ԱՌԱՋԻՆ ՏՈՒՆ

Եթե Քրիստոսը հանդգներ մեկ անգամ էլ ոտք դնել երկիր, էս խոզերը նորից կսպանեին նրան։ Իհարկե այս անգամ հաստատ չէին խաչի, այլ ավելի մոդեռն տարբերակ կկիրառեին, օրինակ, ամերիկացիները էլեկտրական աթոռին կնստացնեին, իսկ իտալացիները մարդասպան կվարձեին։ Բարձրակարգ գիտելիքները դյուրամարս չեն մեր մոլորակի բնակիչների ստամոքսների համար։ Վախենում եմ՝ Քրիստոսը վախից էլ երբեք չվերադառնա, ու մենք հոթ-դոգից բացի ուրիշ բան չուտենք (ես չեմ կշտանա)։

ԵՐԿՐՈՐԴ ՏՈՒՆ

Իրականում պատկերն ավելի ստորացուցիչ է. օրական տասնյակներով քրիստոսներ են մահանում (քաղցկեղից, սովից, սպիդից, մոդայիկ թռչնագրիպից Ռ.Ց.Պ.), հազարներով՝ հանճարներ (նույն պատճառներով) ու միլիոններով՝ սովորականներ (նույն պատճառներով)։ Բայց մեր հայրերը մեր մայրերին պարբերաբար մայրացնում են, ու ես սյուժեն գնահատում եմ որպես շարունակելի…

Սակայն բոլոր բնական գործընթացներն արդեն ավտոմատացված են, ու մաման պապային դժվար թե ճանաչի։ Ես ու մի քանիսը արտադրությունից հանված ենք (մեր մեխանիզմները թանկ արժեն)։ Իմ աշխարհի համար ես թանկ հաճույք եմ, առավել ևս՝ սիրածներիս։

ԵՐՐՈՐԴ ՏՈՒՆ

Երեկոյան, հակավիրուսային ներարկումներից հետո, ես ու իմ սիրածն իրարից մի պատառ կխժռենք ու կթքենք երկինք. հենց այնպես, կատակի համար։ Հետո, եթե ուզես, սովորության համաձայն կխցանեմ ականջներդ փափուկ բամբակով, որ ատոմային ռումբերի պայթյունը քեզ չխանգարի, ու հանգիստ քնես (ինչ աղջիկ եմ, է)։ Կուզես, կփորձեմ նույնիսկ խելացի աղջիկ ձևանալ, միայն թե չձանձրանաս ու չլքես ինձ։ Քեզ համար, բացառության կարգով, պատրաստ եմ նաև բարձրակրունկ կոշիկներ հագնել, որ էգի տեսք ունենամ ու քեզ չկորցնեմ։ Ախր ես լավ գիտեմ՝ ինչ է կորուստը. լիքը հեռախոսի համարներ եմ կորցրել, գումար, տրամադրություն ու հիմա էլ՝ դու։

Դու հեռանում ես։ Բայց քո կորուստը ես դրամատիզացնելու եմ. դա անում եմ հանուն քեզ, որ գեղեցիկ լինի քո՝ ինձ լքելը. չլինի սովորական. չլինի անտաղանդ. չլինի անցավ. այդ օրը ես ամբողջովին սև կհագնեմ ու բարձրաձայն լաց կլինեմ. քեզ կխնդրեմ դանդաղ հեռանալ. մանր քայլերով. մեկ… երկու… երեք. դանդաղ-դանդաղ, որ հասցնեմ սպառել ինձ կյանքում բաժին ընկած արտասուքիս ողջ պաշարները։

ՉՈՐՐՈՐԴ ՏՈՒՆ

Ծեծողն ավելի բարձր պաշտոն է, քան ծեծվողը. դրա համար արի ես ու դու պաշտոն չունենանք։ Առանց այդ էլ երկուսս էլ կապիտալիստական երկրում ապրող բոզի ճտեր ենք. երկուսս էլ՝ սեփականատեր. դու ունես ինձ, ես ունեմ քեզ։ Ավելի լավ է, ինձ թույլ տուր մի քիչ դավաճանել քեզ, որ հնարավորություն ունենաս ապացուցել քեզ քո՝ ինձ սիրելը։

ՀԻՆԳԵՐՐՈՐԴ ՏՈՒՆ

Խելոքներն ասում են՝ խոսքի ազատությունը մշակութային արժեք է, իսկ ես գիտեմ, որ մշակութային արժեքները պահպանում են թանգարաններում. արի ես ու դու մշակույթի հետ ոչ մի կապ չունենանք, արի արարենք։

Երբ ծնողներս դեռևս խաղալիքներով են խաղում, ստիպված եմ մեծանալ, դրա համար էլ շրթներկ եմ քսում (չնայած վեց տարեկանս նոր կլրանա)։ Խոստանում եմ աշխարհի բոլոր վեց տարեկանների անունից՝ մենք չենք արգելի մեր ծնողներին տուն-տունիկ խաղալ։
Փչացրած երեկո

Սեղան։ Սիգարետի ծուխ։ Իմ ու նրա կիրքը։ Իմ ու էն մյուսի կիրքը։ Ինձնից անկախ նրանց երկուսի կիրքը։ Սեղանի ու մատներիս բախման կիրքը։ Բերանիս ու բաժակիս ծարավ կիրքը։ Նրա ձեռքը իմ ոտքին է։ “Մի քիչ վերև”,- շշնջում եմ ես։ Նրա ձեռքը տաք է, ոտքիս դրված բոլոր ձեռքերից ամենատաքը, առավոտյան խմածս սև սուրճի պես տաք։ Ես բոլոր կանանց կամենում եմ նրա ձեռքերը։ Նրան հաճույք պատճառելու համար շնչում եմ, ընդամենը շնչում եմ ականջի մեջ (ինչքան քիչ բան է կյանքում ինձնից պահանջվում)։ Նա երջանիկ է (հետո ինչ, որ այսօր ոտքիս վրա ավելացավ ևս մի մատնահետք)։ Նա երջանիկ է։ Մարմնիս վրա ոչ մի սմ ազատ տեղ չկա, ամբողջը մատնահետք է։ Ինչքան սխալ ձեռքեր են կպել նրան, տարել նրան ինձանից։ Ես գարեջուր եմ խմում. բերանիս ու բաժակիս հպումը միշտ բեղմնավոր է. ես այդպիսի գիշերներ եմ կամենում բոլոր աղջիկներին։ Ես վայելում եմ նրա՝ արդեն վերև տեղաշարժված տաք ձեռքը, խմածիս մեջ խեղդված ուղեղիս չլինելը ու սպասվող ապագայի թրթիռը՝ ոտքերիս արանքում։ Ես վայելում եմ կյանքը՝ ստորացված ու բթացված, Մաշտոցի պողոտայի բարերից մեկում։ Նա փակում է իմ խմած գարեջրի հաշիվը ու պաչիկ անում թուշս։ Չորս հարյուր դրամանոց եղկիկ պաչիկ (կարծեմ գարեջուրն այնտեղ այդքան արժե)։ Մենք պատրաստվում ենք թողնել նրանց, սեղանը, իմ բաժակն ու լիքը մոխրամանը։ Նրանք ինձ են նայում։ Ես տեսնում եմ նրանց աչքերում ինձ պարզած ձեռքեր։ Նրանք ուզում են ձեռք տալ ինձ, հավերժացնել իրենց գոյությունն իմ մարմնի վրա՝ թողնելով այնտեղ հերթական մատնահետք։ Ես մտքով հետ-հետ եմ քայլում։ Նրանց աչքերը խեղճ են, դառը։ Ես հիասթափված եմ իմ դաժանությունից։ Վերադառնում եմ նրանց մոտ, հերթով մոտենում եմ նրանց ու թույլ տալիս ձեռք տալ ինձ։ Ես զզվում եմ նրանց ձեռքերի շատությունից ու ցեխոտությունից։ Բոզի տղերք։ Նրա տաք ձեռքը իմ ուսին է։ Մենք քայլում ենք, այդ իսկ պատճառով փոխվել է նրա ձեռքը պարունակող իմ հարթությունը։ Բայց սկզբունքը նույնն է՝ մենք գնում ենք ոչնչացնելու այն ամենը, ինչ յոթ օրում ստեղծեց աստված ու արդեն հազար տարիներ փորձում ենք ոչնչացնել մենք՝ ես ու նա։

Առավոտյան պիտի տուն շտապեմ, որ պաչիկ անեմ բալիկիս, որ ամեն ինչ նորից սկսեմ։
Սիլիկոնե էություն

Համաշխարհային դատարանը մեղադրում էր մայր մեղվին հազարավոր բոռերի բռնաբարության ու այնուհետև սպանության մեջ։ Համաշխարհային դատարանի դահլիճը լեփ-լեցուն էր տասնյակ հազարավոր իսկական ու կեղծ բոռերով, իրավակարգի զինվորներով, իրավախախտներով, շոկոլադը մեղրից գերադասողներով, մենաստանի պատերի մեջ ձեռնաշարժությամբ զբաղվողներով ու նույնիսկ անմեղներով։ Կատարյալ լռության մեջ լսվում է միայն մայր մեղվի սիլիկոնե թոքերից դուրս եկող ճռճռան շնչառությունը։ Թանկարժեք ու փայլփլուն հագուստի տակից երևում են նրա չսափրած, ցելյուլիտով տառապող ոտքերը. գարշելի տեսարան. ես փակում եմ աչքերս։

Համաշխարհային դատարանի եվրոպական պուճուր մուրճիկը բախվում է հսկայական սեղանին. մուրճիկի գլխիկը հարվածից պոկվում ու ընկնում է գետնին. իհարկե ոչ ոք ուշադրություն չի դարձնում այս անզգույշ իրադարձությանը. բոլորը սպասում են դատավճռին. հիմա կթնդա արդարության ձայնը. հազարավոր բռնաբարված ու սպանված բոռերի հոգիները վերջապես հանգիստ կննջեն. դատավճիռը հայտարարելուց առաջ դատարանը խոսքի իրավունք է տալիս դատապարտյալին։ Դատապարտյալը ոտքի է կանգնում.

“Ես ունեմ սիլիկոնե կրծքեր, շուրթեր, միտք, ամերիկյան կուրացուցիչ ժպիտ (սա գռեհիկ ճաշակի չափանիշ չէ, այլ կատարելության ձգտող մտքի), որից երկրագնդի զավակները դարձել են անտանելի կարճատես։ Ես քոլգեյթյան ժպիտով դիմավորում եմ միլիոնավոր դարձի եկածների՝ փախստականների, որոնք ինձ մոտ են շտապում երկրագնդի տարբեր ցամաքներից. ես նրանց ընդունում եմ մոր գրկաբացությամբ, կարեկցությամբ, ջերմությամբ (սա խոսում է իմ մեծահոգության մասին)։ Ես ամոթխածությամբ բացում եմ շրջազգեստիս կոճակները ու թույլ տալիս նրանց հիանալ իմ սիլիկոնե էությամբ (սա պոռնկական վիճակ չի, այլ հաճույք պատճառելու վեհագույն ձգտում)։ Բոլորը գիտեն, որ ես եմ ճշմարիտ արժեքը, իմ մեջ է աստծո խոստացած անհոգ ու խաղաղ կյանքը. ինձ մոտ պուճուր մարդուկը դառնում է քրիստոսանման. նա ջրից գինի է սարքում, իսկ գինին երբեք չի վերջանում։ Սա ամերիկյան ուտոպիա չի, այլ իրական վիճակագրություն. իմ մադոննաները երկրային են, փողոտ, սիրուն, ես երկնքում սրբերիս պահելու սովորություն չունեմ, ոչ էլ ժամանակ՝ նման անմտությունների։ Ես նրանց վաճառում եմ ու հարստանում. ես փող եմ շինում սրբից էլ, ժամանակից էլ, տոննաներով ներկրված ուղեղից էլ, զանգվածային անճաշակությունից էլ, կներեք, պարո՛ն դատավոր, հազար ու մի զիբիլից էլ. սա էլ խոսում է իմ իմաստուն մտքի մասին։ Այսօրվա դատը կատարյալ զրպարտություն է, ես տանել չեմ կարողանում բռնությունը, ես ամեն օր դա ապացուցում եմ, ես նույնիսկ ազատություն խորհրդանշող մեծ արձան ունեմ. այդպիսի մեծ արձան ունեցող մեղուն չի կարող բռնության ենթարկել երկրագնդի բնակիչներին՝ բոռերին։ (Հուզմունքից մայր մեղուն կարմրել էր, նա նույնիսկ երկու անգամ թաշկինակը հպեց այտերին՝ հավաստիացնելով, որ աչքերից արցունք է հոսել։ Այս հանգամանքից համաշխարհային արդարադատության կոմիտեի նախագահի սիրտը հուզմունքից ճմլվեց, ու կարեկցանքից սկսեց լաց լինել մայր մեղվի անարդար վիճակի համար։ Մինչ նախագահը լաց էր լինում, դատական պրոցեսի մյուս մասնակիցները տնտղում էին մեղվի չսափրած ոտքերն ու զայրագին տարուբերում գլուխները)։

Դահլիճում կատարյալ լռություն է։ Հիմա կհնչի դատավճիռը։ “Համաշխարհային դատարանի օրենսդրության 8-րդ հոդվածի 4-րդ կետով մայր մեղուն դատապարտվում է երկու ամիս ազատազրկման` չսափրած ոտքերով հասարակական վայրում գտնվելու համար։ Մարդկությունը հազարավոր տարիներ տանջվում է քաղաքակիրթ լինելու համար, իսկ դու, այ մեղու, ջուրն ես գցում այդ աշխատանքը։ Դատական պրոցեսը հայտարարվում է ավարտված”։

Դատարանում գտնվող հազարավոր բոռեր, ձեռնաշարժներ, անմեղներ, սպանված բոռերի ծնողներ, սիրածներ ու կնիկներ հիասթափության բացականչություններ են անում, սակայն նրանց ձայնը խեղդվում է գնված ծափողջյունների և ուրախությունից բարձրաձայն լաց լինող նախագահի ձայների ներքո։

Մայր մեղուն, տեսնելով հազարավորների հիասթափությունը, դեմքին ցավագին արտահայտություն է նկարում։ Նա, արձակելով փայլփլուն անդրավարտիքի կոճակները, մոտենում է առաջին շարքի նստարաններին նստած բոռերից մեկին, գրկում նրան (որի հետևանքով խեղճ բոռի ոտքերը կտրվում են մայր հողից), մայրական քնքշությամբ սեղմում է նրան սիլիկոնե կրծքերին ու թույլ տալիս ցանկության դեպքում նույնիսկ պաչիկ անել դրանք։

-Ես էլ, ես էլ, ես էլ,- գոռում են տարբեր կողմերից. ժպիտը հոսում է մեծն բարերարի բերանից. հազարավոր բոռեր հնարավորություն են ստանում դեմքները հպել նրա դոշերին։

Համաշխարհային դատարանի դահլիճից մեղադրյալի դուրս գալուց առաջ արդարադատության կոմիտեն նրա դոշին կամրացնի “ՄԵԾՆ ԲԱՐԵԳՈՐԾ” տիտղոսը։
Մարդ

Փոքրիկ, վարդագույն ծաղիկներ. դաշտը ծփում է դրանցով։ Թքել եմ դաշտի վրա։ Ես իմ պուճուրի մոտ եմ։

Բալես։ Իմ պուճուր-պուճուր տղա։ Ես թույլ եմ տալիս, որ թաթիկներդ քանդեն իմ մետաքսե վերնաշապիկի ճարմանդները, որովհետև տեսնում եմ քո մոլորվածությունը, առանց իմ մարմնի այս աշխարհում կորչելու անխուսափելիությունը։ Ես խղճում եմ քեզ, ատում մյուս կանանց, որոնք համարձակվել են քո առաջ փակել իրենց վերնաշապիկները, որ դու կորչես, չքանաս, մեռնես, օտարվես այս աշխարհից։ Իսկ իմ վերնաշապիկը դեռևս հագիս է, գիտեմ՝ դա ողբերգություն է, որ մինչև հիմա (մենք տասը րոպե է՝ արդեն առանձին ենք) այն դեռ չի ընկել իմ վրայից, քո թաթիկները դրա տակից շոշափում են իմ կրծքերը. անդրավարտիքի առկայությունը դրանք դարձնում է հավիտյան հեռու. դու գժվում ես այդ փաստից, բռնելով անդրավարտիքիս լանջափեշերից, բացում ես մարմինս, բացում ես ինձ, բացում ես տիեզերքը։ Անդրավարտիքս պատռված է, ճարմանդները ճախրում են օդում, ու պուճուրիս վախը հաղթահարված է, մամայի քնքշությամբ շոյում եմ գլուխդ, պաշտպանում քեզ վատ մտքերից ու մեր գլխին թափվող ճարմանդների շատությունից. դրանք շատ են, շատ, շատ։ Դու հարցնում ես ինձ՝ ես շա՞տ տղաներ եմ ունեցել քեզանից առաջ. ես պատասխանում եմ՝ իհարկե ոչ, դու առաջինն ես։ Դու ձևացնում ես, թե հավատում ես, իսկ ես, օգտվելով քո ձևացրած հավատից, փորձառու պոռնիկի պես սիրում եմ քեզ, օգտագործում քո նուրբ տղայականությունը։ Քեզ թվում է, թե դու ինչ-որ բանի ես հասել այս կյանքում, թե դու ուժեղ ես, կայացած, դու ձեռքերով շոշափում ես ինձ՝ հավատացնելով քեզ քո ճշմարտությունները. դու նույնիսկ չես կասկածում, որ առավոտյան նորից զգալու ես քեզ ուղեկցող դժբախտությունը, նայելու ես դեմքիս ու ամաչելու ես քեզանից, որ գիշերները պոռնիկների հետ ես լուսացնում, հիմա աստվածացնող մարմնիս թքելու ես, որ գոնե պահպանես ինքդ քեզ։ Ու ծաղրելու ես ինձ, որ չամաչես քո անլրջությունից։

Փոքրիկ վարդագույն ծաղիկներ. դաշտը ծփում է դրանցով. ես ուզում եմ հանվել ու պառկել այդ կյանքի մեջ. մորեմերկ՝ ինչպես որ աճել եմ հողից։ Ափերս դնում եմ հողին։ Ականջս մոտեցնում եմ հողին։ Ասում եմ հողին։ Հողն ինձ լսում է։ Հողը աննորմալ բարի է։ Նա տղամարդուց էլ տաք է. ես էլ երբեք հողին չեմ դավաճանի։ Ձեռքերս քսում եմ հողի անհարթ մակերևույթին, տաքացած մարմինս տրվում է նրան, շնչասպառ վայելում եմ իմ ակունքները։ Ես բնության զավակն եմ՝ հողի աղջիկը։

Փոքրիկ վարդագույն ծաղիկներ. դաշտը ծփում է դրանցով. դաշտի մեջ մի քած խոզի պես թավալ է տալիս։

Ես ինքնամոռացության մեջ եմ. ես չեմ հիշում իմ մարմնի ծավալները. ես դուրս եմ իմ մարմնից. ես հաղթել եմ ինձ. ես վերադարձա հողին. ես էլ երբեք չեմ քայլելու ասֆալտի վրայով, չեմ վախենալու հողոտվելուց։

Փոքրիկ վարդագույն ծաղիկներ. դաշտը ծփում է դրանցով. հասարակության աչքի առաջ անառակություն անող քածին տարանք ուղղիչ տուն. այդպես ենք վարվում սրա նման փչացածների հետ. այս աննորմալ քայլը դիտարկեցինք որպես ոտնձգություն ու վրեժխնդրություն քաղաքակրթության դեմ ու քաղաքակրթությունից ու որակավորեցինք անառակին որպես վիժվածք։ Հիմա արդարադատության նախարարությունը ամենայն աչալրջությամբ լծվել է վիժվածքներ բացահայտելու գործին։ Նրանց բացահայտելու դեռևս միակ հատկանիշը հողի մեջ թավալ տալն է. սրանով իբր սրանք արտահայտում են իրենց սերը հողի նկատմամբ։

Փոքրիկ, վարդագույն ծաղիկներ. դաշտը ծփում է դրանցով. հաջորդ տարվանից կսկսվեն ասֆալտապատման աշխատանքները։
Չգիտեմ ում երազը

Անվերջանալի երկար, գեղեցիկ ոտքեր։ Խանդից կուչ եկած՝ փորձում եմ պատկերացնել այն տղամարդկանց, որոնք ժխտել են աշխարհում ամեն մի սրբություն՝ միայն դրանք ունենալու համար։ Ե՛խկ, ատում եմ ձեզ, ձեր աշխարհը սկսվում ու վերջանում է նրա ոտքերով։ Ձեր մտքերը ծնվում են միայն նրա ոտքերի ձևերից ու դառնում գործողություն. իսկ նա երազում տեսել էր, որ մայրը կտրում է իր ոտքերն ու սովորեցնում քայլել. ճիշտ է, մայրը զգուշացրել էր, որ սկզբնական շրջանում նա չի կարող վազել, բայց հավաստիացրել, որ մի օր նույնիսկ կարող է թռչել, ու որ սա է ճիշտը ու բարոյականը, և ի նշան հավաստիքի բարձրացրել իր փեշերը, որի տակ աղջիկը մի քանի ժամ ոտք էր ման եկել, սակայն ապարդյուն։ “Ծնողներս լավ են ինձ խնամել. ոչ մի ավելորդություն”,- ժպտացել էր մայրը։ Նա հանեց իր բարձրակրունկ սև կոշիկները։ Ես մերկ մատներով ծածկեցի ամոթից կարմրած մերկ դեմքս։

Նա հանեց իր կարմիր զուգագուլպաները։ Ու ես պարտվեցի։

Մեզ բաժանող հազարավոր կիլոմետրեր այս կողմ ես լսում եմ քո՝ տրվողի ընդհատ շնչառությունը։ Մեզ բաժանող հարյուր հազարավոր պատերի ճեղքերից ես տեսնում եմ քո՝ ամոթից կարմրած զուգագուլպաները ու… քո ոտքերը. արցունքներից ծանրացած գլուխս հենում եմ պատին, որ վայր չընկնի։ Մատներս ցավեցնելու աստիճան սեղմում եմ աչքերիս, որ արցունք չգա, որ չխոնավանա սենյակիս օդը, որ հյուրընկալվելուց չհիվանդանաս։

Ես վախենում եմ ցրտից, երբ արևի քիչ լինելու պատճառով կսառչի մարմինս ու նրա մեջ՝ դու։ Երբ ցուրտը իմ մարմնի ճեղքերից կթափանցի ներս ու քեզ կգրկի։ Ո՛չ, ո՛չ։ Ես ստոր եմ, կներե՛ս, պուճո՛ւր։ Հարբած եմ, հոգնած։ Չգիտեմ նույնիսկ, թե ինչ եմ խոսում։ Ես հուսալի ձև եմ, դու չես մեռնելու։ Իմ կանացի, նուրբ ձեռքերով ես բերաններ եմ ջարդելու, քո թշնամիներին իմ թունավոր մսով եմ հյուրասիրելու, իսկ ճանապարհիդ մարմինս եմ փռելու, որ անվախ քայլես։ Գիտեմ, կարծում ես՝ մեծ-մեծ խոսում եմ. միգուցե, չեմ ժխտում, բայց իսկապես կուզեի, որ այդպես լիներ։ Կարծում ես՝ նպատակի՞ պակաս ունեմ. թալանում եմ քեզ կյանքից ու դարձնում ինձ մեծ նպատա՞կ։ Հիմա՛ր ես դու։ Ես ամեն օր մեծանալու համար բարև եմ մուրում։ Վաճառում եմ ժամանակս ու համբերությունս պատուհանիդ տակ։ Քեզ տեսնելուց քարեր եմ լցնում գրպաններս, որ ուրախությունից օդ չբարձրանամ, որ մնամ այստեղ՝ քո արևի տակ։

Կուզեի՝ ձեռքերս հոսեին մեզ բաժանող հարյուր հազարավոր պատերի ճեղքերից ու հասնեին քեզ։ Կուզեի նրանցով ծածկել սենյակդ ներխուժող սառը օդի անցքերը ու գրկեի մարմինդ՝ հոշոտված ու անտեր։
Դեղձ

Նրա ձեռքից վայր գլորվեց հասած ու հյութեղ դեղձը. արևը սահեց ծովից այն կողմ՝ դեպի հորիզոնը, մի քանի րոպե լուռ մտածեց ու նետվեց ջուրը՝ խեղդվելով ծովի սառը ալիքների մեջ։ Սակայն դա սովորական էր բոլորի համար. քաղաքում չարձանագրվեց այս ինքնասպանությունը մյուսների կողքին։ Բոլորը գիտեին՝ դա հերթական հիստերիա է. առավոտը ամեն ինչ կմոռացվի։ Դեղձի ընկնելու և ինքնասպանության միջև թվում էր, թե ոչ մի բան չկատարվեց, սակայն լսողությունից ուժեղ մարդը կլսեր ձյան մեջ ոտնահետքեր թողնողի ոտնաձայները։ Երկրագնդի հարավում ամեն ինչ այլ էր, այնտեղ դեղձ չէր ընկել ոչ ոքի ձեռքից, ու ձյուն էլ չկար, ուր մնաց՝ ձյան մեջ թողած ոտնահետքեր, բայց այնտեղ էլ տարօրինակորեն շատ բան էր կատարվել, ենթադրենք՝ ուխտադրժություն։

Նրա ձեռքից ընկած դեղձը խփվեց սենյակի հատակին, ու հյութը ժայթքեց նրա ճաքերից։ Սենյակի պատերից կաթում էր մեղրածոր հեղուկը. սենյակը նման էր աղջկա. սենյակը անճանաչելիորեն փոխվել էր. սենյակից էին սկսվում ոտնահետքերը. սենյակից վալերիանայի կաթիլների հոտ էր գալիս. ավելի ուշ սենյակը կօդափոխեն։ Հարևանուհին լսել էր ընկնող դեղձի չարագույժ ձայնը ու՝ ոչ միայն. դեղձի ընկնելուն նախորդել էր ինչ-որ մեկի ապտակի ձայնը։ Ավելի ուշ քաղաքացիական դատարանում հարևանուհին դողալով կասի՝ ոչինչ չեմ լսել, ոչինչ։ Հարևանուհու բերանից թռած սուտը կավելանա մինչ այդ եղած մարդկային ստերի վրա, ու կծանրանա մարդկային խիղճը. սոցիոլոգները հաշվարկել են՝ ամեն մի սուտ արտասանած բառի հետևանքով մեծանում է մարդկային խղճի կենսազանգվածը (դեռևս պարզված չէ ստի խտությունը, բայց ներկայումս այն ամենածանր սուբստանցն է), ինչի հետևանքով կավելանա երկրագնդի տեսակարար կշիռը, ու այն դուրս կգա իր ուղեծրից. նրանք հաշվարկել են, որ մեկ վայրկյանում ութ միլիոն սուտ է ասվում։ Դեղձի ընկնելուց անցել է չորս ամիս. ես չգիտեմ նույնիսկ այն թվի անունը, որը կստացվի իմ հաշվարկից։

Ձյան վրա ոտնահետքեր թողած մարդը դուրս ելավ տնից (որտեղ դեղձ էր ընկել) ու վազեց փողոցով. հարևանուհին ականջը հեռացրեց պատից ու խաչակնքեց բորբոսնած դեմքը. արևը դեռևս սուզվում էր (մնաց քառասունհինգ մետր մինչև ծովի հատակը), թեյնիկը թշշաց. արևի ինքնասպանությունից հետո ինչ-որ մի տեղ թեյելու են։ Հա՛, մենք բաց ենք թողել ամենանուրբ հանգամանքը՝ ձեռքերը, որից ընկել էր հավանաբար համով դեղձը (հավանաբար, որովհետև այդ դեղձը ոչ ոք չկերավ), կանացի էին։
Գայլի լուսինը

Ես դեմքս պարզել եմ լուսնին ու ոռնում եմ։ Ես գայլ եմ։ Անուն չունեմ։ Մարդիկ անվանակոչում են յուրաքանչյուր նվաճվածի, բայց իմ նմանները` չնվաճվածները, հատուկ անուն երբեք չեն ունենում, մեզ մի ընդհանուր բառով կոչում են գայլ։ Միակ բանը, ում առաջ պատրաստ ենք խոնարհվել, լուսինն է. նա մեր աստվածն է, բոլոր գայլերի նպատակների կիզակետը։ Աշխարհի բոլոր գայլերի մտքերը հանդիպում են այստեղ` դեղին մակերեսով սկավառակի վրա։ Նա ծանրացել է մեր գայլային մտքերից, նա մի օր ընկնելու է գետնին ու ջարդուփշուր լինի մարդկանց փայլեցրած սալահատակի վրա։ Մենք վախենում ենք նման վախճանից։

Ես դեմքս պարզել եմ լուսնին ու ոռնում եմ։ Ես գայլ եմ. ես հպարտ եմ իմ ծագման համար։ Մարդը երբեք ինձ չի նվաճելու. ես չեմ դավաճանելու իմ մամային` բնությանը։ Ատամներս մի քիչ պինդ լինեին, ես կկրծոտեի մարդկանց սալահատակը. դա իմ վրեժխնդրությունը կլիներ իմ ու մյուս գայլերի համար, բայց դրանք նախատեսված են միս խժռելու համար։ Սակայն լցոնված ատամներ ես չունեմ. կարկատանները բնորոշ են մարդկային ցեղին. ես գայլ եմ։

Ես գիտեմ սիրել, սպանել, դավաճանել, վրեժ լուծել, կրծոտել գեղեցիկ պարանոցներ։ Ես դա անում եմ առանց կեղծիքի, առանց խաբելու։ Ես պաշտում եմ երկինքն ու երկիրը. երկնքում իմ սիրած լուսինն է, իսկ երկրի վրա՝ զոհիս թաթերի հետքը. երկուսն էլ կլոր են, երկուսն էլ՝ համով։ Մի քիչ երկար նայելուց հետո ես թաթի հետքեր եմ տեսնում նաև լուսնի վրա։ Բայց ինձ արգելված է դրա մասին մտածել։

Ես թաքնվել եմ թփերի արանքում. նա իմ դիմացն է. ես պահել եմ շունչս. նա շնչում է երկուսիս փոխարեն. բերանիցս հոսում է սպիտակ փրփուրը. նա կրքոտ է, ցանկալի. ես երազում եմ նրա մարմինը. նա իմն է. ես գայլ եմ. նա՝ նապաստակ։

Լարելով ողջ ուժերս՝ ես կատարում եմ աշխարհի ամենանպատակային բանը՝ գազանի ցատկն իր որսի վրա. ես օդում եմ. ես գայլ չեմ, ես թռչուն եմ. ես հաղթել եմ նույնիսկ ձգողականության ուժին։ Բարոյական տեսանկյունից սա դավաճանություն է, բայց ես բարձր եմ ամեն տեսակ բարոյականությունից։ Ես օդից առնում եմ նրա վախի հոտը. ես տեսնում եմ նրա խուճապը. ես խելքահան եմ լինում նրա գեղեցիկ խուճապից. նա իմն է, իմն է, իմն է. մեր աչքերը բախվեցին իրար. ես օդում եմ, նա՝ հողին, բայց իմ կիրքը մեծ է, ես պատրաստ եմ հաղթահարել մեր միջի տարածությունը. ես սիրում եմ իմ զոհին. նա զգացել է իր կործանումը, բայց արդեն ուշ է. թաթերս կպել են հողին, ու ես նորից գայլ եմ. իմ բերանի ու նրա պարանոցի նուրբ հանդիպումից արյան կաթիլներ են հայտնվում գետնի վրա. սրտիս տակ բաբախում է նրա սիրտը. մենք արարում ենք մեծ սիմֆոնիա. թըքթըքթըքթըքթըքթըքթըքթըք. մենք բեթհովեններ ենք. ես հոշոտում եմ նրան. ես սոված ու սև գայլ եմ, նա՝ ընդամենը սպիտակ նապաստակ։

Ես դեմքս պարզել եմ լուսնին ու ոռնում եմ։ Արյան համը դեռ բերանումս է։ Ես օրհնում եմ իմ աստծուն ու ստանում մեղքերի թողություն։ Իմ աստվածն ամենաթող է։
Գարշահոտ արև

Ջղայն երկնքում արևը նեխել էր, ու նրա վրա ճանճեր էին նստել։ Նրա կոշիկների պես սև, շատ սև ճանճեր։

-Հոտ քաշիր վրայիցս, ու կտեսնես, թե ինչքան գարշահոտ է կյանքը,- ասաց այդ սև կոշիկներով տղան։ Ես մոտեցա անուշահոտ սրվակներով լցված պահարանիս, ընտրեցի ամենաթանկարժեք օդեկոլոնները Հյուգո Բոսից ու հարձակվեցի վրան։ Մի սրվակ, երկու սրվակ, երեք սրվակ։ Ինձ թվում է՝ սա հերիք է, ինձ թվում է՝ նա էլ չի գարշահոտի։ Խեղդվելով օդեկոլոնի կոկորդ քերծող քաղցր հոտերից ու հոտով ծանրաբեռնված օդի մեջ հազիվ տեսնելով նրա դժգոհ մռութը՝ մոտեցա։ Բայց հազիվ հաղթահարելով մեզ բաժանող հյուգոբոսային գոտին՝ ես կրկին շնչեցի նրա գարշահոտ մարմնի հոտը։ Գարշահոտում էր նրա միջի մարդը։ Արցունքակալած աչքերով ասաց, որ փրկություն չունի, որ ապականված է իր եսի տունը, որ ինքն ապրելու իրավունք չունի ու որ վարակել է նույնիսկ արևին։ Ջղայնությունից ջարդեցի պահարանիս միջի՝ փող արժեցող ու գիտակցության հոտը փոխող, բայց կյանքում չարդարացվող պարունակությունը։

Նա էլ չէր լացում. նա ջղային ցնցումների մեջ էր։ Նա ոռնում էր՝ նսեմացնելով իր միջի տղամարդուն ու կատաղեցնելով իմ միջի կնոջը։

Իսկ արևը նեխել էր, ու նրա վրա ճանճեր էին նստել։ Ափսոս, մաշվել են սև կոշիկները, թե չէ՝ պատրաստ էի համեմատություն անել։ Ամուր փակեցի նրա տան դուռն ու բութ մատս հպելով ձեռքիս մեջ պահած փոքրիկ սեղմակին՝ ես տեսա… տեսա նրա աչքերում արտացոլված արևի պայթյունը, զգացի իմ ու նրա ոտքերի օդ բարձրանալը, ճակատի քրտինքը՝ մեծ տաքությունից, տեսա նրա հալվող երեսը՝ ժպիտը դեմքին, ու կրակները՝ ձեռքերովս թեժացված։ Գիտեմ՝ առավոտյան մենք կարթնանանք։ Գիտեմ՝ դու էլ երբեք չես գարշահոտի։
Ջղաձգություն արևի տակ

Երեկոյան, երբ արևը մահացել էր ու հնարավորություն տվել նրան մնալ ինքն իր հետ, նա արդեն Դինան չէր. փոքրիկ, շիկահեր, միշտ ինչ-որ տեղ շտապող, միշտ օղու բաժակի առաջ ինքն իրեն մոռացած ու արյան եռքից թշերը կարմրած։ Նա էլ գարշահոտ փողոցների գարշահոտ գեղեցկուհին չէր։ Ճիշտ է, դեռևս արյան մեջ մնացել էր արևի տակ խմած վերջին բաժակից մի քանի կաթիլ, բայց դրա մասին չխոսենք։

Ինչ-որ տեղ՝ հեռվում, սափրվում է ինչ-որ մեկի քեռին։ Ինչ-որ տեղ՝ հեռվում ինչ-որ մեկի մամային բռնաբարեց ինչ-որ մեկի շան ծնունդ պապան։ Չէ, գնալով անտանելի է դառնում. նա ի վիճակի չէ զգալ այսքան իրադարձություն։ Նա պուճուր է, թույլ։ Ինչ լավ է, որ երակներում հոսող օղուց հալվել է նրա ողջ գիտակցությունը։

– Թեո՛, մի բաժակ ևս։

– Օրիո՛րդ, արդեն փակում ենք։

Մութ։ Շատ մութ։ Շատ, շատ մութ փողոց։

Նրա բարձրակրունկ կոշիկները լիզում են թաց ասֆալտի ցեխն ու տեղ-տեղ կաթկթած ամոթը։ Այն ժամանակ՝ արևի ժամանակ, ամեն ինչ այլ էր։ Իսկ հիմա նա ստիպված է մեղա գալ ու ամաչել իր սեռից։ Ամաչել կրունկներով շեշտված ոտնաձայներից ու…, աստված իմ, ինքն իրենից։ Նա մի պահ կանգնեց, ձեռքերը տարավ գրպանները՝ հույս ունենալով գտնել ցերեկը կորցրած գիտակցությունը, բայց փոխարենը ձեռքի տակ ընկավ հարյուր դրամով գնած նոր կրակայրիչը։ Ելքը գտել էր.

– Հիմա կծխեմ։
Անխել

Բարև ձեզ։ Իմ անունն Անխել է։ Չիմանաք՝ իսպանացի եմ, պարզապես անունս է իսպանական։ Ես յոթ տարեկան եմ, սակայն կյանքիս առաջին դժվարությանը հանդիպել եմ յոթ տարի ութ ամիս առաջ, երբ բժիշկ Թոմն ուզում էր ինձ կտոր-կտոր անել իր սուր ու երկար գործիքներով։ Սակայն իմ վերջը կանխվեց քեռի Ս.-ի` (չգիտեմ, երևի հայրս է) մորս տված վեց հազար դոլարով, որը ինձ պիտի բավականացներ մի քանի ամիս` մինչև մայրս սկսեր աշխատել։ Այսպիսով, ես` Անխելս` մորս միակ արու ապօրինի զավակս, հայտարարում եմ, որ ծնվել եմ, կամ ու ապրում եմ։ Ապրում եմ մի կեղտոտ ու անտեր քաղաքում, որի անունը, լեզվական թերության պատճառով, մինչև կյանքիս վերջ չեմ կարողանալու ճիշտ արտասանել։ Ինձ չի անհանգստացնում իմ ապօրինի լինելու հանգամանքը, որովհետև իմ սիրած աղջիկը ևս պապա չունի։ Մենք ընդհանուր երազանք ունենք` ուզում ենք, որ բոլոր մարդիկ ունենան վեց հազար դոլար։ Կներեք երկար-բարակ ներկայանալուս համար, պարզապես ուզում եմ, որ ինձ սիրեք։ Իսկ հիմա կպատմեմ մորս մեջ անցկացրած ինը ամիսների մասին։ Նշեմ, որ համարյա միշտ հարբած եմ եղել, այդ իսկ պատճառով չեմ կարողացել ժամանակը ճիշտ օգտագործել` հօգուտ իմ զարգացման։ Առավոտս սկսվում էր մորս սիգարետի ծխով ու տատուս վայնասունով` իբր քածի տղա եմ ու չպիտի ծնվեմ։ Չեմ ուզում մանրանալ, բայց պիտի ասեմ, որ դեպրեսիայի մեջ էի ընկնում, դժբախտությունից կուչ գալիս ու թաթիկներով փակում երբեք չստած բերանս, որ տզտզոցս չլսեն (տղամարդ եմ էլի)։ Ես պուճուր էի ու դժբախտ ու կծկված ու արցունքն աչքերիս (երևի խղճում եք ինձ, ինձ դա էլ է քիչ)։ Բայց ես չէի բողոքում մամային. դե կին է, էլի, առանց այդ էլ ես սահմանափակում եմ նրա վայելքները, դժվարացնում նրա կյանքը։ Ինչքան ես մեծանում եմ, այդքան տղամարդիկ նրանից հեռու են փախչում, չէ որ դա տանջում է նրան, բայց ես սիրում եմ մամային։ Ես սիրում եմ, քե՛զ, մամա ջան, մամա՛, շատ, շատ եմ սիրում. ոչինչ, որ դու ինձ ատում ես ու ուզում խեղդել սիգարետիդ ծխի մեջ։ Ես գիտեմ` եթե չլիներ քեռի Ս.-ի վեց հազար դոլարը, դու վաղուց էիր ինձ սպանել բժիշկ Թոմի հետ։ Օրս անհետաքրքիր էր, հիվանդ, մեղկ ու անառակ, այդ իսկ պատճառով մտածում էի ինքնասպանության մասին, ուզում էի վիզս փաթաթել պորտալարիս մեջ ու ինքնակամ մեռնել (համ էլ դու կպրծնեիր)։ Բայց բնազդս` ապրելու բնազդս, կասեցնում էր այդ խելացնոր միտքը. ես պիտի ծնվեմ ու ապրեմ։ Չեմ ուզում պատմել իմ ստորացված գիշերների մասին, դրանց մասին երբեք չեմ խոսելու։ Չչարաշահելով մեջիս` առանց այդ էլ շատ քիչ էներգիան, կանցնեմ միանգամից հինգ տարի առաջ, որովհետև ինքնակամ հրաժարվում եմ ծնվածս օրվանից մինչև հինգ տարեկանս ընկած հատվածից (ես կորցնում եմ հիշողությունս. ոչինչ չեմ հիշում, ոչինչ չեմ կարող ասել)։

Ես արդեն հինգ տարեկան եմ (իսկական տղամարդ)։ Իմ անունը դեռևս մնացել է Անխել, ու ես նորից համառորեն ապրում եմ։ Բայց պիտի մի փոքր վշտացնեմ ձեզ` բժիշկ Թոմն ասում է, որ ես շուտով կմեռնեմ։ Ինչ-որ երկար-բարակ խոսում էր մամայի հետ հիվանդությանս պատճառների մասին` իբր թե մաման է մեղավոր, նրա սիգարետները, նրա հաբերը։ Չեմ հավատում` մաման այդ չէր կարող կանխամտածված անել, նա սիրում է իր Անխելին, նա ինձ միշտ շոկոլադ է գնում։ Պարզապես բ. Թոմը մեզ ուզում է կռվացնել-բաժանել։ Ինչևէ, ես օրեցօր զգում եմ մահվան մոտիկությունը, գիտեմ, որ աշխարհում ինձ համար տեղ չկա, ինչքան էլ աներեսաբար համառեմ։ Ինչքան մոտենում է իմ մահը, այնքան սաստկանում է մորս շոկոլադ գնելու հաճախականությունը։ Տատս ասում է, որ շոկոլադը քածերի համար խիղճը հանգստացնելու լավագույն միջոցն է։ Ճիշտն ասած` ոչինչ չեմ հասկանում։

Ես վեց տարեկան եմ. ես Անխելն եմ. ես թույլ եմ. ես կմահանամ։

Ես վեց տարեկան ու ինը ամսական առաջվա Անխելն եմ։ Սկզբում ստել եմ. ես երբեք յոթ տարեկան չեմ դառնալու. ստել եմ, որ իմանամ` ինչ է սուտը, ես քիչ բան եմ հասցրել իմանալ, չեմ հասցրել նույնիսկ մարդավարի ստել։ Ինչևէ, ժամանակս սպառված է. վերջին անգամ նայում եմ մամային, որ շատ չկարոտեմ, աչքերով հասկացնում եմ նրան, որ սիրում եմ, որ ներում եմ, որ հիշաչար չեմ։

Ես` Անխելս` մորս միակ ապօրինի զավակս` իսկական տղամարդս, հայտարարում եմ. ժառանգություն եմ թողնում մորս շոկոլադի տուփի մեջ մնացած իմ բոլոր չկերած շոկոլադները։
Մեզ պետք չե՞ն աչքեր

Նա ապահովության համար հանեց աչքերս, որ ուրախ լինեմ, չտեսնեմ Սոնայի քաղցած աչքերը, ուրիշի կնոջ դավաճանող ու մեծ ձեռքերը ու Դավիթենց տատու՝ մահացող լայն ճակատը։ Նա բարեհոգի էր. ուզում էր ինձ միշտ ուրախ տեսնել։

– Թեքվիր աջ, այդտեղ մահճակալն է…, զգո՛ւյշ, չսայթաքես։ Ես սիրում եմ քեզ։

-Դու չլինեիր՝ ես կորած էի, շնորհակալ եմ…, սե՛ր,- թոթովեցի ես իմ մթության մեջ։

Հավանաբար ժպտաց, որովհետև օդի մի տաք ալիք բախվեց ճակատիս։ Ես երբեմն մտածում էի աչքերիս մասին, բայց՝ իմիջիայլոց, երբ պարապ էր մարմինս ու, խոստովանեմ, նաև հոգիս։ Դա հիմնականում ճաշից առաջ էր, նաև՝ ընթրիքից, իսկ մնացած ժամանակ՝ հետճաշյա ժամանակ, ես խիստ զբաղված էի. մարսում էի կերածս։

Նա սիրում էր ինձ։ Աշխարհում ես կողմնորոշվում էի նրա բերանի արտասանած հրահանգներով՝ ա՛ջ, զգո՛ւյշ, այդտեղ աթոռ կա, զգո՛ւյշ, զգո՛ւյշ, թափեցիր վրադ, ոնց որ խոզ լինես, այդ ի՞նչ է վիճակդ, ինչպե՞ս ես շպարվել, հիմա քեզ կօգնեմ։ Եվ այդ “կօգնեմ” բառը նա արտասանում էր ամենայն չգիտեմինչությամբ։ Ժամերով կանգնեցնում էր հայելու առաջ ու սովորեցնում՝ քիթս որտեղ է, ականջս՝ որտեղ, ոտքերս ուր են։ Մի օր հերթական դասի ժամանակ ես նկատեցի, որ նա կեղծում է. խառնում մարմնիս մասերի ճիշտ անունները ու ինձ շփոթեցնում։ Իհարկե հիմա աչքերիս մեջ նայելու խնդիր չկար, նա էլ իր սուտասող բերանը այնտեղ չէր տեսնելու։ Այնտեղ մութ էր ու սև, և նա կարող էր համարձակ խաբել։ Բայց ես հո տեսնում էի սուտը, ճանաչում նրան, շնչում նրա` ախորժակ փակող գարշելի հոտը։ Նա ինձ հարցնում էր.

-Երջանիկ ես, չէ՞։

Ու ես ասում էի՝ հա՝ կասկածելով։

Մի օր երազում աչքերս տեսա։ Դարակս էի բացել, ու պատահական ձեռքիս տակ ընկան։ Ես շոշափեցի դրանց կանաչությունը, ձևը, կարճատեսությունը, քնել սիրելու չափը ու կարոտեցի։ Բայց ուշ էր արդեն։ Ես իմ սև սենյակում կողմնորոշվում էի՝ առանց աչքերի, իսկ մեծ աշխարհը շատ էր փոխվել, ու ես աչքերով էլ այնտեղ կկորեի։

Show Comments Hide Comments

One thought on Կեղտոտ պոեզիա

  1. Ashot says:

    Դուրս շատ եկավ, հրաշալի նկարագրված էր: Կուզենայի Ձեր մյուս գործերը կարդայի, բայց ոչ մի տեղ չգտա, ուղղակի շատ հետաքրքիր էր: Եթե երբևէ կարդաք այս քոմենթը, չնայած չեմ հավատում, մի հասցե թողոք, որտեղ կկարողանամ կարդալ Ձեր մյուս գործերը:

Leave a Reply

Your email address will not be published.