Երևանի աղջիկները
Երևանի աղջիկները
անհամեմատ լավն են Երևանի տղաներից՝
գույնով, բույրով, լեզվով, ուղեղածալքերով,
առաջադիմությամբ ու հետադիմությամբ։
Երևանի աղջիկները
տարածաշրջանում առաջինը շալվար հագան
խորհրդային կարմրաշեկ ժամանակներում՝
մոտ հարևանների աչքին գցելով,
իսկ հեռուների աչքին՝ բարձրացնելով
քաղաքի պատիվը։
Երևանի աղջիկների պաչիկները
անուշիկ են նույնքան, որքան աշխարհի բոլոր աղջիկներինը,
բայց երևանցի երգիչը բնականաբար
սուբյեկտիվորեն նրանց սիրունիկ աչիկների գովքն է անում։
Երևանի աղջիկների մեծ մասը
պատկանում է «ծիտ» և «թիթեռ» կատեգորիային,
սակայն նրանց մեջ քիչ չեն
կաղամբաթիթեռներն ու ցեցաթիթեռները,
որոնց ցերեկային արդուզարդը չի տարբերվում գիշերայինից։
Երևանի աղջիկները
արևածաղկի սերմ, դդմի կորիզ և օտար լեզուներ են չրթում
և հրեղեն ինքնաթիռով ժամանած
գեղագանգուր, խարտիշագեղ ու թիկնավետ
արտասահմանցի փեսացու են երազում։
Երևանի աղջիկները մասնակցում են զանազան
«Միսս ֆլան» և «Միսս ֆստան» բազմառանգ մրցույթների,
աշխատում են օֆիսներում և ծխելով ավտո են քշում,
երդվում են բջջային հեռախոսի արևով,
դեռ պատվից ցածր չեն համարում տորթ թխելը,
մարտինի են խմում, տժժում-ցքցքում դիսկոներում,
թռչում են անդրօվկիանոսյան հովերով,
բայց ամուսնանալիս շատերը դեռ շահում-պահում են
կարմիր խնձորի սուրբ ադաթը
և հանդուրժում ընտրյալի դավաճանությունները,
պաշտպանվելու տարրական գիտելիքներից զուրկ՝
երբեմն ընկնում են ետաբորտյան թախծի մեջ
(տես՝ Վիոլետ Գրիգորյան, համապատասխան քերթված)։
Երևանի աղջիկները
հայ աղջիկ հասկացության ամենացցուն նմուշներն են
և սեռակից շառավիղները
(ուզեն, թե չուզեն, գիտակցեն, թե չգիտակցեն)
Էրատո, Փառանձեմ, Զապել թագուհիների,
Սանդուխտ կույսի և Մամախաթունի,
Սահակդուխտի ու Խոսրովիդուխտի,
Սրբուհի Տյուսաբի, Մարիամ Թումանյանի, Սիրանույշի,
Շահանե-օ-դու-իմ-Շահանեի…
և միաժամանակ հեռավոր քույրերը
Իրինա Ալլեգրովայի, Շերի
և պոռնոաստղ Քրիսթի Քենյոնի։
Երևանի աղջիկները
քաղաքի դեմքն են՝
տաք, մի քիչ պրտված, հպարտ և միշտ կանչող։
Շինջոկատ
Հուր է սփռում և խարդավանք
կեսօրն իր վառ օբյեկտներում,
և դոշերին պարապ-սարապ տղաների
թշնամության փշերն են տնկվում։
Կեսօրը լռում է ճպուռաձայն,
դնդնում էլեկտրալարերի վրա,
տղաների հոգին պատվում է
տաք հրով և փոշիներով։
Թշնամության փշերն են ծաղկում։
Օրը՝ ոսկի և պղինձ,
բռնկվել է գյուղի վրա։
Էհ, տղաներ, վերջը պիտի
դեղին օրը դարձնեք կարմիր։
Թշնամության փշերը մեռան
կեսօրվա բարկ զնգոցի հետ։
Դե փառք բոլոր քարին-ծառին,
Այս մի օրն էլ
անցավ առանց ռազբիրատի։
Թռչող ցելոֆանների քաղաքում
Քամու բերանն ընկած
գնում ենք ազգովի,
ինչպես այս ցելոֆանները,
որ ճախրում են մեր երկնքում։
Մենք բույն ենք դրել
թղթե տունիկներում,
որտեղ ոչ մի օր մեզ ձայն չեն տա՝
«բնակիչներ, փախե՜ք,
տանիքը եկավ»:
Այս շենքերը բորշչահոտ են,
թեև ամեն օր բորշչ չեն եփում,
և շաբաթը մեկ շենքերի մուտքերին
չարագուշակ ցցվում են
դագաղների կափարիչները…
Պանելաբնակ նապոլեոնները
չոր հաց կրծելով գաթա են երազում,
ամեն ակնթարթ սպասելով
ինչ-որ երկնառաք հրաշքի։
Ոմանց համար այդ հրաշքը կհայտնվի
անձնագրում կնքված վիզայի տեսքով,
որ իրենց կկտրի այս հոտող ու մխացող աղբից,
պարաններին հուսահատ օրորվող լվացք ու բիբարներից,
այս չբխվող բրդից ու խուճուճասիգնալ ավտոներից,
այս նարդիաշըխկ բիսետկից հնչող քֆուր-քաֆարից….
ու կհասցնի օվկիանոսի ա՜փ,
կակտուսների, բանանների, բազմագույն մարդկանց գիրկը…
որտեղ իրենք մի քանի տարի անց
կմոռանան թռչող ցելոֆաններն ու աղբը
ու երանի կտան շենքի մոտի թթի ծառին ու սառնաջուր պուլպուլակին…
Քամու բերանն ընկած
դեռ շատ կգնանք ազգովի,
այս քամին երբեք չի դադարի,
ցելոֆաններն էլ երբեք չեն վերջանա,
իսկ փոշին, փոշին
երբեք չի վերանա
այս քաղաքից,
մեր աչքերից ու մեր հոգիներից։
Խոհիկ օվկիանի ափին
Մարդն այս աշխարհը դարձնում է
մի հսկա, հսկա
կանալիզացիա։
Եվ իր արարքը
որակում որպես
գլոբալիզացիա։
19.11.2003, Լոս Անջելես
Դրսաշխարհ և ներսաշխարհ
Կարկատանների այս քաղաքում
մեզ պարտադրվեց
միջատների պես բնավորվել
մռայլ և գորշ արտաքինով
հազիվ կցմցած
կիսամութ ու հաճախ գարշահոտ
լուցկու տուփերի մեջ
որտեղ վերջնականապես կփշրվեին
մեր հոգիները և մեր սրտերը
եթե դրանց մեջ
ամեն մեկս չստեղծեինք
մեր լույսի աշխարհները
մեր տաքուկ անկյունները
որտեղ փակվելով առժամանակ մոռանում ենք
մեզ բաժին ընկած
ամեն գորշություն և գարշություն
իհարկե անշուշտ
եթե միացված չէ հեռուստացույցը
և եթե հարևանդ չի ջրել քեզ վերևից
ու եթե դրսաշխարհի ձայները չեն հասնում քեզ
բարակ և թափանցիկ պատերի միջից…
Ուշ աշնան ուշ երեկոյին
Ն.-ին
Դեղնած մութ աշխարհ,
քաղաքի վրա կարծես միզել են,
անձրևն ապահովել է թացությունը,
իսկ լուսինը՝ գույնը։
Եվ մենք քայլում ենք այդ խոնավ աշխարհով,
թևանցուկ, որովհետև ցուրտ է,
և որովհետև այս քաղաքում թևանցուկ քայլող տղաները
դեռևս արտառոց չեն թվում։
Իմ լուսնային շաղակրատանքը
գոլորշիանում է թե օդում, և թե քո գլխում,
գրասենյակից դուրս գալուց հետո անգամ
դու շարունակում ես մնալ քո մասնագիտության հետ,
և մտքում բարդ հաշիվների մեջ ես երևի,
և ամեն անգամ ասում եմ քեզ.
Չէ՞, ապե։
Իսկ ապեն լուռ է։
Ապեն փաթթած ունի։
Այդպես իրար փաթթած ունենք մինչև օրս։
Էս հեղինակին էլ է հոգեբույժ պետք։