սկիզբ
Վագոնը շարժվեց բացարձակ արագությամբ,
սպասիր մինչև սկիզբ,
ու ամեն ինչ այնքան հարթ կլինի,
որ կզզվես անգամ կերածդ թանկարժեք նախաճաշից։
Ինձ ամենևին պետք չեն հոգսերը.
առանց այն էլ երկինքը պտտվում է
միշտ նույն արագությամբ,
այգաբացները հաջորդում են իրար։
Իմ արած համաշխարհային գյուտերը,
ոսկետառով կգրեն իմ անունը,
ու էլի կարևոր չի լինի,
որ դրանից…
անտառների մժեղներին՝
ոչ մի բան,
սովորական ծննդաբերող կնոջը՝
ոչ մի բան։
Նրանց հետ այնքան տխուր է,
նրանք միայն իրենց երեխայի քաքից են խոսում։
January. Ես ուզում եմ հարստանալ։
չարախոսություն
Հանդգնեցի ու չարախոսեցի,
Հանդգնեցի ու չարախոսեցի,
նրանք մեզ բարկացրին,
ու մենք բարկացանք։
Ինչի՞ ես հանդգնեցի,
ինչի՞ ես բարկացա,
թու ես, թու ես,
կռռացի,
դու…
դուռը փակիր, ես աղոթում եմ.
մեկ, երկու, երեք, չորս, հինգ, վեց, յոթ, ութ, ինը, տաս,
տշեմ ֆռաս…
Նայիր՝
արյունը վարդագունում է շուրթերիս,
նայիր՝
ձեռքերս ինքնըստինքյան բարձրանում են,
ու ես ազատագրվելու նշաններ եմ անում…
Բարկացիր վրաս,
ահա քեզ տասը ռուբլի,
ահա քսան,
ահա աշխարհի բոլոր գանձերը,
բարկացիր վրաս։
Երբ գարունն աղմկեց, ես մրսեցի։
Մրսեցի, որ Մոսկվայում եմ,
մրսեցի, որ ուզում եմ կարոտած լինել Երևանի
ու համառորեն չեմ կարոտում։
Կարոտիր,
անպայման պետք է կարոտել Զվարթնոցին,
հոգնած հագուստով գեղեցկուհի Զվարթնոց,
զվարթիկ,
անհամապատասխան անուն,
զվարթիկ,
ինչո՞ւ ես մռութներդ կախ,
ինչո՞ւ են շորերդ անկապ,
ինչո՞ւ են մազերդ բիզ-բիզ,
ինչո՞ւ են սայլակներդ վճարովի,
ինչո՞ւ ես երջանիկ։
Դու ուզում ես համաշխարհային
ցուցանիշներին համապատասխանել,
ցավալի է…
Քրչոտ,
աղաղակել,
քրչոտ,
միջազգային ստանդարտներին
համապատասխան տներ,
կահույք,
հագուստ
ու Զվարթնոց,
միայն թե…
ներիր ինձ, իմ քաղաք,
միայն թե…
ներիր ասածներս,
միայն թե…
հասկացիր ինձ,
դու սկսել ես ծերանալ,
ու քո տգեղ շպարը
քեզ ավելի թառամեցնում է,
միայն թե ներվեմ։Ահա քեզ քսան ռուբլի,
կարոտիր,
Ահա աշխարհի բոլոր գանձերը, ահա…
Այստեղ արդեն ցուրտ է, ու ես արդեն մրսում եմ։
Շաբաթ օրը թատրոն կգնամ, կիրակի չեմ գնա, երկուշաբթի…
Ամբողջ օրը չգրել, գրել ընդամենը մի քանի էջ, կարդալու համար ժամանակ չգտնել։
Խմել ամենաանհավանական տեղերում՝ շենքերի աստիճաններին, ԾԽԸԺ-ի եզրերում, խանութի հենց դռան դիմաց շրջան կազմել, ծանոթ-անծանոթով հավաքվել ու խմել։ Ընկնել ցեխերի մեջ, կորցնել եսը, խոզի պես խռմփացնել։
– Աղջիկ ջան, ինչի՞ ես էդքան տխուր։
– Տխուր չեմ։
– Չէ, տխուր ես, նայիր, մերոնք ինչ ուրախ ու անհոգ են, դուք մի տեսակ շատ մտահոգ եք։ Հայ ես, չէ՞։
– Սիրուն էլ աղջիկ ես։
Բայց դա կարևոր չէ, կարևորն այն է, որ երեխաները դպրոցում լավ սովորեն։ Կարևորն այն է, որ նրանք վառ հագուստ են կրում, կարևոր շատ բաներ կան։
Միայն մարմնովս մեկ դողցնում եմ ու հիստերիկ ծիծաղում։
Դուռը փակիր,
ես ծիծաղում եմ։
հանդիպում
Մտորումներին վերջ չկա։ Չէի կարծում, որ հնարավոր է նման բան։
Մտա վագոն, այնտեղ նա է՝ իր մյուսի հետ, որ թույլ է տալիս իրեն գրկել, ինչպես ուզես։ Ես մոտեցա ու հրեցի նրան, որ ասեմ՝ բարև, ընդամենը բարևեմ։
Ես այնուամենայնիվ գոռացի՝ բարև, բարև, ուռա, ուռա, ուռա։ Չգիտեմ՝ դրա համար ինձ դա՞տ է հասնում, ի՞նչ, բայց ես գրանցման թերթիկ ունեմ գրպանս ու արխային բղավեցի՝ բարև, անպիտան, բարև, այլանդակ, բարև, գարշելի, բարև, սեր, բարև, անառակ։ Վագոնում բոլորը գլուխները տարուբերեցին։ Ոմանք ստիպված ասացին՝ բարև։ Ոմանք թռան։ Հարբեցողների հեչ պետքը չէր, միայն թե գարեջուրը չվերջանա։ Կարևոր շատ բաներ կան։ Բարև։
Ոստիկանը խնդրեց փաստաթղթերս, նա վախեցածի պես ցռեց տակը ու դուրս թռավ վագոնից։ Աչքիս ոստիկանների մասին շատ եմ գրելու։ Հիմա պիտի նկարեմ։
Այստեղ արդեն ցուրտ է, ու ոմանք ապուշ են։
Տղան ուտել է ուզում։ Տուր նրան լոլիկը, ահա և պաղպաղակ, տղաս։ Իսկ հետո՝ նախագահի մրցանակ։ Միամիտներ։
դեռ երեկ
Դեռ երեկ, դեռ երեկ, դեռ երեկ ես մոլորված, դեռ երեկ ես մոլորված շոկ էի ապրում, վերադարձ շրջանագծին, վաղ էր։
Դեռ երեկ ամպը միայն ներքևից էի տեսել։ Թռչել ամպից էլ վեր։ Դեռ երեկ ես ինձ հավատում էի, քարկտիկ խաղում, չէի զանգում։
Ձյունը խաղում է մանր-մանր, տող-տող։ Ահա, վերցրու, հիշիր՝ ոչ ոք քեզ ոչինչ պարտական չէ, կարդա աստվածաշունչը, կարդա օրենսգիրքը…
Կանաչ, բարուր օղակներ։
Այլմոլորակայինի թուք, մրջնաբույն, արևելյան աղանդեր՝ փախլավա։ Հայկական ռեստորան։ Հայրենականին մասնակցած ռուս պապիկներ՝ մեդալապատ, անխռով, Ղարաբաղ են քննարկում։ Անգամ նրանք։ Մի հայ բացահայտորեն գործերը դզելու համար կերուխում է կազմակերպել։ Ղարաբաղը նրան հետաքրքիր էլ չէ։ Ինձ այստեղ ոչ ոք չի ճանաչում։ Հայաստանո՞ւմ, հազիվ թե… Ամենուր նույնն է։ Ամեն մեկն իր հոգով, ամեն մեկն իր հոգսով։ Ոմանք անգամ Նոբելյան մրցանակ են ակնկալում, ոմանք անգամ հարստահարվում են, ոմանք անգամ սիրահարվում։
Գեղեցկանալ, ներկել աչքերը, շտկել ծռված քիթն ու՝ հայդեհայ։
Երկինքը բացվեց, նոր հայացք գցեց վրաս։ Տոմսավաճառը հեկեկում է։ Սրանք էլ լալ գիտեն։ Ես մի հաշմանդամ պառավի տեղս զիջեցի, ապշեց։
Ծխախոտը բողոքում է մոխրամանին, մոխրամանը ճակատ է այրում։ Բիզնեսը։ Երանի ստացվի, ու ես էլ մի գործ դնեմ, խոշոր եկամուտներ։ Իսկ այժմ միայն այցելություններ։
ժամադրություն
Ժամադրության կետն ուղիղ շրջանագծի կենտրոնում Մոսկվա քաղաքի, ուր կանգնում ու երազանք ես պահում, հետո մետաղադրամ նետում։ Պառավներն ու երեխաները հավաքում են աղջկա նետած մետաղադրամը։
– Հիմա ի՞նչ, ես նրան չզանգե՞մ։
– Նա քեզ կզանգի։
Այստեղ՝ սահմանների երկնակամարում,
արագիլների երամը դրխկոցով հագավ օդի գորշ զանգվածին
ու վեր բարձրացավ։
Կաթսայի մեջ լցրած կաթը բարձրացավ,
սերը մատներով վերցրի ու շուրթերով քամի արեցի,
որ սերը գա բերանիս մեջ։
Հետո բերանում երկար տեղափոխեցի, զգացի բոլոր համերը։
Տող-տող կերա պոեզիան, իմ մեջ եղած պոետին։
և չդիմացա ու գոռացի.
բարձրացրի կիսաշրջազգեստս,
սկսեցի կոշիկներով քստքստացնել։
Մի անգամ, այո, հենց իսկապես մի անգամ աղջիկը կարողացավ տիրապետել իրեն ու չզանգել տղային։ Տղան բավական տարօրինակ զգաց իրեն, վերցրեց հեռախոսն ու… զանգել չհամարձակվեց։
Հեռուստացույցից կառչելու համար ավելի հարմար առիթ հազիվ թե լինի։
նա
Վերջը տղան որոշեց մնալ տանն ու նայել հեռուստացույցով ցույց տրվող մաֆիոզների դեմքերին, ում երեխաներին իր երեխաները պիտի նայեն ու այսպես շարունակ։
Հետ տալ կադրերը։ Շարադրել նոր գործողություններ։
Այբուբենի երեսունինը տառերը, և, օ, ֆ, հնչյունաբանություն, թվեր, ամսաթվեր։
08.10.04
վայրի բադեր
Փոքրիկ լճակի ընդամենը մի քանի վայրի բադեր իջևանեցին Մոսկվա գետի հյուսիսային նավահանգստում։ Մի քանի պառավներ՝ ներկած շուրթերով ու գծած հոնքերով… Նրանց մասին գրքերում կարդացել եմ, ու գրվելու կարիք նրանք այլևս չունեն։ Ափսոս լուսանկար չարեցի։ Այդ օրը ես իմացա Պաուլո Կոելիոյի մասին։ Այստեղ էլ ստուգեցին մեր փաստաթղթերը։ Հնարավոր է՝ շախիդկա եմ։
Տղան դեռ չզանգեց։
Սիրահարություն և սեր,
չեմ զանգի, որ զանգեմ,
չեմ գնա, որ գնամ,
չեմ ուտի, որ ուտեմ,
չեմ ների, որ ներեմ,
չեմ ստորանա, որ ստորանամ,
սալահատակի վրա բոբիկ չեմ քայլի,
որ քայլեմ,
լռվիր, լռվիր, լռվիր, օր,
իմ աչքերում դժոխային երանությամբ…
Լռվիր իմ չռված բիբերում,
լռվիր իմ հոնքերում,
արցունքներ պոկիր իմ սառած աչքերից,
որ ուզում են համոզել՝ իբրև մարդ է գալու։
Իբրև թե մարդը, ոչխարը, մարդը, անասունը, մարդը, սերը, կարոտը գալու են։
Ես այլևս չեմ ցածրանա։ Սովոր եմ, երբ իմ հետևից են վազում։
Նա հույն ընկերուհի ունի, ում հետ համբուրվում էր մետրոյում, գրկում քամակը, ես ուզեցի ասել՝ բարև։
երեխան բղավում է
– Հավաքի՛ր իրերդ ու գնա։
Կինը հարբած բղավում է.
– Գոնե վերարկուս։
Երեխան բղավում է, երեխան բղավում է, իսկ մայրը՝ անբարոյականի մեկը, հայրը՝ հարբեցող, իսկ երեխան, ինչպես բոլոր երեխաները, բղավում է։
Ջորջ Բուշն ու Ջոն Քերին հարցազրույց են տալիս։ Տեռոր, մանկասպանություն։ Երեխան բղավում է, մայրը՝ հարբեցողի մեկը, հայրը՝ անբարոյական։
Շնորհավորում եմ, ես սիրահարվեցի, անասուն։
Բռնել պոեզիայի ականջը,
ծակել ու ականջօղ հագցնել,
հետո ժամանակ առ ժամանակ յուղել, որ չցավա։
Վերմակը քաշեց գլխին ու երջանիկ ժպտաց։
մի շտապիր
Բոմժերի բերանից հայհոյանքը թափվում է արևի շողերի պես,
մի շտապիր,
արևածաղիկը թափում է սերմերը,
մի շտապիր,
երբ ձայնն առաջ է ընկնում ձայնից,
պատկերը՝ հիշողությունից,
կառչիր հողից մի ակնթարթ
ու… մի…
Աղջիկը չզանգեց տղային մեկ օր,
երկու օր,
երեք օր,
հետո թքեց տղայի մասին։
Միայն զանգի, չանգռեմ դեմքը, թռնեմ դեմքին։
պարահանդես
Ամեն տեսակ բաներից հետո միայն խելքի եկա ու միայն հիմա ես ազատ եմ։
Այո, բազարներից հոգնած գլուխս դնել բարձին ու հանգիստ քնել։ Վաճառքից ունեցած եկամտով ստանալ ամենաչնչին հաճույքն ու հանգիստ ննջել։
Աղջիկը չհասցրեց գրառումներ անել, իսկ քանի որ եղանակը դրսում անձրև է հավաքում, տեսադաշտը գծապատվում է։
-Ի՞նչ ես գրում այդքան։
-Անկապ։
Այո, աղջիկը, որ Շեքսպիր համառորեն չի կարդում, գրում է։ Շեքսպիրը, որ աղջկան չէր կարդացել, գրում էր։
Ազատություն աղջկան։
Ազատություն տղային։
Երկու օր չզանգելուց հետո նկատվում են անհանգստության նշաններ։ Երևի բացահայտ անտարբերության գզվռտոցն էր, այն, որ իր հետևից միշտ վազել են։
Ցաքուցրիվ աձրևատնազ։
Ընթացքի համար ժամանակ է պետք, այբուբենը պետք է սովորել։
Շատ վուլգար է այս զուգագուլպան, բոլորի հայացքով ուղեկցվում է անպայման։
Մամա, մամա, մամա…
ընկերների համար
Բառեր դուրս գրել հատուկ այն ընկերների համար, ովքեր մոռանում են ընկերությունը։
Բառեր դուրս գրել այն ընկերների համար,
ովքեր չարաշահում են։
Հատուկ այն ընկերների համար,
ովքեր ամուսնանում են։
Հատուկ այն ընկերների համար,
ովքեր
ջան-ջիգյար
իմն են,
իմն են,
իմը։
Քեզ հասկանալի չէ՞։ Դու չե՞ս տեսել գյուղը՝ տիպիկ հայկական, թուրքական, ռուսական։ Իրենց կերակրացանկով ու կարպետներով։ Լավն է, յախշի, հորոշիյ։ Ինչքան եմ հեռացել, ինչքան եմ հեռացել։
—————————————————————————–
Այս գիծն ինձ կհիշեցնի այն տողը, որ չուզեցի գրի առնել։
Հայր մեր,
որ հերկինս ես,
տուր ինձ ուժ,
տուր ինձ հնարավորություն
գրելու ամենապարզ,
ամենահանճարեղ գործը,
ու ներիր ինձ,
ինչպես և ես ներում եմ մեղքերը քո բոլոր,
և տար ինձ փորձության
ու փրկիր ինձ չարից ու վատից,
զի քո է արքայություն և փառք,
ես դեռ անփառք,
ԱՄԵՆ
1. Տղան սովորական տղա է
2. Դատարկ
3. Ամենապարզ բացատրությամբ՝ զրո
4. չգո
5. Վերցրու իմ գովազդը, դիր առաջին էջում, վերցրու ինձ։
6.
Աղջիկն իր սեփական մտքերի հետ մաքառելուց հետո հեռախոսը ջարդեց պատին։ Արդեն ինը օր։ Մի՞թե ամեն ինչ ինձնից է կախված։ Հետո հոնգուր-հոնգուր սկսեց հեռախոսը կարգի բերել, ծնկեց ու սեփական ձեռքերով սեփական գլուխն սկսեց շոյել, արցունքոտ ու խլնքոտ քիթը սրբեց ու սկսեց հանգստացնել զինքը։
Նա, ում տարիներ շարունակ հորինել ես, չկա։
Նա, ով իրեն դրեց ուրիշի տեղը, չկա։
Նա չկա։
Ահա սեղանը, աթոռը, զանգը։
Ամեն ինչ, ինչպես սովորաբար, ամեն ինչ, ինչպես սովորաբար։ Աղջիկը, տղան, տոմսավաճառը, հարբեցողը…
Հետո որոշեցի վերջ տալ այդ ամենին, թրև եկա մետրոյի կանգառներում։
Մի քանի անցում կատարելուց հետո ոստիկաններին հարցրի՝ ո՞ւր է նա, ո՞ւր, որ չգտա։
Այդ ժամանակ վերջնականապես կորցրի քեզ։
– Чернажопая красавица…
– Моя жопа белее, чем твое лицо.
Մեզ հեշտությամբ տարբերում են մեր սև կոժերով, պլպլան կոշիկներով, մեր ճոխ կոստերով։ Ոստիկանները, մեզ տեսնելով, բերանները բաց գալիս են դեպ մեզ։ Բայց այս անգամ մեր վստահ քայլերը, ցրված հայացքները, համերգային տրամադրությունը, փողոցում մեզ սպասող շքեղ ու հարուստ մեքենան ստիպում են նրանց ընկրկել։ Հաղթանակի բերկրանք։ Հայացքները հառում են վրադ ու սպասում, որ մատնես ինքդ քեզ։ Նրանք հիմնականում մեզ արհամարհում են։ Այն, ինչը ստիպեց ինձ պաշտել այդ քաղաքը։ Այստեղ հաղթում են։ Այստեղ թվացյալ հանգիստն էլ պայքար է։ Պաշտում եմ ուժեղանալը։
Պետերբուրգում
Հիմա բոլորովին նոր մի օր։ Գիրուկ գիդի թովիչ ձայնը թափանցում է սառը պատերի անիրականության մեջ։ Տատանվում պուշկինյանի հուզմունքից։ Գունավոր կամուրջները երեքն են։ Ահա նրանցից մեկը՝ կանաչ կամուրջը։ Ոսկեզօծ օր։ Անընդհատ պալատներ, որ արքաներն են կառուցել։ Մեր արքաները, մեր թագուհիները։ Մերոնց քիչ բան է պետք երջանկության համար։
Լուսինը ոչ մի անգամ այդքան ինքնավստահ չէր եղել։
– Ահա ձախ կողմում…
– Ահա աջ կողմում…
– Իսկ քանի՞ կամուրջ տեսանք վերջապես…
– Երբեք չեմ հաշվել։
– Մինչ այստեղ գալս կամուրջն ինձ համար ընդամենը ճամփան կարճելու մի ձև էր։
Հիմա քամին ցրտեց։ Լուսինն առաջվա պես ինքնավստահ է։ Հազարերանգ շենքեր։
– Մերը միագույն է։ Վարդագույն։
– Լսել եմ։
– Երբեք չգիտեի, որ կամուրջը լավ է…
– Ծովից ծով Հայաստան։
Ամեն հարց պատասխան է ուտում։ Ամեն հարս պատասխան է ուտում։ Ներող… Միամիտ ստացվեց։
– Ճի՞շտ է, որ ձեզ մոտ տասներեք տարեկանում ամուսնանում են։
– Ոչ։
– Ո՞ւմ ես քաշել…
– Ո՞ւմ, թե՞ ինչ։
Անիմաստ մտքերի պախարակում ու մուլտհերոսների երջանկության նմանակում։
Եթե ես փող ունենայի։
Այսքան ժամանակ նրա անունը չտվեցի և չեմ էլ տա։ Թեկուզ կախվիր լեզվիցս, արա, ինչ ուզում ես, անիծվեմ ես, անիծվեմ թող… թող արևը թքի վրաս։ Նորից նամակ ստացա, մեյլ ու sms ու չկարդացի։ Հեռախոսս հեռվում դրեցի ու նայեցի, հետո պատկերացրի, որ այն ռումբ է, ու սկսեցի ատել հեռախոսս։
– Դու ինձ հավատո՞ւմ ես։
– Հա։
– Ես չեմ հավատում։
Ջհանդամը հավատաս։
ինչու՞ չես խոսում հայերեն
– Ի՞նչ լեզվով ես խոսում։
– Հայերեն։
– Իմ լեզվին նմանեցրի։ Արևի համ առա։
– Քոնը ո՞րն է։
– Տաջիկերենը։
– Ասալամ։
– Հա։
– Ես գիտեմ քո քաղաքը։
– Ո՞ւր եք գնում։
– Հյուրանոց։
– Ո՞ր կանգառն է։
– Չեմ իմանում, տեղանքից եմ ճանաչում։
(վերջին գլուխ)
Հեռախոսիս ասացի՝
ի՞նչ է գրել։
Չպատասխանեց։
Չեմ կարդա։
Հեռու ինձնից։
Ի՞նչ է գրել։
Մութ է, ոչինչ չի երևում։
Քաղաքում։
Ջուր, գետ, գետաջուր։
Գետում, ջրում, ուղիղ քաղաքի կենտրոնում
ձկնորսություն։
Եկեղեցի։
Կանգնել եմ կենտրոնում՝ ձեռքերս վեր։
– Աաաաաաաաա։
Ականջներիս մեջ՝
աաաաաաաաաա,
ու վեր եմ նայում։
Օրորվում։
Ինչ-որ բան եմ ասես փնտրում այդպիսով։
Պաչիկների կամրջից օդային պաչիկներ ուղարկում ամենքին։
Ջհանդամը այս ամենը։
Վերադարձ։
Ուրախ մեղեդի,
շատ ուրախ։
– Գետի աջ կողմում իրենց դղյակները կառուցեցին…
Զուգահեռ՝
– Լեռան ստորոտին իրենց խրճիթը կառուցեցին…
– Արքաները։
– Տատս ու պապս։
– Հարուստ արվեստագետներ…
– Ե՞ս…
– Իրենց սիրեկանների…
– Իրենց հորթերի ու ձիերի…
– Իրենց բարեկամների…
– Հավերի ու շների…
– Համար։
– Համար։
Հստակ պատասխան բացառապես մթնշաղոտ հարցերի։ Գրել այն, ինչ իրապես տեղի է ունենում փողոցում։ Անձրևը մանրանում է։ Ժամը երեքից հետո մութն սկսում է տարածվել։ Ժամը հինգին մութ է։ Առավոտյան իննին լուսանում է։ Գնալ շուկա, անցնել փողոցն ու թարմ օդից պտտվել, պտտվել, շրջվել ու տեսնել միայն անծանոթ դեմքեր։
Կռացավ ու համբուրեց հողը։ Օտարությունը քունքը խուտուտ է տալիս։ Հանիր շապիկդ, հանիր ամեն ինչ։ Վերջ երազներին։ Որդնել են, թու։ Յախկ։ Բառն է խրտնել, հասիր նրան։ Իսկ հնդկական երգերը՝ պարզ ու երկինքոտ։ Տուր ձեռքդ, թող համբուրեմ։ Բաժակոտ ու կեղտոտ սեղանից վերցրու քո բաժինն ու մի տրտնջա։ Հացը։ Միշտ քո երեխան քեզնից լավն է, եթե անգամ վատն է, միևնույն է, նա քեզանից լավն է, նա միշտ քեզ գերազանցում է։ Միշտ դու քեզ գերազանցում ես։ Վազանցիր ինքդ քեզ։
Երկուշաբթի լուռ է։
Երեքշաբթի լուռ է։
Չորեքշաբթի լուռ է։
Հինգշաբթի լուռ է։
Ուրբաթ լուռ է։
Շաբաթ, կիրակի լուռ է։
Ձայն չկա, ամիս ամսաթիվ չկա։
Ու այս քաքը կյանքն է՝ բառոտ ու երազոտ։
Մենք միասին լռում ենք։
Ամեն ինչ քո հորինածն է։ Հրամցրու տեքստն ամենքին։
Հրամցրու տեքստը։
Իդեալական,
իդեալական,
իդեալական մարմնաձևություն։
Երակազարդ ու ներվային ջիղ։ Ես քեզ սիրում եմ, որովհետև դու ինձ սիրում ես։ Ես քեզ սիրում եմ, որովհետև դու ինձ չես սիրում, ես քեզ լավ եմ անում, որ սիրում եմ։ Խանդի տեսարաններ, որ նա պաշտում է։
Ծխախոտի ծուխը նստում է մազերիս։ Ծուլոտ մտնում անկողին, քամակը տնկում ինձ։ Ես խնդմնդում եմ, արձակում վարսերս։
Մեծանալ, մեծանալ, ցեցանալ։
Պատն անթափանց անոթի է նմանվում։
Այսօրվանից նոր շրթներկ ու նոր կյանք։ Կանացի ամենաճշգրիտ գիտությունը՝ շրթներկ։
Մահ իմացյալ չիմացություն, աննորմալ կերակուր, չմարսում։
Ես ուզում եմ տեսնել նրան կենցաղում, տանը, տեսնել նրան աշխատավայրում։ Շոշափել նրա ակնոցը, վերցնել դրանց փոշին, կեղտոտ նասկիներից հոտ քաշել, նետել դրանք լվալու։
Ինչի՞ ես քո մասին հիշում եմ,
թանկագինս,
ինչի՞ քնքշանքով եմ տալիս անունդ,
թանկագինս,
քո մասին լռում եմ,
տեսնում ու ծիծաղում քեզ,
թանկագինս,
թարթիչներով փակում քեզ,
թանկագինս,
քեզ լարում եմ,
հետո ջարդում եմ քեզ,
թանկագինս,
քսմսվում ես ոտքերիս,
բացում եմ աղբամանն
ու քեզ նետում այնտեղ,
թանկագինս,
աղմկեցնում քեզ,
քո մասին հիշում,
երկմտում ու լռում,
թանկագինս,
քեզ հետ ինչ-որ բան կարգին չէ՞,
քեզ հետ ինչ-որ բան այն չէ՞,
դու տաքությո՞ւն ունես,
դու է՞շ ես,
թանկագինս,
ցնդա՞ծ,
հարբա՞ծ,
ե՞րբ պիտի տեսնեմ քեզ, թանկագինս,
գտնեմ ու կորցնեմ քեզ,
գտնեմ ու կորցնեմ քեզ,
գտնեմ ու կորցնեմ քեզ…
Արի սեր խաղանք,
դու կհագցնես իմ կոշիկները,
ես իմ այրող աչքերով կնայեմ քեզ,
արի սեր խաղանք,
լողանք գետն ի վար,
գետն ի վեր,
ժպտանք իրար,
ես տորթ կթխեմ,
դու կարձակես իմ գոգնոցը,
արի, դե արի սեր խաղանք,
ես նայեմ քո այրող աչքերին,
որովհետև տորթը դու ես,
արձակ գրելը դու ես,
գետն ի վար, գետն ի վերը դու ես,
հետո տեսնենք մեր բալիկի
փսլնքոտ մռութն ու ժպտանք նրան։
Արի ծեծենք իրար,
արի բառախաղանք, ու ես ուտեմ քեզ,
թանկագինս…
պատմությունները հաջորդում են իրար,
ու ես հոնորար եմ ստանում,
թանկագինս։
Վայրկյան առ վայրկյան,
ժամ առ ժամ
զգում եմ մոտենալդ։
Գնա, սերս,
արի, սերս,
նա գլուխը հենում է պատին,
ցցում ատամներն ու ծիծաղում.
նրան չհաջողվեց իմ սերը լինել,
կրծում եմ շուրթերս ու
ըմբոշխնում նրանցից ցայտող արյունը։
Ներիր ինձ, իմ քաղաք,
ներիր անհավատիս,
բաց թող ինձ,
ես քեզ սիրում եմ։
Պետք է ուղղակի և կտրուկ հեռանալ,
դուռը…
Տեսնում եմ անթափանց աչքերդ,
ավելի հաճախ ես հայտնվում,
քսանչորս կադր վայրկյանում,
այսպես, շարունակվում են դեպքերը,
ու ես հոնորար եմ ստանում,
թանկագինս,
կարևոր շատ բաներ կան,
պիտի գնամ …
կարոտել եմ։
Ձեր գրածը եթե պոեզիա է, ուրեմն ես առնվազն չինական կայսր եմ։ Գրածներդ ունեն միայն մեկ բնութգիր` ԶԱՌԱՆՑԱՆՔ։ Հայ գրականությունը եթե ձեր նմաններն են ներկայացնում, ուրեմն հայ ժողովուրդը ունի մեկ իրավունք՝ սատկելու իրավունքը։ Ինքնախաբեությամբ եք զբաղվաց ու ձեզ շրջապատողներն էլ երեսապաշտ են, ձեզ ստում, են թե ձեր գրածների մեջ բան կա։