Ուրիշ գլուխ գիլյոտինին թող մոտ չգա
– Գիլյոտինի բռնակն արագ կիջեցնես, որ գլուխը միանգամից պոկվի, չտանջվի:
Ես էլ էի փորձում հնարավորինս շուտ ազատվել քնածի գլխից: Ամեն վայրկյան կարող էր արթնանալ ու փախչել, իսկ այդ ժամանակ չեմ կարծում, թե Մարգայի համբերությունը կհերիքեր:
Վերջապես գիլյոտինի բռնակն ամբողջ ուժով իջեցրի, և գլուխն ընկավ: Ես սառնասրտորեն ջուրը բացեցի, պարանոցից ամբողջ արյունը լվացի:
Երբ անգլուխ մարմինը ամրացնում էի հերձման սեղանին, վերին վերջույթները դեռ շարժվում էին:
– Ռեֆլեքս է,- հանգստացրեց Մարգան:
Դա ինձ համար նորություն չէր: Հիշում եմ, թե ինչպես էր մեր նախկին զոհերից մեկը՝ առանց գլխուղեղի, աչքերի ու վերին ծնոտի, գրկել շտատիվը, որին ամուր ամրացված էր, ու փորձում էր փախչել ամեն անգամ, երբ ոտքը մտցնում էին ծծմբական թթվի լուծույթի մեջ: Այն ժամանակ համոզված էի, որ առանց գլխուղեղի մարմինը զգում էր ցավը: Այն ժամանակ դեռ լսում էի.
– ,Վա՜յ, ցավում է, չէ՞: Ի՞նչ եք ինձ ծակում… Բայց ի՜նչ զզվելին եք… Ուզում եմ փախչել… Թողե’ք ինձ, թե չէ կկծեմե
Սկսել էինք կանաչներից: Մի քանի տարի առաջ մեր մի կանաչ ու սառնարյուն ընկերոջը դեշալվարիզացիա անելուց հետո ստորին վերջույթին աղ էինք լցնում ու նայում, թե ինչպես է մկանը կծկվում: Չգիտեմ՝ ում էի քաշել, որովհետև մայրս, երբ մեր տան կողքի խանութից ձուկ էր գնում, որը խոհանոց մտնելուց մի տասը րոպե առաջ լող էր տվել խանութի ակվարիումում, երկար ժամանակ վախենում էր մոտենալ, մշակել. աղ անելիս ձուկը ցնցվում էր, շարժվում. ասես կենդանի լիներ:
Առաջ, երբ կարծում էի, թե գլխատված մարմինը ցավը զգում է, հեռու կանգնում ու խուսափում էի որևէ միջամտությունից: Դասախոսս նկատել էր:
– Քո գիտելիքները միայն տեսական են, գործնական չկա: Դու լավ մասնագետ չես դառնա: Երևի կմնաս որևէ տեսական ամբիոնում:
Ես հաշտվել էի այդ մտքի հետ: Արդեն մտածում էի, թե որ տեսական առարկան է ավելի լավը, մինչև մի օր հոգեբանության դասախոսս, առանց որևէ բան իմանալու ծծմբական թթվի լուծույթից փախչող անգլուխի մասին, ոգևորեց.
– Դու լավ մասնագետ կդառնաս:
Չէի ուզում հավատալ. ինձ ինչ-որ տեղ ձեռք էր տալիս մասնագիտությունիցս հրաժարվելը, որ ընտանիքիս ապացուցեմ՝ ինձ սխալ տեղ են ուղարկել: Բայց այստեղ նաև հեղինակության հարց էր. ես ոչ ոքի այնքան չէի վստահում, որքան հոգեբանության դասախոսիս: Եվ դրանից հետո, եթե ամբողջ աշխարհն էլ կանգներ, պնդեր, որ ինձնից մասնագետ դուրս չի գա, չէի հավատա. արդեն թևեր էի առել:
Մեռած մարմինն ամրացնելուց հետո մաշկը կտրեցի, հետո՝ որովայնամիզը, հետո որովայնի օրգանները մի կողմ տարա, որ երիկամը գտնեմ, վերևում՝ մակերիկամը: Կտրեցի, դրեցի Լոկի լուծույթի մեջ: Հետո պետք է մանրադիտակով միջուկը կեղևից անջատեի, զանազան նյութերով մշակեի, որ հյուսվածքի փոխարեն առանձին-առանձին բջիջներ ստանամ:
Մի՞թե ես էի անում, ե՛ս՝ վախեցած-շշմած երրորդ կուրսեցին, վերևի շեղատառ ,Ճագարագրիե հեղինակը.
– ,Էս ո՞ւր բերեցին ինձ: Սրանք ովքե՞ր են: Բերաններն էլ սպիտակ բաներով փակել են: Երևի չեն ուզում, որ իրենց ճանաչեմ: Վա՜յ, ցավում է, չէ՞: Ի՞նչ եք ինձ ծակում: Դուրներդ կգա՞ր, որ ես էլ ձեզ ծակեի: Բայց ի՜նչ զզվելին եք…Ինձ կապում են: Քունս սկսեց տանել… Մազերս կտրում են: Բայց ի՜նչ ապուշ եք: Չե՞ք տեսնում` ինչ սիրուն են մազերս: Ուզում եմ փախչել… Վա՜յ, էս ի՞նչ բան է. մարմինս թուլանում է: Չէ’, պիտի փախչեմ… Էն աղջիկն ո՞վ է: Լալիս է: Ա’յ աղջիկ, քեզ ի՞նչ եղավ: Սպասեք, ես պիտի հեռանամ… Ըհը, աջ ձեռքս լավ չեն կապել: Մեկ, երկու… հո’պ, էս մի ձեռքս ազատ է: Հիմա մյուսն էլ կազատեմ: Թողե’ք ինձ, թե չէ կկծեմ: Ուզում եք էլի՞ կապել: Վա՜յ, ուժերս չեն հերիքում: Ի՞նչ անեմ… Էն աղջիկը գնաց: Երևի վախեցավ` իրեն էլ կապեն: Խելոք էր… Թե չէ ես… Հիմարի մեկն եմ… Ինչ անում են հետս, ձայն չեմ հանումե…
Իսկ ի՞նչ էր մտածում մուկը, երբ Մարգան բռնեց, մտցրեց ածխաթթու գազով լի տուփի մեջ: Ինչպե՞ս քնեց, ի՞նչ երազ տեսավ՝ մինչև գլուխը մարմնից կանջատվեր… Չէ՛, այս հարցերը չէին ծնվում, հիմա եմ ավելացնում: Այն օրն ինձ բացարձակապես չէին հետաքրքրում մկան ապրումները:
Ու հիշեցի նաև, որ անգամ բարձր կուրսերում, երբ շատ բաներ կենդանիներից տեղափոխվել էին մարդկանց վրա, հետևաբար ավելի նրբացել ու դարձել վիրահատություններ, ես այնքան էլ մեծ հաճույքով չէի դիտում, իսկ գործնական որևէ միջամտություն անելու ցանկություն չունեի: «Վիրաբուժությունն ինձ համար չէ»,- փորձում էի արդարացնել ինքնավստահության բացակայությունը:
Ես ինձ պատկերացնում եմ Հայաստանում նույնն անելիս… Կսարսափեի, կփախչեի: Հայաստանում ես ինքնավստահություն չունեմ. հարցեր չեմ տալիս՝ վախենում, որ հիմար չերևամ, որևէ բան ինքնուրույն անելուց առաջ հազար անգամ մտածում եմ՝ սարսափելով դասախոսի խիստ հայացքից, իսկ գորտերին այդպես էլ չմոտեցա ահից, որ հանկարծ որևէ սխալ թույլ չտամ ու նկատողություն չստանամ:
made in china
Քիմիական կազմը – Սրանով մեկ էլ չեմ ծանրաբեռնի. դրանից ես էլ գլուխ չեմ հանում, իսկ պատմությունս հաստատ չի փոխվի, եթե մի երկու նյութի անուն ավել-պակաս գրեմ:
Դեղաձևը – Ո՞նց ասեմ□ Գիտության նոր հայտնագործություն էր, անունը որոշված չէր: Օրգանիզմ մտնելու կարիք չուներ, հեռավորությունից էլ էր ազդում: Չէ՛, մտցնելու կարիք չուներ, հեռվից էլ էր մտնում:
Դեղաբանական խումբը – Հակադեպրեսանտ կամ նման մի բան:
Ցուցումները – Հոգնածություն, հատկապես երբ դրա պատճառները շատ լավ գիտես, բայց չես ուզում խոստովանել, դեպրեսանման տարբեր վիճակներ, երբ տևողությունը չափից դուրս կարճ է դեպրեսիա ախտորոշելու և չափից դուրս երկար՝ շառը եղանակի վրա գցելու համար, անհեռատես հետաքրքրասիրություն ու լիքը տարբեր տեսակի մարդածին կամ մտածին կամ կնամտածին կիսահոգեկան խանգարումներ կամ հոգեկան կիսախանգարումներ:
Հակացուցումները – Ալերգիա (ինչպես ցանկացած դեղի դեպքում, ինչքան էլ մարդանման լինի), սրտային հիվանդներ (ձևի համար գրենք, մարդ ես, գուցե չդիմանա), խուլուհամրեր, տաքգլուխներ (ասա, ա՛յ ապուշ, դու քո գլխի ջերմաստիճանը չափե՞լ էիր, որ առանց երկար-բարակ մտածելու դեղն այնքան մոտեցրիր, որ կարողացավ ազդել վրադ):
Նկարագրությունը, ազդեցության մեխանիզմը ու մնացած բաները, որ էլ չեմ ուզում առանձնացնել – Մանեկեն լինելու համար չափից դուրս մարդ էր, որպես մարդ էլ՝ մի քիչ տիկնիկ: Առաջինը մազերը նկատեցի՝ մի քիչ երկարոտ ու կյաժ: Ինչպես հետագայում իմացա, ծրագրավորված էր. ինչքան էլ քամին խաղար, կամ ես խառնեի, գլխի մեկ թափահարումը բավական էր, որ վերադառնար սկզբնական վիճակին: Հենց դա էր պատճառը, որ անթրաշ-անլվա կտեսնեի, բայց գզգզված մազերով երբեք չէր լինում:
Մազերից ներքև երկու անցք կար: Մենք դրանց աչքեր ենք ասում: Տիկնիկ-դեղիս մոտ դրանք ճտտիկով էին: ճտտացնում էր՝ լույսը վառվում էր, անցքերը կամ աչքերը փայլում էին: Հետո, երբ էլ փայլի կարիք չէր լինում, անջատում էր. էներգիա էր խնայում:
Քիթը մեծոտ էր, խեղճի հրեշտակային դեմքն այլանդակում էր: Որ ժպտում էր, ու որ կողքից էիր նայում, մենակ քիթ էիր տեսնում. ամբողջ դեմքը կորչում էր:
Սովորաբար տիկնիկները միմիկա չեն ունենում: Սա ուներ, բայց էնքան չէ, ինչքան իմ ու քո ճանաչած մարդիկ: Մեկ ժպիտ կտեսնեիր, որ առաջանում էր աչքերի ճտտիկի միացման հետ, ու անկախ նրանից, թե ինչից էր լինում, ժպտալու ժամանակ դեմքը մենակ մանթո էր արտահայտում: Հա՛, ժպտալուց մեկ էլ բերանի կողքի ուռուցիկներն ավելի էին արտահայտվում: Էս տիկնիկը նիհար էր, այտերը՝ փոս ընկած, բայց բերանի անկյուններում ուռուցիկներ կային, որ միշտ ուզեցել եմ պաչել, իսկ երբ առիթ եղել է, դրանց մասին մոռացել եմ, ավելի համով տեղերին անցել:
Մեկ էլ՝ որ շատ ուզենայիր, անհանգստություն կտեսնեիր դեմքին: Էդ լինում էր էն ժամանակ, երբ տրամադրությունս ընկնում էր, կամ էլ սկսվում էր հերթական հիստերիկ նոպաս: Էդ՝ մենակ սկզբում: Հետո արդեն հասկացավ, որ հիստերիկան լրիվ ձևականություն է (թե ինչո՞ւ հոգեբուժության դասագրքի համապատասխան հատվածը կարդացի նրա համար), սկսեց բանի տեղ չդնել:
Լավ նիհար էր: Ես համոզված էի, որ պատճառը բուսակերությունն է: Բայց դու փորձիր նրան այդ մասին ասել: Այնպես ամեն ինչ կխճճեր, որ կհամոզվեիր, թե բուսակերությունը դեռ մի բան էլ չաղացնում է:
Ոտքերը ծուռտիկ էին, O-աձև: Երևի փոքր ժամանակ տարած ռախիտի հետևանք էր. ես վստահ էի, որ վիտամին D չէր ստացել: Բայց փորձեիր նրան ասել այդ մասին□ Կհաստատեր, որ վիտամին չեն տվել, հետն էլ կապացուցեր, որ ոտքերի ծուռտիկությունը ռախիտի հետ կապ չունի: Չէր կարելի վեճը շարունակել. միևնույն է, նրա բոլոր սխալ համոզմունքները խորը արմատներ էին գցել ուղեղի մեջ, և եթե փորձեիր ազատել դրանցից, ուղեղն էլ հետը պիտի հանեիր:
Ձեռքերի ու ոտքերի շարժումները մարիոնետային էին: Թվում էր՝ վերևից ինչ-որ մեկը ղեկավարում է: Ավելի ուշ նկատեցի, որ իսկապես այդպես է: Նրա ողջ մարմնից հազիվ տեսանելի թելեր էին բարձրանում անհայտ ուղղությամբ: Հետագայում մի քանիսի ծայրերը գտա, բռնեցի ու սկսեցի ինքս շարժել մարիոնետին: Բայց դրա մասին մի քիչ հետո…
Այդպես էլ չիմացա, թե ով էր էս դեղն արտադրում: Ավելի ճիշտ, ոնց որ Աստված բուժելու համար ստեղծեր, իսկ Սատանան պոզերը տնկեր ու ինադու կողմնակի երևույթներ ավելացներ: Հետո երևի համաձայնության էին եկել կամ իրար ինչ-որ բան ապացուցելու համար մարդ էին փնտրում, որ փորձարկեն: Ես էլ, հարիֆի մեկը, էդ ժամանակներում ինձ դեպրեսված էի հռչակել, դասի չէի գնում, տնից դուրս չէի գալիս, ամբողջ օրը պառկած ոչինչ չէի անում: Թե երբվանի՞ց է ծուլությունը դեպրեսիա կոչվում: Վերջը… Իմ խորին համոզմամբ ինձ դեղ էր պետք, մոտավորապես այնպիսին, ինչպիսին ես մի օր նվեր ստացա անհայտ անձից: Էդ պահին վստահ էի, որ Աստված էր իմ մասին հոգ տանում: Ու երևի չէի սխալվում:
Արդեն ասել եմ, թե դեղս ինչ ձևի էր, բայց թե ոնց էր աշխատում՝ վերջերս նոր պարզեցի, չնայած էլի մութ հարցեր են մնացել: Էնպես էր դասավորվել, որ ես և՛ փորձարկվողն էի, և՛ գիտական աշխատանք կատարողը, դեռ մի բան էլ՝ հետո էդ ամեն ինչը քննադատողը: Իսկ դեղս իմ գործընկերն էր, փորձարկողը, փորձարկվողը, արդյունքներից հիասթափվողը, բայց պրիզնատ չեկողը: Երևի շատ չէր էլ հասկանում, որ երկուսս էլ ծուղակում էինք հայտնվել: Չէ՛, անհասկացող չէր, ուղղակի լավատես էր:
Ֆինանսավորողն անհայտ էր, բայց ոնց որ վերևում նշեցի, ամենայն հավանականությամբ, Աստված ու Սատանան խոսքները մեկ էին արել□ Չէ՛, կամ էլ հեչ էլ համաձայնության չէին եկել, բայց էս փորձը բոլորի շահերից էր բխում. և՛ իմ, և՛ դեղի, և՛ Աստծո, և՛ Սատանայի, և՛ մեր հարևան Լուսիկի, և՛ չինացի Տյուն-Լյուի, և՛ անգամ քո, որ հիմա կարդում ես: Էս փորձը չլիներ, հիմա չէի գրի:
Ես չգիտեմ, թե ինչի մասին էի մտածում, որովհետև դեղը ստանալուն պես անմիջապես մոտ թողեցի: Ասել եմ, չէ՞, ազդելու համար պետք չէր, որ օրգանիզմ մտներ: Գուցե այն ժամանակ սկի չգիտեի էլ դրա մասին: Հիմարաբար ինստրուկցիան չկարդացի, չիմացա, թե ինչ հաճախականությամբ և ինչ տևողությամբ կարելի է դոզան ստանալ, չծանոթացա կողմնակի երևույթներին:
Եվ հաճելի էր: Թմրեցի, քնեցի մի անուշ երազում: Թմրանյութի նման մի բան էր: Մարիոնետ-դեղիս շատ էի հավանել: Իրոք բուժում էր ինձ: Ու շա՜տ բարի էր: Ամեն ինչի մասին իր կարծիքն ուներ, անգամ՝ իմ հիվանդության, որը, ինչպես հետագայում համոզվեցի, երբևէ գոյություն չի ունեցել: Կրոնական հարցերում երբևէ համաձայնության չէինք գալիս, քաղաքականությունից չէինք խոսում: Մնացած բոլոր զրույցները հետաքրքիր էին: Զրույցո՞վ էր բուժում: Չէ՛, հոգեթերապիա կոչվելու համար չափից դուրս դեղ էր. ուներ իր ոչ այնքան կլասիկ ֆարմակոկինետիկան (օրգանիզմ չի մտնում, բայց երկու տարի հետո դուրս է գալիս, ազդեցության տևողությունն էլ չեմ հաշվել, բայց հաստատ ստանդարտ էր), ֆարմակոդինամիկան (հեռվից հեռու ազդում էր գլխուղեղի որոշակի ընկալիչների վրա): Էլ չեմ խոսում կողմնակի երևույթների, տոլերանտություն և կախվածություն առաջացնելու ունակության մասին… Ու գնալով դոզաներս մեծացնում էի: Եթե մի քիչ խելքս տեղը լիներ, ճիշտ օգտագործեի, դժվար՝ հետո էդքան թունավորվեի:
Դեպրեսիաս կամ այն, ինչը ես էի այդպես կոչում, որովհետև իրականում լավ էլ առողջ էի, անցավ: Եվ հենց այդ ժամանակ կամ նույնիսկ ավելի շուտ տեսա դեղիցս բարձրացող հազիվ տեսանելի թելերը: Արդեն ասել եմ. մի քանիսի ծայրերը գտա, սկսեցի մարիոնետիս կառավարել: Դոզաս ստանում էի երբ ուզում էի, ինչքան ուզում էի: Բայց չգիտեի, որ նման թելեր ինձ վրա էլ կան, որ դրանց ծայրերը մարիոնետիս ձեռքում են, որոնք կառավարում էր մարմնի այն մասերով, որոնցից վեր բարձրացող թելերն այդպես էլ չգտա: Ուղեղն էլ էր կառավարվում: Ու գիտեի ոնց, բայց այնտեղ մուտք չունեի:
Ուշադրություն չէի դարձրել կողմնակի երևույթներին՝ հիստերիկ նոպաների հաճախացում: Հա՛, էդպես էլ եղավ. երևի ես դասական փորձարկվող էի: Այդ ժամանակ դոզաներս ստիպված մեծացնում էի: Ու ինչքան նոպան ավելի էր ծանրանում, այնքան ավելի մեծ քանակով դեղ էի ընդունում: Հետո արդեն սկսել էր քչություն անել, ավելի ճիշտ՝ գիտեր, թե հիստերիան ինչ է, էդ ժամանակ չէր թողնում՝ իրենից օգտվեմ:
Երբ տեսա, որ կամաց-կամաց կախվածության է վերածվում, միանգամից վերջ տվեցի: Բայց մարիոնետս շատ յամանն էր: Թելերիցս ձգեց, նորից քաշեց մոտը, ավելի խորը կախվածության մեջ գցեց: Փախչելու տեղ չունեի. պիտի դիմանայի:
Առաջին դոզայից մեկ տարի անց արդեն ահավոր էր դարձել: Կողմնակի երևույթներն ավելի լավ էին արտահայտվում: Այլևս չէր բուժում: Օրգանիզմս թունավորվում էր, բայց կախվածությունը չափից դուրս ուժեղ էր. ոչ մի կերպ չէի կարողանում պոկվել նրանից: Հավատացած եմ, դեղս չէր ուզում, որ էդքան վատ լինի ինձ համար: Հա՛, ընդամենը մի հասարակ քիմիական կառուցվածք էր, բայց մի քիչ կամք ուներ. կյանքում մարդու վատը չէր ցանկանա: Ուղղակի էդ ամեն ինչի պատճառը երևի այն էր, որ սեփական ինստրուկցիան չէր կարդացել:
Կարծում էի, թե ինձ պաշտպանում է: Բայց հաճախ բավարարված ժպիտ էի տեսնում դեմքին, երբ որևէ մեկն ինձ թթու խոսք էր ասում: Կարծում էի, թե ինձ գնահատում է, բայց ուրիշների ներկայությամբ երբևէ որևէ լավ բառ չէր ասի: Երևի ամաչում էր. ես՝ մի հասարակ մահկանացու, զզվելի բնավորությամբ աղջիկ, անտանելի մարդ, թեկուզ լավ գծեր էլ ունեի, որոնք կամաց-կամաց ավելի խորն էին թաքնվում, այլևս չէին արտահայտվում: Իսկ նա՝ Աստծո ուղարկած հրեշտակ… Է՜հ, շփոթվեցի… Դեղ, որ պիտի մարդկության ցավերը բուժեր: Հո մենակ ե՞ս չէի:
Հետո հանկարծ հայտնվեց Տյուն-Լյուն: Ես ու էլի շատերը նրան չէինք սիրում: Ծիծաղներս գալիս էր: Եթե ռեստորան բացեր, կուրախանայինք, կօգտվեինք: Բայց կային ոմանք, որ հավատում էին, թե մեզ Առաջնորդ է պետք: Դեղ-մարիոնետիս հետ քաղաքականությունից չէի խոսում, բայց գիտեի, որ Տյուն-Լյուի մասին մոտավորապես նույնն է մտածում, ինչ ես:
Կարծեմ այդ ժամանակ էր, որ պարզեցի՝ ուղեղից բարձրացող թելերը ոչ թե շարժում էին ծալքերը, այլ էն արմատացած մտքերն ավելի խորն էին մտցնում, իսկ անհրաժեշտության դեպքում հատուկ հնարքով դուրս էին հանում ու ավելի ահավոր մտքեր խցկում, որոնք զբաղեցնում էին ամբողջ ուղեղը, շատ ավելի ամուր արմատներ դնում:
Տյուն-Լյուն ինձնից հնարամիտ դուրս եկավ. գտավ ուղեղը կառավարող թելերը ու մարիոնետիս գլուխը նույն ծրագրավորված միտքը մտցրեց, թե մեզ համար ավելի լավ կլինի, եթե Առաջնորդ ունենանք:
Ու սկսվեց համատարած չինացիացումը: Տեսնում էի Տյուն-Լյուին՝ շատ-շատերի ուղեղներից բարձրացող թելերը բռնած, որոնցով մտքերն էր ղեկավարում, լիքը մարդկանց, որոնք գլուխները բառիս բուն իմաստով կորցրել էին, ավելի ճիշտ՝ նվիրել չինացուն: Ու մարիոնետս նրանց մեջ էր: Մեծ մասն իմ սեփական աչքերի առաջ չինացիացան: Նրանց հետ բերել չստացվեց: Մինչև հիմա էլ չինացի են, չինարեն էլ մի երկու բառ են անգիր արել, անընդհատ կրկնում են:
Էդ ժամանակվանից արդեն դեղի ընդունումն ահավոր թունավորումներ էր առաջացնում: Ուրիշ ճար չունեի, պիտի հրաժարվեի: Մեջս ահավոր կատաղություն էր կուտակվել, պիտի թափեի: Մարիոնետիս թելերն ուժեղ ձգեցի, միանգամից բաց թողեցի: Բախվեց պատին, սուր ցավ զգաց: Բայց դրանից հետո էլ մոտ չեկավ: Իսկ ես զարմացա. դեղից հրաժարվելը շատ ավելի հեշտ ստացվեց, քան կարծում էի. ոչ մի հանման համախտանիշ:
Առաջին դոզան ստանալուց մոտ երկու տարի անց հայելու մեջ նայեցի ու ինձ չճանաչեցի: Արտաքինս չէր փոխվել, լրիվ ես էի: Հա՛, մի քիչ նիհարել էի, մազերս էլ երկարել էին: Բայց ինձ չէի ճանաչում: Ոնց որ իմ մարմինը հագած ուրիշ մեկը հայելու դիմաց կանգնած լիներ: Հիշեցի կողմնակի երևույթներից վերջինը՝ բնավորության գծերի արտահայտված փոփոխություններ: Իմ էշ խելքն անիծեցի, որ Աստծո ուղարկած նվերն ընդունեցի ու Սատանայի ծուղակն ընկա:
Ես, որ մի ամբողջ աշխարհ էի թողել, հետ նայեցի ու մի վերջին անգամ տեսա չինացիներին, որոնք այլևս ոչ մի բանով իրարից չէին տարբերվում: Նույն նեղ ակնաճեղքերն ու նույն տափակ դեմքերն ունեին: Բոլորը չինական դեղերի տուփեր էին դարձել, մեծ գրություն էին կրում՝ ,Բացարձակապես անվնասե: Բայց ես նորից խաբվելու հավես չունեի: Ջնջեցի հետդարձի բոլոր ճամփաները: Գիտեի, որ երբ էլ նրանց տեսնեի, պիտի մատնացույց անեին, ասեին. ,Տեսեք՝ մերոնցից չէ, վնասակար էե:
Հիմա ժպտում եմ. հայելու մեջ ես եմ, ինձ ճանաչում եմ: Որևէ դեղ ընդունելուց առաջ ամենայն մանրամասնությամբ կարդում եմ ինստրուկցիան, մի կողմ նետում. կարիքը չունեմ: Մեկ-մեկ, որ նորից դեպրեսանման մի բան գլուխ է բարձրացնում, ընդունում եմ ուժեղ ու կարճատև ազդող որևէ դեղ: Դրանք կողմնակի ազդեցություններ չունեն, բայց մի տեսակ տհաճություն եմ ստանում ամեն ընդունելուց: Սրանք նման են սովորական դեղերի. ստանալուց հասկանում ես, որ լարվածությունը կա, ուղղակի չես զգում: Դեղ-մարիոնետս այդպիսին չէր. իսկապես բուժում էր: Հիմա մտածում եմ՝ ո՞րն է լավ. կարճատև, ուժե՞ղ ազդեցությամբ դեղերը, որոնք ոչ մի հետք չեն թողնում, ոչ մի կախվածություն չեն առաջացնում, ոչ մի կողմնակի ազդեցություն չունեն, բայց լավ չեն բուժում, թե՞ դեղ-մարիոնետս՝ երկարատև, համեմատաբար թույլ ազդեցությամբ, որ կյանքիցս այդքան օր խլեց, լավ բուժեց ինձ, բայց անդունդը գլորեց: Ես առաջինն եմ ընտրում:
Որտեղ էլ տեսնեք չինացիներին ու նրանցից ոչնչով չտարբերվող դեղ-մարիոնետիս, ինչքան էլ չուզենան հավատալ, ասեք, որ գոհ եմ իմ կյանքից: