Այս բանաստեղծությունը հրատարակվում է առաջին անգամ: «Ինքնագրում» տպագրվելու առիթով Խերդյանը գրում է. «Ինձ համար հաճելի է այսքան տարիներից հետո հայրենիքից լուր ունենալ, այնպիսի հայկական ամսագրից, ինչպիսին ձերն է, որը հետաքրքրություն է ցուցաբերել սփյուռքի հայ գրողների նկատմամբ և ցանկանում է քննել ինքնության, կորուստների և վերականգնվելու հարցերը»:
Այսօրվա նման մի օր էր,
մութ ամպերը անձրև էին գուժում,
երբ մենք, որ իրարից հեռու էինք ապրում`
քաղաքի հակառակ ծայրերում ու
մարդա քշելով մեր ավտոները գալիս էինք հանդիպենք
Ֆրեզնոյի Վեստ-Սայդի փողոցներում
այդ առավոտվա նախատեսած զբոսանքի համար:
Ահա մենք, թափառում էինք միասին,
գոռգոռալով ու հռհռալով հայերեն,
երկու տխուր հայ-ամերիկացի գրող,
հայհոյելով ու վիճելով, որ մի անգամ էլ ճշմարտությունը պարզենք
այն ցուրտ ձմեռվա փողոցներում,
այնքան վաղուց:
Մինչ մենք քայլում ու խոսում էինք` դու սկսեցիր իրեր
որոնել` կորած կամ մոռացված
ջրհորդաններում ու դռների արանքում կամ ոտքերի տակ ընկած,
ու ես էլ սկսեցի հետևել հայացքիդ, մեկ էլ դու արտասանեցիր
մորդ հազար տարի առաջվա խրատները.
երբեք,- ասում էր նա քեզ,- քո եղբայրն ու քույրերը
տուն չէին գալիս դատարկ ձեռքերով:
Մենք մտանք չինական խանութ ու թղթե տոպրակներ առանք՝
մեջը դատարկելով մեր լիքը բռերն ու գրպանները,
դուրս գալուց էլ շարունակելով քննարկել թեման՝
ով ենք մենք, ինչ ենք դարձել ու ինչ կարող էինք լինել,
երբ հանկարծ դու կանգնեցիր
մայթեզրին ու վեր նայելով արտաբերեցիր.
Առաջ ես կարծում էի՝ քանի որ մենք հայ ենք,
պիտի կատարյալ լինենք,
բայց իհարկե պիտի հասկանայի՝
շատ բան կատարյալ չէր
մեր մեջ, ու հիմա մի բան էլ եմ պարզել
մեր մեջ՝ մի կողմից կյանքի զավեշտի ու անիմաստության
լիքը զգացողություն, հետը մեկտեղ՝ գործնականության եռանդ,
որ ենթադրում է մի տեսակ խորամանկություն ու հարմարվողականություն,
որ հատուկ է երկար ժամանակ ճնշված ժողովուրդներին:
Հետո լռեցինք՝ սպասելով,
որ դատարկությունը լրացնի ասվածը,
նախքան մի շրջան էլ կգծեինք,
ու չնկատեցի, որ արդեն հասել ենք
ու կանգնած ենք մեր մեքենաների
արանքում նորից՝
տոպրակները ձեռքներիս մեջ պինդ սեղմած
ու խառնված՝
ինչպես տոպրակների պարունակությունը,
որ հավաքել էինք, որպեսզի չկորցնենք: