Ա. Բեժանյանին

Քարե շենք, առաջին հարկ։ Հարմար բնակարան էր, թեև կապիտալ նորոգման հարց կար։ Ծախողը՝ շատախոս մի ջահել, գինը պահելու համար, գլխից ելածը դուրս էր տալիս։ Պատերն էի տնտղում՝ ծախսերը հաշվելով։ Բնակարանը դափ-դատարկ էր, դրանից էլ ավելի մեծ էր թվում։

Բակ նայող ննջարան մտնելիս միակը, որ աչքս ընկավ, պատուհանագոգի վիթխարի կակտուսն էր՝ հսկա կարմիր ծաղիկներով։

Ջահելը, հայացքիս ուղղությունը ջոկելով, վրա տվեց՝ հորաքրոջս բնակարանն է… դեռ բոլորովին երիտասարդ կին էր… ընդամենը երեք օր պառկեց… տենդի մեջ կակտուսի հետ էր խոսում… կակտուսին ձեռք չտաք` ասաց ու մեռավ…

Սենյակից դուրս գալիս՝ քամին դուռը դղրդյունով վրա բերեց…

Ետևից թրծակավի խուլ շրխկոց լսվեց…

2

Հագնվում էր մուգ գույներով՝ դասական, չոր։ Երեսունհինգի կողմերն էր։ Դեմքին ջահել կնճիռներ կային։ Կնոջ հետ ինձ ծանոթացրել էր մորաքույրս՝ նամուսով աղջիկ ա, դրա համար էլ տունն ա մնացել…

Սա հինգ թե վեցերորդ հանդիպումն էր։ Նախորդ անգամ շքամուտքում համբուրել էի՝ չէր առարկել, չէր էլ պատասխանել։

Տուն ուղեկցելիս համարյա զոռով ներս խցկվեցի՝ մի կես ժամ կնստեմ կգնամ… ինձ խելոք կպահեմ… ազնիվ խոսք։

Ծնողները մի քանի տարի առաջ Ամերիկա էին գնացել… Երկու ոտքը մի կոշիկի մեջ՝ ոչ մի դեպքում…

Դասական երաժշտությունը սղոցում էր։ Խոսակցությունը հա չէր կպնում, ինչքան էլ կաշվիցս դուրս էի գալիս։ Պատասխանները մեկ-երկու բառանի էին… Մի խոսքով՝ վիճակ չկար։ Բախտիցս գնաց խոհանոց՝ սուրճ դնելու։ Ելք գտնելու հույսով սիգարետ կպցրեցի։  Մոխրաման չէր երևում, աչքս ընկավ պատուհանագոգի կակտուսին՝ անսովոր մեծ էր, հսկա կարմիր ծաղիկներով… Ետևիցս մի կողմ հրեցին… Աչքերում կրքոտ չարություն էր վառվում։ Մի ձեռքով ճանկեց մորուքս, մյուսով աջ ու ձախ ապտակում էր՝ չհամարձակվես, տականք… չհամարձակվես … Շքամուտքից դուրս թռչելիս անիմաստ կրկնում էի՝ ում էի մի կտոր հաց տվել… ում էի մի կտոր հաց տվել…

3

Աղջիկն էր առաջինը մոտեցել՝ բարև, ճակատից ի՞նչ կա… Ամերիկյան նոփ-նոր կոմուֆլյաժով էր։ Քաղաքի ֆոնին իր հագուկապում աքլորային մի բան կար, հատկապես ճակատի մահապարտի ժապավենն ու վզից կախված նռնակը։ Մի բան պիտի ասեր՝ ասել էր՝ էսպես որ գնա, երկու ամսից Երևանում կլինենք… Ծիծաղել էին։
Ջոկատը ճակատից քաղաք իջնելիս՝ հանդիպում էին։ Օրիորդաց գիմնազիայի սանուհու տեսք ուներ՝ ժապավեններով, փոռիկներով… Քայլում, սահում, թռչում էր՝ թևանցուկ արած-թևից կառչած։ Անընդհատ, անընդմեջ, անվերջ ծիծաղում էր…

Իրիկունով տուն ուղեկցելիս՝ ներս արի, մերոնք քաղաքում չեն։ Երկու օր ննջարանից դուրս չէին եկել (անկողնում հեչ գիմնազիստուհի չէր՝ ճչոցներից տունը քանդվելու վրա էր… ), երրորրդ օրվա առավոտը մայրը ներս էր մտել՝ գործի վրա բռնացրել։ Էդ օրվանից արգելել էին մենակ փողոց դուրս գալ՝ քեզ դրա համար չենք ազիզ-ազիզ պահել մեծացրել, որ… էսօր կա, վաղը չկա… իրանք էլ, իրանց պատերազմն էլ… ջհանդամը լիներ՝ գյոզալ երկիրը քանդեցին…

Քաղաքում եղած ժամանակ գիշերով մոտենում էր ննջարանի պատուհանին, ճաղերի արանքից կեսձայն զրուցում-համբուրվում էին։ Մի գիշեր աղջիկը ձեռքը երկարացրել էր, ճաղերի արանքից շալվարի կոճակներն արձակել… Ինքն իր աչքերին հավատացել-չէր հավատացել… հրաշքով երանությունից շունչը չէր փչել… Բերանում եղածը թքել էր պատուհանագոգի կակտուսի թաղարի մեջ։ Վերջին հանդիպմանը աչքն ընկել էր կակտուսին։ Արտասովոր փարթամացել էր՝ հսկա կարմիր ծաղիկներ տվել։ Առավոտը ճակատ պիտի վերադառնար…

Show Comments Hide Comments

Leave a Reply

Your email address will not be published.