Աշխատանքային օրվա իմ հերոսները

10. 00 AM։ ՆՎԵՐԸ

Էս լեռը դեռ այստե՞ղ է,- Արարատն ուսումնասիրելով՝ ասաց Նվերը։ Իմ խմբագիրն այն եզակի ղեկավարներից է, որը կատակում է աննկատ. կժպտան նրանք, ովքեր լսել են, հերիք չէ, պետք է նաև հասկանան։ Աշխատանքային առաջին օրվանից մինչև հիմա, երբ անցել է գրեթե կես տարի, նրա վարքը չի փոխվել։ Մարդ, որ գիտի ինչու է ապրում, ինչին է հավատում, և որ ամենակարևորն է՝ հաշվարկել է իր ժամանակը։

Ախր, մի օր բոլորս էլ մեռնելու ենք, ոչ ոք հավերժ չէ,- աշխատանքային ինտրիգների ու վեճի ամենաթունդ պահին ասում է նա։ Ու վերջ։ Սառը ցնցուղի պես ազդում է բոլորիս վրա՝ նրա աշխատակազմի, որ հիմնականում ջահել ենք, իմպուլսիվ, զգացմունքային ու անսկզբունքային մեր գործողություններում։

Նվերը բացառիկ է իր հաշվարկներում։ Նա կարողանում է ամեն ինչ գնահատել ոչ թե ամսով կամ տարով, այլ՝ հենց ժամանակով, որի պրիմիտիվ բաժանումը վայրկյանների, ժամերի կամ տարիների հնարել են մարդիկ։ Իմ կարծիքով նա ապրում է իր առանձին, ինքնուրույն ու սեփական կենսաժամանակով։

Դու դժոխք ես գնալու,- ասում է նա, երբ հեգնում, ծաղրում, բամբասում, դժգոհում ես ինչ-որ մեկից։ Նվերը կարողացավ մեր աշխատակազմի՝ կռիվներով լի էներգիան դարձնել անհաղորդ, էմոցիաների դրսևորումը՝ անտեղի վարք։ Ինձ երբեմն թվում է, թե մենք եկեղեցականներ ենք։ Հասել է այն աստիճանի, որ սեռերն էլ մի տեսակ միաձուլվել են. աշխատանքային գործընկերուհուս, որպես սեքսուալ կին, չեմ ընկալում։ Սրճարանում տեսնեի, գուցե գինի հյուրասիրեի, հետո՝ ծանոթանայի, հետո՝ ուղեկցեի, հետո՝ զանգեի… Իսկ հիմա… Լիլիթը համակարգչի մոտ հարևանությամբ նստած է՝ գեղեցիկ շրջազգեստով, թավշյա հայացքով, կլորիկ կազմվածքով. փոքրիկ, բայց հյութեղ կրծքեր, մարզված ոտքեր ու ձիգ հետույք՝ գումարած խելացնոր երկար մարզեր… Ու գիտե՞ք՝ ինչից ենք խոսում… քաղաքականությունից։ Կամ ես եմ իմպոտենտ դառնում, կամ Նվերը անհասկանալի բիոլոգիական դաշտ է ստեղծել, երբ սեռական ցանկություններն աշխատասենյակում բթանում են։

Բայց սա դեռ վերջը չէ։

Ուժեղներն ունեն պարտականություններ, թույլերը՝ իրավունքներ,- սա ասաց, երբ ես փորձում էի ապացուցել, որ հանգստի իրավունք ունեմ, որ ևս մեկ անգամ վերջնական թողարկումը ճշտելը նաև ինձանից ավելի շատ փող ստացող ու բարձր պաշտոն զբաղեցնողների գործն է։ Ասում է՝ եթե իրավունքներիցդ ես խոսում, ուրեմն թույլ ես։ Ասում է՝ ես հայր եմ, ունեմ պարտականություններ, դուստրերս ունեն իրավունքներ։

– Why not?,- միշտ արձագանքում է իր հավանած գաղափարին։

Ընկերներից մեկը նրա մասին ասել էր՝ անբարոյականության չափ բարոյական է։ Բարոյական է, համաձայն եմ, բայց՝ բռնապետ։ Երբեմն հասնում է պաթոլոգիկ աստիճանի։ Մեկին աշխատանքից ազատում է, ընդ որում, չի տալիս նախորդ ամսվա աշխատավարձը, մինչև նա ինքնակամ աշխատանքից հեռանալու դիմում չգրի, կամ էլ՝ մեր խղճուկ աշխատավարձի կրկնակի չափով տուգանք է նշանակում փոքր զանցանքի համար։ Զուգարանում գրել է՝ «Դուրս գալուց առաջ ձեռքերը լվանալ»։ Մի անգամ էլ գրել էր ինչ-որ դիտողություն՝ վերջում ավելացնելով «չէ՞ որ մենք եվրոպացիներ ենք, ոչ թե ասիացիներ»։ Բարոյական է, բայց հաշտվում է բռնապետության, մարդու իրավունքների ոտնահարման և խոսքի ազատության սահմանափակման հետ։ Ասում է՝ խոսքի ազատություն երբեք չի լինի, օբյեկտիվ լրատվությունն անհետաքրքիր է։ Հա, և ամենակարևորը՝ լրատվությունը նրա համար ոչ թե հավասարակշռված է կամ համապարփակ, այլ՝ բարի կամ չար։

Աստվածավախ է։ Մի ամբողջ օր տառապել էր և սգահար դեմքով բոլորին հաղորդում էր. «4850 տարի հետո տղամարդիկ աշխարհի երեսից կվերանան…»։ Սա հաղորդում էր դեմքի ամենամտահոգ արտահայտությամբ. «Տեղյա՞կ ես վերջին նորությունից։ Որքան եմ ցնցված… 4850 տարի հետո…»։ Մի քանի վայրկյան նայում էր դեմքիդ ու սկսում հարցուփորձ անել աշխատանքից։

Ունի ավտոմեքենա, որ միշտ անսարք է, և աշխատասենյակ, որ միշտ կոկիկ է։ Կարող է քեզ համար սուրճ պատրաստել, բայց ամեն անգամ սեփական դարակն է դնում իր բերած, բայց բոլորիս ընդհանուր օգտագործման միակ գդալը։ Բոն ջորնո,- ասում է ողջունելիս,- չաո՝ հեռանալիս։

Բայց Նվերը միակը չէ իր ինքնատիպությամբ… կամ խենթությամբ։ Խենթեր մեր խմբագրությունը շատ է տեսել ու շատ էլ ունի…

11.00 AM։ STRANGERS

Ցանկացած խմբագրությունում կան տարօրինակներ, որոնց մասին միշտ կատակում են կամ սուրճի շուրջ խոսում «էն ցնդածի» մասին։ Մեր խմբագրությունն այդ առումով բացառություն է՝ այստեղ բոլորն են տարօրինակ։ Առանց չափազանցության։ Կա տասը լրագրող և տասն էլ՝ շեղումներով։ Վերջերս հոգեբանության մի գիրք էր ձեռքս ընկել։ Հիմա դարձել է սեղանի գրքույկս, ավելի ճիշտ, աշխատանքային գրքույկս։ Այնտեղ բառացիորեն նկարագրված են իմ գործընկերներն ու իհարկե նաև ես՝ ներվայիններ, շիզոֆրենիկներ, սանգվինիկներ, ռոմանտիկներ… Բայց մեր տարօրինակությունը երևի պրոֆեսիոնալ պատճառ ունի։

Ցանկացած մասնագիտություն պահանջում է նյարդային բջիջների որոշակի զոհ։ Բայց, կարծում եմ, նյարդային բջիջների զոհաբերությունը պարտադիր է համարվում թերևս միայն լրագրողների համար։ Ես դեռ չեմ հանդիպել գրականության մեջ լրագրող-հերոսի մի կերպարի, որի՝ եթե ոչ առանցքային, ապա գոնե աչքի ընկնող բնութագրիչներից մեկը չլիներ նյարդայնությունը։ Այսպիսով, լրագրողները ներվային մարդիկ են, ու դա նորմալ է, ու դա պարտադիր է։

Մանեն՝ ձեզ օրինակ։ 48 տարեկան է, հին ասացվածքի նման՝ հետևից դստրիկ, դիմացից տատիկ։ Ծխում է օրը երկու տուփ սիգարետ, խմում 8-9 բաժակ սուրճ, ուտում է… ավելի ճիշտ ուշագնաց չլինելու համար սնվում է առավելագույնը մեկ անգամ, մեկ խաչապուրիով։ Վերջին 20 տարում արտաքինը չի փոխվել, թեև պնդում է, որ այդպես է ծնվել։ Մանեն մեր խմբագրության ամենափորձառու և ամենախելացի լրագրողն է։ Բայց ունի մեկ թերություն՝ ամեն ինչ կարծես «long play»-ով անի՝ դանդաաաա՜ղ… Դանդաաղ է կողմնորոշվում, դանդաաղ է գրում, դանդաաղ է արձագանքում, երբեք չի նկատում նոր բաճկոնդ, ընկերուհիների նոր սանրվածքը կամ նույնիսկ՝ նոր աշխատակցին։ Բայց նկատելուց էլ երկար, դանդաաղ զննում է իր խոշոր, կարծես կիսաքնած աչքերով ու կատվի պես կիսաձայն ու թավշյա բասով մլավում. «Լիլիիիիիթ, այս կոստյումը հիասքանչ է քո կատարմամբ»։

Մանեն սովորություն ունի՝ հարցազրույց վերցնելուց առաջ միշտ ստուգում է ձայնագրիչը, ասում է՝ «մեկ, երկու, երեք», հետո լսում՝ նորմա՞լ է ձայնագրել, թե ոչ։ Մի անգամ միասին էինք նույն ծառայողական մեքենայում։ Մանեն ասում է՝ «մեկ, երկու, երեք»։ Հետո լսում է՝ «չորս, հինգ, վեց»։ Նորից է իրեն ձայնագրում.»մեկ, երկու, երեք», ու նորից ստուգում՝ «չորս, հինգ, վեց»։ Հուսահատված ինձ է դիմում.

– Աղաչուում եմ, օգնիիր, այս տխմար ձայնագրիչը ինձ չիիի ենթարկվում,- ու մանրամասն սկսում է պատմել այն, ինչ առանց այդ էլ գիտեի։ Չէ՞ որ նույն մեքենայում էինք։

– Սովորաբար դու երիզը սկսում ես ձայնագրել նույն տեղի՞ց,- հարցնում եմ։

– Իհարկեե ոչ, սկիզբ եմ տալիիս՝ նոոր։

– Այդ դեպքում չի բացառվում, որ հին ձայնագրությունն է։

– Այոո, բայց չէ՞ որ ցույց է տալիս, թե ձայնագրուում է։

Իհարկե Մանեի ասածի մեջ կար տրամաբանություն։ Ստուգեցի ձայնագրիչը, հետո՝ երիզը։ Ու հասկացա։ Հարցնում եմ՝

– Մանե, վերջին անգամ ե՞րբ ես երիզը փոխել։

– Իի՞նչ։

– Երիզը ե՞րբ ես փոխել։ Հո հավերժ նույն երիզը չե՞ս օգտագործելու։

– Իսկ ինչիի՞, պե՞տք էր փոխել։

– Իսկ քո կարծիքով՝ ո՞չ։

– Դեե, գիտե՞ս իինչ, սրամիտ մի երևա։ Երբ ես գնում էի ձայնագրիչը, ասաացին, որ նրա անխափան աշխատանքը երաշխավորում են հիինգ տարի։ Անցել է ընդամենը երեք տարի։

– Հա, Մանե ջան, բայց բոլորը գիտեն, որ երիզը արագ է մաշվում, հատկապես ամեն օր ձայնագրելուց։ Դրա համար էլ ամեն ամիս փոխում են։

– Օօօօօ, իսկապեեեե՞ս։ Ինչ անպատեհ ստացվեց։ Հիմա ես իի՞նչ անեմ։

Ի՞նչ պետք է աներ։ Ուղիղ մեկ ժամ շվարելուց հետո որոշեց փոխել երիզը ու ձայնագրել այս անգամ նույն երիզի մյուս երեսին։ Դա էլ կձգի մի երեք տարի, մինչև այս երեսն էլ աներեսի պես Մանեի «մեկ, երկու, երեքը» չարտասանի «չորս, հինգ, վեց»։

Ի դեպ, Մանեն ապրում է մեկսենյականոց բնակարանում նախկին ամուսնու հետ, որը գրականագետ է։ Ունեն մի դուստր։ Ամուսնալուծվելուց հետո էլ միասին են ապրում, որովհետև չեն կողմնորոշվում` ինչպես բաժանել մեկսենյականոց բնակարանը։ Երբ մի անգամ պատմում էր ամուսնուց բաժանվելու մասին, ասաց. «Օօօօ, չեես պատկերացնի, թե գրելու ինչ ձանձրաալի ոճ ուներ»։

Պատկերացնո՞ւմ եք. ամուսինները բաժանվում են, որովհետև նրանցից մեկի գրելու ոճը ձանձրալի է։ Եվս մեկ պատճառ. «Ես օրինականացրի նրա նասկիները չլվանալու իմ իրավունքը»։

Իմ գործընկերներին կարող եմ նկարագրել մեկ բառով, նրանք բոլորն էլ, ինչպես անգլիացիներն են ասում «stranger» են։ Սա չափազանց դիպուկ ու երկիմաստ բառ է. մի կողմից նշանակում է՝ տարօրինակ, որը փաստ է, և՝ օտարական, այս դեպքում՝ իրենց շրջապատող աշխարհից ու իրականությունից։

Նրանց համեմատությամբ խիստ երկրային են իմ ոչ-լրագրող ընկերները, օրինակ՝ Արթուրը, որի հետ ընդմիջմանը պետք է ճաշեի, բայց ասաց, որ ժամադրված է։

01.00 PM։ ԸՆԴՄԻՋՈՒՄ

Արթուրը 29 տարեկան է։ Նրանց ընտանիքում սովորաբար ամուսնանում են մինչև 30-ը։ Վերջին ընկերուհին, որին պատրաստվում էր առաջին հանրապետության օրը՝ մայիսի 28-ին, ամուսնանալու առաջարկ անել, հանդես եկավ սեփական առաջարկությամբ. «Արի բաժանվենք։ Ես քեզ չեմ սիրում, արդեն հանդիպում եմ ուրիշի հետ։ Ահա նա։ Իսկ դու ինձ այլևս մի անհանգստացրու»։ Արթուրը տառապում էր երկու ամիս։ Այցելում էր պոռնիկներին, խմում էր՝ ում հետ պատահի և ինչ պատահի։ Մի անգամ էլ նույնիսկ մարիհուանա օգտագործեց։ «Վայ, Վիկա, ես քո մերը, ես քո հերը… ինձ ուրեմն չես սիրում, հա՞… Վիկա, բայց դու գիտե՞ս ինչ կորցրեցիր։ Նա քեզ կխաբի, հետդ կքնի ու հաջորդն օրը կթռնի։ Վիկո, ես քո էննննննննն մայրիկը, որ բոզ էր ու քեզ էլ բոզ սարքեց…»։

Երկու ամիս Վիկայի ստվերի հետ կռվելուց հետո Արթուրը գնաց աշխատանքի։ Ադամանդներ է վաճառում։ Առաջին գործարքը այն ադամանդով մատանին էր, որ պետք է նվիրեր Վիկային։ Նույնիսկ այդ ժամանակ չդիմացավ ու գնորդին պատմեց իր սիրո պատմությունը՝ մեկժամանոց մենախոսություն։ Գնորդը, որ ինքն էլ էր պատրաստվում մատանին գնել նույն նպատակով՝ ընկերուհուն նվիրելու և ամուսնության առաջարկ անելու համար, արդեն երկմտում էր՝ գուցե Արթուրի դժբախտության պատճառը հենց մատանի՞ն է։ Արթուրը խոստացավ, որ եթե մերժում ստանա, մատանին հետ կվերցնի։

Մատանին չբերեցին, Արթուրն աստիճանաբար սկսեց նոր, պոտենցիալ կին փնտրել։ Ծանոթացավ Զառայի հետ, ավելի ճիշտ՝ Զարայի։ Բոքս պարապելու ժամանակ կոտրել էր դիմացի երկու ատամների կեսը և «ռ»-ն արտասանում էր «ր» ու գոհ էր դրանից։ Համոզված էր՝ այդպես ինքը, որ պրոֆտեխուսումնարանում ստացել էր խառատի մասնագիտություն, հիմա իր «ր»-ով և Մերսեդեսով ավելի կիրթ ու ինտելիգենտ տպավորություն է թողնում։

Զարայի մտքին էլ կար ամուսնությունը։ Երկու ժամ հեռախոսով զրուցելուց հետո որոշեցին հանդիպել ընդմիջման ժամին ու միասին «լանչ անել»…

… Սրճարանում մարդաշատ էր։ Զարան հիշեց, որ Փարիզում, անգամ ամենամարդաշատ վայրերում, աղմուկ չկա, բոլորը շշուկով են զրուցում։ Արթուրն ասաց, որ համաձայն չէ, Մոսկվայում խոսում են այնպես, ինչպես ցանկանում են, պարզապես այնտեղ երաժշտությունն է բարձր։ Զարան պնդեց, որ շշուկով խոսում են ոչ միայն Փարիզում, այլև՝ ամբողջ Եվրոպայում։ Արթուրը, որ Երևանից, Էջմիածին-Սևան-Գառնի-Գեղարդից բացի եղել էր միայն Մոսկվայում, հասկացավ, որ այստեղ զրույցն ավարտվում է, ու որոշեց թեման փոխել։

– Զարա, դու կո՞ւյս ես։
– Այո։
– Իսկ ո՞ր ամսին ես ծնվել։
– Հուլիս։
– Բայց դա կույսի նշանը չի։
– Ես տարով նկատի ունեի։
– Ո՞ր թվին ես ծնվել։
– 1979- ին։
– Զարա, դու կույս չես… դու ոչխար ես։

Արթուրն այդ պահին արդեն որոշել էր՝ չհանդիպել կույս-ոչխարի հետ։ Զարան որոշել էր՝ չհանդիպել անատամների հետ։

– Կզանգեմ,- ասաց Արթուրը։
– Ցանկացած ժամի,- պատասխանեց Զարան։

«Կզանգեմ, բա չէ»,- մտածեց Արթուրը։ «Կպատասխանեմ, բա չէ»,- մտածեց Զարան։ Ի դեպ, պարզվել էր, որ Զարան սովորել է նույն պրոֆտեխուսումնարանում, ինչ Արթուրը, բայց՝ կարի բաժնում, թեև բոլորին ներկայանում էր որպես դիզայներ։

03։00 PM։ ՀԱՐՑԵՐԻ ԱՐՎԵՍՏ

Լրագրողն առաջին հերթին գրում է պատմություններ։ Դրա համար անհրաժեշտ է մարդ, որին պետք է տալ անհրաժեշտ հարցեր։ Իմ ընկերներից Արմանը բացառիկ մարդ է այն իմաստով, որ լրագրող չի, բայց տալիս է ամենահետաքրքիր հարցերը։ Ընդ որում, նա հարցին հարցով այնպես է պատասխանում, որ մտածում ես, թե նա վաղօրոք նախապատրաստվել է, մինչդեռ դա ընդամենը նրա բնական ռեակցիան է։

Մի անգամ Արմանը կորել էր գրեթե երկու ամսով։ Չէր պատասխանում հեռախոսազանգերին. բջջայինն անջատված էր, տանը միացած էր ինքնապատասխանիչը։ Վերջապես մի երևանյան օր նրան հանդիպեցի փողոցում։

– Ողջույն, Արման, էս ո՞ւր ես, չկաս։
– Ե՞րբ…

Ամուսնանում է մեր ընդհանուր ընկերը՝ Էդգարը, որն արդեն երեք տարի ընկերություն էր անում Նվարդի հետ։ Նախօրեին հավաքվել էինք Էդգարի «ամուրիական» վերջին քեֆին։ Բարձր տրամադրություն ունեինք, խմել էինք մի քանի շիշ օղի, վիսկի և գարեջուր։ Հանկարծ աղմուկի միջից հնչեց Արմանի ձայնը.

– Մի րոպե, տղերք։
– Հա, ասա, Արման ջան,- մտածեցինք կենաց է ասում։
– Էդգար… հիմա դու ամուսնանում ե՞ս։
– Հա, Արման ջան։
– Ո՞ւմ հետ, ապեե…

Ամուսնանում է մեր երկրորդ ընկերը՝ Սամվելը։ Կրկին նախօրեին վերջին «ամուրիական» հավաքն է։ Խնջույքը հասել է իր գագաթնակետին։ Հանկարծ աղմուկի միջից ձայն.

– Մի րոպե, տղերք։

Արմանն էր։ Բոլորս հիշեցինք «Էդգարի հարցը»։

– Լսում եմ, Արման,- հարցին պատրաստ էր անգամ Սամվելը։
– Հիմա դու ամուսնանում ե՞ս,- այս տխմար հարցը ավանդույթ դարձրեց Արմանը։
– Այո, ում հետ՝ Աննայի հետ,- կանխելով երկրորդ հարցը՝ պատասխանեց Սամվելը՝ իրենից գոհ։
– Ո՞ր Աննայի, ապեե։

Ես մի բան եմ հասկացել, որ լրագրողներն իրենք են դժվարանում հարցերին պատասխանել։ Նույն Արմանի հետ չեմ կարող զրուցել իմ աշխատանքային խնդիրների մասին։ Չի ստացվում։

– Արա, դու էլի անտրամադիր ես, էս անգամ ի՞նչ է պատահել,- Արմանն է հարցնում։
– Ո՞նց ասեմ։ Չեմ կարողանում աշխատել։ Ձեռքերս ոնց որ թուլացած լինեն։
– Ինչի՞։ Տանն ամեն ինչ նորմալ է՞։
– Հա, խնդիր չկա։
– Ընկերուհուդ հետ ես կռվե՞լ։
– Չէ, էլի։ Չես հասկանա։
– Դե ասա։ Աշխատանքի՞ց են ազատում, աշխատավարձդ են կրճատո՞ւմ։
– Չէ։
– Արա, բա էլ ինչի՞ համար ես մանթո։
– Ոնց բացատրեմ, երկրում տիրող մթնոլորտից…
– Իիիի՞նչ։
– Ասեցի, չէ՞, չես հասկանա։
– Ես ասել եմ ու կասեմ։ Լրագրողներդ ցնդած եք… Լավ, գնացինք գործերով։

01։00 AM։ ՕՐՎԱ ՎԵՐՋԸ

Մինչև ուշ գիշեր աշխատելու առավելություններից մեկն էլ ծառայողական մեքենայով տուն վերադառնալն է։ Հերթապահող վարորդը Գառնիկն է։ Առաջին աշխատանքային օրը ինչ-որ վեճից հետո, հիմա վախով է զրուցում յուրաքանչյուր լրագրողի հետ։ Նա ելնում է այն սկզբունքից, որ ամեն մի լրագրող գիժ է։ Ու շատ է զգուշանում մեզանից։ Գրեթե հրաժարվում է մեզ հետ զրույցից։

– Գառնիկ, էսօր ամսի քանի՞սն է։
– 16- ը։
– Թե՞ 17-ը։
– Կոնկրետ չգիտեմ, Արտակ ջան…

10-14-ը հունիսի 2004 թ.

ՄՈԼԱԳԱՐՈՒԹՅՈՒՆ

Պապիկիս մառանը

Երբ 11 տարեկանում հասարակական բաղնիքի դռան անցքից հետևում ես լողացող մերկ կանանց, քեզ դեռ քո հասակակիցները կհասկանան։ Երբ 16 տարեկանում զբաղվում ես օնանիզմով, հավատացած ես, որ եթե աշխարհը քեզ հուշել է, ուրեմն բոլոր 16 տարեկանների ճակատագիրն այդ է։ Երբ 18 տարեկանում հավաքած ողջ փողդ վատնում ես մի պոռնկուհու վրա, որը քեզանից մեծ է 30 տարով, և իր միակ հաճախորդները քեզ պես արբունքի մեջ գտնվող տասնութներն են, էլի չես բարդույթավորվում։ Բայց երբ 23 տարեկանում հանկարծ ու մի սիրահարվում ես, թվում է, թե աշխարհի վերջն է։ Որովհետև ես համոզված էի, որ սերը հենց այնպես չի գալիս. պետք է մի լավ նախապատրաստվես, կազմ-պատրաստ լինես բոլոր տեսակի անախորժությունների և նույնիսկ սխրանքների։ Թե չէ՝ Մանեն ինձ ստիպում է բանաստեղծություններ կարդամ։ Պոեզիա։ Հատկապես Շեքսպիր։ Դուք կարծում եք դրանից մեր հարաբերությունները կփոխվե՞ն։ Ավելի շա՞տ կսիրեմ, թե՞ պակաս։

Դիմացի բարձրահարկ շենքի Արթուրը, գիտեմ, որ մի քանի տարի առաջ Մանեին սիրահետել է։ Խանդից կմեռնեմ, եթե նրա հետ չզրուցեմ։ Ոչ նրա համար, որ իմանամ, թե ինչ հարաբերություն է ունեցել, այլ պարզապես նրա անպատկառ մռութը մի լավ օր պիտի փշրեի։ Արթուրի պատճառով, որի հետ տասը տարի նույն դասարանում՝ քիչ չէ, նույն շարքում էինք նստում, որովհետև երկուսս էլ բարձրահասակ էինք, դեռ երկուսիս ազգանունն էլ նույնն էր, անունն էլ, ես հայտնվել եմ անհասկանալի զուգահեռների և համեմատությունների մեջ. այ, տես, էն Արթուրը ինչ արեց, իսկ դո՞ւ։ Արթուրը 100 մետրը վազեց 13-ում, իսկ դու նորմատիվային 14-ն էլ չես կարողանում ապահովել, Արթուրը երեք օլիմպիադայի ոսկե մեդալակիր է, իսկ դու շարադրության հանրապետական մրցույթը բաց թողեցիր, որովհետև քնած էիր մնացել։ Մեզ, գիտե՞ք, ինչպես էին տարբերում՝ Արթուր պարկեշտն ու Արթուր խուլիգանը։ Դժվար չէ կռահել, թե ով է պարկեշտը, իսկ ով՝ մյուսը։ Իսկ հիմա ես սիրում եմ մեկին, որը մերժել է «Արթուր իդեալականին», «Արթուր գեղեցիկին», «ընկերության հոգուն», մի խոսքով, ինչպես ասում էին մեր դասարանի աղջիկները՝ ՆՐԱՆ։ Ու ընտրել է ինձ։ Մանեն սիրում է ԻՆՁ։ Բայց մի տեսակ մելամաղձոտ է Մանեն իմ կողքին։ Ներել եմ անգամ, որ անցած տարի Արթուրի հետ մի քանի գիշեր անցկացրել է նրա ամառանոցում։ Նախապաշարմունքներն ու բամբասանքներն ինձ չեն հետաքրքրում։

Բայց Մանեն տխուր է։ Վերջին անգամ մի ամիս առաջ ենք դիսկոտեկ գնացել։ Ի՞նչ անեմ. նոր եմ սկսում փող աշխատել։ Ասում են՝ Արթուրի հետ ամեն օր էր գնում։ Մանեն քիչ առաջ ասաց, որ ես Արթուրի «մերժած սիրո փոխհատուցումն եմ մանրադրամով»։ Ոչ ավել, ոչ պակաս։ Այսինքն՝ չէ, ավելը կա։ Որ աղքատությունս անգամ համբուրվելուց է զգացվում, աղքատ եմ ու ժլատ։ Ծույլ եմ ու դանդալոշ։ Տգեղ ու… Վայ, ես դրա…

Ի՞նչ անեմ։ Ի՞նչ անեմ, որ Մանեն ուրախանա։ Երևի աշխարհի ամենադժվար բանը աղջիկներին ուրախացնելն է՝ փող աշխատելուց էլ դժվար։ Կատակներս անհամ են ստացվում, անեկդոտ պատմելուց ինքս էլ զոռով եմ ժպտում, բայց կանգ առնել չեմ կարողանում, ոնց որ մեկը բզի՝ անեկդոտ պատմի, հա, պատմի։ Աղքատությունը մարդուն տափակ է՞լ է դարձնում, հարուստների ինքնավստահությունը սրամտության գրավակա՞ն է, թե՞ նրանց կատակների վրա կեղծավորությունից են ծիծաղում։ Տղաներ կան՝ առանց ջանք թափելու աղջիկներին ծիծաղեցնում են։ Սրանք դեռ բերանները չբացած՝ աղջիկները քրքջում են, դեռ միմոսությունը չավարտած՝ աղջիկները ուշաթափվում են։ Բայց ես կատակելու իմ ձևն ունեմ։ Ու տեղը։ Հա-հա, հա-հա-հա, տեղը։ Կատակում եմ, դուռը փակում-գնում։ Ավելի ճիշտ՝ գալիս։ Գալիս եմ ձեր անհամ աշխարհը։ Բայց ԱՅՆՏԵՂ՝ իմ կատակավայրում, լավ ծիծաղում եմ, հա-հա, հա-հա-հա, բա չէ։ Որովհետև իմ կատակները իսկական են, բարձր մակարդակով։ Մայրս ասում էր՝ հիվանդություն է դա։ Ասում էր՝ նյարդայնանալուց մոլագարի պես հարձակվում ու խեղդում եմ ինձ ցավ պատճառողին։ Ու հետո ոչինչ չեմ հիշում։ Ո՞նց չեմ հիշում, ի՞նչ նյարդայնանալ, ի՞նչ բան… Ոչինչ, թող այդպես կարծի։ Իմ կատակները առանձնահատուկ են, շատերի համար՝ անհասկանալի, դրա համար էլ գաղտնի եմ անում, չեմ հրապարակում։ Մյուսների նման մեծամիտ չեմ, որ ամեն, իբր թե, սրամտության վրա ուշադրություն հրավիրեմ, չէ, ես գլուխգովան չեմ։ Միայն ափսոս, որ անգամ այն հնարավոր, հատուկենտ հասկացողների համար էլ անմատչելի են իմ կատակները։ Կատակում եմ մեկուսի, ինքս ինձ համար։ Մեկ էլ՝ կատակներիս օբյեկտների, օրինակ, առաջին սիրուս՝ Արմինեի, հիմա նաև՝ Մանեի…

Նրա դիակը դեռ թարմ է։ Լավ է, որ պապիկի մառանը կա։ Ոստիկանները, միևնույն է, ոչինչ չեն գտնելու, ինչպես փորձեցին ու այդպես էլ չգտան Արմինեին, Աննային, Թերեզային, Աիդային, Քրիստինեին, Շահանեին, Էլմիրային, Հերմինեին, Նունեին, Գոհարին, Նարինեին, Զառային, Վարդուհուն, Սյուզիին, Կարինեին, Հերիքնազին, Հեղինեին, Մարիամին, ի՞նչ էր էն ուսանողուհու անո՞ւնը… հա՝ Անահիտին, Ոսկիին, Արուսիկին, Նուշիկին… Մանեն 23-րդն էր։ Ես էլ 23 եմ։ Գուցե հերի՞ք է մեկ տարվա համար։ Լավ, տեսնեմ, թե էս ուսուցչուհի Տանյայի հետ ինչ է ստացվում, դրանից հետո կորոշեմ…

29-ը մայիսի 2001 թ.

Պարտքով մուրճն ու հարևանը
(Մի սպանության նախերգանք)

Երկինքը կարծես խոնավ լաթի պես այսօր քամվում է։

Անձրևը կամ, ինչպես օդերևութաբաններն են անվանում, տեղումները հոգեհարազատ կարող են լինել ցանկացած մարդու, սակայն՝ մեկ վերապահումով։ Անձրևը լավատեսների համար չէ։ Մեկ էլ՝ ոչ պրագմատիկների։ Երբ հագուստդ ամբողջությամբ թրջվում է, գռեհիկ է մտածել, թե վաղը կհիվանդանաս։ Երբ անձրևանոցի տակ պատսպարված զբոսնում ես՝ միայնակ կամ երկուսով, ոտքերիդ խոնավության համար պետք է մտահոգվես առնվազն տանը։ Անձրևելու ժամանակ լուսավոր պլաններ կազմելը, պիկնիկի մասին մտածելը դժվար հաջողվի։ Անձրևը մտքերը ժողովելու ժամանակ է։ Այն բնության ամենահետաքրքիր ու պտղատու տարերքն է։ Անձրևը հենց այնպես չի լինում, թե չէ՝ ծառերը ծաղկելու փոխարեն կփտեին, աշնանային տեղումներից հետո ձյուն չէր գա։ Հետաքրքիր է, որ անձրևը միշտ ոգեշնչել է պոետներին ու նկարիչներին։ Անձրևն է մեզ ստիպում զգալ, որ դեռ այստեղ ենք, չենք կորել։ Չենք փախել կամ անհետացել։

Հարևանս նորից տանիքն է նորոգում ու անիծում անձրևն ու թացը։ Անցած տարի, երբ նոր էի տեղափոխվել մայրաքաղաք, փորձեցի ընդդիմանալ նրան, պատմում էի անձրևի իմ ընկալման, զգացողությունների մասին։ Մինչև հիմա կարծում է, թե կատակում էի կամ ծաղրում։ Հոգնել եմ նրանից. այս սեզոնին էլ չեմ հանդուրժելու ֆավորիտ-եղանակիս հասցեին ոչ մի անարգանք։ Եթե այսօր ևս շարունակի՝ կսպանեմ։ Իսկը անցած տարվա պես։ Սպանեցի հարևանիս, որը նույնպես անձրև չէր սիրում։ Տեղափոխվեցի մայրաքաղաք։ Կսպանեմ ու կփոխեմ բնակավայրս։ Մեր երկիրը մեծ է ու հյուրընկալ։ Կապրեմ այնտեղ, ուր անձրև սիրում են ու հասկանում են պոետներին։ Կամ էլ հարևաններիս տանիքը նոր կլինի, ու «հաղորդակցվելու» առիթ չեն տա…

Այդ ապուշը դեռ շարունակում է։ Զարմանում եմ, ինչպե՞ս կարելի է միաժամանակ հայհոյել ու մուրճով տանիքն ամրացնել։ Մուրճն, ի դեպ, ես եմ տվել։ Չուներ։ Երբ վերադարձնի, այդ ժամանակ էլ կսպանեմ։

Էհ, ի՞նչ էի ասում։ Անձրևն իրոք ռոմանտիկների եղանակ է, համաձայն չե՞ք։ Լա՜վ մտածեք։

21-ը մարտի 2001 թ.

Show Comments Hide Comments

2 thoughts on Պատմվածքներ

  1. TT YMN says:

    APUSHUTYUNA

  2. anahit says:

    Ակնարկ գրելը վատ չի ստացվում, էլի կերպարներ մտածեք:

Leave a Reply

Your email address will not be published.