Հատվածներ կույսի օրագրից

01.09.1996թ. Այսօր առաջին անգամ գնացի համալսարան: Դեռ ոչ մեկի հետ չեմ ծանոթացել: Ոչ մի նորություն չունեմ: Երևի համալսարանում սովորելը ձանձրալի կլինի:

05.09.1996թ. Այսօր ես ծանոթացա մի աղջկա հետ: Նրա անունը Սվետա է: Պարզվեց, որ նա իմ հոսքից է: Վերջապես գտա մի մարդու, ում հետ 4 տարի սովորելու եմ: Նա մի քիչ գլուխգովան էր, բայց երևի լավ աղջիկ է: Ասեց, որ Ամերիկա է գնացել: Ինչ-որ ծրագրով էր գնացել, անընդհատ ասում էր, բայց տենց էլ կարգին չհասկացա՝ Ֆե՞քս, է՞քս, թե՞ Այրեքս:

27.09.1996թ. Այսօր ոչ մի հետաքրքիր բան չի եղել, բայց որոշել ենք գնալ Աղվերան: Դեռ պապային չեմ ասել, բայց Սվետան ասեց, որ եթե տնեցիք չթողնեն, ինքը կհամոզի:

28.09.1996թ. Վաղը հաստատ գնում ենք Աղվերան: Ես, Սվետան, մեր կուրսի Գոհարը, Սվետայի ընկերը իր երկու ընկերների հետ: Պապային ասեցի, որ Սվետայի ընտանիքի հետ եմ գնում: Մտածում էի, թե չի հավատա, բայց բան չասեց: Երևի ինքն էլ ա հոգնել անընդհատ ամեն ինչ արգելելուց:

30.09.1996թ. Այսօր շատ նեղվեցի: Սվետայի ընկերոջ ընկերը՝ Գուգոն, ոնց որ անասուն լինի: Էսօր մենակ էի մնացել հետը: Դե Սվետան ընկերոջ հետ էր, Գոհարը՝ Սերոբի, ես էլ ուզած-չուզած մնացել էի Գուգոյի հետ: Գուգոն էնքան էլ դուրս չէր գալիս: Բայց դե ընկերուհիներս ամենքը մի տղու հետ էին, ես էլ հո մենակ չէի մնա: Բայց զզվեցի դրանից, որովհետև հանկարծ ուզեց ինձ պաչի: Ես իրան ասեցի, որ ինձ սխալ աղջկա տեղ ա դրել:

15.10.1996թ. Մի տեսակ աընդհատ տխուր եմ, ուզում եմ գրել, բայց չեմ կարում:

20.11.1996թ. Անընդհատ պարապում եմ:

20.12.1996թ. Այսօր Սվետայի ծնունդն էր: Գուգոն էլ էր էկել: Բարիշեցինք:

03.03.1997թ. Այսօր Սվետայի հետ պետք ա գնայինք մարտի 8-ի համար մամաներին նվերներ առնելու: Սվետայի ընկերն ու Գուգոն էլ էին մեր հետ: Փողոցն անցնելուց Գուգոն ձեռքս բռնեց, որ ավտոյի տակ չընկնեմ: Լավ նվեր չգտանք, բայց ման եկանք, հետո գնացինք կաֆե: Շատ լավ օր էր:

10.04.1997թ. Այսօր Գուգոն ինձ առաջարկություն արեց: Ես չգիտեի՝ ինչպես ասեմ՝ հա, դրա համար ասեցի՝ կմտածեմ:

20.04.1997թ. Այսօր Գուգոյի հետ գնում էինք կինո: Փողոցն անցնելուց նա ձեռքս բռնեց, որ ավտոյի տակ չընկնեմ, բայց փողոցն անցնելուց հետո չթողեց:

04.05.1997թ. Այսօր անձրև եկավ: Տարօրինակ էր, ցերեկը շատ շոգ էր, իսկ երեկոյան անձրև եկավ: Գուգոն ինձ տուն էր տանում: Մենք անձրևի տակ էինք քայլում: Հանկարծ փողոցն անցնելուց կանգնեց ու ուղիղ նայեց վրաս: Ես մտածեցի, որ կհամբուրվենք: Չգիտես ինչու՝ միշտ պատկերացրել եմ, որ առաջին անգամ անձրևի տակ եմ համբուրվելու: Ինձ թվում էր, թե նայում ա, որ համբուրի, բայց չհամբուրեց:

24.06.1997թ. Օրերը մի տեսակ ձանձրալի են անցնում, արդեն սկսել ենք պարապել, բայց ահավոր հավես չունեմ:

25.07.1997թ. Շատ տխուր եմ:

04.10.1997թ. Այսօր Գուգոն ասեց, որ երբ մենք առաջին անգամ Աղվերանում ծանոթացանք, ինքը չէր պատկերացնում, որ հետո ընկերներ կլինենք: Ասաց, որ այն ժամանակ ինքն ուղղակի ուզում էր իմ հետ ժամանակ անցկացներ, բայց հետո տեսավ, որ ես կարգին աղջիկ եմ:

02.01.1998թ. Այսօր քեֆի էինք Սվետայենց տանը: Տղերքը մի քիչ խմել էին: Տուն գալուց Գուգոն ինձ համբուրեց: Ճիշտն ասած, ես գիտեի, թե հաճելի է համբուրվելը, բայց դա, պարզվում ա, որ էնքան էլ տենց չի: Չնայած կարող ա հետո դուրս գա:

03.03.1998թ. Այսօր շատ արևոտ եղանակ էր: Գուգոյի հետ գնացել էինք Սևան: Ուղղակի նստեցինք ափին ու նայում էինք լճին: Շատ գեղեցիկ էր: Ես շատ ուրախ էի, որ Գուգոն կողքիս ա, ոչ թե որ կողքիս ա հենց այդ պահին, այլ ընդհանրապես: Ես նրան շատ եմ գնահատում, նա ինձ իսկապես շատ ա սիրում: Ես շատ երջանիկ եմ, որ հանդիպել եմ իմ կեսին և, հավանաբար, երբ համալսարանը ավարտեմ,  կամուսնանանք:

19.10.1998թ. Անձրև ա գալիս: Ինձ մի տեսակ միայնակ եմ զգում: Լացս գալիս ա, չգիտեմ ինչու: Կարծես թե իմ կյանքում ամեն ինչ կարգին ա, բայց մեկ ա, ինձ միայնակ եմ զգում:

14.02.1999թ. Այսօր Գուգոյի հետ մենակ էինք տանը: Համբուրվում էինք: Նա հանկարծ ձեռքը տարավ բլուզկայիս տակ: Ուզեց լիֆս քանդի: Տեսա՝ չի կարում, ես քանդեցի: Նա հանեց այն: Բայց հանկարծ հետ քաշվեց ու ասեց, որ չի կարա տենց բան անի, որովհետև ինձ շատ ա հարգում ու սիրում: Ես այդ պահին նրան շատ էի ուզում, բայց ոչինչ չասեցի: Վախեցա, որ կմտածեր, թե փչացած եմ:

12.05.1999թ. Էսօր ընկերներով սրճարանում էինք: Գուգոն նորից պատմում էր, թե ոնց ա բանակում կամանդիրի թերթերը ցրել: էրեխեքին հետաքրքիր էր, բայց ես, ճիշտն ասած, էդ պատմությունը արդեն 26-րդ անգամ էի լսում: Արդեն ահավոր սպանվել եմ էդ պատմությունից ու շատ ուրիշ պատմություններից: Վերջերս ահավոր նյարդային եմ, անընդհատ Գուգոյի հետ կռվում եմ: Մի տեսակ նեղվում եմ, չգիտեմ ինչից:

18.08.1999թ. Արդեն մի շաբաթ ա, ինչ ես ու Գուգոն բաժանվել ենք: Ինձ ահավոր վատ եմ զգում, բայց մի տեսակ ոչ էլ ուզում եմ նորից հետը բարիշել: Չգիտեմ՝ ուզածս որն ա: Ինձ թվում ա՝ բոլոր մարդկանց ատում եմ:

22.10.1999թ. Այսօր շատ զվարթ տրամադրություն ունեմ: Վերջերս ծանոթացել եմ մի տղայի հետ, անունը՝ Սարգիս. արվեստագետ ա: Իմ սիրած ձեռքերից ունի՝ երկար ու ճկուն մատներով: Դուրս գալիս ա: Մեկ-մեկ նենց տարօրինակ բան եմ մտածում, ինձ թվում ա, որ մենք միասին ենք լինելու: Համ էլ մեկ-մեկ մտածում եմ, որ լավ ա, որ ես դեռ ոչ մի տղու հետ չեմ եղել, դրանից երևի Սաքոն իրան լավ կզգա:

25.10.1999թ. Սաքոյի հետ էլ բան դուրս չեկավ: Նա ինձ հրավիրել էր իրանց տուն: Ես գիտեի, որ մեր մեջ կարող ա ինչ-որ բան լինի, բայց հենց որ ինձ մոտեցավ, մի տեսակ չուզեցի: Չգիտեմ, կարող ա ես եմ ինձ էրեխու պես պահում, բայց մյուս կողմից էլ ընդամենը մի 10 օր է, ինչ իրան ճանաչում եմ: Բայց դե ո՞ր մի տղեն էնքան կհամբերի, մինչև աղջիկն իրան ընտելանա: Եթե նույնիսկ համբերի էլ, կարող ա  բացահայտի, որ էդ աղջիկը նամուսով աղջիկ ա, իսկ նամուսով աղջկա հետ նամուսով տղեն չի քնի:

21.05.2000թ. Էսօր ես ու Սվետան պարապում էինք պետականների համար: Սվետան ասեց, որ հոգնել ա տղերքից: Նա ասեց, որ եթե աղջիկ ունենա, ամեն ինչ կանի, որ նա շուտ սեքս չունենա, իր նման: Որովհետև հիմա, երբ իր տարիքի տղերքը նոր են ոգևորվում սեքսից, ինքն արդեն դրանից սպանվել ա:

28.09.2000թ. Էսօր ես ու մաման Սոնա տոտայենց հյուր էինք գնացել: Հարևանի աղջիկը բակում խաղալուց հանկարծ ընկավ ու ոտքը կոտրեց: Մաման ու Սոնա տոտան նրան հիվանդանոց տարան: Ես ու Դավոն մենակ էինք տանը, Մարկ Էնտոնի էինք լսում: Նա պատմում էր, թե իր ընկերներից մեկին մի աղջիկ ոնց ա խաբել: Ես էլ պառկած լսում էի: Դավոն նկատեց, որ տրամ չունեմ: Մոտեցավ ու հարցրեց, թե ինչ ա եղել: Ես էլ, ճիշտն ասած, անկախ ինձնից դրանից ավելի նեղվեցի, աչքերս լցվեցին, ասեցի, որ իրա ընկերը էշ ա, ու որ ինքն էլ ա էշ, ու սաղ տղերքը էշ են:

Չգիտեմ ինչի տենց ասեցի: Ինքն էլ չգիտեմ ինչ մտածեց, բայց ինձ գրկեց, սկսեց համբուրել: Ուզում էր շալվարիս գոտին քանդել: Ես ուզեցի օգնեմ, բայց հանկարծ նա կանգ առավ: Հիշեց, որ մենք մանկության ընկերներ ենք, որ մեր ծնողները ևս ընկերներ են, և որ ինքը անասունի մեկն ա: Ես ոչինչ չասեցի: Կոճկվեցի և գնացի նստեցի սենյակի մյուս ծայրին դրված բազկաթոռի մեջ: Այնտեղից ավելի լավ էր երևում Դավոյի ինքնախարազանումը: Ես իհարկե կարայի իրան հանգստացնեի, ասեի, որ շատ դարդ չանի, մեր մեջ առանձնապես բան չեղավ, բայց էդ պահին մտածեցի, որ անարդար չի լինի, եթե ամեն ապուշ իր ապուշությունից տառապի:

Եթե ես ամուսնանամ, պետք է խնդրեմ, որ կարմիր խնձորը ուղարկեն ոչ թե տնեցիքիս, այլ էն տղերքին, ում հետ մոտիկ եմ եղել, ու ովքեր տենց հոգատարությամբ պահպանել են իմ կուսությունը:

01.02.2001թ. Ես արդեն 2 շաբաթ է՝ հանդիպում եմ մի թուրքահայ պատմաբանի հետ: Նա ինձ դուր է գալիս: Ես մտածում եմ՝ երևի լավ է, որ ես ոչ մի տղայի հետ չեմ եղել: Դա երևի նրան կշոյի:

Երեկոյի գույներից մեկը

Վալերիկը սրբեց վերջին ափսեն և դրեց մյուսների վրա: Ուշադիր հայացք գցեց ափսեների 3 շարքի վրա էլ, որպեսզի համոզվի, որ ամեն ափսե իր ճիշտ տեղում է:

Ժամը 19:15 էր:

Բացեց բաժակների դարակը: Բոլոր բաժակները շրջված էին, պոչերը՝ դեպի ձախ: Միայն մեկի պոչն էր մի քիչ դեպի աջ: Դա էլ շտկեց: Նայեց վարագույրին, պատին կախված նկարին, աթոռներին: Ամեն ինչ ուղիղ էր, ամեն ինչ ճիշտ տեղում էր, ամեն ինչ կարգին էր: Հիշեց, որ արդեն երկու օրն անցել է: Հիմա ծաղիկների վրա ահագին փոշի կլինի նստած: Մոտեցավ դրանց, բայց հիասթափված նկատեց, որ մայրն արդեն մաքրել է բոլոր տերևները:

Ժամը 19:35 էր:

Դեռ ահագին պետք է սպասեր մինչև 11-ը: Վալերիկը կրկին նայեց շուրջը: Մնում էր վերջին գործը՝ սուրճ աղալ: Միշտ խնդրում էր մորը հատիկավոր սուրճ գնել, որպեսզի ինքն աղա: Բացեց դարակը, նայեց աղացած սուրճով լցված մեկլիտրանոց տարաներին, վերցրեց հատիկավոր սուրճի տոպրակը և հատիկները զգուշությամբ լցրեց աղացի մեջ:

Ժամը 19:42 էր:

Նստեց բազմոցին և սկսեց դանդաղ աղալ՝ ուշադիր լսելով, թե ինչպես է սրճաղացի ատամների տակ կոտրվում սուրճը: Մտածում էր այն հատիկների մասին, որոնք դեռ չէին հասել ատամներին և չգիտեին, որ շուտով իրենք էլ են փշրվելու: Պատկերացրեց, թե ողջ աշխարհը սրճաղաց է, և մի հսկա, բազմոցին նստած, սուրճ է աղում:

Ժամը 19:59 էր:

– «Շուտով 8-ը կդառնա: Դեռ 3 ժամ կա»: Վալերիկը միացրեց հեռուստացույցը: Հերթով սեղմեց բոլոր կոճակները: Թողեց գովազդի վրա: – «Մաման ո՞ւր ա: Գոնե նարդի կխաղայինք»: Այսօր հետաքրքիր բան էր տեղի ունեցել: Նա արդեն 36 տարի է, ինչ աշխատում է գնումների վարչությունում: Ընդունում է վարչության շենքի կոմունալ պայմանների մասին աշխատողների բողոք-դիմումները և դրանք ուղարկում համապատասխան հարցերով զբաղվողներին: Այսօր մի դիմում-բողոք է ստացել շենքում մկների առկայության մասին: Տարօրինակ է, որ աշխատողները միայն վերջերս են դա նկատել: Ինքն աշխատում է նկուղային հարկում և այնտեղ շատ հաճախ է մկներ տեսել: Բայց երևի դրանք նոր են բարձրացել վերևի հարկեր, դրա համար էլ մարդիկ նոր են սկսել գրել: – «Լավ կլինի, որ էդ գործին շուտ ընթացք տան: Մուկ սատկացնողները որ գան, հենց մեր հարկում են աշխատելու, հետաքրքիր կլինի»:

Ժամը 20:26 էր:

Հեռուստացույցով տեսահոլովակ էին ցույց տալիս: – «Հետաքրքիր ա՝ էս արտասահմանում բոլոր աղջիկներն ե՞ն սիրուն, սենց, մի տեսակ տկլոր: Երևի դրանց տղամարդիկ էլ են ուրիշ»: Փորձեց հիշել իր շրջապատի կանանց: Տիկին Թամարն իրենց վարչության գանձապահներից մեկն էր: Կողքի սենյակում էր աշխատում: Երբեմն, իր սենյակի կողքով անցնելիս, երբ դուռը բաց էր լինում, ասում էր՝ այ մարդ, էլի սկվազնյակի վրա ե՞ս նստել, պատուհանդ փակի, մեջքդ կբռնվի:

Ժամը 20:43 էր:

Վալերիկը նայեց Բիյոնսեին և կրկին փորձեց նրան համեմատել իր շրջապատի կանանց հետ: Տիկին Թամարը կարճահասակ, գեր կին էր: Ուներ մեծ կուրծք, որը փորի տեղում էր, փորը, փոխարենը, իջել էր ծնկների վրա: Ամբողջ մարմինը ներքև էր թափվում: Երևի այդ ծանրությունն էր, որ ստիպում էր նրան աշխատավայրում հողաթափեր հագնել: – «Չէ, հայ կանայք արտասահմանի կանանց նման չեն, երևի դրա համար էլ Հայաստանում լավ երգիչներ չկան»:

Ժամը 20:51 էր:

– «Հեսա 9-ը կդառնա: Դեռ էրկու ժամ կա մինչև 11-ը»,- սրճաղացի պոչը սկսեց հեշտությամբ պտտվել, երևի սուրճը վերջանում էր,- «Մաման երևի Պերճիկենց տանն ա: Երկար կմնա՞: Տենաս՝ մաման որ մահանա, ո՞նց կլինի: Մի քանի օր ահագին զբաղված կլինեմ: Տանը երևի մարդիկ կլինեն: Առևտուր անելու գործ կլինի, պետք կլինի գերեզմանոցում հող վերցնել: Սաղ ես կանեմ, չեմ թողնի, որ ինձ օգնեն: Ահագին ժամանակ զբաղված կլինեմ: Բա հետո՞, որ թաղումը, յոթը վերջանա՞: Ի՞նչ կանեմ: Քառասունքին կպատրաստվեմ: Էլի ահագին գործ կլինի: Բա քառասունքից հետո՞: Քառասունքից հետո տարի կա: Իսկ հետո՞: Իսկ հետո՞: Հետո կամուսնանամ: Նրա մտքում լսվեց նաև մեկ ուրիշ ձայն. «Իսկ մամադ քեզ ինչո՞վ ա խանգարում, հիմա ամուսնացի»: Բայց այս ձայնի վրա նա ուշադրություն չդարձրեց: – «Ո՞ւմ հետ կամուսնանամ: Մեկի հետ կամուսնանամ: Տիկին Թամարի: Ո՞նց: Դե, մի օր որ գա ասի՝ այ մարդ, էլի սկվազնյակի վրա ե՞ս նստել, վեր կկենամ, կմոտենամ դռանը և կասեմ՝ ներս եկեք, տիկին Թամար:

– Ներս գամ՝ ի՞նչ անեմ:

Սա այն ձայնն էր, որի վրա նա ուշադրություն չէր դարձնում:

– Սուրճ կխմե՞ք, տիկին Թամար:

– Չէ, շնորհակալություն, ճնշումս բարձր ա:

– Թան կխմե՞ք:

– Թա՞ն որտեղից,- ասաց արհամարհված ձայնը:

– Կխմեմ, Վալերիկ ջան:

Ժամը 21:28 էր:

Աչքն ընկավ գրադարակներից մեկին: Բոլոր գրքերը միևնույն բարձրության էին՝ բացառության մեկի: Սա մի քիչ ավելի բարձր էր և դուրս էր պրծնում մյուս գրքերի ուղիղ շարքից: Նկատելով սա՝ Վալերիկը սեղանին դրեց սրճաղացը, մոտեցավ գրադարակներին և հանեց ցից գիրքը: Դրա համար պետք էր նոր տեղ գտնել: Նա դանդաղորեն անցկացրեց այն մյուս գրքերի շարքով, պահեց յուրաքանչյուրի կողքին, համեմատեց յուրաքանչյուրի հետ: Վերջապես տեղավորեց այն և վերադարձավ բազմոցի մոտ:

Ժամը 21:46 էր:

Հիշեց, որ սրճաղացի պոչը վաղուց շատ հեշտությամբ է պտտվում: Որոշեց էլի սուրճ լցնել:

Ժամը 21:59 էր:

– «Մի ժամ ա մնում: Մաման գոնե տանը լիներ՝ նարդի խաղայինք: Տեսնես, ես որ մահանամ, ի՞նչ կանի: Մի քանի օր զբաղված կլինի: Մեր վարչությունից մարդիկ կգան, տիկին Թամարը կգա: Էդքանին պետք ա ընդունի: Առևտուր անելու գործ կլինի: Պետք ա հող վերցնի: Բայց էդ երևի Ժոռան կանի: Բա թաղումից հետո՞, ի՞նչ կանի: Տները կհավաքի: Սփռոցները կլվանա, կարդուկի: Էդքան մարդուց հետո ահագին գործ կլինի: Էդ ընթացքում էս ծաղիկների վրա էլ ահագին փոշի նստած կլինի, մենակ դրա մաքրելը մի կես ժամ կտևի:

Ժամը 22:14 էր:

– «Կամաց-կամաց սկսեմ պատրաստվել: Գնամ լվացվեմ: Տեսնես նենց օճառ կա՞, որ ավելի հեշտ ա լվացվում: Տիկին Թամարը ի՞նչ ա անում, երբ օճառը շատ ա փոքրանում: Հետաքրքիր ա՝ մամայի նման հավաքում ա՞, թե՞ թափում: Երևի հավաքում ա, գունավոր փոքր օճառներ, փռում ա արևի տակ, որ լավ չորանան, հետո գունավոր օճառները լցնում ա բանկայի մեջ, թափ թալիս, հաջորդ ամառ նորից լցնում ա թերթի վրա, արևին տալիս»:

Ժամը 22:27 էր:

– «Մի կես ժամ ա մնացել: Շորերս արդեն սկսեմ փոխել: Երևի մամային չեմ սպասի, դուռը բաց կթողնեմ, կգա, տուն կմտնի»:

Ժամը 22: 35 էր:

– «Մինչև 11-ը դեռ 25 րոպե կա, բայց երևի չսպասեմ: Հեսա 11-ն ա լինում: Թե՞ մի քիչ էլ նստեմ: Տեսնես գոնե մյուս շաբաթ մուկ սատկացնողները կգա՞ն: Հետաքրքիր ա, ես չեմ կարա՞ էդ մկներին վերացնեմ: Տենաս դրանք խի՞են արագ բազմանում: Մկան էգը ո՞նց կարելի ա որձից տարբերել: Որ գետնին պամադա գցած լինի, տեսնես էգը շուտ կմոտենա՞, թե՞ որձը»:

Ժամը 22: 37 էր:

– «Դե լավ, արդեն գնամ: Մինչև անկողինս բացեմ, մինչև պառկեմ՝ արդեն 11-ը կլինի»:

Կրկին

առաջին ժամադրություն

Արփին պատրաստվում է ժամադրության

Արփին դուրս եկավ լոգարանից և գնաց խոհանոց՝ իրենց տան ամենալուսավոր տեղը: Նա որոշեց այդտեղ շպարվել, որպեսզի տեսնի, թե ինչ տեսք է ունենալու արևի լույսի տակ:

Նայեց փոքր շրջանաձև հայելու մեջ և նկատեց, որ այս անգամ ևս չէր կարողացել խուսափել կանացի օրերին մաշկին հայտնվող դուրստվածներից: Առաջին պրոբլեմն արդեն ակնհայտ էր. պետք է փորձեր դրանք թաքցնել տոնային քսուքի տակ: Որքան չէր սիրում ամռան շոգին քսել այդ քսուքները, բայց այլ ելք չուներ, չէր կարող տղայի հետ ժամադրության գնալ դուրստված դեմքով. գոնե ոչ առաջին ժամադրությանը: Որպես կանոն ինչ-որ տղայի հետ առաջին անգամ հանդիպելիս Արփիին թվում էր, թե նա գիտի իր բոլոր թերությունները և ուշադիր դրանց է նայում: Արփին իհարկե հասկանում էր, որ իրականում դա իրեն միայն թվում է, բայց, այդուհանդերձ, փորձում էր ամեն ինչ անել հանդիպմանն ինքնավստահ լինելու համար:

Արփին արդեն վարպետորեն դեմքին էր քսել մաշկը խոնավեցնող քսուքը, վրայից՝ արևից պաշտպանողը և, ի վերջո, այդքան ատելի տոնայինը: Իսկապես որ մեծ հմտություն է պահանջվում՝ այդքան բան քսել դեմքին և այնպես, որ չերևա, թե ինչ-որ բան է քսված:

Աչքերը ներկեց բաց վարդագույն, որն իր դեմքին եթերային փայլ էր տալիս ու նրբացնում: Այնուհետև աչքերի եզրագծերն ընդգծեց սև մատիտով: Այս անգամ էլ որոշել էր աչքերով գերել: Նա գիտեր, որ տղաներին դուր է գալիս դրանց անկեղծ թափանցիկությունը: Միայն թե Վահագնն իրեն այնքան դուր գա, որ ինքը կարողանա նայել նրա աչքերի մեջ և ցույց տա իր աչքերը:

Արփին վերցրեց տուշը: Ներկելով թարթիչները՝ մտածեց, թե ինչքան լավ է, որ տղաներն ասում են՝ աչքերդ գեղեցիկ են, ու նրանց մտքով չի անցնում ասել՝ ինչ լավն է տուշդ:

Շրթներկն Արփին միշտ վերջում էր քսում. «Այսօր որքա՞ն վառ քսեմ»:

Ամռան շոգին, իհարկե, հագեցած գույները տհաճ են, դրանք ծանր են, կարող են հալվել ու լղոզվել: Մյուս կողմից՝ Արփին գիտեր, որ բաց երանգներն իրեն շատ քնքուշ տեսք են տալիս, իսկ անծանոթ մարդու հետ հանդիպել իր բնական քնքշությամբ, անպաշտպան, առանց կարմիր շրթներկի ագրեսիվության, մի տեսակ դժվարանում էր. «Թող չմտածի, թե երեխա եմ»:

Արփին նայեց ժամացույցին. «Լավ, որոշեմ՝ ինչ եմ հագնելու, շրթներկը հետո կքսեմ»: Անցավ ննջասենյակ ու բացեց պահարանը. «Կարող ա՞ հանկարծ որոշի կաստյումով գալ: Տղեքը տենց ահավոր սովորություն ունեն. որ ուզում են լավ տպավորություն թողնեն, կաստյում են հագնում: Ինչ անհեթեթ կլինի, եթե ես հագնեմ էս սպորտային մայկան, իսկ նա կաստյումով գա: Իսկ եթե հետն էլ որոշի ծաղիկներ բերել»…

Արփին սարսափեց այն մտքից, որ իրենց առաջին ժամադրությանը Վահագնը կարող է գալ կոստյումով, փողկապով և ծաղկեփնջով: Այդ դեպքում ինքն արդեն ուզած-չուզած պետք է հաշտվի այն մտքի հետ, որ դա «լուրջ և պաշտոնական ժամադրություն է», երբ ինքն արդեն պարտավոր է անվստահ լինել, երբ ինքն արդեն այլ ելք չունի, քան անկարևոր բաների մասին խոսելը, երբ ինքը պետք է անպայման ամաչի անիմաստ հարցուպատասխանների արանքում առաջացած անհարմար լռությունից: Էլ չասած, որ ինքն այդ շոգին ստիպված պետք է քարշ տա այդ ծանր ծաղկեփունջը, որը հավանաբար մի ահավոր ցախավել կլինի՝ փաթաթված ինչ-որ անճաշակ գիշերանոցով: Այս հեռանկարից կանացի օրերի թուլությունն ու փորի ցավն ավելի ուժեղացան:

-«Կարող ա՞ չգնամ: Բայց մյուս կողմից՝ կարող ա շատ էլ հետաքրքիր տղա լինի: Համենայն դեպս, «Ադնակլասնիկիում» շփվելիս հետաքրքիր էր երևում»:

Արփին խոր շունչ քաշեց՝ փորձելով հավաքվել և հուսադրվել. «Երևի էս օրերից ա, որ էսքան ներվայնանում եմ»:

Այս օրերը կանանց համար մի կողմից տառապանք են, բայց մյուս կողմից կարծես փրկություն են այն առումով, որ ցանկացած վատ տրամադրություն, ցանկացած ներքին անհամերաշխություն կարելի է դրանց վրա բարդել: Դա մի կողմից կնոջ համար վերացնում է կարիքը խորասուզվելու իր ներսը, պարզելու, թե իր հետ ինչ է կատարվում, հասկանալու, որ իր կյանքում գուցե ինչ-որ բան այնպես չէ: Բացի այդ ամեն բան կարելի է բարդել «ամենայն կանացի պատճառի» վրա՝ դրանով իսկ ստանալով հոգեկան խռովության մոտալուտ ավարտի երաշխիք:

Արփին նայեց հայելու մեջ: Հագել էր այն բլուզը, որի մեջ իրեն հանգիստ էր զգում: Բայց դրա բացվածքը մի քիչ մեծ էր ու շատ էր ընդգծում կուրծքը, որն այդ օրերին դավադրաբար մեծացել էր:

Հիշեց, որ տղաները, պարզապես հարցնելու փոխարեն, սիրում են աղջիկների հետ կապված ինչ-որ հարցերի պատասխաններ գուշակել նրանց արտաքին տեսքից կամ կեցվածքից: Ո՞վ գիտի՝ մտքում ինչ հարց պահած կլինի Վահագնը, երբ աչքն ընկնի իր բաց կրծքին: «Մի՞թե չի կարելի մարդու հետ պարզապես շփվել. խոսել, գրկել, հասկանալ, ապրել»: Արփին հանկարծ զգաց, որ դեռ Վահագնին չհանդիպած՝ արդեն բարկանում է նրա վրա:

– «Կարող ա՞ հանկարծ պարզվի, որ շատ գեշ ա: Չէ՛, էլի, աստված ջան: Մենակ թե շատ գեշ ու կոլոտ չլինի: Մենակ թե տափակ անեկդոտներ չպատմի. էն որ մի կերպ ժպտում ես, որ իրան վատ չզգա: Մենակ թե էն ապուշ տարածների հարցերից չտա՝ ինչ է քեզ համար սերը:

Արփին զգաց, որ եթե նույն ոգով շարունակի, Վահագնին կատի՝ առանց նրան տեսնելու: Այդ ատելության դեմն առնելու համար նա իրեն կրկին հիշեցրեց իր կանացի օրերի մասին, և որ Վահագնն այնքան էլ անծանոթ չէ, որ իրենք ինտերնետով իրար հետ խոսել են:

Վերջապես Արփին որոշեց հագնել իր կանաչավուն վերնաշապիկը: Վերցրեց կանաչ կրծկալը, որն իդեալականորեն համապատասխանում էր այդ վերնաշապիկի կարվածքին, բայց հանկարծ իրեն թվաց, թե այն շատ գեղեցիկ է ու գրավիչ:

-«Եթե սա տեսնի, կմտածի, թե հատուկ եմ հագել, որ իրան դուր գամ:  Բայց ինչի՞ պետք ա տեսնի: Դու հո չե՞ս պատրաստվում հանվել: Դու քո 21 տարվա կյանքում 6 տղայի հետ ես հանդիպել: Երևի ընդհանուր 66 ժամադրության գնացած կլինես, բայց էդ 66-ից ընդամենը 2-ի դեպքում ա, որ լիֆիդ ընտրության վրա մտածելը անիմաստ չի եղել, էն էլ՝ էդ էլ չես կարա ասես: Հիմա ինչքա՞ն ա հավանականությունը, որ էսօր էն դեպքն ա, որ լիֆի ընտրության վրա արժի մտածել: 0.1 տոկոս»:

Այդ թիվն էլ Արփին որոշեց միայն այն պատճառով, որ գիտեր՝ հավանականությունների տեսության մեջ 0 տոկոս հավանականություն ասել չի կարելի, ինչպես չի կարելի թիվը բաժանել 0-ի:

Այնուամենայնիվ, որոշեց փոխել կրծկալը: Հագավ մի սպորտային մոդել, որը նույնպես իրեն շատ գրավիչ էր դարձնում:

– «Միայն թե չպարզվի, որ նա շիկահերների ա սիրում»:

Այդ դեպքում Արփին այդքան չէր նեղվի նրանից, որ ինքը շիկահեր չէ, որքան որ Վահագնն այդքան անճաշակ է, իսկ ավելի շատ, որ նա նման մանրուքների վրա ուշադրություն է դարձնում:

Արփին հանկարծ պատկերացրեց, որ Վահագնը, այդուհանդերձ, շիկահերների է սիրում, ավելին, որ իրեն չի հավանել, իսկ ինչն ավելի վատ էր, դա չի թաքցնում: Ստամոքսի շրջանում զգաց մի ծանոթ զգացում, վախի պես մի բան՝ իսկ եթե իրեն նեղացնի՞: Սա այն զգացումն էր, որի հայտնվելուն պես Արփին արդեն պատրաստ էր հրաժարվել տղաների հետ ապագա բոլոր հանդիպումներից: Բայց դե ինչքան լավ է, որ կան այդ կանացի օրերը:

Արփին արդեն հագնված էր: Փորձել էր ընտրել այնպիսի հագուստ, որը և՛ հարմար էր, և՛ համապատասխանում էր գրեթե բոլոր միջավայրներին: Այդ հագուստով նա իրեն հանգիստ կզգար՝ ուր էլ գնալու լինեին:

– «Հետաքրքիր է՝ ուր կգնանք: Կարող ա՞ հանկարծ բար հրավիրի: Մի կողմից լավ կլինի՝ դեմքիս դուրստվածը չի էրևա, բայց մյուս կողմից՝ ինձ այնքան էլ հանգիստ չեմ զգա: Տղաները սովորություն ունեն մութ վայրերում խոսակցություններից կամաց-կամաց անցնել օրակարգի մյուս կետերին: Իսկ եթե հանկարծ որոշի գրկե՞լ ինձ»:

Արփիի համար այդքան ծանր չէր գրկված լինելու հեռանկարը, որքան այն լարված անորոշությունը, որ չգիտես՝ կարող ա՞ դիպչի, իսկ կարող ա՞ արդեն դիպչում ա, իսկ դու չես զգում, իսկ եթե դիպչում ա, հիմա դու ի՞նչ անես, իսկ քեզ դուր ա՞ գալիս, իսկ հիմա մտքում ի՞նչ հարց ա պահել, և դու ի՞նչ անես, որ արածդ այնպիսի պատասխան չլինի, որ հետո նեղվես:

Փորձեց ինքն իրեն հանգստացնել. «Եթե ինչ-որ բան դուրդ չգա, նույն պահին կարաս ասես, որ շատ գործ ունես, որ պետք ա գնաս»:

Այդ մտածելիս Արփին վերհիշեց այն զգացումը, որն առաջանում է, երբ մարդն ինքն իրեն ասում է՝ այս մեկն էլ Նա չէր, Նա չէր, ով «նախատեսված» է ինձ համար, իսկ որտե՞ղ է Նա, իսկ Նա այս աշխարհում ընդհանրապես գոյություն ունի՞, թե՞ այնքան է հոգնել ինձ փնտրելուց, որ մենակությունից իրեն կամուրջից ցած է գցել»:

Արփին հասկացավ, որ այս անգամ էլ հույս ունի, թե Վահագնը կարող է հենց Նա լինել, Նա, ով, ո՛չ բարձրահասակ է, ո՛չ ցածրահասակ, ո՛չ շիկահեր է, ո՛չ սևահեր, ով պարզապես այն մարդն է, ում կողքին դու քեզ լավ ես զգում, ում կողքին գու գեղեցիկ ես, ում կողքին դու տանն ես: Գուցե Վահագնը հենց այն մարդն է, ում ինքն ամեն օր տեսնելու է իր ապագա տան լուսավոր խոհանոցում առավոտյան սուրճի բաժակը ձեռքին դեսուդեն շրջելիս: Գուցե Վահագնը հենց այն մարդն է, ում հետ ինքը շաբաթ-կիրակի օրերին նայելու է «Կենդանիների աշխարհում» հաղորդումը: Գուցե մի օր ինքը կատաղությունից հենց Վահագնի դեմքին է կոտրելու իրենց նկարի շրջանակը: Իսկ հետո շնորհակալ է լինելու ընկերներին, որ մետաղից կամ քարից շրջանակ չէին նվիրել:

Բայց ոչինչ, եթե այս անգամ էլ պարզվի, որ նա Նա չէ: Այս դեպքի համար Արփին ինքն իրեն խոստացավ իր ամենասիրելի սփոփիչ նվերը. «Վահագնին հրաժեշտ տալուց հետո միանգամից կմտնես DVD-ների խանութ, մի հատ լավ կինո կառնես կենդանիների մասին, լիքը համով բաներ, կգաս տուն ու կինո կնայես: Իսկ երեկոյան կհանդիպես ընկերուհիներիդ ու կպատմես՝ ինչ դժբախտ ես: Նրանք քեզ կսփոփեն: Դու էլ ուզած-չուզած կսփոփվես. հո չես թողնի, որ նրանց ջանքերն իզուր անցնեն»:

Այս հեռանկարն Արփիին ավելի քան հանգստացրեց, արդեն նույնիսկ չգիտեր, թե ո՛րն է ուզում. հավանել Վահագնին ու հրաժարվել ֆիլմից ու ընկերուհիների սփոփանքի՞ց, թե՞ հակառակը:

Արդեն հագնված էր: Մնում էր միայն մազերը սանրել ու վազել, որովհետև ուշանում էր:

– «Մենակ թե անդուր չլինի, մենակ թե ահավոր գեշ չլինի, մենակ թե շատ կոլոտ չլինի, մենակ թե չպարզվի, որ գիժ ա, մենակ թե լոխ չլինի»:

Հետո մտածեց, որ պետք է, այնուամենայնիվ, իրեն տրամադրի վատագույնին: Գիտեր, որ տղաները շատ լավ էակներ են, երբ նրանցից ոչինչ չես ակնկալում: Փորձեց մտովի հաշտվել այն հեռանկարի հետ, որ կարող է տեսնել մի ահավոր տգեղ ու անհեթեթ արտաքինով տղայի, ով իր հետ հանդիպման է եկել դեղին զապառոժեցով, ով իրեն նկատելով ընդառաջ է գալիս, ամուր գրկում, համբուրում, իրեն հրավիրում է մի փոշոտ լահմաջուանոց, հետո հանկարծ համոզում է այդ սխտորաբույր լահմաջուանոցում իր հետ պարել:

Ավելի ահավոր ժամադրություն Արփին պատկերացնել չէր կարող: Այժմ նրան հուսադրում էր այն, որ կյանքում ոչինչ պատկերացրածի պես չի լինում:

Արդեն սեղմել էր վերելակի կոճակը, երբ հիշեց, որ այդպես էլ շրթներկ չքսեց: Բայց չվերադարձավ: Հոգու խորքում հույս ուներ, որ Վահագնը Նա է: Իսկ Նրա համար կարևոր չէ ո՛չ իր շրթներկը, ո՛չ իր կրծկալը, ո՛չ իր դեմքի դուրստվածը, որովհետև Նրա համար կարևոր է Ինքը՝ նա, ում Արփի են ասում:

Վահագնը պատրաստվում է ժամադրության

Վահագնը դասից տուն եկավ: Գիշերը մինչև ժամը 4-ն արթուն էր եղել. ընկերների հետ Երևանի սրճարաններից մեկում ֆուտբոլ էին նայել: Քունը շատ էր տանում: Երեկվա խմած գարեջուրն էլ դեռ իր ազդեցությունը պահպանում էր: Ինչ հաճելի է ֆուտբոլ նայելն ու լիտրերով գարեջուր խմելը, բայց դրանից հետո ինչ ահավոր է առավոտյան կանուխ արթնանալն ու քննության գնալը: Վահագնը նայեց ժամացույցին, որ տեսնի՝ կհասցնի՞ մինչև ժամադրությունը մի քիչ քնել: Չէր հասցնի. դեռ պետք է սափրվեր:

Վահագնը սովորաբար սափրվում էր երկուշաբթի օրը, դասի գնալուց առաջ, իսկ հետո՝ յուրաքանչյուր երկրորդ օրը, որովհետև մազերն արագ էին աճում: Նա շատ էր սիրում ուրբաթ օրը, երբ երկու օր կարող էր չսափրվել: Եվ եթե շաբաթ կամ կիրակի ստիպված էր լինում սափրվել, շատ էր նյարդայնանում. «Վաղը չէ մյուս օրն էլ կիրակի ա: Պետք ա էդ գործով գնամ: Չեմ սիրում էլի շաբաթ-կիրակի թրաշվել: Գոնե էսօր չթրաշվեի: Բայց չեմ կարա: Սենց որ գնամ, կարող ա նենց նայի, որ տրամադրությունս ընկնի: Էս ինչ թարս օր եմ պայմանավորվել: Որ պայմանավորված չլնեի, հիմա կպառկեի, կքնեի»:

Վերցրեց հայելին ու պատշգամբում ուշադիր զննեց դեմքը, որ տեսնի՝ արդյոք ինչ-որ հատվածներ չսափրված չի՞ թողել: Այս անգամ էլ դեմքի վրա կային անդուր կտրվածքներ. ոնց չէր սիրում, որ սափրվելիս մաշկը կտրում էր: Անձեռոցիկից պոկեց մի քանի փոքր կտորներ ու կպցրեց արյունոտ կետերին:

Խոհանոցում բարձրացնելով պղինձների կափարիչները՝ մտածում էր՝ տա՞նն ուտի, թե՞ սրճարանում: Պղինձներում գրավիչ բան չգտավ, բայց, այդուհանդերձ, որոշեց խնայել փողերը և հաց ու երշիկ ուտել:

-«Կարող ա՞ Տյոմից ավտոն վերցնեմ: Չէ՛, հըլը չգիտեմ՝ ով ա, ինչ աղջիկ ա, ի՞նչ վիզ դնեմ: Հենա Լուսոյի համար էդքան բան արի, վերջում ասեց՝ քուր ու ախպեր մնանք: Չէ՛, եթե պետք ըլնի տաքսիով կճանապարհեմ»:

Հիշեց, որ 13 տարեկանում, երբ կյանքում առաջին անգամ աղջկա հետ ժամադրության էր գնացել, ծաղիկներ էր տարել. «Աղջիկները տենց անիմաստ բաներ շատ են սիրում՝ ծաղիկներ, փափուկ խաղալիքներ: Ու ինչքան մեծ, էնքան լավ: Էդ պետք ա, որ շրջապատում սաղ իմանան, թե իրանց էդ տղեն ինչքան ա սիրում: Բայց որ հանկարծ հարցնի՝ ինձ ինչքա՞ն ես սիրում, ու դու էլ ասես՝ մի մետրանոց խաղալիքի չափ, անպայման կնեղանա: Մեկ-մեկ սկի չես հասկանում ուզածներն ինչ ա»:

Վահագնը, հիշելով իր առաջին ժամադրությունը, ինքն իր վրա զարմանում էր, թե ինչպես էր ծաղկեփունջը ձեռքին Մասիվից հասել Կենտրոն: Հիմա մի տեսակ ամաչում էր ծաղկեփունջ բռնելուց, չգիտեր ինչպես պահել՝ գլուխները վերև՞, թե՞ ներքև: Փորձում էր հիշել, թե ծաղկեփունջը տալիս ինչ էր ասել՝ վերցրո՞ւ, ա՞ռ, թե՞ ոչինչ չէր ասել: Չէր հիշում: Բայց դրանից հետո, այն մի քանի դեպքերում, երբ ինչ-որ աղջկա որոշել է ծաղիկներ նվիրել, ընկերներից մեկին է խնդրել դրանք տանել: Հետո մտածեց, որ ծաղիկներ նվիրելն, այնուամենայնիվ, հաճելի բան է, երբ աղջիկն իսկապես դուր է գալիս:  2 տարի առաջ, երբ սիրահարվել էր Լուսինեին, մի օր առավոտյան ժամը 10-ից մինչև երեկոյան 8-ը ողջ քաղաքը ոտատակ էր արել, որպեսզի գտներ ինչ-որ կանաչավուն կակաչներ: Այդպիսի կակաչներ Լուսինեն տեսել էր մի նկարչական ալբոմի վրա, երբ իրենք Վահագնի հետ մտել էին գրենական պիտույքների խանութ՝ Վահագնի համար դիսկ գնելու: Վահագնն արդեն չէր հիշում, թե ինչու էր որոշել Լուսինեին նվիրել հենց այդ ծաղիկներից, որոնք քաղաքում այդպես էլ չէր գտել: Կանաչավուն կակաչների փնտրտուքի օրը, երեկոյան, Վահագնին հաջողվեց միայն պարզել, որ Արարատի գյուղերից մեկում մի մարդ աճեցնում է ծաղիկներ, որոնց մեջ գուցե նման կակաչներ լինեին: Գիշերվա ժամը 10-ին Վահագնն ընկերոջ հետ գնաց այդ գյուղ: Այդ մարդն ուներ կակաչներ, որոնք լրիվ իր ուզածը չէին, բայց նման էին:

– «Էդքանից հետո ասեց՝ քուր ու ախպեր մնանք: Աղջկերքից բան չես հասկանա: Կյանքում չես իմանա՝ մտքներին ինչ կա. մի բան ասում են, մի բան անում են: Ո՞վ կմտածեր, որ էդքանից հետո Լուսոյի հետ տենց կստացվի»:

Վահագնը տեսավ, որ մայրը չէր արդուկել գծավոր վերնաշապիկը: Ուզած-չուզած պետք է դարչնագույն քառակուսիներովը հագներ:

– «Ո՞ւր գնանք: Հիմա որ գնամ ասեմ՝ ուր ես ուզում գնանք, ասելու ա՝ դու ասա: Էս աղջկերքն էլ համ սաղ քո որոշմանն են թողնում, համ էլ հետո, որ մի բանը չեն հավանում, նենց են դժգոհում, ոնց որ դու պտի գուշակեիր, թե իրանք ինչ էին ուզում: Եթե հանկարծ Արփին դուրս չեկավ, միանգամից գալու եմ տուն քնեմ: Եթե մի փոքր մուննաթով էղավ, եթե քիթը ցցած էղավ, իրան նստացնելու եմ տաքսի, ես գամ քնեմ»:

Հաշվեց իր մոտի դրամը: Պետք է, որ հերիքեր: Գիտեր, որ աղջիկները սրճարանում հիմնականում նույն բաներն են պատվիրում, հատկապես առաջին հանդիպման ժամանակ: Փողը պետք է որ բավականացներ, եթե նույնիսկ Արփին շատ էկզոտիկ նախասիրություններ ունենար, եթե նույնիսկ փորձեր հաշվարկել իր դրամապանակի պարունակությունը, եթե նույնիսկ որոշեր հասկացնել, որ իր հետ հանդիպելու համար պետք է փող ունենա: Այս մտքերից Վահագնին թվաց, թե քունն ավելի ուժեղ է սկսում տանել:

Սակայն անքնությամբ հանդերձ՝ իր շուրջը պտտվող տարատեսակ մտքերի մեջ Վահագնը նկատեց մեկը, որն իրեն դուր եկավ: Նա  հիշեց, որ իրենց ինտերնետային շփումներից մեկի ժամանակ Արփին ասել էր, որ բաստուրմայով ձվածեղ է սիրում: Այս հիշողությունը Վահագնին հանգստացրեց: Բաստուրմայով ձվածեղը կարծես հույս էր տալիս, որ Արփին ինչ-որ անհասկանալի, այլմոլորակային էակ չէ, նա կարող է նույնիսկ շատ բաներով իրեն՝ Վահագնին նման լինել: Մտքով անցավ, որ Արփին կարող է նույնիսկ շատ սովորական, ուրախ ու թեթև մարդ լինել: Վահագնն այնքան ոգևորվեց այդ մտքից, որ նույնիսկ փորձեց նրան նայել իր ծնողների աչքերով: Բայց ոչինչ չկարողացավ տեսնել, որովհետև ինքն էլ չէր ճանաչում նրան:

Դուրս գալուց առաջ վերջին անգամ նայեց հայելու մեջ, որպեսզի համոզվի, թե դեմքից պոկել է անձեռոցիկի բոլոր կտորները: Վերջին անգամ ստուգեց, արդյոք կոշիկների վրա չփայլող հատված չի՞ թողել: Զգաց, որ թեև քունը տանում է, բայց, այդուհանդերձ, հետաքրքրասիրությամբ և ինչ-որ հաճելի սպասումով է գնում ժամադրության:

Show Comments Hide Comments

Leave a Reply

Your email address will not be published.