Բոստոնի Լոգան օդանավակայանի սրճարանի առջև շարվել են քաջ մարդիկ. բոլորին ստիպում են հանել գոտիները։
Նրա ազգանունը թուրքերեն նշանակում էր «պարտեզ»։
Թռիչքից առաջ դեռ ունենք երեք ժամ։
Տնից նավթալինի հոտ էր գալիս։ Ես կարդում էի քառյակ առ քառյակ. նրանք թարգմանությունը համեմատում էին բնագրի հետ։
Երբ երեքս ժամանեցինք ու թակեցինք դուռը, նա մեզ դիմավորեց բոկոտն, ու կես ժամ կանգնած էինք դռան շեմին։
Պարզվում է՝ բանալին հարևանի մոտ էր։
Այդ երեկո որոշեցինք գնալ թեյարան, ծանոթանալ միմյանց հետ, իսկ հաջորդ օրը սկսել աշխատանքը։
Երբ մայրս հղի էր ինձանով, հայրս հպարտությամբ որոշել էր ինձ անվանել Շմավոն։
Օվկիանոսն այդքան էլ «մեծ ու ահռելի» չէր, ինչպես որ պատկերացնում էի։
Նա համարյա ամեն օր նամակ էր ստանում ամուսնուց. «Գիտեմ, որ ինձ հետ ապրելը քեզ ոչ մի բավականություն չի պատճառում… շուտվանից գոյություն չունեմ քեզ համար… որքան ծայրահեղ հակապատկերներ ենք եղել»։
Դռան մոտ կանգնած չորսով զրույցի էինք բռնվել։
Որտեղի՞ց են այդ օղերը։
Զանգեզուրից։
Մեր ապագան մեր մայրենի լեզուն է։
Կլիշեները ձանձրացուցիչ են։
Ապագան պատկանում է կնոջը. իրոք այս անգամ, և ժամանակն է, որ բոլորդ այդ ընդունեք։
Վեպի վերլուծության ժամանակ Լև Նիկոլայևիչն ասում էր, որ գործը պիտի ոչ թե ավարտվի, այլ սկսվի ամուսնությամբ, քանզի սյուժեն զարգանում է ամուսնության քայքայման հիման վրա։
Տնից հնության հոտ էր գալիս. ձմռան ամիսներին լուսամուտը կողպված էր։
Թռչունները, որոնք չեն չվում տաք երկրներ, զգում են արևի ջերմությունը. սկսում են այլ կերպ ճռվողել։
Անհրաժեշտ է ձերբազատվել Աննա Կարենինայի սինդրոմից։
Նորը ստեղծվում է հանկարծակի. անսպասելի. երկար տարիների անդադրում ջանքերից հետո։
Գիշերն արթնացա սրտի առիթմիայից. առջևս դրված էր մի մեծ, լայն տետր, և օդում կախված էին որոշումներ. գիլյոտինի պես.
«այս բառն այս տողում տեղ չունի»։
Մեկ ամիս հետո, երբ կծաղկեն բալի ծառերը, Ռոբերտ Քրիլին այլևս մեզ հետ չի լինի։
Որբացած բանաստեղծություններ։
Մեզանից մեկն ամուսնացած էր, մեկը՝ նշանված. մեկն՝ ուսանող, մեկը՝ Ամազոնուհի։
Գնացել էինք Գյումրի՝ նրա հայրական տունը գտնելու. նրա մտերիմները կանգնած էին բազալտե պատվանդանների վրա, նրանց տան շեմքերը զարդարված էին կարմիր մեխակներով, իսկ նա…
Այդ մասին նրան պատմում էի օդանավակայանում, երբ սուրճ պատրաստող խլացուցիչ սարքը ձայնս կտրեց։
Ամուսնական կյանքի գաղափարը վաղ թե ուշ պիտի ձախողվեր. ապագան պատկանում է կոմունալ ապրելակերպի նոր ձևերին։
Երեկ փնտրում էի Սոնյա Սանչեզին, բայց նա քաղաքում չէր։
Հաջորդ առավոտ չորսով հավաքվեցինք հյուրասենյակում։
Ճշմարտությունը յուրաքանչյուրի համար տարբեր է։
Առաջաբանում Բոկաչչոն խոսում է բոլոր կանանց անունից.
«Հիշենք, որ մենք կին ենք՝ փոփոխական, կամակոր, կասկածամիտ և վախկոտ. և այս հատկանիշները շուտով մեզ կբաժանեն միմյանցից… եթե իհարկե չդիմենք այրերին, որ մեզ ուղղություն ցույց տան»։
Շատ էր փոշոտ տունը։
Ապագան պատկանում է ոչ թե Պամպինեային, այլ նրանց, ովքեր բացի իրենց մայրենի լեզվից գիտեն այլ լեզուներ և ապրում են ապակեպատ բնակարաններում։
Սրճարանից դուրս եկանք ու միացանք մարդկանց հոգնած ամբոխին։
Կարծեմ մի հույն իմաստուն ասել է. «Ծիծաղելի է նա, ով խոսում է բոլորի անունից»։
Բանալին թողեցինք հարևանի մոտ։
Նա շատ յուրօրինակ ազգանուն ուներ։
Պարտեզում հալվում էր ձյունը. թաց էր գետինը։
Ընթերցեք Քերոլ Մեյսոյի երկերը. նրանն է ապագան։
Մեկ օրվա ընթացքում խմբագրեցինք քսան բանաստեղծություն. երեկոյան գնացինք չինական ճաշարան։
Քննարկում էինք «Բնագրի» վերջին համարի գործերը։
Առավոտյան ոչ մեկս էլ ստամոքսի խանգարում չունեցավ։
Երբ արթնացա, դեռ մութ էր. լուսամփոփը տարօրինակ ձայն էր հանում։
Ամուսինը պահանջում է. «Այս ի՜նչ օրեր են, որ ես եմ քաշում, քո՛, միայն քո՛ հիմար վարմունքի պատճառով։ Երկու-երեք օրը մի նամակ, մի քանի խոսք գրելը մի՞թե դժվար է։ Բարկությանս չափ չկա»։
Հյուրասենյակի անկյունում շարված էին կավե արձանիկներ՝ տարբեր կեցվածքներով, սակայն անդեմք։
Մեկս նստած էր խոհանոցում, մյուսը՝ հյուրասենյակի բազկաթոռին, մյուսը՝ գետնին, մյուսն իջել էր քաղաք։
Ամուսնությունը անհատի դանդաղ քայքայման պատճառներից մեկն է։
Դիմագծերը միտումնավոր ջնջված էին։
Քեյպ Քոդ. 08։45. խոսքը «Ծախվածը» բանաստեղծության մասին էր։
Տոմս ստուգող կինը կարծես հարբած լիներ։
Բոլորին պարտադրում էին հանել կոշիկները։
Մեզ՝ նույնպես։
Չինական ճաշարանում պատվիրեցինք գարեջուր։ Մինչ այդ նա պատմում էր Յասնայա Պալյանայի մասին, և թե ինչպիսի մեծ ծառեր էին այնտեղ աճում։
Հայրերը կարծում են, որ մենք պիտի շարունակենք իրենց անավարտ գործերը։
Մարտի 16-ն էր, իսկ հաջորդ օրը մեկս պիտի թռչեր Տորոնտո, մյուսը՝ Բլումինգթոն, մյուսը՝ Լոս Անջելես։
Քաղաքը նրանն էր։
Այնտեղ պիտի հանդիպեի Դիանա Տեր-Հովհանիսյանին, բայց շատ վատառողջ էր ու խնդրեց, որ մեկ ուրիշ օր հանդիպենք։
Միայն մեկ լեզվի իմացությունը մարդուն սահմանափակում է։
Սրճարանում ոչ մեկը չէր կարդացել Կապուտիկյանին։
Իսկ նա տետրում գրում է. ««Ուրիշին» սիրել թույլ չեն տալիս ամուսինները՝ առանց կասկածելու, որ հաճախ իրենք են մեզ համար «ուրիշ»«։
Եթե ամուսնացած չեք, ապա խրոխտ քայլեք։
Ինքնաթիռում կարդում էի նրա գիրքը։
Անհրաժեշտ է ճիշտ օգտագործել տրված ժամանակը և ոչ թե սպառել այն ամուսնական բարձերի վրա։
«Մեռնում է նա, ով սպասելիքներ չունի ապագայից»։
Ձեռնոցներով կարդալն անդուր է. խափանվում է էջի հետ ստեղծված կապը։
Մոտ ապագայում կկառուցվեն մեծ քաղաքներ՝ բարձրահարկ ապակե շենքերով, ու մարդիկ այլևս չեն թաքնվի մութ պատերի հետևում։
Նա ասում էր, որ անհրաժեշտ է կարդալ չորս տարբեր գրքեր. միաժամանակ։
Կլոր պատուհանից երևում էին մանր լույսեր։
Չգիտեմ, թե ինչպես կորցրեցի սև ձեռնոցներս։
Վերջն էր…
Կարծես կարդայի իմ սեփական մտքերը. շատ քիչ է այդպես պատահում… Դրա համար էլ ասում էմ. «վերջն էր»: