Հարցազրույց արձակագիր Գուրգեն Խանջյանի հետ

Գուրգեն Խանջյանը հեղինակային ու թարգմանական տասը գրքի հեղինակ է: Արձակ գործերից բացի գրել է նաև պիեսներ, որ բեմադրվել են Երևանի դրամատիկական ու Պարոնյանի անվան թատրոններում, Թիֆլիսում ու Հալեպում, նրա սցենարով նկարահանվել է «Լռության սիմֆոնիա» կինոնկարը: Երբեմն մրցանակ է ստացել, երբեմն` հայհոյանք, քանի որ նկարագրել է սեռական բաց տեսարաններ կամ թզենուն անիծող Հիսուսին խումհարի վիճակ է վերագրել: Հիսուսին «ուստա» անվանելը զայրացրել է այն հայ գրողներին ու քննադատներին, որ կարծում են, թե քրիստոնեությունը պարտադիր պետք է գրական մաքուր լեզվով արտահայտվի, չնայած Քրիստոսի ընտրած աշակերտները հենց հասարակ ձկնորսներ էին ու ոչ թե լեզվաբաններ: Գուրգենի գործերում կհանդիպեք վերացական գաղափարատիպ-մարդուց սկսած մինչև կոնկրետ ձեր հայաթի թաղային հեղինակությունը և երկու դեպքում էլ նրանցով չեք զմայլվի: Խանջյանն ասես Համլետի պես կրկնում է` մարդն ինձ չի հիացնում (և ոչ էլ` կինը), բայց ընդունում է մարդուն այնպիսին, ինչպիսին կա: Առանց լուսապսակի և հողեղեն:

Վիոլետ– Տարիներ առաջ քո գրականության մեջ արտահայտվող փիլիսոփայությունը ներկայացնում էր իր գոյության անհեթեթությանը դատապարտված մարդուն: Ոչ միայն 94թ. հրատարակված «Հիվանդանոց» վեպումդ, այլև շատ ուրիշ գործերումդ, սայաթնովայական լեզվով ասած, աշխարհը հիվանդանոց է, մարդիկ` անբուժելի հիվանդ:
Գուրգեն– Անտառում բնական ընտրության օրենքն է գործում, թույլ, հիվանդ կենդանին չի ապրում, բնականաբար, սերունդ էլ չի տալիս, իսկ մարդկային հասարակության մեջ դա չկա: Այո, իմ համոզմամբ` աշխարհը հիվանդանոց է, մարդը` անբուժելի հիվանդ: Սակայն հենց դա է մարդը և, գոնե ինձ համար, դրանով է ինքը հետաքրքիր, նրա ամբողջ ստեղծածը հիվանդության արդյունք է (առողջ Շնիտկեն ալտի կոնցերտ չէր գրի): Տանջվո՞ւմ է, տառապո՞ւմ է մարդը դրանից… Այո, իհարկե: Բայց դա է ինքը, իր բնույթը, ո՞ւր փախչի, ո՞նց: Թեև, եթե առավել խորանանք, կարծում եմ` բնությունն էլ, իր բնական ընտրությամբ հանդերձ, մի ուրիշ տեսակի հիվանդանոց է, որովհետև ի՞նչ կնշանակի իրար ուտել, անդադար, միշտ ու ամենուրեք… Էս մոլորակի վրա գոյատևման, կյանքի օրենքը, «ունիվերսալ բանալին» հիմքից է հիվանդանոցային: Բոլորս պացիենտ ենք այս հիվանդանոց մոլորակի վրա, սպասում ենք Բժշկին, նա էլ չի գալիս, սակայն եթե և երբ նա գա ու սկսվի Մեծ հիվանդության բուժումը, մարդն այլևս մարդ չի մնա, ուրիշ բան կդառնա… Այսպես մտածելով` հանկարծ կարոտեցի մարդուն:

Վիոլետ– Առաջ քո գրականության մեջ էլ աբսուրդիստների համապարփակ, վերացական մարդն էր, որ զուրկ է սոցիալականությունից: Այդ հակահերոսները, ինպես բնորոշ է որոշ էկզիստենցիալիստների, մերժում էին ռացիոնալ հումանիզմի լավատեսությունը: Այդ հոռետեսական գրականությունը Եվրոպայում ստեղծվեց առաջին ու երկրորդ համաշխարհային պատերազմներից հետո, քոնը` մեր մութ ու ցուրտ ու պատերազմի տարիներին: Սակայն ժամանակի ընթացքում քո գրածներում սոցիալական կոնկրետություն մտավ, գոյաբանական մարդը դարձավ հասարակական էակ, հայտնվեցին այսօրվա մեր հասարակության կյանքի պատկերներ ու կերպարներ` հիմնականում քննադատաբար դիտված: Կյանքն ու մարդի՞կ են փոխվել, թե՞ քո գրողական հայացքը:

Գուրգեն– Կյանքն ու մարդիկ փոխվեցին, այո, սակայն չեմ կարծում, թե գրողական ուսումնասիրության համար դարձան ավելի հետաքրքիր, որովհետև մարդը, մնալով նույնը, պարզապես արձագանքեց նոր համակարգին: Նրա արձագանքը մոտավորապես գուշակելի էր, այսինքն` եթե գիտես մարդուն, կարող ես գուշակել նրա վարքը, եթե նա վաղը հայտնվի, ասենք, անտառում կամ սուպեր-քաղաքակիրթ մի երկրում: Հավանաբար ճիշտ է այն, որ փոխվեց գրողական հայացքի ընթացքը, ուզեցի, որ իմ հերոսն իրեն ցույց տա ո՛չ իմ հնարած պայմանական միջավայրում, ուր ինչ ուզեմ կանեմ հետը, այլ կոնկրետ, օբյեկտիվ իրականության մեջ, ուր երբեմն նաև ինքը կարող է ինձ անակնկալներ մատուցել: Իմ հերոսը կարծես հոգնեց փիլիսոփայելուց, հոգնեց այնկողմնայինից, մահից վախենալուց, լինել չլինելու խնդիրը լուծեց լինելու օգտին և ուզեց պարզապես ապրել ու նայել, հեգնանքով, հեգնանքն այս դեպքում մեծամտություն չէ, այլ աշխարհայացք: Մի բան էլ. հոգեբանություն հոգեվերլուծությունը, կենսաբանության, աստղագիտության, գենետիկայի զարգացումներն ահագին հող փախցրին գրականության ոտքի տակից, համարյա բան չթողին: Իզուր չեմ ասում` համարյա, որովհետև վերջերս կասկածում եմ` լավ փնտրելու դեպքում ինչ որ բան, այնուամենայնիվ, կարելի է գտնել: Իմ հաջորդ վեպում ուզում եմ «լավ փնտրել», կգտնեմ` լավ, չեմ գտնի` հոգ չէ, կարևորը` կարեցածիս առավելագույնով փնտրել եմ: Առհասարակ, մեր գրողները շատ են վշտանում իրենց գրականության առիթով, ես ինձ կարծես թե կարողացել եմ համոզել, որ կյանքն առավել է, գրականությունն ընդամենը զբաղմունք է: Փառամոլությունս, որ բնորոշ է երևի բոլոր գրողներիս, ետ եմ հրել: Անկեղծ ասած` հեշտ բան չէ, նրան հաղթել արմատախիլ անել հնարավոր չէ, հնարավոր է միայն ինչ որ տեղ ներսում թաքցնել մեկուսացնել և ամեն անգամ, երբ ուզում է դուրս գալ, խփել գլխին ետ ուղարկել: Ի դեպ, մոտ տասնհինգ տարի առաջ էր, գրողական հավակնությունների ամենաակտիվ շրջանում, չգիտեմ` կհիշե՞ս, ես ու դու այս թեմայով կարճ զրույց ունեցանք, դու ասեցիր, թե պարզ կնոջական երջանկությունը շատ ավելի կարևոր է գրականությունից: Այն ժամանակ ինձ թվաց, թե սեթևեթում ես, հիմա մտածում եմ` գուցե անկեղծ էիր:

Քաղաքական գործիչների քսերոքսած ծաղրանկարը

Վիոլետ– Չգիտեմ` ասածս հիշեցնելուցդ ուրախանա՞մ, թե՞ տխրեմ, որովհետև կարող եմ համարել, թե 10-15 տարի առաջ խելքը գլխին աղջիկ եմ եղել, կարող եմ հուսահատվել, որ 15 տարի նույն խելքին եմ մնացել: Լավ, վերադառնանք քո կերպարներին, հատկապես` պիեսների, որ քաղաքական գործիչների գրոտեսկային ծաղրանկարներ են: Պարզ չի,  թե այդ գործիչներդ իշխանությա՞ն ներկայացուցիչներ են, թե՞ ընդդիմության: Գուցե դու, մեր շատ արվեստագետների պես, «բարձր» արվեստի դիրքերից առհասարակ խորշո՞ւմ ես քաղաքականությունից, թե՞ ուղղակի չես հավատում ոչ իշխանության, ոչ էլ ընդդիմության ներկայացուցիչներին և նույնացնում ես նրանց միատեսակ ծաղրանկարով:

Գուրգեն– Շատ քիչ բան կա էս կյանքում, ինչից խորշանք ունեմ. առհասարակ, խորշանք բառը քաղքենիական ինչ որ երանգներ ունի ինձ համար: Քաղաքականությունից չեմ խորշում, ամեն ինչ քաղաքականություն է, բոլորս քաղաքականության մեջ ենք: Քաղաքականությունը նույնիսկ զվարճալի է, հատկապես` մերը և հատկապես` ընտրություններից առաջ, երբ քաղաքական գործիչները դառնում են փոփ աստղերի պես, սքանչելի շոուներ են սարքում, երգում պարում ասմունքում, չոքում երդվում, գլուխները խփում պատերին` հայրենիքի ու ժողովրդի նկատմամբ տածած սիրո անչափությունը ցուցանելով: Ես չեմ հավատում, թե եղել է, կա կամ կլինի որևէ քաղաքական գործիչ, ով իրեն մոռացած` կմտածի ազգի, ժողովրդի, երկրի մասին: Մարդն էգոցենտրիկ է, առանց այդ հատկության չի էլ կարող գոյատևել այս մոլորակի վրա, նույնիսկ մայր Թերեզայի բարեգործությունների հիմքում, կարծում եմ, անձնական շահագրգռություն կար` սեփական հոգու փրկությունը կամ բարեգործի համբավը: Այնպես որ, խոսքը պետք է լինի քաղաքական գործչի տաղանդի չափի, այլ ոչ` ժողովրդի նկատմամբ նրա սիրո չափի մասին: Ես առհասարակ չեմ հասկանում` ինչ է նշանակում` սիրել ժողովրդին, մի տեսակ այլասերվածության պես բան է ոնց որ: Իսկ մեր ժողովուրդն էլ, հակառակի պես, քաղաքական գործչի պրոֆեսիոնալ հատկությունները չի տեսնում, հավատում է իրեն անսահման ու անաչառ սիրո, նվիրվածության երդումներ տվողներին, որոնք մեծամասամբ դերասաններ են, խաբեբաներ: Ինչ վերաբերում է արվեստագետին, չեմ տեսել գոնե մեկին, որ մտնի քաղաքականություն ու չկեղտոտվի, չվարկաբեկվի, քաղաքականությունը կեղտոտող է: Ակտիվ քաղաքացիական դիրքորոշում` այո, բայց մտնել բուն քաղաքականության մեջ, դառնալ մասնակից` ոչ, գոնե ինձ համար: Ասում ես, պարզ չի` իմ հերոսները իշխանությունից են, թե ընդդիմությունից: Ի՞նչ տարբերություն, նրանք բոլորն էլ ձգտում են իշխանության, իշխանության գալով անելու են մոտավորապես նույնը, այսինքն` հնարավորության և թույլատրելիության չափով: Ցավալի է, սակայն մեր քաղաքականության կարելիության շրջանակները նեղ են ու խիստ` դրսից գծված սահմանված, հիմա Լևոնը կլինի, թե Սերժը, թե Պողոսը` տարբերությունն առանձնապես մեծ չէ, միայն խելացնորի մեկը չլինի` տանի կործանման:

Սեքսն ու մահը` կրոնի իշխանության ներքո

Վիոլետ– Ֆրանսիացի հայտնի մշակութաբան ու փիլիսոփա Ժորժ Բատայը, որ նաև պոռնոգրաֆիկ գործերի հեղինակ է, իր «Տիկին Էդուարդա» պատմվածքի ներածականում գրում է կրոնի հպատակության տակ գտնվող երկու բանի` սեռական կյանքի և մահվան մասին: Բատայի այդ պատմվածքը իր «Կամ» հանդեսում թարգմանած Մարկ Նշանյանը գրում է հեղինակի պոռնոգրաֆիայի փիլիսոփայության մասին: Ըստ նրա` Բատայն անդրադառնում է մահվան ու հաճույքի մոտիկությանն ու համանմանությանը, էրոտիզմի սրբազանությանը, որ այս դեպքում, ըստ էության, իդեալական սրբությունների հակոտնյա բևեռն է և ներքին ժխտումը: Բատայի պոռնկագրությունը որպես բոլոր իդեալականությունների դեմ կռվող մտածողի գրականություն վերլուծելով` Նշանյանը քննադատում է պարզունակ ազատագրական ժեստ հիշեցնող այն վրանբաց սեռական տեսարանները, որ կան նաև մեր այսօրվա գրականության մեջ: Քո գործերում եղած սեռական, նույնիսկ քույր ու եղբոր արնապիղծ կապի նկարագրությունները գրական ի՞նչ խնդիր ունեն, էրոտիկ կամ էպատաժային լի՞ցք են հաղորդում որպես լրացուցիչ հավելանյութ, թե՞ աշխարհայացքդ արտահայտելու պատկերային միասնական համակարգի անհրաժեշտ տարրերից են:

Գուրգեն– Սեռական բաց տեսարաններն իմ գրականության մեջ միշտ էլ ֆունկցիա են ունեցել, ինքնանպատակ չեն եղել: Այո, նրանք և՛ էրոտիկ լիցք ունեն, որն անհրաժեշտ է արձակ գրականությանը լիարժեք լինելու համար, և՛ աշխարհայացք կարող են ներկայացնել: Էպատաժային էլ են եղել, իննսունականներին, բայց` թերապևտիկ նպատակներով, շոկային թերապիա, այսպես ասած: Ես ուզում էի հասարակությունը դուրս բերել քաղքենական ամոթխածությունից, սնոբիզմից, և ահա այսօր իրավիճակը նկատելիորեն փոխվել է: Չեմ ասում` իմ շնորհիվ, մեծամտություն կլիներ, բոլորիս շնորհիվ, ով այս առումով մտահոգված էր, միացյալ ջանքերով:
Չեմ ուզում ասել` սեռական, ասեմ` սիրային. սիրային հարաբերությունները մարդու կյանքի, նրան գործողության մղող հիմնական խթանիչն են, հիմնական առանցքը, սիրո ներկայությունը, բացակայությունը, բացակայության պատճառած տառապանքը, ավելը, պակասը, փնտրտուքը… Սակայն գրականության մեջ, չգիտես ինչու, ըստ մեր մեծապատիվ հավատաքննիչների, պիտի շրջանցվի դա… Որ ի՞նչ: Առհասարակ, յուրաքանչյուր արվեստագետ իր չափով արարիչ է, և եթե մեկն ուզում է առնչվել, մտնել նրա արարած աշխարհը, պիտի ընդունի այդ աշխարհի օրենքները: Դա նույնն է, ասենք, եթե ընկնես ուրիշ մոլորակ և բողոքես նրա օդի բաղադրությունից, ձգողության չափից, բնակիչների վարքից բարքից… Մտել ես` ընդունիր տվյալ տարածքի խաղի կանոնները: Համոզված եմ` արվեստի գործը սրանով է հետաքրքիր. ինչի՞ նման կլիներ, եթե բոլոր արվեստագետները գովերգեին նույն առաքինությունները, շրջանցեին նույն տաբուները: Մեզանում շատերը հենց այդպես էլ անում են, հետո կրքով պաշտպանում իրենց անհամ հարակրկնությունը: «Արվեստն ազատ է և անամոթ»,  կարծեմ հայտնի ռեժիսոր Բերգմանն էր ասում, և խնդիրն ամենևին էլ անամոթության, անբարոյության, ամենաթողության մրցակցության մասին չէ, պարզապես յուրաքանչյուր արվեստագետ ինքն է որոշում այս խնդիրների ներկայության չափը, ձևը, լիցքը: Մի՞թե Մարկիզ դե Սադի գրականությունը հետաքրքիր չէ, չի ուսումնասիրվում: Մի խոսքով, որքան էլ մշակութապես զինված, կարդացած ու բանիմաց` բաբոյի թումբանի մեջ պախկվելով կարգին գործ չես ստեղծի:
Ինչ վերաբերում է ինցեստին, կյանքը կարճ է, սրընթաց, և մերժել սիրո այցելությունը` հանուն միայն այն բանի, որ նա եկել է քրոջ, եղբոր, հոր, դստեր կերպարանքով, կարծում եմ, հիմարություն է: Եթե կա սեր, ձգողություն, մնացյալն անկարևոր է, իշխողը սերն է, սերն է որոշում իր բարոյականության սահմանները, և այս դեպքում անբարոն քիթն ուրիշի սիրո մեջ խոթելն է: Առհասարակ մարդիկ, հատկապես հայերս, շատ են իրենց քիթը խոթում սրա­նրա գործերի մեջ. անձնական կյանքի սղությունից, միօրինակությունից է երևի, ես իմ գրականությամբ նաև ուզում եմ գոնե մի քիչ կարճացնել այդ քիթը:

Վիոլետ– Եթե դու բզբզում ես կրոնի զույգ հպատակներին` սեռական կյանքն ու մահը, ուրեմն խնդիր ունես նաև կրոնի հետ, որն արտահայտվում է քո գործերում, երբ, օրինակ, «վերանայում» ես ավետարանական սյուժեն ու թզենուն անիծելը Հիսուսի խումհար վիճակին վերագրում: Անկեղծ ասած, ինձ վախեցնում է ամեն իշխանության հետ կրոնափոխ լինող հասարակությունը, որ գիշերն աթեիստ քնում ու առավոտյան քրիստոնյա է արթնանում: Նույնիսկ ոչ հավատացյալներն այսօր հավատացած են, թե բարոյականության հաստատման համար անհրաժեշտ է կրոնը` թեկուզ որպես խաբկանք: Էթիկան կրոնից բխեցնելն, իհարկե, ձեռնտու է և՛ կրոնավորներին, և՛ ցանկացած իշխանության, որ վերահսկելի հասարակության է ձգտում: Ումբերտո Էկոն իր «Երբ բեմ է մտնում Ուրիշը» էսսեում անդրադառնում է կարդինալ Մարտինիի` իրեն ուղղված հարցին, թե ինչպե՞ս կարող է սեփական արարքների բարոյականության հանդեպ վստահ լինել այն մարդը, որ բացարձակ էթիկայի հիմնավորման համար չի հենվում մետաֆիզիկական սկզբունքների ու տրանսցենդենտալ արժեքների վրա, այսինքն` աստծուն չհավատացող մարդն ինչպե՞ս կարող է բարոյական լինել: Էկոն պատասխանում է, որ էթիկական մոտեցումն սկսվում է, երբ կենդանակերպ, միայնակ Ադամով բնակեցված բեմ է մտնում երկրորդ մարդը` Ուրիշը, և սկսվում են միջանձնային հարաբերությունները, որովհետև ցանկացած բարոյական ու իրավական օրենք այլ բան չէ, քան մարդկանց հարաբերությունների կարգավորիչ:

Գուրգեն– Քաղաքականություն է կրոնը, բայց` աստծո կնիքով կնքված: Իբր: Ամենավտանգավոր խաբեությունն է, որ մարդկանց բաժանում է ու իրար դեմ հանում, ինչքա՜ն արյուն է թափվել ու թափվում կրոնական տարաձայնությունների պատճառով և էլի կթափվի, քանի դեռ զանգվածներն ապուշ են, իսկ ես չեմ կարծում, թե փոխվելու են: Ո՛չ Հիսուսը, ո՛չ Բուդդան, ո՛չ Մուհամմեդը աստծո տեղը, ձևը կամ բնույթը չեն իմացել ու, բնականաբար, նրանց ուսմունքներն էլ մեզ չեն կարող մոտեցնել աստծուն: Կարդանք ավետարանները, այնտեղ որտե՞ղ է աստված, ի՞նչ է ասվում աստծո և երկինքների մասին: Միայն այն, որ այսինչը նստելու է տիրոջ աջ կամ ձախ կողմում, իսկ ոմանք առհասարակ չեն ճաշակելու երկնքի արքայությո՞ւնը: Չէ, այստեղ շոշափած հարցերը կենցաղային են, բարոյական, քաղաքական, աստծո հետ կապ չունեն: Էլի քիչ թե շատ եթե մոտեցող կա աստծուն` գիտությունն է, որ քննում է աստծո ստեղծած նյութը, տիեզերքը, կյանքը: Կրոնական գրքերն ընդամենը գրականություն են, առասպել, գուցեև` պատմություն, այսքանով են հետաքրքիր և ուսումնասիրելի: Քիչ չէ, բայց աստծուն չեն մոտեցնում, գուցե նույնիսկ հեռացնում են: Անձամբ ինձ համար աստված մի ինչ  որ անքննելի ուժ է, գուցե` դիվային, որն այստեղ միացրել է հոսանքը, մտցրել ծրագիրը, ինքը գնացել ուրիշ ծրագրեր իրագործելու` համոզված, որ այստեղ ամեն բան աշխատելու է ըստ իր ծրագրի: Մանր մունր բաների նա չի հետևում, մի երկու կամ երեք երկրաշարժ կլինեն, ցունամի, պատերազմ, մի քանի միլիոն մարդ կկոտորվի… Իր խնդիրը չէ, ոչ էլ բարոյական ու իրավական հարցերն են իր խնդիրը, մե՛ր լուծելիք խնդիրներն են դրանք: Այսքանից հետո ինքը մեր ինչին է` չեմ հասկանում: Իսկապես որ` անքննելի է: Բնականաբար, եկեղեցի չեմ հաճախում, մոմ չեմ վառում, չեմ աղոթում… Բայց այդ դիվային ուժի հետ երբեմն խոսում եմ` ինձ խաբելով, թե լսող կա. առհասարակ, մարդը շատ է խաբում ինքն իրեն, այլապես երևի չի կարողանա ապրել:

Նարցիսիզմն ու բիձությունը` արվեստում

Վիոլետ– Քո սցենարով ֆիլմ է նկարել Վիգեն Չալդրանյանը, ում շատերը նարցիս են համարում: Ինչպե՞ս են քո հակահերոսները առիթ տալիս նարցիսական ինքնարտահայտմանը: Գուցե այն բանի շնորհիվ, որ բոմժի, պոռնիկի և նման կերպարներիդ սոցիալական պատկանելությունը արտաքին թաղանթն է, իսկ իրականում նրանք գրողի ու մտավորականի քո հայացքներն արտահայտելու խոսափողնե՞ր են, ինչը հնարավորություն է տալիս ռեժիսորին ու դերասանին հակահերոսին հերոսականացնել ու արվեստագետի նարցիսականությունը արտահայտել:

Գուրգեն– Վիգեն Չալդրանյանն իմ ընկերն է, բայց մեր աշխարհայացքները տարբեր են, հաճախ` հակադիր: Պարզապես ես պատվերով եմ գրում երբեմն, գրել եմ նաև Միքայել Պողոսյանի համար, էլի ոմանց: Մեր ասպարեզում վեպն ու պատմվածքը փող չեն բերում, միայն` պիեսը կամ սցենարը: Եթե փող ունենայի, չէի գրի այդ սցենարները, առավել ևս, որ կինոարվեստի երկրպագու չեմ, կինոն շատ է կոլեկտիվ ու շատ է կախված տեխնիկայից: Չնայած սրան, «Լռության սիմֆոնիան» կինոյի սցենարի պատվերը ստանալով` ոգևորված էի, ինձ թվում էր` լինելու է ըստ իմ սցենարի ու իմ գաղափարի, բայց շուտ հասկացա, որ իմ սցենարն ընդամենը ցանց է, որի վրա կառուցվելու է ինձնից հեռու մի բան: Այնպես որ, լավ կլինի չդատենք իմ և իմ հերոսների մասին պատվերով, առավել ևս` համահեղինակությամբ գրված գործերով:

Վիոլետ– Դու նաև Գրողների միության գրական երիտասարդական թերթի խմբագիրն ես ու գործիդ բերումով շատ ես շփվում երիտասարդ գրողների հետ: Ճիշտն ասած, երբեմն ինձ վախեցնում են այդ թերթի որոշ նյութերում դրսևորված ագրեսիվ նացիոնալիզմն ու կրոնամիստիկական հայացքները: Ո՞նց է քո խմբագրած թերթը քո տեսակետներին այդքան հակադիր գործերով լցվում. գուցե այդ մտայնությամբ ստեղծագործողներն ավելի շատ են ու գերիշխող, և այլընտրանքը քի՞չ է:

Գուրգեն– Զարմանալի է, ջահելներն ավելի պահպանողական են, կրոնամոլ ազգայնամոլ, տաբուների գերի… Տասնութ տարեկան ջահել կա, խոսում է` ասես զառամյալ ծերունի խոսի հետդ: Գուցե այս նոր համակա՞րգն է նպաստում: Շատերն էնպես են գրում, կարծես իրենցից առաջ միայն երկու գրող են եղել` Սևակն ու Տերյանը, էն էլ` սխալ կամ մասնակի հասկացված: Դրա հետ` հավակնոտ են, պրագմատիկ, շատ են մտածում մրցանակների մասին, շատ ու շուտ: Բայց կա նաև էն լավ, ազատ, համարձակ մտածող տեսակը, որ նաև կարդացած է, տեղյակ: Մեր թերթը չունի թեմատիկ կամ ոճական ուղղվածություն, ոչ էլ նպատակ ունի միայն լավ գործեր տպագրել, նրա նպատակը մինչև երեսուն տարեկանների գրական ամբողջ սպեկտրը ներկայացնելն է: Թող տեսնեն, թե ինչ խմորումներ են գնում, նաև իրենք` հեղինակները, թող միմյանց տեսնեն` ով ինչ է անում, ինչպես է անում, թող վիճեն, քննարկեն, գուցե օգտակար լինի:

panorama.am

Show Comments Hide Comments

Leave a Reply

Your email address will not be published.