատեցի, որ իմ այցերը համընկնում են տղայի այցերին: Սկզբում կարծում էի՝ զուգադիպություն է, և ուշադրություն չէի դարձնում: Խոսում էինք երեքով. Սոնյայի ներկայությունն էր ինձ գոտեպնդում: Ուտում էինք ընկերուհուս մոր՝ Ցվետանայի պատրաստած համեղ պիցցան (իսկական պիցցայի համը ես այդ ժամանակ զգացի), սուրճ խմում, քննարկում մեր վիճակները:

– Ես չեմ պատկերացնում ինձ ճանաչող մարդկանց ռեակցիան, երբ կհանդիպենք Կուրգանից հետո: Պատկերացրեք, նրանցից շատերը գաղափար չունեն, թե ուր եմ ես: Հանդիպում ենք մի օր փողոցում – … զարմանքի ու ինչ-որ վախի խառնուրդ նրանց դեմքերին: Դե արի ու բացատրի՝ որտեղ էիր, ինչ էիր անում, ու ինչպես է, որ հիմա այդպիսինն ես,- ծիծաղելով ասում էի ես: Նույն միտքը շատերն ունեին:

Ավելի ուշ զգում էի ինձ ուղղված Թոդորի տաք ու հետևող հայացքը: Սկսեցի խուսափել հանդիպումից: Ախր սովոր չէի հակառակ սեռի ուշադրության: Թոդորը նկատեց, որ իրենից խուսափում եմ, ու սկսեց ավելի շատ առիթներ փնտրել շփվելու: Ինձ շատ էր զարմացնում նրա ուշադրությունը:

– Սոնյա, ինչո՞ւ է նա ինձ հետևում: Ախր ես ինձ շատ վատ եմ զգում: Ի՞նչ է նրա ուզածը: Նա քեզ կլսի, ասա՝ թող հեռու մնա ինձնից: Ի՞նչ է, կեղծ սե՞ր է խաղում,- մի օր հուզված ասացի ես:

– Նարչիկ, ես գիտեի, որ վաղ թե ուշ այս խոսակցությունը լինելու է մեր մեջ: Ես սպասում էի քո խոսքին: Իսկ հիմա ուշադիր լսիր: Դու վատ բաներ մի մտածիր: Իրոք դուր ես գալիս Թոդորին: Ինքն է ինձ ասել, որ դու իր սրտին շատ մոտ ես դարձել: Որ յուրահատուկ ես ու էլի շատ ու շատ լավ բաներ: Դու խույս մի տուր տղայից, թող խոսի հետդ: Ոչ մի կեղծիք էլ չկա: Ես թույլ չեմ տա, որ նա հետդ վատ վարվի: Վերջիվերջո, թեկուզ հեռվից, վաղուց գիտեք իրար:
– Չեմ կարողանում հավատալ ասածիդ,- հուզված ասացի ես,- նման բառերն ինձ համար չեն: Ես միշտ թաքնվել եմ նման մտքերից, համարել եմ, որ դրանք իմը լինել չեն կարող:

– Իսկ դու գոնե հիմա հավատա: Հավատա, որ դու սիրված ես, որ կա վերջապես մեկը, ում համար սիրելի ես,- փաղաքշական ժպիտով ասաց Սոնյան: Ես միայն ծիծաղեցի նրա խոսքերի վրա, իսկ Սոնյան խեթ նայեց ու չշարունակեց. ինքդ դրանում դեռ կհամոզվես՝ կարծես ասաց նա:

Շուտով Սոնյայի բուժումն ավարտվեց, ու նա մեկնեց Բուլղարիա: Նրան շատ ավելի վաղ էին վիրահատել: Բուժումն ավարտվեց, բայց որոշ բարդություններ նրա մոտ դեռ մնացին: Նորից հույսը ժամանակի վրա էր:

Գնալուց առաջ նա Թոդորին ասել էր. «Պահպանիր սերդ ընկերուհուս հանդեպ: Նա իրոք այլ է, նման չէ մյուսներին: Ու հավատա, որ դու կշահես այդ սիրուն խաղում»:

Սոնյայի մեկնելը շատ տխերցրեց ինձ: Ճիշտ է, գրում էինք նամակներ, երբեմն խոսում հեռախոսով, բայց մեկ է, նրա բացակայությունը չէր լրացվում:

Ես ունեի նաև ուրիշ հետաքրքիր ընկերուհի՝ Նատաշան՝ Մինսկից: Ճիշտ է, նա Սոնյայի պես մտերիմ չդարձավ, բայց մի անչափ տխուր բան ընդմիշտ կապեց մեզ իրար: Նա նկարչուհի էր, ռոմանտիկ մի աղջիկ: Լավ գիտեր հայ ժողովրդի մասին. «Իմ երազն է զավակ ունենալ մի հայ տղայից»,- հաճախ ասում էր նա:

Այդպես էլ եղավ, երբ ավարտվեց բուժումը, մի որոշ ժամանակ մնաց տանը, կազդուրվեց, ուժերը վերագտավ, հետո մեկնեց Երևան: Ծանոթացավ մի երիտասարդի հետ, իր երևանյան ծանոթներից մեկի ազգականն էր: Նրանք իրար դուր են գալիս և որոշ ժամանակ միասին են ապրում: Հենց Նատաշան հղիանում է, առանց խոսքի թողնում հեռանում է: Աղջիկը վախենում էր, որ տղան չէր ցանկանա իր կրծքի տակ արդեն տրոփող փոքրիկին ու կստիպի ազատվել անսպասելի հղիությունից: Նատաշան պարզապես փախչում է: Բայց սեղանի վրա թողած երկտողը բացատրում է ամեն ինչ. «Ես հղի եմ… Ներիր, որ հեռանում եմ այսպես հանկարծակի: Իմացի, որ անչափ շնորհակալ եմ քեզ՝ ինձ տված մեծ պարգևի համար: Շատ եմ խնդրում, չփորձես ինձ երբևէ փնտրել: Դու կունենաս անշուշտ քո ընտանեկան կյանքը: Փոքրիկն էլ թող լինի իմը»:

Ծնվում է առողջ ու գեղեցիկ մի մանչուկ՝ Կարենը: Բայց… Նատաշայի ուրախությունը երկար չտևեց: Նա հիվանդացավ անբուժելի հիվանդությամբ. «Նաիրչիկ, Աստված ինձ պարգևեց այս հրաշքը, բայց մինչև վերջ ուրախանալ չթողեց: Ինչպե՞ս կմեծանա նա առանց մոր սիրո ու քնքշանքի: Ինչպիսի՞ մարդ կդառնա: Ես երբեք չեմ տեսնի դա: Չեմ օգնի իմ փոքրիկին կյանքի դժվարություններում»,- հեռախոսով ասաց Նատաշան: Ոչ մի բառ, ոչ մի խոսք չկարողացա ասել, արցունքներս թափվում ու խեղդում էին:

Ես արդեն Երևանում էի, որ Գոհարից լսեցի՝ մեր ընկերուհին մահացել է: Տառապանքներով, կամքի մեծ ուժով, կեսարյան վիրահատությամբ. նա կարողացավ իր մեջ խեղդել վախն, մտքից հեռու վանել իր գենի փոխանցման վտանգը ու իր նպատակին հասնել՝ երեխա ունենալ: Բայց ինչո՞ւ այդքան անարդարացի եղավ նրա նկատմամբ ճակատագիրը: Այդքան հերոսություններ չի՞ ներում այդ ճակատագիր կոչվածը, նրա սահմանածից դո՞ւրս էր երևի Նատաշայի կամքը:

Երեկոները միայնակ, հիշում էի Սոնյայի հետ ապրած օրերս՝ մեր ցավի ու ծիծաղի պահերը… Սոնյայի հետ էլ հիշում էի Թոդորին: Գիտեի, զգում էի, որ իրոք հաճելի եմ տղային ու ներքուստ սկսեցի ձգվել դեպի նա: Բայց միևնույն է, կասկածը, վախն ինձ անծանոթ, բայց շատ քաղցր զգացմունքի հանդեպ հանգիստ չէր տալիս:

Տղան ապրում էր հարևան սենյակում և առիթներ էր փնտրում ինձ հետ զրուցելու: Խուսափում էի:

Ժամանակս սպանում էի ընթերցումներով: Հիմանակնում կարդում էի թերթեր կամ ամսագրեր: Գրքերն չէին ձգում: Միայն մի գիրք կարդացի՝ Թուլուզ-Լոտրեկի կյանքը: Ինչ տարօրինա՜կ էր… Հենց այդ ժամանակ, հենց այդ գիրքը: Ես իմացա, որ նա իր ֆիզիկական պրոբլեմներով ինչ-որ տեղ նման էր ինձ: Զարմանալի մարդ՝ իր արվեստով, հարուստ ներաշխարհով ու կամքի մեծ ուժով: Ամբողջ կյանքում արհամարհած ունենալով մարդկանց կարծիքն իր տեսքի հանդեպ՝ խոսել ու վիճել է այդ աշխարհի հետ յուրահատուկ ձևով՝ նկարի լեզվով:

Կարդում էի մինչև լուսաբաց: Ամռանը լույսը Սիբիրում շուտ է բացվում:

Մի օր, երբ հերթական թերթերն էի կարդում, լսեցի դռան թակոց:

– Մտեք,- ասացի, կարծեցի՝ բուժքույր Լյուսին է, հավանաբար զրույցի է եկել: Շատ զարմացա, երբ դռների մեջ երևաց Թոդորը: Հարցրեց.

– Կարո՞ղ եմ ներս գալ:

Անակնկալ այցից շփոթվեցի, ուղղվեցի տեղս ու ասացի.

– Իհարկե:

Թոդորը ներս մտավ ժպիտը դեմքին, նայեց ինձ, հետո թերթերի կույտին ու ասաց.

– Զբաղված էիր, իսկ ես խանգարեցի:

– Ոչ, ոչ, ի՞նչ ես ասում,- ասացի ու սկսեցի հավաքել թերթերը, բայց այնքան էի շփոթված, որ թափեցի հատակին:

Նեղսրտեցի.

– Ինչ անփույթն եմ:

Թոդորը գետնից հավաքեց թերթերը ու դրեց շարժական սեղանին, ինքն էլ նստեց աթոռին:

– Գիտե՞ս, դռան տակից լույս տեսա, մտածեցի դեռ քնած չես ու ծեծեցի դուռդ,- մեղավոր ժպիտով ասաց նա:

– Ես միշտ ուշ եմ քնում: Սոնյայի մեկնելուց հետո ավելի շատ եմ կարդում, ժամանակս շատ-շատ է:

– Չեմ նկատել, որ որևէ մեկն այստեղ այդքան շատ կարդա: Ավելի շուտ երաժշտություն են լսում: Ես էլ եմ քիչ կարդում, միայն մասնագիտական նորություններ,- Նա ինժեներ էր:

– Ես էլ եմ սիրում լավ երաժշտություն,- ասացի ես:

– Դու ինքդ էլ քո ձայնով նման ես երաժշտության: Յուրահատուկ է քեզ նման: Նաև ամաչկոտ ես, դա չափազանց գրավիչ է:

– Պետք չէ,- նրա խոսքերից այտերս այրվեցին:

– Խնդրում եմ, թույլ տուր խոսել, – ուղիղ նայելով աչքերիս մեջ ասաց,- երբեք առանձին լինելու առիթ չենք ունեցել: Ես միշտ էլ ցանկացել եմ այսպիսի պահ, իսկ դու խույս ես տվել: Ինչո՞ւ: Ինձ դուր ես եկել հենց սկզբից, երբ տեսա քեզ առաջին անգամ Ձմեռային այգում, շատ հեռվից: Նատաշայի հետ անցնում էիր: Շատ ուրախացա, երբ տեսա քեզ Սոնյայի սենյակում: Հետո իմացա, որ մտերիմ ընկերուհիներ եք: Առիթներ էի փնտրում ավելի հաճախ հանդիպելու: Զգում էի, որ շատ տարբեր ես բոլորից: Ու որքան շատ էիր խուսափում ինձնից, այնքան ավելի շատ էիր ձգում: Քեզ այստեղ բոլորը սիրում են, իսկ ես՝ ավելի շատ:

Ամաչեցի: Ասեցի.

– Դա արդեն չափազանցություն է:

Թոդորը երևի չհասկացավ, ինչն է չափազանցված՝ բոլորի սերը, թե՝ իր: Ես էլ չգիտեի: Հետո խոսեցինք տարբեր բաներից: Շատ ուշ հեռացավ: Բայց նրա ստվերը, բաս ձայնը, երկար մնաց հետս սենյակում: Էլ չկարողացա քնել: Միտքս տակնուվրա էր եղել, բորբոքվել նրա խոսքերից: Ուրեմն ի՞նչ, ես իրո՞ք այդքան սիրելի եմ: Ուրեմն ճի՞շտ էր ասում Սոնյան:

– Ինչպե՞ս կարող է ինձ սիրել, եթե արտաքինով այդքան լավն է, գեղեցիկ, խելացի ու միշտ շրջապատված աղջիկներով,- հարցնում էի ես:

– Հիմարիկ, ախր նրան իրոք դու ես դուր գալիս,- համոզում էր ընկերուհիս: Ես չէի կարողանում հավատալ:
Այցը համոզեց ինձ, որ իրոք հետաքրքիր եմ Թոդորին:

Տղան սկսեց ավելի հաճախ այցելել: Ամեն երեկո սրտի դողով սպասում էի նրան: Մենք միշտ խոսելիք ունեինք, խոսում ամեն ինչից, բայց շրջանցում`բուն ասելիքը: Այդպես ավելի հեշտ էր:

Ցերեկները ես նրա տաք հայացքը, մոխրագույն աչքերի նայվածքն էի փնտրում, իսկ երբ տեսնում էինք իրար, մի քանի բառ էինք միայն փոխանակում` հիմանական զրույցը պահում գիշերվան:

Մի օր Թոդորը սովորական ժամին չեկավ: Լամպի լույսի տակ պահում էի թերթերը, աշխատում էի կարդալ, բայց ուշադրությունս դռան կողմն էր: Ախր ինչո՞ւ է ուշանում: Մի՞թե ինչ-որ բան է պատահել: Գուցե ոտքի ցա՞վն է սկսել կամ վա՞տ է զգում: Ուզեցի բուժքրոջը կանչել – իմանալ, բայց հանկարծ ուրիշ բան մտքովս անցավ: Գուցե Թոդորն ի՞նքը չի ուզում գալ: Նայեցի ժամացույցին. էլ չի գա: Հանգցրի լույսն ու փորձեցի մթության մեջ ավելի լավ ժողովել մտքերս: Մեկ էլ դուռը ծեծեցին: Թոդորը ներս մտավ, մթության մեջ մոտեցավ ու նստեց մահճակալիս: Զարմացած էի, որ այդքան ուշ եկավ: Լույսը չվառեցի: Ուղղվեցի: Լուսնի լույսի տակ տեսնում էինք իրար: Առանց խոսքի տղան երկար նայեց ինձ, գրկեց ուսերս ու կրքոտ համբույրներով փակեց զարմացած բերանս. «Ներիր, որ ուշացա, ուզում էի ինքս ինձ ստուգել, արդյոք կկարողանա՞մ գոնե մեկ օր առանց քեզ տեսնելու քնել, տեսա՝ չէ, չեմ կարող,- հազիվ պոկելով շուրթերն ինձնից, շշնջաց նա: – Ուզում եմ քեզ միայն մի բան ասել՝ ես քեզ շատ, շատ սիրում եմ: Երբեք ոչ մեկի հանդեպ նման քաղցր ու ցավոտ զգացում չեմ ունեցել: Երբեք ոչ մեկին չեմ ասել՝ սիրում եմ քեզ: Հասկանո՞ւմ ես՝ ես քեզ սիրում եմ»:

Վերջին բառերն արտասանվեցին գոչյունով: Մի՞թե ինձ էին ուղղված, իրո՞ք ինձ էին ուղղված: Դե իհարկե, չէ՞ որ ուրիշ կին չկար սենյակում:

Ես կյանքում տղամարդու հոտին այդքան մոտ չէի եղել, առավել ևս տղամարդու համբույր չէի զգացել ու շատ շփոթվեցի: Չգիտեի ինչպես են համբուրվում ու կորցրի ինձ: Թոդորն իր փափուկ ու հաստ շուրթերի մեջ էր առել իմ դողացող շուրթերը: Գգվանքներից շփոթված, չգիտեի ինչպես պահել ինձ: Ե՞րբ եմ այդքան ցանկալի եղել: Ե՞րբ եմ այդքան սիրելի եղել: Ե՞րբ եմ պարզապես ինձ այդքան տաք զգացել: Երբեք: Իսկ հիմա ասես ինքս չլինեի գեղեցիկ ու առնական բուլղարացու գրկում, որն ինձ հետ խոսում էր ամենացանկալի լեզվով, սիրո լեզվով ու իմ փոքրիկ մարմինը տանում ինձ բոլորովին անծանոթ աշխարհներ…

Երբ Թոդորը հեռացավ, բազում մտքեր ու զգացողություններ սկսեցին տանջել ինձ: Մի՞թե դա ես էի: Քնեցի անհանգիստ: Բայց արդյո՞ք քնեցի:

Անցան օրեր… Թոդորի գիշերային այցերը որոշ ժամանակ դադարեցին:

Կատարվածից ես դեռ ուշքի չէի գալիս: Ցերեկները հանդիպում էինք, բայց խոսում` շատ թռուցիկ: Հետո նորից սկսեցինք երեկոները հանդիպել:

Ամառ էր, շոգ ու խեղդող: Իջավ զով երեկոն: Սկսեց անձրևել: Ցանկացա դուրս գալ պատշգամբ, հետո կանգնեցի ու սկսեցի նայել թափվող անձրևին: Շիթերը ցայտում էին վրաս, հաճելի զովություն տալիս: Երկար մնացի կանգնած: Ասես լուռ խոսում էի անձրևի հետ, փորձում` իմ սրտի գաղտնիքներն ու տագնապը հանձնել նրան:
Հանկարծ զգացի ինչ-որ մեկի շունչը թիկունքիս: Շրջվեցի: Թոդորն էր:

– Երկու օրից մեկնում եմ: Վերջ բուժումներիս: Կարո՞ղ ես հավատալ, որ չեմ ուզում հեռանալ,- նստեց փոքրիկ աթոռին ու ձեռքս բռնեց:

Նրա հայացքից ու խոսքից հուզվեցի, չիմացա ինչ ասել: Թոդորը հեռացավ: Որ շրջվեր, կտեսներ իմ քնքշանքով ու սիրով հայացքը:

Զարմանում էի, որ տղան այդպես հետս կապվել էր: Ես ինձ երբեք սիրուն չեմ համարել: Հետաքրքիր է, այդ դեպքում ի՞նչ կա մեջս, որ գրավում է տղային: Իսկ գուցե ինչ որ բան կա՞, որը ես չեմ էլ նկատում… Ժպտացի ինքս իմ մտքից:
Չէ, տղան կգնա, կմոռանա ինձ: Տանը, սիրելիների միջավայրում շատ բան կփոխվի, կմոռացվի: Հիվանդանոցի պատերի ներսում եմ ես թվում հետաքրքիր աղջիկ: Իսկ պատերից դուրս… ո՜վ է ինձ երբևէ նկատել: Անշուշտ ես կմոռացվեմ, ես Թոդորին` երբեք:…

Գիշեր էր: Քունը հաղթում էր: Հանկարծ բացվեց դուռը: Թմբիրից արթնացա: Ներս մտավ Թոդորը, իհարկե, առանց հենակների, աննշան կաղությամբ: Նրա տեսքը հոյակապ էր: Ինձ նայող թանձր ու տաք հայացքը խելքահան էր անում ու կանչում: Ուսերս գրկեց ու ինձ ամուր իրեն սեղմեց.

– Ա՜խ, Նաիրչիկ, ինչ արեցիր հետս, ինչպես հեռանամ առանց քեզ: Շուտով դու էլ կգնաս հայրենիքդ: Քեզ կգրեմ, կզանգեմ, հետո կտեսնենք ինչ անենք: Սկսելը հեշտ է, ունեցածը պահելը` շատ դժվար: Ինքդ էլ չգիտես, ինչքան հարազատ ես ինձ:

Եկավ բաժանման օրը: Ու այդ ժամանակ ես հասկացա, ինչքան սիրելի է Թոդորը ու ինչքան թանկ: Վախը, որ ամեն ինչ կմոռացվի ամենազոր ժամանակի մեջ, տանջում էր ինձ: Հուզված, մոտեցա պատուհանին: Երկու ճնճղուկ կտուց-կտցի տված ծլվլում են: Երանի ձեզ:

Սենյակ մտավ Թոդորը: Ավելի հուզվեցի, արցունքները գլորվեցին: Իսկ երբ գրկեց ինձ՝ փղձկացի…

– Մենք դեռ կհանդիպենք: Ես քեզ կգրեմ, կզանգեմ: Մենք չենք կորցնի իրար: Վախենամ դու ինձ մոռանաս,- ասաց նա: Համբույրները միախառնվել էին իմ արցունքներին ու աղի համ ստացել:

Թոդորի մեկնելուց հետո շուրջս դատարկություն էր: Թվում էր՝ վերջ ամեն ինչին, վերջ երջանկությանս՝ կարճատև: Բայց զուր էր իմ վախը: Երեք օր անց Թոդորը զանգեց:

Շուտով մեկնեց նաև մյուս ընկերուհիս՝ լեհուհի Աշկան: Նա Վարշավայի քաղաքագլխի, իսկ հետո Լեհաստանի շինարարության նախարարի աղջիկն էր՝ մաթեմատիկոս ու մոր նման շատ գեղեցիկ (նա ևս մոր հետ էր): Աշկան Կուրգանում սիրահարվեց մի հասարակ ղազախ տղայի: Կապը տևեց մի քանի տարի միայն: Գուցե էլի նրանց ունեցած դիրքերի տարբերությո՞ւնն էր պատճառը, որ բաժանվեցին:

Իսկ որտե՞ղ է իմ միշտ աշխույժ, երբեք չընկճվող, իր ցավին կողքից նայող սերբուհի Դրագիցան: Սարաևոյի կռիվներից հետո ոչ մի լուր: Ես նրան շատ փնտրեցի, բայց իզուր: Կամքի այդպիսի ուժով, տառապանքով, հազարավոր կիլոմետրեր անցնելով` երկարեց, վերադարձավ տուն ու չվայելեց իր հաղթանակի պտուղները. կռիվ սկսվեց երկրում:

Մի օր էլ ես էլ հեռացա գորշ, բայց ինձ համար արդեն հարազատ դարձած քաղաքից ու իմ շատ սիրելի միջավայրից:
Հեռացա՝ վերագտած ինձ, էլ ավելի արժևորած իմ ինքնությունը:

Հեռացա՝ սիրված լինելու հայտնագործությամբ:

Հեռացա՝ շնորհակալ լինելով այն կնոջը, որ ասաց՝ հիշիր, ֆիզիկական ցավն անցողիկ է, հոգեկանը՝ ընդմիշտ տանջող:

Հեռացա նոր տեսքով, նոր հասակով, իմ նոր՝ երեսուն սանտիմետրով, որը սովորական մարդու համար քանոնի վրա ընդամենը ոչինչ չասող, հաճախ մոռացվող թիվ է, իսկ ինձ համար՝ տառապանքի, արցունքների ու ցավի գնով ստացած չափ, մի կամուրջ` դեպի մարդկային սովորական ու նորմալ կյանք…

Ես հիմա ունեմ իմ 30 սանտիմետրն, որ միայն իմն է, ուրիշ ոչ մեկինը:

Հետաքրքիր է, որտե՞ղ է այն կինը: Կճանաչի՞ ինձ, կհիշի՞ արդյոք իմ ետևից շպրտած խոսքերը… Համոզված եմ, ոչ կճանաչի, ոչ էլ կհիշի:

Ունեցա իմ իսկական եսը՝ ոչ մեկին չնմանվող տեսքով: Եվ դա իմն է, միմիայն իմը:

Խառնվեմ մյուսներին, ԱԶԱՏ լինեմ, հանդիպեմ, սիրեմ, սեր անեմ, ատեմ, գոռամ, պարզապես ԱՊՐԵՄ…

Show Comments Hide Comments

3 thoughts on 30 սմ

  1. Greta Gabrielyan says:

    Շնորհակալություն Նաիրա, պատմբածքը կարդացի մի շնչով, գրված է շատ նուրբ ու գեղեցիկ լեզվով, առանց ավելորդ բառերի, սակայն միայն կարդալով կարծես ներկա եղա ամբողջ պատմության ընթացքում : Դուք ներկայացրել եք մի աշխարհ, որտեղ շատերը երբեք չեն լինելու, բայց կարդալով այս պատմությունը ,իրենց հետ վերցնելու շատ բան կգտնեն: Հուզվեցի, շատ հուզվեցի : Կեցցեք`…
    Հեռացա՝ սիրված լինելու հայտնագործությամբ:

    Հեռացա՝ շնորհակալ լինելով այն կնոջը, որ ասաց՝ հիշիր, ֆիզիկական ցավն անցողիկ է, հոգեկանը՝ ընդմիշտ տանջող:

  2. վահան says:

    test

  3. Էլյա says:

    Նաիրա, ես Ձեզ սիրեցի.. Գրագետ խոսքն ու ասելիքի կարևորությունը առանց այդ 30 սանտիմետրի էլ բարձրացնելու էր Ձեզ շատ ավելի, քան շրջապատում շատերն են. Թոդորի սերը պետք էր, որ ինքնարժեքի բարձրացում լիներ ու հաստատ ավելին արեց, քան ամենակարող բժիշկը.Կյանքում այդպիսի սեր բոլորն էլ պետք է ունենան, որ ուժեղ լինեն, որ , եթե մի պահի կյանքում զգան իրենց նեղացրել են, կամ անտեսել, հիշեն `ախր ինձ այ այսպիսի սիրով սիրել են ու այդ հիշողությունը միայն իմն է ու փակ կոպերի տակ մենք հանդիպելու ենք միշտ …Ու լինելու ենք մենակ..

Leave a Reply

Your email address will not be published.