Ասում են՝ Քուինզը ամենաբազմատարր տեղն է երկրագնդի վրա, ասես կոդային բառ, որ ինտելեկտուալներն են օգտագործում՝ չափազանց շատ թխաչ մարդկանց, քիչ հայտնի երկրներից էմիգրանտների կամ ուրիշ մարդկանց համար, ովքեր չեն տիրապետում Մընհեթընի թերթերի վարձու լրագրողների բառապաշարին, որ հեշտությամբ մեջբերումներ են անում նախագահից՝ նախքան նրա՝ աշխարհի հերթական մասը կոտորելուն անցնելը:
Մեր իռլանդացի տանտերը մեզ ասեց, որ վերեւի հարկի հնդիկները տառականներ վերացնողին ներս չեն թողնի՝ իրենց կրոնի պատճառով: «Հա, նրանք քիմիական նյութեր չեն սիրում»,- ասեցի ես՝ մտածելով Այուրվեդայի մասին: «Չէ,- ասեց նա իր իռլանդական շեշտադրությամբ,- հասկանո՞ւմ ես, նրանք հավատում են վերամարմնավորմանը ու մտածում են, որ դու սպանում ես իրենց նախնիներից մեկին»: Ու նա իր հսկայական կոշիկը գետնին խփեց՝ տրորելով, կարծես տառական էր ճզմում:
Մատով ցույց տալով անկյունի կիթառը՝ հարցրեց. «Ո՞վ է նվագում»՝ կասկածանքով նայելով ընկերոջս` օտարականի վրա: «Որտեղի՞ց ես»: Աշխարհի ամենամիատարր տեղից , որտեղ բոլորը մազոտ են ու ազգային կերակուրներ են ուտում: Երբ ընկերս հարցրեց նրան՝ արդյոք Միացյալ Թագավորությունի՞ց է, տանտերն այնպես վիրավորվեց, կարծես ինքը լավ ճանաչում էր ուրիշ ժողովուրդների թշնամիներին:
Էս առավոտ ամենահմայիչ տառական վերացնողը մեր դուռը ծեծեց՝ մի սեւամորթ` գլխանոցով ու յանկիական կեպիով: «Ո՞վ ա ստեղ նկարիչը»,- ուրախ-ուրախ հարցրեց նա՝ նայելով պատի նկարներին ու գետնին սփռելով թույնը: «Ես էի առաջ նկարում»,- ասեցի նրան: «Հը՞,- հեգեց նա,- Էդ շնորհքը երբեք չեն կորցնում, չէ՞»: Նա մեզ ասեց, որ այստեղ առաջ բախտագուշակ էր ապրում:
«Նա ոգիներ էր կանչո՞ւմ»,- հարցրեցի ես՝ հիշելով էն ասիական վախենալու կինոները, որտեղ բոլոր հանգիստ չառած ոգիները արդարություն իրականացնելու գործիք են դառնում: Հայաստանում մտածում էին, որ ես հնդկուհի եմ` դեմքիս ձեւից ու էն պատճառով, որ օտարերկրացի եմ: Միջատասպանը թափ տվեց ուսերը. «Եթե տենց բաների՜ եք հավատում»,- ու գնաց՝ տանելով այլ ժամանակներից բերած իր արծաթագույն տարան՝ էլի միջատներ վերացնելու համար:
Էդ բաները երբեք չեն կորցնում. մի անգամ նկարիչ եղածը միշտ նկարիչ է, մի անգամ նախնի եղածը միշտ նախնի է, մի անգամ նախագահ եղածը միշտ նախագահ է, մի անգամ էմիգրանտ եղածը միշտ էմիգրանտ է: Ոչ մի փոփոխություն, ոչ մի երկխոսություն, ոչ մի խաղաղություն… Մի թուրք աղջիկ գրել էր ինձ նամակում՝ անվերջանալի պատերազմ ու բռնություն, մի հայ աղջիկ գրել էր իր նամակում՝ վախենում եմ, որ մեզ բոլորիս բնաջնջեն: Մեզ բոլորիս, այդքան տարբեր, ամեն մեկիս` առանձին-առանձին:
Բնիկ դառած
Նա ջահել աղջիկ է: Գլուխը բարձր, հպարտ, ձեռքերը
կոնքերին, կուրծքը մերկ, ու գլխին`
մի հատիկ փետուր` կոտրված:
Իմ նկարչուհի մորաքույրը,
որ հիմա չկա, սոսնձել էր փետուրը:
Լուսանկարներից արտանկարած հայկական
բնապատկերների միջից ես վերցրեցի
այդ զզվելի շաբլոն արձանիկը,
բայց տարօրինակ` ինչպես
ծայրամասային գազոններում
տնկված կավե գույնզգույն ժոկեյ -տղուկները:
Ռոմանտիկ ոսկեգույն ծաղրապատկերը
խիզախասիրտ ողբում է իմ ոչ մեծ հյուրասենյակը
որպես պղծված հայրենիք:
Մյուս մորաքույրներս ամեն տարի
փող են տալիս հնդկացիներին ու
ձրի օրացույցներ ստանում` մարտիկների ու առաջնորդների
տասներկու նկարած պատկերով,
ու զոռով բաժանում ուծացած զարմիկներին,
որ նրանք արձանագրեն ժամանակի հոսքը, հեռացող ամիսները,
փլվող հիշողությունները:
Էմիգրանտ լինենք, թե տեղացի, երբ
ուզում ենք մոռանալ անցյալը,
նյարդայնանում ենք ու ինչ-որ ուրիշ բան ենք
դառնում: Բայց հնդկացին կարող է
փշրել այս կեղծ երազը` ինչպես
«Թռիչք կկվի բնի վրայով» ֆիլմում,
որտեղ առաջնորդը խեղդում է հայտնի դերասանին,
ում ուղեղը վիրահատության էին ենթարկել կանոնները խախտելու համար:
Հիշեցումը դալկադեմներին, որ
«միակ ճշմարիտ ամերիկացիները բնիկ ամերիկացիներն են»,
դարձել է կլիշե: Ամեն ինչ այդպես, չէր երբ ես փոքր էի,
բոլորը գիտեին Մանիֆեստ-ճակատագիրը1,
վեսթերններում դիտում էին վայրի հնդկացիներին ու
սարսափում էին, երբ նրանք
դալկադեմներին
մաշկազերծ էին անում:
Մի տարի Հելոուինի ժամանակ ես զգեստավորվեցի
բնիկի նման, իմ պոնչոն ու հյուսքերը
անսպասելիորեն գեղեցիկ եւ բնական:
Մայրս ինձ համար առաջնորդի գլխարկ ու տոմահավկ էր ճարել:
Հեռուստացույցի առաջ նստած
հորս գերի էի պահում, շեղբս ճոճելով
նրա վզի մոտ. մայրս կեղծ ճիչեր էր արձակում
հօգուտ ինձ: Իմ մեջ` մի քիչ ցասում,
մի քիչ քաջություն, ու մենք երեքս
ծիծաղում էինք ու ծիծաղում:
Ծանոթագրություն
1. Մանիֆեստ-ճակատագիրը ԱՄՆ-ի 19-րդ դարի համոզմունքն է, որ ԱՄՆ-ը ունի ազատության ու դեմոկրատիայի իր ձեւը էքսպանսիսայով տարածելու առաքելություն: Տերմինը սկզբում օգտագործվել է ջեքսոնյան դեմոկրատների կողմից 1840-ականներին: Այժմ դարձել է պատմական տերմին` որպես հոմանիշ ԱՄՆ-ի դեպի Խաղաղ օվկիանոս ձգվող տարածքային էքսպանսիայի: